Ապրիլի 23, 2019

Քաշաթաղի պատմության ուղեկիցները. Տանձատափ

Քաշաթաղի պատմության ուղեկիցները. Տանձատափ

Զոհրաբ Ըռքոյան

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ գյուղից դեպի արեւելք տարածվում է  Թորոսաձոր կոչվող սարահարթը, որն այժմ մտնում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի տարածքում։Այս մասում՝ Ագարակից մոտ  4 կմ արեւելք` ծովի մակերեւույթից  700-750 մետր բարձրության վրա, գտնվում է Տանձատափ (Տանձատափա) Ղարաբաբա գյուղատեղին, որտեղ պահպանվել է բազիլիկ եկեղեցին։ Գյուղը,  չնայած եղել է ավելի հին, սակայն հիշատակվում  է  18-րդ դարից։ Այնեղել է Դավիթ Բեկի հավատարիմ Թորոս իշխանի կալվածքներից մեկը։ Հետագայում Թորոսի թոռներից Քյարամը տեղափոխվում է Տանձատափ, բնակեցնում եւ շենացնում։  1897 թվականին այնտեղ բնակվել է  29 ընտանիք՝  218 բնակչով։  20-րդ դարասկզբին՝ հայ-թուրքական (թաթարական) բախումների շրջանում, թուրքերի կողմից հարձակման է ենթարկվել նաեւ Տանձատափը։ Չնայած հերոսական դիմադրությանը՝ այնուամենայնիվ տանձատափցիները հեռացել են գյուղից դեպի հարեւան Ագարակ։ Հետագայում դարձյալ շենացել է եւ մինչեւ  1967 թվականը եղել ամբողջովին հայերով բնակեցված։Դրանից հետո այն հիմնովին հայաթափվել է եւ բնակեցվել թուրքերով՝ մտնելով Զանգելանի շրջանի մեջ։Վերջին գոյամարտի տարիներին էլ այստեղի թուրքերը բազում չարիքներ գործեցին, սակայն այս անգամ զգացին հայի ուժը եւ ճողոպրեցին՝ հիմնովին ավերելով գյուղը։
Եկեղեցու տեղը մեզ օգնեցին գտնել Ագարակի գյուղապետն ու այս տարածքում աշխատող մեր հայրենակիցները։ Ուրախալի է, որ շատերն են ցանկանում օգնել նման հարցերում՝ հուշարձանների տեղը ցույց տալ, պատմել եղելություններ տարածքի, հուշարձանի մասին։ Եկեղեցին գտնվում է Ագարակից Կովսական անցնող դաշտամիջյան ճանապարհի ձախակողմյան քիչ բարձր բլրակի վրա։ Պահպանվել են երբեմնի բնակելի տների ավերակները։ Եկեղեցու հյուսիսային մասում հավանաբար ավելի հին շրջանի գետնափոր տներ են եղել. պահպանվել են մոտ 2 մետր խորությամբ փոսերը, որոնք այժմ ծածկված են ավերակներով ու եղինջով։Մոտակայքում նաեւ գերեզմատունն է եղել, որը տարածված է եղել եկեղեցու երեք կողմերում։ Այն հիմնովին քարուքանդ է եղել արցախյան գոյամարտի տարիներին։
Բլրի վրա, ճանապարհի երկայնքով փորված եւ դեռեւ սպահպանված խրամատներ կան,  որոնք հուշում են՝ այստեղ թուրքերը ռազմական մեծ ուժեր են կուտակել՝ դիմակայելու մեր ազատամարտիկներին։

 Եկեղեցին, որ կառուցված է կիսամշակված քարով եւ կրաշաղախով, նույնպես իր վրա զգացել է թուրքի ավերիչ ձեռքը։ Բոլոր անկյուններն ու մուտքը քանդված են։ Ներսի կողմից պատերը սվաղված են,  սակայն ջարդվել են խաչերն ու քանդակները, արձանագրությունները։Մուտքը հարավից է՝ դարձյալ քանդված։ Մուտքի  2  կողմերում պատուհաններ են, որոնց անկյունաքարերը նույնպես տեղահան են արված։ Մուտքից վերեւ սրբատաշ սպիտակավուն քարից մոտ 1 ք/մ շրջանակ կա, որը հավանաբար ժամանակին եկեղեցու մասին եղած արձանագրությունն է պահել: Հետագայում այն տեղահան է արվել եւ ոչնչացվել թուրքերի կողմից։ Ձախ կողմում խաչքարի բեկոր կա՝ ագուցված պատի մեջ։ Միանավ բազիլի կեկեղեցու արտաքին չափերն են՝ 14, 5-8,3 մ, պատերի հաստությունը՝ մոտ 1 մ։
Ըստ մասնագետների՝ այն կառուցվել է հավանաբար  19-րդ դարում։ Այս վարկածի օգտին է խոսում նաեւ այն, որ գյուղը վերականգնվել է  1870-ական թթ.։ Սուրբ խորանի  2 կողմերում ավանդատներ կան, որոնց պատուհանները նույնպես քանդված են մինչեւ հիմք, եւ հնարավոր է միջով անցնելը։Հյուսիսային պատին մկրտության ավազանը նույնպես քանդված է, սակայն պահպանվել է մի խաչաքանդակ քար։ Սուրբ խորանը պատուհան ունի, իսկ 2 պատերին փոքր խորշեր կան։ Կամարները նույնպես վնասված են։Արեւմտյան պատին, որը ճաք է տվել, դարձյալ պատուհան կա։ Բոլոր պատերն էլ դրսի կողմից քանդված տեղեր ունեն։ Մուտքի մոտ ընկած է մի ամբողջական տապանաքար՝ կողմերից մեկի վրա խաչաքանդակով, եւ տապանաքարի բեկոր, որը պատկանել է Մելիք Քարամյան տոհմից Հաթամբեկին։ Չափերն են՝ 65-54 սմ, ունի եռատող արձանագրություն.
/ԱՅՍԷ/ ՏԱՊԱՆՀԱԹԱՄԲԷԿ/Ի/ …
../Ա/ԿՈԲՋԱՆԲԵԿՄԵԼԻՔՔ/Ա/ …
…/18/82 ԱՄԻ։
Գերեզմանոցի տեղում թուրքերը խաղողի այգիներ են հիմնել, եւ տեղ-տեղ ընկած են շիրմաքարերի կտորներ, պատվանդաններ։

Հաղորդումը՝ Լեռնիկ Հովհաննիսյանի

About The Author

Related posts

Leave a Reply