Նոյեմբերի 18, 2017

Ցուցադրություն երկրագիտական թանգարանում

Ցուցադրություն երկրագիտական թանգարանում

Զոհրաբ Ըռքոյան

Բերձորում՝ Քաշաթաղի երկրագիտական թանգարանում, այս օրերին ցուցադրվում են Արցախյան գոյամարտի տարիներին մեր նվիրյալ զավակների ձեռքով պատրաստված ինքնաշեն զենքեր ու այդ օրերի մասին պատմող այլ իրեր: Թանգարանի փառքի սրահն ամբողջությամբ տրամադրվել է այս կարևոր ցուցադրությանը: Թանգարանի տնօրեն Մուշեղ Ալավերդյանն ասաց՝ այս հարցում իրենց օգնել է Ստեփանակերտի Զոհված ազատամարտկներին նվիրրված հուշ-թանգարանը՝ որոշակի ժամանակով տրամադրելով իրերը: Հուշ-թանգարանը հիմնադրվել է  2002 թվականին Ստեփանակերտում՝ «Զոհված ազատամարտիկների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ՀԿ նախագահ և թանգարանի առաջին տնօրեն, երջանկահիշատակ Գալյա Առուստամյանի կողմից:  Ցուցասրահի պատերից այցելուներին են ներկայանում 3300-ից ավելի ազատամարտիկների դիմանկարներ: Ցուցափեղկերում նրանց անձնական իրերն են՝ փաստաթղթեր, նամակներ, ինքնաշեն զենքեր, համազգեստներ և այլն, պատերազմի լուսանկարներ, Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության Բանակի ստորաբաժանումների և զորաշարժերի քարտեզներ, սխեմաներ և այլն։ Թանգարանի առջև տեղադրված է խաչքար-հուշաղբյուր՝ «Օրհնյալ ես դու, հայ նահատակ» մակագրությամբ, ինչպես նաև պատերազմի բովով անցած ինքնաշեն 3 թնդանոթ և 1 «Գրադ» կայան։

  • DSCN5505
  • DSCN5507
  • DSCN5509
  • DSCN5511
  • DSCN5516
  • DSCN5524
  • DSCN5529
  • DSCN5536

Գալյա Առուստամյանի որդիները 1990-ականներին մասնակցել են արցախյան հերոսամարտին: Կրտսեր որդին` Գրիգորի Առուստամյանը, 1992-ի նոյեմբերի 19-ին զոհվել է: Այժմ թանգարանը տնօրինում է Տիկին Գալյայի մյուս որդին՝ Արթուր Առուստամյանը, ով մեծ սիրով տրամադրել է նշված ցուցանմուշները, որպեսզի դրանց ծանոթանան նաև քաշաթաղցիներն ու Բերձոր եկած հյուրերը: Այս օրերին ավելացել է այցելուների քանակը, հատկապես ցուցադրությանը ծանոթանում են աշակերտները: Մի քանի օրից եզակի այս ցուցանմուշները՝ Արցախի առաջին Եռագույնը՝ Անդրանիկի դիմանկարով, այն շեփորը, որը հնչում էր այժմյան Վերածննդի հրապարակում և միտինգի կանչում բնակչությանը, Մոնթեի գլխաշորն ու հեռադիտակը, այլ հերոսների անձնական իրեր, ինչպես նաև՝ ինքնաշեն գնդացիրներ, հրացաններ, ատրճանակներ, նռնակներ և այլն, կտեղափոխվեն իրենց հիմնական վայրը: Կարևոր են մեր հանրապետությունում գոյություն ունեցող թանգարանների, պատկերասրահների համագործակցությունը, որպեսզի Արցախի ազգաբնակչությունը, մայրաքաղաք ու շրջաններ եկած հյուրերը հնարավորություն ունենան նման շատ ցուցանմուշների հետ ծանոթանալ, իմանալ Արցախյան Գոյամարտի մարտիրոս-հերոսների, նրանց մարտական ընկերների մասին:

About The Author

Related posts

Leave a Reply