Մայիսի 19, 2019

Վո̈ւլո̈ւկ. բառի ծագումը, բույսի նկարագիրը
Վո̈ւլո̈ւկ. բառի ծագումը, բույսի նկարագիրը

Վո̈ւլո̈ւկ. բառի ծագումը, բույսի նկարագիրը

Վո̈ւլո̈ւկ բառի ծագումը

Ավէլ+ ո̈ւկ||վո̈ւլ+ո̈ւկ բառից հայերենի մյուս բարբառների պես Սյունիք-Արցախն ունի մի քանի տարբերակներ՝ իվո̈ւլո̈ւկ, վո̈ւլո̈ւկ, ո̈ւվո̈ւլո̈ւկ, ըվո̈ւլո̈ւկ, հիվո̈ւլո̈ւկ, և գրաբարի համեմատությամբ, որ հիմնականում ունեն «ընդհանրապես բանջար կամ ուտելու բույսերի ամբողջություն», «բանջար ինչ ուտելի» (Նոր բառգիրք հայկազեան լեզուի, I, 1836, 394) իմաստը, ինչպես և «ավել պատրաստելու բույս», բարբառախմբում (այլև` Վան, Արարատ և այլն) այն մենիմաստ է՝ «մատիտեղազգիների պատկանող բույս, որ հյուսում են, չորացնում՝ ձմռանն օգտագործելու համար»: Հ. Աճառյանը բառի արմատը նույնացնում է ավել «ավլելու գործիք» բառի հետ, որից բարբառախումբն ունի՝ էվիլ||էվո̈ւլ այլև՝ իվիլ||օ̈վո̈ւլ՝ «1. ավլելու գործիք, որ պատրաստվում է բույսերից, 2. թելուկազգի բույս»: Այս արմատից առաջ են եկել այլ բառեր ու դարձույթներ՝ էվլիլ, ցըխէվի/ո̈ւ/լ, ճըխէվի/ո̈ւ/լ, ծըղէվի/ո̈ւ/լ, ծըղկէվի/ո̈ւ/լ, կընըչէվի/ո̈ւ/լ, վընդէվիլ/վըննէվո̈ւլ, փընջէվիլ և այլն: Եվ ինչպես նկատում ենք, այս բոլոր կազմությունները խմբավորվում են ավել-ավլել բառերի շուրջ, իսկ վո̈ւլո̈ւկ բառը և նրա տարբերակները հնչյունական փոփոխությունների և  -ո̈ւկ ածանցի միջոցով նոր հասկացություն են առաջ բերել: Ավել արմատի համար նշվում է հ.-ե. *obhel- նախաձևը (J. Pokorny, Indogermanisches Etymologisches Wörterbuch, I , 1959, 178, Հ. Աճառյան, Հայերէն արմատական բառարան, 1, 356), որ զուգահեռվում է հուն. ὀφέλλω «ավլել», ὄφελμα «սրբել» բառերին (WP. I 178, Schwyzer Gr. Gr. 1, 57, Leumann Hom. Wörter 120 ff., 772 [The database represents the updated text of Julius Pokorny’s Indogermanisches etymologisches Wörterbuch, 1959, 772]): Պետք է նկատել, որ *obhel- բառի ձայնավորների միջև ընկած bh-ն դարձել է ւ (վ): Հնդեվրոպական *bh շնչեղ թրթռունի այս փոփոխությունը տարածված չէ և առկա է այնպիսի բառերում, որոնք ա>ա̈, ա>է, ա>ի (Կ. Դավթյան, Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզ, 1966, 27) հնչյունափոխական յուրահատուկ դեպք են արձանագրում՝ ավէլ>ա̈վիլ, ավէլ>էվէլ, ավէլ>իվիլ: Օրինակներից կարելի է արձանագրել, որ նշվածներից բացի՝ գրաբարից անցած որոշ բառերում բառասկզբի ար, լ, ւ ձայնորդներից առաջ թուլացել է՝ վերածվելով ա̈-ի (Ա. Մարգարյան, Գորիսի բարբառը, 1975, 29), որն էլ բարբառում առկա պատմական հնչյունափոխության հետևանքով վերածվել է ի-ի, օրինակ՝  արդարանալ>իրթիրա̈նա̈լ || ըրթիրա̈նա̈լ, արեգակն>իրիքնա̈կ || իրէքնակ || ըրէքնակ || իրիթնա̈կ, ալարել>իլա̈րիլ, ալյուրուտ>իլլէրուտ, արբուցանել>հիրփիցընէլ, ալեւոր>հիլիվէր || հո̈ւլիվէր, արձակել>հիրզա̈կէլ: Հավանաբար այս հիմունքով առաջ է եկել ավելուկ բառի առաջին տարբերակը՝ իվէ/ի/լո̈ւկ, որ հետագայում փոփոխությունների է ենթարկվել՝ առաջ բերելով մյուս տարբերակները ըստ բարբառ-խոսվածքների՝ իվէլո̈ւկ, իվո̈ւլո̈ւկ, հիվէլո̈ւկ, հիվո̈ւլո̈ւկ,  վո̈ւլո̈ւկ, ո̈ւվո̈ւլո̈ւկ, ըվո̈ւլո̈ւկ: Փաստորեն, ինչպես նկատում ենք, ա>ա̈>ի փոփոխության արդյունքում Սյունիք-Արցախ բարբառային տարածքում առաջ են եկել բառային և իմաստային նոր ձևեր, որ առկա չեն գրաբարում և հայերենի բարբառների մեծ մասում:

Մ. Քումունց

  • 1b71166769c1
  • 275px-Rumex_alpinus
  • 26872034_200646923922373_2740359262797561856_n
  • 1447254292,2863
  • aveluk_chor_1024x1024
  • aveluk-wild-sorrel
  • b8ad3a8ccacf584078cb6391c01ecdc9
  • images
  • maxresdefault
  • pjimage-2-21
  • pjimage-3-16-1024×597
  • viluk

 

Վո̈ւլո̈ւկը՝ որպես դեղաբույս և սնունդ

Հայկական տարանունները` թրթնջուկ, շեփ, թռթշիկ, վուլուկ, վիլուկ: Մատիտեղազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է` 60-150 սմ բարձրությամբ, խիստ ճյուղավորված ցողունով և հզոր արմատային համակարգով:

Տերևների ձևի շնորհիվ բույսը ստացել է լատինական «ռումեքս» անվանումը, որը նշանակում է նիզակ: Տարածված է ամենուրեք` որպես մարգագետնային մոլախոտ: Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին:

Որպես սնունդ օգտագործվում է վաղ ժամանակներից: Այն շատ դյուրամարս ուտելիք է: Լայնորեն օգտագործում են երիտասարդ չորացրած տերևներից և կոթուններից պատրաստված աղցանները և ճաշատեսակները, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում ստամոքսաաղիքային տրակտի գործունեության վրա:

Բուժման նպատակով օգտագործում են ավելուկի տերևները, սերմերը, կոճղարմատը` արմատներով, որոնք հավաքում են վաղ գարնանը կամ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, չորացնում ստվերում: Կարելի է պահել 3 տարի:

Արմատի փոքր չափաբաժինն օժտված է լուծը դադարեցնող, իսկ մեծը` թուլացնող ազդեցությամբ: Բացի այդ, օգտագործում են որպես արյունահոսությունը դադարացնող, անոթների պատերի առաձգականությունը բարձրացնող միջոց:

Ըստ Ավիցեննայի,«ավելուկի արմատների գինով եփուկը թրջոցների ձևով օգտակար է որքինի և քոսի, իսկ ողողումների ձևով` ատամնացավի դեպքում»:

Ամիրդովլաթ Ամասիացին գտնում էր, որ բույսն օժտված է կազդուրող հատկությամբ: Կոճղարմատն արտաքին օգտագործման` եփուկի ձևով նպաստում է գեղձախտի, իսկ տերևները` պտկաձև ելունի բորբոքման բուժմանը: Սերմերի պատրաստուկները դադարեցնում են արյունախառն խորխի արտադրությունը, նողկանքն ու փսխումը, այրոցի զգացումը, արյունամիզությունն ու թարախամիզությունը: Մանրացրած կոճղարմատի եփուկը` քացախով, օգտակար է թրմաքոսի, որքինի և բորի դեպքում: Ըստ բժշկապետի, տերևների պատրաստուկով կարելի է բուժել լնդերի բորբոքումն ու դեղնախտը:

Բունիաթ Սեբաստացու տվյալներով, ականջի ցավերի վերացմանն ու բորբոքումների բուժմանն օգնում է ավելուկի արմատի փոշին, վարդի յուղի ու ձվի դեղնուցի խառնուրդը, որը պատրույգի ձևով դնում են ականջի մեջ:

Ավելուկի արմատներից պատրաստված եփուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է փորլուծության, դիզենտերիայի, ստամոքսի հիվանդությունների, մաշկային ալերգիկ ախտահարումների, ինչպես նաև թոքային, արգանդային և թութքային արյունահոսությունների ժամանակ: Ավելուկի տերևների ջրաթուրմը պարբերաբար ընդունում են սովորույթ դարձած փորկապության դեպքում:

Թարմ տերևները դնում են վերքերի, քերծվածքների, մաշկային խոցերի վրա:

Այրվածքների և թարախային վերքերի դեպքում պտուղների եփուկով թրջոցներ են դնում:

Գիտական բժշկության մեջ ավելուկի արմատների եփուկը առաջարկվում է կոլիտների, էնտերոկոլիտների և թութքի ժամանակ` որպես կապող, ամրացնող և արյունահոսությունը դադարացնող միջոց:

Եփուկի պատրաստումը: 2գ մանրացրած և չորացրած արմատները 30 րոպե ջրաբաղնիքի վրա թրմել 200մլ եռացրած գոլ ջրում: Սենյակային ջերմաստիճանում 10 րոպե սառեցնելուց հետո քամել և ավելացնել եռացրած ջուր` մինչև ելքային ծավալը: Պահել սառնարանում` 2 օրից ոչ ավելի: Խմել 1/3 բաժակ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Հիշեցնենք, որ ավելուկի տերևների, արմատների և սերմերի պատրաստուկները հակացուցված են երիկամային հիվանդությունների, հատկապես` միզաքարային հիվանդության ժամանակ:

Հեղինակ. Վահե Հովհաննիսյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. med-practic.com

Ավելուկով և ձավարով ապուր

Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սկզբնաղբյուր. http://ani.lady.am

Բաղադրությունը`

  • 1 կապ ավելուկ
  • 0.5 բաժակ մանր ձավար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 հատ կարտոֆիլ
  • 2 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • սխտոր
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`

1.Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել տաք ջուր և պահել 15 րոպե: Ջուրը քամել, լվանալ և լցնել եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնել ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը:
2.Սոխը մանր կտրատել առատ ձեթով սոխառած անել, ավելացնել ալյուրը և շարունակել բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնել ճաշի վրա, համեմել աղով և սև պղպեղով: Եփել ևս 5 րոպե: Մատուցել ծեծած սխտորով:

Աղ դրած վո̈ւլո̈ւկ

Լվացած եւ եփած տերեւները տրորեք քամիչի վրա, վրան աղ ցանեք, լցրեք ապակե տարայի մեջ, փակեք եւ պահեք հով նկուղում։ 100 գրամ թրթնջուկին պահանջվում է 25 գրամ աղ։

Ինչպես սառեցնել թրթնջուկը ձմռան համար. Անհրաժեշտ է թրթնջուկի տերեւները լավ լվանալ, շատ լավ չորացնել, որպեսզի սառեցման պրոցեսի ժամանակ հեշտ ձեւով հնարավոր լինի առանձնացնել մեկը մյուսից։ Դասավորեք տերեւները պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ դրեք սառցախցիկը (սառնարանի)։ Սկզբնաղբյուր. 168.am  

Վո̈ւլո̈ւկի գեղարարությունը

Ճարպոտ մազերի համար. Աղացեք 1 միջինից փոքր վարունգ, 4-5 թրթնջուկի տերեւներ։ Խառնեք 1ճ/գ թթված կաթ (կամ ցածր յուղայնությամբ յոգուրտ)։ Քսեք մազերին, ներմերսեք մազարմատներին։ Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային թաղանթով, պահեք 20 րոպե եւ լվացեք տաք ջրով։

Վիտամինային դիմակ. Մանր կտրատեք թրթնջուկի մի քանի տերեւներ, ճզմեք փայտե գդալով։ Քսեք դեմքին, 15-20 րոպեից հեռացրեք անձեռոցիկի օգնությամբ եւ շփեք դեմքը թթված կաթով։

Պիգմենտային բծերի դեպքում. Հավանգով տրորեք (մանրացրած) մեկական ճ/գ թրթնջուկի, սեւ հաղարջենու, արոսի տերեւները, ավելացրեք 1թ/գ մանանեխի փոշի եւ 1 ճ/գ ջուր։ Խառնեք շիլան, քսեք պիգմենտային բծերի վրա, պահեք 15 րոպե, լվացեք գոլ ջրով։ Սկզբնաղբյուր. 168.am  

About The Author

Related posts

Leave a Reply