Մարտի 21, 2019

Սյունիք-Արցախ բարբառային տարածքի մի քանի համանունների  ուսումնասիրության շուրջ

Սյունիք-Արցախ բարբառային տարածքի մի քանի համանունների ուսումնասիրության շուրջ

 

Մհեր Քումունց

Հոդվածը տպագրվել է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՆՅՈՒԹԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ  Վ. Ա. ՔՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ /էջ 172-181/

Ինչպես գրական հայերենի, այնպես էլ բարբառների համար համանուն բառերը կարևոր դեր ունեն բառապաշարի համակարգում, և նրանց հետազոտելը «խիստ անհրաժեշտ է ոչ միայն բառակազմության, այլև իմաստաբանության, դարձվածաբանության, ոճաբանության, ընդհանուր լեզվաբանության մի շարք հարցերի լուսաբանման տեսակետից»[1]։ Բարբառներում առկա համանունների ուսումնասիրությունը, նրանց դերի գնահատումը և քննությունը լեզվի տարբերակներում, հատկապես միջբարբառային համակարգում ավելի քան անհրաժեշտ են և կարող են հարուստ տեղեկություններ փոխանցել ինչպես բարբառային բառապաշարի ուսումնասիրությանը, այնպես էլ պատմահամեմատական բառագիտությանը։

Քանի որ համանունների ուսումնասիրությունը մասնավորապես կապվում է բառի հնչյունական կազմի նմանությունների և բազմիմաստության սահմանազատման խնդիրների հետ, ուստի այս բնագավառում կատարված ցանկացած քննություն զերծ չէ «կնճռոտ հարցերից»։ Այս դեպքում, կարծում ենք, արժևորելի են նման բառերի համակողմանի, այս պարագայում՝ համանունների՝ համաժամանակյա և տարաժամանակյա կտրվածքով քննական փորձերը։

Եթե գրական լեզվում համանունները որոշակիորեն հսկելի վիճակում են, ապա բարբառներում դրանք ազատ են, գրության առումով կանոնական չեն և ըստ էության պատմական համանունության դրսևորումներ են[2], որպիսիք շատ ու շատ են հանդիպում բարբառներում, և ունեն ուսումնասիրման կարիք։

Բարբառագիտական աշխատանքներում, ցավոք, քիչ ուշադրություն են դարձնում ընդհանրապես համանուններին և մասնավորապես բառական-բառային համանունությանը,  համանունության և բազմիմաստության սահմանազատման խնդրին, համանունների տեսակների տարբերակմանը և տարածման աստիճանին, բարբառային բառապաշարի համակարգում համանունների ունեցած դերին՝ ըստ մյուս բարբառների բառապաշարում առկա ձևերի զուգադրության, բանավոր խոսքում համանուն բառերի գործածության և այլն։

Սյունիք-Արցախ տարածքի բարբառների բառապաշարում գործածության հաճախականությամբ, ձևիմաստային բազմազանությամբ յուրահատուկ նշանակություն ունեն կօնդ արմատը և նրան ձևով ու իմաստով նման կամ մոտ բառերը։

Կօնդ արմատը բարբառային տարածքում դրսևորվում է համանունությամբ, հարանունությամբ և բազմիմաստությամբ։ Այս տարածքի բարբառների համար թերևս առանձնանում են երեք բառեր՝ կօնդ1 «գնդաձև արմատ», «կոճղեզ», փոխաբերաբար կամ նմանությամբ՝ «մարդու գլուխ», կօնդ2 «անդամալույծ»[3], կէնդ3>կընդ-էլ «մեկական դառնալ, կենտ»։ Հայերենի մյուս բարբառներում կօնդ-ի համանունները ավելի շատ են՝ կօնդ 1.«բոլորակ բլուր», 2. «ճյուղերից մաքրված ծառի բուն[4], ճաղատ[5], 3. «գնդաձև արմատ», 4. «անդամալույծ», 5. «վեգի կողմ», 6. «պար», 7. «հաշիվ, ծախս»։

Բառարանային և ստուգաբանական-քննական աշխատանքներում կօնդ-ը սովորաբար չի նույնացվում գունդ արմատին։ Օրինակ՝ Հ. Աճառյանը ՀԱԲ[6]-ում գունդ բառի համանունների դիմաց դնում է իմաստային առնչակցությունները կօնդ-ին, բայց և առանձին բառահոդվածով քննում է նաև կօնդ-ը՝ մեկ բառահոդվածով որպես «անդամալույծ», մյուսով՝ որպես «գերեզման»։ Տարբեր լեզուներում առկա ձևիմաստային քննության, հայերենի տարբերակների հետ ունեցած հնարավոր զուգահեռների առկայության պարագայում, այնուամենայնիվ, Հ. Աճառյանը նշում է, որ «այս խնդիրը կարոտ է մեկնության», որովհետև հայերենի որոշ բարբառներում գունդ-ը կարող է ծագած լինել նաև կունդ ձևից։ Այդուհանդերձ՝ գունդ-ի` վրացերենում, պարսկերենի տարբերակներում և հայերենում ունեցած իմաստային աղերսները առկախ են թողնում նրա ծագման ճշգրիտ որոշումը[7]։ Քննական նման ճակատագիր ունի նաև գունդ «խումբ» բառը, որ նույնպես չի նույնացվում կօնդ-ին։

Հայերենի իրանական փոխառությունների շարքում են ընդգրկվում գունդ բառի համանունները՝ gund||gund`համեմատվելով ավեստ. gunda— և միջին պարսկ. gund ձևերին՝ «գունդ, գնդաձև, խմորի գունդ», «խումբ, զորախումբ» [8]։

Իսկապես, դժվար է վերջնական կարծիք ունենալ գունդ և կօնդ բառերի նույնական ծագման վերաբերյալ, չնայած ձևիմաստային առումով սրանք առանձնապես մոտ են։ Ավելին, որոշ բաղադրություններում, ըստ բարբառային տվյալների, նրանց հարանվանական արժեքը տպավորություն է ստեղծում, որ գունդ-ը և կօնդ-ը նույն ծագումն ունեն, այսպես՝ Սյունիք-Արցախ բարբառային տարբերակներում տարածված է կընդասեղ, որ գործածվում է և՛ կընդակար «հատ-հատ կար», և՛ գնդասեղ իմաստներով։ Բարբառային տարածքում գործածական բառերից են՝ կընդըցնէլ «գլորել», Արց. որոշ խոսվածքներում նարցիս ծաղկին անվանում են կընդըմընէշակ և այլն։ Իհարկե, սրանք կարող են լինել բարբառային համանվանական կամ հարանվանական զուգադիպություններ, քանի որ այս բառերի պարագայում պետք է որ գործեր Աճառյանի օրենքը, բայց, ինչպես նկատում ենք, այն չի գործում և ոչ մի բառում։

Հենց այս հիմքով կողմ ենք այն կարծիքներին, որ կօնդ և գունդ բառերը նույնական չեն, նրանց հնչյունական և իմաստային զուգահեռները բարբառային համանունների օրինակներն են շատացրել, իսկ շատ հաճախ՝ ժողովրդական ստուգաբանության շնորհիվ մոտեցվել և նույնացվել։

Կօնդ բառը առավելապես տարածված է «գնդաձև արմատ», «կոճղեզ», ապա՝ փոխաբերաբար կամ նմանությամբ՝ «մարդու գլուխ»[9] իմաստներով, որոնցից բաղադրված, բառակապակցված և դարձույթավորված հասկացությունները բավականին շատ են։

Արմատ իմաստով գործածություններից են՝ Գոր. Ճըղ/խ/թըթվի կօնդ «ճակնդեղի գլուխ-արմատը», Արց. կօնդ քյիցէլ, կօնդ անէլ «արմատ գցել, արմատի պալարները մեծանալ», սողանի կօնդ, խընջըլօզի կօնդ և այլն։ Փաստորեն՝ հենց առաջնային իմաստով գործածվում է այն արմատների համար, որ կլորավուն տեսք ունեն։

Գլուխ  իմաստով կազմություններից են՝  կընդըզըհան անէլ «գլուխը պոկել», կօնդը կախ «տխուր», «անճար», անեծք՝ կօնդը թաղէլ, —մօշավ անէլ «գլուխը թաղել», Գոր. Կապ. Արց. Մեղ. Կօնդավ անէլ «գլխով անել», Արց. կօնդը զըէռ, Գոր. Կօնդը մէծ «մեծագլուխ»։ Հ. Աճառյանը «Հայերենի գավառական բառարանում[10]» կօնդ բառի «գլուխ» իմաստը համարում է փոխաբերական։

Այս իմաստներից բացի կօնդ-ը այլ գործածություններ էլ ունի, այսպես՝ կօնդըլընգի||կօնդ չըլընգի||կունդըմըհակէ «ուռուցիկ փայտ՝ երկու եզրերը նեղացրած», որ գործածվում է խաղի ժամանակ, «քամանչա նվագարանի գլխի մաս» և այլն։

Կօնդ բառի համանունային տարբերակներն են կլորել, գնդել՝ Արց. Կընդըլօճի||կընդըլէչի||կըլըկօնձի՞, Բազ. կընդել «գնդէլ, գունդ պատրաստել», Արց. կընդըլցնէլ «գլորել», Գոր.՝ «տապալել, սպանել». «Նի կը կապէմ, կընդլցընէմ»։

Հետաքրքրական են այս բառի «ծույլ, անդամալույծ, աշխատելու անընդունակ»[11] իմաստները, որ Ա. Սարգսյանի ՂԲԲ[12]-ում  նշվում են որպես փոխառություն՝ ծագած պարսկերենի kund||kunda||kundä ձևերից, ինչպես ՀԱԲ-ում. «*Կոնդ «անդամալոյծ» նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածված Տաթև. ամ. 593. կենդանի է նոյն ձևով արդի զանազան բարբառների մեջ (Երև. Ղզ. Ղրբ. ևն.)»:[13]

Կօնդ բառի թեքված ձևին համանուն է Կընդ-էլ՝ շեշտազուրկ դիքում օ>ը փոփոխությամբ՝ կընդ||կէնդ||կէնդու, այստեղից՝ Արց. կընդապար «մենապար», կընդըկաթուկ «ծառապտուղի հատ-հատ թափվելը», կընդահաչ «ժամանակ առ ժամանակ հաչելը», կընդէլ «մեկը դառնալ», կընդըմընդ «սակավ» և այլն։

Եվ վերջապես կօնդ բառի համանուններից է կընդ-էլ «քնթել, թալանել, կտրել» բառը։

Այս բառերի ընդհանուր փոխկապակցվածությունը բավականին դժվար է տարանջատելը, բայց առավել դժվար է նույնական ծագման տակ դնելը։

Այսպես՝ փորձենք որոշակիացնել կօնդ արմատի իմաստային եզրերը, զուգահեռները, բարբառային և արտալեզվական առնչակցությունները։

Կօնդ և գունդ արմատների հնչյունական և իմաստային զուգահեռները քննելիս կարելի է նկատել ձայնավորների՝ այսպես կոչված երկրորդ դիրքային բաշխվածության օրենքի[14] գործառույթը, այսինքն՝ օ-ի և ու-ի ենթահնչութային հարաբերությունը։ Բարբառային այս տարածքում նկատվող շեշտի տակ ընկած ու-ն ձայնեղների խլացման կամ պարզապես խուլերին հաջորդելու հետևանքով հաճախ նույնացել է ոչ թե առաջնային շարքի ու/-ին, Աճառյանի օրենքով, այլ օ-ին, ինչպես՝ թուզ>թոզ, թութ>թօթ, ծուխ>ծօխ, խուրձ>խորթնը, թուղթ>թօղթ և այլն։ Հնչյունային այս անցումը երբեմն նկատվում է  նաև ձայնորդ հնչյուններին նախորդելու դիրքում, ինչպես՝ կուռն>կօռն, կունդ>կօնդ և այլն։ Այս պարագայում կարելի է կարծել, որ գործ ունենք ուղղակի գունդ բառի բարբառային կերպաձևումի հետ՝ ձայնեղի խլացում, ու-ի շեշտազրկություն և օ-ի վերածում, և այս օրենքի համաբանությամբ գունդ բառի կօնդ-ի վերափոխում։ Սակայն գրաբարից ավանդված բառերի քննության մեջ նկատվում է նաև հակառակ երևույթը, ցօրէն>ցուրնահաց, թօղնէլ>թուղացի, չօր>չուրանալ և այլն։ Հնչյունափոխական ձևերի՝ բարբառային տարածքում ունեցած բազմազանությունը հատկապես օ>ու և ու>օ հնչույթների պարագայում որոշիչ չի դառնում։ Այս դեպքում փորձում ենք հենվել բառային իմաստի և նրանից բաղադրված բազմիմաստության վրա, որն էլ մեզ հուշում է, որ գունդ և կօնդ բառերը, ամենայն հավանականությամբ, նույնական ծագումը չունեն[15]։  Թե այս բառերից յուրաքանչյուրը ո՞ր ժամանակաշրջանից է  գործառվել, դա էլ է դժվար որոշակիացնելը, բայց հետևելով որոշ օրինակների, որոնցում անշեշտ ու-ն անփոփոխ է մնում, իսկ կոշտ օ-ն գիտակցվում է հիմնական հնչույթ, և նրա շեշտազրկությունը արտահայտվում է ը-ի վերածմամբ, պետք է կարծել, որ կօնդ-ը առավել վաղ է ճանաչվել, քան նրան հաջորդած գունդ-ը։ Ընդ որում, ինչպես նկատում է Մ. Աղաբեկյանը, այս օրենքը հաջորդել է «հինհայերենյան աւ անցմանը», որ հաճախ աւ-ից ծագող անշեշտ օ-ն նույնպես վերածվել է ու-ի՝ ամաւթ>համութ, ծանաւթ>ծանութ, արաւճ-արուճ և այլն։ Այստեղից էլ կարելի է ենթադրել, որ կօնդ արմատի համանուններ կօնդ-ը՝ «անդամալույծ» և կօնդ՝ «քնթած, կտրած», որոնք նույն օրենքի համաբանությամբ անշեշտ դիրքում ստանում են ու՝ կունդանալ, կունդէլ||կընդէլ, առաջացել են կօնդ «կոճղարմատ» բառի բազմիմաստությունից,  քանի որ արտասանությամբ իրար մոտ լինելով՝  հաճախ երկիմաստություն են ստեղծում նրբիմաստով, և, բնականաբար, ձևիմաստային զուգահեռներ ունեցող համանուններից մեկը դասվում է հնաբանությունների շարքում[16]։ Դժվարություններ են ստեղծվում նաև այն հարցում,  թե արդյոք այդ համանունները փոխատու լեզվո՞ւմ են ստեղծվել, եթե ընդունում ենք, որ նրանք փոխառյալ են, թե՞ փոխառվելուց հետո, որովհետև լինում են դեպքեր, որ «համապատասխան բառերը հաճախ զարգանում են ճիշտ իմաստային սերտությամբ»[17], բայց քանի որ բառի վերջնական ծագումը անորոշ է, ուստի գիտականորեն ճշգրիտ հետևության հնարավոր չէ գալ։

Արմատը Սյունիք-Արցախ բարբառային տարածքում գործածվող «գնդաձև արմատ», «կոճղեզ», իմաստներից բացի, ինչպես նկատելի է, գործածվում է գունդ նշանակությամբ նաև Սյունիք-Արարատյան միջխոսակցական տարածքում՝ կօնդ և կունդ։   Բազ., Արց. կընդել «գնդէլ, գունդ պատրաստել» և այլն /Բազ․ խոսվածքում գունդ||կօնդ բառին զուգահեռ գործածվում է նաև կօմբ/ա «գունդ»/։ Թերևս կարելի է կարծել, որ այն կօնդ բառից առաջացած մի ձև է։ Իմաստային համապատասխանության կողքին, սակայն, գրեթե անհնարին է դառնում հնչյունների տեղաշարժի բացատրությունը։ Այդ պատճառով առկախ ենք թողնում նրան վերաբերող կարծիքները և հատկապես գունդ և կօնդ բառերից առաջացած լինելու հարցը։ Կօնդ բառին զուգադրելի են կոպալ||կոմբալ բառերը, որոնց հնչյունական տարբերությունները առաջ են բերել հարանվանական արժեք՝ Արց. կօմբալ/չոմբալ 1. «ծայրը գունդ, հաստ գլխով մահակ», փոխ. «մեծ, խոշոր քիթ», որոնց հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած է կոմբ «մեծ, խոշոր» արմատը, որ տարածված է ում և կը ճյուղի բարբառներում՝ Մշ. Վան, Ար. և այլն, Ար.՝ կօմբգլուխ «մեծագլուխ»։ Արցախում այս բառին՝ կօմբալ, հոմանիշ է կունդուռուշ/կունդուռուշիգյ/: Հ. Աճառյանը «Հայերեն գավառական բառարանում» կոպալ/ա/գլուխ և կոմբալագլուխ ձևերը մեկ բառահոդվածի տակ է նշում, իսկ կոպալ արմատի ծագումը համարում է պրսկ. kūpᾱlﻛﻮﭘﺍﻝ/  «բակուղ երկաթո»[18]։ «Հայոց լեզվի բարբառային բառարանում» մեկ բառահոդվածի տակ են առնված ոչ միայն կոպալ/ա/գլուխ և կոմբալագլուխ բառերը, այլև կոպալ և կոմբալ[19]։ Հին հուն. κορδύλη ունի «ելունդ, պալար, հաստ գլխով մահակ»[20] իմաստները, իսկ քրդ. համար առանձնացվում է kop-al «մահակ», որ բխեցնում են  koftan «խփել, հարվածել» բայից[21]։ Այս արմատի համար, ինչպես ցույց են տալիս ընդհանրությունները, պետք է որ լինի հնդեվրոպական նախաձևը։ Դժվար է որոշակիացնել ոչ միայն կոնդ, կոմբ, կոպ-ալ բառերի ընդհանրությունները, այլև նրանց նախաձևը գտնելը։

Արտաքուստ մոտ ձև ունի ճակնդեղ՝ ճա-կնդ-եղ, սակայն առկա են այլ տարբերակներ[22], որոնք, այնուամենայնիվ, իրարամերժ են։ Հ. Աճառյանը այս բառի համար ընտրում է ճակն արմատը՝ հղելով Ղ. Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն» բառարանը /1895թ., Վենետիկ/ և նշում  գրքի՝ «գիտական տեսակէտով անբաւարար»[23] լինելը։ Ճակնդեղ բառի՝ շրջակա լեզուներին անցած լինելու փաստը անառարկելի է։ Այս բառի կազմությանը և ծագմանը վերաբերող տեսակետները շատ են և դրանցից հետաքրքրական է գազար բառի /čukundar/ հետ նույնացնելը։ Գ. Ջահուկյանը «կլմպուզ»՝ բազուկ բարբառային բառի համար դնում է *g(ē)lemb(h)-[24], որ բարբառներում տարածված է տարբեր անվանումներով՝ բազուկ, տակ, մաճար, չաքնտուր, կլմպուզ, կլմբոզ, ղլմբող, կարմիր տակ։ Արց. ունի կալամօզ, այստեղից՝ կլմբօզել «գլորվել», Գոր. կլմպընձրի և այլն, որի համար ՂԲԲ-ում նույնպես դրվում է *g(ē)lemb(h)- արմատը։ Փաստորեն՝ գործ ունենք «գունդ, կլոր, գլորվել, խոշորանալ» և նման իմաստների հետ, որ հատկանշվում են նաև բազուկ-կոնդ բառերին։ Բազուկ բառին հոմանիշ է տակ-ը, որ հիմնականում գործածական է Սյունիքում՝ տակ, տակի կոնդ։ Ճակնդեղ բառի համար համեմատական լեզվաբանության հեղինակները  ընտրում են հ.-ե. *bhedh-, որի նախնական նշանակությունը «քանդել» բայարմատն է, որ նույնական նշանակություն ունի գերմ., գոթ. բառի հետ[25]։ Թերևս ճակնդեղ բառում հատկանշելի է կընդ/կօնդ/ արմատը։ Սա բառաքննական մի փորձ է, որ խոցելի է բազմաթիվ այլ տեսակետների առկայության պայմաններում։ Այնուամենայնիվ կարծում ենք, որ ճակնդեղ բառը վերլուծելի է, և նրա նախնական վիճակը թերևս բարբառային ճախակոնդ||ճըխակոնդ ձևն է, ինչպես ճախաթթու||ճըխթթօ, ճըխատուր «մահակ», ճըխաթակ և այլն։   Բառը հետագայում հնչյունական փոփոխություններ է կրել, բայց և պահել է իմաստը։ Կարծում ենք, որ ճախ «թուփ, ցախ» բառը, որ լայն գործածություն ունի Սյունիք-Արցախ բարբառային տարածքում, կօնդ բառի նախադիր խուլի ազդեցությամբ կորցրել է վերջադիր խ-ն առնմանության պայմանում։ Ի դեպ՝ խ>կ||ք առնչակցությունը խորթ չէ բարբառին, ինչպես՝ խըճէպ||խըճէփ||կըճէպ||քըճէպ||քըճէփ և այլն։ Իսկ կօնդ բառի օ-ն շեշտազուրկ դիրքում դարձել է ը, ինչպես՝ խօրօվէլ>խըրավէլ, կօթ>կըթավէր, կօնդ>կընդըզըհան։ Ձայնավորների փոփոխության այս դեպքը, սակայն, դժվար է որոշակիացնել բուն բարբառային տարածքի համար։ Հնարավոր է, որ բարբառային խմբից դուրս է եղել փոփոխությունը՝ լեզվի այլ տարբերակներում կամ այլ լեզուներում ունեցած փոփոխությունների հետևանքով։ Բարբառային տարածքից դուրս ձայնավորների հնարավոր այդ փոփոխությունը մեր քննության նյութ չենք դարձնում։ Նույն կերպ կվարվենք ճակնդեղ բառի վերջադիր եղ-ի պարագայում, որ Հ. Աճառյանը դնում է խաշնդեղ, կապնդեղ բառերին զուգահեռ։ Հնարավոր դեպքերը շատ են վերջադիր –եղ-ի առկայությունը պատճառաբանելու համար՝ դեղ բառի համաբանություն կամ բաղադրություն, -եղ ածանցի առկայություն և այլն։

Նորից նշենք, որ սա ուղղակի մի փորձ է կօնդ արմատը բառային այլ տարբերակներում դիտարկելու համար։ Եվ մեր քննությունից ստացվում է, կօնդ-ը՝ «գնդաձև արմատ», «կոճղեզ», 2. փոխաբերաբար կամ նմանությամբ՝ «մարդու գլուխ» իմաստներով բառը պետք է առանձնացնել «բոլորակ բլուր», «ճյուղերից մաքրված ծառի բուն»[26], «անդամալույծ»[27], «վեգի կողմ», «պար», «հաշիվ, ծախս» իմաստներով համանուններից  և նրանց չվերագրել բազմիմաստությամբ առաջացած ձևեր. «Հաճախ դժվար է լինում որոշել սահմանագիծը, որից այն կողմ բազմիմաստությունը վերածվում Է համանունության։ Սովորաբար նշվում է, որ բազմիմաստ բառի երկու նշանակություններ վերածվում են համանունների, եթե տրոհվում է դրանց միացնող իմաստային շղթան, որի հետևանքով այդ երկու նշանակություններն սկսում են ընկալվել որպես առանձին համանուն բառեր»։[28]

Այսպիսով նկատեցինք, որ Սյունիք-Արցախ տարածքի բարբառների բառապաշարում գործածության հաճախականությամբ, ձևիմաստային բազմազանությամբ յուրահատուկ նշանակություն ունի կօնդ արմատը, որին համանուն են՝  կօնդ «գնդաձև արմատ», «կոճղեզ», փոխաբերաբար կամ նմանությամբ՝ «մարդու գլուխ», կօնդ «անդամալույծ», կէնդ>կընդ-էլ «մեկական դառնալ, կենտ»։

Կարծում ենք, որ ճակնդեղ բառի մեջ նույնպես կօնդ արմատն է՝  ճախ «թուփ, ցախ»+կօնդ+եղ:

Փաստորեն՝ Կօնդ արմատը, ըստ ուսումնասիրության արդյունքի, ժամանակի ընթացքում վերաճել է և ստեղծել համանուններ ու այլ բառեր, որոնք հիմա էլ գործածվում են:

[1]Այս մասին կարելի է տեսնել Ռ. Շալունց, Համանուն բառերը ժամանակակից հայերենում, Լեզվի և ոճի հարցեր, հ. 4 , Ե., 1974։

[2] Ն. Պողոսյան, Վաղ աշխարհաբարի իմաստափոխության դասակարգման նոր փորձ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 2, Ե., 2012, էջ 230։

[3] Կունդանալ «խեղվել, անդամալույծ դառնալ». գրաբարում վկայված չէ։

[4] «Կնտութիւն. կունդ-ճաղատ լինելը, ճաղատություն, Կնտանալ՝ ճաղատ դառնալ, գլխի մազերը թափվել»։ Տե՛ս Գրաբարի բառարան, Ե., 2000, էջ 663։

[5] Միջին հայերենի բառարանում նշվում է ՆՀԲ /այսուհետև՝ Նոր հայկազյան բառարան/-ի՝ կնդել, կնդացուցանել բառերի իմաստները՝ մազերը խուզել, ծառի ճյուղերը կտրել։ Տե՛ս Ս. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Ե., 2009., էջ 377։

[6] Հ. Աճառյան, Հայերենի արմատական բառարան: Այսուհետև՝ ՀԱԲ:

[7] Այս մասին մանրամասն կարելի է տեսնել ՀԱԲ, էջ 593-594։

[8] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1987, էջ 521։

[9] Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013, էջ 398 /այսուհետև՝ ՂԲԲ /:

[10] Հայերէն գաւառական բառարան, Թբիլիսի, 1913, էջ 592։

[11] Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառը, Ե., 1975, էջ 422:

[12] ՂԲԲ, էջ 20:

[13] ՀԱԲ, հ., 2, էջ 632։

[14] Հայերենի բարբառագիտական ատլաս, պրակ 3, Ե., 2010, էջ 85:

[15] Սա պայմանավորվում է նաև այն հանգամանքով, որ բարբառային տարածքում բառի սկզբում համարյա բոլոր ձայնավորներից առաջ ունենք գյ։ Այս մասին կարելի է տեսնել Կ. Դավթյան, Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե., 1966, էջ 54:

[16] Այս մասին կարելի է տեսնել Ռ. Շալունց, Ժամանակակից հայերենի համանուն բառերի գործառությունը խոսքի մեջ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 2, Ե., 1972, էջ 124-130 ։

[17] Այս մասին կարելի է տեսնել R. Bridges, English homophones,  p. 3 /ru.scribd.com. Society for Pure English, Tract 02 On English Homophones by Bridges/:

[18] Հ. Աճառյան, Հայերէն գաւառական բառարան, էջ  593։

[19] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. 3, Ե., 2004, Էջ 149:

[20] И. Дворецкий, Древногреческо-пусский словарь, т. I, М., 1958, ст. 970:

[21] Р. Цаболов,  Этимологический словарь курдского языка, т. 2, М., 2010, ст. 41:

[22] Այս մասին մանրամասն տե՛ս ՀԱԲ:

[23] ՀԱԲ, էջ 7:

[24] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, էջ 124։

[25] J. Pokorny, Indogermanisches Etymologisches Wörterbuch, Vienn, 1959, p. 113-114:

[26] ՆՀԲ-ում՝ կնդեմ՝ կունդ առնել, փետել, տերևաթափ առնել և խոշտանգել, կռփել /լծորդված հուն.՝ գինդինէւօ/ «Կնդէ զծառն և մի բնաւ տերև թողուլ։ Քաջ կնդել պիտին, և ապա պատրուսել. վստկ.։ Կնդեալ աքսորին ի բանտ։ Հարկանեն նա և կնդեն, և բանդեն»: Տե՛ս ՆՀԲ, էջ 1104։

[27] Հր. Աճառյանը նշում է, որ կօնդ բառի՝ պարսկերենում ունեցած նախնական իմաստները անցել են նաև մեր բարբառներին՝ «կոճղ», «գուլ, բութ», որ Սյունիք-Արցախ բարբառներում առավել տարածված է քոթուկ հոմանիշը, որ թուրքերենի համար նշվում է պարսկերենից փոխառություն՝ Kütük, güdük, güdüğü, ՝ իր հոմանիշներով՝ odun, kereste: Տե՛ս http://www.osmanlicaturkce.com: Ընդ որում՝ այս բառերը օսմենարենում վկայված չեն:

[28] Ա. Բարլեզիզյան, Իմաստային պատճենումները ժամանակակից հայերենի համանունության, Լրաբեր, թիվ 2 . Ե., 1987, էջ  36-41:

About The Author

Related posts

Leave a Reply