Նոյեմբերի 13, 2018

Հնագիտական պեղումներ Միրիկում

Հնագիտական պեղումներ Միրիկում

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղը գտնվում է Աղավնո գետի աջափնյա բարձրադիր հրվանդանի ստորոտում՝ շրջկենտրոն Բերձորից մոտ 40 կմ հյուսիս-արևմուտք` ծովի մակերևույթից 1500-1600 մ բարձրության վրա: Գյուղի հյուսիսային կողմում՝ բարձր բլրի վրա, գտնվում է նախաքրիստոնեական շրջանի հզոր պաշտպանական համակարգով ամրոց, որտեղ պահպանվել են եզակի կառույցներ՝ տաճար-սրբատեղի, պաշտամունքային շինությունների և այլ կառույցների հիմքեր ու հետքեր: Ամրոցից մոտ 200 մ արևմուտք պահպանվել է դամբարանաբլուր, որը դեպի ամրոց եկող պատմական ճանապարհի եզրին է՝ դարավանդի պռնկին: Նախորդ տարում հնագիտական պեղումներ կատարվեցին ամրոցում ՀՀ հնագիտության ինստիտուտի և ԵՊՀ հնագիտության ամբիոնի միացյալ արշավախմբի կողմից. հնագետներ՝ Գագիկ Սարգսյան, Արտակ Գնունի, գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյան և այլք: Պեղումները հովանավորեց «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը: Հոկտեմբերի սկզբից պեղումներ են իրականացվում ամրոցամերձ դամբարանում, որոնք ի հայտ կբերեն, թե տվյալ ժամանակաշրջանում ինչ ծիսակարգով է կատարվել հուղարկավորությունը: Այս անգամ ևս պեղումները հովանավորում է Ստեփան Սարգսյանը: Դամբարանի պեղումներն իրականացնում են հնագետ Հարություն Խուդանյանը և ամրոցի պեղումների  մասնակից և հնավայրի հայտնաբերող արշավախմբի անդամ Գագիկ Սարգսյանը: Աշխատանքներին մասնակցում են Միրիկի բնակիչները՝ օրավարձով: Աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով եղա հնավայրում, որտեղ արդեն բավականին աշխատանք է կատարվել: Հեռացվել է հողի արտաքին շերտը, ընթացքում գտնվել է մեծաքանակ խեցեղենի բեկորներ, քարե աշխատանքային գործիքներ և կենդանիների ոսկորներ: Հնագետ Հ. Խուդանյանը տեղեկացրեց, որ հնագիտական աշխատանքների ընթացքն ու ցայսօր հայտնաբերված գտածոները հուշում են՝ դամբարանն ավերված կամ կողոպտված չէ և գտնվում է հիմնականում անխաթար վիճակում: Ըստ հնագետների՝ այդ հեռավոր ժամանակաշրջանում հուղարկավորություն կատարելուց հետո հոգեհացի ծիսակարգային արարողություն են կատարել՝ կերակրի ոսկորները տարածելով դամբարանի արտաքին քարե զրահի մակերեսին, ապա տեղում կոտրել են խոհանոցային խեցեղենը: Սա Հայաստանի նախաքրիստոնեական շրջանում հայտնի ծիսական արարողակարգ է, որի որոշակիորեն ձևափոխված տարբերակը հասել է մինչ մեր ժամանակները: Վերջին օրերին իրականացված ինտենսիվ հնագիտական աշխատանքների արդյունքում թեպետ նախնական, սակայն հետաքրքիր պատկեր ստացվեց: Դամբարանի կրոմլեխի արևելյան հատվածում սողացած և կողքի ընկած հսկայական սալաքարը սկզբնապես ենթադրվում էր, որ կարող է լինել թաղման խուցը ծածկող տապանաքարը: Պեղումների արդյունքում սալաքարից դեպի դամբարանի կենտրոնական հատվածը բացվեց մի երկարավուն միջանցք, որը լցված էր մանր քարահողային լիցքով և այդ հատվածում որևէ խոշոր քար չհանդիպեց, ինչը հաստատում է այն թեզը, որ վերոհիշյալ սալաքարը դամբարանի մուտքի՝ դրոմոսի քարն է: Սա ենթադրում է, որ դամբարանի խուցն ամենայն հավանականությամբ անխաթար վիճակում է, և շարունակվող հնագիտական աշխատանքները կարող են հարուստ արդյունքներ ցուցաբերել: Հաջորդ օրվա աշխատանքներն առավել արդյունավետ էին: Դեպի հանգուցյալի խուց տանող միջանցքի սկզբնամասում հայտնաբերվեցին 8 ամբողջական կավե անոթներ՝ քրեղաններ և կճուճներ, ինչպես նաև զոհաբերված մանր եղջերավոր կաթնասունի՝ հավանաբար ոչխարի կամ այծի ոսկորներ: Հայտնաբերված քրեղաններում ևս առկա էին կենդանական ծագման ոսկորներ, որոնք կերակրի հետքերն են: Հնագետ Հ. Խուդանյանը գտնում է, որ տվյալ հատվածում կատարվել է կենդանական զոհաբերություն: Շաբաթ օրը հնագետներին այցելեցին Միրիկ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները տնօրեն Նաիրա Սարգսյանի գլխավորությամբ: Հնագետ Հ. Խուդանյանը դամբանաբլրի մոտ մանրամասնորեն ծանոթացրեց ոչ միայն հնագիտական աշխատանքների ընթացքին, այլև ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի վաղ շրջանի դամբարանային հուղարկավորության ծեսերի և թաղումների տեսակների հետ: Հնագետ Գ. Սարգսյանը աշակերտներին ուղեկցեց դամբանաբլրից ոչ հեռու գտնվող երկաթիդարյան ամրոց, ներկայացրեց ամրոցի կառուցվածքը, պալատական հատվածը, տաճար-սրբատեղին և այլն:

Հնագիտական աշխատանքները շարունակվում են արտեֆակտներով հարուստ նյութի ակնկալիքով:

 

About The Author

Related posts

Leave a Reply