Դեկտեմբերի 14, 2017

Հին  Խնձորեսկը  դրախտավայր…կամ  արձագանք-դիմում  ՀՀ  կառավարությանը

Հին  Խնձորեսկը  դրախտավայր…կամ  արձագանք-դիմում  ՀՀ  կառավարությանը

«TV  ՄՈԼ»  թերթի  հոկտեմբեր-նոյեմբեր  ամիսների  43-րդ  համարում  տեղակայված  է  «Խնձորեսկը  քարանձավային  հյուրանոցով  դրախտ  կդառնա»  վերտառությամբ   հոդված-հաղորդումը: Հոդվածում  համառոտակի   նշվում  են  այն  նպատակներն  ու  միջոցառումները,  որոնք  պետք  է  իրականացվեն  Հին  Խնձորեսկը,  որն  իրոք  «Թանգարան  է  բաց  երկնքի  տակ»[1], «դրախտ»  դարձնելու  համար…

Անշուշտ  Հին  Խնձորեսկը  պահպանելուն  ուղղված  նպատակը  խրախուսելի  է,  բայց  պահպանելը  և  ոչ  թե  բիզնեսի  առարկա  դարձնելը,  և  պատահական  չէ,  որ  նույն  այդ  հոդվածում  հիշատակված,  ընդհանուր  առմամբ  նախատեսված  նպատակին  ու  միջոցառումներին  հավանություն  տվող  ՀՀ  տնտեսական  զարգացման  և  ներդրումների  նախարարության  զբոսաշրջության  պետական  կոմիտեի  նախագահ  Զարմինե  Զեյթունցյանն,  այնուամենայնիվ,  իր  մտահոգությունն  է  հայտնել`  նշելով,  որ  դա  «…հաճախ  այնքան  էլ  լավ  հետևանքներ  չի  ունենում»: Այդպիսի  հնարավոր  վատ  հետևանքները  թույլ  չտալու  համար,  մեր  կարծիքով,  անհրաժեշտ  է, որ  առաջին՝ Հին  Խնձորեսկը  պահպանելուն  կամ  «դրախտ»  դարձնելուն   ուղղված  միջոցառումների  իրականացումը  սեփականության  կամ  վարձակալման  եղանակով  առանձին  անձանց՝  անհատների  կամ  ոչ  պետական  իրավաբանական  անձանց  չհանձնվեն,  այլ  այն  դառնա  միայն  ու  բացառապես  պետության  մենաշնորհը.  իսկ վերոհիշյալ շաբաթաթերթում օգտագործված «արգելոց»  բառը  պետք  է  ընդհանրապես  հանվի Հին  Խնձորեսկը  հատկապես  նրա  բնիկների  ու  նրանց  սերնդի  համար  եղել  և  պետք  է  մնա  որպես  բաց  տարածք,  անշուշտ պետության և հասարակության կողմից պահպանվող: Բացի  այդ,  այդ  ծրագիրը  պետք  է  իր  բոլոր  մանրուքներով  ներկայացվի  Խնձորեսկի  ամբողջ  համայնքին՝  բնակիչներին,  քննարկվի  նրանց  կողմից: Անհասկանալի  է  նաև,  թե  այդ   22-23 մլն.  ԱՄՆ-ի  դոլարն  ո՞վ  է  տալիս  և  իրականում  ի՞նչ  նպատակով… Դա  չափազանց  կարևոր  է  ապագա  հետևանքները  կանխազգալու,  կանխատեսելու  համար… Բոլոր  քարանձավները  հյուրանոցներ  դարձնել` դրանք  «վերակառուցման»  ենթարկելով,  գաղափարն  ընդունելի  չէ.  դա  կխեղաթյուրի  դրանց  պատմական  նշանակությունը,  արժեքը.  քարանձավները  պահպանելու  նպատակով  որոշ  աշխատանքներ  կարելի  է  կատարել.  օր.՝  դրանց  մուտքերը  նախշաքարերով  կամ  սովորական  բետոնով  ամրացնելը  ևն,  իսկ  հյուրանոց  կարելի  է  կառուցել  առանձին  բաց  վայրում:

Անհասկանալի  է  նաև Հին Խնձորեսկում  բազմաթիվ  տներ,  հյուրանոցներ,  սրճարաններ,  ռեստորաններ,  մանկական  խաղահրապարակներ,  ցուցասրահներով  զվարճալի  կենտրոններ  կառուցելու  միտքը… դրա  հեղինակները  երևի  Հին  Խնձորեսկը  շփոթել  են  Մուղանի  դաշտավայրի  հետ…  Այդքան  օբյեկտներ  կառուցելու  համար  Հին  Խնձորեսկի  քարանձավների,  եթե  ոչ  մեծ,  ապա  գոնե  զգալի  մասը  պետք  է  վերացվի… Գայթակղիչ  կարգախոսներն  էլ  պետք  է  որոշակի  սահման  ունենան…

Երկրորդ՝  ինձ  հայտնի  է  նաև,  որ  Հին  Խնձորեսկի  շատ  բնակիչներ  ցանկություն  ունեն  վերադառնալ  իրենց  նախնյաց  բնակավայրերը՝  Հին  Խնձորեսկ  (որն,  ի  դեպ,  տեղափոխվել  է  հարկադրաբար,  ըստ  որում  մի  շատ  անհաջող  վայր…).  բնականաբար   պահպանելով  քարանձավները,  ըստ  որում  ավելի  լավ,   ավելի  հոգատար  ձևով,  քան  մի  քանի  «փողատեր»  արկածախնդիր  «բիզնեսմեններ»…  Ո՞ր  իրավունքով  մենք  կարող  ենք  արգելել  այդպիսի  ցանկություն  հայտնած  Հին  Խնձորեսկի  բնակիչներին  կամ  նրանց  սերունդներին…  (դա  բոլորովին  էլ  չի  խանգարում,  որ  պետությունը  նաև  հյուրանոց  կամ  ճոպանուղի  կառուցի,  ճանապարհները  նորոգի  Հին  կամ  Նոր  Խնձորեսկում.  բայց  ոչ  գյուղի  ամբողջ  պատկերն  ու  էությունը  խեղաթյուրի  կամ  այն  գիշերային  ակումբների  ցանցի  վերածի`  մի  քանի  հոգու  հարստացնելու  համար…): Բոլոր  դեպքերում,  անկախ  ամեն  ինչից,  Հին  Խնձորեսկից՝  որպես  տեսարժան  վայրի  ևն,  ստացված  եկամուտները  պետք  է  ամբողջությամբ մտնի  պետ.  բյուջե,  դրա  մի  մասը  (եթե  ոչ  ամբողջը)  ծախսվի  Հին  ու  Նոր   Խնձորեսկների  կարիքների  համար  և  ոչ  թե  մտնի  մի  քանի  հոգու  գրպանները,  ինչպես  որ  Սյունիքի  հանքային  հարստության  շահագործման  դեպքում  է…*

Կարծում  ենք,  որ  ՀՀ  կառավարությունը, բնականաբար  նաև  եվրոպական  և  այլ՝  օտարերկրյա  կառույցները,  այնուամենայնիվ  կփորձեն  Խնձորեսկում  տեսնել  նաև՝  թերևս  ամենից  առաջ,  հոգևորը՝  քաղաքակրթության  համար,  քաղաքակրթության՝  մարդկության  պատմության  ամենավաղ  ժամանակներից  սկսած,  ճանաչելու  համար  ակնառու  նշանակություն  ունեցող  նրա  մեծագույն  արժեքը…

Խորհրդային  տարիներին  անուրանալիորեն  վերելք  ապրած  Խնձորեսկն  (անշուշտ  ոչ  միայն  Խնձորեսկը)  այսօր  գտնվում  է  բարդ  գործընթացների  հոլովույթում,  իսկ  «բիզնեսի»  զարգացումն  ու  «գլոբալիզացիան»՝  ինչպես  միջնադարում  ունիթորիզմը,  առավել  ևս   «փողի  համար  խելակորույս,  խելացնոր  պայքարը»  կարող  է  անդառնալիորեն  վնասել  Խնձորեսկի  ազգային-պատմական  կերտվածքին,  եթե  իմաստավորված  մոտեցում  չդրսևորվի  առկա  հիմնախնդիրների  համալիր  լուծման  բարդ  գործընթացում… Մեր  օրերում  Խնձորեսկը  ևս  հարկադրված  կլինի  պայքարելու  հոգևորն  ու  մարդկայինը  պահպանելու  համար…

Հուսանք,  որ  ապագայում  ամեն  ինչ  շատ  ավելի  լավ  կլինի…

 

 

Մալիկ  Թելունց.  Հին  և  Նոր  Խնձորեսկների  բնակիչ,  պատմական գիտությունների  թեկնածու.

Հեռ.  094 96 07 08

05.XII.2017

[1] Տե՛ս  Մ.Մ. Թելունց,  Խնձորեսկ,  Պատմաաշխարհագրական  համառոտ  ակնարկ,  «Էդիթ  Պրինտ»  հրատ.,  Երևան,  2014

* Թեպետ  Սահմանադրությամբ  ընդերքը,  նրա  օգտակար  հանածոները  համարվում  են  պետության  բացառիկ  սեփականությունը,  սակայն  երեխային  էլ  հայտնի  է,  թե  Սյունիքի  (և  ոչ  միայն  Սյունիքի)  ընդերքի,  նրա  հարստության  իրական  տերերն  ովքեր  են  և  ում  գրպաններն  է  մտնում  ստացված  հսկայական  շահույթը.  արդյունքում՝  ՀՀ-ում  օգտակար  հանածոներով  (պղինձ,  մոլիբդեն,  ոսկի  ևն)  ամենահարուստ  և  ամենամեծ  ՀՆԱ-ն  ունեցող  Սյունիքը  գործազրկության  և  աղքատության  մակարդակով  ՀՀ-ում  երկրորդ  տեղն  է  զբաղեցնում  (Շիրակից  հետո).  ի  դեպ  երրորդը՝  դարձյալ  օգտակար  հանածոներով  հարուստ  Լոռին… Դրա  համար  էլ  (անշուշտ  ոչ  միայն  դրա…)  երկիրը  երկիր  չի  դառնում  և  չի  դառնա,  քանզի  երկրի  առկա  սոցիալ-տնտեսական,  պետաիրավական  կարգն  իրականում  (նաև  իրավաբանորեն,  չհաշված  մի  քանի  սուտ-մուտ  կարգախոսներ)  ծառայում  է  ընդամենը  մի  քանի  անձանց  կամ  խմբավորումների անձնական շահերին… Վաղը,  մյուս  օրն  էլ  ազատագրված  տարածքները  կամ  դրանց  մեծ  մասը  կհանձնեն  «Մադրիդյան  սկզբունքներով»  (Տե՛ս  համացանցում  տեղակայված մեր  հոդվածը՝  «Ղարաբաղյան  կոնֆլիկտը…»  վերտառությամբ.  ասում  են  վերջերս  նախագահը  նույնիսկ  ռուսական  լրատվամիջոցներով  հայտարարություն  է  արել,  որ  պատրաստ  է  7  շրջաններ  հանձնել.  ես  չեմ  լսել  կամ  կարդացել  դա.  եթե  նախագահը նման  բան  է  ասել,  ապա  զարմանալի  ոչինչ  չկա՝  դա  բխում  է  «Մադրիդյան  սկզբունքներից»  կամ  համաձայնագրերից…)  «անկախությունից  մեր  օգուտը»  կմնա  մի  քանի  անձանց  կամ  խմբավորումների  հարստանալն  ու  գերհարստանալը,  ժողովրդի  գործազրկությունը,  աղքատությունը,  արտագաղթն  ու  էլի  մի  քանի  «ձեռքբերումներ»-«նվաճումներ»…,  ինչպես  նաև  ոչ  այնքան  իրական  հույսը,  որ  11-րդ  բանակը  նորից  կգա…  (իսկ  մինչ  նրա  գալը  Խնձորեսկը  պետք  է  պահպանել  և  նրա  հարցում  իմաստավորված  մոտեցում  դրսևորել…): Ցավալի  է,  բայց,  ըստ  երևույթին,  մեր  հասարակությունը,  ժողովուրդը  որպես  հավաքական  ուժ  ունակ  չէ  իր  երկրին  տեր  կանգնելու…  Իսկ  թե  այս  բոլորն  ինչ  կապ  ունի  Հին  Խնձորեսկը  «դրախտ»  կամ  «դրախտավայր»  դարձնելու  հետ՝  դժվար  չէ  կռահել,  չէ  որ  այդ,  և  ցանկացած  այլ  հարց,  լուծվում  է  մեր  երկրում՝  պետությունում  առկա  իրողությունների  համատեքստում,  իսկ  թե  դա  ինչի  է  հասցրել՝  ակնհայտ  է… Այնպես  որ  թող  ոչ  ոքի  մտքով  չանցնի  թե ես  չեմ  ուզում,  որ  իմ  հայրենի  Խնձորեսկը  դրախտավայր  դառնա.  իմ  սարկազմը,  մտահոգությունը  բոլորովին  ուրիշ  երանգ  ունի,  այն  էլ  ոչ  առանց  հիմքի… Անշուշտ,  շատ  կուզենայի  սխալվել.  ինչ  որ  է. թող  Աստված  բարին  կատարի:

About The Author

Related posts

Leave a Reply