Սեպտեմբերի 21, 2018

Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնության հարցի շուրջ

Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնության հարցի շուրջ

Հայոց հնագույն պետականությունների հետ հայկական արևելյան ծայրամասային նահանգների առնչության մասին պատմական աղբյուրներն ու տեղեկությունները սակավաթիվ են: Այդ առումով Սյունիքը բացառություն չէ: Հայտնի է, որ առաջին հայկական պետականությունները մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին ձևավորվում են Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում՝ Սյունիքից հեռու: Վերջին տարիների պատմագիտական գրականության մեջ ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն միտքը, որ մինչև մ.թ.ա. IX դ. Վանի կամ Արարատյան (Ուրարտու) հզոր և միասնական պետության հանդես գալը հայոց արևելյան կողմերում ձևավորվել էր Էթիու կամ Էթիունի անունով մի հայկական պետություն ևս: Այդ պետության մասն էր նաև Սյունիքը: Էթիու պետության մասին տեղեկանում ենք սեպագիր արձանագրություններից: Այդ պետության մասին խոսվում է նաև Արգիշթե II-ի (մ.թ.ա. 714-685) Սյունիքում թողած սեպագիր արձանագրության մեջ, ուր նշվում է, որ Էթուի դեմ Արգիշթե II-ը Իրդուա քաղաքի մոտ տվել է հաղթական ճակատամարտ: Ուրեմն Սյունիքը հեշտությամբ չի միացվել Արարատյան թագավորությանը: Իրար հաջորդած Արարատյան երեք թագավորներ (Սարդուր II, Ռուսա I և Արգիշթե II) Սյունիքն իրենց պետությանը միացնելու համար շուրջ 120 տարվա ընթացքում մի քանի պատերազմներ են մղել Էթիու երկրի դեմ:[1] Էթիուն զբաղեցնում էր Հայկական լեռնաշխարհի

հյուսիսարևելյան մասը և Սյունիքից զատ ներառում էր Արցախը, Ուտիքն ու այլ հայկական երկրամասեր: Ըստ Վ. Գայսերյանի՝ «շնորհիվ իր կազմակերպվածության, զարգացած տնտեսության, աշխարհագրական նպաստավոր դիրքի, ինչպես նաև անկասկած այստեղ ևս հայկական էթնոսով բնակեցված լինելուն, Եթիու երկիրը դառնում է Հայկական լեռնաշխարհում ձևավորվող քաղաքական բոլոր կազմավորումների կենտրոնը, այդպիսին էլ մնալով հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում»:[2] Հ. Կարագյոզյանը իր հերթին առաջարկում է մեր ժողովըրդի «հայ» ինքնանվանումը ստուգաբանել «Էթունի» սեպագրական տեղանվան հիման վրա:[3]

Հայկական հնագույն պետականությունների հետ Սյունիքի կապերի մասին ակնարկել են նաև Մ. Խորենացին և Ստ. Օրբելյանը: Մ. Խորենացին վկայում է, որ վաղուց՝ դեռ մինչև Արարատի թագավորության ստեղծվելը, Սյունիքը հայկական հողերի մաս էր կազմում: Խոսելով Հայոց տոհմաբանության և գավառանունների մասին՝ պատմահայրը նշում է, որ նահապետ Գեղամն իր ունեցածի մեծ մասը որպես ժառանգություն տվեց Սիսակ որդուն:[4] Ուրեմն, Սյունիքը Գեղամը ոչ թե նվաճել է, այլ որպես ժառանգություն է ստացել իր նախնիներից: Եվ ահա, նա իր տիրույթից բաժին է հանել Սիսակ զավակին: Ուրեմն, մինչև Սիսակը Սյունիքը վաղուց հայկական էթնոսով բնակեցված տարածք էր և մտնում էր Էթիու պետության կազմի մեջ: Ըստ Մ. Խորենացու, Գեղամի թոռ Արամը՝ Սիսակի եղբորորդին, որին գիտնականները նույնացնում են Արարատյան պետության հիմնադիր Արամեի (մ.թ.ա. 860-840) հետ, նվաճեց արևելյան ազգերը և դրանց ղեկավարումը հանձնեց Սիսակյաններին:

Ստ. Օրբելյանը, ըստ Մ. Խորենացու, Սյունյաց իշխանական տոհմաբանությանն ավելացնում է ընդամենը մեկ, բայց խիստ արժեքավոր պարբերություն՝ հավանաբար օգտվելով մեզ անհայտ աղբյուրներից՝ թերևս Սյունյաց իշխանական տան դիվաններից: Սյունյաց պատմիչը գրում է. «Արդ՝ սկսեալ նահապետութիւնս այս ի նախնւոյն Սիսակայ երևելի հարազատութեամբ  պայազատեն զտէրութիւնն որդիք ի հարց երկայն և բազում ժամանակօք: Բազում և մեծամեծ քաջութիւնս ցուցեալ ի պատերազմունս թագավորացն Հայոց. եւ բազում եւ մեծամեծ պարգևօք եւ գահիւք պատուեցան թագաւորացն Պարսից եւ Հայոց նաեւ Յունաց իսկ: Եւ այնքան անուանիք եղեն, մինչ հրամայեցաւ նոցա գահոյս ունել արծաթի, եւ վարսակալ ածել մարգարտեայ եւ մատանի ունել վարազագիր: Նաեւ կօշիկ կարմիր/6/ եւ մական ոսկի՝ ունելով ի վերայ գրեալ զանուն եւ զպատիւ ցեղին: Եւ այսպէս հասեալ մինչեւ ցՎաղարշակ,զոր թագաւորեցոյց Արշակ՝ եղբայր իւր,ի վերայ հայոց ի սկիզբն թագաւորութեան ցեղին Արշակունեայ ի վերայ Հայոց…»:[5]

Հայտնի է, որ Ստ. Օրբելյանի նշած հայոց թագավոր Վաղարշակը, որի մասին հիշատակել է նաև Մ. Խորենացին, հայոց Արշակունյաց հարստության հիմնադիր Տրդատ I (64-88) թագավորն է: Ուրեմն, Ստ. Օրբելյանի ասածը վերաբերում է Սիսակ նահապետից սկսած մինչև մ.թ. դարն ընկած ժամանակաշրջանին: Այսինքն, խոսքը հայոց Արարատյան (մ.թ.ա. 860-590), Երվանդունի (մ.թ.ա. 570-201), Արտաշեսյան (մ.թ.ա.189-մ.թ.1) հարստությունների թագավորների, պարսից Աքեմենյան հարստության (մ.թ.ա. 550-330) թագավորների, ինչպես նաև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների մասին է:

Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնչության հարցի շուրջ Ստ. Օրբելյանի խոսքերը հաստատում են Արտաշես I-ի (մ.թ.ա. 189-160)՝ Սյունիքում գտնված սահմանաքարը և դրա վրայի արամեերեն արձանագրությունը: Արտաշես I-ի՝ բարենորոգումների մասին վկայող սահմանաքարը Գորիսի Եռաբլրի սարահարթում՝ Հարժիս գյուղի հողատարածքում, հայտնաբերվել է 1964 թ.:[6] Այն իր ձևերով համարյա չի տարբերվում Հայաստանի այլ վայրերում գտնված արտաշեսյան մյուս սահմանաքարերից: Հետաքրքիր է, որ սահմանաքարը գտնվել է Գորիսի և Սիսիանի շրջանների ներկա սահմանագծից ոչ հեռու: Դրա ինը տողանոց արամեերեն արձանագրությունը 1965 թ. հրապարակել է Ա. Փերիխանյանը: Առաջին տողը, որտեղ պետք է գրված լիներ գյուղանունը, ջնջված է, միայն մնացել է ոչինչ չհուշող երկու տառ: Արձանագրության մեջ կարդում ենք. «…գյուղը, պատկանում է Արտաշես արքային, Բարուն, Զարեհի որդուն, և Նեկփառին, թագադիր, Աշխարհսատի որդուն»:[7] Նեկփառը և Աշխարհսատը եղել են Արտաշես I-ի անվանի պաշտոնյաները: Ամենայն հավանականությամբ, Նեկփառը եղել է Սյունյաց աշխարհի իշխանը, որին պատկանում էր գյուղը և շրջակա հողատարածքը: Այստեղ խորհելու տեղիք է տալիս թագադիր տիտղոսը: Ուրեմն, Սյունյաց տերը, տվյալ դեպքում Նեկփառի հայր Աշխարհսատը, եղել է Արտաշես I-ի թագադիրը: Հայտնի է, որ Արշակունիների հարստության ժամանակ (64-428) հայոց թագավորների թագադիրներն էին, և ասպետ տիտղոսն էին կրում Բագրատունի իշխանները: Դրանից ելնելով՝ որոշ հեղինակներ գտնում են, որ արձանագրության մեջ հիշատակվող Աշխարհսատի որդի Նեկփառը Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ է:[8]

Անընդունելի է, որ Սյունիքի սրտում գտնվող Եռաբլրի սարահարթի արձանագրության մեջ նշվող գյուղը կարող էր պատկանել Բագրատունիներին: Արտաշես I-ի օրոք Բագրատունի իշխանական տան գոյությունն իսկ կասկածելի է: Ըստ Մ. Խորենացու՝ Բագրատունիներն ունեն հրեական ծագում և թագադիր ասպետի տիտղոս ու իշխանական տուն կոչվելու պատիվը ստացան և հայոց

արևմտյան հողերի կուսակալ նշանակվեցին Վաղարշակ (Տրդատ I) թագավորի օրոք, այսինքն՝ սահմանաքարի տեղադրման ժամանակից շուրջ երկու հարյուր տարի հետո: Մ. Խորենացու համաձայն. «Նախ եւ առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորի եւ իմաստնոյ, որ ի հրէիցն Շամբատայ Բագարատ, տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշականեաց, եւ որ ի նման է մեծ նախարարութիւն ի մէջ աշխարհիս»:[9] Իր տոհմի ծագման հավաստիությանը նախ պետք է հավատար պատմիչի հովանավոր-բարերարը՝ Սահակ Բագրատունի իշխանը: Եթե նա հավատացել է պատմահորը, ապա մենք ևս իրավունք չունենք չվստահելու նրան: Որոշ գիտնականներ Տիգրան Մեծի զորավարներից Բագադատեսին համարում են Բագրատունիների նախահայր: «Այս անունը կրող Տիգրանի ստրատեգը,- գրում է Ն. Ադոնցը,- անկասկած հանդիսանում է Բագ/ա/րատունիների նշանավոր տոհմի նախահայրը»:[10] Ն. Ադոնցը, չընդունելով Բագրատունիների ծագման Մ. Խորենացու վարկածը, հենվում է նրանց՝ Հայկ Նահապետից սերված լինելու մասին Սեբեոսի հաղորդման վրա:[11] Բայց Սեբեոսը Բագրատունիների հայրենակալվածքը համարում է Անգեղ տունը, որը Հայկական լեռնաշխարհի արևմտյան ծայրամասում է: Եթե նույնիսկ ընդունենք, որ Բագրատունիները հայկական ծագում ունեցող հնագույն հայկական իշխանական տուն են, ապա անհնար է կարծել, որ նրանք Սյունիքի կենտրոնում կարող էին ունենալ սեփական գյուղ: Ընդունելով Բագրատունիների ծագման մասին Մ. Խորենացու հաղորդածը՝ հնարավոր է ենթադրել, որ Արտաշեսյան թագավորների թագադիրները եղել են ոչ թե Բագրատունիները, այլ ուրիշ տոհմի ներկայացուցիչներ, և որ շատ հավանական է՝ դրանք եղել են Սյունյաց իշխանները: Այդ են վկայում Արտաշես I-ի վերոհիշյալ սահմանաքարի արձանագրությունը, ինչպես նաև Ստ. Օրբելյանի հաղորդումը: Գորիսի Եռաբլրի սարահարթում գտնված սահմանաքարի արամեերեն արձանագրությունն արտացոլում է ճշգրիտ իրողություն: Սյունիքի կենտրոնում գտնվող գյուղը պատկանում էր Սյունյաց իշխան Նեկփառին, որի հայր Աշխարհսատը եղել է Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես I-ի թագադիրը (գուցե դա ժառանգական պաշտոն չի եղել): Սյունյաց իշխաններն իրավունք էին ստացել ունենալու արծաթե գահույք, կրելու մարգարտե վարսակալ, հագնելու կարմիր կոշիկ և բռնելու տոհմանշանով ոսկե գավազան: Ստ. Օրբելյանը խոսում է նաև այդ գավազանի վրա նշված՝ Սյունյաց իշխանների պատվաստիճանի մասին: Իսկ ինչ պատվաստիճան կարող էր լինել դա, եթե ոչ հայոց թագավորի թագադիր-ասպետությունը: Սյունյաց իշխանները բարձր դիրք էին գրավում նաև Տիգրան Մեծի արքունիքում և օգնում նրան ընդարձակելու իր պետության արևելյան սահմաններն ու այնտեղ հիմնադրելու Տիգրանակերտ անունով քաղաք: Հայոց թագավորների թագադրության պատիվն Արտաշեսյան հարստության անկումից և անիշխանությունից հետո տըրվում է Բագրատունիներին: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր հայ իշխանական տներն էին ոգևորված այն բանից, որ պարթևական թագավոր Վաղարշ I-ը (52-75) Հայաստանի գահին նստեցրեց իր եղբայր Տրդատին (66-88): Տրդատ I-ը Հայաստանում ամուր ու հուսալի հենարան ունենալու, հայ իշխանական հզոր տներին ընդդիմադիր հակակշիռ ստեղծելու նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով Բագրատունիների մատուցած ծառայությունները՝ նրանց իշխանական տուն կոչվելու պատիվ է տալիս և շնորհում արքունիքի ամենապատվավոր տիտղոսը: Դա նշանակում է, որ Սյունյաց իշխանական տունը հարկ եղած Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնչության հարցի շուրջ չափով չի աջակցել Տրդատի գահակալությանը: Այնուհանդերձ, մշտապես հզոր Սյունյաց իշխանական տունը հայոց Արշակունիների արքունիքում ևս շարունակում էր մնալ նախարարական սանդղակի ամենավերին ու ամենապատվավոր աստիճանների վրա:

Ամփոփենք. Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի մի ընդարձակ հատվածը, որտեղ հետագայում ձևավորվեց Սյունյաց նախարարական տունը, սկզբից ևեթ շարունակական սերտ կապի մեջ է եղել լեռնաշխարհում ծավալվող գործընթացների հետ: Սյունիքի մի քանի հազար տարվա հնություն ունեցող Սյունիքի ժայռապատկերները (Ուղտասար, Ջերմաջուր) և հնագույն աստղադիտարան Զորաց քարեր-Քարահունջը դրա վառ վկայությունն են: Սիսիանում հայտնաբերված գանձերը (1945 թ.՝ Սառնակունք, 1970 թ.՝ Սիսիան), դրանցում մեծաքանակ մետաղադրամների (նաև հայկական) առկայությունը փաստում է, որ Սյունիքն առևտրատնտեսական աշխույժ հարաբերությունների մեջ է եղել ինչպես լեռնաշխարհի կենտրոնական նահանգների, այնպես էլ հարևան երկրների հետ:

[1] Ըստ արձանագրությունների՝ Սյունիքը Վանի կամ Արարատյան թագավորության կազմի մեջ մտել էր դեռևս Սարդուր II թագավորի (մ.թ.ա. 764-735) օրոք:Այն նշվում է որպես Սևանա լճից հարավ-արևելք ընկած երկրների ընդհանրական անուն:Սյունիքի համար պատերազմել է նաև Ռուսա I-ը (մ.թ.ա. 735-714): Հ. Կարագյոզյանի կարծիքով, Ռուսա I-ի Սևանի լճափին (Ծովինար) թողած արձանագրության մեջ նշվող Գուրիայա երկիրը Գորիսն է (Կարագյոզյան Հ., Արևելյան Հայաստանի ուրարտական տեղանունները (ՀՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 1978, N 10, էջ 64-66):

[2] Գայսերյան Վ., Արգիշթե II-ի Սիսիանի արձանագրությունը (նույն տեղում, 1985, N 6, էջ 78):

[3] Карагезян О., Проблема этногенеза и самоназвания армянского народа по клинописным источникам (նույն տեղում, 1988, N 7, էջ 64):

[4] Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը և ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները Ա. Սարգսյանի, Ե., 1991, էջ 41:

[5] Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, աշխ. Կարապետ Վարդապետ Շահնազարեանցի, հ. Ա, Փարիզ, 1859, էջ 53-54:

[6] Սահմանաքարը գտել է Տաթևհէկի շինարարության աշխատակից Արշակ Հովհաննիսյանը Գորիս-Սիսիան տանող ճանապարհի մոտ՝ Իշխանասարի ստորոտում: Այն Երեվան են տեղափոխել Գր.Գրիգորյանը և Գ. Տիրացյանը: Պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:

[7] Периханян А., Арамейская надпись Зангезура (Некоторые вопросы среднеиранской диалектологии) (Պատմա-բանասիրական հանդես, 1965, N 4, էջ 108):

[8] Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, էջ 681:

[9] Մովսես Խորենացի, էջ 104-105:

[10] Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում.Քաղաքական կացությունը ըստ

նախարարական կարգերի, Ե., 1987, էջ 458:

[11] Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրութեամբ` Գ. Վ. Աբգարյանի, Ե., 1979, էջ 51:

Ս. Հախվերդյան

About The Author

Related posts

Leave a Reply