Մայիսի 22, 2018

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն. տարեգրություն

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն. տարեգրություն

 Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1935 թ. նույն ժամանակահատվածում գործող թատերական խմբերի հիման վրա և նույն թվականին էլ Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» ներկայացումով առաջին անգամ բարձրացրել վարագույրը: Դերասաններ Վանյա Բալայանը, Անիկ Հարությունյանը, Բագրատ Կիրակոսյանը, Արուսյակ Մարտիրոսյանը, Մխիթար Դավթյանը, Խորեն Սարգսյանը, Ռուբեն Սարգսյանը, Համեստ Ստեփանյանը և նկարիչ Արտյուշա Վանյանը ռեժիսոր Սուրեն Միրզոյանի գլխավորությամբ եղան և թատրոնի պատմության մեջ մնացին որպես նահապետներ:

   Իրար հաջորդեցին «Պատվի համար», «Նամուս», ներկայացումները: Հայրենական մեծ պատերազմի տարիներին բեմադրվեցին «Ռուզան», «Վագիֆ», «Զոյա» հայրենասիրություն քարոզող և ոգեշնչող թեմաներով ներկայացումները:

  Պատերազմի ավարտից հետո բեմադրվեցին Շոլոխովի «Երիտասարդ գվարդիա», Շեքսպիրի «Օթելլո», ապա «Պլատոն Կրետչետ», «Ուրիշի երեխան», «Պեպո», «Խաթաբալա» ներկայացումները:

 1951 թ Հենրիկ Մալյանը Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» ներկայացումով իրականացրեց իր ռեժիսորական դիպլոմային աշխատանքը: 1951 թվականին էլ թատրոնը ՀԽՍՀ նախարարների խորհրդի որոշումով լուծարվեց, և թատրոնի դերասանների մի մասը տեղափեխվեց Գորիսի թատրոն:

 1958 թվականին Ղափանի թատրոնը կրկին վերաբացվեց, կոչվեց Զանգեզուրի պետական միջշրջանային թատրոն: Այն նոր շունչ ու ոգի առավ, երբ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մի խումբ շրջանավարտներ /Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Արծրուն Մանուկյան, Գուժ Մանուկյան, Ռաֆայել Քոթանջյան, Ալիկ Քոչարյան և այլք/ եկան Ղափան` լրացնելու տնօրեն Ալեքսեյ Հովհաննիսյանի և գլխավոր ռեժիսոր Առնոլդ Մարտիրոսյանի և ռեժիսոր Լևոն Մարտիրոսյանի ղեկավարած ստեղծագործական կոլեկտիվը: Նրանցից շատերը հետագայում դարձան ճանաչված դերասաններ: Նրանք թատրոնի հիմնական կազմի` հանրապետության վաստակավոր արտիստուհի Արաքսյա Գասպարյանի, Վանյա Բալայանի, Անիկ Հարությունյանի, Անիկ Տոնոյանի, Ռուբեն Սարգսյանի հետ կարողացան ստեղծել մի կուռ, ուժեղ կոլեկտիվ: Ապա թատրոն եկան Ջուլետ Կոժոյանը, Բորիս Հովհաննիսյանը, Գորիսի թատրոնից Ղափան վերադարձան Արուսյակ Մարտիրոսյանը, Միլիտոս Ղազարյանը, Ժակ Ենգիբարյանը: Իրենց բեղմնավոր ստեղծագործական աշխատանքի համար 1977թ. վաստակավոր արտիստի կոչմանն արժանացան թատրոնի դերասաններ Միլիտոս Ղազարյանը, Անիկ Հարությունյանը, Ժակ Ենգիբարյանը, 1981 թ. Արուսյակ Մարտիրոսյանը: Իսկ 1986 թ. վաստակավոր արտիստ Միլիտոս Ղազարյանը արժանացավ ժողովրդական արտիստի կոչման:

   Այդ ժամանակներից սկսած թատրոնը տարեցտարի հարստացնում էր իր խաղացանկը նոր ու փայլուն ներկայացումներով` «Նույն հարկի տակ», «Արամբի», «Քո ժպիտը միլիոն արժե», «Եզոպոս», «Սոս և Վարդիթեր», «Սեր և խարդավանք», «Մորգանի խնամին», «Պատվի համար», «Բոռ», «Երկու տիրոջ ծառա», «Մխիթար Սպարապետ», «Քանդած օջախ», «Վարազդատ», «Դպրոցական կատակերգություն», «Ռուզան», «Պաղտասար աղբար», «Կապկազ-թամաշա», «Բախտավոր մարդիկ», «Ախ, ներվեր, ներվեր», «Խելագարի հիշատակարանը», «Միրհավ», «Դռնփակ», «Քաջ Նազար», «Գնա մեռի, արի սիրեմ», «Տաքսի, տաքսի», «Երազանքների տունը» և այլն:

  Թատրոնի խմբի հետ տարբեր տարիներ հյուրախաղերով հանդես են եկել մեծն Վահրամ Փափազյանը /«Օթելլո»/, Հրաչյա Ներսիսյանը /«Նամուս»/, Ավետ Ավետիսյանը /«Պատվի համար»/, 1963 թ թատրոնի կոլեկտիվի հետ «Ժայռը» ներկայացումով հանդես եկավ Գուրգեն Ջանիբեկյանը, 1983թ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ Պաղդասարի դերով հանդես եկավ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը, 1986 թ. Ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի» ներկայացման մեջ՝ վաստակավոր արտիստ Արմեն Խոստիկյանը:

 1969 թ. Հ. Թումանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնին թատրոնի «Քեֆ անողին քեֆ չի պակսի» ներկայացումը արժանացավ փառատոնի երրորդ մրցանակին:

   1984 թվականին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Հակոբ Ղազանչյանը և ստեղծագործական կյանքը թևակոխեց նոր զարթոնքի ժամանակաշրջան:

 Ե. Չարենցի «Կապկազ-Թամաշա» ներկայացումը 1986 թ. արժանացավ Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության Երիտասարդական Միության /ՀԼԿԵՄ/ մրցանակին: Դերասաններ Արտաշես Ոսկանյանը, Հրաչյա Գաբրիելյանը, Արտավազդ Գրիգորյանը, Կամո Արզումանյանը և ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը ստացան դափնեկրի կոչումներ: Այս ներկայացումը խաղացվեց նաև Մոսկվայում` Վ. Մայակովսկու անվան թատրոնում:

  Մոսկվան ծանրակշիռ արձագանքեց գավառական թատրոնին. «Советская культура» թերթում թատերագետը գրեց. «Մենք տեսանք թատրոն արժանի Մոսկովյան բեմին»:

   Թատրոնի պատմության մեջ իրենց լուսավոր հետքն են թողել ռեժիսորներ Սուրեն Միրզոյանը, Լևոն Մարտիրոսյանը, Երվանդ Ղազանչյանը, Զեբիկ Զախարյանը, Գևորգ Գևորգյանը, Նոդիա Բաղդասարյանը, Սամվել Գայամյանը, Հակոբ Ղազանչյանը:

   Թատրոնի կենսագրության մեջ իր ուրույն տեղն ունի Ղազանչյան գերդաստանը. այստեղ աշխատել են Երվանդ Ղազանչյանը, կինը՝ ՀՀ ժող. արտիստուհի Գալյա Նովենցը, ապա ավանդույթը շարունակել են նրանց որդիները՝ Հայաստանի թատերական գործիչների Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը ժամանակին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը և վաղամեռիկ Ստեփան Ղազանչյանը:

 Փլուզվեց հին համակարգը: Ազգային զարթոնք: Պատմությունը նոր էջ գրեց, և այս նոր էջում գրվեցին նոր անուններ:

 1990-ական թվականներից հետո սկսված շուկայական հարաբերությունների, ապա  մեզ  պարտադրված  պատերազմի  պայմաններում անգամ թատրոնը կարողացավ դիմակայել իրեն հասած փորձություններին:

   1991 թվականին թատրոնի տնօրեն նշանակվեց առաջատար դերասան Կամո Արզումանյանը, ով ամուր բռնելով ընթացքի ղեկը, լծվեց գոյատևման, ազգի ինքնահաստատման համար մղվող պայքարի գործին: Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը ելույթներով հանդես եկավ զորամասերում, խրամատներում, առաջավոր գծում, ստեղծեց իր պաշտպանության ջոկատը, մասնակցեց մարտերին, զոհեր տվեց, բայց ապրեց և ապրեցրեց, շունչ ու ոգի տվեց ժողովրդին: Այդպիսով նա կարողացավ հաստատուն քայլերով կոլեկտիվին քառորդդարյա վայրիվերումների ճանապարհով դուրս բերել հաղթանակի բեմահարթակ:

   Պատերազմի և հետպատերազմյան տարիներին սահմանամերձ գոտին գրավիչ չէր մայրաքաղաքի ստեղծագործողների համար և ռեժիսորական աշխատանքը վստահվեց հայրենակցին՝ թատրոնի առաջատար դերասան Վազգեն Սարգսյանին:

  Պատերազմի ավարտից հետո թատրոնը կրկին լծվեց իր խաղաղ, ստեղծագործ աշխատանքին: Աշխատելով օտար հարկերի տակ, ստեղծեց ներկայացումներ, որոնք սիրով ընդունվեցին հանդիսատեսի կողմից, մասնակցեց փառատոների, արժանացավ մրցանակների:

  Բեմադրվեցին Պ. Սևակի «Եռաձայն պատարագ», Ա. Բակունցի «Միրհավ», Ս Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ»,Կ. Եղիազարյանի «Նժդեհ», Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Ժ. Հարությունյանի «Բախտավոր մարդիկ», Ժան Պոլ-Սարտրի «Երեքը դժոխքում», Ա. Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ», Մաշադուի «Բրազիլիայի գանձը» և այլ ներկայացումներ:

   Երկար տարիների բեղմնավոր աշխատանքի համար թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը և ռեժիսոր Վազգեն Սարգսյանը արժանացան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման, Կամո Արզումանյանը և դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ Վազգեն Սարգսյանը Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակի և Հանրապետության Մշակույթի նախարարության «Ոսկե Մեդալ»-ին, Արտավազդ Գրիգորյանը՝ Թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ»-ին:

  Թատրոնը մշտապես մասնակցում է հանրապետությունում կազմակերպվող թատերական փառատոներին և արժանանում պատվոգրերի և շնորհակալագրերի:   Կապանի թատրոնն իր գոյության ընթացքում երբեք իր սեփական շենքը չի ունեցել և 2005 թ. ստացավ իր հիմնական շենքը՝ քաղաքի նախկին «Սյունիք» կինոթատրոնի շենքը, որը հիմնովին վերանորոգվելուց հետո՝ 2009 թ., իր դռները բացեց հանդիսատեսի առջև և արդեն իր սեփական տանը շարունակում է բուռն ստեղծագործական աշխատանքը:   

  Շենքի վերակառուցումից և վերանորոգումից հետո նորաբաց բեմը Կապանցի հանդիսատեսին մասնակից դարձրեց նախադեպը չունեցող իրադարձության: Հայաստանի Թատերական Գործիչների Միության նախագահ Հակոբ Ղազանչյանի անմիջական նախաձեռնությամբ «Արմմոնո» միջազգային փառատոնը կազմակերպվեց Կապանում, որին մասնակցում էին աշխարհի մեկ տասնյակից ավելի թատրոններ:

  Այսօր էլ թատրոնը շարունակում է ծաղկել և գրանցել նորանոր հաջողություններ ոչ միայն իր տարեգրքում, այլ նաև այն քաղաքի, որի քաղաքակրթմանը կոչված է ծառայելու ինքը: Արդեն 25 տարի է՝ թատրոնը ղեկավարում է թատրոնի նվիրյալ, անխոնջ մշակ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Կամո Հարությունի Արզումանյանը: Նրան բաժին ընկավ թատրոնի պատմության վատագույն շրջանը՝ պատերազմ, անտուն, անօթևան դեգերումներ, սոցիալական դժվարագույն շրջան: Բայց տնօրենի համառ ջանքերի շնորհիվ թատրոնը հաղթահարեց փորձություններն ու ամուր կանգնած ոտքերի վրա ընթանում է առաջ: Հանրապետական փառատոնների մրցանակների և բազմաթիվ պարգևների է արժանանում Շիրվանզադեի թատրոնը, ստեղծում մնայուն գեղագիտական արժեքներ՝ հարստացնելով Սյունիքի արվեստը:

 

  • Kapani-tarton2
  • Kapani-tarton1
  • Kapani-tarton

 Թատրոնի նորագույն շրջանի ձեռքբերումները բազմաթիվ են և անկարելի է տեղավորել մեկ հոդվածում: Բարեգործական ներկայացումներ զորամասերում, ներկայացումներ սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում, Արցախում, Երևանում: Թատրոնում գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի Կապանի կուրսը, կուրսի ղեկավար՝ պրոֆեսոր, Ժող. արտիստ Հրաչյա Գասպարյան: Միայն նախորդ թատերաշրջանի ընթացքում ծնվեցին 4 ներկայացում՝ դասական դրամա՝ Ալ. Շիրվանզադե — «Եվգինե», երիտասարդական կոմեդիա՝ Գուրգեն Միքայելյան — «Ամերիկյան խառնաշփոթ», Սամվել Խալաթյան — «Փակուղուց այն կողմ», մանկական ներկայացում Գևորգ Սարգսյան — «Քարանձավի գաղտնիքը»: Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի առթիվ բեմադրվել է Լ. Մութաֆյանի «Սրճարան Հիշողություն» մեծածավալ ներկայացումը, որը ՀՀ Մշակույթի նախարարի անմիջական աջակցությամբ ներկայացվեց նաև երևանյան հանդիսատեսին՝ արժանանալով մայրաքաղաքի դժվարահաճ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

  Հուլիս ամսին գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի նախաձեռնությամբ և ԼՂՀ պաշտպանության նախարար Հ. Մնացականյանի թույլտվությամբ Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը «Նժդեհ» ներկայացումով բարեգործական հյուրախաղերով հանդես եկավ Լեռնային Ղարաբաղում՝ պաշտպանության բանակի զորամասերի զինվորների համար և Հ. Թումանյանի «Հեքիաթներ»-ով նույն բանակի սպայակազմի ընտանիքների համար: Այդ հյուրախաղերը դրվատվեցին զորամասերի հրամանատարության կողմից՝ պատվոգրերով և շնորհակալագրերով, իսկ ԼՂՀ պաշտպանության նախարարի կողմից բարձր գնահատականի արժանացավ:

  Թատրոնը հոկտեմբեր ամսին մեծ շուքով նշել է իր 80-ամյա հոբելյանը, որին մասնակցել են հանրապետության թատերարվեստի նշանավոր գործիչներ՝ Երվանդ և Հակոբ Ղազանչյանները, պրոֆեսոր, ՀՀ ժող արտիստ Հրաչյա Գասպարյանը, արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Էլբակյանը, Ռուբեն Բաբայանը և այլք: ՀՀ Մշակույթի նախարարի կողմից «Ոսկե մեդալ»-ի արժանացան թատրոնի առաջատար դերասաններ Նատալյա Բաղդասարյանը և Արտավազդ Գրիգորյանը: ՀՀ ՊՆ նախարարի կողմից «Գարեգին Նժդեհ» մեդալի արժանացավ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը: Թատրոնի աշխատակիցները արժանացան բազմաթիվ պատվոգրերի և հուշամեդալների:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

About The Author

Related posts

Leave a Reply