Դեկտեմբերի 13, 2019

Ես չեմ արտասվում, որովհետև Վարդանի մայրն եմ

Շուշիի ազատագրման 27 ամյակի առթիվ կայացած տոնական միջոցառումների շրջանակում մայիսի 10-ին Շուշիում կայացավ ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացումը և օծումը: Իրականացավ հերոսի երազանքներից ևս մեկը՝ Շուշիում տուն ունենալը: Բերդաքաղաքի Կանաչ ժամ եկեղեցու հարևանությամբ գտնվող բազմահարկ բնակելի շենքում՝ առաջին հարկում, Արցախի Նախագահի կողմից Վարդանի մորը հատկացվել է երկսենյականոց բնակարան, որն էլ վերածվել է հերոսի տուն-թանգարանի: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու(ՀԱԵ) Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, հոգևորականներ, հերոսի ընտանիքի անդամները՝ Զարուհի մայրը, քույրը, եղբայրը, հարազատներ, ուսանողական ու մարտական ընկերները, ինչպես նաև՝ Արցախի Հանրապետության կառավարության անդամներ, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, զինվորներ՝ ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ, մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, այլ պաշտոնատար անձինք, շուշեցիներ, հյուրեր: Հերոսի մասին հուշեր պատմեցին նրա մարտական ընկերները՝ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը(Ագո): Ա. Ղարամյանը, ներկաներին շնորհավորելով տուն-թանգարանի բացման առթիվ, ասաց. –Մենք երբ միասին ենք, հայ ժողովրդի համար չկա ոչ մի արգելք: Այսօր իրականացավ Վարդանի 27 տարվա երազանքը՝ Շուշիում ունեցավ տուն, որը, ցավոք, դարձավ թանգարան: Շուշիում, որի ազատագրման գործում ակնառու է նրա ներդրումը: -Այնուհետև Ա. Ղարամյանը պատմեց, ինչպես 1992թ. մայիսի 11-ին Դուշմանի խումբը Էջմիածինի ջոկատի հետ շարժվեց Շուշիից հարավ գտնվող Զարիսլու գյուղի ուղղությամբ՝ պաշտպանելու դեպի Լաչին ու Գորիս տանող կարևոր նշանակության ավտոճանապարհը։ Բախվելով Դուշմանի գլխավորած ուժերի հետ՝ ադրբեջանցիները կատաղի մարտերից հետո դիմում են փախուստի՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ ռազմավար՝ այդ թվում «T-72» տանկեր, ինչպես նաև կրելով զգալի մարդկային կորուստներ։ Արկադի Կարապետյանը տեղեկացրեց, որ Վարդանի հետ ծանոթացել է Արցախյան շարժման սկզբում:

  • 60352410_692846994481463_453357304448811008_n
  • 60345864_2307029922848113_2841163283401015296_n
  • 60334427_2386681354895206_3740078369128054784_n
  • 60014867_1028382250694326_5072071916597018624_n
  • 60156940_401395567080394_3275917366503931904_n
  • 59943080_406690756579281_988869542199427072_n

Տեղեկություններ տվեց Վարդանի մարտական գործողությունների մասին: Կարևորեց նաև Դուշմանի դերը Հայոց բանակի կազմավորման գործում՝ նշելով՝ Լեոնիդ Ազգալդյանն ու Վարդանը նորակոչիկների հետ էին աշխատում: Շատ բարդ էր Արցախ մեկնող նորակոչիկների գործը։ Վարդանը ոգեշնչում էր պատանի զինվորներին, սպաներին։ Վարդանի քույրը՝ Արմինեն, շնորհակալություն հայտնելով, որ կայացավ եղբոր երազանքը, ասաց. -Վստահ եմ, եղբայրս այժմ այստեղ է, ներկա է այս արարողությանը: Ես նրա ներկայությունը միշտ եմ զգում: Շատ երազանքներ ուներ Վարդանը, որոնց մեծ մասն իրականացել է: Առավել հուզիչ, միաժամանակ ոգևորիչ էր Զարուհի մայրիկի խոսքը: -Հաղթական ողջույն բոլորիս, բոլորդ իմ զավակներն եք: Ուսանող որդիս 88-ին դարձավ Արցախյան շարժման առաջամարտիկներից և ազատագրական բանակի զինվոր ու հրամանատար: Մեր ընտանիքով դարձանք նրա զինվորը՝ սատարելով բազում հարցերում: Երազանքն էր՝ տեսնել ազատագրված Շուշին ու տեսավ, բայց հետո իր արյամբ սնեց Արցախի հողը: -Գնալու եմ Եռաբլուր և նրան ասելու եմ՝ այսօր իր ազատագրած հողում նոր հերոսներ են ծնվում, շենանում է Արցախ աշխարհը: ՀԱԵ Արցախի թեմակալ Պարգև Սրբազանըը տեղեկացրեց՝ ի հիշատակ բոլոր նահատակ զինվորների հոգիների և ի զորություն ողջերի՝ Սուրբ Պատարագի արարողություն են մատուցել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրիկիչ եկեղեցում: -Այստեղ ենք՝ բացելու հերոսի տուն-թանգարանը. ծանոթ էի Վարդանի հետ, զրուցել ենք: Նա կդառնար քաղաքական և ազգային գործիչ, եթե ողջ մնար: Վարդանը երկար կապրի մեր ազատագրական պատերազմի տարեգրության մեջ: Հիշատակը արդարների թող օրհնյալ լինի: Արարողության ընթացքում եղան նաև երաժշտական կատարումներ: Հանդես եկան ԱՀ ՊՆ «Ասպետ» համույթի երգիչները, Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ՝ «Կարին» պարի համույթը, որի կազմում է Վարդանի եղբոր որդի՝ Վարդան Ստեփանյանը: «Ապրիլ-2016» հեղինակային երգը զինվորների հետ կատարեց Զեփյուռ Սադարյանը: Այնուհետև Վ. Ստեփանյանի տուն-թանգարանի մուտքի կարմիր ժապավենը կտրեցին հերոսի մայրը և ԱՀ Պաշտպանության նախարարը: Թանգարանում Վարդանի անձնական իրերն են, լուսանկարներ, գրքեր: Հոգևորականներն օրհնեցին և օծեցին արդեն սրբավայր դարձած տունը, որտեղ մշտապես ներկա է լինելու Վարդանի հոգին: Արարողության ընթացքում տեղեկացվեց նաև, որ այս օրերին մասնակի իրողություն է դարձել 27-ամյա ևս մեկ երազանք, որ ուներ Վարդանը՝ եղրևանու պուրակներ տեսնել Ստեփանակերտ-Շուշի ավտոմայրուղու երկանքով: Այս հարցերում ունեցած ներդրումների համար Արշավիր Ղարամյանն իր ֆեսբուքյան էջում գրել է. «Հարգարժան Արմինե Պետրոսյան, Սոֆյա Հովսեփյան, Զաքար Խոջաբաղյան և Վլադիմիր Գրիգորյան, իմ անթաքույց և մարդկային շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և բոլոր այն նվիրյալ մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ մեկ ամսվա ընթացքում կյանքի կոչվեցին Արցախյան ազատամարտի հերոս, լեգենդար ազատամարտիկ Վարդան Ստեփանյանի 27-ամյա վաղեմությամբ երկու երազանքները»: Շուշիում Դուշման Վարդանի անունով փողոց կա: Խ. Աբովյանի անվ. միջն. դպրոցում դասարան է անվանակոչված ի հիշատակ հերոսի:

Զոհրաբ Ըռքոյան

About The Author

Related posts

Leave a Reply