Սեպտեմբերի 21, 2018

Արցախ-Սյունիք տարածաշրջանի համանուն բնակավայրերի առնչությունները

Արցախ-Սյունիք տարածաշրջանի համանուն բնակավայրերի առնչությունները

Լուսինե Մարգարյան

Արցախի  Հանրապետություն

Արցախի  պետական համալսարան

    Համահայկական իրականությունում   Արցախն ու  Սյունիքը, ունենալով  տարածքային մերձակցություն և տարբեր  ժամանակահատվածներում կազմելով  քաղաքական ու տնտեսական միասնական միավոր, հատկանշվում են  թե՛  պատմահասարակական համանման  իրողությունների  դրսևորումներով, թե՛ մշակութային ու լեզվական  ընդհանրություններով:    Այդ համընդհանրությունն արտահայտվել   է նաև  բնականվանացանկերում. Արցախում ու Սյունիքում տարբեր  ժամանակաշրջաններում և՛ բնակավայրեր, և՛ գավառներ  կոչվել են միևնույն  անվանումներով: Պատմական տարբեր  շրջաններում  համանուն բնականունների թիվը  տարբեր  է  եղել:

Հատկանշելի է, որ  իբրև  լեզվական իրողություն` համանունությունը նույնարժեք չէ բառագիտական-իմաստաբանական  և    տեղանվանական   համակարգերում:    Տեղանվան   համանունությունն   արտահայտվում է     բառական  նույնանշությամբ ու  նույն հնչույթակազմով    տարբեր  հասցեների  նշումով: Եթե  նույն երկրամասի տեղանվանական համակարգում  համանունության առաջացման հիմնական պատճառը պատմական պայմանների  նույնականությունն է, բնաշխարհի   ընդհանրական-նկարագրական  հիմքի  վրա կառուցված պատահական զուգադիպությունը կամ դիպվածային  անվանակոչությունը,    ապա  հարակից  երկրամասերի  տեղանվանական համակարգում առկա  նույնանունության  պատճառը  կարող  է լինել և՛ պատմաաշխարահագրական իրողությունների  նույնականությունը,   բնաշխարհի   ընդհանրական-նկարագրական  բնութագիրը,     և՛ բնակչության տեղափոխությունը,  վերաբնակեցումը:

Ըստ  այդմ՝   Արցախ-Սյունիք տարածաշրջանի  համանուն  բնականունների  պատմական ու  լեզվական հիմքերը  քննելով՝  կարելի է  առանձնացնել.

1.նույնանուն բնականուններ, որոնց  առաջացման  հիմքը  պատմաաշխարհագրական նույնական իրողություններն են.

2. նույնանուն բնականուններ, որոնց առաջացումը պայմանավորված է  վերաբնակեցման  փաստով  կամ գաղթով:

Արցախի և  Սյունիքի  ներկայիս  բնականվանացանկերում    6  համանուն   բնականուն   կա, որոնք  են՝ Առաջաձոր, Դաստակերտ, Դիցմայրի,  Խնածախ, Նորաշենիկ, Քարահունջ:  Համանուն այդ  բնականունների  առաջացման հիմքում  վերոնշյալ   երկու հիմնական  գործոններն են  առկա:

Պատմաաշխարհագրական  իրողությունների   նույնականության  հավաստում է   Հաբանդ-Մյուս  Հաբանդ    գավառանունների երբեմնի  համագոյակցությունը:     Անդրադառնալով  Հաբանդ-ին՝  նշելի է, որ Հաբանդ  գավառանունն օգտագործվել է  տարբեր  տառադարձություններով՝ Հաբանդ, Աբանդ, Աբանտ, Բարբանդ, Խաբանդ, Համբանդ, Խաբանստան, Համբադ, Հանպատ,  Հարբանդ[1]:  Ալիշանը  նշում է, որ ճիշտ  անվանաձևն է՝  Հաբանդը ուղղագոյնն է  Հաբանդ…, յոր  անուն կայ  գաւառ  մի  Արցախոյ՝  միւս  Հաբանդ  կոչեցեալ…  յորմէ  երևի  ի հնումն  սահմանակից  լինել  երկոցուն»[2]Անվան ծագումն ու իմաստը Հյուբշմանը  մթին է  համարում[3]: Ու  նաև Հաբանդը համեմատելով  Վանանդ, Մարանդ  տեղանունների  հետ` կասկածով առանձնացնում է  -անդ  մասնիկը[4]:

Գիտական հրապարակումներում Հաբանդ-ի  ստուգաբանությունները  տարբեր  են:  Ամենատարածված  մեկնությունը  բառի պարսկական  ծագմամբ  է տրվում:   Բառի արմատը  բանդն է  համարվում, որը, ըստ  Աճառյանի, նշանակում է  լեռների  մեջ կիրճ, կապան: Թ. Հակոբյանն  էլ  գավառանունը   մեկնում է Աբանդ-Հաբանդ՝  ահա  բանտը  նշանակությամբ, նշելով,   որ  աղբյուրը  պարսկերեն   բանդ-ն է[5]:

Ըստ  Գր. Ղափանցյանի` հունաբանության հնարավոր ազդեցության վկայություն է անդայ/անդա տեղանվանակերտ ցուցիչը: Արցախի Հաբանդ, Վարանդա գավառանուններում, Գ. Ղափանցյանի դիտարկմամբ,  -anda տեղանվանակազմական մասնիկի առկայությունը Հայոց, Վրաց աշխարհներում է նկատելի, և հին սեպագրական փաստերը այդ ածանցով տեղանուններ չեն վկայում Հայոց աշխարհի տարածքում: Դրանք առկայանում են արդեն ավելի ուշ և հիմնականում այն ժամանակաշրջանում, երբ

նկատելի էր հունականության ազդեցությունը[6]:

Սերգեյ  Հախվերդյանը  հավանական չի համարում  բառի  պարսկերենից  առաջացումը,  քանի որ  գավառանունը  հին է,  և  անհավանական է  նրա վրա  պարսկերենի  ազդեցությունը: Գավառն այդ  անվամբ   նշել էր  Բուզանդը,  և  որևէ  փաստարկ չկա, որ  Բուզանդից  առաջ էլ այդպես  չի կոչվել:   Իսկ  դա  նշանակում է, որ գավառանվան տարիքը  հին դարերի  խորքում է: Ու  նաև նշում է, որ  նմանապես  մերժելի  է    հունական  ազդեցությունը[7]:

Սերգեյ  Ումառյանն էլ բառը  ստուգաբանում է` 3  բաղադրիչների  տրոհելով` Հա-բան-դ-:  Նա նշում է , որ  այն  ունի  խեթական հիմք՝ հա, որը  հետո  հնչել է  ուրարտերեն  տառադարձությամբ՝  հալու, ապա հաղ-հաղորդություն, բան-ը  հնչյունափոխված  վանն  է, որ նշանակում է  սրբատեղ, զոհասեղան: Իսկ  դ-ն  փոքրասիական տեղանվան   հոգնակին է: Ըստ  Ումառյանի՝  Հաբանդը զոհարան է, ծիսարան[8]:

Բանահավաք  Լևոն Հարությունյանն էլ նշում է, որ  Հաբանդ-ը  կազմված է  հայ  և բանդ  բաղադրիչներից: Բանդ-ը  Արցախում նշանակում է դուռ, ճանապարհ, կապ:  Այսինքն` հայի դուռ[9]:

 Հաբանդ տեղանվան էթնիկական ծագման  համոզումն ունի  Ա. Ղարագյոզյանը:  Այդ  անվանումը  Ղարագյոզյանը  կապում է  Բալկաններից  թրակիացիների  և հեռավոր  էվբեա /Աբանտիդա/   կղզուց  Էվբեացիների/աբանտցիների/    Հայաստան  տեղաշարժման հետ[10]:  Այս  տեսակետը  շրջանառել  է  նաև  Բ. Հարությունյանը[11]:

Սերգեյ  Հախվերդյանը  բառը  ստուգաբանում  է  ոչ  թե  Հա-բանդ, այլ  Հաբ-անդ  երկատման ձևով: Այս  դեպքում բառի  երկրորդ  մասը    հին հայերենով  հեշտ  բացատրելի է: Նա  նշում է, որ  անդ վերջածանցով  տեղանունները   հայոց  աշխարհում    տարածված  են  Մարանդ,  Բագրևանդ, Վանանդ, Զարևանդ: Անդ`  նշանակում է այնտեղ: Անդ-ը  հանդ, դաշտ, հովիտ նշանակությամբ է  մեկնաբանում Ա. Գայսերյանը[12]: Նա  Վանանդ  տեղանունը  ստուգաբանելիս  նշում է, որ  Վան  տեղանվանը հետագայում ավելացել է  —անդ բաղադրիչը և   Վանանդնշանակել է Վանի դաշտ, Վանի հովիտ:   Ու նաև  հավելում է, որ նման կազմությամբ տեղանուններ  Հայաստանում  բավականին շատ են, ինչպես` Մարանդ, Հաբանդ, Զարևանդ   և այլն:

Սերգեյ  Հախվերդյանը  Հաբ-ի  ծագումը   կապում է քաշերի` Հարբ  աստվածության  անվան հետ: Պատմագիտությունն ապացուցել է, որ հայ  էթնոսի  ձևավորման   գործընթացում որոշակի  դեր են խաղացել   քաշերը  և  բաղերը  կամ բալերը: Սյունիքում այս  ցեղերը բնակություն են հաստատել,  և կան  այդ  վկայագիր  տեղանունները՝ Քաշաթաղ, Քաշունիք, Բաղաբերդ, Բաղաց  քար: Քաշերն ունեին  Հարբ  անունով  աստվածություն: Այդ  անունն ավելի  ուշ  հայերենում  կարող  էր  հնչել  Հաբա:  Ահա  այդպես  կարող էր  ծագել  Հարբա-Հաբա-Հաբանդը՝  ցույց  տալով  այդ  Աստծո  պաշտամունքի  վայրը[13]:

   Մյուս  Հաբանդը Արցախի  կենտրոնական գավառներից  էր: Աշխարհացույցում  այն նշված է  որպես  Արցախ  աշխարհի  առաջին գավառ[14]Մյուս  Հաբանդը  գրավում էր հետագա  Դիզակի  և  Վարանդայի   շրջանների տարածքը` շուրջ  2550 կմտարածությամբ: Մ. Բարխուդարյանը  նշում է, որ գավառն ընկած էր Ղուրուչայի  ձախ  և Գարգար/Կարկառ/ գետակի  աջ  ափերի, Դիզափայտ  և  Քիրս  լեռնաշղթայի  գագաթնագծի  ու  դաշտաբերանի մեջ[15]: Այն  սահմանակից  էր  Սյունիքի  Հաբանդ    գավառին:  Գավառի  մասին առաջին անգամ հիշատակում են Բուզանդն[16]  ու Խորենացին: Խորենացին Արցախի Հաբանդ գաւառը Միւս Հաբանդ է  անվանում Սիւնեաց նույնանուն  գաւառից  զանազանելու   համար: Ալիշանն էլ  նույնն  է նշում` Մյուս Հաբանդայսինքն՝ տարբեր Սյունիքում գտնվածից. սկսվում է նրա ելքից եւ տարածվում է Մեծիրանքի հարավում[17]:

571թ., երբ  ամբողջ  Արցախը  միացվեց  Սյունիքին  և  Մյուս  Հաբանդը դարձավ  Սյունյաց  նախարարության կենտրոն, այս  գավառը  կոչվում էր  Սիսականի Ոստան  կամ Սիսականի Կոտակ: Իսկ  Սիսականի  Կոտակը  համանիշ է Փոքր  Սյունիք  անվանը: Ասկէ կը հետեւի, որ Արցախի Հաբանդ գաւառը, զոր Խոր. աշխարհագրութիւնը միւս Հաբանդ կանուանէ Սիւնեաց Հաբանդ գաւառէն զանազանելով, Մովսէսէն և անկէ  քաղող մատենագիրներէն  Փոքր Սիւնիք  անուանուած է, -նշում է  Հյուբշմանը[18]:

Ավելի ուշ  Մյուս  Հաբանդ գավառը  կոչվում էր  Ամարաս:  Մյուս  Հաբանդ գավառի կենտրոնն էր  Քթիշ  ամրոցը, որը  հետագայում  հայտնի  Տող  ավանն էր:  Քթիշի մոտ հիմնվեց Գտիչ  վանքը: Քթիշ  ամրոցից  դեպի  արևմուտք  գտնվում էր  Գոռոզու  բերդը, այժմյան Տումի գյուղը: Այս գավառում էր նաև   հռչակավոր  Ամարասի  վանքը[19]:

Արցախի  Մյուս  Հաբանդ  անվանումը, ծագմամբ կապվելով    Սյունիքի  Հաբանդ  գավառանվան հետ,   կարող է պայմանավորված  լինել թե՛  վերջինիս  սահմանակցությամբ, թե՛  արցախյան գավառի` նույնական   դերակատարության, այսինքն` Աստծո  պաշտամունքի  վայր  լինելու  փաստով:

Սերվելով  Սյունյաց  Հաբանդից` արցախյանն  իր  նախնական նշանակությունից  բխող, բայց նոր իմաստով  պիտի  որ   ամրակայվեր, այլապես    նրա  տեղանվանական  գոյությունն արդարացված  չէր  լինի: Արցախի  Մյուս  Հաբանդը  հնարավոր է,  որ  նշանակում էր   Աստծո  պաշտամունքի  մյուս  վայրը:

1.Աշխարհագրական նույնական   բնութագրի  հիմքի  վրա է առաջացել Քարահունջ  բնականվան  համանունային  զույգը:  Սյունիքի  և  Արցախի  Քարահունջ  բնակավայրերը  համանունացվել  են իրենց  բնակադրման պահից  համեմատաբար  ավելի  ուշ,  ու  թեպետ ծագումնաբանությամբ   տարարմատ    և  հնչյունական   տարբեր իրողությունների   արդյունք  են,  բայց  և, կարծում ենք,   համանունության  հիմք  է դարձել   աշխարհագրական    նույնական  նկարագիրը:

  Քարահունչ/Քարահունջ անվամբ երկու բնակավայր է  նշվում Արցախի  տարածքում.  գյուղատեղի  Մարտակերտի  շրջանում՝  Հաթերք  գյուղի  հարավարևմտյան կողմում. հին այս բնակավայրից պահպանված է  քարուկրից  շինված   միջնադարյան փոքրիկ  եկեղեցին: Եվ  երկրորդը՝  այժմյան Քարահունջը՝    Մարտունու շրջանում՝  Մարտունի քաղաքից  18  կմ դեպի  արևմուտք՝ լեռնային  ու անտառապատ  վայրում:  Ներկայիս  Քարահունջից  2կմ արևմուտք Դարահոջ  կոչվող  գյուղատեղին է, որը  պատմական աղբյուրներում նույնացվում  է  Քարվեճին:  Հնագույն  այդ  բնակատեղի  մասին սեպագիր  արձանագրություն կա:    Կարագյոզյանն  իր  «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սեպագիր տեղանունները»  հոդվածում նշում է, որ սեպագրագետների սխալ  ընթերցման արդյունք է terluisaini  անվանումը, և  ճիշտ արտասանությունն  է Kerluiša: Ու սրբագրելով տեղանունը՝   այն կապում է Քարվեճ  անվան հետ` ցույց տալով, որ  ցեղերի տեղաշարժի հետ կապված, անունը տեղափոխվել է Արցախի հարավ-արևելյան շրջաններ[20]: Քարվեճի  մասին հիշատակում է Մովսես  Կաղանկատվացին՝ առանց   տեղադրությունը նշելու. «Յորժամ չուեալ ի Քարուիճէ` կանայք յառաջ ելանէին  ի Գիւղաքաղաքէն Ամարասայ» էջ 73[21]: Մեկ այլ տեղ  էլ Կաղանկատվացին նշում է, որ  Հայաստանի կենտրոնից Արցախի Դարահոջ /թե ՔարահոջՔարահունչ/ գյուղն են բերում  Սուրբ Գրիգորի և Հռիփսիմե ու  Գայանե  կույսերի նշխարները:[22]

Սլավա  Սարգսյանն  իբրև  Քարահունջ-ի  պատմական անուն նշում է   նույն այդ  Քարվեճն   ու աղբյուրագիտորեն  հղում Կաղանկատվացու  պատմությանը: Հ. Բեգլարյանի  հաղորդմամբ Դարահոջը  գտնվում է Քարահունջ  գյուղից  2 կմ  արևմուտք՝ Ռսկհան սարի լանջին  և  կոչվում է   «Քյոհնա Քարահունջեն  յալ»[23]: Ս. Սարգսյանը, ելնելով այդ  հաղորդումից, նշում է, որ Դարահոջն ու  Քարահունջը  նույնական են  և ունեն նույն իմաստը, այսինքն՝   Դարահոջ-Հին Քարահունջը  ներկայիս  Քարահունջի  նախկին բնակատեղին է: Ու  հավելում, որ այն Դարահոսի  կամ Քարահոսի  ձևափոխությունն է՝  սուրբ լեռ, սուրբ քար  նշանակությամբ[24]:

Սերգեյ  Մելքումյանն էլ գրում է, որ  17-րդ դարավերջին գյուղի բնակիչները հին բնակավայրից տեղափոխվել են և  նոր բնակավայր հիմնել Քերթից  մի փոքր հարավ: Ու  հավելում, որ Քարահունջի նոր բնակատեղին  հիմնադրել է Զանգեզուրից եկած  Տեր-Խաչատուրը[25]: Իսկ անվան  ծագումը  բխեցնում է տեղանքի ու շրջակայքի  քարքարոտ բնույթից, ըստ  որի՝  առաջացել էր    Քարահունչ, որը ձևափոխվել  ու դարձել է  Քարահունջ:

Սյունյաց  Քարահունջ-ի  առաջին իսկ  վկայություններում այն նշվում է  Քարունջ  տարբերակով: Թե՛ Հովհաննես  Դրասխանակերտցին, թե՛ Ստեփանոս  Օրբելյանը  վկայում են  Քարունջ  հնչատարբերակով:  Հոդակապով տարբերակն առաջին անգամ հիշատակում է Աբրահամ Կրետացին/ 18-րդ դարում/[26]:

Ղ.  Ալիշանն էլ երկու  տարբերակով  է  նշում   ու  անունը  ստուգաբանում  քար  և  հունչ   բառակազմական  տրոհմամբ:  Սյունյաց  Քարահունջ-ի  դեպքում մեկնաբանում է, որ  գյուղն ունի   նշանավոր Շռռան ջրվեժ, որը թափվում է քարերի վրա և «հնչում» է[27]:  Արցախի  Քարահունջն էլ   նույնկերպ  է    բացատրվում  տեղի բնակչության կողմից՝  քար  և հունչ  բաղադրիչների  առանձնացմամբ: Սա,  բանականաբար,  ժողովրդական ստուգաբանություն է:

Անվան  գիտական  ստուգաբանությունը  Հ. Հյուբշմանն է ներկայացրել՝  անունը  տրոհելով    քար  և  ունջ  բաղադրիչների: Առաջին բաղադրիչը  մեկնաբանության կարիք  չունի, իսկ երկրորդը  բացատրվում է «տակ, խորք, հատակ» իմաստներով:  Բարդության բնիմաստը  Հյուբշմանը մեկնաբանում  է՝ քարայատակ: Հրաչ  Մարտիրոսյանն էլ ավելի հավանական   է համարում  «քարի տակ»  նշանակությունը, մանավանդ որ այդ լուծման օգտին է խոսում ունջ բառի համար հենց Հյուբշմանի հիշատակած տեքստային  փոխակերպումը[28]:

Ալ. Մարգարյանն էլ ստուգաբանական նույն  վարկածն է  առաջադրում:  Նա  նշում է, որ Քարահունջ գյուղի նախնական անունը  իրոք Քարունջ  է եղել, որը այլ  բան չէ, քան երկու`   քար և ունջ  բառ-բաղադրիչներից    կազմված  անհոդակապ  իսկական բարդություն:  Առաջին բաղադրիչը  քարն  է, երկրորդն էլ, անշուշտ,   գրաբարում լայն գործածություն ունեցող   ունջ  բառն է, որը  ծայր. ստորոտ. յատակ. արմատ. քունջ, ծարը, տակը, պիւն   է նշանակել:   Իբրև այդ երկու  բառ-բաղադրիչներից կազմված բարդ բառ՝ Քարունջ տեղանունը  այդպիսով  նշանակել է  քարի տակ, քարի ստորին կողմը, որը և, որքան էլ զարմանալի թվա,   աշխարհագրորեն   միանգամայն  ճիշտ է  և համապատասխանում է  անգամ գյուղի այսօրվա դիրքին: Մարգարյանը  հավաստում է, որ  Քարահունջ գյուղի գլխավերևը առ այսօր  էլ կանգուն կա մի վիթխարի- հսկայական  քարազանգված, որը և լավագույն   վկան ու ապացույցն է  այն բանի, որ գյուղն  իսկապես  ստեղծվել  է նրա ստորին` ցածրադիր  մասում[29]:

Սերգեյ  Հախվերդյանն ու  Մհեր  Քումունցը,  Քարահունջը   ստուգաբանելիս,    նկատում են, որ այն Անձկ գյուղն իր մեջ ներառող տարածքի անունից   է՝   բաղկացած Քար+ունջ   արմատներից:  Ինչպես  նշում են նրանք, բառիմաստը  բարբառային դրսևորում ունի  և  մի այլ տեղանվան  փոխանցումը  չէ. *k a r + ունջ ՚— «տակ», «խորք», «յա­տակ»  իմաստներով:  Քարահունջ   բառի  ժողովրդական արատահայտության ամենատարածված  արտահայտությունը «Քրունջն»  էր,  ապա  ա  հոդակապի  առաջացման  և  բառարմատի  ու-ի  ազդեցությամբ   հ  աճականի գոյությամբ    առաջացած  Քրահունջ ձևը

 Ունջ   արմատի     համար  ընդունելի  են համարում Գորիսի և Ղարաբաղի բարբառներում տարածված  օնջունջ՝ մուր, երկաթի ժանգ  նշանակությամբ բառամիավորը , որտեղից  օնջուտունջուտ՝ ունջով պատած, ժանգոտած ,  քանի որ այդ   տարածքի ժայռեղեն հյուսվածքը ժանգագույն է, ասել է  թե՝    քարաժանգԵվ   կարող   էր գյուղանունից անկախ -անջատ գոյություն ունեցած լինի տարածքի համար, որն էլ հետագայում վերականգնվել է[30]:

Իսկ  ահա  Պարիս Հերունին Քարահունջ-ն ու Քարունջը  դիտում է  տարբեր  անվանումներ  ու  առաջինը  մեկնաբանում՝  որպես «խոսող/հնչող քարեր» (հունչ > հունջ), իսկ  Քարունջը՝ որպես «քարե գանձ» կամ «հիմնաքարեր»: Երկրորդ դեպքում  նա նկատի ունի հայերեն ունջ «գանձ» և ունջ «տակ, խորք, հատակ» իմաստով բառերը[31]:

Մելադա  Աղաբեկյանն էլ,  քննելով  Քարահունջ/Քարունջը, նշում է որ    Քարահունջհունջ բաղադրիչը  գարավոր  վկայված չէ: Այն սովորաբար  հանգեցվում է  ունջ՝  հատակ, տակ  իմաստներով արմատին, հետևաբար` քարունջ-քարահունջ՝ քարի տակ:  Մինչդեռ  Քարունջ  բառը Ղարաբաղի բարբառի   որևէ  տարբերակում  քարահունջ-ի  վերածվելու հավանականություն   գրեթե չունի:  Ու հիմնավորում է հետևյալ   պատճառներով. նախ՝  Ղարաբաղի բարբառում հ կարող է ավելանալ  ձայնավորով սկսվող  առանձին բառի սկզբում, իսկ բառամիջում` ընդամենը մի քանի արմատական բառերում, երկրորդ՝ լեզվի խոսակցական տարբերակները  կարճառոտ բառը  ավելորդ վանկով ծանրաբեռնելու   միտում սովորաբար չեն ցուցաբերում: Այսինքն` ՔարունջՔարա-/հ/ունջ-ով փոխարինվելու ենթադրությունն անհիմն է: Ստուգաբանական մյուս    առաջարկություններն էլ  հիմնավոր չի համարում,  ինչպես` քարահունչ>քարահունջ, կամ քարափունջ>քարահունջ: Քիչ հավանական է, որ զանազան վայրերի քարերի էական հատկանիշ համարվեր  հնչելը  կամ  հնչուն լինելը:  Քարափունջը  կեղծ ստուգաբանություն է, քանի որ  փունջ բառը հայերենի ոչ մի այլ տարբերակի հնչյունական օրենքներով  հունջ չէր կարող դառնալ:  Բարբառում p>հյ. հ անցումը  տեղի է ունեցել մի քանի  հազարամյակ  առաջ և այլևս չի կրկնվել, և այն գրեթե փոփոխության չի ենթարկվել  հատկապես բառասկզբում/տես Հր. Աճառյան, 1971,516,545/: Քարանունչ  բառաձևը, որը նշվում է  նաև տեղանունների բառարանում,  հավանական է, որ արտասանական տարբերակ լինի:  Եվ որպես այդպիսի տարբերակ  լեզվաբանորեն  դիտարկում է.  Հայերենում քիչ չեն այն  բարդ կամ ածանցավոր բառերը, որոնց այս կամ այն արմատը  առանձին բառով վկայված չէ: Հայերենում ունենք հուն՝  գետի մեջ ծանծաղ տեղ, որից կարող է մարդ անցնել: Այսինքն՝  ելք, հնարք, որը ծագում է  հնդեվրոպական  *pent-ոտք  դնել, գնալ   արմատի  *pont տարբերակից: Համեմատաբանները հնդեվրոպական լեզվում վերականգնում են *-io-> վերջածանց (ածականակերտ), որը  հայերենում հաճախ   արտացոլված է  ջ-ով`    հատկապես բաղաձայնից հետո դիրքում:  Հետևաբար կարելի է ենթադրել, որ եղել է  եթե ոչ հնդեվրոպական  լեզվաընդհանրություն, ապա գոնե հայերենն ընդգրկող մի լեզվատարածք, որում գործառվել է *pont-io-ածանցավոր  ձևը: Այս  վերջինից էլ հայերենում  առաջացել է  հունջ  բառը` անցում, բացվածք, անցք   իմաստով[32]:

Հրաչ  Մարտիրոսյանը  Քարունջ/Քարահունջ տեղանվան ստուգաբանական քննությունը համակարգում է՝ նշելով, որ   Քարունջ տեղանունը կազմված է քար և ունջ բաղադրիչներից: Երկրորդ բաղադրիչի  իմաստային երեք  զարգացում է  առանձնանշում.  1) ունջ՝   տակ, խորք, հատակ, գետնի տակը իմաստներով,  2) ունջ՝   գանձ նշանակությամբ  և 3) ունջ՝  մուր, ժանգ իմաստով (տես ՀԱԲ 3. 604-605): Ապա հիմնավորում է, որ   այդ երեք համանունների ծագումնաբանական կապն անհնար չէ, այսինքն՝  դիտում է որպես համարմատ  համանուններ, և  եթե առաջինն ընդունվի  որպես ելակետային ու  երկրորդն ու երրորդը բխեցվեն առաջինից՝ կենթադրվի «գետնի տակ թաղված գանձ» և «տականք, նստվածք» բնիմաստները:  Ապա  վկայակոչելով  Ալ. Մարգարյանի  ստուգաբանությունը, ով հ— ի  առկայությունը հետագա  սկզբնահավելում էր  համարում՝   նշում է, որ    ունջ բառը՝ «տակ, խորք, հատակ» իմաստով   հունջ/հօնջ տարբերակով  չի պահպանվել ոչ Գորիսի ու Ղարաբաղի, ոչ էլ որևէ այլ բարբառում: Այդպես նաև  ունջ-ի մյուս՝ «մուր, ժանգ» իմաստն ունեցող համանունի բարբառային ոչ մի ներկայացուցիչ այդպիսի նախահավելված հ- չունի, այսինքն՝ չկան *հունջ կամ *հօնջ ձևեր, այլ կան միայն ունջ և օնջ: Ու Հ.  Մարտիրոսյանը   նշում է, որ հ հնչյունն այստեղ պարզապես երկու ձայնավորների միջև առաջացող հորանջ է: Քանի որ Քարահունջ-ի դեպքում կապվող ձայնավորներից (-ա-ու-) երկրորդը շրթնային է: Հորանջի այլ դեպքեր առկա են նաև Ղարաբաղի բարբառում. ինչպես՝  էրկու-հ-ինջի հնչարտասանությամբ[33]:     Մարտիրոսյանի  այս վերջին  դիտարկումը  նաև  մեր  համոզումն է:

Բնականունը  բարբառում,    հատկապես  թեքված  ձևերում,  զուգահեռաբար  հանդես  է գալիս Քրունջ  և  Քրահունջ  ձևերով. ինչպես՝    Քըրունջա/Քըրհունջա . վերջինս  ավելի  մեծ հաճախականությամբ: Կարծում ենք,   հնարավոր  է Քարունջից  Քարահունջ  զուգաձևի  առաջացումը, որովհետև Քարահունջ  ձևը,  իրավաբանական-փաստաթղթային  վավերություն  ստանալով,   ժամանակի հոլովույթում կարող  է  սահմանափակել  նախնական տարբերակի    գործածությունը:  Ակնհայտ է, որ ի սկզբանե  բնականվանումը  խոսակցական լեզվում է մկրտություն   ստանում, ապա  վավերացվում  գրավոր փաստաթղթով: Իսկ  այդ փոխադրությունը  թե՛ հնչյունական փոփոխությամբ և թե՛  հնչյունական հավելումով  կարող է    կատարվել:

Անշուշտ,  արցախյան ու  սյունյաց այս  անունները միմյանց  հետ կապ  ունեն:  Այդ կապը  պայմանավորված  չէ  մեկը  մյուսից  առաջացմամբ, այլ    աշխարհագրական նույնական նկարագրով  կամ  բնակության վայրի, տեղանքի   նույնական բնութագրով  և    ընկալման  նույնականությամբ  ու  նաև  ժամանակի ընթացքում հնչյունական  համապատասխանեցումով:

  1. 2. Մի  բնակավայրից  մեկ  այլ բնակավայր տեղափոխվելու    և համապատասխանաբար  անվանումը  փոխադրելու    իրողությունն  են վկայում  Խնածախ  բնականվան համանուն զույգը:

Սյունյաց  Խնածախը  պատմական աղբյուրներում  Խանածախ  ու  Խոնածախ  տարբերակներով  է  նշվում:

Օրբելյանի Պատմության հին ձեռագրերում      վկայված  է  միայն Խանածախ[34], որ ուշ շրջանի առանձին ձեռագրերում և տպագրություններում ներկայացվում է  Խոնածախ ձևով կամ տարընթերցվածքով:  Ղ. Ալիշանը դա նախաձև է ճանաչել գրելով. § Յետին  գիւղ Հաբանդայ  ի հիւսիսակողմն` ի խաղս վտակաց Ագօղլան  գետոյ,  չորիւք  մղոնօք  ի Հս. Մ. Տեղոյ, ի գեղեցիկ ձորակի`  է  հինն Խոնածախ, այժմս  Խնածախ ձայնեալ…¦[35]: Ղ. Ալիշանը  երբեմն գործածում նաև Խանածախ անվանաձևը, որը և մյուս`  Խոնածախ և  Խնածախ   ձևերի համեմատությամբ   նախնական են ճանաչել բառարանագիրներ Ս. Էփրիկյանը[36] և  Համբ. Առաքելյանը [37]:  Վերջինս  անվան տեղեկանքն  այսպես է  ներկայացնում. 1) ԽԱՆԱԾԱԽ  կամ Խնածախ.  գյուղ  Սյունյաց Հաբանդ գավառի/Զանգեզուրի/ մեջ  և   2)Հայաբնակ գյուղ  Արցախի Խաչեն գավառի մեջ, որի բնակիչները  1686-ին վերոհիշյալ Խանածախ գյուղից  են գաղթել  այստեղ.  այժմ ունի  563 բնակիչ կամ 85  տուն՚[38]:  Ալ. Մարգարյանը,  հիմք  ընդունելով   այս  վկայությունները, հանգում է  նրան, որ  գյուղի նախնական  գրական  անունը  Խանածախն է, որը հադակապով իսկական  բարդություն է՝  խան և  ծախ  հիմնական ձևույթների բաղադրությամբ:   Ըստ  նրա՝  վերջին   ծախ բաղադրիչը ծախել-ի, իսկ   առաջին բաղադրիչը     ծագմամբ  ու  նշանակությամբ  անհայտ է  համարում[39]:

Արցախյան  Խնածախի  մասին  Մ. Բարխուտարեանցը  գրում է, որ    գյուղանունն  Արցախում է  հայտնվել  Սյունիքից, երբ բնակիչները  «Մեծ  Սիւնեաց  Խանածախ  գիւղից  1686թ.  տեղափոխվում են Ջրաբերդ  և  հետո  բանակութիւն հաստատում  գիւղումս»[40]: Իր  մեկ  այլ հրապարակման մեջ  Բարխուտարեանցն այլ տեղեկություն է  հաղորդում՝ նշելով, որ  «120  ընտանիք  քաջեր  1770 թ.   Ջրաբերդից  տեղափոխվում են Խաչեն  և  հիմնարկում  Խանածախ  գիւղը, որի մէջ  բնակվում են 50  ընտանիք»:[41] Նույնը հավաստում է  նաև  Ս. Մելքումյանը՝  նշելով, որ  բնակիչները եկել են Զանգեզուրի Խնածախ գյուղից, հիմնադրել այն և  անվանել իրենց հին բնակավայրի անունով: Այժմյան  Խնածախի  պատմությունն սկսվում է  1770-ական թթ.[42]:

Գյուղանվան ստուգաբանությունը   Հ. Խաչատրյանը ներկայացնում  է  խանձ  և ցախ  բաղադրիչների  տրոհությամբ՝ Խանձացախ՝    կրակարան իմաստով[43]: Ա. Բեկնազարյանցը  Խնածախին  «Փոքր  խմհատ»՝  անտառից  կտրված  իմաստով,   անունն է  տալիս[44]:  Իսկ    Ս. Սարգսյանը նշում է, որ   խան  և  ծախ  բաղադրիչներից է կազմված  անվանումը, առաջինը   պարսկական խան բառն է, որ նշանակում է «իջեւան, օթեւան ուղեւորների համար  քարվանսարայ»[45]:  Իսկ  ծախ-ը  համարում է  կաս-ի  հնչյունափոխված  տարբերակը, որը  նշանակում էր   «հին, սուրբ, աստվածային»:  Ու  հավելում է, որ ծախ-ն այդ  դեպքում   կարող  էր  ունենալ  ծախսել, վաճառել, առևտուր  անել նշանակությունները, այսինքն՝  կայանատեղ, որտեղ   նաև    առևտուր է  կատարվել, սակայն,  նկատի  առնելով տեղանունների առաջացման սկզբունքները, Ս. Սարգսյանը  հակված է    պնդելու  առաջին տարբերակը[46]:   Կասկածելի է բառեզրերի իմաստային այդպիսի   միավորումը: Մյուս  կողմից  էլ՝  պարսկական ծագման ոչ  այնքան հին՝ խան  և  կաս-ծախ՝   սուրբ  ու  աստվածային  իմաստով, հնչյունափոխությամբ հնագույն բառամիավորի  բաղադրությունը    ժամանակային համընկնման  առումով    անհավանական է: Հնչյունափոխական այդպիսի  իրողությունը կարող է վկայել  բառամիավորի  բազմադարյա   կենսագրության մասին, ինչը  քննվող դեպքին չի համապատասխանում:   Առաջին բաղադրիչի  հետ կապված՝   մենք  առավել հակված  ենք  պահլավական  ծագման * xuān ( նոր հնչումով՝ xān  և xōn)` խան/ բառամիավորի  առանձնացմանը[47], որը  հայերենում և  հայերենի բարբառներում  ուներ՝  սեղան, ափսե , տաշտ,  սինի  նշանակությունները:     Ընդ  որում, այս  բառը, ինչպես  նշում է  Հր. Աճառյանը,   հայերենում հանդես  էր գալիս  խօն, խուն   ձևերով[48]:   Բնականվան  Խոնածախ  վկայությունն էլ  կարող է  նաև  այդ  տարբերակի    արտահայտությունը  լինել: Իսկ  երկրորդ  բաղադրիչը, հնարավոր  է, ծախ  բայարմատն է, այդ  դեպքում այն կարող էր  նշանակել  վայր, որը բնութագրվում էր  կարասիքի    արտադրությամբ ու վաճառքով:

Արցախի  և  Սյունիքի  ներկայիս  բնականվանացանկերում  բանականունն արձանագրված է  Խնածախ  հնչատարբերակով:

Անվան  տեղափոխության արտահայտություն և այդ  հիմքով  առաջացած  համանունության  օրինակ է     Առաջաձոր բնականունը: Այս    բնականվան պատմական տեղեկանքը  Արցախից   Սյունիք  տեղափոխվելու  և  նույնանուն բնակավայր  հիմնելու  իրողությունն   է  հավաստում:

Արցախի  Առաջաձորը «գիւղ  է Արցախի  Պարզկանք  գաւառի  մէջ՝  Չիլէթ  սարի  հարաւային ստորոտում»[49]: Ս. Մելքումյանը  նշում է, որ այժմյան գյուղի պատմությունն սկսվում է 10-րդ դարից:  Նրանց նախնիները բնակվել են Տակաթազ և Փլուսանց շեն բնակատեղիներում: Հետագայում այդ վայրերից իջել են, բնակություն հաստատել  ցածրադիր մասում, որի դիմաց ձգվում է  մի անդնդախոր ձոր: Այստեղից էլ` Առաջաձոր` առջևում ձոր է[50]: Ըստ  Սլ. Սարգսյանի՝ Առաջաձոր՝  առաջը  ձոր, համապատասխանում է  նախկին բնակավայրի  տեղադրությանը[51]: Անվանումն այդպես  է բացատրում  նաև  Ս. Ջալալեանցը[52]՝  ավելացնելով, որ  11-րդ  դ.  մի գրչագիր   ավետարանում նշված է  Առջաձոր:  Այդպես   է  ներկայացնում նաև  Հայկունին[53]:

Սյունյաց  Առաջաձորի  տեղեկանքում  նշվում  է, որ  գյուղը գտնվում էր պատմական Սյունիքի Բաղք (հետագայում՝ Աճանան) գավառում։ Բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-70թթ.), Գողթնից (1805-1806թթ.), Ղարադաղից (1829թ.)[54]։ Ըստ  այդ  տեղեկության՝ հավաստվում է, որ  առաջին տեղափոխվածները  Արցախի  առաջաձորցիներն են  եղել: Ալիշանը Արջաձոր  է  նշում[55]: Եվ  Սյունյաց  Առաջաձորի  աշխարհագրական  նկարագիրը  տրվում է  որպես  անտառապատ գյուղ[56]: Մի կողմից՝  հնարավոր  է՝  գյուղի   նախնական անվանումը Արջաձոր  էր,  ապա  առաջաձորցիների  տեղափոխությունից  հետո  համահունչության արդյունքում նույնացվել է, առավել  ևս,  որ  թե՛  Արջաձորի  և  թե՛  Առաջաձորի  բարբառային(և՛  Արցախի,  և՛  Սյունիքի բարբառներում)  արտասանությունը  նույնական է՝  Ըռչածօր/Ըրչածօր: Մյուս  կողմից՝ որևէ  փաստարկով  չի հերքվում, որ  նախանվանումը   Առաջաձոր  էր,  ու  անվանադիրներն էլ Արցախի  առաջաձորցիներն   են եղել,  իսկ  Ալիշանի՝ Արջաձոր  վկայությունը  կարող է  Առաջաձորի  բարբառային տարբերակի  գրականացված  արձանագրությունը  լինել: Երկու  դեպքում էլ  բնականվան ծագումը կապվում  է  Արցախի  Առաջաձորի  անվան հետ:

   Իսկ  ահա    Դաստակերտ  բնականվան  համանունությունը  տարաժամանակյա  կտրվածքով է  առանձնանշելի: Բառակազմական վերլուծությամբ դաստակերտ  բառամիավորը  բաղադրվում է դաստ  և կերտ  բաղադրիչների:  Լ. Հովհաննիսյանը  նշում է, որ  այդ  երկու       եզրերն էլ  իրանական փոխառություններ  են.  դաստ՝   ձեռք  և  կերտ՝  գործ,  շինություն՝   kar,  kr՝  «անել, պատրաստել»  արմատից: Ընդ  որում «կերտ-ը  5-րդ  դարում արդեն յուրացված  փոխառություն էր, իսկ  դաստ-ը շատերի համար հասկանալի չէր,  և գիտակցվում էր  որպես  օտար, թարգմանելի բառ»[57]: Իբրև  տեղանուն՝  Դաստակերտը   պարզ  և    անտրոհելի  բառամիավոր է,  ու  անվանադրման  հիմք  է դարձել՝ իր բառիմաստային  դաշտով որպես  ամբողջական   կառույց      «ներբերվելով»: Ասվածի հիմնավորումն է նաև   Լ. Հովհաննիսյանի  այն հաստատումը, որ   դաստ  բառով  փոխառություններն  ամբողջական փոխառություններ  են[58] :

Արցախի  Դաստակերտն  այսօր    հուշարձան է. «Ջրաբերդ  գաւառի  մէջ  աւերակ գիւղատեղի, յորւոմ կայ  կիսաւեր  եկեղեցի  եւ  հանգստարան»[59]:  Պատմական  արձանագրություններում  նշվում է Դաստակերտ, Դաստագյուլ  նաև  Դաստագիր[60]Սա,  իհարկե,  վերաբերում է  Դաստակերտին, որի  մասին  հաղորդում    է  Մ. Կաղանկատվացին[61]: Նա  գրում է, որ  Վաչագան  թագավորը /5-րդ դար/ Խնչիկ անվամբ  մի փոքր  դուստր  ուներ, որի անունով էլ կառուցում էր  դաստակերտ[62]:  Հայկունին նախանվանում է  դիտում Դաստագյուղը՝  դա  բխեցնելով  Վաչագան  թագավորի  համանուն աղջկա  անունից[63]: Մ. Բարխուդարեանցը վկայում է  Դաստակիւլ/Դաստակերտ-ավերակ գյուղատեղի/[64]:

Սյունյաց  Դաստակերտն այսօր  բարեշեն  քաղաքային  համայնք  է: Այն հնում Ծղուկ  գավառի  գյուղ  էր:  Այդ  անվամբ  բնականուններ  են նշվում    նաև  Սյունիք  աշխարհի   Բաղք-Քաշունիք  և  Գեղարքունիք  գավառներում[65]:

Արցախի    նորօրյա  Նորաշենիկը [66] Քաշաթաղի  շրջանի բնակավայր է: Օրբելյանը Սյունիքի  Բաղք, Կովսական և  Ճահուկ  գավառներում   այդ  անվամբ 3 բնակավայր  է նշում[67]:  Կովսականի Նորաշինիկը   Ղ.  Ալիշանի ու  այլ  աղբյուրներում  վկայված  էր  Թազաքենդ[68]օտար  անվամբ, որը  հայերեն  անվան      թարգմանությունն էր: Պատմական տվյալները  վկայում են, որ Նորաշենիկը հնագույն  բնականուն է,  և նոր  շրջանում  այն վերստին  անվանադրվել է: Նույնանուն  բնակավայր   առկա  է  նաև Կապանի  տարածաշրջանում:

Այդպիսի  բնականուն է  նաև  Դիցմայրին:   Անունը  Դից  Մայրի  բաղադրիչներով  է տրոհվում:  Բառակազմական  պարզագույն վերլուծությամբ  այն  նշանակում է  Աստվածների  անտառ:  Այն, որ  այդ  տարածաշրջանն  անտառածածկ  է  ու առասպելական հմայքով,  այսօր  էլ  իրողություն է:    Ըստ  Յայսմաւուրաց՝  կը  թուի, թէ  այս  անուամբ լեռ կայ  Այրարատայ  Գաբեղենից   գաւառի  մէջ. սուրբ  Վարոսն  «բնակեցաւ  յանձաւս   լերանցն, որ կոչի  Դից  Մայրի»: Ապա   անվան դիմաց   հղվում է՝  տես՛  Կովսական[69]:  Ստեփանոս  Օրբելյանն էլ     Կովսականի  գավառի  բնականվանացանկում է ներկայացնում  Դից  մայրին [70] :

Արցախի  Քաշաթաղի  շրջանի  ներկայիս  Դիցմայրին   պատմական  բնականվան  վերակենդանացման արդյունք   է. այն  Մեշադիիսմայլիի   վերանվանումն է,  իսկ  Սյունիքի Դիցմայրին  Ղարաչիմանի  վերանվանումն է/1991թ./ [71]: Այսօր  երկու բնակավայրերն էլ  շեն  են:

Բնականաբար,  վերանվանումների  դեպքում  պատմական  իրողությունները  միշտ  չեն  հաշվառվում, ու   այդ  դաշտում  մի նոր  երևույթ  է  սկզբնառվել. պատմական անվանումները  վերականգնվում են  եթե  ոչ պատմական  ու տեղագրական ճշգրտությամբ,   ապա   գոնե  անվան  վերակենդանացմամբ այդ  իրողությունների  վերարձանագրությամբ :

Քննելով  Արցախ-Սյունիք տարածաշրջանի  համանուն  բնակավայրերի   պատմական  տեղեկանքները՝  հավաստվում է այն իրողությունը, որ մի դեպքում՝ պատմական պայմանների  նույնականությունն էր առկա,  և  այդ  դեպքում    դա բխում էր տեղանվանական  նույնական  համակարգի  ընդհանուր  օրինաչափություններից  ու հաստատում թե՛  նույնացեղ հանրության  բնակության  իրողությունը  և  թե՛ տեղանվանական  միևնույն համակարգին նրանց  պատկանելությունը, մյուս  դեպքում՝   վերաբնակեցման գործոնն  էր   հիմքը, երբ, պատմահասարակական  իրողություններով   պայմանավորված,   թափառիկ  ու  կրկնվող  են դարձել անվանումները:

Բնականունների  համանունության   սկզբնապատճառային  հիմքերի  քննությամբ նաև  բացահայտվում են  թե՛  առկա  պատմահասարակական, աշխարհագրական  իրողությունները, թե՛ տվյալ ժամանակաշրջանի   իրողությունները և   թե՛ դրանց նկատմամբ ունեցած  հասարակության  վերաբերմունքն ու ընկալումները:

 

 

[1] Մելիք  Բախշյան  Ստ. , Բարսեղյան Հ. ,  Հակոբյան  Թ., Հայաստանի  և հարակից  շրջանների  տեղանունների բառարան, հ. 3, Ե.1986, էջ 297:

[2] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց  աշխարհի, Վենետիկ, 1893, էջ  254-255:

[3] Հիւբշման Հ.,  Հին հայոց տեղւոյ անունները : Հայոց աշխարհին պատմական տեղեկագրութեան մասին ուսումնասիրութիւններով /Թարգմ.` Հ. Բ. Պիլէզիկճեան. — Վիեննա: Մխիթարեան տպարան, 1907, էջ 100-101:

[4] Նույնը, էջ 366:

[5] Մելիք  Բախշյան  Ստ. , Բարսեղյան Հ.,  Հակոբյան  Թ., նշված  աշխ., հ.1, Ե.1986, էջ 2:

[6] Капанцян Гр., Историко-лингвистические  работы, К начале истории  армян,  Изд. Акад. Наук Арм. ССР, Ереван, 1956, стр. 415.

[7] Հախվերդյան Սերգեյ,  Մեծ  Հայքի  Սյունիք  նահանգի  Հաբանդ  գավառանվան  ստուգաբանության   նոր  փորձ,  Հայոց  պատմության հարցեր 8, Երևան  2007,  էջ 19:

[8] Ումառյան  Ս., Սյունիքը  դիցարան, Ե., 1981, էջ  37-38:

[9] Հարությունյան  Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Չորրորդ գիրք, «Դիզակ Պլյուս», Ստեփանակերտ, 2009, էջ 269:

[10] Карагезян  А.А., К  этимологии  топонима  Абанд, Լրաբեր հասարակական գիտությունների, N1, 2000, էջ 160-165:

[11] Հարությունյան Բ., Մեծ  Հայքի  Սյունիք  աշխարհն   ըստ  <<Աշխարհացոյց>>-ի, ՊԲՀ, 2003, թիվ 1, էջ 231:

[12] Գայսերյան  Վ.Ա., Սեպագիր աղբյուրներում հանդիպող  մի քանի երկրների տեղադրությունը, Պատմա-բանասիրական հանդես, հ. 1, 1985, էջ 213:

[13] Հախվերդյան Սերգեյ,  նշված  աշխ.,  էջ  16-20:

[14] Անանիա  Շիրակացի, Մատենագրություն, թարգմ.,  առաջաբանը  և  ծանոթագր. Աբրահամյան Ա.  և Պետրոսյան  Գ., Ե., 1979,  էջ  295:

[15] Մակար  Բարխուտարեանց, Արցախ, Բագու, 1895, էջ 23:

[16] Փաւստոսի Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 23-24:

[17] Ալիշան, Արցախ, էջ 10:

[18] Հիւբշման Հ.,  նշվաշխ., էջ 100-101:

[19] Երեմյան  Ա.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ., Եր., 1963, էջ 70:

[20] Հարությունյան Բ.Հ., Արցախի, Հայոց Արևելից կողմերի  և Ղարաբաղի  տարածքի հարցի շուրջը, Պատմա-բանասիրական հանդես, 1994, N 1-2, էջ 258, ISSN 0135-0536

[21] Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն   Աղուանից աշխարհի,  քննական բնագիրը և ներածությունը` Վարագ Առաքելյանի,  Երևան 1983, էջ 72-73:

[22] Բ. Ուլուբաբյան, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Ե., 1994, էջ 31:

[23] Հ. Բեգլարյան, Ամարասի  հովտի  հուշարձանները, ԼՀԳ, 1974, հ.2, էջ  92:

[24] Սարգսյան  Սլ. Արցախի բնակավայրերը/ստուգաբանություններ/, Երևան, 2017, էջ 78:

[25] Մելքումյան ՍԱ.Լեռնային Ղարաբաղ, Ե., 1990, էջ 221:

[26] Աբրահամ  կաթողիկոս  Կրետացի, Պատմագրութիւն  անցիցն  իւրոցն ու  ՆատիրՇահին, Վաղարշապատ, 1870, էջ  75:

[27] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց  աշխարհի, Վենետիկ, 1893, էջ  262:

[28] Մարտիրոսյան Հ., ՔարահունջStonehenge առասպելի  վերջը, 2011, էջ  11-16:

[29] Մարգարյան Ալ., Մի քանի տեղանունների ծագման մասին, Պատմա-բանասիրական հանդես, հ.4, 1988, էջ 129, ISSN 0135-0536:

[30] Հախվերդյան, Ս. և  Քումունց, Մ. (2006) Ստ. Օրբելյանի հիշատակած մի քանի տեղանունների ստուգաբանության և տեղադրության հարցեր. Լեզու և լեզվաբանություն = Язык и языкознание = Language and linguistics, № 1-2. pp. 63-68. ISSN 1829-0183:

[31] Парис М.Геруни, Доисторическая  каменная  обсерватория Карахундж-Карениш,  ՀՀ ԳԱԱ  զեկույցներ,  98(4), 1998, էջ  307-328. ISSN 032-1339

[32] Մ. Աղաբեկյան, Քարահունջ,  Ջահուկյանական ընթերցումներ, Հր. Աճառյանի   ծննդյան  135-ամյակին  նվիրված հանրապետական  նստաշրջանի  զեկուցումներ, Երևան, 2011,  էջ  47-53:

[33] Մարտիրոսյան Հ., ՔարահունջStonehenge առասպելի  վերջը, 2011, էջ  11-16:

[34] Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. N 6271, էջ 335, N 5501, էջ 342:

[35] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց  աշխարհի, Վենետիկ, 1893, էջ  264:

[36] Էփրիկյան Ս., Պատկերազարդ  բնաշխարհիկ բառարան, հ.1, Վենետիկ, 1905, էջ 130,131, 181, 193:

[37] Առաքելյան  Համբ., Հանրագիտական բառարան, հ.1, Թիֆլիս, 1915, էջ 1035:

[38] Տե՛ս  նույնը:

[39] Մարգարյան Ալ., Մի քանի տեղանունների ծագման մասին, Պատմա-բանասիրական հանդես, հ.4, 1988, էջ 126-127, ISSN 0135-0536::

[40] Բարխուտարեանց  Մ., Արցախ,  էջ  152:

[41] Բարխուտարեանց  Մ.,  Պատմութիւն Աղուանից  Բ, Երևան,  1907,  էջ  104:

[42] Մելքումյան ՍԱ.,  նշվ. աշխ., էջ 132:

[43] Խորհրդային Ղարաբաղ, 1991, թ. 289:

[44] Բեկնազարեանց  Ա., Գաղտնիք  Ղարաբաղի, ՍՊ, 1886, էջ  121:

[45] Ստ. Մալխասեանց,  Հայերեն  բացատրկան բառարան, Երևան, 1986, էջ  400:

[46] Սարգսյան Սլ., նշվ. աշխ., էջ  41:

[47] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., Երևան, հ.2, էջ  327

[48] Տե՛ս նույնը:

[49] Էփրիկյան Ս., նշվ.աշխ., , հ.1, էջ 244:

[50] Մելքումյան ՍԱ.,  նշվ. աշխ., էջ 178-179:

[51] Սարգսյան  Սլ., նշվ. աշխ.,  էջ  115:

[52] Ս. Ջալալեանց, Ճանապարհորդութիւն  ի մեծն Հայաստան, Բ, էջ  240:

[53] Եղիշե  ավագ  քահանա  Գեղամյանց/Հայկունի/, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010, էջ 76:

[54]  Մելիք  Բախշյան  Ստ. , Բարսեղյան Հ.,  Հակոբյան  Թ., նշվ.աշխ.,  էջ 319:

[55] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց  աշխարհի, Վենետիկ, 1893, էջ  275:

[56] Մելիք  Բախշյան  Ստ. , Բարսեղյան Հ.,  Հակոբյան  Թ., Հայաստանի  և հարակից  շրջանների  տեղանունների բառարան, հ. 3, Ե.1986, էջ էջ 319:

[57] Հովհաննիսյան Լ. Շ., Հատուկ անունների մեկնությունները  Մ. Խորենացու «Հայոց  պատմության»  մեջ, ՀՀ  ԳԱԱ  «Գիտություն» հրատ., Ե., 2013, էջ 24-25:

[58] Հովհաննիսյան Լ.Շ., նշված  աշխատությունը,  էջ  24:

[59]Էփրիկյան Ս., նշվ.աշխ.,  հ.1, էջ 579:

[60] Кочарян  Г., Нагорный  Карабах, стр. 50.

[61]Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից  աշխարհի, էջ  62,261:  Ա-Դո,  էջ  109:

[62] Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից  աշխարհի, էջ  62:  Մ. Բարխուտարեանց, Արցախ, էջ  427: Ա. Բեկնազարեանց, Գաղտնիք  Ղարաբաղի, ՍՊ. 1886, էջ  119:

[63] Եղիշե  ավագ  քահանա  Գեղամյանց/Հայկունի/, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010,  էջ  44:

[64] Բարխուդարեանց ՄԵպս., Արցախ, Ամարաս,  Ե., 1996, էջ  142:

[65] Մելիք  Բախշյան  Ստ. , Բարսեղյան Հ.,  Հակոբյան  Թ., նշվ. աշխ.,  հ.2, էջ 38:

[66] ԼՂՀ  վարչատարածքային բաժանման մասին օրենք, 1998թ., հունիսի  26, ՀՕ-15/հավելված  2/:

[67] Օրբելյան Ստ., Սյունիքի  պատմություն,  Սովետական գրող, Ե.,  1986, էջ  400-404:

[68] Ղ. Ալիշան, նշվ.աշխ.,, էջ  287:

[69]Էփրիկյան Ս., նշվ.աշխ.,  էջ 607:

[70] Օրբելյան Ստ., նշվ.աշխ.,  էջ  402:

[71] Հայաստանի  Հանրապետության բնակավայրերի  բառարան, ՀՀ կառավարությանն  առընթեր  անշարժ  գույքի  կադաստրի  պետական կոմիտե, Գեոդեզիզայի  և   քարտեզագրության կենտրոն,  Երևան, 2008,  էջ 69:

About The Author

Related posts

Leave a Reply