Ապրիլի 23, 2019

ԱՐԱԽԻՇԻ ԶԱՐՄԱՆԱՀՐԱՇ ԽԱՉՔԱՐԸ

 

Զոհրաբ Ըռքոյան

Սյունիքի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

 

Այսօրվա  Քաշաթաղի մայր գետի՝ Հակարիի 3 մեծ վտակների՝ արևմտյան կողմի Աղավնոյի, միջին Հոչանցի և արևելյան Շալուաի  հովիտներում պահպանվել էն հայոց պատմամշակութային շատ հուշարձաններ, որոնք հուշում են այն մասին, որ պատմական Մեծ Հայքի Արցախ և Սյունիք աշխարհների այս տարածքներում մինչև 18-րդ դարակես մեր պապերն են ապրել: Նրանց թողած պատմամշակութային ժառանգությունը, թեկուզ երկուսուկեսդարյա գերությունից հետո, պարզապես խոսում է այն մասին, որ մեր նախնիներն այդտեղ դարերի ընթացքում ստեղծել ու արարել են, վանքեր ու եկեղեցիներ են կերտել, քարե կամարակապ կամուրջներ հիմնել: Հազարամյակների պատմություն ունեցող ամրոցների ավերակներն ու հնադարյան դամբարաններն էլ հուշում են՝ այս տարածքները շատ վաղուց եղել են հայ մարդու բնօրրան: Վերջին 2-3 դարերի ընթացքում մեր երկրին տիրացած քոչվորները մեծ ավերածություններ են կատարել հուշարձանների հանդեպ: Բազում եկեղեցիներ հիմնովին ավերվել են, թշնամին հատկապես ավերել և հողի երեսից վերացրել է հայոց գերեզմանատները՝ փորձելով վերացնել հայկական հիշեցնող ամեն ինչ: Սակայն այսքանով հանդերձ, այսօր այս տարածքներում ցանկացած անտառում ու ձորակում, սարահարթին ու ժայռապռնկին, գետափին ու լեռնալանջին, ծերպերին աչքդ կշոյեն հայ վարպետի քանդակած խաչն ու զարդանախշը, վիմագիր արձանագրությունը, թփուտներով պատված մատուռի ավերակը, ժայռին թառած եկեղեցին: Պատմական Մեծ Հայքի Վայկունիք-Վակունիս գավառի Շալուա և նրա արևելյան Արախիշ/Րախիշ/ վտակի միացման տեղում՝ ձախափնյա հարթությունում՝ ծովի մակերևույթից 1270 մ. բարձրության վրա մեծ քարաբեկորին խաչեր կան քանդակված: Այստեղից սկսվում է անտառապատ բավականին թեք լանջը՝ ձգվելովմոտ130 մետր ուղղահայաց վեր: Այստեղ ամբողջ լանջը եզերվում է ուղղաձիգ ժայռերով, իսկ վերևում արդեն մի մեծ հարթություն է՝ ալպիական մարգագետին: Հարթության հարավային մասում՝ հենց ժայռապռնկին, տարիներ առաջ Մովսեսաշենի և Վազգենաշենի բնակիչները հայոց հանգստարանի տեղ են հայտնաբերել, որտեղ կան 10-ից ավելի շիրմաքարեր: Հիմնականում հարթ տապանաքարեր են՝ առանց արձանագիր: Սրանց մեջ է արվեստի իսկական գլուխգործոց մի խաչքար, որնունի արձանագրություն: Հուշակոթողը կերտված է դեղնավում քարից: Չափերն են՝ 235-105-35սմ, վերևի մասը  կիսակլոր է, ավարտվում է սլաքով: Կոթողը հիշեցնում է մուտք՝ եզրաձակված 3 շերտով: Առաջին շերտը կազմված է կլորավում մոտ 50 զարդանախշերով, երկրորդը ամբողջական կլոր եզր է՝ բաժանված առաջինից բարակ փոսորակով: Երրորդ շերտի վրա արձանագրությունն է, որն սկսվում է ներքևի ձախակողմյան անկյունից և վերջանում աջ անկյունում: Տարածքի պատմական հուշարձանների լավագույն գիտակ Ալեքսան Հակոբյանի հետ հուշակոթողն ուսումնասիրել ենք 2000թ. հունիսին: Պատմաբանն արձանագրությունը վերծանել է. ՅԱՆՈՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ ԿԱՆԿՆԵՑԻ ԶԽԷՉՍ Ի ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹ/Ի/Ւ/Ն/ ԻՆՁ ԵՒ ԱՄՈՒՍՆՈՅ ԻՄՈՅ ՄԻՆԱՅԻՆ ԵՒ ԱՂԲԷՐԱՑՆ « Չ… Խաչքարի ձախ անկյունը կոտրված է, և բնականաբար հնարավոր չէ ամբողջությամբ ընթերցել արձանագրությունը: Սակայն վեևջին Չ տառը հավանաբար խաչքարի կերտման թվագրության առաջին թիվն է՝ 700: Չ-ից հետո նշմարվում է նաև Կ /60 թիվ/ տառի մասնիկը: Սա հուշում է, որ խաչքարը կերտվել է հայոց ՉԿ /հնարավոր է, որ եղել են տասնավոր և միավոր արտահայտող տառեր/ թվականին: Այսպիսով հրաշակերտ այս խաչքարը կանգնեցվել է 1311-1320-ական թվերին /760+551=1311/: Ա. Հակոբյանը նշում է, որ վիմագրության մեջ հիշատակված իշխան Գևորգ անունը, նրա կին Մինան նվիրատվության արձանագրություն են թողել նաև Գանձասարում. ԿԱՄԱՒՆ Ա/ՍՏՈՒԾՈ/Յ, ԵՍ՝ ԳԵՐԳ, ՈՐԴԻ ՀԱ//ՅՐԱՊԵՏԱՅ, ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ԻՄ ՄԻՆԱ, ԻՇԽԱՆՈՒ//ԹԵ/ԱՆ/ ՋԱԼԱԼԻՆ ՄԻԱԲԱՆԵՑԱՔ Ս/ՈՒՐ/Բ ՈՒԽՏԻՍ, ՏՎԱՔ //ԸՆԾԱ/Յ/: Տ/Է/Ր ՅՈՀ/ԱՆՆԷՍ/ ԵՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՏՎԻՆ ՊԱՏԱՐԱԳ// ՆՈՐ ԿԻՐԱԿ/Է/ԻՆ: ԿԱՏԱՐԻՉՔՆ Ա/ՒՐ/ՀՆԻՆ ՅԱ/ՍՏՈՒԾՈ/Յ, ԽԱՓԱՆ//ՈՂՆ ԴԱՏԻ: ԹՎ/ԻՆ/:ՉԿԷ: /=1318թ./ Այս արձանագրությունից իմանում ենք, որ Գևորգի հոր անունը Հայրապետ է:

Խաչքարից դեպի հյուսիս-արևելք՝ մոտ 2կմ հեռու, պահպանվել են հայոց 2 եկեղեցիներ՝ դարձյալ 12-14-րդ դարերում կառուցված: Եկեղեցիներից մեկը թուրքերի կողմից պայթեցվել է 1983 թվականին. այն այժմ էլ, թեկուզ կիսականգուն, հիացնում է իր կերտվածքով ու գեղեցկությամբ: Այս սրբավայրի տարածքում պահպանված տապանաքարերից մեկկը պատկանում է Գևորգ իշխանի եղբորը:  Այդ է վկայում տապանաքարի վրայի արձանագրությունը. ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ԲԱԽՏԱՅ, ՈՐԴԻՈՅ ՀԱՅՐԱՊԵՏԱՅ, // ՈՐ ԿԱՐԻ ԾԵՐՈՒԹՅԱՄԲ ՎԱՂՃԱՆԵՑԱՎ: //  ՅԻՇԵՑԷՔ // Ի ԲԱՐԻՆ: ԹՎԻՍ ՉԽԷ /1298թ./ Մյուս եկեղեցին միանավ թաղածածկ կառույց է՝ համարյա կանգուն վիճակում. դիմացը՝ ժայռի վրա, խաչեր կան քանդակված: 2 եկեղեցիների շրջակայքում պահպանվել են մի քանի տասնյակ տապանաքարեր ու խաչքարեր: Առհասարակ տարածքում հայկական շատ հուշարձաններ են պահպանվել: Հայրապետի, Գևորգի, նրանց հետնորդների մասին էլի հիշատակություններ կան Գանձասարի վանքում և Արախիշի  տարածքում: Սա հուշում է, որ այդ շրջանում այս տոհմի ներկայացուցիչները եղել են Արցախ աշխարհի Վայկունիք-Վակունիս/հետագայում՝ Մաղավուզ/ գավառի իշխաններն ուհոգևորականները:

Վերջերս Վազգենաշեն գյուղի բնակիչ, Մովսեսաշենի դպրոցի նախկին տնօրեն Միքայել Բալայանի հետ ևս մեկ անգամ ուսումնասիրեցինք տարածքը: Վազգենաշեն գյուղը գտնվում է Շալուա գետի վրա: Այստեղից ճանապարհը բաժանվում է 2 մասի: Ուղիղ՝ դեպի հյուսիս Շալուա համայնքն է՝ մի քանի գյուղերով, իսկ դեպի աջ՝ արևելք ընթացող ճանապարհը տանում է Քարվաճառ: Այս ճանապարհների հատման տեղից քիչ հյուսիս սկսվող անտառապատ սարալանջին պահպանվել է միջնադարյան գերեզմանոցը՝ փոքր և հասարակ խաչքարերով: Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն այստեղ անասնապահական գոներ են կառուցել: Քանդված տեղում՝ մոտ 2մ խորությամբ բացվել են ավելի հին դամբարաններ: Փոքր գետակը դարերի ընթացքում լեռնալանջը 2 մասի է բաժանել: Աջ կողմում մի ժայռաբեկորի վրա փոքր գուռ կա, իսկ կողքերին խաչեր են քանդակված: Հավանաբար այն ծառայել է որպես մկրտության ավազան: Այստեղից մոտ 100 մ դեպի արևմուտք շինության ավերակ կա՝ մեջը և կողքին խաչքարեր ու տապանաքարեր: Կառույցի չափերն ու հորինվածքը հուշում են, որ այն եղել է եկեղեցի և հետագայում ավերվել: Այստեղից ժամանակին ճանապարհը բարձրացել է վեր՝ հիշատակված արձանագիր խաչքարը: Բռնում ենք պատմական ճանապարհը և բարձրանում: Զգացվում է, որ այս ուղին դարեր առաջ եղել է բանուկ/պահպանվել են եզրզքարերը/, և շատ ուխտավորներ են եկել տարածքի սրբավայրերը: Բարձրանում ենք վեր, հասնում լանջը եզերող ժայռերին: Այստեղ  ժայռերի մեջ բացված մուտքից աջ կողմում խաչեր են քանդակված: Դրանցից քիչ վերև է  գտնվում խարքարը, որն արդեն կանգուն է և տարածքի բնակչության համար դարձել է սրբավայր ու հուշարձան: Միքայելն ասում է, որ հոգևոր տոներն ու հիշատակի օրերն այստեղ են կազմակերպում միջոցառումներ: Այսպիսով 700 տարի առաջ Գևորգի կողմից կանգնեցրած խաչքարն այսօր ևս դարձել է ուխտավայր, ինչպես դարեր առաջ: Խաչքարի մոտ պահպանված հարթ տապանաքարերը և պատերի հետքեր ըհուշում են, որ տարածքում նաև եկեղեցի է եղել, իսկ հարթ տապանաքարերը պատկանել են սրբավայրի հոգևորականներն և, ինչպես ընդունված է, գտնվել են գավթի կամ տաճարի մուտքի մոտ: Եկեղեցու գոյության մասին են խոսում նաև մոտակա ժայռից ներքև թափված սրբատաշ քարերի բեկորները: Փորձում ենք ավերակների միջից գտնել հուշակոթողի կոտրված մասը, սակայն ապարդյուն: Խորհրդային տարիներին եկեղեցին ու գերեզմանոցն  ավերել են՝ ցանքատարածքներ հիմնելու նպատակով, և շատ տապանաքարեր, եկեղեցու քարերը գլորվել են ժայռերից ցած: Փորձում ենք նաև ներքևում փնտրել կոտրված մասը: Այն չի գտնվում, բայց մի քանի տապանաքար, եկեղեցուքիվիկտորներ, անկյունաքարեր գտնվեցին:  Եվ մեր փնտրտուքի հիմնական արդյունքը ևս մեկ ավերված մատուռ հայտնաբերելն էր: Հիշատակված պատմական ճանապարհ եզրին  է գտնվել մատուռը: Կառուցմած է կոպտատաշ քարից, կրաշաղախով: Պատերն ունեն մոտ 1 մ հաստություն: Կարևորը՝ պահպանվել է Խորանի  խաչքարը, որը գրեթե կլոր է՝ վրան 5 խաչեր են քանդակված, ունի 120սմ տրամագիծ Շինության մեջ ծառեր ութփեր են աճել:

About The Author

Related posts

Leave a Reply