Նոյեմբերի 13, 2018

Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». «Ոմն աղջկա և պատանու հրաշքի պատմությունը Փայտակարան երկրում»

ՈՄՆ ԱՂՋԿԱ ԵՎ ՊԱՏԱՆՈՒ ՀՐԱՇՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՅՏԱԿԱՐԱՆ ԵՐԿՐՈՒՄ

Սկիզբը այս էջում

Paytakaran Փայտակարան-Õ« լուսանկարը:Երասխ գետի այնկողմը՝ Փայտակարան նահանգում (այսինքն՝ Ղարադաղի), ոմն պատանի՝ ինքը քահանայի որդի, պատահել է հայերի բնակության տեղը, որի անունը Մեշափարա են հորջորջում, որի հեռավորությունը իրենց բնակատեղից կես օրվա ճանապարհ է: Նույն օրը եկավ իր հոր տունը, ստիպեց ծնողներին շտապ գնալ և մատանի տալ աղջկան: Ողորմելի ծնողները, ուշադրություն դարձնելով իրենց որդու խոսքերին, չկամեցան խափանել. կատարեցին նրա խորհրդադրությունը: Այդ նպատակով մի հավատարիմի միջոցով խաչանիշ մատանի ուղարկեցին՝ աղջկա նշանդրեքն անելու:

Այս առաջադրված գործը կարգավորելու համար պատգամավորներ գնացին, ծանուցին աղջկա ծնողներին: Երբ նրանք լսեցին, ժամ նշեցին՝ մնալ մինչև երեկո. խորհուրդ արին նրանց խոսքի առիթով՝ աղջիկը չտալ օտար և հեռավոր տեղի անծանոթ մարդկանց: Ըստ կատարված վճռահատության՝ երեկոյան ժամին ծնողները պատասխան տվեցին, թե չեն կարողանում կատարել նրանց բարեկամության սերը: Ըստ այս խոսքի՝ միջնորդական անձինք գնացին և հայտնեցին պատանու ծնողներին:

Երբ տղան լսեց անախորժ պատասխանը, բնավ չկարողացավ հանգստություն գտնել յուր մեջ, որի համար իրեն զարդարելով թանկագին հանդերձանքով, մի քանի օրից հետո արծաթե զենքով զինված՝ ճանապարհ ընկավ և ուղղակի գնաց աղջկա հոր տուն:

Երբ աղջիկը տեսավ պատանու գեղեցկությունը և աննման վարդակարմիր դեմքը, նրա հետ կապվեց հոգով և աներևույթ կաթոգին բնական սիրով: Դրա համար երկուսն էլ սպասում էին առանձին ժամանակի՝ միմյանց հայտնելու իրենց ցավն ու խորհուրդը: Ուստի այնտեղ՝ աղջկա ծնողների տանը,գիշերելիս գիշերվա մեջ վերկացավ և զարթնեցրեց աղջկան, երկուսով առանձնացան, և պատանին հարցրեց նրան բարեհաճյալ խորհուրդը, թե կամենո՞ւմ է կամ ցանկություն ունի՞ կատարել իրենց արած այդ խորհուրդը: Անարատ աղջիկը համաձայնում է նրա կամքին: Դրա համար տղան հորդորում է աղջկան նույն գիշերը առնել և փախչել ինչ-որ բնակատեղի, որտեղ կտանի իրենց ընթացքը:

Ըստ երկուսի համաձայնության՝ նույն գիշերը ելան այն բնակությունից, միասին գնացին մինչև մի ծաղկանկար և խոտավետ լեռ: Մոտ էր առավոտյան պահը, սակավ ինչ հեռացան ճանապարհից՝ ննջելու և հանգիստ առնելու գիշերային տանջանքից: Մինչև մի առանձնակի և խաղաղ տեղ գտնելը, արևելյան կողմից ծագման նշան երևաց, և այնտեղ մինչդեռ սակավ ինչ հանգստանում էին, քաղցրաբեր քունը եկավ բռնեց նրանց աչքերը, ննջեցին և քնեցին մինչև ճաշի ժամը: Ապա վերկացան, տեսան, որ օրվա քառորդ մասն անցել է, աղջիկն ասաց պատանուն. «Նստի՛ր մի քիչ, ահա կգամ նույն վայրկյանին, ապա կգնանք»: Պատանին այնտեղ սպասում էր, նա քիչ հեռացավ մարմնի կարիքի համար, հետո պատահեց զանազան անուշահոտ ծաղիկների, սկսեց փնջել և մեղմիկ ձայնով երանի տալ նրանց պայծառազարդ վիճակի համար, թե արդյոք ո՞վ նրանց սնուցեց կամ երփնագեղ գույնով զարդարեց:

Նույն վայկյանին հանկարծ մի վիշապ՝ ահագին և ահարկու,դեպի իրեն քարշեց, աղջիկը բնավ չկարողացավ շարժվել, և սաստիկ վախից կտրվել էր նրա ձայնը: Երբ պատանին տեսավ, որ աղջիկը ուշանում է, գնաց կանչելով, լսեց ինչ-որ նրբագույն ձայն, մոտեցավ նրան, տեսավ մի ահագին և այլանդակ վիշապ՝ գլխի ահագնակերպ մազը կախված, և աչքերը՝ որպես վառված ճրագներ,այրում էին: Ողորմելի աղջկան կուլ է տվել մինչև թիկունքը, ձեռքերը տարածել էր այսկողմն ու այնկողմը, չէր թողնում իսպառ կլանել իրեն: Երբ աղջիկը տեսավ տղային, աղաչում էր գալ և փրկել իրեն, ասում էր՝ տակավին անվնաս է.

— Հանի՛ր քո սուրը և ե՛կ, պատառի՛ր որովայնը ու սրախողխող արա՛: Ամենևին չէր կարողանում շարժվել և որչափ աղաչում էր, տղան, ոտնակապ եղած, բնավ չէր կարողանում մոտենալ: Երբ աղջիկը տեսավ, որ պատանին երկյուղից հետզհետե կամենում է հեռանալ, և նրանից ամենևին օգնություն չունի, և բնավ արձակման հույս չկա, ասաց.

— Ա՛յ երկչոտ և թուլասիրտ տղա, ինձ համար բարվոք է մտնել այս վիշապի որովայնը և կլանել ինձ քո աչքի առաջ,քան մտնել քո ծոցը: Այս խոսքն ասաց, ապա իրեն հավաքեց ձեռքերը, կծկեց իրեն և մտավ վիշապի փորը: Ողորմելի պատանին նկատելի մնաց հեռվից՝ պաշարված մեծ ողորմությամբ. երեք ժամ մնաց ոտքի վրա կանգնած, ապա տեսավ՝ վիշապը շարժեց իրեն, որովայնի վրա սողաց մի սրածայր քարի մոտ, իրեն նետեց նրա վրա, պոչը փաթաթեց ծառով, իրեն կպցրեց, ուժգին սեղմվեց քարին, ամուր ճզմեց, և նրա ոսկորները փշրվեցին: Պատանին վիշապի որովայնից լսեց նրա բարձրաձայն աղաղակը, իսկույն իմացավ, որ աղջկա ձայնն էր. մինչև այն ժամը տակավին կենդանի էր, այն ժամում մահացրեց, երբ աղջիկն ուժգին ձայնով գոչեց:

Տեր աստված այս խոսքը ընթերցողներիդ և լսողներիդ ազատի բոլոր երևելի և աներևույթ վիշապացած չարիքներից, որոնք, իրենց բերանները բացած, շրջում էին, թե ո՞ւմ կկարողանան կուլ տալ, նաև՝ հիշել անպետ բանասերիս, և դուք հիշվող լինեք ամենակալի առջև,ամեն:

Շարունակելի

About The Author

Related posts

Leave a Reply