Մայիսի 19, 2019

Ակսել Բակունցը և նոր գրական հայերենը (ըստ «Կարմրաքար» վեպի). թեզիսներ

Ակսել Բակունցը և նոր գրական հայերենը (ըստ «Կարմրաքար» վեպի). թեզիսներ

Մ. Քումունց

Ա. Բակունցի բառապաշարում բազմաթիվ բառեր կան, որ, կարծում ենք, նոր գրական հայերենի մեջ տարածվել են հենց մեծ գրողի երկերի միջոցով: Դրանցից հաճախականությամբ աչքի է ընկնում կածան բառը, որի առաջին բացատրությունը ներկայացնում է Գրիգոր Տաթևացին: Կածան բառով բարբառախումբն ունի բազմաթիվ կազմություններ՝ սըռնըկածան, վընդըկէծան, կըծընահար, կըծընաթակ, կըծընալուս, կըծընպիլöր||կէծանպլöր, կէծանհիլöր, ծըլկածան||ծալկածան և այլն:

Բնագրային բազմաթիվ օրինակներից էլ նկատելի է դառնում, որ Ա. Բակունցը տուրք է տվել ոչ թե գրական լեզվում տարածված արահետ բառին, որ «Կարմրաքարում» օգտագործվել է ընդամենը 4 անգամ, կամ շավիղ հոմանիշին, որ ավելի քնարական է, այլ բարբառում հնուց պահպանված կածան բառին, որի միջոցով բարբառախմբում կազմված շատ արտահայտություններ և հասկացություններ վեպում դրսևորվել են հիմնականում բառակապակցական միջոցներով:

Ա. Բակունցի «Կարմրաքար» վեպից առանձնացրել ենք գլուխ բազմիմաստ բառը և քննել ոչ միայն նրա իմաստային բազմազանությունը, նրանով կազմված նոր բառերի ու կապակցությունների բարբառային կամ գրաբարյան զուգահեռները, այլև այն հարցը, թե լեզվական ինչ նոր ձևեր են փախանցվել գրական լեզվին: «Կարմրաքար» վեպում գլուխ բառը գործածվել է մոտ 200 անգամ: Գլուխ բառով Սյունիք-Արցախում կան 500-ից անցնող բառեր ու կայուն կապակցություններ, որոնց մի մասը առանձնանում է իմաստներով և նրբիմաստներով՝

Ա) Հայերենում ձևավորված բազմիմաստության դեպքեր,

Բ) Սյունիք-Արցախ բարբառախմբի տարածքում ձևավորված իմաստներ, որ չկան կամ տարածված չեն հայերենի մյուս տարբերակներում:

Գլուխ բառի գործածության գերակշիռ մասը հանդիպում է դարձվածքներում, որոնք, ըստ վեպում ունեցած հատկանիշների, բաժանվում են հետևյալ խմբերի՝

Գրաբարից անցած և բարբառախմբում չհանդիպող,

Դարձվածքներ, որ ծագմամբ բարբառային են և վեպում էլ գործածվելով՝ պահպանում են Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարին բնորոշ հատկանիշները,

Քերականական իմաստով ձևավորված դարձվածքներ,

Հայերենի տարբերակներում տարածված դարձվածքները:

Նոր գրական հայերենի ձևավորման գործում, անշուշտ, Ա. Բակունցի դերը հատկանշվում է նոր բառերի և ոճերի կիրառությամբ: Հայերենում տարածված, գրական լեզվում հաճախականություն ունեցող բառերի փոխարեն գործածվում են նորերը, որ, հնարավոր է, ծագմամբ ավելի հին են, բայց մնացել են գյուղական կենցաղի առօրյայում: Այսպես՝ գետին, հարթություն հարթավայր և այլ բառերի փոխարեն վեպում մեծ մասամբ գործածվում է  տափ բառը:

Տափ բառով ածանցավոր և համադրական կազմություններ են՝ տափան, տափան անել, տըփանէլ, տափլակ, տըփաթօթ , տըփածէտ, տըփակօրծ, տըփահախ, տըփատէր, տըփատէզ, տըփատօն, տըփլըկանալ, տըփլիկօթուն, տըփըլօբի, տըփըգյաբա, տըփըկարպէտ, տըփըկըլօնձ,  տըփըմօկուն, տըփըքանդի,  տըփըքշերի,  և այլն:  

Ընդհանուր առմամբ Սյունիք-Արցախում տափ բառով հանդիպում է մոտ 250 կազմություն: Կարծում ենք՝ տափ բառը բնաձայնական ծագմամբ է, որ զուգահեռներն ունի հնդեվրոպական լեզուներում *doph-, *deph-՝ «ծեծել, տրորել»  նախաձևով, որ տարբեր բարբառներում համապատասխան հնչողությամբ և իմաստով է դրսևորվել և լայնորեն տարածվել մեր լեզվում:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի վեպի բառապաշարի ծագումնաբանական դասակարգման հարցերը, որ անմիջական առնչություններ կարող են ունենալ և օգտակար լինել նոր գրական հայերենի զարգացման միտումները ուսումնասիրելիս:

About The Author

Related posts

Leave a Reply