Հունիսի 14-ի աքսորին առնչվող նյութերը՝ զրույցներ, լուսանկարներ (լուսանկարներում կայարանը չկա. ով՞ սիրտ կաներ կայարանն այդ պահին լուսանկարել, թեև լուսանկարչական սարքերի պակաս չկար, քանի որ դրանք իրենց հետ բերել էին հաղթանակից հետո զորացրվածները), օրագրեր, բանաստեղծություններ, բանավոր ու գրավոր հուշեր, գրառումներ, ձայնագրություններ, հնարավորություն են տալիս քիչ թե շատ վերականգնել աքսորի նախօրեն՝ բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով անցած Ղափանում: Շրջկոմի առաջին քարտուղար Աշոտ Սարգսյանը հունիսի 13-ի աշխատանքային օրը սկսեց շտապ իր մոտ հրավիրելով կուսկազմ բաժնի վարիչ Աշոտ Հովհաննիսյանին և կարգադրեց. «Աշո՛տ Արշակիչ (նրան այդպես էին դիմում) շտապ գնե՛ք 107 թանաքաման, մի էդքան էլ գրիչ, գրելու թուղթ ու թանաք: Չխնայե՛ս: Իսկ մինչ այդ, ծանոթացիր այս թղթերի հետ»:Քարտուղարը Հովհաննիսյանին հանձնեց Ղափանի շրջանի կուսակցական, պետական աշխատողների և հիմնարկ ձեռնարկությունների տնօրենների 124 հոգուց բաղկացած ցուցակը և պահանջեց, որպեսզի կազմբաժինն ապահովի նրանց ներկայությունը բանվորական ակումբում կեսօրից անմիջապես հետո անցկացվելիք խորհրդակցությանը: Ոչ ոք շրջկոմում, առաջին քարտուղարից բացի, չգիտեր, թե ինչի համար է գնվում այդքան գրենական պիտույք: Իմացան հետո, երբ խորհրդակցությունից հետո «կցվածների» ձեռքն էին խոթում թղթեր, գրիչ, թանաքաման՝ աքսորականների տներում անհրաժեշտ արձանագրություններ կազմելու համար:
Ղափան, 1949 թվական, հունիսի 13, սովորական ամառային օր, սովորական առօրյայով ապրող բնակավայր՝ ոչ այն է փոքր քաղաք, ոչ այն է՝ մեծ գյուղ:
Հանքերում, ձեռնարկություններում և գյուղերում աշխատանքային եռուզեռ էր: Կեսօրից հետո բանվորական ակումբը[1] լցվեց մարդկանցով: Սպասում էին խորհրդակցությունը սկսելուն, բայց որևէ ղեկավար չէր երևում: Սպասում էին, անհամբեր ելումուտ անում: Եվ օրը ձգվեց մինչև երեկո: «Անտրամադիր էր հատկապես Սուրեն Միքայելյանը»,- ասում են խորհրդակցության մասնակիցները: Ժամը 18-ն անց 30-ին հայտարարեցին, որ տեղի ունենալիք հույժ կարևոր խորհրդակցության պատճառով ոչ ոք իրավունք չունի դուրս գալ դահլիճից, և փակեցին դռները: Քաղաքում անմիջապես լուր տարածվեց, որ շրջկոմ կանչված կուսակցական, պետական աշխատողներն ու հիմնարկ- ձեռնարկությունների տնօրենները արգելափակվել են թատրոնի (բանվորական ակումբ) շենքում[2]: Ներս ու դուրս անելու իրավունքից զրկվածները դահլիճում անհամբեր սպասում էին իրենց կուսակցական ընկերներից մեկուսացած ու համրացած Երևանի ներկայացուցիչ Սուրեն Միքայելյանի[3] և Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար Աշոտ Սարգսյանի[4] ելույթներին: Ժամանակը գլորվում էր, իսկ դահլիճում գտնվող այս երկուսը չէին խոսում: Նրանք համրացել էին:
«Անտրամադիր էր հատկապես Սուրեն Միքայելյանը»,- ասում են խորհըրդակցության մասնակիցները: Մարդիկ դես ու դեն էին ընկնում, նստում, վեր կենում, հենվում, փռվում աթոռներին, խոսում էին զգույշ, շշուկով: Դահլիճը կորել էր ծխի մեջ, ծխում էին բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր մինչ այդ մի հատիկ ծխախոտ անգամ բերանները չէին տարել: Ներկաներն ամեն տեսակի ենթադրություն էին անում՝ բացի մեկից. այն, որ ժամեր անց մասնակիցը կլինեն հայրենակիցների ու հարազատների դեմ Կրեմլում նյութված ստոր դավադրության իրականացմանը: Մարդիկ հարցեր էին ուղղում միմյանց ու կասկածներ հայտնում: Հիմնական կասկածները ծավալվում էին Թուրքիայի դեմ պատերազմի շուրջը: Իրեն անհանգստացնողներին, թե ինչ հարցեր են քննարկվելու այսքան ձգձգվող խորհրդակցությունում, Աշոտ Հովհաննիսյանը արձագանքում էր. «Հետո ի՞նչ, որ շրջկոմի կուսկազմբաժնի վարիչն եմ, միևնույն է, ես օրակարգին անտեղյակ եմ»:- Աշո՛տ Արշակիչ, բա էդքան թանաքն ու գրիչը ինչի՞ համար է,- չէին դիմանում, հարցնում էին: Իսկ կազմբաժնի վարիչը, զսպելով ներքին անհանգստությունը, պատասխանում էր. «Որքան դու՛ք գիտեք, այնքան էլ՝ ես»:
Անհանգստությունը վերածվեց տագնապի, տարածվեց պատերից դուրս՝ վարակելով թատրոնի պատերից այն կողմ արթուն մնացածներին, հետաքրքրասերներին, «կալանվածների» հարազատներին: Կեսգիշերին մարեցին քաղաքի լույսերը՝ ընդհանուր խավարի մեջ կասկածն ավելի խորացնելով. ինչո՞ւ են հանգցնում լույսերը, ի՞նչ է կատարվում, լուսաքողարկո՞ւմ է (շրջանում չէին մոռացել պատերազմական տարիների լուսաքողարկումները): Ուրեմն պատերա՞զմ է սկսվում: Չարագուշակ մտքեր էին թևածում: Ղափանում բնակչության մեծ մասը չքնեց այդ գիշեր: Գիշերվա ժամը 2-ն անց 20: Շչակների ոռնոցով քաղաք մուտք գործեց զինվորական ավտոշարասյունը, շարժվեց ստադիոնի ուղղությամբ, շարվեց ստադիոնում: Ահա և վառվեցին լույսերը: Քիչ անց զինվորականների մի խումբ հայտնվեց բանվորական ակումբի շենքում: Բեմ բարձրացավ և «Կուսակցության և կառավարության հանձնարարությունը կատարելու պատրաստ լինելու մասին» Միքայելյանին զեկուցեց շարասյան պետ, ղափանցի Կոլյա Մուսայելյանը[5]: Ճնշող ու խորհրդավոր լռության մեջ Երևանի ներկայացուցիչը, որին ղափանցիները հիշում են որպես Կենտկոմի երկրորդ քարտուղար, հայտարարեց հանրապետությունից անբարեհույս տարրերին աքսորելու «վերևների»[6] որոշման մասին, ասաց, որ դրանք կան նաև Ղափանի շրջանում, կոչ արեց կազմակերպված կերպով իրականացնել «կուսակցության հանձնարարությունը» և… ներկաների սարսափահար հայացքներին ու հարցականներին ի պատասխան արդարացրեց «ընկ. Ստալինի որոշումը»: Կարո՞ղ էր այդ պահին որևէ մեկը լեզուն շրթունքներով տալ, թե այս ի՞նչ անմարդկային, հանցավոր որոշում է կայացրել «Առաջնորդը», եկե՛ք չիրագործենք պահանջները: Չէր կարող: Բայց գործարքին մասնակցելուց հրաժարվող անհատներ եղան, որ նշանակում է ինչ-որ տեղ դեմ գնալ որոշմանը: Շտապել, արագացնել էր պետք. առանց այն էլ Թասի ոլորաններում պատահած վթարի պատճառով շարասյունն ուշացել էր[7]: Հապշտապ ճշտվեցին ու հաստատվեցին շրջանի Պետական անվտանգության մարմնի կողմից արված կցումները[8]: Ընթերցում էին աքսորի ենթակա ընտանիքի ավագի անունը, հետո ընտանիքի անդամներինը, ապա հնչում էր կցվածի անուն ազգանունը[9]: Հայտարարվեց, որ թույլատրվում է յուրաքանչյուր ընտանիքի իր հետ վերցնել մեկ տոննայից ոչ ավելի մթերք և իրեր: Մարդիկ ահաբեկված էին:
Որքան էլ բիրտ ու դաժան էին ժամանակները, անկանխատեսելի էին հետևանքները, միևնույն է՝ հունիսի 14-ին մենք ունեցանք ժամանակից ու ժամանակակիցներից վեր կանգնած հայրենակիցներ: Նրանցից էր Աշոտ Հովհաննիսյանը: Արդյո՞ք զուգադիպություն էր այն, ինչ կատարվեց Հովհաննիսյանի հետ (Երևանում եղել են դեպքեր, երբ կցվածները տհաճ զուգադիպությամբ ընկել են իրենց ընկերոջ կամ բարեկամի տունը): Ժողովականները քար կտրեցին, երբ աքսորականների ցուցակներն ու կցվածների անունները հրապարակելիս հնչեցին աքսորվողի՝ Արծվանիկ գյուղի «տերտերի որդի» Հայկ Տեր-Հարությունյանի և կցվածի՝ Աշոտ Հովհաննիսյանի անունները:
«Ես սարսռացի, աչքերս մթնեցին… Հայկը քեռուս տղան էր, քեռիս՝ Տեր Մեսրոպ քահանան էր: Ես որբացել էի, քեռուս տանն էի մեծացել, և ստացվում է, որ պիտի աքսորեի այն մարդկանց, ովքեր պահել-խնամել են որբիս… Ի՞նչ անեի… Ես պիտի աքսորեի իմ ծնողներին, նրանք ինձ համար հայր ու մայր էին: Այդ ի՜նչ ժամանակներ էին… Այն էլ պատերազմից հետո, հաղթանակից հետո, մեր ժողովրդի անսահման զրկանքներից հետո,- ասում է Հովհաննիսյանը (այս մասին խոսելուց 99-ամյա մարդը արցունքներ էր թափում):
Պատերազմն անցած Աշոտ Արշակիչը կտրականապես հրաժարվեց կատարել կուսակցական հանձնարարությունը: Խորհրդակցության մասնակիցների քար լռության մեջ Ավետիքովի սկզբնական հորդորներին, ապա սպառնալիքներին պատասխանեց. «Միևնույն է, չե՛մ կարող: Հասկացե՛ք, ո՛րբ եմ մեծացել, քեռիս ու քեռակինս են ինձ պահել: Նույնն է, թե կալանավորեմ հարազատ ծնողներիս»:
Բայց ո՞վ կհասկանար՝ կագեբեիշնիկնե՞րը, միլիցիոներնե՞րը, թե՞ քարտուղարը: Հասկանան-չհասկանան՝ հրաժարվեց: Ավետիքովը կուսակցական նոր հանձնարարություն տվեց: Առավոտյան նա, իր հետ վերցնելով Հովհաննիսյանին, շարժվեց երկաթգծից վեր գտնվող տների կողմը, որտեղ բնակվում էր ռազմագերի Գրիգոր Ստեփանյանը:
Գրիգոր Ստեփանյանի (ծնվ. 1916թ.) ընտանիքն աքսորվեց, երբ երկաթուղային կայարանից վեր թեքության վրա տուն էր կառուցում: Կինը՝ Սոնյան, առավոտ կանուխ ջրի էր գնացել, Գրիգորը տանիքն էր ամրացնում, երբ զինվորները «доброе утро», իսկ կցվածները` բարի լույս մաղթեցին: Կցված Աշոտ Հովհաննիսյանն ասում է, որ Գրիգորը հանկարծակիի չեկավ, կարծես ինչ-որ բանի սպասում էր, իսկ կինն ահա զարմացած էր ու սկսեց վիճել, երբ ասացին, որ իրենց պիտի տեղափոխեն Ղափանից: Գրիգորը հասցրել էր արդեն մեկ անգամ պատիժ կրել Պերմում: Հետո ազատվել, վերադարձել էր Ղափան, աշխատում էր որպես անասնաբույժ: Նա ավելորդ համարեց շատ իրեր վերցնել և ընտանիքն առած՝ մեքենայով իջավ կայարան: Տխուր էին, բայց կայարանում տեսնելով իրենց նմաններին՝ սրտապնդվեցին:
Օրեր անց Ղափանում լուր տարածվեց, որ բյուրոն աննպատակահարմար է համարել Աշոտ Հովհաննիսյանի ներկայությունը շրջկոմում և աշխատանքի է ուղարկել ՖԶՈՒ (Ֆաբրիկագործարանային ուսումնարան):
Թվում էր`Հայկ Հարությունյանին աքսորելու նախադրյալներ պիտի չլինեին, թեև «տերտերի տղա էր» (Արծվանիկի հոգևոր հովիվ, հանրահայտ ուսուցիչ Մեսրոպ Տեր-Հարությունյանի որդին էր): Եղբայրը` Գրիգոր Տեր-Հարությունյանը, դաշնակցական հայտնի գործիչ էր, բավական երիտասարդ տարիքում հայ-թաթարական կռիվների ժամանակ Արծվանիկի հերոս խմբապետ, 1919թ. Ագարակ-Եղվարդի ճակատամարտում արծվանիկցիների քաջարի առաջնորդը, նույն կռվում ցավալիորեն զոհված: Մյուս եղբայրը՝ Արարատը, երիտասարդ կոմունիստ էր, որին գնդակահարել էր Ղափանի ազգային ուժերի հրամանատար Գերասիմ Աթաջանյանը[10]: Պիտի որ Արարատի գործոնը խանգարեր Հայկի՝ ցուցակում հայտնվելուն: Սակայն 1948-ի մի դիպված խոսում է այն մասին, որ «ում ուզեին, կաքսորեին», ում դեմ ասես կարող էին գործ սարքել: Ինքը՝ Հայկն էլ զարմացած էր, բայց միայն հետո իմացավ, որ աքսորվել է որպես դաշնակցական ընտանիքի անդամ: Չգնահատվեց կոմունիստ Արարատի եղբայրը լինելը, մոռացվեցին հորեղբոր՝ Խաչատուր Տեր-Հարությունյանի՝ խորհրդային հաստատություններին նվիրաբերած բարեգործությունները, «գնահատվեցին» «տերտերի տղան» ու «խմբապետի» եղբայրը:
Դիպվածը բնակարանի պատմությունն էր: 1948թ. Արծվանիկի տնտեսության գործերը կարգի բերելու նպատակով նրան կանչեցին շրջկոմից և պարտադրեցին գնալ հայրենի գյուղ և աշխատել այնտեղ: Հայկի՝ գյուղ գնալն ու քաղաքի բնակարանի համար պայքարը մեկեն սկսվեցին: Պահանջեցին ազատել բնակարանը և գյուղ տեղափոխել նաև ընտանիքը: Մերժեց: Կանչեց շրջկոմի առաջին քարտուղար Աշոտ Սարգսյանը և մերժում ստանալուց հետո սպառնաց. «Գնա՛, բայց չփոշմանես»:
Հարություն Մանգասարյանը[11] գրում է. «1949թ. Ղափանի շրջկոմի քարտուղարն էր Աշոտ Մարտինիչ Սարգիսյանը, անտակտ էր, աշխատեց մոտ երկու տարի, հեռացված էր աշխատանքից խիստ բացասական իմաստով, նրան փոխարինեց իմ սիրելի ընկեր, հաստատակամ, մարդամոտ Երվանդ Մելքոնյանը[12]: Վերջինիս շնորհիվ տասնյակ մարդիկ փրկվեցին ձերբակալություններից ու բանտերից: 1949 թվականին մարդկանց ընտանիքով աքսորելու հերոսներ էին ՀԽՍՀ ՆԳՄ գնդապետ, որի ազգանունը չեմ հիշում (դա պետական անվտանգության ներկայացուցիչ մայոր Վ. Ս. Բուդաղովն էր՝ Գ. Ս.), պետանվտանգության Ղափանի բաժնի պետ, գնդապետ Հայկ Նախշիքարյանը, Ա. Մ. Սարգիսյանը՝ շրջկոմի քարտուղարը, խիստ գաղտնի խորհրդակցություններից հետո օրգանի աշխատակիցները և Ղափան քաղաքի վստահելի անձինք բեռնատար մեքենաներով գիշերը գնացել, ընտանիքները փոխադրում էին Ղափան, լուսաբացին բաց վագոններում նստեցնում: Ղափան քաղաքում, գյուղերում լաց ու կոծ էր ու զայրույթ: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակից հետո ո՞ւր են տանում այդ անմեղ մարդկանց․․․ Թեև շրջանային սովետի նախագահը ես էի, բայց այդ գաղտնի ժողովների և այդ օպերացիայի մասին ինձ ոչինչ չասացին և մասնակից չեն դարձրել: Օրվա հերոսը՝ վստահված անձը, Ա. Մ. Սարգիսյանն էր, որը և խրախուսվեց: Բարբարոս գազանություն. ես հետո իմացա․ անվանի որմնադրին՝ շուրջ 90 տարեկան (անուն-ազգանունը մոռացել եմ), հիվանդ վիճակում բարձրացրել են վագոնի մեջ, հաջորդ օրը մահացել է: Կարծեմ՝ Առաջաձոր գյուղից էր, Տաթևի վանքի վերանորոգող վարպետը: Այն ժամանակ չգիտենք, որ տանում են Ալթայի երկրամաս»[13]:
Ղափանի շրջկոմի քարտուղար Միլիտոս Դավթյանը երկրորդն էր: Արհամարհելով զգուշացումները՝ իր հետ վերցրեց սննդամթերքի պաշար և շտապեց կայարան, հանձնեց արտաքսվող քրոջը… և ազատվեց աշխատանքից: Սուրեն Միքայելյանն ու Աշոտ Սարգսյանը ՀԿ(բ)Կ կենտկոմին ուղղված զեկուցագրում[14] չմոռացան ցուցադրել իրենց «սկզբունքային, բոլշևիկյան անհանդուրժողական» գործելակերպը և որպես օրինակ՝ ներկայացրին քարտուղար Դավթյանին. «Աքսորականների շարքում էր ՀԿ(բ)Կ Ղափանի շրջկոմի քարտուղար ընկ. Մ. Դավթյանի քույրը, որի ամուսինը (Վերին Հանդ գյուղի կոլտնտեսական) եղել է լեգեոնական»[15]:
Մեկ ուրիշն էլ կար՝ Ագարակ գյուղից Գաբրիել Աղախանյանը[16], ում ընտանիքի հետ կայարան էին բերել՝ աքսորելու: Կապանի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի Լաուրա Աղախանյանը պատմում է. «Հիշում եմ՝ հունիսի 14-ին մայրիկիս փեշը բռնած՝ հասա Ղափանի կայարան: Այստեղ լաց ու կոծ էր: Գաբրիելը բարձրաձայն վիրավորեց Ստալինին, ասաց. «Էդ անասուն Ստալինը ի՞նչ է ուզում մեր ժողովրդից»: Մայրս վախեցավ ու խնդրեց ձայնը գլուխը չգցել. «Ուզում ես մե՞զ էլ Սիբիր քշեն»: Լսողներ եղել էին, բայց այդ պահին նույն հարցը բոլորն էին տալիս:
Հավերժական, տեղ ու դադար չտվող հարց՝ իսկապես, ի՞նչ էր ուզում «Ցարերի գահին բազմած» ստահակը: Ի՞նչ են ուզում մեզնից ընդհանրապես:
[1] 30-ական թվականներին կառուցված այս շինության մասին երկու կարծիք կար՝ պահ-պանել կամ քանդել ու տեղում նորը կառուցել: Քանդեցին... Մեր օրերում շենքի տեղում թառել է սև ապակուց ու բետոնից թխված այլանդակ ու անճաշակ, ոչ այն է սև, ոչ այն է սպիտակ մի կիսակառույց, որ ավելի շուտ ագռավ է հիշեցնում և մեր բզկտված երկրի ընդերքը հոշոտող-ների ու նրանց երկրպագողների պաշտամունքի խորհրդանիշն է այս կողմերում: Այն Արտավազդ Փարսյան-Մելիք-Ստեփանյանի կերտած հրապարակը և մեր պատմությունը թաղել է «սազանդար» շատրվանների խողովակ-կմախքների ու բազալտի ծածկի տակ: Սյու-նիքի մարզային կենտրոնում գռեհկացվել ու աղավաղվել է մեր անցյալը, այստեղ հառնել է հարստության ու ագահության դև Մամոնան:
[2] Դատելով 124 թվից և իմանալով, որ յուրաքանչյուր ընտանիքի կցվում է 2 քաղա-քացիական անձ, կարող է նշանակել, որ շրջանից աքսորվող ընտանիքների քանակը պիտի լիներ 62: Համաձայն չճշտված ցուցակների, հաշվարկների՝ աքսորական ընտանիքների թիվը 67 է:
[3] Սուրեն Միքայելյան. կուսակցական, պետական աշխատող Արթիկից: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, 1933-1937թթ. եղել է Արթիկի և Իջևանի շրջկոմների քարտուղար, 1937-ից՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի առա-ջին քարտուղար, այնուհետև աշխատել է ՀԿ(բ)Կ Կենտկոմում, 1940-1948թթ.՝ Կենտկոմի քար-տուղար, 1948-1955թթ.՝ լուսավորության նախարար, այնուհետև՝ Պրոֆտեխկրթության պե-տական կոմիտեի նախագահ:
[4] Աշոտ Մարտիրոսի Սարգսյանը 2-րդ աշխարհամարտի մասնակից է, զրահատանկային զորքերի փոխգնդապետ: Ծնվել է 1915թ. Ադրբեջանի Իսմայիլի շրջանի Կալագա գյուղում: Թուրքական արշավանքներից փրկվելու համար մայրը երեխային հասցրել է Աշխաբադ: Այստեղ էլ մոր մահից հետո երեխաներն ընկնում են որբանոց, ապա վերադառնում հայրենի գյուղ: Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո քրոջ հետ տեղափոխվում է Երևան: 1936-ին ավարտում է Երևանի լեռնային տեխնիկումը, աշխատանքի անցնում Ալավերդու հանքերում: 1936-1938-ին ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունից հետո սովորում է: Պատերազմի առաջին օրերին հեռագրում է Վորոշիլովին՝ խնդրելով իրեն ռազմաճակատ ուղարկել: 1941-ի նոյեմբերին երդում է տալիս Լենինի հրապարակում: Նշանակվում է 89-րդ դիվիզիայի 526-րդ գնդի կոմիսար, ապա դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ: Մոսկվայում դասընթացներ անցկացնելուց հետո հայտնվում է ուկրաինական ճակատում: 1981-ին (մահից մեկ տարի հետո) Կիևում լույս տեսավ բրիգադի հրամանատարի՝ գեներալ մայոր, Խորհրդային Միության հերոս Նիկոլայ Իվանիչ Զավյալովի «Արիության վերստեր» գիրքը 5-րդ առանձնացված, մեխանիզացված բրիգադի մասին, որն առաջինն էր անցել ԽՍՀՄ սահմանը, ազատագրել Իզմայիլը: Այստեղ խոսվում էր նաև Սարգսյանի մասին: Երկրորդ գրքում ևս հիշատակվում է Աշոտ Սարգսյանը: Պատերազմից հետո վերադառնում է Երևան: Այնուհետև անցնում է կուսակցական աշխատանքի: 1948թ. նոյեմբերից մինչև 1950թ. նոյեմբերը Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարն էր: 1950-1956թթ. աշխատում է Հայաստանի երկրաբանական վարչության պետի տեղակալ: 1960-ից ղեկավարի աշխատանք էր կատարում գյուղատնտեսությունը սպասարկող հաստատություններում: Քարտուղար Աշոտ Սարգսյանն իրականում անզոր էր իրավապահ մարմինների դեմ: Ի՞նչ էր մնացել նրանից աքսորից հետո, ի՞նչ կերպ էր ուզում «քավել» մեղքերը իր ղեկավարած շրջանի բնակչության հանդեպ: Նրա կերպարը կարող է լրացնել Շիկահող գյուղի այն տարիների կոլտնտեսության նախագահ Գեդեոն Խաչատրյանի մի զրույցը. «Ռայկոմի քարտուղարին Ղափանում աքսորից հետո տանել չէին կարող: Նրան «Ցիլինդր» էին անվանում ցիլինդր կրելու համար: Որ ճիշտն ասենք, ինքը վախենում էր կագեբեից ու դատախազից: Բայց ո՞վ չէր վախենում դրանցից: Ինքը լավ ֆուտբոլիստ էր, սիրում էր սպորտը: Մի լավ բան արեց՝ Ղափանի ադրբեջանցիները, պատեֆոնները զլած, մուղամ էին լսում, էն չափի, որ թվում էր, թե Ղափանը հայկական քաղաք չէ: Նա կտրել տվեց կլկլոցը, իսկ բողոքավորներին ասել էր՝ լսե՛ք ձեր տներում, չե՞ք ուզում, գնացե՛ք Զանգելանում բարձր լսեք: Ասում էին՝ Ավետիքովը, որքան էլ մոտ էր քարտուղարին, դրա համար (թուրքերն էին բողոքել) ուզում էր գործ սարքել գլխին՝ մեղադրելով նացիոնալիզմի մեջ: Աքսորից հետո՝ մի օր, երբ Սարգսյանը, կարծեմ գեոլոգ ռազվեդկայում [երկրաբանական հետախուզարան] էր թե ինչ էր, Ստալինի մեռնելուց հետո էր, մի օր գյուղից ներքև՝ Գետի արտում, հանդիպեցի: Հալից ընկած մի «Վիլիս»-ով էր․ նախկին քարտուղարից բան չէր մնացել: Մոտեցա, բարևեցի, գիտեի, որ սոված կլինեն, տուն բերեցի: Անցյալից չխոսեցինք, ինքը խիստ մտահոգ էր, ճնշված էր զգում իրեն: Չասացի էլ, որ քույրս էլ է աքսորված: Ի՞նչ խոսեինք, ի՞նչ ասեի: Գուցե աքսորն էր հիշում: Աստղիկին ասացի՝ հաց կապեց, դրեցի իրենց հետ, տարան, պիտի ռազվեդկա անեին: 60-ականներին Երևանում բարձր պաշտոն ուներ, ինքն էր որոշում կոլխոզներին տեխնիկա տալու հարցը: Գիտեմ, որ Սարգսյանը առանձնահատուկ ուշադիր էր Ղափանի հանդեպ: Ինչ հարցով դիմում էին, նա ընդառաջում էր»: Սա անհատի ողբերգությունն էր:
[5] Փոխգնդապետ Նիկոլայ (Կոլյա) Շամիրի Մուսայելյան (1914-1959). Կապանի Ուժանիս գյուղից է, միջնակարգ ու բարձրագույն կրթություն է ստացել Երևանում, մասնակցել Մեծ հայրենականին, կատարել քաղաքական աշխատանք: Պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով: Կյանքի վերջին տարիներին Երևանի կայազորային հոսպիտալի պետի քաղաքական գծով տեղակալն էր:
[6] «Բնութագրական է «վերև», «վերևներ» հասկացությունների օգտագործումը։ Դա ընդհանրապես, ես կասեի, շատ «խորհրդային» բառ է։ Շատ բան կարելի էր վերագրել կամ բարդել անդեմ «վերևներին»։ Եթե ինչ-որ կարգադրության հեղինակ նշվում էր «վերևները», ապա դա, որպես կանոն, արդեն քննարկման ենթակա չէր, ենթակա էր միայն իրակա-նացման» (Խառատյան Հ., Շագոյան Գ., Մարության Հ., Աբրահամյան Լ., Ստալինյան բռնա-ճնշումները Հայաստանում, Պատմություն, հիշողություն, առօրյա, «Գիտություն» հրատ․, Երևան, 2015, էջ 210 (Հարություն Մարության, Ո՞վ է մեղավոր) (այսուհետև՝ Խառատյան և այլք, 2015)): Բոլորն այդ պահին քաջ գիտակցում էին, որ «վերևները» Մոսկվան, Կրեմլը, կոմ-կուսն են, վերջապես ամենավերևը՝ «ընկեր Ստալինը»:
[7] Գորիս-Կապան ճանապարհի Որոտանից վեր բարձրացող ոլորապտույտները, որոնք դժվարանցանելի են հատկապես ձմռանը: Թասը բնության անկրկնելի հրաշալիք է:
[8] Մոռացության են մատնվել կցվածները, և անհայտ են զինվորականները, բայց մի փոքր օգնության են հասնում վավերագրերը: Այսպես՝ խուզարկությունների վերաբերյալ ար-ձանագրություններից հնարավոր է լինում ճանաչել առաջիններին և իմանալ վերջինների՝ «կարմիր պագոնավորների» անունները: Ստորև նրանցից մի քանիսը՝ ըստ արձանագրու-թյունների՝
- Սոնա Մելքումյանի ընտանիքը Շիկահող գյուղից, հասցեն՝ Լենհանքեր, հիվանդանոց: Գործողության ղեկավարը՝ ՆԳՄ ավագ լեյտենանտ Սնինկո: Կցվածներ՝ Ա. Փարսադանյան (Զանգեզուրի հանքվարչության բնակվարչության պետ), Խարազյան Մ. Ա. (հանքվարչության էլցանցի պետ):
- Շահնազարյան Նուբարի ընտանիքը Առաջաձորից: Գործողության ղեկավարը՝ ՆԳՄ ավագ օպեր լիազոր Կլիմով, հասցեն՝ Չերնյախովսկ: Կցվածներ՝ Գրիգորյան Վահան Սիմոնի (ուսուցիչ, ժողկրթբաժնի ղեկավարներից՝ Գ. Ս.), Կարապետյան Արամ Կոլյայի (Ղափանի բնակիչ, Բեխի կոլտնտեսության նախագահ՝ Գ. Ս.):
- Խաչատրյան Անահիտ Բաղդասարի, գյուղ Սյունիք: Գործողության ղեկավարը՝ ՆԳՄ լեյտենանտ Սիմոչկին (Գրոզնու մարզ): Կցվածներ՝ Աղամիրյան Աղամիր Ռուստամի (ուսուցիչ՝ Գ. Ս.), Ղազարյան Լևոն Հարությունի:
- Ավթանդիլյան Արշալույս Նիկոլայի, գյուղ Շիկահող: Գործողության ղեկավար՝ ՆԳՄ լեյտենանտ Մնացականյան: Կցվածներ՝ Արտեմ Քարամի Խաչատրյան (Ղափանի տաբակսիրոյի՝ ծխախոտի մթերման կայանի պետ), Արտեմ Գաբրիելի Մարտիրոսյան (գյուղի կուսկոմիտեի քարտուղար): Խուզարկությանը մասնակցել է զինվոր Դմիտրի Նիկոլաևիչ Ստրուկովը:
- Ստեփանյան Գրիգոր Պատվականի, բնակվում է երկաթուղային կայարանի դիմաց: Գործողությունը ղեկավարում է ՆԳՄ մայոր Ավետիքովը (Ղափանի բաժնի պետի տեղակալ՝ Գ. Ս.): Կցվածներ՝ Հովհաննիսյան (Աշոտ՝ Գ. Ս. ) (շրջկոմի բաժնի վարիչ), Քարամյան (ОРС-ի՝ բանվորական մատակարարման բաժնի պետի տեղակալ):
- Համբարձումյան Մայթաղ, Շիկահող: Գործողությունը ղեկավարում է ՆԳՄ ավագ լեյտենանտ Կիսլենկոն: Կցվածներ՝ Աբրահամյան Ա. Վ. (Շիկահողի նախագահ), Արզումանյան Ա. Խ. (Գյուղբանկի լիազոր, Շիկահողից, 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկ՝ Գ. Ս.): Մասնակցում է զինվոր Կոնեպելկինը:
- Հովհաննիսյան (Արշակ՝ Գ. Ս.), Շիշկերտ: Գործողությունն իրականացնում է ՆԳՄ օպեր լիազոր կապիտան Դոլգովը Գրոզնու մարզից: Կցվածներ՝ Ավետիսյան Գ. Պ. (գյուղբաժնի վարիչ), Գալստյան Հ. Մ. (գյուղբաժնի գյուղատնտես):
- Բաբայան Վարսենիկ Համբարձումի, Շիկահող: Գործողությունն իրականացնում է Գրոզնու մարզի ՆԳ «А» բաժնի աշխատակից, ավագ լեյտենանտ Կիսլենկոն: Կցվածներ՝ Գևորգյան Շ. Ի. (շրջկոմի հաշվառման բաժնի վարիչ), Ավագյան Բ. Ա. (Սրաշենի կոլխոզի նախագահ): Մասնակցում է սերժանտ Սուսցովը:
- Պետրոսյան Արտուշ Վարդազարի, Շրվենանց: Գործողությունն իրականացնում է ՆԳՄ կապիտան Նիկոլաևը: Կցվածներ՝ Բախշի Թումանյան («Նոր եռանդ» արտելի նախագահ), Բաղդասարյան Ալեքսանդր (ֆելդշեր:): Վերջինս տիպիկ ստալինյան ոգով դաստիարակված մարդ էր, նրա համար Ստալինը բոլոր ժամանակների հզորագույն գործիչն էր, համոզված էր, որ մարդկանց աքսոր քշելը արդարացի է: Ծանր է տարել 20-րդ համագումարի որոշումները: Տանը պահում և փայփայում էր առաջնորդի բրոնզե կիսանդրին, չէր հանդուրժում որևէ ակնարկ նրա հասցեին:
- Հարությունյան Բախշի Ավագի, Ղափան, 2-րդ փողոց, տուն 28 (Փիրմազրա գյուղից): Գործողությունն իրականացնում է ՆԳՄ մայոր Ավետիքովը (Ղափանի բաժնի պետի տեղակալ): Կցվածներ՝ Մարտիրոսյան Իվան (շրջժողկրթբաժվար), Ղոնյան Անդրանիկ, («Սովետական Հայաստան» թերթի թղթակից):
- Տեր-Հարությունյան Հայկ Մեսրոպի, գյուղ Արծվանիկ, Գործողությունն իրականացնում է ՊԱՄ աշխատակից, Գրոզնու մարզից, լեյտենանտ Աշխամլովիչ: Կցվածներ՝ գյուղխորհրդի նախագահ Սարկիսով, Զաքարյան Բեկլար (շրջանային ձեռնարկության ղեկավար):
[9] Ղափանի այն ժամանակվա անձնագրային բաժնի պետ Մողես գյուղից Գուրգեն Ասատրյանի վկայությամբ՝ որոշ կցվածների բաժանվեցին ծրարներ, որոնք պիտի բացվեին սահմանված վայրում և կարդային աքսորի ենթակա ընտանիքի անունը: Ասում էին նաև, որ մի երկուսը (անուններ չէին հնչեցնում) անթաքույց հրճվանքով ընդունեցին կառավարության որոշումը, և ինչ-որ մեկն էլ խնդրեց իրեն ուղարկել «դաշնակցականների գյուղ Շիշկերտ»: Ուղարկեցին թե ոչ՝ չգիտենք:
[10] Այս մասին տե՛ս՝ Սմբատյան Գ., Սյունիք. Պատմություն և հիշողություն, «Անտարես» հրատ., Երևան, 2019 «Ուրգութի հավերժական ննջեցյալը» գլխում (այսուհետև՝ Սմբատյան 2019):
[11] Հարություն Խաչատուրի Մանգասարյանը ծնվել է 1903թ. Քաջարան գյուղում, մա-հացել 1992թ. Երևանում: Ընտանիքը Քաջարանից վերաբնակվել է Ծավում, մանկությունն ու պատանեկությունն անցել է Ծավում, ահա թե ինչու իրեն համարում էր ծավցի: Ստացել է տարրական կրթություն, 20-ականներին տեղափոխվել Երևան, գործուղվել Մոսկվա ու սովորել է Քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայում: Երևանում կատարել է կուսակցական աշխատանք: Կազմակերպել է հեղափոխության թանգարանը: Մասնակցել է պատերազմին, վիրավորվել: 1946-1950թթ. Ղափանի շրջանային գործկոմի նախագահն էր (նրան ձերբակալելու մտադրություն է ունեցել դատախազ Հարությունյանը): Այնուհետև աշ-խատել է Գերագույն խորհրդում և Ազգային արխիվում: Գերազնիվ, սկզբունքային ու հայրե-նասեր մարդ էր, մեծ հարգանք ուներ հայրենի շրջանում: Ունի արժեքավոր հուշեր: Նա հայ-թաթարական բախումների ժամանակների Վերին Ձորի պաշտպանության հերոս ղեկավար Թևատրոս Մանգասարյանի եղբոր որդին է (այս մասին տե՛ս՝ Սմբատյան Գ., Սյունիքը փոր-ձության մեջ, «Անտարես» հրատ., Երևան, 2017, Վերին Ձոր, պատերազմն ամպերից վեր գլխում (այսուհետև՝ Սմբատյան 2017):
[12] 1950-1953թթ. ՀԿ(բ)Կ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար, Շիկահող գյուղից, Մես-րոպ Մագիստրոս Տեր-Մովսիսյանի քրոջ որդին:
[13] Հարություն Մանգասարյան, Նամակ այն օրերի մասին, ձեռագիր, պահպանվում է հե-ղինակի անձնական արխիվում:
[14] Ա. Վիրաբյան, 1990, էջ 74:
[15] Միլիտոս (Միքայել) Դավթյան (1920-1993թթ.). Փիրմազրայից է, ավարտել է Ղափանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել որպես ուսուցիչ թիվ 1, ապա տնօրեն Տաշտունի դպրոցում: Բրեստի քաջարի պաշտպաններից է: Թեև շրջկոմի քարտուղարն էր, սակայն կնոջ՝ Քնարիկի «կուլակային» ծագման պատճառով շարունակ հետապնդվում էր: Այս դեպ-քերից հետո, փաստորեն, Պետական անվտանգությունը չվստահեց նրան և ազատել տվեց կուսակցական աշխատանքից: 1957-1961թթ. Ղափանի շրջժողկրթբաժնի վարիչն էր: Դավթ-յանը տեղափոխվել է Երևան, որպես ուսուցիչ աշխատել Սարի թաղի դպրոցում, այնուհետև մաթեմատիկական թեքումով թիվ 3 դպրոցում: Երկար տարիներ ղեկավարել է մայրա-քաղաքի Ս. Շահումյանի անվ. թիվ 1 դպրոցը: Մահացել է 1993թ. նոյեմբերին, թաղված է Շա-հումյանի գերեզմանատանը: Քույրը Արուսյակ Աբրահամյանն է, «լեգեոնական» ամուսինը՝ Անուշավան Առաքելյանը: 1956թ. նրանք վերադարձան հայրենիք և մինչև իրենց կյանքի վեր-ջը ապրեցին Վերին Հանդ գյուղում:
[16] Աղախանյան Գաբրիել Սիմոնի. ծնված 1911թ. Ագարակ գյուղում, այսպես կոչված լե-գեոներ: Կինը՝ Քնարիկը (ծնված 1922թ.), որդին՝ Սիմոնյան Կամոն (ծնված 1930թ.), աղջիկը՝ Սիմոնյան Մարիետան (ծնված 1949թ.):