1․ Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները

Spread the love

1.       Համբարձում Պետրոսի Սարգսյան (Սաքօ-Եապոն), Բաքվի շրջանի արհեստավորներից է, երկար տարիներ փականագործություն (տոկար) է արել «Լիանոզովի և Ընկ.» Սև քաղաքի գործարանում: 1901-02 թվականին վերադառնալով Գորիս՝ իր ծննդավայրը՝ նվիրվում է ՀՅԴ գործունեությանը, լինում է կուսակցության հիմնադիրներից մեկը Զանգեզուրում, ուր տիրում էին ռուս ցարի կառավարության բյուրոկրատ և կաշառակեր ծառայողների կամայականությունները, որոնց շահատակության և կեղեքման առարկայ էին տգէտ գյուղացիական զանգւածները:

Վրա են հասնում 1903թ. եկեղեցական կալվածների բռնագրաւվման օրերը. Եապոնը նետվում է ժողովրդական զանգվածների կազմակերպման ասպարէեզը և կարճ ժամանակում ըմբոստության ոգի է ներշնչում ժողովրդին՝ մղելով դէեպի դիմադրություն զենքի ուժով՝ ընդդեմ ցարական ոստիկանության և կոզակների, որոնք պատրաստւում էին բռնագրավելու եկեղեցական կալվածները:

Մի քանի հոգի ստրկահոգի պաշտօոնեաներ, որոնք կույր գործիք էին գավառապետի և նահանգապետի ձեռքին, իրենց դավաճանական ընթացքով առատ փաստեր էին մատակարարում ՀՅԴ Սյունիքի նորակազմ կոմիտեի մասին: Եապոնը իր անհաշտ ու ըմբոստ խառնվածքով, չկարողացավ հանդուրժել այդ դավաճանների զազրելի արարքները և կտրուկ կերպով դրեց հարցը, թէ պետք է ահաբեկման միջոցով ազատել ժողովուրդը այդ դավաճաններից: Կոմիտեն դրված խնդիրը լուծեց դրական իմաստով և հանձնարարեց Եապոնին՝ ի կատար ածելու այն ամենակարճ ժամանակում: Նա վերջ տվեց դավաճանների գոյությանը:

Այս սկզբնական շրջանում, երբ դեռ նոր էր սկսվել Դաշնակցության կազմակերպական գործունեությունը, ահաբեկումը ռումբի պայթյունի շշմեցուցիչ տպավորություն թողեց ժողովրդի վրա, որը ապրում էր հետամնաց, խուլ գավառական ճահճացած կյանքով:

Կամաց-կամաց, կոմիտեի ձեռք առած միջոցների շնորհիվ, եկեղեցական կալվածների պաշտպանությունը ժողովրդի հետաքրքրության և անմիջական պաշտպանության սեփականությունը դարձաւ, որի հետևանքով կազմակերպված ժողովրդական բողոքի ցույցերով և զենքի օգնությամբ դիմագրաւվվեց «Եկեղեցական կալվածների ցուցակագրող Հանձնաժողովը», որը ձեռնունայն վերադարձավ Շուշի և Գանձակ:

Եապոնի դերը հայ-թրքական կռիվների ընթացքում և նրա մարտական ու ահաբեկչական գործունեությունը հեքիաթային պատմվածքների նյութ են դարձել ժողովրդի մեջ` երգեր ու լեգենդներ հյուսելով այդ անմահ մարտիկի անվան շուրջ:

Կուսակցական բարձր մարմնի հրահանգներով նա անցնում էՇուշի և կատարում մի շարք պատասխանատու ահաբեկումներ`Շուշի քաղաքի գլխաւոր ոստիկանապետ Սախարովի, պրիստավ Շումակևիչի և ուրիշների:

1905թ. փետրվարից մինչև 1906թ. գարունը Եապոնը Վարանդայի շրջանի առաջին մասի հրամանատարի պաշտոնն է վարում: 1906թ. գարնանը նույն շրջանում նա հանդիպում է սպա Վլ.Լեբեդևին, որը Եապոնական պատերազմից եկել էր իր բարեկամների մոտ հանգստի: Լեբեդևը հիացմունքով է խօսում Եապոնի մասին իր մէկ գրքոյկում (հրատարակություն Պետրոգրադի Հայ Ուսանողական «Անի» ընկերության):

1908թ. նա ձերբակալվում է Ղաթարի հանքերում և տարվում բանտ: Դատվում է զինվորական դատարանով՝ մեղադրվելով հեղափոխական և ահաբեկչական գործունեության մէջ և դատապարտվում 12 տարվա տաժանակիր աշխատանքների : Ապա քշվում է տաժանքի՝ Սիբիր, ուր յոթը տարի կրում է ոտքերի շղթաներ և պահվում է բանտային առանձնայատուկ խիստ ռեժիմի տակ:

1917թ. Համառուսական հեղափոխության հետևանքով Եապոնը ազատվում է Սիբիրից և վերադառնում Գորիս 1917թ. մայիս ամսին և այդ ժամանակվանից մինչև մահը աշխատում է Գորիսի շրջանում:

Սահմանադիր Ժողովի ընտրությունների ժամանակ նա թեկնածու էր ՀՅ Դաշնակցության կողմից :

1917-1920 թթ. Զանգեզուրի հայությունը հաճախ է ենթարկվել պաշարման և օրհասական կռիվների՝ Ադրբեջանի, Տաճկաստանի և Նախիջևանի խաների կողմից և այդ անհավասար կռիվների ընթացքում Եապոնը կրկին հանդես է գալիս թէ՛ ռազմական ուժերի ղեկավարի դերում և թէ՛ անձամբ վտանգի ենթարկելով իր կեանքը` սուրհանդակային պատասխանատու և դժվարին կապ է հաստատում Երևանի հետ, ուր` այդ ժամանակ Զանգեզուրի պաշարված հայության մասին ո՛չ մի տեղեկություն չկար:

Երևանցիներից շատերը կը յիշեն, երբ Եապոնին հարց էին տալիս, թէ ինչպէ՞ս է կարողացել Զանգեզուրը օղակող թշնամիների ուշադրությունից վրիպել և աննկատելի անցնել, նա պատասխանում էր. «մաշին քիմի» (մեքենայի պես):

1917-1920 թթ. մասնակցելով Զանգեզուրի հերոսամարտի ճակատագրական կռիվներին՝ նա, Զանգեզուրը բոլշևիկների կողմից բռնագրավվելուց հետոյ էլ, չհեռացավ նահանջողների հետ, այլ շարունակում էր ապրել այնտեղ, ուր և 1920թ. նոյեմբերին ձերբակալվեց չէկայի կողմից և գնդակահարւվեց Գորիսի բանտում:

Եապոնը Սիբիրում շատ էր մտերմացել ռուսների հետ և նրանց սիրում էր անկեղծորեն: Եվ բոլշևիկների առաջխաղացումը դէպի Զանգեզուր բացատրում էր, թէ՝ «ռուսներն են գալիս», որոնց վերաբերմամբ նա բարեկամական դիրք ու հոգեբանություն ունէր: Թերևս այդ էր պատճառը, որ նա, հակառակ մի շարք պատասխանատու ընկերների կտրուկ պահանջի, չհեռացավ Զանգեզուրից՝ հույս ունենալով, որ իր կարծեցեալ «ռուս բարեկամների» հետ կարելի կը լինի լեզու գտնել…Լեզու չգտավ և գլուխն էլ վրա տվեց այդ «բարեկամներին»:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի