7.Զանգեզուրի 1917-1921թթ. գոյապայքարի հերոսներն ու գործիչները․ Հակոբ Տերունի

Spread the love

Հունիսի 6-ին, [1962 թ.] երկարատև և ծանր հիվանդությունից հետո, Հակոբ Տերունին կնքեց իր մահկանացուն: Նա ծնվել է Զանգեզուրի Սիսվան գաւառի Ուզ գիւղում, 1887 թվին: Սկզբնական կրթութիւնը ստացել է գյուղի տարրական դպրոցում, ապա փոխադրվել է Գորիս, ուր շնորհիվ իր ընդունակությունների, հետզհետե ձեռք է բերում մտավոր զարգացում:

Նրան հանդիպեցի առաջին անգամ 1919 թվին Գորիսում, երբ նա «Սասուն» տպարանում ղեկավարում էր «Գավառ» կուսակցական թերթի հրատարակությունը:

1917 թվի ռուսական ցարի գահընկեցությունից հետո, ինչպես ամբողջ Ռուսաստանում, այնպես և Զանգեզուրում տիրում էր կա­տարեալ անիշխանություն և ռուս պաշտոնեաները աճապարանոք հեռանում էին երկրից, ժողովրդին մատնելով քաոսային անորոշ դրութեան: Զանգեզուրի հայ բանիմաց մտավորականները, ի նկատի առնելով երկրի ծանր վիճակը և հարևան թուրքերի թևավորվելը, որոշում են անկուսակցական հողի վրա հրավիրել խորհրդակցական ժողով և մտքերի փոխանակությունից հետո ընտրել բարձրագոյն ղեկավար մի մարմին, որին պիտի վերապահեին Զանգեզուրի չորս գավառակների կառավարության իրավասությունը և կոչել այն «Շրջանային Խորհուրդ» [Ավելի հաճախ այն անվանել են Ազգային Խորհուրդ]: Այդ Խորհրդի անդամ է ընտրւում նաև Հակոբ Տերունին:

«Շրջանային Խորհուրդ»-ն առաջին հերթին կազմակերպում է ժողովրդական միլիցիա և կարճ ժամանակում ճնշում է անիշխանու­թյունը և հաստատում կարգ ու կանոն: Այդ գործունեության ընթացքում մեծ դեր են կատարում Արշակ Շիրինյանն ու Հակոբ Տերունին:

«Շրջանային խորհուրդ»ը լուր է առնում, որ ազգային հերոս Անդրանիկը իր զորամասով և իրենց հետևող տաճկահայ գաղթականներով անցել է Ղափանի պղնձահանքերը: «Շրջանային խորհուրդը» որոշում է Անդրանիկին իր զորամասով հրավիրել Զանգեզուր և նրան հանձնել ինքնապաշտպանության գործը:

Այս որոշումն իրագործելու համար Ղափան է գնում Արշակ Շիրինյանը և հաջողում Անդրանիկին իր զորամասով բերել Գորիս: Այս որոշումն իրագործելու համար Շիրինեանի հետ բավականին աշխատանք է տանում և Տերունին:

Կարճ ժամանակից հետո պատրաստվում են հարձակվել Շուշի քաղաքի վրա և գրավել հայկական այդ քաղաքը, որ ադրբեջանցիք գրավել էին, սակայն անգլիական զորամասը, որ այդ ժամանակ Ադրբեջանում էր, արգելք է հանդիսանում և Անդրանիկին հեռացնում է երկրից:

Հայաստանի Հանրապետութեան ժամանակ Հակոբ Տերունին նշանակվում է Գորիսի կենտրոնական դպրոցի և շրջանի կրթական վարիչ: Երբ 1920 թվին բոլշևիկները գրավում են Ադրբեջանն ու Զան­գեզուրը, դաշնակցականները և մտավորականները թողնում են Զանգեզուրը և հաստատվում Երևանում:

Այդ ժամանակ Հայաստանի կրթական նախարար Ն.Աղբալեանը Հ. Տերունուն նշանակում է Նոր-Բայազետ քաղաքի և գավառի դպրոցների տեսուչ:

Նա բարեխղճորեն իր պարտականությունը կատարում է մինչև բոլշևիկների տիրապետությունը, որի հետևանքով Հ.Տերունին նահանջող ժողովրդի հետ, 1921թ. ապրիլի 2-ին, Զանգեզուրի վրայով տարագրվում է Պարսկաստան, ուր և կնքում է իր մահկանացուն:

Հարգանք հայ ժողովրդի ահավոր օրերի հավատարիմ գործչի անմոռաց հիշատակին :

Հ.Գ. Տեր-Պողոսյան Հակոբ Աբրահամի (1887, Ուզ-1962,Իրան): 1908 թվից աշխատակցել է «Գործ», «Արև», «Հորիզոն», «Որոտան» և այլ թերթերի: 1942թ. «Հայրենիք» ամսագրում հրապարակւած Եապոնի  «Յուշերի» գրառողն է: Ունի նաև հրապարակված գեղարվեստական արձակ երկեր:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի