Ղարադաղը ազատագրական պայքարի աշխուժացման տարիներին

Spread the love

XIX դարի վերջերից օսմանյան լծի տակ ապրող բալկանյան ժողովուրդների ազատագրական շարժման ակտիվացման հետ մեկտեղ ազգային զարթոնք է ապրում նաև հայ ժողովուրդը. հիմնվում են ազգային-քաղաքական կուսակցություններ և ֆիդայական խմբեր: Հասարակական ու քաղաքական կյանքում տեղի ունեցող այդ փոփոխությունները հասնում են նաև Ղարադաղ: 1890-ական թվականներից դաշնակցության կուսակցության տեղական կոմիտեն Ատրպատականի այլ գավառների հետ մեկտեղ սկսում է գործել նաև Ղարադաղում[1]: Ղարադաղի դաշնակցության կոմիտեի ներկայացուցիչն էր Եփրեմ Դավթյանը՝ Իրանի ապագա ազգային հերոսը:

Արևմտյան Հայաստանում գործող ֆիդայական խմբերին զենք մատակարարվում էր Արևելյան Հայաստանից գաղտնի, զինատար խմբերի միջոցով: Գոյություն ունեին զենքի մատակարարման մի քանի հիմնական ճանապարհներ, որոնցում կային միջանկյալ կայանատեղիներ: Այդպիսի մի նշանավոր կայանատեղի և զենքի կուտակման, այնուհետև Արևմտյան Հայաստան տեղափոխելու վայր էր Սալմաստից ոչ հեռու՝ թուրք-իրանական սահմանին գտնվող Դերիկի (հավանաբար քրդերենի dirc “զարդատուփ, փոքրիկ սնդուկ” բառից) վանքը: Շուշիից Դերիկի վանք և այնուհետև Արևմտյան Հայաստան զենքի փոխադրման ճանապարհը անցնում էր Ղարադաղով:

Փոխադրության այդ գիծը հիմնել էին շուշեցի Իլիկո Մելիք-Շահնազարյանը, որը դաշնակցության համահիմնադիր Ռոստոմի կնոջ եղբայրն էր, և ղարադաղցի Ավագը[2]: Այնուհետև այդ գծի վրա աշխատել է նշանավոր հայդուկ Սևքարեցի Սաքոն: Սամսոնը հիշատակել է նման մի դրվագ, երբ Սաքոն ու ղարադաղցի Ավագը Ղարադաղից զենք են փոխադրում Դերիկի վանք: Դա 1896 թվականի ամառն էր: Եվ դա այդ օրերին պարբերական բնույթ էր կրում: Այդ ուղիով են անցել և վերադարձել Խանասորի արշավանքին մասնակցած մարտիկներից շատերը: Այդ տարիներին Ղարադաղով են անցել և տեղացիների մոտ հանգրվանել ֆիդայական շարժման այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Նիկոլ Դումանը[3], Վարդանը[4], Եփրեմը, Սևքարեցի Սաքոն[5]:

Հետաքրքիր մի դրվագ է նկարագրում իր հուշերում «Ալիք» օրաթերթի Ռաշտի խմբագիրը՝ ղարադաղցի Խաչատուր Մինասյանը[6], որը ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց փոփոխությունների.

«1896թ. էր: Բաքվից նոր էինք վերադարձել Ղարադաղ՝ մեր ծննդավայր Գըրմընավ գյուղը: Դեկտեմբերի վերջն էր, մի բուք ու բորան օր. ձյունամրրիկը թույլ չէր տալիս փողոց իսկ դուրս գալ, գյուղը թաղված էր խոր լռության մեջ, ու ամեն մի տուն կծկված ինքն իր վրա:

Ահա գյուղ են մտնում յափնջիներով ու ձյունով ծածկված չորս ձիավորներ: Երկուսը իջևանում են Բաքվից նոր վերադարձած համագյուղացի Ալեքսան Մանուկյանի մոտ, իսկ մյուս երկուսը՝ առաջնորդությամբ Ողան գյուղացի Ղազի Համբարձումի՝ մեզ մոտ:

Ներսում մի ակնարկով բացատրում են, թե իրենք “ազգասերներ” են: Անծանոթներից մեկը կոչվում էր Ալեքսան (հետագայում հայտնի Եփրեմը):

Թեև նորեկների նկատմամբ աշխատում էինք լռություն պահպանել, բայց շշուկները տնիցտուն, երդիկիցերդիկ անցնելով՝ հայտնի դարձան բոլորին, թե՝ «ազգասերներ¦ են եկել: Առանց հրավերի մեզ մոտ են գալիս գյուղի քահանան և գյուղապետ Սարգիսը, մի քանի աչքի ընկնող գյուղացիներ, և անպայման ուզում են տեսնել՝ թե ինչպիսի մարդիկ ենազգասերները“:

Մի քանի օր հանգստանալուց հետո, երկուսը Խուդաֆերինի ճամբով անցնում են ՂարաբաղՇուշի: Հետագայում միայն իմացա, որ գնացողներից մեկը Սևքարեցի Սաքոն էր, որ այդ գծի վրա զենքի փոխադրության գործով էր զբաղված:

Ալեքսանը (Եփրեմը) տաս օր էր ինչ մեզ մոտ սպասում էր, երբ Զանգեզուրից մեզ մոտ եկան երկու հեղափոխականներ՝ զինված մոսին հրացաններով՝ առաջնորդությամբ եղվարդեցի Եփրեմ բեկ ՄելիքՂարագյոզյանի, ու տեսնվեցին Ալեքսանի հետ:

Նորեկներից մեկը, որ աչքի էր ընկնում իր ներկայանալի արտաքինով, կոչվում էր Շեկո (Շեկոն հետագայում 1898թ. սեպտեմբերի 10-ին եղել է Վազգենի[7] և Վարդանի հետ ու մասնակցել է Վանի շրջանի Կեմ գյուղի կռվին՝ որպես խմբապետ՝ Ս. Ջ.): Առաջին գիշերն իսկ մեզ մոտ են հավաքվում համարյա ամբողջ գյուղացիք: Առիթից օգտվելով Շեկոն սկսեց պատմել մեզ 1895-96թթ. Վանի և այլ վայրերի կռիվների և հերոս նահատակների մասին: Գյուղացիները լուռ էին և հուզված, ահա տեր Ներսեսը (Ներսես Տեր-Ստեփանյան. հետագայում մենք նրա սերունդներին տեսնում ենք Վինայում՝ Ս. Ջ.) հանկարծ ոտքի է կանգնում ու նահատակների համար աղոթք մրմնջում: Գյուղացիները շշուկով և երկյուղած նույնպես աղոթում են ու վերջում հայտնում, թե նրանց՝ հերոսների համար եկեղեցում հոգեհանգիստ-պատարագ պիտի անեն և անխտիր կին և տղամարդ ներկա պիտի լինեն եկեղեցում:

Հաջորդ օրը եկեղեցին լեցուն էր, ներկա էր ամբողջ գյուղը: Դրված էր մահաբեմ՝ ծածկված մասնավոր ծաղկե պսակով: Ներկաները արարողության ու աղոթքի ամբողջ ընթացքին ակնածանքով էին դիտում ներկա գտնվող “ազգասերներին”: Պատարագից և քահանայի կարճ քարոզից հետո առաջ է գալիս Շեկոն ու դաշույնը դնելով խաչի ու ավետարանի վրա, մի քանի հակիրճ խոսքերից հետո, հրավիրում է Եփրեմին (Դավթյան՝ Ս.Ջ.): Եփրեմը գյուղացիների ոգուն և մտքին հասկանալի ու պարզ ոճով նկարագրում է բալկանյան ազգերի ազատագրական պայքարների հաջողությունը և խոսքը մասնավորեցնելով մեր պատմության և մեր ժողովրդի ճակատագրին, շեշտում է, թե պատվով ապրելու համար պետք է բռնել պայքարի նույն ճամփան: Գյուղացիների կողմից մի քանի խոսքով մեր հպարտությունն ու հրճվանքն եմ արտահայտում, որ նման հյուրեր ունենալու պատիվն ու երջանկությունն ունենք: Պատարագից հետո հյուրերին և աչքի ընկնող գյուղացիներին Սարգիս տանուտերը իր մոտ է հրավիրում: Հոգեհացի հաջորդ օրը Շեկոն մի ուղեկցի ընկերակցությամբ ճանապարհվում է Թավրիզ:

Եփրեմը երկու ամիս մնաց Ղարադաղում մեզ մոտ: Նա, գյուղից գյուղ շրջելով, համախմբում էր գյուղացիներին՝ խոսելով, բացատրելով, պարզում էր, թե ինչ կարևորություն ունի զենքը և ինչու ամեն մի գյուղացի պիտի զինվի:

Եփրեմը 1897թ. փետրվարի վերջին թողնում է Ղարադաղը գնում Թավրիզ ու մասնակցում Խանասորի[8] արշավանքին:

Եփրեմը երկրորդ անգամ կրկին գալիս է Ղարադաղ իր կնոջ՝ Անահիտի հետ, ուր երեք տարի Աղաղան գյուղում պաշտոնավարում է որպես ուսուցիչ՝ միշտ գյուղացիների ու աշակերտների սերն ու պաշտամունքը վայելելով:

Երրորդ ու վերջին անգամ նրան տեսնում եմ Ահարում և Ղարադաղի թրքական շրջանում՝ որպես սահմանադրական բանակի հրամանատար, այնտեղ եկած՝ զսպելու և պատժելու բոլոր ըմբոստ խաներին»:

Հայ հեղափոխական դաշնակցությունը առավել մեծ ակտիվություն Ղարադաղում ցուցաբերել է Իրանի սահմանադրական հեղափոխության տարիներին (1905-1912), որին, ինչպես կտեսնեք հետագա շարադրանքից, նա ակտիվորեն մասնակցել է:


[1]           ՀԺՊ VI, էջ 713:

[2]           Սամսոնի (Ստեփան Թադևոսյան) հուշերը, «Հայրենիք», Բոստոն, 1923, թիվ 10: Ստեփան Թադևոսյանը՝ Քրիստափոր Միքայելյանի քրոջ որդին, ծնվել է 1871 թվականին Գողթն գավառի Վերին Ագուլիս գյուղում:

[3]           Նիկոլ Դուման (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան): Ծնվել է 1867 թվականին Արցախի Ղշլաղ գյուղում: 1887թ. ավարտել է Շուշիի թեմական դպրոցը։ Աշխատել է ուսուցիչ Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, 1894-1896  թվականներին` Թավրիզի և Սալմաստի վարժարաններում։ 1894-1896 թվականներին մասնակցել է Դերիկի կռիվներին։ 1895թ. հոկտեմբերին առաջնորդել է դեպի Վան-Վասպուրական ուղղվող 50 հոգանոց խումբը: 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ղեկավարել է Երևանի նահանգում և Արարատյան դաշտում գործող ուժերը, հմտորեն կազմակերպել է հայերի պաշտպանությունը: Իրանում հեղափոխության ժամանակ ղեկավարել է Թավրիզի պաշտպանությունը։ Ողջ կյանքը պայքարին ու մարտին նվիրած Դումանին խեղճացնում է թոքախը: Նույնիսկ այդ վիճակում էլ չէր հրաժարվում իր պայքարից: Զգալով որևէ բան անելու կարողությունների պակասը՝ 1914 թվականի սեպտեմբերի 27-ին ինքնասպան եղավ՝ իր ատրճանակով կրակելով քունքին:

[4]           Խանասորի Վարդան (Սարգիս Մեհրաբյան, 1870-1943):  Հայ քաղաքական, ռազմական գործիչ։ Ծնվել է 1870թ. Արցախում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, 1897 թվականին նշանակվել Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար:

[5]           Սևքարեցի Սաքո (Ծովանյան Սարգիս Սարիբեկի): Ծնվել է 1870թ. Սևքար գյուղում (ՀՀ Տավուշի մարզ)  և մահացել 1908թ.: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ:

[6]           Եփրեմը Ղարադաղում. մահվան 45-ամյակի առթիվ, «Ալիք», 1957, 5 օգոստոսի, թիվ 168:

[7]           Տիգրան Տերոյան (Վազգեն): Ծնվել է 1873թ. Վանում: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, բանաստեղծ: ՀՅԴ կուսակցության անդամ: Ձերբակալվել է Թուրքական իշխանությունների կողմից: Ազատվելուց հետո տեղափոխվել է Սալմաստ, այնտեղից՝ Նիկոլ Դումանի 60-հոգանոց խմբի հետ՝ Վան՝ ճանապարհին կռիվներ մղելով։ Նրա ջոկատում է գործել Անդրանիկ Օզանյանը։ Մասնակցել է 1896 թվականի Վանի «մեծ դեպքին»։ Դեմ է եղել Խանասորի 1897թ. արշավանքին։ Զոհվել է 1898թ. Վանից ոչ հեռու գտնվող Կուռուբաշ գյուղի ջրաղացում (այս մասին տե՛ս՝ Армянский вопрос. Энциклопедия (Отв. ред. К. С. Хуршудян), Ереван, 1991, с. 89):

[8]           Խանասորի արշավանք. հայ ֆիդայիների կազմակերպած ռազմարշավ՝ ուղղված քրդական մազրիկ ցեղի ոչնչացման: Այդ քրդերը մեղադրվում էին թուրք-իրանական սահմանի մոտ՝ Սբ. Բարդուղիմեոս վանքի տարածքում, հայ ֆիդայիների սպանության համար: Այն տեղի է ունեցել 1897 թվականի հուլիսի 25-ին: Գաղափարը Նիկոլ Դումանինն էր և արժանացել էր Քրիստափոր Միքայելյանի հավանությանը: Արդյունքում քրդական ցեղի զգալի մասը կոտորվում է, հայերից սպանվում է 19 հոգի (այս մասին տե՛ս՝ Армянский вопрос 1991, с. 327-328)։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի