Սյունիքը պատմականորեն առանձնահատուկ դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Առավելապես լինելով լեռնային երկիր՝ այն զավթիչների ճանապարհին տեղակայված բնական միջնաբերդ էր, որի շնորհիվ դարերի ընթացքում պահպանել է քաղաքական ինքնուրույնությունը:
Պատմական Սյունիքը ընդգրկում էր արևմուտքում՝ Այրարատից մինչև Պարսկաստան, արևելքում՝ Արցախ ընդգրկող տարածքը և ուներ վարչատարածքային 12 միավորներ` գավառներ՝ 1.Երնջակ, 2.Ջահուկ, 3. Վայոց Ձոր, 4.Գեղարքունիք, 5.Սոդք, 6.Աղահեճք, 7.Ծղուկ, 8.Հաբանդ, 9.Բաղք, 10.Ձորք, 11.Արևիք, 12.Կովսական[1]:
Համաձայն Մովսես Խորենացու՝ Սյունիք (Սիսական) նահանգը իր անվանումը ստացել է Հայկի ժառանգներից Գեղամի որդի Սիսակի անունից, և Սյունի նախարարական տոհմը, որը բազում դարեր իշխում էր Սյունիքում, ըստ ավանդության, առաջացել է հենց այս Սիսակից[2]: Ըստ Խորենացու՝ Սիսակից են սերում նաև Ռշտունի և Գողթնեցիների իշխանական տները[3]:
Սյունյաց իշխանները մինչև Հայաստանում Արշակունյաց արքայատոհմի հաստատումը հավատարմորեն ծառայել են հայոց թագավորներին և բարձր դիրքի ու պատվի արժանացել նրանց կողմից: Դրա մասին է վկայում Սյունյաց պատմիչը. «Բազմաթիվ ու մեծամեծ քաջագործություններ ցույց տվեցին հայոց թագավորների պատերազմներին և բազում ու մեծամեծ պարգևներով և գահերով մեծարվեցին պարսից, հայոց, այլև հունաց իսկ թագավորների կողմից: Եվ այնքան անվանի եղան, որ մինչև անգամ արտոնվեց նրանց արծաթե գահույք ունենալ և մարգարտե վարսակալ օգտագործել ու վարազագիր մատանի դնել, նաև կարմիր կոշիկ [հագնել] ու բռնել ոսկե գավազան` վրան նշված տոհմի անունը և պատվաստիճանը»[4]:
Կարմիր կոշիկ հագնելու իրավունք ունեին միայն թագավորները: Ավելի հավանական է, որ այստեղ խոսք կարող է լինել թագավորության մեջ երկրորդ գահը ունենալու կամ փոխարքա-կուսակալի պաշտոնի մասին և ոչ թե երկու ոտքին, այլ մեկ ոտքին կարմիր, մյուսին կանաչ կոշիկ հագնելու իրավունքի մասին, ինչպիսին ունեին կողմնակալ բդեշխները: Այս հանգամանքը մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ Երվանդունիների և Արտաշեսյանների ժամանակ Սյունիները զբաղեցնում էին երկրորդական գահը և Հայաստանի արևելյան շրջանների փոխարքա-կուսակալի պաշտոնը: Նրանց բարձր դիրքը պահպանվեց նաև Արշակունիների օրոք: Ինչպես վկայում է Օրբելյանը, Վաղարշակը «հրաման է տալիս Սիսակյաններին` լինել հրամանատար արքունի բոլոր զորքերին ու իր թագավորության երկրորդը և պատերազմով շարունակ դեմ կանգնել Հոնաց դռանը»[5]: Հայտնի է, որ Սիսակի ժառանգ Առանից է սերում Արցախի Առանշահիկ տոհմը[6]: Նա հայոց Վաղարշակ I արքայից կարգվում է նահապետ «Առանա մեծ դաշտի վրա, Երասխից մինչև Հունարակերտ»[7] և նշանակվում հայոց արևելյան կողմի կուսակալ: Խորենացու վկայությամբ՝ «սրա զավակներից են սերվել ուտեացոց ազգը և գարդմանացոց, ծավդեացոց ու գարգարացոց իշխանությունները»[8]: Այս փաստերի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ I-III դարերում Հայաստանի արևելյան նահանգներ Սյունիքը, Արցախը և Ուտիքը կազմում էին մեկ ամբողջական քաղաքական միավոր` Սյունի իշխանական տոհմի գլխավորությամբ:
Հնարավոր է, որ սպարապետության պաշտոնը այդ ժամանակաշրջանում եղել է Սիսական տոհմի ձեռքում: Վարազագիր մատանու մասին հիշատակությունը մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանական տան զինանշանի վրա պատկերված է եղել վարազը, որին հետագայում փոխարինել է արծիվը: Այս կենդանին արևելյան մի շարք երկրներում, մասնավորապես Պարսկաստանում, բավականին հարգված կենդանի էր և խորհրդանշում էր ուժ, դիմացկունություն, հզորություն, անվեհերություն և այլն: Դրա ապացույցն է նաև այն հանգամանքը, որ Սյունյաց իշխանական տան բազմաթիվ ներկայացուցիչներ կրում էին Վարազ անունը` օրինակ, Վարազվաղան[9], Վարազ-Տիրոց[10]:
Համաձայն «Զորանամակի»` Սյունյաց իշխանները ունեին 19.400 զինվոր, իսկ «Գահնամակում» զբաղեցնում էին պատվավոր առաջին բարձը[11]:
Ստորև ներկայացնում ենք Սիսակից սերված իշխանական տոհմերի մոտավոր տոհմապատկերը.
Մինչև 4-րդ դարը իշխած Սյունիքի իշխանների մասին մեր տեղեկությունները բավականին սակավ են: Ստ. Օրբելյանը Սյունյաց նահապետներից նշում է Ձագեձորի կառուցող Ձագ նահապետին[12]: Մեզ հայտնի Սյունյաց իշխանուհիներից առաջինը Երնջակ ամրոցը կառուցած Երնջիկն է[13]: Միայն կարելի է ենթադրություն կատարել, թե Սյունյաց իշխաններից որի կինն էր նա, թերևս Ձագ նահապետի: Մ.թ. 2-րդ դարի մեզ հայտնի միակ նահապետն էր Բակուրը, որն ապրել է Տիրան I և Տիգրան Վերջինի օրոք: Այդ տեղեկությունը կապված է Սմբատ Բագրատունու թոռ Տրդատի ռոմանտիկ պատմությանը Բակուրի հարճի հետ[14]:
Սյունիքի 3-րդ դարի իշխանների վերաբերյալ մենք քիչ տեղեկություն ունենք: Թերևս ընդունելի է Ալիշանի տեսակետը, որ 6-րդ դարի հռոմեական պատմիչ Պետրոս Պատրիկիոսի աշխատության մեջ պարսից արքա Ներսեհի (276-302թթ) շքախմբում հիշատակվող Վարսավորս մեծատոհմիկը հնարավոր է լիներ Սյունիքի այդ ժամանակաշրջանի իշխանը և կրեր Վարազշապուհ անունը[15]: Հ. Մանանդյանը ևս, հետևելով Ալիշանին և կրկին մեջ բերելով Պատրիկիոսի վկայությունը, նշում է, որ «Պարսկաստանի ջերմ կողմնակիցն է եղել այդ ժամանակ Սյունիքի Վարազշապուհ իշխանը, որին Պարսից Ներսեհ թագավորը, Գալերիոսի 297թ. հաղթանակից հետո, ուղարկել էր իբրև պատգամավոր խաղաղության դաշնագրի կնքման համար»[16]: Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, և Պատրիկիոսի հիշատակած Վարսավորսը[17] իսկապես Սյունիքի իշխանն էր, ապա հավանական է, որ Տրդատ Մեծը, վերջնականապես վերահաստատվելով հայոց գահին, Վարազշապուհին զրկել է իշխանական տիտղոսից, իսկ Սյունիքի իշխաններին հատկացված բարձը կամ գահը հաստատել ցածր՝ 14-րդ տեղում: Հավանաբար հենց այս փաստաթուղթն է տրամադրվել պարսից Շապուհ II-ին, ինչը դժգոհության տեղիք էր տվել Սյունյաց Անդոկ իշխանին[18]:
Իշխանական գահից զրկված Վարազշապուհին 297/8թթ. հաջորդել է Զենոբ եպիսկոպոսի[19], Ստ. Օրբելյանի[20], Ագաթանգեղոսի[21] պատմություններում հիշվող Սյունյաց իշխանը, որի անունը չի հաղորդվում: Նրան հաջողվում է իր արիության ու նվիրվածության շնորհիվ վերականգնել Սյունիքի իշխանական տան հեղինակությունն ու դիրքը արքունիքում և նույնիսկ նշանակվել արևելյան կողմի հրամանատար, որին ենթարկվում էին 21 իշխաններ[22]: Մեր կարծիքով, Սյունյաց այս Անանուն իշխանը եղել է Վարազշապուհի եղբայրը կամ որդին, չենք բացառում նաև նրանց՝ նույն անձնավորությունը լինելու տարբերակը, և ինչպես հաճախ է պատահում, ներում ստանալուց հետո կրկին տեր է դարձել Սյունիքին ու կառավարել է մինչև 320-ական թթ.:
Ալիշանը Անանուն Սյունուց հետո Սյունյաց իշխանների իր կազմած ցանկում հարցականով նշում է Պերուժավր իշխանին[23], իսկ Ս. Հախվերդյանը առանձին ուսումնասիրություն է նվիրել Պերոզավր Սյունեցու ինքնության պարզաբանմանը[24]: Պերոզավրի մա-սին հիշատակվում է 10-րդ դարի վրաց Անանուն հեղինակի «Վրաս-տանի դարձը» երկի մեջ: Գրքի՝ «Նինոյի վարքագրության» մեջ Սալոմե Ուջարմեցու հետ հիշատակվում է նաև ոմն Պելուժավր Սիվնիելի կամ Սիվնիեթի[25]: Վկայակոչված Պերուժավր Սիվնիելին անշուշտ Սյունեցի է, ինչպես նշվում է նաև «Վրաստանի դարձի» և Լեոնտի Մրովելու «Վրաց թագավորների յեվ նախահայրերի ու տոհմերի պատմությունը» հայերեն թարգմանության մեջ. «Սալոմե Ուջարմացի տիկինն և Պերոժավր Սյունեցին և նրանց հետ գտնվող իշխանները դիմեցին»[26] և գրաճանաչ անձնավորություն. «Ապա Սալոմե Ուջարմեցին և Պերոժավր Սյունեցին բերին թանաք ու գրիչներ, և Նունեն սկսեց պատմել, իսկ նրանք գրում էին»[27]: Ըստ «Քարթլիս Ցխովրեբայի»՝ Սալոմեն Վրաստանում Սասանյան արքայատոհմի հիմնադիր Միրիան կամ Միհրան III-ի (284-342թթ.) երկրորդ որդի Կախեթի ու Կուխեթիի կառավարիչ Ռևի (342-361թթ.) կինն էր ու Տրդատ Մեծ Արշակունու դուստրը[28]: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պերոժավր Սյունեցին միշտ հիշատակվում է Սալոմե Ուջարմեցու հետ, կարելի է եզրակացնել, որ նա մեծատոհմիկ անձնավորություն էր ու Սալոմեի պալատականներից մեկը և ոչ թե իշխան էր, այլ իշխանուհի: Ամենայն հավանականությամբ Պերոզավրը Սյունիքի վերոհիշյալ Անանուն իշխանի դուստրն էր և Վիրք էր գնացել Սալոմեի հետ որպես նրա շքախմբի անդամ ու մնացել է այնտեղ: Ինչ վերաբերում է Պերոզավր անվանը, ապա հավանական է, որ այն Պերոզդուխտ կամ Պերոզուհի անվան վրացերեն հնչյունափոխված ձևը լինի: Նշենք նաև, որ Պերոզավրին իշխանուհի է անվանել նաև Ե. Տակիաշվիլին «Վրաստանի դարձի» ռուսերեն թարգմանության ուսումնասիրության մեջ[29]: Եթե ճիշտ է մեր եզրակացությունը, և Պերոզավր-Պերոզդուխտ իշխանուհին Սյունյաց իշխանի դուստրն է, ապա հավանական է, որ վերոհիշյալ Անանուն Սյունի իշխանի անունը եղել է Պերոզ կամ Պերոզ մասնիկը ունեցող նմանատիպ անուն, թերևս Վարազ-Պերոզ: Նրա որդին պետք է լինի Վաղինակ I-ը (մոտ 320-348թթ.): Նա առաջին անգամ հիշատակվում է Խոսրով Կոտակ թագավորի դեմ Աղձնիքի Բակուր բդեշխի ապստամբության նկարագրության մեջ: Բուզանդի վկայությամբ՝ Աղձնիքի Բակուր բդեշխը, պարսիկներից օժանդակ զորք ստանալով, ապստամբում է Հայոց թագավորի դեմ, սակայն պարտություն կրելով սպանվում է իր տոհմակիցների հետ: «Բակուրի գլուխը և մի նորածին աղջիկ բերին թագավորին: Եվ որովհետև նրա տոհմից ոչ ոք չէր մնացել` թագավորը այդ աղջիկը կնության տվեց իր սիրելի Վաղինակ Սյունիին, նրան տվեց նաև Աղձնյաց տունը և նրան դարձրեց բդեշխ[30]: Վաղինակ I-ը իր բարձր դիրքը պահպանեց նաև Տիրան II-ի (329-340թթ.)[31] և Արշակ II-ի (340-370թթ.) կառավարման տարիներին: Ճիշտ է, այս ընթացքում նրա ենթակայությունից առանձնացվեց Աղձնիքը, որի իշխանությունը վերադարձվեց Բակուր բդեշխի կենդանի մնացած որդի Հեշային[32]: Նա մոտ 340 թ. Վահան Ամատունու փոխարեն Արշակ II-ի կողմից նշանակվում է Հայոց արևելյան կողմի սպարապետ[33]: Չնայած Արշակունիների նկատմամբ իր հավատարմությանը և անձնական նվիրվածությանը՝ Վաղինակ I-ը սպանվում է Անդոկի դուստր Փառանձեմի խարդավանքների հետևանքով, որը «Արշակի ձեռքով սպանել է տալիս Վաղինակին և նրա տեղ նշանակում իր հորը` Անտիոքին»[34]: Ալիշանը Անդոկին համարում է Վաղինակի որդին. «Վաղինակայ որդի թուի Անդովկ իշխանն Սիւնեաց, որ ընդ այլոց տարաւ ի Կեսարիա զՍ. Ներսես ի ձեռնադրութիւն»[35]: Մեր կարծիքով, Անտիոք—Անդոկը (348-369թթ.) ոչ թե Վաղինակ I-ի որդին է, այլ եղբայրը: Առավել ևս անհավանական է, որ նա լիներ Վաղինակ I-ի և Աղձնիքի բդեշխ Բակուրի դստեր որդին, ինչպես նշում է Ալիշանը[36]: Դրա վկայությունն է այն փաստը, որ դեռևս Խոսրով II Կոտակի թագավորության ժամանակ Անդոկը արդեն հասուն այր էր և արդեն ամուսնացած էր Մամիկոնյան իշխանուհու հետ[37], ամենայն հավանականությամբ Վաչե I (?-328թթ.) Մամիկոնյանի դստեր հետ, որի մյուս դստեր հետ ամուսնացած էր Արշարունիքի տեր Արշավիր I (325-360թթ.) Կամսարականը: Կարծում ենք, նրանց եղբայր էր նաև Տիրան II թագավորի սենեկապետ Փիսակ Սյունին, որի դավաճանության հետևանքով կուրացվում է Տիրանը[38]:
Հավանաբար Վարազ-Պերոզի մահից հետո նրա ավագ որդի Վաղինակը դառնում է Սյունիքի տանուտերն ու նահապետը, իսկ Անդոկն ու Փիսակը որպես տիրույթ ստանում են Սյունիքի առանձին գավառները: Վաղինակ I-ի սպանությունից հետո Սյունյաց իշխանական տան տանուտերն է դառնում Անդոկը, որը մինչև այդ էլ արդեն ճանաչված քաղաքական ու ռազմական գործիչ էր: Նա ի թիվս այլ նշանավոր իշխանների ուղեկցել է Փառներսեհ և Ներսես կաթողիկոսներին դեպի Կեսարիա քաղաքը նրանց ձեռնադրություն ստանալու կապակցությամբ[39]: Եղել է նաև Տիգրանակերտ քաղաքի բերդապահը և պարտության մատնել Շապուհ II-ի մեծաթիվ զորքերին՝ ստիպելով նրանց մեծ կորուստներ կրելով նահանջել Մըծ-բին[40]:
Հետագայում՝ հավանաբար 369/70թթ., Անդոկը Արշակ II-ի և իր դուստր Փառանձեմ թագուհու գերեվարումից հետո, խուսափելով Շապուհ II-ի վրեժխնդրությունից, մեկնել է Կ. Պոլիս, կայսրից արժանացել պատրիկների պատրիկ տիտղոսին և այնտեղ էլ մահացել[41]:
Անդոկ Սյունին ունեցել է 3 որդի` Բաբիկ, Սամ և Վաղինակ[42], ու մեկ դուստր` Փառանձեմ անուններով: Փառանձեմը, «որ շատ հռչակված էր իր գեղեցկությամբ ու պարկեշտությամբ»[43], ամուսնացել էր Արշակ II-ի եղբայր Տրդատի որդի Գնելի հետ[44]: Գնելի եղերական սպանությունից հետո նրա հետ ամուսնանում է Արշակ II-ը[45]: Նրանց միակ որդին էր Պապը: Հետագայում Փառանձեմը Արտագերս ամրոցում 14 ամիս հերոսաբար դիմադրություն ցույց տվեց պարսից զորքերին, սակայն, ի վերջո գերի ընկնելով, մահապատժի ենթարկվեց Շապուհ II-ի հրամանով[46]: Շապուհը դաժան դատաստան տեսավ նաև Սյունյաց իշխանական տոհմի նկատմամբ. «Սյունյաց տոհմի բոլոր չափահաս տղամարդկանց կոտորեցին, կանանց սպանեցին…: Այս բոլորը նա անում էր վրեժ առնելու համար Անդոկից, երբ պատերազմ եղավ Պարսից Ներսեհ թագավորի հետ»[47]:
Անդոկի ավագ որդի Բաբիկը հոր մահից հետո, ինչպես նշում են Ստ. Օրբելյանը և Մ. Կաղանկատվեցին, կարոտելով իր հայրենի հողը, գնում է պարսից թագավոր Շապուհի մոտ և իր խիզախության շնորհիվ հետ է ստանում իր հայրենի երկիրը և «արտոնեց գահակալ դառնալ` Բագրատունիների ու Մամիկոնյանների հետ համահավասար պատիվ ու աստիճան ունենալ[48]»: Բաբիկը Սյունյաց նախարար է դառնում պարսից Շապուհ II Երկարակյաց (309-379թթ.) թագավորի կառավարման 68-րդ[49] (377թ.) տարում և կառավարել է 21 տարի[50]: Այս դեպքերը այլ կերպ է ներկայացնում Փ. Բուզանդը. «Հետո եկան Մանուել զորավարի մոտ նաև Սյունյաց տոհմից մնացածները՝ երեք պատանի, որոնք պարսկական կոտորածից ազատվել էին, որոնցից մեկի անունն էր Բաբիկ, մյուսինը Սամ, իսկ երրորդինը Վաղինակ: Հայոց Մանուել զորավարը նրանց ընդունեց, նրանց օգնական դարձավ, նրանց իրենց երկիրը ուղարկեց, Բաբիկին նշանակեց այդ երկրի տեր, մյուս երկուսին էլ` յուրաքանչյուրին իր չափով, և Բաբիկը նրա նիզակակիցը դարձավ նրա կյանքի ընթացքում»[51]:
Կարծում ենք, որ Բաբիկի կառավարման առաջին տարին Շապուհ II-ի (309-379) 68-րդ տարին նշելու Ստ. Օրբելյանի վկայությունը կարիք ունի լրացուցիչ ճշտման, քանի որ Օրբելյանը Շապուհ II-ին տալիս է 72 տարվա իշխանություն[52], որի դեպքում Բաբիկի կառավարման առաջին տարին կհամապատասխանի ոչ թե 377թ., այլ 375 թվականին:
Բաբիկը (377-398թթ.) ունեցել է 3 որդի և 1 դուստր: Նրա ավագ որդին էր Արշակ III-ի սպարապետ Դարա Սյունին, որը զոհվեց 388թ.՝ Արշակ III-ի (381-388թթ.) և Խոսրով III-ի (386-393թթ.) միջև Վանանդի Երևել կոչված դաշտում տեղի ունեցած ճակատամարտի ժամանակ[53]: Բաբիկի դուստրը Արշակ III-ի կինն էր[54], հավանաբար նրա առաջին կինը, քանի որ Փավստոսի վկայությամբ՝ Արշակ III-ը իր գահ բարձրանալուց մի քանի տարի հետո էր ամուսնացել Մանուել Մամիկոնյանի դուստր Վարդանդուխտի հետ[55]:
Հավանական է, որ իր փեսա Արշակ III-ին տրամադրած օգնության համար Բաբիկը ենթարկվել է պարսիկների ճնշումներին: Հավանաբար այդ մասին է վկայում 10-րդ դարի վրաց Անանուն հեղինակի «Վրաստանի դարձը» երկի մեջ նշված վկայությունը, որտեղ գրված է, որ վրաց թագավոր Վարազ-Բակուրի (379-393թթ.) ժամանակ նրա մոտ է գալիս բդեշխ Կրամ-Խուարը. «Եվ նրանից հետո թագավոր դարձավ Վարազ Բակուրը: Նրա օրոք պարսից թագավորի մարզպանները մտան Սյունիք, և նա նահանջեց Խիդարի համար: Այդ ժամանակ պարսից թագավորի բդեշխ Կրամ-Խուար Բոր-Զադը մտավ Տփղիս քաղաքաբերդը, և Քարթլին նրան հարկատու դարձավ, [նույնպես] և Հայքը (Սոմխիթը) և Սյունիքը և Վասպուրականը…»[56]:
Կասկածից վեր է, որ այստեղ հիշատակված բդեշխ Կրամ-Խուար Բոր-Զադը նույն Բաբիկն է, որը, մեկնելով Վիրք, նրա թագավոր Վարազ-Բակուրի միջնորդությամբ կարգավորել է իր հարաբերությունները պարսից արքունիքի հետ: Մեջբերումից կարող ենք եզրակացնել, որ Կրամ-Խուարը Տփղիս է գնացել պարսից թագավորի կարգադրությամբ: Կարծում ենք, որ հենց այդ ժամանակ էլ Բաբիկի միջնեկ որդի Վասակը որպես պատանդ ուղարկվել էր պարսկական արքունիք[57], որտեղ մնում է մոտ 20 տարի: Ն. Ադոնցի կարծիքով՝ Բաբիկը կրել է պարսկական veh=lav` Փառապանծ մականունը[58]:
Բաբիկը մահանում է 398թ. վերջին կամ 399թ. սկզբին` մինչև պարսից արքա Վռամ IV-ի (388-399թթ.) սպանությունը: Այդ բոթը պարսից արքունիք է հասցնում Բաբիկի սենեկապետ Սամ Գնթունին: Վռամ IV-ը, իր սենեկապետի հետ խորհրդակցելով, Սյունիքի իշխանությունը հանձնում Վասակին, սակայն Վասակը այդ լուրն ընդունում է բավականին սառն և հպարտ պատասխանում է. «Ինձ է տեր դարձնում, երբ Սյունիքի ժառանգությունը իմ հայրենականն է»[59]: Վռամ IV-ը, տեղեկանալով այդ մասին, Սյունիքի իշխան է նշանակում Սամ Գնթունուն, որը կառավարում է 1 տարի և մահանում է թունավորումից[60]: Հավանական է, որ Սյունիքի ավագանին, դժգոհ լինելով Սյունիքի իշխանությունը օտար, ոչ բնիկ իշխանական տան ներկայացուցչի հանձնելու փաստից, դավադրություն է կազմակերպել Սամի (399-400թթ.) դեմ և թունավորել նրան: Այս անգամ պարսից արքունիքը Սյունիքի իշխան է նշանակում Անդոկի կրտսեր որդի Վաղինակ II-ին (401-410թթ.): Վաղինակ II-ը մեծ դեր է խաղացել Սյունիքի կրթական-լուսավորչական գործում: Նրա օժանդակությամբ Մեսրոպ Մաշտոցը Սյունիքում բացեց դպրոցներ ու մենաստաններ, իսկ Սյունիքի եպիսկոպոս-տեսուչ (մետրոպոլիտ) նշանակեց Անանիային[61]:
Ամենայն հավանականությամբ, Վաղինակ II-ի որդին էր Վասակ Սյունու փեսա Վարազվաղանը, այլ ոչ թե Վարդանանց պատերազմից հետո՝ 451թ., Պարսկաստան գերի տարված երկու եղբայր-ները` Բաբգենն ու Բակուրը[62], ինչպես նշված է Ղ. Փարպեցու 1982թ. հրատարակության աշխարհաբար թարգմանության ծանոթագրության մեջ: Այստեղ չպետք է տարակուսանք հարուցի այն փաստը, որ Վարազվաղանը փաստորեն ամուսնացել էր իր հորեղբոր թոռնուհու հետ: Մոտ ազգակիցների միջև ամուսնությունը այդ ժամանակ, ճիշտ է, հազվադեպ երևույթ էր և նույնիսկ արգելվում էր կրոնական գաղափարախոսությամբ, սակայն, այնուամենայնիվ, պատահում էր: Այսպես, օրինակ, Արշակ III-ը ամուսնացել էր իր տատ Փառանձեմի եղբայր Բաբիկի դստեր հետ[63]: Էլ ավելի բարդ պատկեր էր ներկայացնում Ներսես Մեծ կաթողիկոսի տոհմագրությունը: Եթե վկայենք Բուզանդի տեղեկությունները, ապա ստացվում է, որ նրա հայր Պապն ու հորեղբայր Աթանանագինեսը ամուսնացել էին իրենց պապ Տիրան II արքայի քույրեր Վարազդուխտի և Բամբիշի հետ[64], քանի որ Պապի և Աթանագինեսի հայր Հուսիկ կաթողիկոսն ամուսնացած էր նույն Տիրան II-ի դստեր հետ[65]:
Բաբիկի կրտսեր որդին էր Բաբկեն և Բակուր իշխանների հայրը, որի անունը պատմական սկզբնաղբյուրները չեն հաղորդում: Եղիշեն, նշելով Վասակի չարագործությունների մասին, հավաստում է, որ «Նույնիսկ իր երկրում նա երկու եղբորորդի ուներ առաքինության սուրբ ուխտի մեջ, նրանց մասին գրեց և հայտնեց արքունիքին և իրավունք ստացավ նրանց ստացվածքի վրա, նրանց հեռացրեց-քշեց երկրից, որպեսզի այլևս այնտեղ չվերադառնան»[66]: Բաբկենը, վերադառնալով հայրենիք, հետագայում գործուն մասնակցություն է ունեցել 481-484թթ. Վահանանց պատերազմի ժամանակ և նույնիսկ նշանակվել Սյունյաց երկրի տանուտեր[67]: Որ Բաբկենը չէր կարող լինել Վաղինակ II-ի որդին, վկայում է նաև այն փաստը, որ Վաղինակ II-ը մահացել է մոտ 410թ., և հետևաբար Բաբկենը պետք է ծնված լիներ այդ թվականից առաջ կամ ամենաուշը հենց 410թ.: Հետևաբար, նա 481-484թթ. կլիներ ամենաքիչը 75-80 տարեկան ծերունի, նույնիսկ հաշվի առնելով սյունեցիների երկարակեցությունն ու դիմացկունությունը՝ այդ տարիքում ոչ մի կերպ չէր կարող գործուն մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: Այսպիսով, պետք է ընդունել Եղիշեի վկայության հավաստիությունը և Բաբկեն և Բակուր իշխաններին համարել Բաբիկի երրորդ` Անանուն (թերևս` Անդոկ) որդու ժառանգները: Գտնում ենք, որ Անանուն Սյունին մահացել է 440-ական թվականներին, որից հետո նրա պատանի որդիները Վասակ I-ի կողմից զրկվել են հայրական կալվածքներից ու տարվել Պարսկաստան:
Հավանական է, որ Մաշտոցը Սյունիք է այցելել Վաղինակ II-ի իշխանության վերջին տարում, քանի որ Կորյունի հաղորդմամբ Մաշտոցին այնուհետև մեծ օժանդակություն ցույց տվեց նոր իշխան դարձած Վասակը[68]: Եղիշեի վկայությամբ՝ Վասակը «օրինավոր կարգով չէր ստացել իր իշխանությունը, այլ նենգությամբ ու քսությամբ սպանել էր տվել իր հորեղբայր Վաղինակին և ինքը գրավել իշխանությունը ինչպես արքունիքի հանդեպ վարձատրության արժանի գործ կատարող»[69]: Կարծում ենք, պետք չէ Եղիշեի այս վկայությունը ընդունել անվերապահորեն, քանի որ ձգտելով ամեն կերպ նսեմացնել Վասակին՝ նա Վասակին էր վերագրում բոլոր տեսակի հնարավոր ու անհնար հանցանքներ՝ կանգ չառնելով միջոցների խտրականության առջև: Կարծում ենք, որ Վասակը Սյունիքի իշխանությունը ստացել է օրինավոր ճանապարհով` ավագության կարգի համաձայն, քանի որ այդ ժամանակ ամենայն հավանականությամբ նա էր համարվում Սյունիքի իշխանների մեջ ամենաօրինականը և տոհմի ավագ անդամը: Պետք է ընդգծել, որ Արշակունիների և մարզպանության ժամանակ «տանուտերական իշխանությունը տվյալ տոհմում ժառանգական էր և մի անդամից մյուսին էր անցնում ավագության իրավունքով` ճիշտ այնպես, ինչպես ֆեոդալական սենյորության մեջ»[70]: Ամեն մի նախարարության մեջ իշխանությունը պատկանում էր նախարարական տոհմի ներկայացուցչին, որը կոչվում էր «տանուտեր», «տեր» կամ «նահապետ», իսկ նրանց իշխանության տակ գտնվող երկրամասը անվանել են «տանուտերություն», «տերություն» կամ «նահապետություն»[71]:
Վասակ I Սյունին 5-րդ դարի հայ պետական ու քաղաքական գործիչներից առավել հակասական կերպարներից մեկն է: Մեր քննության շրջանակից դուրս է որևէ գնահատական տալ նրա գործունեությանը, պարզապես կարող ենք արձանագրել, որ նրա օրոք Սյունիքը և Սյունյաց իշխանական տունը հասավ իր քաղաքական հզորության և ազդեցության բարձրակետին, ինչին Սյունի տոհմը, չնայած բազմաթիվ փորձերին, հետագայում չկարողացավ հասնել: Կարծում ենք տեղին է Ն. Ակինյանի հետևյալ բնորոշումը`«Վասակ գործած էր դէպքերու եւ պարագաներու ճնշումին տակ, կարճ ժամանակով: Իմաստուն ռազմագիտութեան եւ խոհեմ քաղաքագիտութեան թելադրութիւնը չէր չընդարձակել ռազմադաշտը եւ ապստամբութեան տալ բողոքի կերպարանք ահաւոր թշնամւոյն բռնապետութեան դէմ: Վասակ չէր սխալած իր հաշուին մեջ»[72]:
Վասակ I-ը (410-452թթ.) կառավարել է 42 տարի, չնայած Օրբելյանը նրան տալիս է 39 տարվա իշխանություն[73], իսկ մոտ 10 տարի (441-451թթ.) եղել է Հայաստանի երկրորդ մարզպանը` հաջորդելով Վեհմիհր Շապուհին (428-441թթ.)[74]: Նա հավանաբար ծնվել է մոտ 387թ.[75], և ինչպես նշում են աղբյուրները, մինչև Հայաստանի մարզպան նշանակվելը նա արդեն փորձառու պետական գործիչ էր և արդեն զբաղեցրել էր Վիրքի մարզպետի պաշտոնը[76]: Թեև հստակ չենք կարող որոշել Վիրքում նրա մարզպանության տարիները, սակայն կարող ենք նշել, որ այդ իրադարձությունը պետք է տեղի ունեցած լիներ 430-ական թվականների վերջին և 440-ական թվականների սկզբին:
Վարդանանց պատերազմի ավարտից հետո Վասակը կանչվեց պարսից արքունիք և ապստամբության կազմակերպման համար բանտարկվեց, որտեղ էլ մի քանի տարի անց մահացավ[77]: Հավանական ենք համարում, որ Վասակը մահացել է 455թ. 68 տարեկան հասակում[78]:
Օրբելյանի վկայությամբ՝ Վասակ I-ը ունեցել է 2 որդի` Բաբիկ ու Ատրներսեհ անուններով, և 1 դուստր, որի անունը չի նշում[79]: Վասակ I-ի երկու որդիները 449թ. Գուգարքի Աշուշա բդեշխի հետ որպես պատանդ մնացել էին Տիզբոնում[80]: Հավանական է, որ ստանալով ապստամբության լուրը՝ Հազկերտը հրամայել է մահապատժի ենթարկել Վասակի կրտսեր որդի Ատրներսեհին, չնայած այդ մասին վկայող փաստեր չունենք: Ամենայն հավանականությամբ, Վասակի ավագ որդի Բաբիկը, իր հորեղբոր որդիներ Բաբկենն ու Բակուրը աքսորված հայ նախարարների հետ 463/4թթ վերադարձել են հայրենիք: Չնայած աքսորին, հալածանքներին ու հայրենազրկմանը՝ նա պահպանել էր ոգու ամրությունն ու քրիստոնեական հավատքը: Կարծում ենք, հենց նրան է վերաբերում Գյուտ (461-478թթ) կաթողիկոսի ժամանակ` 470-ական թվականների սկզբին վերաբերող Փարպեցու վկայությունը, որ «այն ժամանակ թեպետ կային էլ բացառիկ քաջ ու արժանավոր մարդիկ, ինչպես քաջ տղամարդ Բաբիկ Սյունին կամ Առնակ Ամատունին, կարևոր էին համարում համբերատարությամբ քրիստոնեության հավատի մեջ մեռնել, քան թե փառասիրությամբ երերալով ուրացության մեջ կորչել»[81]: Նշանավոր պատմաբան Ն. Ադոնցի կարծիքով՝ Վասակ Սյունու որդի Բաբիկը, Անդոկի որդի Բաբիկը և Վահանանց պատերազմի մասնակից Բաբկենը մեկ անձնավորություն են, ինչը, կարծում են, միանգամայն հիմնավորված չէ[82]:
Վասակ I-ի բանտարկությունից հետո Սյունիքի տանուտեր է դառնում Վարազվաղանը (452-477թթ), ով ամուսնացել էր Վասակի դստեր հետ, սակայն շուտով ամուսինների միջև ատելություն է առաջանում, և վախենալով Վասակի վրեժխնդրությունից՝ Վարազվաղանը փախչում է Պարսկաստան ու գործիք դառնում հազարապետ Միհրներսեհի ձեռքին[83]: Նա Սյունիքի առաջին ուրացող իշխանն էր և «բազում անիրավություններ կատարեց, Սյունյաց աշխարհում կառուցեց մոխրանոցի շատ տներ` իր տոհմը գայթակղեցնելու համար, և … երկար ժամանակ դևից տանջվելով` սատկեց դառն ու չարաչար մահով»[84], 25 տարի իշխելուց հետո[85]:
Բաբիկից հետո կառավարած Սյունիքի իշխաններին թվարկելով՝ Ստ. Օրբելյանը Վարազվաղանից հետո նշում է 5 տարվա ընդմիջում. «Այսպես. Բաբիկը Սյունիքի իշխանությունը ստանում է Շապուհից և ապրելով [իշխանության մեջ] քսանմեկ տարի` վախճանվում է: Նրա սենեկապետ Սամ Գնթունին իշխում է մեկ տարի: Վաղինակը` ինը, Վասակը` երեսունինը, Վասակի փեսա Վարազվաղանը` քսանհինգ: Հինգ տարի ընդմիջում՝ [է լինում]: [Ապա իշխում է] Գդիհոնը` տասնյոթ տարի»[86]: Կարծում ենք, այստեղ պետք է մեկ ճշտում կատարել. քանի որ Վարազվաղանի 25 և Գդիհոնի 17 տարիների իշխանությունը` 25+17=42 հաշվելով՝ Վասակ I-ի կառավարման վերջին տարուց` 452թ. ստացվում է Գդիհոնի սպանության` 484թ., դրանով 5 տարվա ընդմիջման տեղ չի մնում:
Վարազվաղանի որդիներից մեզ հայտին են 2-ը` Գդիհոնը և Հազդը: Հազդը, ի տարբերություն հոր` Վարազվաղանի և եղբոր` Գդիհոնի, հավատացյալ քրիստոնյա էր և ակտիվ մասնակցություն ունեցավ պարսիկների դեմ 481-484թթ. ապստամբությանը: Ճարմանայի ճակատամարտում գերի ընկնելով՝ հրաժարվում է կրոնափոխության առաջարկից, որի պատճառով էլ նահատակվում է Բագրևանդ նահանգի Բագավան գյուղի մոտ` Նպատ լեռան լանջին 482թ. սեպտեմբերին[87]:
Վարազվաղանին հաջորդեց նրա ավագ որդի Գդիհոնը (477-484թթ.), որը, հոր նման լինելով զրադաշտական, նույնպես բացասական դեր է խաղացել Սյունիքի և Հայաստանի պատմության մեջ: Նա հատկապես աչքի ընկավ Վահանանց 481-484թթ. պատերազմի ժամանակ՝ թշնամական դիրք բռնելով ապստամբների նկատմամբ և ամեն կերպ աջակցություն ցույց տալով պարսիկներին: Նա, մի քանի անգամ պարտություն կրելով ապստամբներից, ի վերջո սպանվում է 484թ. Շիրակի Ըշտե կամ Շտեա գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում[88]: Գդիհոնին հակառակ Վահան Մամիկոնյանի հավատարիմ աջակիցներից էին Սյունի իշխաններ Բաբկենը, Բակուրը և Հազդը[89]: Ինչպես նշել ենք, Բաբկեն և Բակուր եղբայրները Վասակ Սյունու Անանուն եղբոր որդիներն էին և 451թ. զրկվելով իրենց տիրույթներից՝ գերի էին տարվել Պարսկաստան: 12 տարվա գերությունից հետո` 463/4թթ. վերադառնալով հայրենիք՝ նրանք հավանաբար Վարազվաղանից ստացել էին իրենց հորական տիրույթները, սակայն չէին հրաժարվել քրիստոնեական հավատից և միացան Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբությանը: Ակոռիի ճակատամարտի նախօրեին` 481թ., ապստամբները Սահակ II Բագրատունուն (460-482թթ.) նշանակեցին մարզպան, Վահան II Մամիկոնյանին (451-505թթ.)` սպարապետ, Բաբկեն Սյունուն էլ նշանակեցին Սյունիքի տանուտեր[90]: Բաբկեն I-ը (481-483թթ.), ծանր վիրավորվելով 482թ. Ճարմանայի ճակատամարտում, այլևս գործուն մասնակցություն չի ունենում ապստամբության հետագա ընթացքին[91]: Հավանական է, որ նա շուտով մահանում է ստացած ծանր վերքերից՝ այդպես էլ չկարողանալով իրականացնել իր երազանքը` իրական տեր դառնալ Սյունիքի իր պապենական իշխանությանը:
Այսպիսով` պատմական սկզբնաղբյուրների տեղեկությունների հիման վրա մեզ հաջողվեց կազմել մինչև 5-րդ դարի վերջը կառավարած Սյունիքի իշխանական տան նահապետների հերթականությունն ու նրանց կառավարման մոտավոր ժամանակաշրջանը: Ստորև ներկայացնում ենք նաև մինչև 5-րդ դարի վերջը իշխած Սյունյաց իշխանների տոհմապատկերը.
[1] Հաշվի առնելով Անանուն անվան անբարեհնչունությունը՝ Սյունյաց օրիորդների՝ մեզ անհայտ անունների համար օգտագործել ենք Սյունե անունը:
[1] Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը Ա. Աբրահամյանի, Ե., 1986, էջ 70:
[2] Մ. Խորենացի, Հայոց պատմություն, աշխարհաբար թարգմանությունը Ստ. Մալխասյանի, Ե., 1990, էջ 28:
[3] Նույն տեղում, էջ 76:
[4] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 72:
[5] Նույն տեղում, էջ 73:
[6] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 72, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 73:
[7] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 73:
[8] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 72:
[9] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 95, 100-101, 109:
[10] Նույն տեղում, էջ 199:
[11]Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 292-294:
[12] Ստ. Օրբելյան, էջ 71:
[13] Նույն տեղում, էջ 71:
[14] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 127-128:
[15] Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1898, յաւիելուածք, էջ 523:
[16] Հ. Մանանդյան, Երկեր, հ. Բ, Ե., 1978, էջ 124:
[17] Византийские историки, Дексипп, Эвнапий, Олимпиодор,Малх, Петр Патриций, Менандр, Кандид, Ноннос и Феофан Византиец, переведенные с греческого Спири-доном Дестунисом “в типографии Леонида Демиса”, Санкт Петербург, 1860, отрывок 13, ст. 92.
[18] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 83:
[19] Հ. Մամիկոնյան, Տարոնի պատմություն, թարգմանությունը Վ. Վարդանյանի, «Խորհրդային գրող», Ե., 1989. էջ 37-40, 45-46, 53, 57:
[20] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 75:
[21] Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, աշխարհաբար թարգմ. ներած, և ծանոթագր. Ա. Տեր-Ղևոնդյանի, Ե., 1977, էջ 126, 149:
[22] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 79:
[23] Ղ.Ալիշան, նշվ. աշխ., էջ17:
[24] Ս. Հախվերդյան, Վրաց տարեգրության մեջ հիշատակված Պերոզավր Սյունեցի իշխանի ինքնության հարցի շուրջ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հանրապետական գիտաժողովի նյութեր, «Իրավունք», Ե., 2009, էջ 82-85:
[25] Памяатники Грузинской исторической литературы VII, издат. “Мецниериба”, Обращение Грузии, пер. Е.С. Такайшвили, Тбилиси 1989, ст. 15.
[26] Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին (V- XI դդ), Լ. Մելիքսեթ-Բեկ, Գիրք Ա, Ե., 2013, էջ 22, 174:
[27] Նույն տեղում, էջ 22:
[28] Картлис Цховреба, изд. “Артануджи”, Тбилиси 2006. ст. 43, Վրաց աղբյուրները, նշվ. աշխ., էջ 168:
[29] Памяатники Грузинской исторической литературы, VII, նշվ. աշխ., ст 7:
[30] Փ. Բուզանդ, Հայոց Պատմություն, թարգմանությունը և ծանոթագրությունը Ստ. Մալխասյանի, «Երևանի համալսարանի հրատարակություն, Ե., 1987, էջ 37:
[31] Մենք գտնում ենք, որ պետք է հետևել հայ պատմիչների, մասնավորապես Խորենացու կողմից հայոց թագավորներին, մանավանդ 4-րդ դարին վերաբերող գահակալության տարիներին և ըստ այդմ էլ՝ փորձել ենք կազմել հայ Արշակու-նիների գահակալման տարիները, ինչը ստորև ներկայացնում ենք՝ սկսած Արտաշես II-ից. Արտաշես II՝ 41 տարի (65-106), Արտավազդ II՝ 1 տարի (106-107), Տիրան I՝ 21 տարի (107-128), Տիգրան III Վերջին՝ 42 տարի (128-170), Վաղարշ II՝ 20 տարի (170-190), Խոսրով I-ին Մեծ՝ 48 տարի (190-238), անիշխանություն՝ 28 տարի (238-264), Տրդատ Մեծ՝ 56 տարի (264-320), Խոսրով II՝ 9 տարի (320-329), Տիրան II՝ 11 տարի (329-340), Արշակ II՝ 30 տարի (340-370), Պապ՝ 7 տարի (370-377), Վարազդատ՝ 4 տարի (377-381), Արշակ II՝ 7, 5 տարի (381-389) և Վաղարշակ III՝ 2 տարի (381-383), Խոսրով III՝ 7 տարի (386-393), կրկին 8 ամիս (414-415), Վռամշապուհ՝ 21 տարի (393-414), Շապուհ Սասանյան՝ 4 տարի (415-419), անիշխանություն՝ 3 տարի (419-422), Արտաշիր III՝ 6 տարի (422-428): Արշակունի թագավորների գահակալման այս տարեթվերի հիման վրա էլ կազմել ենք նաև Սյունի և մյուս իշխանական տների իշխանների կառավարման տարեթվերը:
[32] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 169, Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 37:
[33] Նույն տեղում, էջ 178:
[34] Նույն տեղում, էջ 185:
[35] Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 10:
[36] Նույն տեղում, էջ 10:
[37] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 47:
[38]Նույն տեղում, էջ 79-85:
[39] Նույն տեղում, էջ 71: 115:
[40] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 186:
[41] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 86, Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969, էջ 81-82:
[42] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 381:
[43] Նույն տեղում, էջ 183
[44] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 183, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 82, . Բուզանդ, նշվ. աշխ., էջ 183::
[45] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 82, Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 185, Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 193:
[46] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 194-195, Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 163-165, 269:
[47] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 373:
[48] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 87-88, Մ. Կաղանկատվացի, նշվ. աշխ., էջ 82-83:
[49] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 88:
[50] Նույն տեղում, էջ 95:
[51] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 381:
[52] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 94:
[53] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 206:
[54] Նույն տեղում, էջ 201:
[55] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 381:
[56] Памяатники Грузинской исторической литературы, VII, նշվ. աշխ., ст 13:
[57] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 94:
[58] Ն. Ադոնց. Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե., 1987, էջ 507:
[59] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 94-95:
[60] Նույն տեղում, էջ 95:
[61] Կորյուն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, Ե., 1994, էջ 47:
[62] Եղիշե, Վարդանի և Հայոց պատերազմի մասին, Ե., 1994, էջ 136: Ղ. Փարպեցի, Հայոց պատմություն, Ե., 1982, էջ 205:
[63] Մ. Խորենացի, նշվ. աշխ., էջ 206:
[64] Փ. Բուզանդ, նշվ. աշխ., էջ 71:
[65] Նույն տեղում, էջ 21:
[66] Եղիշե, նշվ. աշխ., էջ 70:
[67] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 295:
[68] Կորյուն, նշվ. աշխ., էջ 47:
[69] Եղիշե, նշվ. աշխ., էջ 98:
[70] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 517:
[71] Հ. Մանանդյան, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934, էջ 47-48:
[72] Ն. Ակինեան, Կարմիրն Վարդան եւ Աիարայռի ճակատամարտը, Վիեննա, 1951, էջ 87:
[73] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 95:
[74] Նույն տեղում, էջ 99:
[75] Լեո, Երկերի ժողովածու, հ. 2, Ե., 1967, էջ 55:
[76] Եղիշե, նշվ. աշխ., էջ 96, Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 197:
[77] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 203, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 103, Եղիշե, նշվ. աշխ., էջ 99-100:
[78] Լեո, նշվ. աշխ., էջ 86:
[79] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 100:
[80] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 129, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 101:
[81] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 271:
[82] Ն. Ադոնց, նշվ. աշխ., էջ 307:
[83] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 87, 89, Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 100:
[84] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 203
[85] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 95:
[86] Նույն տեղում, էջ 95:
[87] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 104-106, Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 329, 343:
[88] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 103, Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 371:
[89] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 104:
[90] Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 295:
[91] Ստ. Օրբելյան, նշվ. աշխ., էջ 104: Ղ. Փարպեցի, նշվ. աշխ., էջ 329:
[…] Սյունյաց իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը […]
Comments are closed.