Մահևանյան իշխանական տունը 11-14-րդ դարերում

Spread the love

Մահևանյան տոհմի վերաբերյալ մեր տեղեկությունները սուղ են: Պատմական աղբյուրներում նրանք հայտնի են Ջուրջանց[1] կամ Մահևանյան[2] տոհմանունով: Ստ. Օրբելյանի հավաստմամբ Մահևանյանները Բաղքի իշխանական տոհմից են[3]:

Մահևանյան իշխանական տան պատմությանը անդրադարձել են Ղ. Ալիշանը[4] և Հ. Մարգարյանը[5], սակայն, չնայած կատարված ուսումնասիրություններին, Մահևանյանների իշխանական տան պատմությունը մնում է միջնադարի հայկական իշխանական տներից առավել քիչ ուսումնասիրվածներից մեկը:

Մահևան անունը կրող առաջին իշխանը առաջին անգամ հիշատակվում է 1091թ.կալվածագրում, երբ Գևորգ իշխանի հետ Սյունյաց Սենեքերիմ արքայի կարգադրությամբ Տաթևի վանքին է վերադարձնում Հարժիս, Բերդաներեշ և Ցուրագետ գյուղերը[6]:

Վահանավանքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերած տապանաքարի` ԶԳԻՈՐԳ ՄԵՀԵՒԱՆԱ ՈՐԴ/Ի ՅԻՇԵՑԵՔ արձանագրությունը[7] ճշտում է նրանց ազգակցական կապը, փաստելով, որ վերոհիշյալ Գեորգը եղել է Մահևանի որդին։

Հաշվի առնելուվ, որ Հարժիս, Բերդաներեշ և Ցուրա գետ գյուղերը գտնվում էին Ծղուկ գավառում[8] և նկատի ունենալով Ստ, Օրբելյանի վկայությունը, որ նրանք Բաղքի իշխանական տոհմից են, կարող ենք եզրակացնել, որ Մահևանյանները հավանաբար բուն Բաղք և Ծղուկ գավառների գահակալ իշխան Սահակ Աշոտյանի սերունդից են:

Ըստ Ս. Օրբելյանի, Սյունյաց արքա Սենեքերիմը ուներ 3 ուստր` Գրիգոր, Սմբատ, Սևադա և մեկ  դուստր[9], ում անունը չի  հաղորդում: Սակայն, 1969թ. Վահանավանքի պեղումների ժամանակ հայնաբերված տապանաքարերից մեկի արձանագրությունը` ՀԿԻՒՐԻԿԷ ՈՐԴԻ ՍԵՆԻՔԱՐԵՄ Թ/ԱԳԱԻՈՐԻ ԿԻՍԱԻՐ/Է ՀԱՆԳՈԻՑԵԱԼ/ ՅԱՂԱԻՐԹՍ/, ՅԻՇԵՅԷՔ։ / Ի ֊:ՇԽԸ։ (1099)[10] փաստում է, որ Սենեքերիմը ունեցել է նաև Կյուրիկե անունով որդի[11]:

Ամաղուի Նորավանքի գավթի հարավային լուսամուտի միջորմնի մեջ ագուցված 6 տողանոց խաչքարի` ԱՅՍ ՆՇԱՆ ԱՒԾԵԼՈՅՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ ԿԱ/ՆԳՆԵԱԼ Ի ԲԱՐԷԽԱՒՍՈՒԹԻ(ՒՆ) ԻՇԽԱՆԱՑ ԻՇ/ԽԱՆԻ ՀԱՍԱՆԱ՝ ՈՐ/ԴՈ ՍԻՆԻՔԷՐԻՄ ԱՐՔԱԻ, ՈՐ ԿԻՍԱ/ՒՐԵԱ ՓՈԽԵՑԱՒ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս ԶՐԿԵԱԼ /Ի ՀԱՅՐԵՆԻ ՓԱՌԱՑՆ, ԱՒՏԱՐ…[12] արձանագրությունը մտորումների տեղիք է տալիս: Դժբախտաբար, խաչքարի այն հատվածը, որտեղ պետք է նշված լիներ արձանագրության թվականը, եղծված է, ինչը հնարավորություն չի տալիս նշելու խաչքարի կանգնեցնելու ժամանակը և հաստատելու կամ հերքելու այս Հասանի Սենեքերիմ արքայի որդին լինելու հանգամանքը: Միայն կարելի է եզրակացնել, որ Հասանը մահացել է երիտասարդ հասակում: Ղ. Ալիշանը, Հ. Աճառյանը և Ս. Բարխուդարանը, հիմք ընդունելով այս արձանագրությունը Հասանին համարում են Սենեքերիմ արքայի որդի[13]:

Խնդրի լուծմանը դժվարեցնում է այն հանգամանքը, որ Ամաղուի Նորավանքում հայտնաբերված արձանագրությունում` «ՅԱՆՈՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ. ԱՅՍ ԳԻՐ Է Տ(ԵԱՌ)Ն ՍԱՐ[Գ]/ՍԻ ԵՒ ՍՊԱՍԱՒՈՐԱՑ Ս(ՈՒՐ)Բ ԿԱՐԱՊԵՏԻ/Ս, ՈՐ ՏՈՒԱՔ ԶԽՈՐԱՆՍ ՀԱՍԱՆԱՅ Ա/ՄԱՂՈՒԵՑՈՅ, ՈՐ ՆՈՐԱ ՀԱԼԱԼ ԱՐԴԵԱ/ՄՔ ՇԻՆԵՑԱՒ, Ի ՏԱՐԻՆ :Բ: (2) ԱՒՐ ԺԱՄ/ՀԱՍՏԱՏԵՑԱՔ ԶՊԵՏՐՈՍԻ-ԶՊԱՒՂՈՍԻ /ՏԱՒՆ ՀԱՍԱՆԱ, ԻՒՐ ԿՆՈՋՆ, ԵՒ ՈՐ ՀԱԿ/ԱՌԱԿԻ… »[14] հիշատակվում է մեկ այլ Հասան Ամաղուեցի իշխան: Հասան Ամաղուցի իշխանը գործել է 13-րդ դարի երկրորդ կեսին: Խնդիրը ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ Հասան Ամաղուցու ժամանակակից, մեր կարծիքով նրա եղբայր Մահևան իշխանն էլ Ամաղուի Նորավանքի խաչքարի վրայի 1277թ. թվագրվող` «ԱՅՍ Ն[ՇԱՆ] ԱՎԾԵԼՈՅՆ Յ(ԻՍՈՒՍ)Ի, ՈՐՈՎ ՓՐԿԵԱՆ  Ն/ԱԽԱՍՏԵՂԾՔ ՊԱՐՏԵԱՑՆ ԱՌԱՋԻ Ե[Ւ]/ ԿԱ(Ն)ԳՆԵՑԱՒ Ի ՓՐԿՈՒԹԵ(ԱՆ) ՄԱՀԵՒԱՆ ԻՇԽԱՆԻ՝ ԹՈ/Ռ [ՍԵՆ]ԷՔԱՐԵՄԱ ԱՐՔԱԻ, ՅԻՇԵՑԷՔ Ի /Ք(ՐԻՍՏՈ)Ս, ԹՎԻՍ :ՉԻԶ: (1277)։»[15] 5 տողանոց արձանագրության մեջ իրեն համարում է Սենեքերիմի թոռ: Նա լինելով անզավակ, իր տիրույթները կիսելով իր եղբոր` Ջուրջի որդի Ամիրայի հետ, իր բաժին կալվածքները նվիրում է Նորավանքին[16],  Արդ, եթե Սենեքերիմից մոտ 200 տարի հետո ապրած Մահևանը իրեն կարող է համարել նրա թոռը, ապա ինչու նույն ժամանակաշրջանում գործած անձը չի կարող իրեն համարել Սենեքերիմի որդին:

Ս. Բարխուդարյանը ենթադրաբար Մահեվանին է վերագրել Ամաղուղուի Նորավանքի բակում անթվակիր տապանաբեկորի արձանագրությունը` [ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ ՄԱՀԵՒԱՆ]ԻՆ, ԹՈՌՆ ՍԵՆԻՔԱՐԵՄԱ….[17]: Սակայն, հետագայում հայտնաբերվել է Մահևանի տապանաքարը: Այդ կապակցությամբ Ս. Սաղումյանը նշում է. «Նորաբաց տապանագրերից է. ՊԱՐՈՆ ՄԱՀԵՒԱՆԱ Է։ Սելջուկների կողմից Բաղքը նվաճելուց հետո իշխանական տները քայքայվում են, ցրվում Արցախ ու Վայոց ձոր։ Բաղքի իշխանական տոհմից էր Մահեվանը՝ Սենեքերիմ արքայի թոռը, որը հիշատակագիր խաչքարի (1277 թ.) արձանագրության մեջ կրում է իշխան տիտղոսը [18]։ Ս. Բարխուդարյանը ենթադրաբար Մահեվանին է վերագրել մի այլ տապանաբեկոր[19], բայց, ինչպես պարզվում է, Մահեվանի տապանաքարը իր նախնական տեղում է (գավթից հարավ)։ Սույն շտկումը վերացնում է ստեղծված շփոթությունը։ Անզավակ Մահեվանն իր հարստություններն ու կալվածքները նվիրել է Նորավանքինե[20]:

Այսպիսով ստացվում է, որ բացի Մահևանից, իրեն Սենեքերիմի թոռ է համարում ևս մեկ այլ իշխան: Դժբախտաբար, տապանաքարի արձանագրության եղծված հատվածը հնարավորություն չի տալիս գոնե մոտավոր ճշտությամբ ընթերցել նրա անունը:

Ցանկալի կլիներ ընդունելի համարել Ղ. Ալիշանի, Հ. Աճառյանի և մյուսների տեսակետը և վերոհիշյալ Հասանին համարել Սենեքերիմ արքայի այլուր չհիշատակվող հինգերորդ որդին, իսկ նրա որդին ենթադրաբար համարել Նախիջևանում մանուկ ժամանակ մահացած Ջուրջ և Խոսրովիկ իշխանների հայր Մահևանին: Այս տարբերակը ընդունելու դեպքում նրանց տոհմապատկերը կունենար հետևյալ տեսքը`

                            

                           

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենվելով ընդամենը մեկ արձանագրության վրա նման եզրակացություն անելը, առավել ևս, որ դեռևս չի հայտնաբերվել տվյալ Հասանին վերագրվող հստակ թվագրված մեկ այլ արձանագրություն և վկայակոչելով Ստ. Օրբելյանի այն տեղեկությունը, որ Մահևանյան կամ Ջուրջանց տոհմը Վայոց ձորում վերաբնակեցվել է միայն 13-րդ դարի սկզբին Իվանե Զաքարյանի կողմից[21], մենք ձեռնպահ ենք մնում այս Հասանին Սենեքերիմ արքայի որդին համարելուց: Բացի այդ, Մահևանյանների տոհմի ամբողջ պատմության մեջ չենք հանդիպում տվյալ ժամանակաշրջանում Սյունիների և Սյունի-Առանշահիկների տոհմերում բնորոշ` Վասակ, Սմբատ, Սենեքերիմ, Սևադա և այլ անունները: Դրան հակառակ անընդհատ կրկնվում են Մահևան և Գևորգ (Ջուրջ) անունները: Հայ միջնադարյան ազնվականական գերդաստաններում մեծ հոր և անդրանիկ թոռան անունների նույնությունը քարացած ավանդույթ էր[22]:

Միաժամանակ, մենք հնարավոր ենք համարում Սենեքերիմի և Մահևանյաննեևի միջև ազգակցական կապի առկայությունը մորական գծով, ինչը և հիմք է տվել Մահևանյաններին իրենց համարել Սենեքերիմ արքայի որդի կամ թոռ: Ժամանակագրական հաշվարկները հաշվի առնելով, գտնում ենք, որ նման կապի ամենահավանական տարբերակը կարող էր լինել Սենեքերիմ արքայի դուստր Կատայի և Մահևանի որդի Գևորգի ամուսնությունը: Այս տեսակետի օգտին կարող է վկայել այն փաստը, որ Գևորգը թաղվել է Վահավանքի արքայական դամբարանում, իսկ նրա տապանաքարի մոտ հայտնաբերվել է մեկ այլ տապանաքար` Կատա մակագրությամբ[23]: Գր. Գրիգորյանի կարծիքով այս Կատան Սենեքերիմ արքայի քույրն էր[24]:

Մահևանյանների վերաբերյալ հաջորդ տեղեկությունը վերաբերվում է 12-րդ դարի 70-ական թվականներին: Նկարագրելով Սյունյաց թագավորության անկումը և Սյունիքի իշխանական տների քայքայվելը, Ստ. Օրբելյանը նշում է. «Իսկ մնացեալ ազատքն Ջուրջն և Խոսրովիկն տղայ հասակաւ մեռան ‘ի Նախջաւանի և թաղեցան ‘ի Ճահուկ, և եղբօրորդի մի Ջուրջին գնաց փախստական ‘ի քաղաքն Անի` Մահևան անուն…»[25]: Գ. Գրիգորյանի կարծիքով, այս Մահևանի որդին էր Վահանավանքի տապանաքարերից մեկի արձանագրության մեջ հիշվող Մահևանի որդի Գեորգը[26]: Սակայն, կարծում ենք, որ անվանի գիտնականը վերոհիշյալ Մահևանին շփոթում է Սենեքերիմ արքայի կարգադրությամբ 1091թ., Հարժիս, Բերդաներեշ և Ցուրա գետ գյուղերը Տաթևի վանքին  վերադարձնող Գևորգ իշխանի հետ հիշվող Մահևանի հետ[27]:

Հաշվի առնելով ժամանակագրական տվյալները և մեծ հոր և անդրանիկ թոռան անունների նույնության արդեն նշված ավանդույթը, գտնում ենք, որ վերոհիշյալ Ջուրջը 1091թ. վճռագրում հիշվող Գևորգի թոռն էր, իսկ քանի որ իր եղբորորդու անունն էլ Մահևան էր, ապա իր հոր, հետևաբար Ջուրջի եղբորորդի Մահևանի պապի անունն էլ պետք է լինի Մահևան: Չնայած, Ալիշանը Ջուրջին և Խոսրովիկին համարում է Համտունեանք[28], հավանական է, որ Ջուրջի հետ հիշատակվող Խոսրովիկն էլ լիներ նրա եղբայրը, քանի որ Ստ. Օրբելյանի երկում միևնույն տոհմի և ընտանիքի անդամները համարյա մշտապես նշվում են միասին:

Անիում ապաստան գտած Մահևանի մասին այլևս տեղեկություն չունենք: Ստ. Օրբելյանը նշում է, ուր Սյունիքը ազատագրելուց հետո Իվանե աթաբեկը նրա ժառանգներին բերում և բնակեցնում է Վայոց ձորում, որպես կալվածք տալով` «զՆրբոյն բերդ այլովք ագարակօք»[29]:

Մահևանյանների Վայոց ձորում վերահաստատվելը տեղի է ունեցել 1220-ական թվականներին: Հաշվի առնելով, որ 1170թ. Անիում ապաստան գտած Մահևանը արդեն բավականին ծեր պետք է լիներ, եթե ոչ մահացած, ապա Վայոց ձոր պետք է տեղափոխված լիներ նրա որդին կամ թոռը:

Ղ. Ալիշանը Անիում ապաստան գտած Մահևանի որդի է համարում Ջուրջին, Ջուրջի որդուն` 1277թ. արձանագրության մեջ հիշատակվող Մահևան Բ-ին և վերջինիս եղբորորդի Ամիրային[30]:

Չնայած, Ստ Օրբելյանը Մահևանյանների հետագա սերունդներից նշում է միայն անժառանգ Մահևանին ու նրա եղբորորդի Ամիրային, սակայն վիմական արձանագրությունների վկայությունների հնարավորություն են տալիս որոշակի ճշտությամբ կազմել Մահևանյանների հետագա սերունդների մոտավոր հաջորդականությունը:

Ժամանակագրական առումով ամենավաղ արձանագրությունը կարելի է համարել Գեղարդավանքի աջ ավանդատան դռան ճակատաքարի վրայի 5 տողանոց մակագրությունը, որտեղ հիշատակվում է Սարգիս Մեհևանյանի դուստր Գոհարը[31]:  Արձանագրության ժամանակը Գ. Հովսեփյանը համարում է 1210-ական թվականները[32]: Հաշվի առնելով ժամանակագրական տարբերությունը, հավանական է, որ վերոհիշյալ Սարգիսը լիներ Անի տեղափոխված Մահևանի որդին: Կարծում ենք, որ հենց այս Սարգիսի հայր Մեհևան Երևանցին է հիշատակված 1177թ. որպես օժանդակող Հավուց թառի եկեղեցու շինության[33]:

Չափազանց արժեքավոր է նաև Ամաղուի Նորավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու վերնամասում, ներքուստ, 8 տողանոց հետևյալ արձանագրությունը`

1. …ԿԱՄ]ԱՒ ԹԱԳԱՒՈՐԻ ՄԻԱԲԱՆԵՑԱ Ս(ՈՒՐ)Բ ՆԱԽԱՎԿԱ ՎԱՆԻՑ ԵՒ

2. [ԵՏՈՒ ԻՄ … ՀԱՅ]ՐԵՆԵ(Ա)ՑՆ Ի Ս(ՈՒՐ)Բ ՆՇԱՆ ԵՒ …Ն ԶԻՄ

ԲԱԺԻՆՆ, ԶՈՐ ԳԵՏԱ(Ւ) ՀԱՒՏԱՐԱՐԱԾ ԸԶՃՈԿԱՆ ԱՐՏՈՅ

ԿՈՅՍՆ ՈՒ

3. ՄՈՐԴԱԿ…։ Տ(Է)Ր ՍԱՐԳԻՍ ՈՒ ՄԻԱԲԱՆՔՍ ՀԱՍ[ՏԱՏԵՑԻՆ…

Պ]ԱՏԱՐԱԳ :Ե: (5) ԱՒՐ ՋՈՒՐՋԻՆ, :Ե: (5)՝ ԽՈՒԹԼՈՒ ԽԱԹՈՒ-

ՆԻՆ, :Դ: (4)՝ ՋՈՒՐՋԻՆ ՀԱՒՐՆ՝

4. ԳՐ[ԻԳՈՐԻՆ]… [ՏԻ]ԿՆԱՆՑ ՏԻԿՆՈ՝ :Գ: (3), ՀԱՍԱՆԱ՝ :Ե: (5) ԷՐ

ՎՃ[ԻՌՍ….] ՅԻՇԽԱՆՈՒԹԵ[ԱՆ] ՏԱՐՍԱԻՃԻՆ, ՄԵԾ ԻՇԽԱՆԻ,

ԵՂԲԱՒՐ ՍՄՊԱՏԱ ԱՐՔԱԻ ԵՒ ԱՄ

5. ՈՒՍ[ՆՈՅ ՆՈՐԱ Մ]ԻՆԱՅ ԽԱԹՈՒՆԻ, ՈՐ ԴՈՒՍՏՐ ԷՐ [ՋԱԼԱ-

ԼԻՆ, ԱՂ]ՎԱՆԻՑ ԱՐՔԱԻ։ ԱՐԴ, ՈՐ ԱՅՍ ՀԱՍՏԱՏ ՎՃՌԻՍ ԽԱ-

ՓԱՆԵԼ ՋԱՆԱՅ, ԹԷ ՅԻՄՈՑ,

6. ԹԷ ԱՒՏԱՐԱՑ, ԹԷ ՅԻՇԽԱՆ[ԱՑ], ԹԷ Ի ՁԵՌՆԱՒՈՐԱՑ՝ ԵՐԻՑ

Ս(ՈՒՐ)Բ. ԺՈՂՈՎՈՅՆ ՆԶՈՎԵԱԼ ԵՂԻՑԻ :ՅԺԸ: (318) ՀԱՅՐԱ-

ՊԵՏ[ԱՑ] ՈՐՈՇԵԱԼ ԵՂԻՑԻ ՈՒ ՄԱՍՆ, ՈՒ ԲԱ

7. ԺԻՆ ԶՅՈՒԴԱՅԻ, ԵՒ ԶԿԱՅԵՆԻ ԱՌՑԷ։ ԹԷ ՏԱՃԻԿ ԱՒԱԳ ՓՈ-

ԽԻ՝ Ի ՅԱ(ՍՏՈՒԾՈ)Յ, ՈՒ ՅԻՐ ՄԱՀՄԱԴԷՆ ԱՊԻԶԱՐ ԵՂԻՑԻ ՈՒ

:Ռ: (1000), :Ռ: (1000) ՆԱԼԱԹ, :Ե: (5) ԱՒՐ

8. ՅԱՅՏՆՈՒԹԵ(ԱՆ)Ն, :Ե: (5)՝ ԾԱՌԶ[ԱՐԴ]ԱՐԻՆ, :Դ: (4)՝ ԶԱՏ[-

ԿԻՆ], :Դ: (4)՝ ՎԱՐԴԵ[Ւ]ՈՐԻՆ, :Գ: (3)՝ Ս(ՈՒՐ)Բ ԽԱՉԻՆ[34]։

Այստեղ հիշատակվող Ջուրջը միանշանակ Մահևանյան տոհմից էր: Նրա կինն էր Խութլու Խաթունը, հայրը` Գրիգորը: Գրիգորից հետո նշված տիկնանց տիկինը բնականաբար  Գրիգորի կինը էր, որի անվան հատվածը դժբախտաբար եղծված է, ինչը հնարավորություն չի տալիս պարզելու Ջուրջի մոր անունը: Իսկ Հասանը, որը այլ արձանագրությունից մեզ արդեն հայտնի Հասան Ամաղուեցին է, կարող է լինել Ջուրջի եղբայրը կամ որդին: Ավելի հավանական է, որ Հասանը լիներ Ջուրջի որդին:    

Այս արձանգրությունը հնարավորություն է տալիս պարզելու Մահևանյանների միանգամից երեք սերունդի հաջորդականությունը` Ջուրջի, նրա հոր` Գրիգոր և որդու` Հասանին:

Բնականաբար, չենք կարող հստակ նշել, թե Գրիգորը ազգակցական ինչ աստիճանի վրա էր գտնվում Անի տեղափոխված Մահևանի կամ Գեղարդավանքի արձանագրության մեջ հիշատակվող Սարգիս Մեհևանյանի հետ: Ավելի հավանական ենք համարում, որ Գրիգորը լիներ Սարգիսի եղբայրը և Մեհևանի որդին: Եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա դա հնարավորություն կտա կազմելու Մեհևանյանների տոհմի համեմատական ամբողջական տոհմապատկերը և իշխանների հաջորդականությունը:

Նորավանքի 1291թ. մի նվիրագրի հավաստմամբ Ջուրջի թոռ Ամիրան 4 հազար դրամով գնած այգի և 3 ջորի է նվիրում վանքին իր և իր մոր` Գոհար Խաթունի հոգու փրկության համար[35]: Այս Ամիրայի վերաբերյալ Ստ. Օրբելյանը վկայում է, որ նա անժառանգ Մահևան իշխանի եղբոր որդին է[36]: Ղ. Ալիշանը չնայած մեկ անգամ այս Ամիրային համարում է Ջուրջի որդի[37], սակայն մեկ այլ տեղ Ամիրային համարում է Ջուրջի թոռը[38]: Ամիրայի տապանաքարի`«ԱՅՍ է ՀԱՆԳԻՍՏ ԱՄ/ԻՐԱՅԻՆ, ԹՎ(ԻՆ) ՉԿԷ (1318)»[39] արձանագրությունից պարզվում է, որ նա մահացել է 1318թ.: Չնայած Ամիրան իր թողած երեք արձանագրություներիում չի նշում իր հոր անունը, սակայն մեր կարծիքով այն կարող էր լիներ միայն Հասանը: Բացի Ամիրայից Հասանը ունեցել է ևս մեկ այլ որդի Խոսրով անունով, ում անունը վկայված է իր դուստր Գոնցայի թողած 7 տողանոց արձանագրության մեջ`

1. ԿԱՄԱՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ, ԵՍ՝ ԳՈՆՑԷՍ, ԹՈՌՆ ՀԱՍ(Ա)ՆԱՅ,

2. ԴՈՒՍՏՐ ՊԱՐՈՆ ԽԱՒՍՐԱՎԿԱ, ՄԻԱԲԱՆԵՑ

3. ԱՅ Ս(ՈՒՐ)Բ ՈՒԽՏԻՍ ՆՈՐԱՅՎԱՆԻՑ, ՊԱՐ(ՈՆ)ՈՒԹԵ(ԱՆ)

4. ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆԱ ԲՈՒՐԹԷԼԻՆ ԵՒ ՏՎԻ ԶԽԱՆԳԱՀԻ ԷԳԻՆ

5. ԱՄԱՏԻՆ ՀՈԳՈՅՆ. ՄԻԱԲԱՆՔ ԽՈՍՏԱՑԱՆ :Զ: (6) ՊԱՏԱՐԱԳՅԱ

6. (Յ)ՏՆՈՒԹԵ(ԱՆ) ՈՒԹԱՒՐԱՑՆ՝ :Բ: (2) ԻՆՁ, :Բ: (2) ԱՄԱՏԻՆ, :Ա:(1) ՀԱՍԱՆԱ,

7. :Ա: (1) ԹՈՒԽԹԱՆԷ։ ԹՎ(ԻՆ) :ՉՂԴ: (1345)։ [40]

Գոնցան ամուսնացած էր  Վասակ Շահուռնեցի իշխանի որդի Վահրամի հետ[41]: Արձանագրության մեջ հիշատակված Ամատան և Հասանը նրա որդիներն էին, իսկ Թուխթանը` Որոտանի տեր Իվանեի դուստրն էր, նշանավոր գիտնական Հովհանն Որոտնեցու քույրը և  Ամատաի կինը[42]: Իվանե Որոտնեցու հոր անունը նույնպես Հասան էր, սակայն, չնայաց նրանք համարյա հասակակիցներ էին, բնականաբար նրան ոչ մի դեպքում չի կարելի նույնացնել Հասան Ամաղուեցու հետ: Թովմա Մեծոփեցին վկայում է, որ Հովհան Որոտնեցին «ի գաւառէն Որոտնոյ, ի գեղջէն Վաղանդնայ` որդի մեծի իշխանին Իվանի, որ էր ի զարմէ առաջին իշխանացն Սիւնիաց, յորմէ Վասակն էր»[43]: Նշվածներից բացի Գոնցան ուներ ևս մեկ որդի Ուքան անունով[44]: Վահրամը Բուրթել Օրբելյանի զորահրամանատարն ու Երարան (Հերհեր), Վանք և Քոլատակ կոչվող բնակավայրերի  տերն էր[45] և 1310-ական թվականների արձանագրությունների մեջ այլև չի հիշատակվում[46]:

Չնայած, մեկ այլ արձանագրության մեջ Գոնցան իր հայր Խոսրովիկին համարում է Տարսիճեանց ազգից[47], սակայն, կարծում ենք, որ եթե Գոնցան որևէ կապ ունեցել է Տարսայիճ Օրբելյանի հետ, ապա դա կարող էր լինել միայն մորական կողմով, քանի որ Օրբելյանների տոհմում Հասան և Խոսրով անուների մենք չենք հանդիպում: Միաժամանակ բացառում ենք նաև Գոնցայի պապ Հասանի` Պռոշյան տոհմին պատկանելու վարկածը, քանի որ այդպիսը փաստի առկայության դեպքում Գոնցան անպայման կշեշտեր իր պատկանելությունը նշանավոր այդ տոհմին:

Ամենայն հավանականությամբ Մահևանյան տոհմի ներկայացուցիչ էր նաև Սարգիս քահանայի հայր Մեհևանը: Սարգիսը «Հաւուցթառի միաբան էր և Դաւիթ գրիչի հետ միանալով մի Մաշտոց օրինակեցին և նվիրեցին Հաւուց թառին… 1423թ.»[48]: Ժամանակագրական առումով Սարգսի հայր Մահևանին պետք է պատկանի Վայոց ձորի Թանատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու մոտ գտնվող խաչքարի « , ողորմի  Մահևանա քահանայի» անթվակիր արձանագրությունը, որը Գ. Հովսեփյանի կարծիքով 14-րդ դարին պետք է պատկանի:[49]

Այս Սարգիս քահանայով ավարտվում են մեր տեղեկությունները Մահևանյան տոհմի վերաբերյալ:

Այսպիսով, Ստ. Օրբելյանի և վիմական սկզբնաղբյուրների տվյալների համադրման արդյունքում հնարավոր եղավ Մահևանյան իշխանական տոհմի պատմությունը և կազմել նրանց հետևյալ համեմատական տոհմապատկերը`

                   

THE MAHEVANIAN PRIVATE HOUSE IN THE 11-14TH CENTURIES

With this article, we aimed to highlight and present the history of Jurjants or Mahevan dynasty, because the history of that princely house remains one of the least studied of the Armenian princely houses of the Middle Ages.               During the study of the topic, we raised the following issues:               — What date do the first mentions of the dynasty in the primary sources date from?               — Was Mahevan, mentioned in the inscriptions, the grandson of King Senekerim of Syunyat?               — When did the Mahevan dynasty settle in Vayots Dzor?               — When do the mentions of the Mahevan dynasty end?               During the study, we used the methods of comparison and analysis of sources.                   As a result of the study, through the combination of transcriptions and initials of inscriptions, we came to the conclusion that the first mentions of the Mahevan dynasty start from 1091 and end in the 1420s. The first representative of the ruling house in the 1091 lithographic inscription of King Sennacherim of Syunik mentions Mahevan, and the last representative was the priest Sargis In the blood of the research, we presented the genealogy of the Mahevan princely house.               Keywords. Mahevan family, lithographic record, source, genealogy, royal house, Syunik, Mahevan, Senekerim

МАХЕВАНСКИЙ КНЯЖЕСТВЕННЫЙ ДОМ В XI-XIV ВЕКАХ

В этой статье мы стремились осветить и представить историю династии Джуржантов или Махеванов, потому что история этого княжеского дома остается одним из наименее изученных армянских княжеских домов средневековья.               В ходе изучения темы нами были подняты следующие вопросы:               — К какой дате относятся первые упоминания о династии в первоисточниках?               — Был ли Махеван, упоминаемый в надписях, внуком царя Сенекерима Сюнятского?               — Когда в Вайоц Дзоре поселилась династия Махеван?               — Когда заканчиваются упоминания о династии Махеван?               В ходе исследования мы использовали методы сравнения и анализа источников.               В результате исследования путем сочетания транскрипций и инициалов надписей мы пришли к выводу, что первые упоминания о династии Махеван начинаются с 1091 года и заканчиваются 1420-ми годами. Первым представителем правящего дома в литографскom надписе 1091 году царья Сеннахерима Сюникского упоминается Махеван, а последним представителем был священник Саргис В крови исследования мы представили родословную махеванского княжеского дома.Ключевые слова. Семья Махеван, литографическая запись, источник, генеалогия, царский дом, Сюник, Махеван, Сенекерим


[1] Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 267: (այսուհետ Ստեփանոս Օրբելյան)

[2] Ալիշան Ղ, Սիսական Տեղագրությիւն Սիւնեաց աշխահի, 1893, էջ 168, 295։

[3] Նույն տեղում, էջ 267:

[4] Նույն տեղում., էջ 168, 181, 295:

[5] Մարգարյան Հ., Նորավանքը եւ հայ իշխանական տները ԺԲ-ԺԴ դարերում, «Նորավանք» հայագիտական տարեգիրք, Մոնրեալ-Երեւան, 2001, էջ 55-61: 

[6] Ալիշան Ղ.,, էջ 242:

[7] Գրիգորյան Գ.,  Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները (1966-1970թթ), ԼՀԳ, № 10, Երևան, 1970, էջ 92:

[8] Ալիշան Ղ., էջ 371:

[9] Ալիշան Ղ., էջ 234, 337:

[10] Գրիգորյան Գ., Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները (1966-1970թթ), ․, էջ 89:

[11]  Գրիգորյան Գ., Սյունիքի թագավորությունը, էջ 140:

[12] Դիվան հայ վիմագրության, պր. III, Երևան, 1967,  էջ  226, արձ. 723, Ալիշան Ղ.,Սիսական,  էջ 200,. Լալայան Ե․, Վայոց ձոր, նշանավոր վանքերը, «Ազգագրական հանդես», № 26, Թիփլիս, 1911, էջ 57, Ս. արք. Ջալալյանց, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Ա, Բ, Երևան,  2016, էջ 372-373, Մաթևոսյան Կ., Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները, Երևան, 2017, էջ 118-119:

[13] Ալիշան Ղ., Սիսական, էջ 200, տես նաև տոհմածառը, Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Գ, Երևան,  1946, էջ 52-53, Դիվան,, պր. III, էջ  226:

[14] Մաթևոսյան Կ., նշվ. աշխ.,  էջ 88-89, արձ 3:

[15] Դիվան,, պր. III, էջ 242, արձ. 790, Մաթևոսյան Կ., նշվ. աշխ.,   էջ 145, արձ 114:

[16] Ալիշան Ղ., էջ 267:

[17] Դիվան հայ վիմագրության, պր. III, էջ 242, արձ. 791, Մաթևոսյան Կ., նշվ. աշխ., էջ 145, արձ. 115:

[18] Դիվան հայ վիմագրության, պր. 3, էջ 242․ արձ, 790։

[19] Նույն տեղում, արձ. 791։

[20] Սաղումյան Ս., Նորահայտ վիմագրեր Նորավանքից, «Հուշարձանե տարեգիրք, Բ, Երևան, 1993, էջ 99:

[21] Ստեփանոս Օրբելյան,  էջ 267:

[22] Տեր Պետրոսյան Լ., Խաչակիրները և հայերը, պատմաքաղաքական հետազոտություններ, հատոր. Բ., Երևան, 2007, էջ 79:

[23] Գրիգորյան Գ.,  Վահանավանքի պեղումների նախնական արդյունքները (1966-1970թթ),   էջ 92:

[24] Նույն տեղում,  էջ 92:

[25] Ստեփանոս Օրբելյան,  էջ 247:

[26] Գրիգորյան Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII-XV դարեր), Երևան, 1981, էջ 42, ծանոթ. 28:

[27] Ստեփանոս Օրբելյան, էջ 242:

[28] Ալիշան Ղ., էջ 479:

[29] Ստեփանոս Օրբելյան, էջ 267:

[30] Ալիշան Ղ.,  էջ 168:

[31]  Հովսեփեան Գ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմության մեջ, պատմագնագիտական ուսումնասիրություն, հատոր Գ, Նիւ Եորք, 1942/43, էջ 144:

[32]  ՀովսեփեանԳ., Խաղբակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմության մեջ, պատմագնագիտական ուսումնասիրություն, մասն  Բ, Երուսողեմ, 1944,  էջ 63:

[33] Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Գ,, էջ 312:

[34] Մաթևոսյան Կ., նշվ. աշխ.,  էջ 91-92, արձ 7, Ջալալեանց, 176։ Ալիշան Ղ., 197-198։ Բարխուդարյան, 214, արձ. 683։

[35] Մաթևոսյան Կ., նշվ. աշխ.,   էջ  106, արձ. 25, Ջալալեանց, 179։ Ալիշան Ղ., 200։ MAK, XIII, 171-172։ Լալաեան, XXVI, 51, Տեր-Ավետիսյան, 486։ Բարխուդարյան, 220, արձ. 698։

[36] Ստեփանոս Օրբելյան, էջ 267:

[37] Ալիշան Ղ., էջ 181:

[38] Ալիշան Ղ.,  էջ 168:

[39] Մաթևոսյան Կ., նշվ. աշխ.,  էջ  171, արձ. 163:

[40] Մաթևոսյան Կ., նշվ. աշխ.,  էջ 113, արձ 34, Դիվան,, պր. III, էջ 56, արձ. 148:

[41] Ալիշան Ղ.,  էջ 113,116, տես նաև  Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Ա,, էջ 487-488:

[42]  Կիրակոսյան Գ., Օրբելյանների իշխանական տունը XIV XV դդ., «ԼՀԲ»,№ 7, Եր., 1982, Էջ 58

[43] Մեծոփեցի Թ., Պատմութւն Լանկ-թամուրայ, Փարիզ, 1860, էջ 14:

[44] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 113, 116, Հովսեփեան Գ., նշվ. Աշխ., մասն  Բ, էջ 167:

[45] Խաչիկյան Լ., Սյունյաց Օրբելյանների Բուրթելյան ճյուղը, «Բանբեր Մատենադարանի», № 3, Եր. 1969, էջ175:

[46] Դիվան հայ վիմագրություն, պր. III, էջ 80, արձ. 218:

[47] Դիվան հայ վիմագրության, պր. III, էջ 223, արձ. 148. 707:

[48] Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Գ,, էջ 312:

[49]  Հովսեփեան Գ., Խաղբակեանք, մասն  Բ, էջ 176:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի