«ՆՈՒԱԳ» ալբոմի շնորհանդեսը

Spread the love

 

 

Փետրվարի 11-ին Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի դահլիճում, տեղի ունցավ «Կայթ» նվագախմբի «ՆՈՒԱԳ» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին հայ ժողովրդական, ազգագրական պարերի սիրահարներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ: Ներկաներին ողջունեց և ալբոմի ստեղծման ընթացքն ու պատմությունը ներկայացրեց «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն Կորյուն Դավթյանը։ «ՆՈՒԱԳ» ալբոմում տեղ են գտել 9 պարեղանակներ՝ «Թամզարա», «Գովնդ վերվերի», «Ետ ու առաջ», «Շավալի», «Համշենի հոպա», «Ջուրջնա», «Տալ տալա», «Խամխամա» և «Ռոստամ բազի»։ «Մենք» ավանդական պարի խումբը, Ստեփան Թորոյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ալբոմում տեղ գտած պարերն՝ իրենց բեմականացմամբ։ Ընթացքում պարերը կայացան «Կայթ» նվագախմբի երաժշտության ներքո։ «Մենք»-ի պարախմբին միացան նաև դահլիճի հանդիսատեսները, և կայացավ տոնական մեծ համերգ։ Մինչ համերգի սկսելը՝ զրուցեցի «Կայթ» կրթամշակութային հանգույցի հիմնադիր տնօրեն Կորյուն Դավթյանի հետ։ Տեղեկացրեց իր ղեկավարած կրթամշակութային կառույցը գործում է 2014 թվականից։ Հանգույցը հիմնադրման օրվանից իրագործել է կրթամշակութային տարբեր ծրագրեր։ Հանգույցի կազմում գործող «Կայթ» նվագախումբը, գեղարվեստական ղեկավար Գրիգոր Քարտաշյանի և երաժշտական ղեկավար Գրիգոր Դավթյանի հետ, հանդես է գալիս հայկական ավանդական երաժշտությունը մատուցելով։ «Թագպար»  նվագախումբը ներկայացնում է հայկական ավանդական երաժշտությունը հիմնականում տոնածիսակարգերին: «Թագպար»-ը հանդես է գալիս նաև ոչ միայն համայնքային և ընտանեկան տոնախմբություններում, այլև՝ տարատեսակ միջոցառումների, հանդիպումների, արարողությունների ժամանակ։ «Ճարտար» ակումբը հիմնականում ուսումնական ծրագրեր է իրականացնում։ «Արև է ելել» համայնքային մշակութային ուսումնական ծրագրով հանդես է գալիս հանրապետության տարբեր համայնքներում։ Այժմ նման ծրագիր է իրականացվում Վայոց Ձորի Խաչիկ գյուղում։ Ասեղնագործության փոքրերի խումբն արդեն տիրապետում է ցողունակար ասեղնագործությանը, իսկ մեծերը քայլ առ քայլ յուրացնում են Մարաշի հյուսված կարը։ Կ․ Դավթյանն ասաց նաև․ «Ալբոմի ստեղծման նպատակը ազգային պարերի երաժշտական ֆոնդի թարմացումն ու չձայնագրված պարեղանակների առաջխաղացումն է։ «ՆՈւԱԳ»-ն առաջին հերթին կծառայի պարախմբերին և ազգային պարերով հետաքրքրվողներին և բացի այդ, շարքն ազգային երաժշտության նմուշների յուրօրինակ հավաքածու է»։ Հատկապես կարևորեց Համշենահայության պարերի ու երգերի պահպանումը, մոռացումից փրկումը։ Եվ ներկա ալբոմում ընդգրկվել է «Համշենի հոպա» պարը։ Սակայն այս մեկ ալբոմով չի բավավարվելու «Կայթ»-ը, և նման ծրագրերը լինելու են շարունակական։ «Կայթ»-ը համագործակցում է «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի հետ, որի տնօրեն Վահագն Պողոսյանը նույնպես ներկա էր շնորհանդեսին, ելույթ ունեցավ և կարևորեց «Կայթ»-ի ձեռնարկը։ Ասաց նաև՝ պատրոստ են բոլոր ծրագրերին աջակցել, ու հույս հայտնեց՝ շուտով կստեղծվի հաջորդ ալբոմը, և 9-ի փոխարեն բազմապատիկ պարեղանակներ կներկայացվեն։ Բացելով շնորհանդեսը՝ Կ․ Դավթյանն օրն իրենց համար հատկանշական համարեց և շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ ընդառաջել են իրենց հրավերին, որը ոգևորող և գոտեպնդող է, և հաջորդ նախագծերն ավելի ամուր քայլերով առաջ կընթանան և կիրագործվեն։ Նշեց՝ ալբոմը պետք է ավելի շուտ՝ 2020թ․ սկզբին, հրապարակվեր։ Այդ ժամանակ արդեն ձայնագրել էին «Շավալի» պարեղանակը, հրապարակել և պետք է 4 ամիս անց հանրությանը ներկայացնեին ալբոմը։ Սակայն եղավ համաճարակ, պատերազմ և այլ արհավիրքներ մեր ժողովրդի կյանքում, և ստիպված են եղել զբաղվել առավել կարևոր խնդիրներով՝ համայնքային մշակութային ծրագրեր և այլն։ Կարևորեց համագործակցությունը «Մենք» պարախմբի հետ՝ նշելով՝ ներկա ալբոմի պարեղանակներն ընտրվել են «Մենք»-ի կողմից։ Հավելեց նաև՝ հաջորդ ալբոմի հրապարակման համար կդիմեն այլ պարախմբերի ևս։ Նաև պատրաստ են նվագախմբերին տրամադրել պարեղանակներ անհատույց։ Անդրադարձավ նաև պարերի ձայնագրմանը, որ բավականին աշխատարար գործողություն է և ժամանակ է պահանջում։ Կ․ Դավթյանը կարևորեց նաև այն, որ հայկական ավանդական պարերը ոչ թե հանրակրթական դպրոցներում դասավանդվեն, այլ փոխանցվեն սերնդեսերունդ։ Կ․ Դավթյանն անդրադարձավ իրենց ու «Իրական դպրոց»-ի համագործակցության կարևորությանը, շնորհակալություն հայտնեց տնօրեն Վ․ Պողոսյանին։ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը հիմնադրվել է 2016 թվականին Երևանում։ 2018 թվականի սեպտեմբերին մասնաճյուղեր է բացել Գյումրի և Վանաձոր քաղաքներում, իսկ 2019-ին՝ Գորիսում, 2021-ին՝ Իջևանում, իսկ 6-րդը՝ 2022թ․ հուլիսին՝ Ստեփանակերտում։ Հիմնադրամն իրականացնում է Համակարգերի տեսություն մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։ Դպրոցը կոչվում է «Իրական դպրոց» ի հիշատակ Շուշիի Ռեալական ուսումնարանի, ինչպես նաև այն պատճառով, որ նախագծային կրթությունը հենված է բացառապես իրական կյանքից վերցված և իրական մարդկանց համար ստեղծվող նախագծերի վրա։ «Մենք» պարախմբի ղեկավար Ստեփան Թորոյանը նույնպես կարևորեց ալբոմի ստեղծումը։ Ալբոմի պարեղանակների կիրառությունը բաց և անհատույց է, սակայն ձայնագրված պարեղանակները չի կարելի խմբագրել։ Կ․ դավթյանն ասաց՝ դեմ են նաև, որ օգտագործվեմ կոմերցիոն նպատակներով։

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի