Կառնակաշ-Ղալալու-Զինգանակապ. գիտնակաները այժմ այս անուններով են կոչում ծովի մակերեւույթից 875մ բարձրությամբ քարաժայռին ժամանակին գոյություն ունեցած ամրոցը։ Գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Հակարի գետի ավազանի միջին հատվածում՝ ներկայիս Հակարի գյուղից մոտ 4կմ արևելք: Մակար Բարխուդարյանը, «Զինգյանակապ», իսկ Ղ. Ալիշանը «Զանքանակեան» անուններով են հիշատակում Դիզափայտի արևմտյան կողմից սկիզբ առնող գետակը՝ Հակարիի ձախակողմյան վտակը, որի ձախ կողմում է ամրոցը պահող ժայռը: Շրջկենտրոն Բերձորից մոտ 35կմ հարավ է ընկած Հակարին, որի տարածքում պահպանվել են պատմական բազում հուշարձաններ՝ նախաքրիստոնեական ժամանակի դամբարաններ, բնակատեղիներ, կիկլոպյան 2 ամրոցատեղիներ, ավերակ կամուրջ՝ Հակարի գետի վրա, Քրոնքի «Քրօնից» վանքը՝ ժայռափոր եկեղեցի և այլն: Արցախի Գտչավանքի հյուսիսային պատի 1246թ. Վրթանես եպիսկոպոսի կողմից թողած վիմափոր 14 տողանոց արձանագրության 8-րդ տողում գրված է. «ՀԱԿԱՐԻ ԻՒՐ ԿԵՐՈՎՆ»: Սակայն Հակարի բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է
Մովսես Դասխուրանցու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում՝ կապված 829-30թթ. տեղի ունեցած ապստամբության, ավելի ճիշտ՝ դավաճանության հետ, երբ տվյալ տարածքը դեռևս գտնվում էր արաբական տիրապետության տակ: Գետակը 3 կողմից պտտվում է ամրոցը պահող ժայռի մոտով: Մոտ 200մ երկարությամբ ժայռաբլրի արևմտյան կողմում է ամրոցի հիմնական պարսպապատը։ Պարսպի մի հատվածը ժամանակի ընթացքում քանդվել է, հնարավոր է՝ երկրաշարժից: Քարերը թափված են բլրի ստորոտում՝ գետակի ափին: Ամրոցն ունեցել է հիմնական մուտք, որն անցել է գետակի ափով, բարձրացել պարսպից ներս, շարունակվել հյուսիս: Այս մասում ժայռը ճեղք ունի, որտեղով և բարձրացել է ճանապարհը: Բավականին նեղ, սակայն հարմար ճանապարհ է եղել, որի վրա 2 ջրամբար են կառուցել: Այպիսով լուծել են 2 հարց՝ զինվորները հսկել են և՛ ջրամբարները, և՛ ճանապարհը 50-52մ բարձրությամբ ճեղքում: Կլոր հատակագծով կիսաժայռափոր ջրամբարներից ներքևինի չափերն են՝ 5 x 4,8մ, իսկ նրանից 8-9մ բարձրում տեղակայվածինը՝ 3,8 x 3,5մ: Վերևինն ունեցել է ծածկ, որը նաև աշտարակ-դիտակետի դեր է ունեցել: Երկարավուն ժայռը 2 կողմից հիմքից սկսում է նեղանալ և վերևում շատ նեղ է. որոշ մասերում 1-2մ տարածք է ընդամենը: Հարավարևելյան կողմում են տեղակայված հիմնական շինությունները: Հնարավոր է՝ միջնաբերդն է, որի արևմտյան կողմում մի շինության պատ է պահպանվել: Նշված շինությունից մոտ 35-40մ հյուսիս-արևելք՝ ժայռի պռնկին՝ համեմատաբար հարթ մի փոքր տափարակի վրա, հիմնական աշտարակ-դիտակետն է եղել, որից այժմ կլորավում մակերեսով հիմքն է պաշտպանվել: Ըստ ամրոցագետ Սլավա Սարգսյանի՝ տեղում իրականացված նախնական ուսումնասիրությունների (դատելով պատահականորեն ի հայտ բերված խեցեղենի եւ այլ նյութերի մնացորդներից)՝ ներկայիս համակառույցը վերաբերում է XI-XIV դարերին: Ամրոցի արևմտյան ստորոտում՝ գետի ափին, բնակավայր է եղել, որի տների հետքերը պահպանվել են: Ամրոցն ունեցել է նաև գաղտնուղի, որն իջել է գետի վրա: Ժայռի հյուսիսային կողմում մի մեծ քարանձավ կա, որի մուտքն սկսվում է գետափից: Այս մասում ամրոցը պահող և նրա հյուսիսում գտնվող բլուրների արանքում ընդամենը 6-7մ լայնութուն է, որտեղով գետն է անցնում: Ժամանակին երևի այս հատվածում դարպասներ են եղել, որոնք փակել են նաև քարանձավի մուտքը, որի դիմացի պատի տակ ցածր տարածք կա: Այն երկրորդ ու վեր բարձրացող երկրորդ քարանձավի մուտքն է: Մեզ ուղեկցող երիտասրդները և մի պատանի, ով այս կողմում անասուններ էր պահում, ասացին՝ քարանձավը շարունակվում է դեպի վեր: Սակայն շատ չեն կարող բարձրանալ. շնչահեղձ են լինում: Այս անգամ էլ սողալով մտան ներս, քիչ անց հետ եկան: Միգուցե ժամանակին այն եղել է գաղտնուղի կամ թաքստարան: Նույն քարանձավի ձախ կողմից նեղ արահետ է բարձրանում վեր՝ բավականին թեք լանջով և մոտենում հիմնական ճանապարհին, որտեղ կան ջրամբարներ: