Categories: Հիմնական

XIX դարի Սյունիքի տնտեսությունն ու մշակույթը

Spread the love

Խմբագրական, համառոտություն

Անցնելով ռուսական տիրապետության տակ՝ Սյունիքը, բնականաբար, կապվեց Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, թեպետ ավանդական առևտրական կապերը Պարսկաստանի հետ շարունակվում էին դեռ երկար ժամանակ: Խոսելով առևտրականների հին սերնդի մասին՝ Ակ. Բակունցը նշում է, որ նրանք Գորիսում տակավին օգտագործում էին պարսկական չափն ու կշիռը: Զանգեզուրի տնտեսության հիմնական ճյուղերն էին անասնապահությունն ու հողագործությունը: Զանգեզուրի բնակչության զբաղմունքի բնույթի մեջ որակական փոփոխություն է կատարվում 1840-ական թվականներից, երբ երկար ընդմիջումից հետո Կապանում սկսվում է պղնձի հանույթը: Կապանի պղնձահանքերի մասին տեղյակ էր գեներալ Վ. Մադաթովը: Այդ մասին նա գրում է Երմոլովին 1823 թ. հղած իր նամակում: 1824 թ. սկսած Կապանի պղնձահանքերի ուսումնասիրմամբ զբաղվել է ռուս չինովնիկ Յակով Ռոզովը: 1848 թ. Ռոզովը Ագարակ գյուղի մոտ կառուցում է առաջին պղնձաձուլական գործարանը: Բայց նա 1850 թ. մահանում է, և սկսած գործը շարունակում են հույները՝ Ալավերդի Խարլամպի Կոնդարովի գլխավորությամբ: Հետագայում ֆրանսիացիների կողմից պղնձաձուլական գործարաններ են կառուցվում Ղաթարում, Կավարտում, Բեխում և Նորաշենիկում: Կապանի հանքերում աշխատելու համար գալիս էին Պարսկաստանից, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին այստեղ բնակություն հաստատեցին հույն հմուտ պղնձագործներ: Հույն հանքագործները հիմնեցին Բաշքենդ գյուղը, ուր 1861 թ. կառուցեցին ուղղափառ եկեղեցի: 1845-67 թթ. Զանգեզուրում գործել են պղնձի ձուլման յոթ փոքր գործարաններ: 1886 թ. ձուլվել է 8000 փութ պղինձ, 1887 թ.՝ 16000, 1888 թ.՝ 24000: Մինչև 1917թ. այնտեղ ձուլվել է 33000 տ մաքուր պղինձ: Չնայած պղնձարդյունաբերության զարգացմանը՝ քաղաքային բնակավայր դեռևս չէր ձևավորվում: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Կավարտ և Բարաբաթում բնակավայրերում ապրում էր 465-ական մարդ, իսկ պղնձարդյունահանման հետ կապված 21 բնակակետերում՝ 43-ական մարդ: Կապանի հանքերի հայ արդյունաբերողներից հայտնի էին Հ. Խոջամիրյանը, Մ. Ազարյանը: Պղնձի արդյունահանման և մշակման տեխնիկան դժվարությամբ էր զարգանում:

Տակավին 19-րդ դարում աշխատանքներ էին տարվում Քաջարանի ընդերքի ուսումնասիրման ուղղությամբ: Այն առաջինն ուսումնասիրել է գերմանացի երկրաբան Է. Հ. Աբիխը՝ 1835 թ.: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Քաջարանի տարածքում եղած մի քանի բնակավարերում ապրող բնակչության թիվը եղել է 2000 մարդ, որոնց թվում նաև հույներ:

19-րդ դարում սյունեցի պղնձագործների աշխատանքի մանրամասների մասին տեղեկություններ է հաղորդում Ստ. Լիսիսցյանը. «Պղինձն է, որ տեղական մետաղ է այս գավառում: Կապանի պղնձահանքերն առաջին տեղն են բռնում Անդրկովկասում իրենց արտադրանքի ծավալով և Միության նման հանքավայրերի շարքում կարևորագույններից են: Պղնձահանությունը խորին հնությունից եկող պարապմունք է այստեղ և ինչպես երևում է մերձակայքում պատահական պեղումների ժամանակ գտնված իրերից՝ իր շուրջն էր հավաքել համեմատաբար խիտ բնակչություն տակավին պղնձե դարում:

… Ռուսական տիրապետության հաստատման տարիներում և այնուհետև էլ դեռ երկար ժամանակ, գերթե մինչև XIX դ. 50-ական և 60-ական թվականները, այստեղ իշխում էր հանքահանության շատ նախնական եղանակը, այս գործով պատահական զբաղվողները հանքը հանում էին համեմատաբար ավելի երես վայրերից, հասնելով նրան հորիզոնական փորված կարճ հանքահորերով և հանած քարը հալեցնում էին պրիմիտիվ քուրաների մեջ՝ գործածելով մերձակա դեռ բավականին խիտ անտառներից կտրած փայտը:

Բոլորովին կատարելագործված չէր և այն եղանակը, որ գործադրում էին այստեղ XIX դ. երկրորդ կեսում բուն դրած հույն պղնձահանները, սրանց մեջ նաև Կատարում և Կավատում վաղ հաստատված Կոնդուրով եղբայրները, ինչպես և նրանց օրինակին հետևելով Մելիք-Փարսադանյաններն իրենց տոհմական Հալիձորի հանքավայրերում: Նրանք սկսեցին փորել ավելի խոր հանքահորեր: Բանվորների ձեռքին հանքը քանդելու համար կար կարճ ու թեթև դուրը, որի բութ ծայրին խփում էին ծանր մուրճով, հանքաքարը դուրս էին կրում քթօցնէրավ , իսկ ջուրը՝ տիկէրավ: Հանքը գրաստներով էին տեղափոխում հալեցման վայրը: Այդ հանքահորերը լուսավորում էին սև նավթով լցված ձեռքի ճրագներով:

1897 թ. Ա. Մելիք Ազարյանը կառուցեց «Սյունիք» պղնձաձուլական գործարանը: Սյունիքում արտադրվել է 34600 փութ պղինձ՝ այսինքն՝ 10 անգամ ավելի, քան Ալավերդիում:

… Զանգեզուրը միշտ էլ ունեցել է ձուլված և զտված պղնձի մեծ պաշար և զարմանալի է, որ չի կրթել այնպիսի պղնձագործ վարպետներ, որոնք իրենց արհեստի բարձրությամբ հռչակ ստացած լինեին շրջակայքում, նույնիսկ տեղական պահանջները բավարարել են դրսից եկող լաիչեցի՝ լագիշեցի՝ լեռնցի պղնձագործները»[1]:

Ոսկերչությունը և արծաթագործությունը Սյունիքում գլխավորապես գործում էր Գորիս քաղաքում: Նրանց աշխատանքները մեծ պահանջարկ ունեին ինչպես տեղացիների, այնպես էլ Գորիսով անցնող քոչվորների կանանց և տղամարդկանց համար: Նրանք պատվիրում էին գոտիներ, զարդեղեն, մատանիներ և այլն:

Ռուսական կայսրության տարածքում առաջին էլեկտրակայանը կառուցվել է 1886 թ. Օդեսայում, որն ուներ 160 կվտ հզորություն: Դրանից ընդամենը 12 տարի անց հիդրոկայան սկսեցին կառուցել նաև Սյունիքում: Գորիսի քաղաքային կյանքի ակտիվացմանը զուգահեռ, քաղաքի էլեկտրական լամպերով լուսավորման հարցը հուզեց արդեն բավականին հարստացած առևտրական ու պաշտոնական խավին, որի ներկայացուցիչներն էլ 1898 թ. նախաձեռնեցին առաջին հիդրոէլեկտրակայանի շինարարությունը Գորիս քաղաքի հարավային հատվածում՝ Լաստի խութի ստորոտում, Վարարակն գետի վրա: Հիմնական նախաձեռնողներն էին քաղաքի մեծահարուստներ Գալուստ և Ալեքսան Միրումյան եղբայրները:  Այս հիդրոէլեկտրակայանի սարքավորումները Բաքվից գնում և Գորիս են տեղափոխում շինուհայրցի բարեգործ Ավագ Պետրոսյանը՝ իր եղբայրներ Գրիգորի և Սարգսի հետ:

Հիդրոէլեկտրակայանի գործարկումը տեղի ունեցավ 1903 թ., որը մեծ իրադարձություն էր թե՛ քաղաքի, թե՛ տարածաշրջանի համար: Կայանն ուներ 100 լամպի հզորություն և հիմնականում նախատեսված էր՝ բավարարելու քաղաքի պաշտոնյաների ու մեծահարուստների բնակարանների լուսավորման պահանջները:

Ա. Բակունցը «Բրուտի տղան» պատմվածքում իրեն հատուկ գեղարվեստական նուրբ պատկերավորությամբ է ներկայացնում առաջին էլեկտրակայանը և էլեկտրական լույսի ու միջնադարյան կավե ճրագի հակադրությունը: Ահա մի դրվագ գեղարվեստական այդ պատմությունից.

« … Անդոն կփաթաթվի մեքենայի ծածկոցի մեջ և հոգնած աչքերով մինչև լույս կնայի կարմիր լամպին, պղնձյա սլաքներին և փոկերին: Հոգնած կոպերը կծանրանան աչքերի վրա, սակայն նրա զգաստ լսողությունը կհետևի փոկերի աղմուկին»:

Բակունցյան այս պատկերները դիպուկ են ներկայացնում Գորիսում էլեկտրաէներգիայի արտադրության սկզբնավորումն ու նրա արդյունքը:

Սյունիքում զարգացած էին տարբեր արհեստներ՝ դարբնություն, պղնձագործություն, արծաթագործություն, ոսկերչություն, կաշվեղենի մշակում և այլն: Երկաթագործ դարբինների աշխատանքի համար պահանջվող հումքը՝ երկաթը, բերվում էր դրսից, իսկ ահա պղնձագործության հումքը՝ պղինձը, արդյունահանվել է տեղում:

Նոր հիմնադրված Գորիս բնակավայրի դերի արագ բարձրացումը պայմանավորված էր նրա աշխարհագրական դիրքով: Այն հնուց հայտնի էր որպես առևտրական ուղիների հանգուցակետ և, բնական է, որ նոր ձևավորվող քաղաքը նախապես ներկայանում է որպես առևտրի կենտրոն: Երբ սկսվեց քաղաքի հիմնադրումը, կառուցվեցին երկու խոշոր քարվանսարա-հյուրատներ՝ ինչպես որ վայել է առևտրաշահ քաղաքին: Դրանցից մեկը պատկանում էր Մելքումյաններին (հետագայում՝ Խոսունցներին), իսկ մյուսը Մկրտչյան (Աղա Աթունի) Ավանեսին: Հետո կառուցվեցին ուրիշ հյուրատներ ևս: Գորիսով էր անցնում Նախիջևան-Շուշի առևտրական ուղին, որը հայտնի էր Աղի ճանապարհ անունով: Այս ճանապարհով էր Նախիջևանի քարաղը մտնում անդրկովկասյան շուկա: Գորիսով էր անցնում նաև Կապանի պղնձահանքերից արդյունահանվող հանքաքարը դեպի Շուշի և Եվլախ տանող ուղին: Գորիսը նաև հարթավայրային Զանգեզուրը լեռնային արոտավայրերի հետ կապող հանգուցակետ էր: Այստեղով էին դեպի զովասուն սարերը ձգվում Մուղանի դաշտավայրից և Բարկուշատից շարժվող քոչերի շարանները: Գորիսում քոչվորները կանգառում էին և բավարարում իրենց բազմապիսի տնտեսական կարիքները: Դա նպաստում էր, որպեսզի Գորիսում զարգանան առևտուրը և որոշակի արհեստներ՝ դարբնությունը, բրուտագործությունը, դերձակությունը, արծաթագործությունը և այլն:

Որպես առևտրի կենտրոն՝ Գորիսի համար որոշիչ նշանակություն ունեցավ 1869-77 թթ. Գորիս-Շուշի արքունական ճանապարհի կառուցումը: Դա առևտրի համար մի կենարար երակ էր, որ դերը էլ ավելի բարձրացավ 1882 թ. Թիֆլիս-Բաքու երկաթուղու կառուցումով: Գորիսը կապվեց Եվլախ երկաթուղային կայարանի և երկաթուղով նաև ռուսական շուկայի հետ: Եթե սկզբնական շրջանում Գորիսի առևտուրը մեծապես կախված էր Շուշիի առևտրական պահեստներից, ապա շուտով Գորիսն ինքն է տնօրինում գավառում վաճառվելիք ողջ ապրանքների քանակությունը՝ դրանք պահեստավորում էր պահեստներում: Կարճ ժամանակամիջոցում Գորիս գյուղի դիմացի տափարակում կառուցվեցին բազմաթիվ առևտրական օբյեկտներ՝ խանութներ, մթերապահոցներ, արհեստանոցներ, ինչպես նաև բնակելի և վարչահասարակական շենքեր:

Սյունիք-Զանգեզուրի տնտեսության համար կարևոր նշանակություն է ունեցել Նախիջևան-Շուշի խճուղու կառուցումը 1869-77 թթ.: Այս խճուղիով Կապանի պղինձը հասցվում էր Եվլախ երկաթուղային կայարանը: Զարգանում էին նաև արհեստներն ու առևտուրը: Ս. Զելինսկին, որ հատուկ ուսումնասիրել է Զանգեզուր գավառի տնտեսական կացությունը, նշում է, որ գավառի 42 հայկական բնակավայրերում 1884-85 թթ. կար 1104 արհեստավոր՝ 231 ատաղձագործ, 134 քարտաշ, 131 ջուլհակ, 95 գզրար և թաղիք պատրաստող, 48 դերձակ, 37 բրուտագործ, 28 ներկարար և այլք: Արհեստավորների թիվը որոշ բնակավայրերում բարձր էր, օրինակ. Գորիսում կար 77, իսկ Մեղրիում՝ 134 արհեստավոր: Բարձրորակ գորգերի ու կարպետների արտադրությամբ աչքի էր ընկնում Սիսիանը: Սիսիան-Ղարաքիլիսայի բնակչության թիվը 1897 թ. կազմում էր 1266 մարդ:

Աստղագորգ՝ գործված Սիսիանի Լոր գյուղում, 19-րդ դարի երկրորդ կես: Պահվում է Սիսիանի թանգարանում:
Աստղագորգ՝ գործված Սիսիանի Լոր գյուղում, 19-րդ դարի երկրորդ կես: Պահվում է Սիսիանի թանգարանում:

Ստ. Զելինսկու վկայությամբ՝ 1885 թ. գավառակենտրոն Գորիսում հաշշվում էր 55 բնակելի տուն և 124 խանութ: Տափարակում խանութ-արհեստանոցներ ունեին 77 արհեստավորներ: 1885 թ. Գորիսում ապրում էին 45 պաշտոնյաներ, տարբեր կոչումներ ունեցող 71 զինվորականներ, 62 հեծյալ ոստիկաններ:

Կապանից Եվլախ կառուցվեց 220 վերստ ճանապարհ, որից 50 վերստն անցնում էր լեռնային դժվարանցանելի տեղանքով:

XIX դարի վերջին ռուսական և եվրոպական շուկաների հետ ունեցած կապերի հետևանքով Գորիսում ձևավորվում է առևտրականների նոր սերունդը: Առևտրականների հին սերունդը զբաղեցնում էր քաղաքի հին շուկան. դրանք այն մարդիկ էին, որոնք հնուց կապված էին պարսկական շուկայի հետ և շարունակում էին առևտուր անել պարսկական չափ ու կշռով: Նոր սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերը շարունակում էին իրենց հոր գործը, ավելի «լուսավորյալ» էին, կառուցել էին նոր տիպի շքեղ խանութներ, պասաժ, ծածկած շուկա և հին առևտրականներից տարբերվում էին ամեն ինչով՝ նիստ ու կացով, եվրոպական հագուստներով և նույնիսկ խոսակցական լեզվով. «Հայոց կոսիստորիայի քարտուղարը, որ ռուսերեն չգիտեր, Պասաժի մոտով անցնելիս խոսում էր այդ լեզվով»,-երգիծում էր Ակ. Բակունցը:

Արիական կեռ խաչ զարդով գորիսյան գորգ, 19-րդ դար: Պահվում է Գորիսի երկրագիտական թանգարանում:
Արիական կեռ խաչ զարդով գորիսյան գորգ, 19-րդ դար:Պահվում է Գորիսի երկրագիտական թանգարանում:

Գորիսը կարճ ժամանակամիջոցում դարձավ ընդարձակ Զանգեզուր գավառի առևտրատնտեսական կենտրոնը: Այստեղ հատկապես զարգացում ստացավ վաշխառուական և տարանցիկ առևտրական կապիտալը: Որպես գավառի մայրաքաղաք Գորիսն իրեն ձգեց տարբեր տեղերում ապրող՝ ազնվական ծագում ունեցող և միջոցների տեր մեծահարուստ մարդկանց: Հիմնադրվող քաղաքում տներ կառուցեցին և բնակություն հաստատեցին Կապանի Շիկահող գյուղից Մելիք-Նուբարյանները, Սիսիանի Բռնակոթ գյուղից Մելիք Թանգյանները և Սաֆրազբեկյանները, տոլորսեցի Գ. Տեր-Մինասյանը, շենաթաղցի Ս. Պողոսյանը և ուրիշներ: Դրանց մեջ հատկապես աչքի ընկավ Մելիք-Նուբարյանների առևտրական տունը: Սակայն ձևավորվող Գորիս քաղաքի հիմնական առևտրական կապիտալը կենտրոնացավ բնիկ գորիսեցիների ձեռքում: Հայտնի առևտրական-դրամատերեր էին Միրումյանները, Բաղիրովները, Ավակիմովները (Լղարին Նիկոլայ), Պարոնյանները, Յոլյանները, Մելքումյանները, Վանիևները, Մինասյանները, Մղդսունք: Դրանք գործարանային մեծաքանակ ապրանքներ ստացող տներ էին, որոնք առևտրական կապեր հաստատեցին Ռուսաստանի և այլ երկրների հետ:

Աշխարհահռչակ «Խնձորեսկ» գորգը
Աշխարհահռչակ «Խնձորեսկ» գորգը

Գորիսի առևտրականները որևէ մեծ գործ ձեռնարկելիս հաճախ են միավորել իրենց դրամական միջոցները: Քաղաքի հրապարակի առևտրի գլխավոր կենտրոնը՝ պասաժը, կառուցվել է Մելիք-Նուբարյանների նախաձեռնությամբ: Սակայն այդ գործում նրանց միացել և պասաժում սեփական խանութներ ունեին Վանիևները, Մինասյանները և ուրիշներ:[2] Պասաժը ճարտարապետական-շինարարական առումով հետաքրքրություն ներկայացնող սրբատաշ բազալտ քարով  շարված շինություն է, որը և դարձավ քաղաքի հրապարակի և կարելի է ասել ողջ  քաղաքի ճարտարապետական զարդը: Այն եղել է սյունազարդ, ճեմուղի-անցուղին սյուների հետ բոլորել է ողջ ծավալուն շենքը՝ առևտրականների համար ապահովելով  նաև ամառային բացօթյա առևտուրը: Շենքը ունեցել է ներքնահարկ, որտեղ  եղել են խանութների մթերապահոցները: Շինությունը դարձավ քաղաքի հրապարակի կենտրոնատեղին: Պասաժում սովորաբար առևտուր էին անում բարձր խավի մարդիկ: Պասաժն առևտրականների նոր սերնդի պարծանքն էր և հպարտության առարկան, այնտեղ նույնիսկ խանութների ծածկոց-դռները բացվում էին ոչ թե կողքի վրա, ինչպես հին խանութներում, այլ դեպի վեր՝  քանի որ սարքված էին «հունարով»: Այն կառուցվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում: Պասաժը դարձավ հասարակական առաջադիմության չափանիշ:  Ակ. Բակունցի «Կյորեսի» շնորհիվ մեզ են հասել պասաժի մի քանի խանութների անուններ, որոնց հիշատակումն իսկ վկայում է Գորիսի առևտրականների լայն կապերի մասին՝ «Կուր դը բեժա», «Նադեժդա», «Դրուժբա»: Ակսել Բակունցը առևտրի այդ կենտրոնի մասին գրել է. «Այնտեղ ամեն ինչ ազնվացեղ էր և առաջին պրոբի: Ակնեղենի և գոհարեղենի խանութների կողքին կային խմիչքի և նպարեղենի մեծ խանութներ, որտեղ չէին վաճառում ոչ տեղական գինի և ոչ տեղական ձուկ, այլ վաճառում էին ֆրանսիական լիկյորներ, Հավանայի սիգար, Հռենոսի գինի և այսպիսի կոլոնիալ ապրանքներ…»:

Գորիսում խանութ ուներ նաև «Զինգեր» կարի մեքենաների հայտնի գերմանական ֆիրման:

Գորիս քաղաքի բնակչության մեջ ազդեցիկ խավ էին ազնվական ծագում ունեցող մարդիկ՝ բեկերը կամ ինչպես Բակունցը և գորիսեցիներն են ասում՝ բեյերը: Նրանք կազմում էին ցարական պաշտոնեության միջուկը: Գորիսում բնակվում և ազդեցիկ դիրք ունեին Սյունիքի հին իշխանական տոհմերի ներկայացուցիչները՝ Օրբելյանները և Մելիք-Հյուսեինյանները, Մելիք-Թանգյաններն ու Սաֆրազբեկյանները: Գորիսի հայտնի քաղաքացիներից էր Օրբելյան հնագույն իշխանական տոհմի ներկայացուցիչ Պավլի բեկը: Նա հայտնի էր որպես «Մշակ» թերթի անդավաճան բաժանորդ: Գորիսում ապրում էին մեկ տասնյակից ավելի իշխանական ծագում ունեցող բեկեր, սակայն և քիչ չէին այնպիսիք, որոնք 1851 թ. բեկական հանձնաժողովի մոտ իրենց կոչումը ձեռք էին բերել զարտուղի ճանապարհներով: Այդպիսի մի բեկի մասին խոսում է Ակ. Բակունցը. « … Նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդբախշի բեյ»: Գորիսում բնակվող ազնվական բեկերի մի մասը ծառայության մեջ չմտնելով՝ ապրում էր պապենական կալվածքներից ստացվող եկամուտների հաշվին՝ ինչպես, օրինակ, Պավլի բեկ Օրբելյանը: Մի մասն էլ անցել էր պետական ծառայության և գրավում էր ազդեցիկ պաշտոններ: Ցարական օրենքներն ազնվականների համար նպաստավոր պայմաններ էին ստեղծել ուսում ստանալու կամ պետական-ռազմական ծառայություն կատարելու համար: Ազնվական դասի ներկայացուցիչներից քչերն էին զբաղվում առևտրով կամ վաշխառությամբ և հաճախ հայտնվում էին ֆինանսական դժվար կացության մեջ:

Իր ստեղծագործություններում Գորիսում բնակվող ազնվականների, նրանց կյանքի ու կենցաղի հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Ակ. Բակունցը: Ըստ 1886 թ. մարդահամարի տվյալների՝ Զանգեզուրի ազնվականների թիվը կազմում էր 1219 (715 տղամարդ, 504 կին) մարդ կամ ողջ ազգաբնակչության 3%-ը:

Սյունիքում տնտեսության զարգացման և ներքին առևտրի համար կարևոր են եղել կամուրջների ու ճանապարհների շինարարությունը: Դրանց իրականացնողները մեծ մասամբ եղել են գյուղական վայրերում ապրող, բայց ազնվական ծագում ունեցող ունևոր մարդիկ՝ մելիքները և բեկերը: Շինարարական գործերով, մանավանդ, աչքի ընկավ Բռնակոթում բնակվող Մելիք Թանգի Բ-ն: Նա է 1848 թ. կառուցել Բռնակոթի եկեղեցու գավիթը, ուր և ինքը թաղված է: Նա է կառուցել նաև Սիսիանի (Բիչանաղի) լեռնանցքի ոլորապտույտների (Արագիլիի) քարավանատունը (1845 թ.): [3]

Մելիք Թանգին Որոտան գետի վրա կառուցել է նաև մի քանի կամուրջներ: «Առաջինը, որ կառուցվել է անցած դարի սկզբներին Անգեղակոթ և Շաղաթ գյուղերի արանքում, հեղեղներից և ստորգետնյա ցնցումներից փլվել է: Երկթռիչք այդ հսկան Արցախն ու Սյունիքը կապել է Նախիջևանի հետ: Հակառակ դրան, մինչև օրս կանգուն է նրա կողմից կառուցված մյուս կամուրջը՝ Որոտնակամուրջը: Այն գտնվում է Որոտան գյուղի մոտ, ուղիղ Դավիթ-Բեկի բերդի ստորոտում: Շինարարությունն ավարտվել է 1853 թվականին: Պատմում են,թե երբ նրան հարցրել են կամրջի հուսալիության մասին, հպարտությամբ պատասխանել է. «Թե ժայռը չի փլվի, կամուրջը չի քանդվի»»: [4]

Մելիք Թանգի Բ-ի՝ Որոտնաբերդի մոտ մինչև օրս գործող կառուցած կամուրջը:
Մելիք Թանգի Բ-ի՝ Որոտնաբերդի մոտ մինչև օրս գործող կառուցած կամուրջը:

Խնձորեսկցի մեծահարուստ Հովակիմ Լալազարյանը 1864 թվականին Գորիսից հարավ՝ Սանոյաշեն (նախկին Կուբաթլի) բնակավայրի մոտ կառուցել է տվել հայտնի կամուրջը Որոտան գետ վրա: Այն մինչև օրս այդպես էլ կոչվում է՝  «Լալազարի կամուրջ»: Կամուրջը վերանորոգվել է 1900-1902 թթ. նրա որդի Սիմոնի կողմից և կլոր քարի վրա թողնվել արձանագրություն, որը օտարների կողմից քերվել է և հազիվ է նշմարվում:

Մինչև օրս Խնձորեսկ գյուղում մնում են 1836 թվականին Մելիք Փարամազի կողմից կառուցված ամարաթի ավերակները: Ահա թե ինչպես է այն նկարագրում Ստ. Լիսիցյանը. «Որմնադիրը օգտվել է լավ տաշած քարից, օգտագործել է տեղական ճարտարապետական ձևերը-առջևից դալաննէրօվ՝ պատշգամբներով երկարացած քարայրներ՝ քրատակնէր, երկար թաղակապ ընդունարան, երկշար ախօռ, գեղեցիկ մուտք… Ամեն մանրամասնության մեջ նկատվում է նյութական ապահովություն և լիություն: Սակայն, այն, որ այս մելիքի բնակարանը կառուցված է գյուղամիջին և հեռացված է հին տեղից, բերդի քերծի տակից, նշան է մելիքական իշխանության բնույթի մեջ կատարված փոփոխության՝ նա հանդես է գալիս ոչ իբրև ռազմական դասակարգի անդամ, այլ ուժեղ տնտեսություն վարող կալվածատեր»: [5]

Պարսկական լծից ազատագրվելու և Ռուսաստանին միանալու շնորհիվ Արևելյան Հայաստանում համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին տնտեսության զարգացման համար: Ստեղծվեցին խաղաղ պայմաններ, հաստատվեցին կարգ ու կանոն, օրենք, և ժողովուրդը կարող էր առանց ահ ու սարսափի զբաղվել իր տնտեսությամբ: Նախորդ շրջանի նման, Սյունիքի տնտեսական կյանքում առաջին տեղն անմրցակից կերպով գրավում էր գյուղատնտեսությունը:

Մշակաբույսերի մեջ առաջին տեղը գրավում էին հացահատիկները՝ ցորենը, գարին, տարեկանը, բրինձը և կորեկը: Մեղրու շրջանի փոքրիկ գետահովիտներում ցանում էին բամբակ: Տեխնիկական մյուս կուլտուրաների մեջ կարևոր տեղ էր գրավում ծխախոտը, որը մշակվում էր մեղմ, համեմատաբար խոնավ կլիմա ունեցող շրջաններում: Գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը ենթարկվում էր որոշ փոփոխության: Ռուսաստանին միանալուց հետո Արևելյան Հայաստանում, մասամբ Սյունիքում հաստատված ռուս գյուղացիները, մասամբ էլ հայերը զարկ են տալիս մեծ եկամտաբերություն ունեցող կարտոֆիլի ու կաղամբի մշակությանը:

Սյունիքում առաջին անգամ 1846 թ., ինչպես հաղորդում է Ստեփան Լիսիցյանը, կարտոֆիլը ցանել է Մելիք Հարություն-Մելիք Հյուսեինյանը՝ դրա համար ստացել կառավարական պարգև:

Այգեգործությամբ զբաղվում էին Մեղրու շրջանի ցածրադիր մասերի և նախալեռնային մի շարք շրջանների բնակիչները: Հիմնական տեղը այգեգործության մեջ գրավում էր խաղողագործությունը:

Գյուղատնտեսության մյուս հիմնական ճյուղը՝ անասնապահությունը ներկայացված էր խոշոր ու մանր եղջերավոր անասնապահությամբ, ձիաբուծությամբ և գոմշաբուծությամբ: Լեռնային շրջաններում մեծ տարածում ունեին էշն ու ջորին:

Լեոն 1888 թ. Գորիսում եղած ժամանակ այցելել է Միրումյանի ձիաբուծական ֆերմա-ագարակը, որը գտնվում էր Վերիշենում: Այստեղ բուծում էին ազնվացեղ ձիեր: Ֆերման որոշակի տպավորություն է թողնում բծախնդիր Լեոյի վրա:

Տեխնիկական առումով գյուղատնտեսությունը, նախորդ շրջանի համեմատությամբ, էական առաջադիմություն չի ունենում: Մշակման գործիքները դարձյալ մնում էին դարերից ժառանգված նահապետական արորը, տափանը և այլն: Ամենուրեք տարածված էր եռադաշտյան համակարգը, իսկ լեռնային շրջաններում՝ նույնիսկ երկդաշտյանը:

Երկրագործությունից, անասնապահությունից և այգեգործությունից բացի, որոշ տեղերում զբաղվում էին նաև թռչնաբուծությամբ, շերամապահությամբ, խոզաբուծությամբ, ձկնորսությամբ, որսորդությամբ:

Գյուղատնտեսական զարգացման համեմատաբար արագ տեմպեր սկսվում են գյուղացիական ռեֆորմի կիրառումից հետո (1870 թ.), հատկապես 90-ական թվականներից, երբ վերելքի շրջան էին ապրում տնտեսության նաև մյուս ճյուղերը:

Սյունիք, 19-րդ դար, կալատեղ:
Սյունիք, 19-րդ դար, կալատեղ:

Գյուղատնտեսական աշխատանքը շարունակվում էր մնալ հետամնաց վիճակում: Ողջ 19-րդ դարի ընթացքում Սյունիքի գյուղատնտեսության մեջ, մանավանդ հողագործության մեջ չէր զգացվում տեխնիկական որևէ առաջընթաց: Հացահատիկը հավաքում են մանգաղներով կամ գերանդիով, կալսում պապենական մեթոդներով: Համայքներն ունին նաև առանձին կալատեղեր: Օրինակ, Գորիսում առ այսօր հայտնի է Կալին Պաշ (Բաշ) տեղանքը, որը եղել է Գորիս-Կյորես գյուղի կալատեղին:

Գորիս, 19-րդ դար: Կալին Պաշ կալատեղը:
Գորիս, 19-րդ դար: Կալին Պաշ կալատեղը:

 Սյունիքը մշտապես աչքի է ընկել ագրարային գերբնակչությամբ. մշակելի հողերի սակավությունը և գյուղի սոցիալական խմբերի միջև հողի անհավասար բաշխվածությունը, ինչպես և արդյունաբերության միանգամայն թույլ զարգացումը, տեղիք են տվել մասսայական արտագնացության: Հազարավոր տղամարդ աշխատողներ ամեն տարի ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով աստանդական կյանք են վարել Անդրկովկասում և այլ վայրերում:

Ըստ պատմական վավերագրերի՝ 1884 թ. միայն 10 ամսում, չհաշված Ելիզավետոպոլի նահանգի մյուս գավառները մեկնողները, Զանգեզուր գավառից արտագնացության մեջ եղել են ընդամենը 2925 մարդ, այդ թվում՝ Խնձորեսկից-392, Գորիսից-167, Խոտից-131, Ուզից-111, Շաղաթից-110, Տաթևից-102 մարդ և այլն: Իսկ առանձին գյուղերից, տարեկան միջին հաշվով, գնացել են՝ Ախլաթյանից՝ 200, Բռնակոթից՝ 110, Ալիլուից (այժմ՝ Սալվարդ)՝ 80, Թազագյուղից՝ 69 մարդ և այլն: Այլ կերպ ասած, գյուղի աշխատունակ տղամարդկանց մի զգալի մասը, երբեմն և կեսը, ամեն տարի մի կտոր սև հաց վաստակելու հույսով թափառում էր քաղաքից քաղաք, գյուղից գյուղ:

Վերոհիշյալ փաստերը վկայում են այն մասին, որ արագ բնակեցման հետ միասին գավառում միաժամանակ կատարվել է բնակչության մշտական հոսունություն: Դա իրոք որ գյուղի քայքայման պրոցես էր:

XIX դարի երկրորդ կեսի ռուսական թեկուզ կիսատ-պռատ բուրժուական ռեֆորմների շնորհիվ Անդրկովկասը ներգրավվեց կապիտալիստական արտադրատնտեսական հարաբերությունների ոլորտը: Անդրկովկասի նշանավոր արդյունաբերական կենտրոնը դարձավ Բաքուն, որը մագնիսի պես սկսեց ձգել վաստակի ձգտող մարդկանց, այդ թվում նաև Զանգեզուրի սակավահող գյուղացիությանը: Դրան չխանգարեց նույնիսկ Գորիս քաղաքի հիմնադրումը, քանի որ արդյունաբերություն չունենալով՝ քաղաքը դանդաղ էր աճում և կարիք չուներ աշխատող ձեռքերի: Զանգեզուրցի հայ գյուղացին նետվեց դեպի Կասպից ծովի ափերը, անդրկասպյան երկրները:

Սակավահողությունը զանգեզուրցուն նետում է հեռավոր վայրեր՝ դեպի նավթարդյունաբերական շրջանները, Անդրկասպյան երկիր, ռուսական մեծ քաղաքներ, բայց այդ հեռավոր վայրերում էլ նա մնացել է միևնույն տոկուն աշխատավորը: Բաքվի պրոլետարիատի առաջավոր շարքերի մեջ զանգեզուրցիները միշտ էլ գրավել են առանձին տեղ, որպես հմուտ արհեստավորներ, ձուլողներ, կաթսայագործներ և այլն:

19-րդ դարում սյունիքյան գյուղի քայքայման պրոցեսը գեղարվեստորեն նկարագրել է նաև մեծ արձակագիր Ակսել Բակունցը: Նա իր «Կյորես» վիպակում ցույց է տալիս, թե ինչպես է ամայանում Կյորես-Գորիս գյուղական բնակավայրը: Նա գրում է. «Հետզհետե ամայանում էր Կյորեսը: Անդունդն էր սուզվում հողագործների ազգը: Ով մեռնում էր, առանց բարձրացնելու այն քարը, որ ընկնում էր հին տան պատից, ով ծախում էր վերջին հորթը պարտքի դիմաց և կամ գերի էր գրվում մի վաճառականի կամ գլուխը փեշի տակ գնում էր օտարություն՝ Բաքու և Անդրկասպյան երկիր, մինչև Քերքի, մինչև Բուխար և ավելի հեռուներն էր գնում քարանձավում ծնված կյորեսեցին: Այսպես «օտարականները» բնիկներին մղում էին օտար երկրներ, և իզուր էր Գյուջի Օբին սպառնում, թե մի օր նրանք գերությունից ետ կգան և բուլվարի ծառերից մեկ-մեկ կկախեն «պալտոնավորներին»»:[6]

Արտագնա աշխատանքի մեկնած սյունեցիների մասին հուշեր է թողել Լեոն. «1878 թվականին ես Բաքու էի և տեսա, թե ինչ բան է զանգեզուրցի մշակը:  Գալիս էին, գալիս, խմբերով, մեծ-մեծ բազմություններով մտնում էին քաղաքը, կարվանսարաներում տեղ չկար նրանց համար, որովհետև փող էին պահանջում, ուստի նրանք թափվում էին փողոցներում, մանավանդ «Ցիցիանովսկի սկվեր» ասված փոքր այգում ու նրա շուրջը գիշեր ու ցերեկ փողոցներում առանց անկողնի, առանց շորի ընկած ողորմելիները ամեն մի պատահածի խնդրում, աղաչում էին, որ իրանց մի գործ տան: Մանրամասնությունները մոռացել եմ, բայց այժմ էլ, 10 տարուց հետո, իմ աչքիս առջև պարզ պատկերվում է այն ընդհանուր տեսարանը, որին ականատես էի ամեն օր, հիշում եմ այն մոխրագույն մասսան, նվաղած, թառամած, դեմքերը, այն առաջավոր և հուսահատ շարվածքները, որոնցով դիմում էին անցորդին»: [7]

Պանդխտության մեկնած սյունեցիներից ոմանք դարձան հայտնի արդյունաբերողներ: Դրանց մեջ թերևս ամենանշանավորը եղել է Բաքվի նավթարդյունաբերող, Քարահունջ գյուղացի Առաքել Ծատուրով-Ծատուրյանը (1830-1908): Նա եղել է հայտնի բարերար: Նրա միջոցներով է կառուցվել Քարահունջ գյուղի դպրոցի գեղեցկատես շենքը: Հայտնի է Րաֆֆու 1886 թ. մի նամակը՝ ուղղված «մեծապատիվ պարոն» Առ. Ծատուրյանին, որով նշանավոր գրողը ափսոսանք է հայտնում, որ նա իր ծախսերով Պետերբուրգում տպագրել է իբր Ապրես Բեկնազարյանի, բայց իրականում Մակար վարդապետի «Գաղտնիք Ղարաբաղի» ստապատիր գիրքը: «Այդ խոսքերով ես նպատակ չունեմ վշտացնել Ձեր սիրտը,- գրում է նամակում Րաֆֆին,- որովհետև Ձեր ցանկությունը բարի է եղել, բայց Ձեզ խաբել են»:[8] Առ. Ծատուրյանը ցանկություն է ունեցել Գորիսում հիմնել գյուղատնտեսական ուսումնարան:

XIX դար վերջերին Առ. Ծատուրովը Բաքվում հիմնում է «Սյունիք» նավթարդյունահանման ընկերություն և փորձում միավորել հաջողակ նավթարդյունահանող սյունեցիների ջանքերը: Եղել է մեծ բարերար, կառուցել է Քարահունջի դպրոցի շենքը, նորոգել գյուղի եկեղեցին, իր միջոցներով բարձրագույն կրթություն տվել շնորհալի երիտասարդներին, հովանավորել հայ մի շարք գրողների գրքերը: Մահացել է 1908 թ.:

19-րդ դարի ընթացքում Սյունիքում տեղի ունեցան լուրջ, էական, ժողովրդագրական-դեմոգրաֆիական տեղաշարժեր: Սյունիքի բնակչության կյանքում նշանակալից իրադարձություն հանդիսացավ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին (1828): Այդ պատմական ակտը խթանեց Հայաստանի ու նրա այդ հատվածի տնտեսության զարգացմանը և նպաստավոր պայմաններ ստեղծեց հայ ժողովրդի միավորման, բռնի ուժով Պարսկաստանի խորքերը քշված հայ բնակչությանը սեփական օջախը վերադարձնելու համար: Թուրքմենչայի պայմանագրի համաձայն ցարական կառավարությունը ներգաղթողներին որոշ արտոնություններ շնորհեց. հայրենիք վերադարձող հայերին իրավունք տրվեց զբաղվելու առևտրով, արհեստով, երկրագործությամբ և այլն: Հայրենադարձ գյուղացիները սահմանված քանակությամբ հող ունենալուց բացի, 6 տարով ազատվեցին հարկեր, տուրքեր վճարելուց, իսկ 3 տարի պարհակներ կատարելուց: Հայրենիք եկողներին իրավունք էր վերապահվում բերելու իրենց շարժական գույքը կամ այն վաճառել տեղում:

Ներգաղթողների նկատմամբ ցարական կառավարության սույն միջոցառումների նպատակն էր կայսրությանը միացած նոր հողերը բնակեցնել ռուսներին համակրող բնակչությամբ, որը զգալիորեն կամրացներ նրա հարավային սահմանները:

Հայաստանում, այդ թվում և Սյունիքում, կատարվող ներգաղթը շարունակվում է նաև հաջորդ տասնամյակներում, մասնավորապես հարյուրամյակի վերջին քառորդում: Օրինակ, Սյունիքի բնակչության թիվը 1873 թ. հասնում է 48.9 հազարի, իսկ 1886 թ. 74.3 հազարի, այսինքն՝ բնակչության աճը վերջին 13 տարում կատարվում է ավելի արագ, քան 1831-1873 թվականներին: Դա բնակչութան բնական և առավելապես մեխանիկական աճի հետևանք է:

Այդ տարիներին Գերմալինի նահանգից Սյունիք եկած հայերը մշտական բնակություն են հաստատում Սիսիանի տեղամասի Ալիլու (այժմ՝ Սալվարդ), Անգեղակոթ, Ուզ, Բալաք, Մազրա (Բարձրավան) գյուղերում, խոյեցիները՝ Շաղաթ, Լծեն գյուղերում, իսկ Ղարաքիլիսայում նոր բնակավայր են ստեղծում սալմաստցիները: Հետագայում այդ բնակավայրերը միանալով կազմում են Սիսիանի տեղամասի կենտրոնը: Ղարադաղի նահանգից եկողները բնակվում են Ղափանի տեղամասի նախկին հայաբնակ, բայց պարսիկների տիրապետության ժամանակ գրեթե ավերված գյուղերում:

70-ական թվականներին այստեղ գալիս են նաև ռուսներ և Որոտան գետի վերին հոսանքում՝ նախկին Ակունք ավերված բնակատեղում (1877) հիմնում են Բազարչայ գյուղը, իսկ մի մասն էլ հաստատվում են ոչ հեռու ընկած Հայկավան (Բորիսովկա) գյուղում:

1877 թ. Սիսիանի Բազարչայ (ներկայիս՝ Գորայք) գյուղը վերաբնակեցվում է 50 տուն մոլոկաններով (դուխոբորներով), որոնց ռուսական իշխանությունները բերել էին Շուշիի Բալուջա գյուղից: Ընդհանրապես ռուսական իշխանությունները տանում էին այնպիսի քաղաքականություն, որպեսզի ծայրամասերի աշխարհագրաստրատեգիական բոլոր կարևոր կետերում բնակություն հաստատեին ռուսները: Եվ քանի որ միջոցառումը կամավոր չէր իրականացվում, այդ կետերն էին աքսորվում զանազան աղանդավորներ: Ահա այդպես էլ հին հայկական լքված բնակավայրերում, լեռնանցքների մոտ, բնակություն հաստատեցին մոլոկանների մի շարք համայքներ՝ Բազարչայ, Բորիսովկան՝ Սիսիանում, Սեմյոնովկան՝ Սևանում, Լիսագորը՝ Շուշիում և բազմաթիվ այլ բնակավայրեր նախկին Կալինինոյի, Կրասնոսելսկի շրջաններում, Դիլիջանում և այլ վայրերում:

Ազգագրագետ Ե. Լալայանը այսպես է գնահատել Բազարչայում ապրող մոլոկաններին. «Սրանք խաղաղ, աշխատասեր և կրոնամոլ ժողովուրդ են: Թեև երկրի ցուրտ լինելու պատճառով երկրագործությամբ չեն պարապում, սակայն ընդարձակ արոտատեղիներ ունենալով, բազմաթիվ անասուններ են պահում և բավական հարուստ են» («Ազգագրական հանդես», էջ 198): Ըստ այլ աղբյուրների այդ ժամանակ Բազարչայի ամեն ընտանիք միջինն ունեցել է 50 խոշոր և 100 մանր եղջերավոր անասուն:

Սակայն մեր դարասկզբին, հեղափոխական բախումների և քաղաքական այլ պատճառներով, մոլոկանները աստիճանաբար թողեցին Բազարչայը՝ իրենց տները հանձնելով հայերին: Այստեղ բնակություն հաստատեցին հայ-թուրքական ընդհարումներից տուժած Ղաջալուղ, ինչպես նաև Անգեղակոթ, Շաղատ, Բալաք և այլ գյուղերից եկած ընտանիքներ: Եվ արդեն 40-ական թվականներին Բազարչայի բնակիչների կեսը հայեր էին: Վերջին մոլոկանները Բազարչայը թողեցին 1960-ական թվականներին՝ հիշատակ թողնելով իրենց գերեզմանների ռուսատառ տապանագրերը:

Բորիսովկան (Սիսիանի ներկայիս Ծղուկ գյուղը) հնագույն Հայկավան գյուղաքաղաքն է: 1877 թ., երբ հարևան Բազարչայը (նախկին Ակունք) գուղը բնակեցվեց մոլոկաններով, նրանց մի մասը վերաբնակություն հաստատեցին այդտեղ և գյուղը կոչեցին Բորիսովկա: 1905-06 թթ. հայ-թուրքական ընդհարումների ժամանակ, երբ Ղալաջուղ գյուղը բազմիցս հարձակումների ենթարկվեց, և բնակչության մեջ եղան մեծ թվով զոհեր, ղալաջուղցիների մի մասը բնակություն հաստատեց այստեղ:

1890 թ. ցարական կառավարությունը որոշում է Գորիս աքսորել մի քանի հարյուր բապտիստների (ավետարականներ): 200 հոգուց բաղկացած աքսորականների առաջին խումբը Գորիս է հասել կառքերով՝ Եվլախից՝ 1891 թ. փետրվարին: Նրանք Գորիսում մնացել են մինչև 1905 թ.[9] հեղափոխությունը: Աքսորյալների տնտեսական վիճակը եղել է անչափ ծանր: Նրանց տալիս էին չնչին նպաստ: Նրանց օգնության փորձ են արել Բազարչայի մոլոկանները, սակայն իշխանությունները արգելել են: Նրանց արգելված էր հող մշակել, աղոթք անել՝ ստիպելով ետ դառնալ ուղղափառության:

Սյունիքում բնակություն հաստատեցին նաև հույներ, պարսիկներ, ազերիներ և այլն, որոնք որպես օրավարձու բնավորներ, աշխատում էին Կապանի պղնձահանքերում:

Բնակչությունը՝[10]

 

 Տես նաև քարտեզը՝ Карта Кавказского края 1868г.

 

Սյունիքը, ուր միջնադարում գործել են համազգային հռչակ վայելող Գլաձորի ու Տաթևի համալսարանները, 19-րդ դարում գրագիտության մակարդակով և կրթական համակարգով հայտնվել էր շատ տխուր վիճակում: Ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների, բնակչության միայն 2 տոկոսն էր գրագետ: Գորիս քաղաքում գրագիտությունը հասնում էր 15.8 տոկոսի:

Կուլտուրայի բարձր մակարդակով հիշատակության արժանի է Մեղրին: Այն ուներ սալահատակված փողոցներ, ջրմուղ, դպրոց, եվրոպական ճաշակով կահավորված բնակելի տներ և գրագետ բնակչություն:

«Ընդհանրապես Զանգեզուրի հայերի մասին խոսելիս,- գրում է Ս. Պ. Զելինսկին,- այստեղ չի կարելի չհիշատակել մասնավորապես Մեղրի գյուղի բնակչության մասին… դրանք իրենց հասարակական զարգացումով և տնային կյանքով ցածր չեն կանգնած Անդրկովկասի ցանկացած գավառային քաղաքի բնակիչներից: Մեղրի գյուղն ունի եվրոպական կահավորմամբ երկհարկանի գեղեցիկ տներ, դպրոց և փոքր շուկա»: Մեղրու բնակչության բարձր կուլտուրան մեր կարծիքով բացատրվում է նրանով, որ մի կողմից նա մոտիկ էր տնտեսապես ու կուլտուրապես զարգացած Ագուլիս քաղաքին, ուր Մեղրի գյուղի հարուստների երեխաները ստանում էին իրենց սկզբնական կրթությունը և, մյուս կողմից, այստեղով էին անցնում առևտրական ճանապարհները, ինչպես և հետագայում կառուցված Ջուլֆա-Երևան երկաթուղին, որի միջոցով Մեղրին կապ էր հաստատում Ռուսաստանի արդյունաբերական, առևտրական կենտրոնների և Եվրոպայի առաջավոր երկրների հետ: Նյութապես ապահովված որոշ մեղրեցիներ սովորելով, շրջագայելով տարբեր երկրներում և շփվելով առաջավոր կուլտուրա ու կենցաղ ունեցող քաղաքների հետ, վերադառնում և ձեռնամուխ են լինում հարազատ գյուղի բարեկարգմանը, երեխաների կանոնավոր ուսուցման կազմակերպան գործին:

1868 թ. վարչական ռեֆորմով, երբ ստեղծվեց Զանգեզուր գավառը, և նրա վարչական կենտրոն հաստատվեց հիմնադրվող Գորիս բնակավայրը, այն աստիճանաբար դառնում է ողջ Սյունիքի հոգևոր-մշակութային կենտրոն: Գորիս քաղաքի հիմնադրման ընթացքում այստեղ նախ և առաջ բացվեց ռուսական արքունական մեկդասյա տարրական դպրոց, որն այնուհետև դառնում է երկդասյա: Գորիսում ռուսական դպրոցի բացումը վկայում է, որ իշխանություններն առաջին հերթին մտածում էին ազգությամբ ռուս գավառական պաշտոնյաների երեխաների կրթության մասին, չնայած, որ դպրոցի աշակերտության գերակշիռ մասը մշտապես հայ երեխաներ են եղել: Դպրոցն ունեցել է 80-90 աշակերտ, որոնք սովորելու էին գալիս գավառի ամենահեռավոր բնակավայրերից: Դպրոցի աշակերտներն իրենց հագուստ-կապուստով առանձին շուք էին հաղորդում գավառական փոքրիկ քաղաքին: Հետագայում դպրոցում թույլատրեցին սովորելու նաև ադրբեջանցի երեխաների և ինչպես խոստովանում է նույն դպրոցի շրջանավարտ Ն. Հեյդարովը. «Ադրբեջանական շատ գյուղերում ռուսերեն առաջին գրագետները Գորիսի դպրոցի սաներն էին»: Գորիսի ռուսական դպրոցի նշանավոր տնօրենն էր Սադաթ բեկ Սերգեյի Սաֆրազբեկյանը՝ Սիսիանի Բռնակոթ գյուղից: Նա սերում էր Սյունյաց հին ու նշանավոր իշխանական տոհմից և իր ընտանիքով լրացնում էր Գորիսի մտավորականության պատվաբեր շրջանակը:

Գորիս քաղաքի հայկական դպրոցը հիմնադրվել է 1884 թ.՝ ռուսականից շուրջ տասը տարի հետո:

Սյունիքում, Տաթևի հռչակավոր վանքի առկայության պայմաններում, որքան էլ զարմանալի է, մանավանդ 1836 թ. ցարական կառավարության կողմից եկեղեցական կանոնադրության ընդունումից հետո խիստ անկում ապրեց նաև հոգևոր կյանքը:

Տաթևի վանքն ապրում էր անցյալի փառքի փշրանքներով: Ալիշանի հավաստմամբ՝ այնտեղ 1875 թ. կային միայն երկու վարդապետներ: 1888 թ. Տաթև այցելած Լեոն վանքը գտնում է տխուր և անխնամ վիճակում: Լեոյի այցելության պահին վանքի հոգևոր առաջնորդն էր Անանիա վարդապետ Համազասպյանը, որը մտածում էր միջոցներ գտնել վանքում նորոգման աշխատանքներ կատարելու համար: [11]

Որքան էլ զարմանալի է, Գորիս քաղաքը երկար ժամանակ հայկական եկեղեցի չի ունեցել: Քաղաքացիներն իրենց հոգևոր կարիքները բավարարելու համար գնում էին շենի Սբ. Հռիփսիմե եկեղեցին կամ այցելում շրջակայքում սփռված սրբավայրերը: Դրան հակառակ քաղաքի հայանապատկերի վրա երկար ժամանակ «տիրություն» էին անում ռուսաց ժամի ոսկեհուռ գմբեթները: Ռուսական եկեղեցին Գորիսում սկսել է գործել 1897 թ.: Պետք է ափսոսալ, որ անաստված իշխանության կողմից այդ շենքը քանդվել է 1926 թ.: Մինչև մեր օրերը հասած Գորիսի հայոց եկեղեցին կառուցվել է 1897-1904 թթ.:

[1] Ստ. Լիսիցյան, նշվ. աշխ., էջ 166-167:

[2] Հախվերդյան Ս., նշվ.աշխ., էջ 194:

[3] Դավթյան Շչ., «Ականավոր սյունեցիներ, Սիսիան», Երևան, 1998, էջ 34:

[4] Առաքելյան Հ., Սիսիանի համառոտ հանրագիտարան, Երևան, 2002, էջ 130-131:

[5] Լիսիցյան Ստ., նշվ. աշխ., էջ 66:

[6] Բակունց Ա., Երկեր, հ. 3, Երևան, 1982, էջ 421:

[7] Լեո, նշվ. աշխ., էջ 87:

[8] Րաֆֆի, հ. 10, Երևան, 1964, էջ 607:

[9] Հախվերդյան Ս., նշվ. աշխ., էջ 203:

[10] Աղյուսակները վերցված են Խ. Ավետիսյանի «Զանգեզուրի բնակչությունը և բնակավայրերը  40 տարում (1920-1960»), ՀՍՍՌ ԳԱ Երևան, 1963, էջ 11-13:

[11] Տե՛ս Հախվերդյան Ս., նշվ. աշխ., էջ 200:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի