Մաս I
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ամրապնդման ու զարգացման համար հանրապետության սահմանների ընդարձակման խնդիրը ի սկզբանե ունեցել է ռազմավարական նշանակություն: Սակայն հարևան պետությունների և հատկապես Ադրբեջանի հետ շարունակվող մշտական բախումներն ու հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչության պարբերաբար կրկնվող զինված ելույթները դժվարին խոչընդոտների առաջ էին կանգնեցնում հանրապետության կառավարությանը: Դժվարագույնն ու անլուծելին Արցախի ու Զանգեզուրի հարցն էր, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանություններն ավելի ուժգնությամբ էին շարունակում դրսևորել իրենց զավթողական ձգտումները: Առանց Զանգեզուրի և Արցախի հարցի վերջնական լուծման` Հայաստանը չէր կարող հուսալիորեն ապահովել իր սահմանների անսասանությունն ու անձեռնմխելիությունը և, բնականաբար, հարկադրված պետք է լիներ մշտապես պատերազմելու Ադրբեջանի Հանրապետության հետ:Զանգեզուրին տիրելու Ադրբեջանի նկրտումները ավելի են ուժեղացել հատկապես 1918 դեկտեմբերից սկսած, երբ Շուշիում հաստատվեց անգլիական զինվորական ներկայացուցչությունը: Անգլիացիների համար Զանգեզուրի ու Արցախի խնդիրը վճռված էր: Անգլիացիների որոշմամբ` Հայաստան աշխարհի երկու պատմական գավառներն իրենց հոծ հայ բնակչությամբ պիտի մաս կազմեին Արդրբեջանական հանրապետության: Հիմք ունենալով այդ գավառների նկատմամբ կայացրած վերոհիշյալ վճիռը` Ադրբեջանի կառավարությունը Կովկասում Անգլիայի առաքելության ղեկավար գեներալ Թոմսոնի համաձայնությամբ 1919 թ. հունիսի 15-ին Արցախ-Զանգեզուրի ընդհանուր-նահանգապետ է նշանակում դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայտնի էր իր հայատեցութամբ ու ջարդարարի համբավով:Խոսրով բեկ Սուլթանովի Արցախ-Զանգեզուրի նասհանգապետի նշանակումն ու այդ հարցում անգլիացիների ադրբեջանամետ դիրքորոշումը չէր կարող չմտահոգել Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու առավել ևս ընկճել մարտական հերոսական ուղի անցած զանգեզուրցիներին: Ադրբեջանական իշխանությունները Զանգեզուրը կարող էին նվաճել միայն բռնությամբ, զենքի ուժով:1919 թ. նոյեմբերին գեներալ Շիխլինսկու գլխավորած ադրբեջանական զորքերը, որոնց միացել էին նաև հարևան Հաճի-Սամլուիի քրդական հեծելախմբերը, հարձակվում են Զանգեզուրի վրա: Միաժամանակ զենքի պիտի դիմեր Զանգեզուրի մահմեդական բնակչությունը:ՀՀ կառավարությունը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը: Հատուկ զորախմբով Զանգեզուր գործուղված գնդապետ Արսեն Շահմազյանը, պատշաճ մակարդակով կազմակերպելով Զանգեզուրի մարտական ուժերը, կարողանում է պարտության մատնել ադրբեջանական զորքերին և մահմեդական զինյալ ամբոխին ու խափանում գավառը բռնազավթելու Ադրբեջանի ծրագիրը:Զանգեզուրի, ապա նաև Արցախի խնդիրը վերջնականապես լուծելու հերթը այժմ արդեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն էր: Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելը կարևոր նշանակություն ուներ Արցախի համար, քանի որ այնտեղ ռազմական գործողություններ ծավալելուց առաջ անհրաժեշտ էր ապահովել թիկունքի անվտանգությունն ու բացել դեպի Արցախ տանող ուղիները:1919 թ. նոյեմբերի վերջերին ՀՀ կառավարության հրահանգով Զանգեզուրում Ա. Շահմազյանին փոխարինում են Ս. Մելիք-Յոլչյանը և գեներալ Ղազարյանը, որոնք ստանձնում են գավառի քաղաքացիական ու ռազմական գործերի ղեկավարումը: Նրանց մասնակցությամբ ստեղծվում է «վարիչների խորհուրդ» մարմինը, որի ձեռքում է կենտրոնանում գավառի ողջ իշխանությունը: Կարելի է ասել, որ այդ ժամանակ Զանգեզուրը ձևականորեն կազմակերպվել էր որպես Հայաստանի Հանրապետության մաս[1]:Ս. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ գործող քաղաքային իշխանությունը (վարիչների խորհուրդ) Զանգեզուրը բաժանել էր երկու գավառի. «1. Բուն Զանգեզուր, Տաթև, Դարաբաս, Սիսիան` Զանգեզուր գավառ անունով, 2. Ղափան, Բաղաբերդ-Գեղվայ ձոր, Արևիք և Գողթն` Կապար Գողթ անունով»[2]:Միաժամանակ, Զանգեզուրը բաժանվել է երեք զինվորական շրջանների: Առաջին շրջանի` Սիսիանի հրամանատարն է Պողոս Տեր-Դավթյանը, երկրորդի` Կապարգողթ (Ղափան, Գենվազ(Արևիք-Մեղրի), Գողթան) հրամանատարը Գարեգին Նժդեհը և երրորդը` բուն Զանգեզուրը, այսինքն` Գորիսն իր շրջակա գյուղերով: Յուրաքանչյուր զինվորական շրջանում հրամանատարությանը կից գործել է զինվորական շտաբ, որին ենթարկվել են մարտական խմբերի հրամանատարները: Նրանց գլխավորությամբ գավառում կազմակերպվել է զորահավաք, որի արդյունքում «25-50 տարեկան բոլոր տղամարդիկ դրւած էին զէնքի տակ, երկրապահ զինւորութեան դրութեամբ, 20-25 ընտիր սպաների ղեկավարութեան տակ»[3]:Նախորդ տարիններին Զանգեզուրում բացմիցս կրկնվող հայ-թուրքական զինված բախումներն ու գավառում իրական տիրող կացությունը հավաստում էին, որ Զանգեզուրը միայն տեղի մարտական ուժերով թուրք բնակչությունից մաքրելը չափազանց դժվարին խնդիր էր: ՀՀ կառավարությունը հիմք ընդենելով այդ իրողությունը, Զանգեզուրի խնդիրը վերջնականապես լուծելու նպատակով և ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոսրով-Բեկ Սուլթանովին Զանգեզուր-Արցախի գլխավոր նահագապետ նշանակելու որոշմանը, Դրոյին նշանակում է Զանգեզուր-Արցախի նահանգապետ ու մարտական ուժերի ընդհանուր հրամանատար: ՀՀ կառավարության հրահանգով Դրոն 1919 թ. դեկտեմբերի վերջերին 600 զինվորներով հասնում է Գորիս: Նրա ժամանումով զորահավաքի ու մարտական խմբեր կազմավորելու գործընթացն ավելի է արագացվել, ընդ որում, Զանգեզուրյան մարտական ուժերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են խիստ քողարկված, հակառակորդի համար աննկատ:Թուրքական կողմը շատ լավ զինված էր ու կազմակերպված և հավանաբար այդ պատճառով վստահ, որ կկարողանա հեշտությամբ դիմակայել հայկական մարտական ուժերի հարձակումները: Գեներալ Հախվերդյանի վկայությամբ` «… այդ բնակչությունը ադրբեջանական հրահանգիչների կողմից շատ լավ կազմակերպված էր եւ ներկայացնում էր որպես զինված զորամասեր, ապահովված նույնիսկ գնդացիրներով»[4]:
[1] Տե’ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371:
[2] Նույն տեղում:
[3] Նույն տեղում:
[4] Նույն տեղում: