Սա Հայաստան է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան
Յուրաքանչյուր տարի գարնանը և աշնանը Քաշաթաղի շրջանում իրականացվում են սանմաքրման, կանաչապատման աշխատանքներ, ծառատունկի միջոցառումներ: Վերջերս Բերձոր քաղաքի մոտակայքում ստեղծվեց մի նոր պուրակ, որը նվիրվեց Երևանի պետական համալսարանի հիմնադրման 100-ամյակին: ԵՊՀ ուսանողների կողմից տնկվեց 100 ընկուզենի և 10 թթենի: Անցած տարի՝ այս օրերին, շրջանի հարավային թևի Իշխանաձոր գյուղի՝ Ազատամարտիկների նորակառույց թաղամասի բնակելի տների և դպրոցի բակերում տնկվեցին մոտ 1000 մրգատու ծառեր: Այս տարի՝ նոյեմբերի 4-ին, Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից իրականացվեց ծառատունկ արդեն Աղավնո գյուղի նորաշեն Արիավան թաղամասում, որի շինարարությունը մեկնարկել էր 2014-ին մի քանի տասնյակ սփյուռքահայերի «Արցախ ռութս ինվեսթմենթ» (ԱՌԻ-ARI) ընկերության ներդրումների ու Արցախի Հանրապետության կառավարության համագործակցության շնորհիվ: Մոտ 50 բնակելի նոր կառուցված տների բակերում տնկվեց 15-ական մրգատու ծառ՝ տանձենի, խնձորենի, կեռասենի, ծիրանենի, պնդուկենի և այլն: Ծառատունկին ներկա էր շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը՝ կնոջ՝ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և դստեր՝ Շուշիի հետ: Աստծոհաճո այս աշխատանքին մասնակից եղան Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիները՝ տնօրեն Անահիտ Քոսակյանի գլխավորությամբ, շրջվարչակազմի աշխատակազմի տարբեր կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Սարգսյանը, Աղավնոյի բնակիչները: Ծառատունկն անցավ բարձր ու տոնական տրամադրությամբ: Աղավնոյի բնակիչները գոհունակություն էին հայտնում այս գեղեցիկ միջոցառումն իրականացնելու համար: Առավել ոգևորված էին աշխատում դպրոցականները, փոքրիկ երեխաները: Փոքրիկ Շուշին մոտ 15 ծառ տնկելուն մասնակցեց, գյուղի երեխաներն իրենց բակերում տնկիների համար փոսեր էին պատրաստում, ավագների, ծնողների հետ տնկում ծառերը, ջրում՝ հավատով, որ կվայելեն դրանց բերքն ու բարիքը: Լիբանանից Մայր հայրենիք է տեղափոխվել Վարուժան Դումբալյանը՝ կնոջ և դստեր՝ Բալիկի հետ: Արիավան թաղամասում նրանց նորակառույց տուն է հատկացվել, որի բակը, շրջվարչակազմի աշխատակիցների օժանդակությամբ, մաքրվեց արդեն չորացած խոտածածկույթից, և տնկվեցին մրգատու ծառերը: Երրորդ դասարանի աշակերտուհի Բալիկը երազանքն է դառնալ մանկաբույժ, ոգևորությամբ էր օգնում իրենց բակում աշխատող տարեցներին, հյուրասիրում կոնֆետներով: Խոստացավ խնամել և մշակել ծառերը: Ծառատունկն առիթ դարձավ նաև, որ բնակիչները բարեկարգեն իրենց բակերը, մաքրել էին թփերից, խոտից, որ դարձնեն այգի ու բանջարանոց: Ծառատունկն անցավ ուրախ երաժշտության հնչյունների ներքո, որն ապահովվեց Բերձորի «Բերձոր» ժողգործիքների երաժիշտների կողմից: Մշակութային մասին մասնակից եղան նաև բերձորցի դպրոցականները, գյուղի երեխաները: Բերձորի դպրոցից իններորդցի Արկադի Հակոբյանը մի քանի տների բակում մասնակցեց ծառատունկին: Ասաց՝ մարդկանց օգնելը լավ երևույթ է, և հավատացած է՝ իր տնկած բոլոր ծառերը երկու-երեք տարի անց կտան առաջին բերքը: Ոգևորված աշխատեց նաև 11-րդ դասարանցի Հմայակ Տոնոյանը, ում օգնությամբ մի քանի տասնյակ ծառ տնկվեց: Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը հայտնեց գոհունակություն կատարված ծառատունկի համար, շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի ղեկավար Ստ. Սարգսյանին, բոլոր մասնակիցներին: Հույս հայտնեց, որ բնակիչները կխնամեն տնկիները և կունենան մրգատու այգի: Նորակառույց թաղամասն առայժմ չունի ոռոգման ջրացանց, ուստի այգիներն ու բանջարանոցները պետք է ոռոգվեն խմելու ջրով, որը բերվել է Աղավնո գետի մոտակա՝ գյուղից մոտ 5կմ հյուսիս ընկած ջրակունքից: