Խնածախ գետակի առեղծվածը

Spread the love

Սյունիքի Խնածախ /անվանվել է նաև Խանածախ/ գյուղի մոտակա աղբյուրներից է սկիզբ առնում համանուն փոքրիկ գետակը ու հազարամյակներ հոսել է դեպի Աղավնագետ՝ իր ճանապարհին կերտելով հրաշք մի ձորակ: Գետակի աջակողմյան ափից թեքլանջ բլուրներ են բարձրանում, նրանցից մեկը, ըստ խնածախցիների, կոչվում է Մոլարղուզե: Սրա վերևում վաղ միջնադարում, հավանաբար ավելի հնում, մի հզոր ամրոց է կանգուն եղել, ու հայոց քաջարի զինվորները հայրենի երկիրն են հսկել: Պահպանվել են ամրոցը օղակող պարսպի հիմքերը, տեղ-տեղ նաև պատերը՝ մոտ 1 մ և ավելի բարձր: Պարսպի բոլոր կողմերում դամբարաններ են՝ մոտ 5-6 ք/մ մակերեսով խուց-սենյակներով: Պակաս հետաքրքիր չէ նաև ձորակը, որի ափամերձ ժայռերում առկա են քարայրներ: Դրանք ժամանակին ծառայել են որպես կացարան, հավանաբար նաև ճգնարան: Ձորակի աջափնյա ժայռերի վրայով, քարանձավների առջևով ինչ-որ ժամանակ ջրատար է անցել: Այդ են վկայում տեղ-տեղ պահպանված պատաշարերը: Գյուղից մոտ 3-4կմ դեպի արևելք ձորակը լայնանում է. ջուրը հազարամյակների ընթացքում քանդել է ձարակի հողե պատերն այնքան, մինչև դեմ է առել ժայռերին: Քանդված հողաթմբերը տեղ-տեղ բնական կամուրջներ են դարձել գետակի վրա, ինչպես Սատանի կամուրջը: Քիչ ներքևում այնուհետև նեղանում է ձորակը, և գետը դուրս է գալիս 2 կողմից քարայրներով հարուստ ժայռեղեն ավազանի մուտքից: Այս մասում՝ գետի աջ ափին, պարիսպ է շարված՝ կրաշաղախով ու անմշակ քարով: Ձախ ափին հենապատի մնացորդն է պահպանվել:

Առաջին հայացքից թվում է՝ պարիսպը կառուցվել է որպես ամրություն կամ որպես կամուրջ: Սակայն պատի վերին մասում զգացվում է առվի հետքը: Տարիներ առաջ հնագետ Գագիկ Սարգսյանի և պատմաբան-ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ եղանք այստեղ, ուսումնասիրեցինք տարածքը: Հնագետը եզրակացրեց, որ պարիսպը կառուցվել է որպես ջրատար-ադվեդուկ: Ձորակի 2 ափերը իրար են կապվել կամրջով, որի վրայով անցել է ջրատարը: Վերջերս տարածք այցելեցի Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանի հետ: Կա նպատակ՝ Աղավնոյի հովտում զարգացնել տուրիզմը: Ոտքով անցնելով գետի ափով՝ նկատեցի, որ այս մասում միջնադարում 2 ջրատար են գործել: Առաջինն սկիզբ է առել գետակի վերին հատվածից, շարունակել ճանապարհը գետափնյա ժայռերի վրայով, անցել նշված պարսպի տակով և հոսել մինչև մոտակա գյուղը՝ պատմական Արահուծ: Հնարավոր է՝ ձորակում նաև ջրաղաց է գործել: Երկրորդը, որն անցել է պարսպի վրայով, ոռոգել է գետի ձախափնյա տարածքները: Պարսպապատ մասից մոտ կես կմ ներքևում ձորակը նեղանում է: Այստեղ ևս պահպանվել են հնադարյան կամրջի հենասյուներ, ինչպես նաև՝ ջրատարի պատերի հատվածներ: Իր ողջ ընթացքում գետակի ջուրն այս մասում, մտնելով ժայռակերտ նեղ կիրճը, մոտ 10-15 մ բարձրության հրաշք-ջրվեժ է ստեղծել: Սկզբում ջուրը ներքև է ցատկել ձախ մասով, հետագայում մի փոքր փոխել է հունը և խորացել ժայռի մեջ: Հղկելով ու մաշելով քարաժայռը՝ ջուրը մի քանի մետր ներս է ընկել ու շառաչով ցած է հոսում: Գետի հորդառատ օրերին տեսարանն ավելի գեղեցիկ ու հմայիչ է: Սակայն ցանկացած ժամանակ այստեղ կարելի է ժամերով մնալ: Նշված տարածքը, վաղ ժամանակներից սկսած, եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառի կազմում: 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանն իր «Սյունիքի պատմություն» գրքում, նշելով Սյունիք նահանգի գավառները, տեղեկացնում է. «…Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ և Խոժոռաբերդ…»: Սկզբնական շրջանում Քաշաթաղի վարչական կենտրոնը եղել է Քաշաթաղ բնակավայրը, որտեղ իշխել է Հայկազյան իշխանական տոհմը: Հայկազյանները Քաշաթաղ են տեղափոխվել XV դարի վերջին քառորդում, և հետագայում դարձել Սյունիքի ամենազորեղ ու ամենահայտնի մելիքական տունը: Սկզբում եկել է Մելիք Հայկազնի պապը` Պարոն (իշխան) Հայկազնը, ում կոչել են նաև Աղաջան: Խնածախը, որ գտնվել է Աղահեճք և Հաբանդ գավառների սահմանագլխում, Քաշաթաղի մելիքանիստ է դառնում Մելիք Հախնազարի օրոք (1515-1551)` 16-րդ դարի առաջին կեսին: Ստ. Օրբելյանը Խնածախ-Խանածախը նշում է Հաբանգ գավառի բնակավայրերի ցանկում: Այնուհետև մելիքության ղեկն անցնում է նշանավոր Հայկազ Բ-ին /1551-1621/: Նրա օրոք մելիքությունը հասնում է իր հզորության գագաթնակետին: Մելիք Հայկազ Բ-ի օրոք է կառուցվել Խնածախ գյուղի ջրատարը: Ջուրը բերվել է բավական հեռվից. գյուղի ողջ երկարությամբ այն հատուկ ջրահավաք թունելով հասցվել է մինչև գյուղի հարավային ծայրը: Հավանաբար նույն ժամանակ և նույն ձևով կառուցվել են նաև Աղավնոյի ձախափնյա պատմական Արահուծ բնակավայրի խմելու և ոռոգման ջրատարները: Եվ պահպանված պարիսպն ու պատերը 16-17-րդ դարերի են: Քաշաթաղի 2 մելիքանիստներն իրարից հեռու են ընդամենը 6-7կմ, և դրանց մեջտեղում է պատմական Արահուծ, հետագայում քրդերի կողմից Մալիբեյ անվանափոխված գյուղը՝ բաղկացած 2 մասից: Հնարավոր է, որ ժամանակին այս մասում եղել են մելիքական այգիները: Տեղը համեմատաբար հարթ է և հարուստ բերրի հողատարածքներով: Աղավնոյի ձախ ափին՝ Մալիբեյի դիմաց, հնադարյան գյուղատեղի կա: Միգուցե պատմական Արահուծն է, իսկ Մալիբեյն առաջացել է 19-րդ դարակեսում, երբ տարածքն անցավ քրդերի ձեռքը: Ստ. Օրբելյանը, նշելով Աղահեճ գավառի բնակավայրները, տեղեկացնում է, որ Արահուձը /այսպես է անվանվում գրքում/ վճարել է ընդամենը 6 հարկաչափ, այսինքն՝ նվազագույնը: Սա խոսում է այն մասին, որ Արահուծը եղել է փոքր բնակավայր: Արահուծից մոտ 1 կմ հյուսիսում է Քաշաթաղի առաջին մելիքանիստը՝ Քաշաթաղը, որտեղ պահպանվել է մելիքների ապարանքը՝ պարսպապատ, աշտարակով: Այստեղ հաստատված քրդերը գյուղը կոչում էին Սուլթանլար կամ Սուլթանքյանդ: Այստեղից 1 կմ հյուսիսում է արդեն 4-րդ դարի Ծիծեռնավանքը, որն իր օրոք նորոգել է Մելիք Հայկազն 2-ը և պարսպապատել:
17-րդ դարակեսից սկասած Հակարի գետի վերին վտակներ Աղավնոյի, Հոչանցի և Շալուայի հովիտները հայաթափ եղան ու բնակվեցին մահմեդական ցեղերով, անվանափոխվեցին հայկական բնակավայրերը: Աղավնոյի, Շալուայի հովտներում որոշ գյուղերում՝ Հակ-Մինքենդ, Ծիծեռնավանք-Զեյվա, Ալիղոիլի/այժմ՝ Ղազարապատ/ և այլն, մինչև 20-րդ դարասկիզբ հայեր բնակվում էին քրդաթրքերի հարևանությամբ: Սակայն 1905 և 1918 թվականների հայ-թուրքական ընդհարումների ժամանակ այդ գյուղերն էլ ամբողջությամբ հայաթափ եղան: Տարածքները վերջնական ազատագրվեցին 1993թ. գարնանը և վերստին հայացան մեկ տարի անց: Այսօր հնարավոր է լավ ուսումնասիրել մեր պապերի երկիրը և հնարավորինս տալ բազում առեղծվածների պատասխան:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի