Մեկ օր Հունոտի կիրճում

Spread the love

Շուշի բերդաքաղաքի պատմությունը սերտորեն կապված է նրա արևելյան կողմում գտնվող Հունոտի կիրճի՝ Կարկառ գետի աջ ու ահյակ ափերին գտնվող բնակատեղիի հետ: Այսօր այդ գեղատեսիլ ու պատմական գաղտնիքներ թաքցնող կիրճը դարձել է մեր ժողովրդի ու օտարների սիրելի զբոսավայրերից մեկը: Մի քանի անգամ եղել եմ այստեղ, սակայն ցանկացած առիթ օգտագործում եմ՝ մեկ անգամ ևս հասնել բնության կերտած այս դրախտավայրը, որտեղ մեր պապերը բնությանը ներդաշնակ ստեղծել են հրաշալի տներ ու ջրաղացներ, կամուրջ ու ամրոց: Հունիսի 23-ին Հունոտի կիրճ այցելեցի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. Դպրոցի (տնօրեն՝ Անահիտ Քոսակյան) ուսուցչական անձնակազմի հետ: Մխիթարաշեն գյուղի վերջից սկսվում է կիրճը՝ ուղղաձիգ ու բարձր ժայռերով, անտառապատ: Դիմացում Շուշիի՝ 18-րդ դարում կառուցված պարիսպներն են երևում՝ 2 դիտակետ-բուրգերով: Այստեղից մի արահետ նույնպես իջնում է ձորը՝ անցնելով Հունոտ գյուղի գերեզմանատան մոտով: Առավել գեղեցիկ է կիրճի հարավային հատվածը՝ դեմ դիմաց ուղղաձիգ ու խոռոչներով լի ժայռերն են, ավելի հեռվում՝ Քիրսասարը՝ վեհ ու հսկող: Վերջին շրջանում բավականին դրական փոփոխություն է կատարվել զբոսավայրում, որը հեշտացրել է մուտքն այստեղ: Բարեկարգվել է ձոր իջնող արահետը, ծառերին կան հուշանշաններ, կառուցվել են մի քանի տաղավարներ, հանգստի այլ պարագաներ, կան պատմական արժեք ունեցող կառույցների մասին պատմող ցուցանակներ:

Պատմական տներից մեկի բակը մաքրվել է մացառներից, որտեղ հնարավոր է դարձել նույնիսկ գնդակով խաղալ: Այստեղ էլ կայանեցինք: Մեզ միացան նաև Սյունիքի մարզի Սիսիանի տարածքի Լոր գյուղի միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիները, նրանց ուսուցիչները՝ տնօրեն Լիաննա Գրիգորյանի գլխավորությամբ: Միասին հասանք կիրճի ամենահետաքրքիր վայրը՝ Մամռոտ Քար ջրվեժ, որը հայտնի է նաև Զոնտիկներ (ռուս.՝ зонтики)  կամ Հովանոց անունով: Աղբյուրն սկիզբ է առնում մամռաքարից քիչ վերևում գտնվող քարանձավից, ու ստեղծվել է բնության հրաշք՝ հովանոցաձև ջրվեժը՝ Կարկառ գետի աջ ափին: Այստեղից դիմացի ժայռապատին երևում են պարիսպներ, որոնց հետևում քարայրներ են՝ հնօրյա ամրություններ, թաքստարաններ: Ցանկացած ոք անպայման մտնում է հովանոցի տակ՝ քարանձավ, որի առաստաղն ու պատերը պատված են աղային գոյացություններով: Տարբեր գույների քարային պատկերները, նրանցից կաթկթող ջուրը պարզապես հրաշալի տրամադրություն են ներշնչում մարդուն: Այստեղ հասնողը երբեք չի վախենա թրջվելուց: Բնական է՝ բոլորի ցանկությունն է լուսանկարվել հովանոցի մոտ, ջրվեժի տակ, շատերը լողանում են գետում՝ բնական լողավազանում: Ջրվեժի մոտ պահպանվել են մի քանի տան ավերակներ: Տներ, որոնք կառուցվել են 19-րդ դարում և լքվել 20-րդ դարի 30-40-ական թվականներին: 19-րդ դարում բերդաքաղաքը մեր մշակույթի կարևոր կենտրոններից մեկն էր՝ հայաշատ քաղաք՝ դպրոցներով, թատրոններով, մամուլի տասնյակ անուններով, եկեղեցիներով… Եվ այս քաղաքը պետք է ունենար ջրաղացներ: Հունոտի կիրճում 19-րդ դարասկզբից կառուցվեցին 10-ից ավելի ջրաղացներ, ինչպես նաև՝ բնակելի տներ ու քարե կամարակապ կամուրջ՝ 25մ երկարությամբ, 5մ լայնությամբ, 8մ բարձրությամբ: Այսօր էլ պահպանվել են ջրաղացներից մի քանիսի ավերակները: Պարզապես հիանում ենք մեր պապերի կերտածով: Զգացվում է՝ տներն ու ջրաղացները, կամուրջը կառուցվել են իսկական վարպետների կողմից: Թաղակապ տանիքով ջրաղացները նույնիսկ եկեղեցու տեսք ունեն: Պահպանվել է ջրաղացները ջրով ապահովվող առվի հետքը, որ այժմ դարձել են դեպի մամռաքար տանող ճանապարհի հատված: Նույն ճանապարհով գնացինք ու վերադարձանք: Հանգստի պահին կազմակերպվեց ասմունքի փոքր հանդես: Հայ մեծ բանաստեղծի՝ Համո Սահյանի ծննդավայրի կրթօջախի ավագ դասարանների սաները հանդես եկան իրենց հայրենակցի բանաստեղծությունների ընթերցմամբ: Տնօրենն ասաց, որ ունեն 45 աշակերտ, 17 ուսուցիչ: Էքսկուրսիան դեպի Հունոտի կիրճ առաջին անգամ է և իրականացվել է “Ջինիշյան” հիմնադրամի հատկացումներով: Հավելեց նաև, որ տարրական ու միջին օղակի աշակերտներն այցելել են Գնդեվազ, իսկ բարձրդասարանցիները, իր ու ուսուցիչներ Լորիկ Խաչատրյանի, Մերի Մինասյանի, այլոց հետ, եկել են Արցախ: Զրուցեցի զբոսավայրի հսկիչներից 63-ամյա Վյաչեսլավ Առուստամյանի հետ, ով 1990թ. հեռացել է Բաքվից, բնակություն հաստատել ՀՀ Կալինինոյում, այնուհետև տեղափոխվել Մխիթարաշեն: Ունի 3 որդի. երկուսը նույնպես Մխիթարաշենում են բնակվում: Ավերակ երկհարկանի 2 տներից մեկի առաջին հարկը ծառայում է հսկիչներին: Վյաչեսլավն ասաց, որ տներից մեկը պատկանում է իր մոր՝ Անահիտի հորը՝ Բախշի Բաղդասարյանին, իսկ մյուսը նրա եղբայր Մուքելին է: Պապն ապրել է 127 տարի, ունեցել է 16 զավակ, ովքեր ծնվել ու բանակվել են այստեղ, այնուհետև անցած դարի 30-40-ական թվականներին հեռացել ու բնակություն հաստատել տարբեր վայրերում: Հայրը՝ Սարոն, Մխիթարաշեն գյուղից է: Այն ժամանակ տներն ունեցել են նաև սառցատներ: Պահպանվել է նաև պապի տան սառցատունը՝ կիպ ժայռին, նեղ ու խոնավ: Այս տների դիմաց՝ գետի աջ ափին, թթենու այգու մեջ պահպանվել է Հունոտի հանգստավայրը: Մի քանի տասնայակ տապանաքարեր հուշում են, որ 19-րդ դարում ձորալանջի այս մասում են հուղարկավորվել  հունոտցիները: Զգացվում է՝ տապանաքարերի մեծ մասը նույն քանդակագործ-վարպետի ձեռքի աշխատանքներն են: Եվ քանդակները՝ խաչեր, հավերժության նշաններ, մարդապատկերներ, և արձանագրությունները նման են, նույն ոճի: Այստեղից ներքև է քարե կամարակապ կամուրջը, որը գյուղի 2 հատվածները, ինչպես նաև Շոշ, Մխիթարաշեն և այլ բնակավայրեր կապել է Շուշիի հետ: Կամրջի հարևանությամբ ևս ջրաղաց կա՝ դարձյալ թաղակապ ու հրաշալի կառուցված: 20-րդ դարասկզբի Շուշիի ողբերգությունը, այնուհետև խորհրդային կարգերի հաստատումը դարձան պատճառ, որ հրաշք Հունոտի կիրճը դարձավ լքված հեքիաթների կիրճ ու հայաթափվեց: Քանդվեցին մեր պապերի կառուցած տներն ու ջրաղացները, անտեր մնացին կամուրջն ու հանգստարանը: Սակայն եկավ հատուցման պահը, ու նույն կամրջով 1992 թվականի մայիսի 8-9-ին հերոսաբար բարձրացան հայոց քաջերը, անցան բերդաքաղաքի պարիսպներով ու ազատագրեցին մեր քաղաքը: Այսօր վերստին մշակույթի կենտրոն դարձող Շուշիում հայն է ապրում ու կամաց-կամաց հետ բերում քաղաքի փառքն ու անունը: Արդեն մթնշաղ էր, որ հրաժեշտ տվեցին մեր երկրի գեղեցիկ վայրերից մեկին ու բարձրացանք վեր: Նայում ենք քաղաքի պարիսպներին, որոնց տակ հազարավոր ասպատակողներ են գտել իրենց սատակումը: Փառք ենք տալիս հայոց անցյալի ու ներկայի քաջերին, որ իրենց արյամբ ու մաքառումներով միշտ տեր են եղել հայրենիքին:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի