Սյունյաց իշխանուհիների նվիրատվական և շինարարական գործունեությունը

Spread the love

ԳԱՅԱՆԵ ՇԱԲՈՒՆՑ

ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ԻՇԽԱՆՈՒՀԻՇԱՀԱՆԴՈՒԽՏ Ա, ՇԱՀԱՆԴՈՒԽՏ Բ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԸ

Շահանդուխտ իշխանուհու կառուցած մատուռը
Շահանդուխտ իշխանուհու կառուցած մատուռը

Սյունյաց նշանավոր կանանցից իրենց նվիրատվական և շինարարական գործունեությամբ աչքի են ընկել  Հայոց Արևելից կողմանց (Արցախ, Ուտիք) գահերեց իշխան Վարազ Տրդատի դուստր Շահանդուխտը, Սյունյաց Սմբատ Ա (970-998թթ.) թագավորի տիկին Շահանդուխտը, Գրիգոր 1-ին թագավորի կին Շահանդուխտը:

Հայոց Արևելից կողմանց գահերեց իշխան Վարազ Տրդատի դուստր Շահանդուխտի մասին պահպանվել է մի գեղեցիկ պատմություն: Շահանդուխտին հարս էին խնդրել Թորգոմյան տնից: Երբ նա անցնում էր Բաղաց աշխարհով, առևանգման նպատակով նրա վրա են հարձակվում Պարսկաստանից եկած զինվորները: Կռահելով նրանց նպատակը` Շահանդուխտը մտրակել է ձիուն ու թռել քարաժայռի փլվածքը: Այժմ Գորիսից Տաթև տանող ճանապարհին` Հալիձորի անտառի դիմաց, բարձր գահավեժ քարափներից մեկը կոչվում է Հարսնաձոր: Ղ. Ալիշանն այն անվանում է Հարսնավազն[1]:  Շահանդուխտն աչքի էր ընկել իր արտասովոր գեղեցկությամբ:  Ստ. Օրբելյանի հաղորդմամբ՝  «և ունէր պատկեր նոր և օտար, և գեղ նորա յոյժ չքնաղ զարմացուցիչ տեսողաց, որ  և ոչ ումեք նիւթեղէն կարծիւր, այլ իբր ’ի լուսատարր օդոյ և յանօսր շողից կերպացեալ, զոր խնդրեցին հարսն ի տանէ Թորգոմեան»[2]: Ըստ Ստ. Օրբելյանի և  Ղ. Ալիշանի՝ պահպանվել է Շահանդուխտի ձեռքով գրված նամակը: Ալիշանը գրում է. «զի զայս գտաք ի հնացեալ նամակի գրեալ յիւրով իսկ ձեռամբն»[3] : Շահանդուխտի գրած նամակն ուներ հետևյալ բովանդակությունը. «Ես մեղուցեալ աղախինս Քրիստոսի Շահանդուխտ՝ դուստր Վարազ Տրդատայ, երթայի հարսն ’ի տունն Թորգոմեան. և եկեալ ’ի սահմանս Բաղաց՝ ’ի գլուխ քարիս, ընդ որ անցանէ ճանապարհն՝ յանկարծակի պատահեցան ինձ Իսմայելացիք, որք վասն համբաւոյ գեղոյ իմոյ կամէին յափշտակել զիս, և սուր ’ի վերայ եդեալ կոտորէին զհեծելագունդն որ ընդ իս. ապա լաւ համարեցայ քան ’ի ձեռն այլազգեացն գայլապատառ կորնչիլ, վասն Քրիստոսին իմոյ գահավէժ մեռանել: Եւ յիշելով զսուրբ Աստուածածին և զսուրբն Հռիփսիմէ՝ յանձնեցի զիս սուրբ Երրորդութեանն և կնքեցի զողորմելի անձն իմ սուրբ խաչիւն և դարձուցեալ զերասանակ երիվարին՝ թռեայ ընդ քարս: Եւ յահագին շնչմանէ հողմոյ և աներևոյթ զօրութեամբ իջի իբր կառօք ’ի խորութիւն ձորոյս ես և երիվարն իմ անվնաս: Եվ դադարեալ անդէն՝ մեծաւ հիացմամբ գոհութիւն մեծ վերառաքեցի այնպիսի փրկողին զիս. և իջեալ ’ի հեշտավայրնª նուիրեցի զանձն իմ Քրիստոսի, և ուխտեցի այլ ոչ ելանել աստի մինչ ցվախճանն իմ: Իսկ Իսմայելացւոցն տեսեալ զայն՝ մեծաւ զարմացմամբ թողին անվնաս զզօրս իմ և գնացին. և ես աստէն ’ի  տեղւոջս շինեցի մատուռն մի և խցիկ մի և կրօնաւորեցայ ’ի տեղւոջս զամենայն ժամանակս իմ: Թէպէտ թախանձեցայ ’ի ծնողացն իմ և ’ի հարսնացու իշխանացն՝ ոչ շարժեացայ ’ի  տեղւոյս: Եւ կոչեալ զերանելի եպիսկոպոսն Սիւնեաց՝ յանձնեցի նմա զիս՝ և զամենայն ինչս իմ ետու ’ի ձեռս նորա՝ զկէս մասն բաշխել ’ի կարօտեալս և զկէսն տալ ’ի սուրբ եկեղիցն Տաթևոյ: Նաև զտեղիս զայս աւանդեցի սուրբ եկեղեցւոյն ամենայն ձորովս, որ ’ի Շնհէրոյ սահմանէն ’ի վեր մինչ ’ի Գինական գետն»[4]: Շահանդուխտի նամակից պարզ է դառնում, որ  նա կառուցել է մատուռ, իր ողջ ունեցվածքը տվել է եպիսկոպոսին` կեսը կարիքավորներին բաժանելու, կեսը` Տաթևի սուրբ եկեղեցուն տալու: Նաև Տաթևի սուրբ եկեղեցուն է նվիրում «Շնհերի սահմանից վեր, մինչև Գինական գետը բոլոր հողերը»:

Շահանդուխտ իշխանուհու կառուցած մատուռը

 

Ի դեպ, Ղ. Ալիշանը Գինական գետը համարում է Որոտանի վտակը և նույնացնում «Տաթեւոյ ջուր կամ գետի» հետ: Ըստ Ալիշանի հնում գետը կոչվել է Գինական, իսկ Տաթևի վանքի կառուցումից հետո  կոչվել վերջինիս անունով [5]:

Սյունիքում շինարարական և նվիրատվական գործունեությամբ աչքի է ընկել նաև Սմբատ Ա (970-998թթ.) թագավորի տիկին Շահանդուխտը, ով Աղվանից իշխան Սևադայի դուստրն էր: Շահանդուխտն իր որդիներ Վասակի և Սևադայի հետ միասին «Սմբատ թագավորի ոգու համար» Տաթևի վանքին են նվիրել վեց հազար դրամ և Հաբանդ գավառի Տեղ գյուղը: Հայոց չորս հարյուր քառասունյոթ թվականին (998թ.) գրվել է նաև համապատասխան վճռագիրը, որն ուներ հետևյալ բովանդակությունը. «Յանուն Աստուծոյ կամ՝ եղև ինձ Շահանդխտոյ՝ դստեր Սևադայի, տալ ի Հանբանդ գաւառի զանուանեալ  շէնդ զՏեղ՝ իւր ամենայն բոլոր սահմանովն, լերամբ և դաշտիւ և այլ մտիւք, զոր իմ թագաւորին Սմբատայ ինձ տուեալ էր, և իմ ի կորդոյ շէն դրեալ. և ես յետ ելից երանելի թագաւորին իմոյ յաստեացս՝ իւր հոգւոյն ի Տաթև ի սուրբ մայրաքաղաքն և ի սուրբ նշանն ետու ի ձեռն տեառն Յակոբայ՝ Սիւնեաց եպիսկոպոսի. և յայսմհետէ անիշխան եմք ես և իմ որդիքս Վասակ և Սևադայ, զի ի ձեռն Աստուծոյ եմ տւեալ և ի սուրբ նշանս. և պարտական են յամենայն տարի իմ թագաւորի հոգւոյն զՎարդավառին քառասունքն պատարագ առնել և յամենայն օր զերանի տամ թողութիւն սաղմոսն ասել ի նոյն քառասունսն: Արդ սուրբ հայրապետք՝ որ յաթոռդ յաջորդիք, պարտական էք զայդ անխափան կատարել, և զշէնդ ազատ յամենայն հարկաց ուտել:-Աստուած ընդունելի արասցէ:…. »[6]: «Եւ վասն առաւել հաստատութեան գրեցի իմ ձեռօքս զայս վճիռս ես Վասակ՝ որդի Սմբատայ թագաւորի, հրամանաւ իմ մօրս: Աստուած շնորհաւոր արասցէ: Ի թուիս Հայոց 447 (998) և կնքեցաւ մերով մատանեաւս»[7]:

«Երանելի թագուհի»  Շահանդուխտը 1000թ. կառուցել է նաև «զգեղեցկայարմար վանսն Վաղանդնոյ»[8]: Վաղատնի վանքը կամ Որոտնավանքը գտնվում է Վաղատին գյուղից 2 կմ հարավ-արևելք, Որոտան գետի կիրճի եզրին: Մ. Փափազյանը Որոտնավանքի տեղադրության մասին գրել է. «Որոտնա վանքը տեղավորված է մի բարձրադիր բլրակի վրա, որի հարավային կողմի ձորի միջով արագ գնում է համանուն գետը»[9]:

Ստ. Օրբելյանը նշում է, որ վանքը դեռ վաղուց ուխտադիր մարդկանց վայր էր, որովհետև այնտեղ վաղ ժամանակներից մի եկեղեցի կար սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով, որը վերաշինված էր Ստեփանոսի կողմից: Այս եկեղեցին բուժում էր թունավոր օձերից խայթվածներին: Այդ պատճառով էլ Շահանդուխտը կոփածո քարերով եկեղեցի է կառուցում` սուրբ նախավկա Ստեփանոսի անունով: Ստ. Օրբելյանը նաև գրում է. «Շինէ և տուն աղօթից կրաշաղախ վիմօք ի դրան եկեղեցւոյն, և համբարանոցս և գործատունս, շուրջ պարսպէ զվանքն և որոշէ նմա անդաստանս ի Վաղանդնոյ, և տայ զԳոմեր ագարակ՝ ի վանսն. պայծառապէս զարդարէ զեկեղեցին զանազան զարդուք, և ինքն վախճանեալ՝ դնի յ դրան այնր սրբարանի…»[10]: Ստ. Օրբելյանի այս հիշատակությունից պարզ է դառնում, որ նախ Շահանդուխտ Ա թագուհին Վաղատնի վանքին է նվիրել նաև Գոմեր ագարակը և երկրորդª Շահանդուխտ Ա թագուհին թաղված է նույն սրբարանի բակում:

Վաղատնի վանքի ս. Ստեփանոս եկեղեցու արևելյան պատուհանի պսակի քարի վրա պահպանվել է Շահանդուխտ Ա թագուհու շինարարական արձանագրությունը. ՇԻՆԵՑԱՒ ՀՐԱՄԱՆՈՎ |ԹԱԳԱՒՈՐԻՆ ՍՆՊԱՏԱ Ի ՁԵ|ՌՆ ՇԱՀԱՆԴԽՏ|Ո ԲԱՐԵՊԱՇՏ [ԹԱԳՈՒՀՈՅ][11]:

Որոտնավանքը կառուցվել է ամրոցաշինական սկզբունքներով: Հետաքրքրական է տեղանքի ընտրությունը, եկեղեցական  բոլոր շենքերի դիրքը, վանքապատկան տարածքի պարսպապատումը:

Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը: Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ: Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով[12]: Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք: Նա սերտ կապեր է հաստատել Որոտնավանքի և Տաթևի միջև:

XIII դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, ով 1386 թվականին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցն» աշխատությունը: 1407 թվականին վանք է այցելել Թովմա Մեծոփեցին: Նույն տարում Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել: 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը: 1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը[13] :

2011թ. օգոստոսի 30-ին Մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում էր գտնվում որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիսթինե Լամորեան Բելգիայից, ով օգոստոսի 20-24-ը աշխատանքներ է իրականացրել Որոտնավանքնի Սբ. Կարապետ եկեղեցում: Մաքրվել, ամրակայվել, վերականգնվել է Սբ. Կարապետ եկեղեցու հյուսիսային խորանի որմնանկարը (ենթադրվում է XI դար), ամփոփված 124 սմ տրամագիծ ունեցող շրջանագծի մեջ, ուր պատկերված է աստղազարդ երկնագույն երկինք՝ շրջապատված կենդանակերպ ու մարդակերպ պատկերներով, կենտրոնում՝ թևավոր հրեշտակ: Որմնանկարի հետագա անխաթար պահպանությանն ուղղված աշխատանքներին մասնակցել են նաև վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը Իտալիայից և որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը Հայաստանից: Վերականգնման համար բոլոր անհրաժեշտ նյութերը տիկին Լամորեան իր հետ բերել էր Իտալիայից[14] :

Սյունիքում իրենց շինարարական և նվիրատվական գործունեությամբ աչքի են ընկել Սյունյաց Գրիգոր 1-ին թագավորի կին Շահանդուխտը և նրա եղբայր Սենեքերիմն ու քույր Կատան: Նշենք, որ Շահանդուխտն ու Գրիգորը ժառանգ չունեին, ուստի իշխանների հետ խորհրդակցելուց հետո Աղվանքից բերում են Շահանդուխտի եղբայր Սենեքերիմին և նրան դարձնում իրենց թագավորւթյան ժառանգորդ: Սենեքերիմն ու իր քույր Շահանդուխտը «բազում և գեղեցիկ շինուածովք առաւել գեղեցկացուցին զվանսն Վահանու՝ կանգնեալ կամարս մեծամեծս, և ի վերայ՝ եկեղեցիս և սրահս բազմասիւնս բարձրաբերձ, հովանի և խրախարան իշխանացն»[15] : Շահանդուխտն ու Սենեքերիմը Տաթևի վանքին են նվիրում Արիտը և գրում համապատասխան վռագիր: Նշենք, որ Արիտը Ստ. Օրբելյանի «Հարկացուցակում» զետեղված է Ծղուկ գավառի մեջ և Տաթևի վանքին եկեղեցական հարկ է վճարել 6 դահեկանի չափով[16]:  Գր. Գրիգորյանը «Պատմական Սյունիքի մի շարք գյուղերի տեղադրության հարցի շուրջ» հոդվածում անդրադառնալով Արիտի տեղադրությանը՝ գրում է, որ Արիտը գտնվել է Տաթև գյուղից կարճ ճանապարհով դեպի Յայջի (ներկայիս Հարժիս) տանող հանդիպակաց սարալանջի վրա, որտեղ կան հին գյուղատեղի հետքեր[17] :

Վահանավանքում պահպանվել է Շահանդուխտի և Սենեքերիմի շինարարական գործունեության վերաբերյալ հետևյալ արձանագրությունը.»…Ի:ՇԼԵ: ԹՎ. ԵՍ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ Դ|ՈՒՍՏՐ ՍԵՒԱԴԱԻ ԱՂՎԱՆԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ  |ԵՒ ԱՄ|ՈՒՍԻՆ ԳՐԻԳՈՐՈՅ` ՈՐԴՒՈՅ ԱՇՈՏԿԱՅ Ի ՆԵՂ|ՈԻԹԵԱՆ  ԺԱՄԱՆԱԿԻՍ ՄԵՐՈՒՄ ԲԱԶՈՒՄ| ԵՒ ԾԱՆՐ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ ԵՍ ԵՒ ՍԻՐԵԼԻ ՔՈՅՐ ԻՄ (ԿԱՏԱ) ՇԻՆԵՑԱՔ ԶԵԿԵՂԵՑԻՔՍ  |ԶՍ|ՈՒՐ|Բ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ Ս(ՈՒՐ)Բ ՍԻՈՆ Ի (ՓՐԿ)ՈՒԹԻՒՆ  ՄԵԶ  ԵԻ ՅԻՇԱՏԱԿ Յ|ԱՒԻՏԵՆԻՑ ԳՐԻԳՈ|ՐՈՅ ԵՒ Ս(ՈՒՐ)Բ  (ԱՍՏՈՒ)ԱԾԱԾԻՆՆ  ԵՒ ԶՆԱԽԱՎԿԱՅՆ Ի ՔԱՒՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ  |ԵՂԲԱ|ՒՐ ՄԵՐՈ ՍԵՆԵՔԱՐԵՄԱՅ ԵՒ ԻՒՐ ՈՐԴՈՑՆ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ  ՅԵՐԿԱՐԿԵՆԴԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՊԱՆ ՆԵՐԿԱՅԻՒՄՍ ԵՒ ԲԱՐԵԽԱՒՍ ՅԱՊԱԳԱՅՍՆ»[18] :

Այս հոդվածով նպատակ ունեինք հստակ տաբերակել Շահանդուխտ իշխանուհու, Շահանդուխտ Ա, Շահանդուխտ Բ թագուհիների գործունեությունը, քանի որ Սյունյաց թագուհիների մասին խոսելիս երբեմն շփոթում են նրանց կատարած գործերը:

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 6784,6782,6776″][/images_grid]

 

[1] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 252:

[2] Օրբելյան Ստ., Պատմութիւն Տանն Սիսական, Մոսկվա, 1861, էջ 119:

[3] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 252:

[4] Ստեփանոս Օրբելյան, էջ 20:

[5] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 222:

[6] Ստեփանոս Օրբելյան, էջ 213:

[7] Նույն տեղում, էջ 214:

[8] Նույն տեղում, էջ 220:

[9] Փափազյան Մ., Հնութինք վաղօրեից, Վաղարշապատ, 1889-1890, էջ 317-318:

[10] Ստեփանոս Օրբելյան, էջ 221:

[11] Դիվան հայ վիմագրության, պր. 2, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1960, էջ 100:

[12]  Քրիստոնյա Հայաստան, Հանրագիտարան, Երևան, 2002, էջ 838-839:

[13]  Քրիստոնյա Հայաստան, էջ 838-839:

[14] www.tert.am/am/news/2011/08/30/church2/:

[15] Ստեփանոս Օրբելյան, էջ 176:

[16] Նույն տեղում, էջ 371:

[17] Գրիգորյան Գր., Պատմական Սյունիքի մի շարք գյուղերի տեղադրության հարցի շուրջ, ԼՀԳ, 1966, N 4(233), էջ 234:

[18] Գրիգորյան Գր., Վահանավանք, Երևան, 2007, էջ 63:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի