Սյունյաց Շուշան իշխանուհու նվիրատվական և շինարարական գործունեությունը

Spread the love

 ԳԱՅԱՆԵ ՇԱԲՈՒՆՑ

Գորիսի պետական համալսաարանի պատմության ամբիոնի վարիչ

  Ոչ ինչ ընդհատ յարանց՝ մեծոգիք և վեհազունք հանդիսանան ի վէպս՝ և կանայք Սիւնեաց, պէսպէս չքնաղ և վսեմական կերպարանօք, առաւել քան յայլ աշխարհս Հայոց…..[1]

Միջնադարյան Հայաստանի եկեղեցիների կառուցման ժամանակ մեծ դեր են ունեցել Սյունյաց կանայք, որոնք ինչպես Սյունիքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հովանավորել են եկեղեցիների կառուցումը, կատարել մեծ նվիրատվություններ: Պատմիչների աշխատություններում, ինչպես նաև վիմագիր արձանագրություններում բազմաթիվ վկայություններ կան Սյունյաց իշխանուհիների և թագուհիների գործունեության վերաբերյալ: Ստեփանոս Օրբելյանի աշխատությունից[2],  ի թիվս այլ կանանց շինարարական գործունեության, հանդիպում ենք նաև Սյունյաց Շուշան իշխանուհու գործունեությանը:

Եղեգնաձորի Խաչիկ գյուղի մոտ գտնվող Խոտակերաց կամ Քարկոփ կոչված վանքը մինչև Սյունյաց Աշոտ իշխանի կառավարումը անբնակ էր ու ավերակ: Աշոտ իշխանը վերստին կառուցել էր եկեղեցին և որպես կալվածք եկեղեցուն տվել Արաստամուղ գյուղը: Երկրաշարժից վանքի բոլոր շինությունները և եկեղեցին փլվել էին, իսկ Աշոտ իշխանն արդեն մահացել էր, ուստի Տեր-Հովհաննես եպիսկոպոսը վանքի ավերման մասին տեղեկացնում է Աշոտ իշխանի տիկնոջը` Շուշանին, վերջինս էլ եպիսկոպոսին խնդրում է շտապ կերպով սկսել կառուցել եկեղեցին և շրջակայքը` առաջինից ավելի շքեղ` ասելով. «զի մի՛ կորիցէ, ասէ, յիշատակ տեառն իմոյ Աշոտոյ»:[3]

Հովհաննես եպիսկոպոսն անհապաղ կատարում է խնդրանքը: Նավակատիքին էլ ներկա է լինում հայոց մեծ կաթողիկոս Տեր-Հովհաննեսը (Հովհաննես Դրասխանակերտցին)[4] : Վանքը «պայծառապէս զարդարեցին» և եկեղեցու վրա Աշոտի և Շուշանի հիշատակին փորագրեցին արձանագրություն, որը Ստ. Օրբելյանի մոտ պահպանվում է հետևյալ տեսքով. «Նախ և առաջին իսկ լեալ էր վանքն Խոտակերաց. և վասն զի աւերեալ էր կրօնաւորաց ուխտս և քաւարանս որ ’ի սմա ’ի վաղնջուց հետէ իսկ, ապա տէրն իմ՝ երանելին Աշոտ աշխատութեամբ շինեալ էր զսուրբ եկեղեցիքն՝ միանգամայն իսկ նորոգապէս զարդարեալ զամենայն շինուածս կրօնաւորական դասուք: Իսկ և իսկ եղև տեառն իմոյ Աշոտի ելանել ’ի մարմնոյ աստի՝ փոխելով առ հարսն իւր: Սահմանեցին որդեակքն մեր զգիւղս Արտասամուխ ’ի սուրբ ուխտս սահմանօքն իւրեանց (զոր) հարքն կերեալ էին, վասն երանելի իշխանին Աշոտի և ինձ Շուշանայ՝ Սիւնեաց տիկնոջ, հոգեաց արձան և յիշատակ մեզ և յարևշատութիւն որդեկաց մերոյ: Եւ եղև զի հիմնաշարժ լինելով աւերեցան եկեղեցիքս. և իմ տեառն իմոյ Աշոտի կենաց հաղորդ կամելով լինել (առ  ’ի) նորոգել զյիշատակ նորա փոխելոյն առ Քրիստոս՝ նոր շինեցի զսուրբ եկեղեցիս կրօնաւորաց շինուածովք յանուն սրբուհւոյ և միշտ կուսին Մարիամու Աստուածածնին. և վասն փրկութեան երանելի տեառն իմոյ Աշոտի՝ Սիւնեաց իշխանի և իմոյ մեղուցեալ ոգւոյ և որդւոյ մերոյ Սմբատայ և այլոցն երկարաձիգ կենաց և յաջողման իբրև զնոյն գիւղն Արտասամուխ ամենայն սահմանօքն նորա զոր կերեալ էին մինչև ցայսօր ժամանակի, ’ի ձեռս վանացս առաջնորդիս հաստատեցի անխախուտ պայմանաւ ’ի սուրբ Աստուածածինս՝ ի վանս Խոտակերաց մինչև յաւիտեանս ժամանակաց՝  կամակցութեամբ որդեկաց իմոյ:- Եւ զայս պայման հաստատեցի՝ ի սուրբ կրօնաւորանոցի աստ ’ի հինգ եկեղեցիսդ այդ, զոր ես շինեցի՝ – մին եկեղեցիդ որ է Աստուածածինդ՝ տեառն իմոյ Աշոտի և յիմանուն լիցի, ’ի տարին երեք քառասունք կատարեն մեղուցեալ հոգւոյ մերոյ, թերևս գտցուք ողորմութիւն յահեղ ատենին Քրիստոսի. այլ ևս չորս եկեղեցիքդ լիցին որդեկաց մերոյ յարևշատութիւն և հոգեացն փրկութիւն և ’ի պէտս վանացս: Արդ մի ոք իշխեսցէ այսմ անսուտ վճռիս և պայմանիս ընդդիմակաց լինել և խափանող. ապա թէ ոչ՝ այնպիսին Յուդայի մատնչին մասնակից լիցի և մեղաց մերոյ համարս տացէ յաւուր ահեղ ատենին Քրիստոսի:- Եւ մեք տէր Յովհաննէս՝ Հայոց կաթողիկոս, մերովք եպիսկոպոսօք և կղերիկոսօք, և տէր Յովհաննէս՝ Սիւնեաց եպիսկոպոս, վկայ եմք այսմ գրոյ և վճռի: Գրեցաւ յիշատակ կտակիս այս յ359 թուականիս Հայոց ’ի կամս ամենակալին Աստուծոյ, որ է օհնեալ յաւիտեանս ամէն»:[5]

Փաստորեն, կտակ-հիշատակագրությունը գրվել է հայոց երեք հարյուր հիսունինը (910) թվականին: Սյունյաց տիկին Շուշանի նվիրատվական և շինարարական այս գործունեությունը հաստատող վիմագիր արձանագրությունը պահպանվել է Քարկոփի վանքի ս. Աստվածածին եկեղեցու հարավային պատի վերին մասում, արտաքուստ, 13 տող: Արձանագրությունը տեղավորված է պատի ամբողջ երկարությամբ, երեք շարք քարերի վրա: Կենտրոնական մասում բոլոր շարքերից քարեր են թափված, իսկ ծայրերից մասամբ[6]: Ի դեպ, չնայած այս արձանագրությունը Ստ. Օրբելյանը մեջ է բերում ազատ շարադրման ձևով, բայց ստույգ բովանդակությամբ:

Ինչ վերաբերում է Խոտակերաց կամ Քարկոփի վանքի տեղադրությանը, ապա ըստ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի[7] վանքը գտնվում է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց Ձոր գավառում: Ավերակները գտնվում են Եղեգնաձորի Խաչիկ գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք, Քարկոփ ավերակ գյուղից Ամաղու տանող ճանապարհի ձախ կողմում, սարավանդի վրա, գյուղի ավերակների մեջ:

Հայտնի է, որ 1254-1272թթ. իշխան Սմբատ Օրբելյանը նորոգել է վանքը: Հետագա դարերին երկար ժամանակ վանքն անմարդաբնակ է եղել, ինչի պատճառով էլ խիստ քայքայվել է: Վանքի տաճարը կոչվում էր Ս. Նշան: Վանքին կից եղել են 35 սենյակներ: Վանքի շրջան ջուր էին բերում ոչ հեռու գտնվող Շոշռան աղբյուրներից: Վանքի բոլոր շինությունները կառուցված են եղել կոփածո, ոչ հղկված գորշ որձաքարից, ինչի պատճառով էլ վանքը վերաշինվելուց հետո անվանվել է Քարակոփ վանք[8]:  Նոր ժամանակներում պահպանված են ս. Աստվածածին եկեղեցու միայն պատերը: Սա եղել է գմբեթավոր դահլիճ, որի 4 անկյուններում կային մեկական խորաններ: Արևմտյան կողմում գտնվում էին գավթի և փոքր մատուռի հիմնապատերը:

1300-ին իշխան Էաչի Պռոշյանը Խոտակերաց Սուրբ Նշանի համար պատրաստել է տվել արծաթե բարձրարվեստ և նրբաճաշակ դրվագումով պահարան: Երեսին, վերևում, քանդակված են քառակերպներով շրջապատված, գահին նստած Քրիստոսը և նրա երկու կողմերում՝ հրեշտակներ: Դռնակների վրա, աջից պատկերված է Գրիգոր Լուսավորիչը, ձախից՝ Հովհաննես Մկրտիչը, իսկ կողքերին՝ Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը: Ներսում քանդակված են՝ ձախից՝ Պողոս և աջից՝ Պետրոս առաքյալները, կենտրոնում՝ Էաչի Պռոշյանի կիսանդրին: Դռնակների ներսերեսին պատկերված են՝ աջից՝ Գաբրիել, ձախից՝ Միքայել հրեշտակապետերը: Թանկարժեք քարերով զարդարված խաչի ոսկեզօծ դաշտը ծածկված է արմավենիների նրբագեղ քանդակներով: Խոտակերաց Սուրբ Նշանի պահարանը հայկական միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցներից է (այժմ գտնվում է Էջմիածնում)[9]:

Իշխանուհի  Շուշանի նվիրատվական գործունեությունից հայտնի է նաև այն, որ նա Տաթևի վանքին է նվիրել Ծացարդն ու Քարատնիսը:[10] Ծածարդը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառում: Ըստ հին հարկացուցակի (13-րդ դար) գյուղը վանքին տալիս էր 10 միավոր (դրամ) հարկ: Այժմ նրա ավերակների վայրը տեղացիները կոչում են Ծածառթ[11]: Իսկ Քարատնիքը գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք գավառում[12]:

Անիի սուրբ Գրիգոր (Գրիգոր Պահլավունու) եկեղեցու մուտքի բարավորի վրա պահպանվել են Գրիգոր Պահլավունու տիկնոջ` Շուշանի թողած երկու արձանագրությունները, որոնք տեղեկացնում են Շուշանի նվիրատվություննների մասին: Սակայն Գնել Գրիգորյանը տեղեկացնում է, որ պատմագիտության մեջ կարծիք կա, որ առաջին արձանագրության հեղինակը Շուշան Պահլավունին է, իսկ երկրորդ արձանագրության հեղինակը` «Սյունյաց տիկնանց տիկին Շուշանը», որը հիշատակում է Շուշանի կողմից Մրվանի կուղպակների նվիրատվության մասին:[13]

Այսպիսով, այս հոդվածում նպատակ ունեինք վերհանել սյունյաց նշանավոր իշխանուհի Շուշանի նվիրատվական և շինարարական գործունեությունը, մասնավորապես Քարկոփի կամ Խոտակերաց վանքի 5 եկեղեցիների կառուցումը, Ծացարդի և Քարատնիսի՝ Տաթևի վանքին նվիրելը:

[1] Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 7:

[2] Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոսպոսի Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861(այսուհետ՝ Օրբելյան)

[3] Նույն տեղում, էջ 172:

[4] Բոյաջյան Ռ., Հայ կանանց դերը միջնադարյան ճարտարապետական հուշարձանների կառուցման գործում, (IX-XIII դդ.), ԼՀԳ, Երևան, 1978, թիվ 9, էջ 74:

[5] Օրբելյան, էջ 173-174:

[6] Դիվան հայ վիմագրության, պրակ III, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 1967, էջ 206-207:

[7] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Հ-2, Երևան,1988, էջ 787

[8] Նույն տեղում:

[9] Քրիստոնյա Հայաստան, Հանրագիտարան, Երևան, 2002, էջ 438:

[10] Օրբելյան, էջ 167:

[11] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Հ-2, էջ 829-830:

[12] Նույն տեղում, էջ 321:

[13] Գրիգորյան Գր., Նվիրատվություններ Անիի եկեղեցիներին ու վանքերին (X-XIV դդ.), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2002, էջ 15:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի