Ստոունհենջ- Քարահունջ փոխառնչություն (տեսակետ)

Spread the love

Նորայր ասրյան

«Քարահունջի աստղադիտարան» բառակապակցությունը որևէ գիտական հիմքից զուրկ ար-տահայտություն է: Այն բաղկացած է երկու առանձին կեղծիքներից՝ անվանումը և կիրառական նշանա-կությունը մտացածին են: Անդրադառնամ անվանման կեղծիքին:
Ստոունհենջ- Քարահունջ փոխառնչություն
1984թ.-ին Օնիկ Խնկիկյանի ղեկավարությամբ հնագիտական արշավախումբ է մեկնում Զորաց Քարեր: Չանդրադառնալով այս արշավախմբի հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին՝ ասեմ, որ Խնկիկյանը հայտարարեց, թե Զորաց Քարերը հնարավոր է. ինչ-որ ժամանակ եղել է աստղադիտարան[1]: Այս հարցին կանդրադառնամ աստղադիտարանի կեղծիքը քննարկելիս: Մի քանի ամիս անց «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ»[2] ամսագրում լույս է տեսնում մի հոդված (հայտնի չէ, թե ինչու գրված ռուսերենով)՝ «О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота» վերնագրով:
Հեղինակն Էլմա Պարսամյանն է, ով՝ որպես աստղագետ, մինչ այդ հասել է րորոշակի հաջողությունների, բայց գտնվելով կեղծ գիտության կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Ջերալդ Հոկինսի ազդեցության տակ, սկսում է զբաղվել նաև հնագիտությամբ:
Վերոնշյալ, ընդամենը մեկ էջ ծավալով, հոդվածում Է. Պարսամյանն ի մի է բերում կեղծիքների մի ամբողջ շարք:
1.1 «В дальнейшем такого типа (Ստոունհենջի) строения были обнаружены на Британских островах и в Бретани. Эти строения состояли из отдельных вертикально установленных каменных монолитов, расположенных в виде колец и аллей. По аналогии со Стоунхенджем, эти помятники были названы <хенджами>. Их изучение показало, что они имеют астроно-мическое значение»:
Ա. Այստեղ նշում է, թե Բրիտաիայում և Բրետանում (Ֆրանսիա) գտնվող մեգալիթյան կառույցները Ստոունհենջի տիպի են, ինչը կեղծիք է, քանի որ նրանց մի զգալի մասը կառուցվածքային իմաս-տով բացարձակ նման չէ Ստոունհենջին: Մասնավորապես Բրետանում գտնվող Կարնակ մեգալիթյան կառույցում չկա և ոչ մի շրջանաձև քարաշար: Ավելի մանրամասն կնշեմ մեկ այլ հոդվածում, քանի որ դա առանձին թեմա է:
Բ.  Պնդում է, թե մեգալիթյան կառույցները Ստոունհենջի նմանությամբ կոչվում են «Հենջ», ինչը կեղծիք է: Նախ՝ դրանք բոլորն էլ ունեն իրենց անունները, որոնք «հենջ» վերջածանցով չեն ավարտվում, և երկրորդ՝ անգլերենում «henge»-ը չունի միանշանակ թարգմանություն: «Henge» արմատը բացատրելու համար անգլիացի գիտնականները առաջ են քաշել երկու վարկած` «Hedge» -ցանկապատ, «ՙHang» կախվել: Սրանցից և ոչ մեկն ընդունելի չէ մեգալիթյան կառույցների անվանումների տեսանկյունից, հետևաբար ակադեմիական գիտության կողմից սխալ է համարվում այդ կառույցներին ընդհանրական «հենջ» անուն տալը: Դա կիրառվում է միայն կեղծ գիտության կողմից:
Գ. Նշում է, թե դրանց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք ունեն աստղագիտական նշանակություն: Սա կեղծիք է, քանի որ աշխարհով մեկ սփռված մենհիրներով  կազմված ամենատարբեր մեգալիթյան կառույցներից և ոչ մեկում համաշխարհային ակադեմիական գիտության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ոչ միայն չի հաստատվել դրանց աստղագիտական բնույթը, այլև հերքվել է՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Այդ գործոնների մասին առավել մանրամասն կնշեմ հենց Զորաց Քարերի ոչ աստղագիտական բնույթը քննարկելիս:
1.2 В том же районе Зангезура находится село Карахундж. Карахундж составное слово: Кара — (каменный) + хундж (hunger).  Хундж, согласно Б. Чукасзяну, по армянски означает –букет (hungerpunge). Любопытно, сходство этого названия с названием Стоунхендж: Стоун — (камень, каменный)+ хендж (henge-вусящий), особенно звучание вторых слов.
Ա. Քարահունջը չի գտնվում Զանգեզուրի նույն շրջանում, ինչ Զորաց Քարերը: Վերջինս գտնվում է Սիսիանի, իսկ Քարահունջը Գորիսի շրջաններում: Նրանց միջև ուղիղ գծով 29կմ, իսկ ճանապարհով 41կմ հեռավորություն կա:
Բ. Քարահունջանունը կազմված է «քար» և «հունջ» բառերից և «ա» հոդակապից: «Քար» բառը պարզ է, իսկ «հունջ» բառի իմաստը սխալ է ստուգաբանված: Գորիսի բարբառում[3], երբեք «հունջը» «փունջ» չի նշանակել: Սա ակնհայտ կեղծիք է, անկախ նրանից՝ ով էլ որ եղել է նման ստուգաբանության հեղինակը: «Հունջ»-ը Գորիսի բարբառում նշանակում է «հնչել», իսկ «փունջ»-ը նշանակում է «կապոց»՝ ծաղիկների, կանաչու և այլն:
Գ. «Քարահունջ»-ը փորձ էր արվում ներկայացնել որպես «Stonehenge»-ի ուղղակի թարգմանու-թյուն: Սա մակերեսային մոտեցում է, քանի որ «Stone»-ն անգլերենում, իսկապես, «քար» է նշանակում, բայց անգլերենում «henge»-ը չունի միանշանակ թարգմանություն, ինչի մասին 1.1 Բ. Կետում արդեն նշել եմ: Հետևաբար`«Stonehenge»-ի «Քարահունջ» թարգմանությունն անընդունելի է ու սխալ:
1993թ. Է. Պարսամյանն իր փեսու հետ այցելում է Զորաց Քարեր, ինչի մասին նա մանրամասն պատմում է իր հարցազրույցներից մեկում, որտեղ նշելով, որ այդտեղ աստղագիտական հաշվարկներ չի կարելի անել, այնուամենայնիվ, նման ինչ -ինչ հաշվարկներ անում է: Գտնվելով Քարահունջի թթի օղու ազդեցության տակ՝ նա իր փեսու խորհրդով որոշում է հնավայրի անունը դնել «Քարահունջ», ինչի  թե՛ իրավական, թե՛ բարոյական իրավունքը նրանք չունեին:
Չնայած որ Սիսիանում ասում են, որ հնավայրն անուն ունի և կոչվում է «Զորաց Քարեր», այնուամենայնիվ, այս կինը Հայաստանում Ստոունհենջ մոգոնելու իր տարիների երազանքն իրականություն դարձնելու մղումով հայտարարում է, թե դա նոր հորինված անուն է, ինչը բացահայտ կեղծիք է, քանի որ «Զորաց Քարեր» անունը փաստացի հայտնի է դեռևս 1892թ.-ից (այդ մասին կնշեմ «Ղոշուն դաշ-Զորաց Քարեր փոխառնչություն» բաժնում): Հնավայրի անվանումը մինչ անցյալ դարի 90-ական թվականների կեսերը հայտնի էր «Զորաց Քարեր» կամ «Զորաքարեր», «Հզորաց քարեր» ընդհանուր ընդունված անուններով, որոնք հազարամյակներ ի վեր մեր սյունեցի նախնիները, պապից հոր, հորից որդի փոխանցելով, հասցրել են մեզ: Բացի այդ, սիսիանցիներն այն անվանում էին «Դիք քարեր», իսկ գորիսցիները` «Ցից քարեր»: Չորս մաքուր հայկական անվանումների առկայության պարագայում հինգերորդ անուն հորինելու բացարձակապես ոչ մի իմաստ չկար ու մինչ օրս էլ չկա, առավել ևս որ այն առաջ է բերում տեղանունների խառնաշփոթ:
«Գողը գողից գողացավ» սկզբունքով Պ. Հերունին 1994թ.-ին հեռուստատեսությամբ մի հարցազրույցի ժամանակ հայտարարում է, թե Սիսիանում կա աստղադիտարան: Հայտարարում է նաև, որ  Ստունհենջի նմանությամբ ինքը որոշել է այդ հնավայրի անունը դնել «Քարահունջ»՝ իրեն վերագրելով Է. Պարսամյանի երևակայության արգասիքը: Տարիներ հետո տպագրած իր «Հայերը և հնագույն Հայաստանը»[4] փսևդոգիտական գլուխգործոցում հենց այդպես էլ գրում է՝ «Ես որոշեցի անունը դնել Քարահունջ»:
2004թ.-ին Պ.Հերունին հանդիպում է այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին, ինչի արդ-յունքում հնավայրը պետականորեն ճանաչվում է որպես «Քարահունջի աստղադիտարան»: Սա բա-ցարձակապես անընդունելի է, քանի որ չունենալով ԳԱԱ-ի համապատասխան ինստիտուտներից՝ հնագիտության, պատմության, ազգագրության, լեզվաբանության, երկրաբանության, ֆիզիկայի, և ոչ մեկի, ինչպես նաև Բյուրականի աստղադիտարանի, գիտականորեն հիմնավորված եզրակացություններ (մինչ օրս էլ չկան) նման որոշում, չէր կարելի ընդունել: Բացի այդ, նմանօրինակ որոշումը բացահայտ անհարգալից վերաբերմունք է զանգեզուրցիների հանդեպ, որոնց համար այդ հնավայրը կապված է իրենց նախնիների հիշատակի, կյանքի հիշողությունների հետ: Ավելին՝ զանգեզուրցի հեթանոսներիս համար դա նույնիսկ սրբավայր է: Նման որոշում կայացնելիս պետք էր առնվազն հասարակական քննարկումներ արվեին բնակչության ու գիտական շրջանակներում, ինչը չի արվել: Չէր կարելի նման որոշում կայացնել միայն մեկ մարդու քմահաճույքով:
Ոգևորվելով այս «հաջողությամբ» հերունիստները կարողանում են «Քարահունջի աստղադիտարան» կեղծիքը մտցնել նաև դպրոցական պատմության դասագրքեր[5]: Բնականաբար նրանց ամենևին էլ չի հետաքրքրում, որ սերունդներ պիտի կրթվեն կեղծիքով:
2009թ.-ին ՀՀ Մշակույթի նախարարությունն իր պահպանության տակ է առնում հնավայրը և, քանի որ դա տեղի է ունենում ակադեմիական գիտության հովանու ներքո, ստանում է «Զորաց Քարեր պատմամշակութային արգելոց» անվանումը:
Շնորհիվ ակադեմիական գիտության՝ արդարությունը մասամբ վերականգնվում է, և հնավայրը ստանում է հազարամյակների խորքից եկած իր պատմական անվանումը: Թվում էր, թե դրան կհաջորդի նաև դասագրքերից կեղծիքի դուրս մղումը և պատմական արդարությունը կվերականգնվի ամբողջությամբ, բայց դեպքերն ընթացան միանգամայն այլ ուղղությամբ:
[1] Օ. Խնկիկյան, Սիսիանի զորաքարերը, Երևան, «Հայաստանի բնությունը», ամսագիր, №4, 1984:
[2] Է. Պարսամյան, «О возможном астрономическом назначении мегалитических колец Ангелакота», Երևան, «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», ամսագիր, Պրակ LVII, 1985, 110 էջ:
[3] Ա. Մարգարյան, Գորիսի բարբառը, Երևան, 1975, էջ 565 էջ:
[4] Պ. Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան, 2006, էջ 319:
[5] Ա. Հովսեփյան; Գ. Հովհաննիսյան, Ն. Տողանյան, Լ. Ավագյան «Ես և շրջակա աշխարհը», Երևան, 4-րդ դասարանի դասագիրք, 2018թ, 176 էջ:
 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի