Դավիթ Բեկ և Մելիք Ֆրանգյուլ. լեգենդ

Spread the love

Գրիշա Մանուչարյան

Տիգրան Գրիգորյան

Սյունյաց աշխարհին տագնապն էր պատել՝
Հարավից խուժած խորշակի ահից.
Պարսկական զորքը հասել էր Տաթև…
Սյունյաց երկիրը զրկվել էր գահից…
Ամեն ամրոցում նստել էր մի խան,
Ֆաթալի մի խան կամ Մեհտի Ղուլի…
Ու խոտորվե՜լ էր Սյունյաց հայության
Դարերով անցած փառահեղ ուղին:
Իսկ խաներն ամեն գավառի համար
Մելիքներ էին ընտրում հայերից,
Որ լինեն իրենց հլու և հարմար,
Որ հային զենքի չկոչեն նորից:
Ֆրանգյուլը՝ հայ այդ մելիքներից,
Վաղուց էր ապրում Արծվանիկ գյուղում,
Բայց հիմա նրա դաժան անունից
Մի հսկայական գավառ էր դողում:
Ողջ Բարգյուշատն էր նրա ձեռքի մեջ,
Նա հրեշի պես տանջում էր հային,
Իր ժողովրդին կեղեքու՜մ անվերջ՝
Հաճոյանալով պարսկական խանին:
Բայց ինչպե՞ս հասավ այդպիսի կոչման,
Ի՞նչ ճանապարհով մտավ ասպարեզ,
Հենց այդ գաղտնիքը նրա ճանաչման՝
Մեր ժողովուրդը հասցրել է մեզ…
* * *
Ֆրանգյուլն ուներ մի սիրուն աղջիկ,
Դեռ նոր բոլորած տասնչորս տարին,
Սյունյաց եղնիկի նման գեղեցիկ,
Ու նրա նման նրբին ու բարի:
Շողիկ էր նրա անունը չքնաղ,
Իր էությանը վայել մի անուն,
Ով որ նայում էր այդ լույս աղջկան,
Նրան տեսնում էր, իրեն մոռանում:
Նա մեծացել էր մոր խնամքի տակ,
Հոր խստությունից ազատ ու հեռու,
Քնքուշ էր՝ ինչպես մայրական շոյանք,
Եվ այծյամի պես ժիր ու թռվռուն:
Նրա սենյակում, ամառ թե ձմեռ,
Ծաղիկներ էին բուրում անթառամ,
Ինքը ծաղկա՛նց մեջ… բայց չգիտեր դեռ՝
Ի՜նչ է պատրաստել բախտը իր համար…
* * *
Երբ պարսիկները Սյունիքը առան,
Եվ Մեհտի Ղուլին հասավ Կարմիր վանք՝
Ֆրանգյուլի մութ խոհերն արթնացան.
Պարուրեց նրան մի խուլ տառապանք:
Նրան տանջում էր ծարավը փառքի,
Նա երազում էր գահ, իշխանություն,
Բայց ի՞նչ միջոցով հասնի մեծ դիրքի,
Այդ մասին էր նա մտորում անքուն:
Թեև մելիք էր մի մեծ ավանի,
Բայց փառքն այդ չնչին ու՞մ է հարկավոր…
Նա պիտի դառնա տե՛րը գավառի,
Իսկ հետո՝ ամբողջ Սյունյաց թագավոր:
Եվ առավոտյան, նստած իր տեղում,
Նա թեթևացած շունչ քաշեց հազիվ,
Մի միտք էր ծագել նրա ուղեղում,
Ու ժպիտ խաղաց նրա երեսին:
Նա կանչեց իր մոտ միակ աղջկան,
Հագցրեց նրան շորը ծիրանի
Եվ դեն նետելով խիղճը հայրական՝
Ընծայեց նրան պարսկական խանին:
Հետո ընդունեց կրոնն Իսլամի,
Դարձավ մուսուլման իր դավանանքով
Եվ մելիք կարգված մի ողջ գավառի՝
Արծվանիկ եկավ ծախվածի փառքով…
* * *
Յոթ տարի հետո, երբ Սյունիք մտավ
Դավիթ Բեկը՝ քաջ իր զինվորներով,
Պարսկական զորքը ջախջախված փախավ՝
Մինչև երկիրն իր «Ալլա՜հ…» կանչելով:
Ֆրանգյուլն իսկույն մի նամակ գրեց,
Որպես խնդրագիր՝ ուղարկեց բեկին,
Նա այդ նամակով ներում աղերսեց,
Որ գթա՛ բեկը խաբված մելիքին:
Բեկն ասպանդակեց սևաթույր իր ձին,
Զեյվայից մինչև Արծվանիկ սուրաց,
Ինչպես լեռներից իջած մի արծիվ՝
Կանգնեց մելիքի ամրոցի դիմաց:
Եվ որոտաձայն նրա գոչյունից
Մելիքի վերջին հույսերը կորան,
Ներքնաշապիկով դուրս թռավ տնից,
Բեկի նժույգի ոտքերը ընկավ:
– Ների՛ր ինձ, ների՛ր, – դիմեց նա բեկին, –
Ես մեղք եմ գործել միամտաբար,
Նա՛ է մեղսագործ, ով իր ճամփեքին
Չի տեսնում դարձի ոչ մի ճանապարհ:
– Դու մեղսագործ չես, այլ պի՛ղծ դավաճան, – Որոտաց բեկի ձայնը առնական, –
Դավաճան մարդը մահվա՛ն է արժան
Եվ անիծվա՛ծ է հուր ու հավիտյան:
Դու, որ աղջկադ տվեցիր խանին
Եվ դավանափոխ եղար, սրիկա՛,
Կդավաճանես մի՛շտ էլ քո ազգին,
Հենց որ վերստին նոր առիթը գա:
Եվ Դավիթ Բեկի խոլ հրամանով
Մի ձիու պոչից կապեցին նրան,
Ու ձին թռչելով դարավանդներով՝
Ջախջախեց, խառնեց գլուխ ու իրան…
* * *
Մինչև այսօր էլ գյուղի ներքևում,
Մի պըռըշնու տակ՝ մենավոր, հսկա,
Մեծ քարակույտ է հեռվից երևում՝
Ֆրանգյուլի պիղծ շիրիմին վկա:
Անցորդներն են այդ քարերը նետում,
Թքու՛մ, անցնում են շիրիմի կողքով,
Նրա անունն են հավերժ նզովում,
Ծնունդն անիծում՝ անհու՜ն նողկանքով…

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի