Վերիշեն գյուղի արևելյան լանջին է գտնվում Պղնձի ժայռը, որ ոչ միայն գեղեցիկ է իր դիրքով ու բարձրությամբ, այլև յուրահատուկ իր գույնով՝ պղնձագույն: Ըստ ավանդության՝ ժայռը իր գույնը ստացել է իր ներսում կուտակված ոսկյա, արծաթյա, բրոնզյա և պղնձյա զարդերից ու զանազան թանկարժեք իրերից: Պատմում են, որ շատ հնում, երբ թշնամիները հարձակվել են այս ձորակի բնակավայրերի վրա, մարդիկ հավաքվել են Պղնձի ժայռի շուրջ, մեծ հոր փորել ու իրենց ունեցած չունեցած թանկարժեք իրերը պահել այդ հորում: Դարերի ընթացքում այդ թանկարժեք մետաղներից ժայռը գույն է ստացել ու կոչվել՝ Պղնձի ժայռ: Պատմում են նաև, որ բնակիչները Պղնձի ժայռի տակ փորված հորից բացի մի թունել էլ են փորել: Ամեն անգամ, երբ թշնամիները հարձակվել եմ, մարդիկ այդ թունելն են մտել ու դուրս եկել Ծտի բներ կոչվող թաղամասից, պատսպարվել Ծակերի ձորի լեռան մեջ փորված անձավներում: Թունելն ունեցել է երկու ճանապարհ: Մյուս ելքն էլ եղել է դեպի Սինդարա ձորը, որտեղից էլ մարդիկ փախել են դեպի Վաղատուր: Հետագայում այդ թունելը փակվել է, և ոչ ոք չի հիշել դրա մասին, բայց այսօր էլ, ասում են, որ հետքերը կան: Մի այլ ավանդության՝ Պղնձի ժայռը եղել է բերդ, որը անմատչելի է եղել, այդ պատճառով էլ անվանել են պղնձի՝ ամրության համար: