Հ. Թումանյանի ստեղծագործությունների գրականագիտական և լեզվաբանական արժևորումները բազմաթիվ են, և դժվար է գտնել նոր խոսք, որ գոնե հավասարակշիռ լինի եղած բոլոր գնահատանքներին, ուսումնասիրության նոր նյութ, որ համադասվի թումանյանագիտության բնագավառում մինչ այժմ կատարված աշխատանքների շարքին:
Հեղինակի ստեղծագործությունների լեզվի քննությունը պետք է սկսել թումանյանական լեզվի համար ակունք դարձած ժողովրդական զրույցներից և մեր գրականության մեջ այն երևելիների ավանդից, որ ուղղորդել են Հ. Թումանյանին դեպի մեծ գրականություն:
Այս առումով անուրանալի ենք համարում Խ. Աբովյանի դերը: Ե՛վ թեմայի ու գեղարվեստական ժանրի, և՛ ժողովրդական լեզվին դիմելու մեթոդների ընտրությամբ բազմաթիվ զուգահեռներ կարելի է բերել երկու հեղինակներից: Նման քննությունը, որ դեռևս ամբողջական չի հանդիպել հայ բանասիրության շրջանում, կարող է գիտական լուրջ թեմա լինել հետագա ուսումնասիրողների համար: Մեր թեմայի շրջանակում միայն մի զուգահեռ կանցկացնենք, որ վերաբերում է իմաստային առանձնահատկությամբ բառային մյուս խմբերից տարբերվող[1] ձայնարկությունների գործածությանը: Ընթերցեք Խ. Աբովյանի՝ բանահյուսական ծագում ունեցող ցանկացած ստեղծագործություն և համեմատեք, ասենք, Հ. Թումանյանի լեգենդներին, հեքիաթներին, պոեմներին: Առաջին տպավորությամբ կարող ենք ասել, որ նմանությունը ժողովրդական բառ ու բանի, իսկ նրանում՝ ձայնարկությունների բազմազանության ու հաճախականության մեջ է:
Իհարկե, մեր նոր գրականության մեջ հեղինակը հենց կենդանության օրոք առանձնացավ ոչ միայն հայերենի նկատմամբ ունեցած ըմբռնումներով, այլև կենդանի լեզվի կիրառման մեծ վարպետությամբ: Դա մի ժամանակաշրջան էր, երբ նոր գրական հայերենը թևակոխում էր զարգացման երկրորդ փուլը, և գրողների շրջանում, ըստ էության, ներքին պայքար կար գեղարվեստական լեզվի կիրառման հարցում: Վաղուց ասվել է, որ Հ. Թումանյանի ստեղծագործությունների գեղարվեստականացումն ու ժողովրդայնությունը ազգային-ժողովրդական ակունքներում է: Այո՛, առանձնացնում ենք լեզվի ազգային և ժողովրդական հատկանիշները հենց թումանյանագիտության առումով, որովհետև Հ. Թումանյանն ապրեց և ստեղծագործեց մի այնպիսի ժամանակաշրջանում և միջավայրում, երբ ազգային լեզվի բնույթի հարցն էր բովվում, և տակավին հստակեցված չէր ժողովրդական լեզուն գրականություն բերելու խնդիրը. «Թումանյանը գրական ասպարեզ իջավ մի այնպիսի ժամանակ, երբ մեր գրական լեզուն դեռ վերջնականապես չէր կազմավորվել. այդ պատճառով էլ գրական լեզվի հարցը երկար ու լուրջ մտահոգել ու զբաղեցրել է նրան»[2]:
Հ. Թումանյանը անտրտունջ, մարդու և բանաստեղծի հաշտությամբ ձևավորված ըմբռնումներով ուղղակի ստեղծագործեց այնպես, ինչպես կցանկանար և «կարո՛ղ էր» գրել յուրաքանչյուր մարդ. երաշխավորվեց, որ առանց ժողովրդական, այսինքն՝ կենդանի խոսակցական լեզվի՝ գրական լեզուն զարգանալու որևէ այլ միջոց չունի. գաղափարական այս բանաձևումով Հ. Թումանյանը ավարտին հասցրեց Խ. Աբովյանի սկսած «պատերազմը», որ ըստ էության տարվում էր գրական և ժողովրդական լեզվի անջրպետման հարցում. ինչպես գրաբարը չկարողացավ հարատևել՝ «սնունդ» չունենալով կենդանի խոսքից, այնպես էլ նոր գրական լեզուն չի կարող «մեծանալ»՝ առանց խոսակցական տարբերակներից արված «քաղվածքների»:
Հ. Թումանյանի հարուստ բառապաշարի, թեմաների բազմազանության, ոճական ձևերի տարաբնույթ հնարքների միջոցով չէ միայն, որ նա դարձավ բոլոր սերունդների, տարբեր հասկացողությունների տեր մարդկանց սիրելի և հասանելի հեղինակը: Գրողին արժևորող այդ գնահատականների կողքին վառ ընդգծվում են թումանյանական զգացողության հաղորդումն ու ժողովրդական զգացմունքների անվրեպ փոխանցումը գրականության միջոցով: «Մարդու կիրքն ու զգացմունքը»[3] արտահայտող բառային միջոցները, որ ուղղորդում են յուրաքանչյուրիս առտնին կյանքում, փոխանցվում են գրականություն, և գեղարվեստականացված պատմությունների, սրտամոտ զրույցների հետ նորից փոխանցվում ընթերցողին՝ հաղորդելու ուրախություն, տխրություն, ձայնապատկերներ, հորդոր ու կոչ: Լեզվական այդ միջոցները՝ ձայնարկությունները, առանձնապես բնորոշ են մարդկային լեզվին ամենահին ժամանակներից և մարդու ծննդի պահից: Գեղարվեստական լեզվին վերաբերող ուսումնասիրություններում առանձնապես շատ չեն անդրադարձել ձայնարկություններին: Կարծում ենք, մասամբ բաց է ուսումնասիրության այս բնագավառը նաև թումանյանագիտության մեջ:
Հ. Թումանյանը Խ. Աբովյանից հետո ամենաշատն է օգտագործել ձայնարկությունները: Լեզվի բառային կազմի մեջ իմաստային և բառակազմական յուրահատկություններով առանձնացված ձայնարկությունները, որ կոչվել են նաև «ախտակրություն, միջարկություն»,[4] ոչ պակաս դեր ունեն այնպիսի բառերի համեմատությամբ, որոնք կարող են բնորոշել հերոսին, ստեղծել տրամադրություն, զգացմունք, պատկերավորություն: Ահա մի քանի օրինակներ՝ «Մի օր էլ գետի ափովն անց կենալիս լսում է, որ գորտերը կռկռում են։ —Փե՛փել… Կե՛կել… Փե՛փել… Կե՛կել…», «-Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,- ձեն է տալի Անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք… / Բե՛ր, բե՛ր, բե՛ր…»[5]: Սրանցում «Փե՛փել և Կե՛կել»-ը ձայնարկությունից վերածվել են անձնանունների, իսկ «բե՛ր, բե՛ր»-ը՝ բայի: Խոսքին արտահայտչություն հաղորդող ոճական այսպիսի ոչ սովորական կապակցությունները բավականին շատ են և առանձնապես բնորոշ են Հ. Թումանյանի լեզվին:
Խոսքի բառակազմական և բառակապակցական բազմաթիվ կաղապարներ, նախադասություններ, որ կարող են դժվարացնել զգացումների ըմբռնողականությունը, երկարացնել ասելիքը, Հ. Թումանյանի ստեղծագործություններում փոխարինվել են զգացում-զգացմունքներ արտահայտող բառերով՝ ուրախություն և բավարարություն ՝ «…աղբրամը ջուր լցնելիս Ղազոյանց Գալուստը աչքերին խոր մտիկ տվեց ու ասաց «ուխա՛յ», տխրություն՝ «Ա՜խ, չէ՜, ամա՜ն, ասում են դա / մի դիակ է լո՜ւռ, սառած…», «-Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ…», վախ՝ «-Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է…», զարմանք՝ «-Ես քո հորն էլ էի ճանաչում փոքրուց: —Վա՛հ, մի՞թե…», իղձ՝ «-Ա՜խ, Սասունցի քաջ Դավիթը իմը լիներ երանի…», զարմանք՝ «-Վա՜հ,- զարմանում է թագավորը», հիասթափություն՝ «Օ՜ֆ, էլ հանգիստ քուն չունի մարդ…», ափսոսանք՝ «-Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ…» և այլն:
Ինչպես գիտենք, մեջբերվող խոսքը լինում է ուղղակի կամ անուղղակի: Սրանցից առաջինը կենդանի հաղորդակցման լավագույն միջոցներից է, որ սովորաբար առատ է հրաման, կոչ, հորդոր արտահայտող բառերով, խոսակցի կամ մի երրորդ անձի ուշադրությունը գրավելու բառաքերականական ձևերով՝ կոչականներով և հրամայական եղանակի բայերով: Սրանց կիրառությամբ խոսքում ընդգրկվում են նաև կոչական ձայնարկություններ, որոնք արտահայտում են՝ կանչ՝ «Հեյ-Հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ…», դիմում՝ «Ա՛յ սարի աղջիկ…», հորդոր՝ «-Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ», «Հա՜յ, Հո՜ւյ, հառա՜ջ, դե ձեզ տեսնե՜մ…», կոչ՝ «-Տո՛, կոպիտ արջ, տո՛, վայրենի…», «-Ինչպես չլամ, ա՛ սանամեր…» և այլն:
Կենդանի շրջակայքի, բնական պատկերի գեղարվեստականացման միջոցներից է նմանաձայնական ձայնարկությունների գործածությունը: Թումանյանի ստեղծագործություններում այդպիսիք նույնպես շատ են՝ բնության երևույթների և իրերի, մարդկանց և կենդանիների, նրանց գործողության հետևանքով առաջացած ձայներ ՝ «-Հա՛, հա՛, հա՛, քահ-քահ խնդաց…», «Էս միջոցին —ղա՜, ղա՜, ղա՜, Ագռավն անց էր կենում…», «Ծընգլը, մընգլը, / Ծի՛վ, ծի՛վ», «-Տը՜զ-պը՜զզ, ասավ, Մոծակն եմ ես…», ՝, ««Բո՜ւհ» են անում, դուրս են թափվում…», «Թո՛ւ հա թո՛ւ անելով, ճռճռացնելով ընկավ ներքի ձորը», «Աղվեսը՝ հա՛փ, հանկարծ բռնեց…» և այլն: Ձայնարկությունները, ինչպես նկատեցինք, մյուս խոսքի մասերից և իրենց կազմում մեկը մյուսից տարբերվում են առոգանությամբ, բացականչությամբ[6] և գործածության այլ եղանակներով, որ արտահայտվում են խոսքաշարում որպես վերաբերմունք ստեղծող միջոցներ:
Հետաքրքրականն այն է, որ բանավոր կամ կենդանի խոսքում ձայնարկություններն արտահայտում են կոնկրետ զգացում-զգացմունք, որը միշտ չէ, որ հաջողությամբ է գործածվում գրավոր կերպով: Ճիշտ է, ստեղծագործության բովանդակությունը այս կամ այլ կերպ լուծում է այդ խնդիրը, բայց և այնպես գոյություն ունեն համանուն ձայնարկություններ, որոնց զգացական իմաստն արտահայտվում է ինչպես հայերենի կետադրական նշաններով, այնպես էլ հարակից բառով: Ա. Մուրվալյանը, խոսելով ձայնարկությունների դասդասման շուրջ, գրում է, որ «վայ» ձայնարկությունն արտասանվում է զանազան շեշտերով ու տարբեր նշանակություններով[7], համեմատել՝ վախ ՝ «Սաստիկ վախեցած վեր թըռավ տեղից: -Վա՛յ, կընի՛կ, ասավ, մի ճար արա՛…», ափսոսանք՝ «-Վա՜յ քու կարճ խելքին…», ամոթանք՝ «-Այ ամոթ ձեզ, Չըղջիկ ու ճայ, Ի՜նչ ենք լըսում.-վա՛յ, վա՛յ, վա՛յ, վայ…»: Այս կարգի բացականչական ձայնարկություններից են ա՛յ, վա՜հ, ա՜խ, ա՛յ, երանի, էյ և այլն: Ա. Մուրվալյանը որոշակի մանրամասնությամբ քննել է նաև նման ձայնարկությունների երանգային հատկանիշները, որոնց գրեթե առանց բացառության հանդիպում ենք Հ. Թումանյանի ստեղծագործություններում: Ավելորդ կրկնությունից խուսափելու համար բավարարվենք վերոնշյալ օրինակներով և անցնենք ձայնարկությունների գործածության կարևոր հատկանիշներին, որոնք տեղ են գտել Հ. Թումանյանի երկերում և տակավին ուսումնասիրության չեն արժանացել:
Հայերենի եղանակավորող բառերը, ինչպես գիտենք, լայն առումով ունեն հարցուպատասխանական, սուբյեկտիվ վերաբերողական, գնահատողական բնույթ և հենց այս առումով կարող են տարբերակվել ձայնարկություններից, որոնցում առավելապես հատկանշված են նմանաձայնական, կոչական-դիմողական, ձայնարկական երանգները: Հանդիպում են բառեր, որոնք վերաբերական և ձայնարկություն խոսքի մասերի միջակայքում են: Այս դեպքում խոսքիմասային իրադրությունից, մասամբ բառի արտաքին ձևից է որոշվում, որ այն ձայնարկություն է, մյուս դեպքում՝ հատկապես պատասխանողական վերաբերականներում, ձայնավորի երկարացմամբ հաղորդվում է և՛ ժխտում, և՛ ափսոսանք. «-Պողո՛ս, գտա՜՜ր: —Չէ՜Է՜»: Մյուս դեպքերում «չէ» վերաբերականը ձայնարկության արժեք չունի՝ «-Չէ՛, լավ եմ…»: Խոսքում նման կիրառություն ունի խոսակցական «հա՛» («այո՛») ձայնարկությունը: Այն հիմնականում հաստատական եղանակավորող է, բայց խոսքային միջավայրում փոխարինում է զարմանք արտահայտող ձայնարկությանը, ինչպես՝ «-Ես քաղաքումը կարդում եմ, պապի: / «Հա՜, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր…»…»: «Հա՛»-ն ձայնարկության նշանակություն ունի նաև ոչ թե զգացական արտահայտությամբ, այլ ցուցական, որ հանդես է գալիս ցուցական դերանվան հետ որպես հարադրության մաս: Խոսքում իմաստային տարբերակում կա հրեն և հրեն հա՜ բառերի միջև. տարածության, չափի, անհասանելիության իմաստային նրբերանգ ունի. «Մեր ապրուստն ի՞նչ է.- մի կտոր չոր հաց, / Էն էլ հըրեն հա՜— երկնքից կախված»: Բարբառներում այս և նման կիրառություն ունեն «չէ՛», «հա՛» եղանակավորողները, որ փոխարինում են տարբեր խոսքի մասերի: Օրինակ՝ հայերենում «հա՛»-ն, ծագմամբ լինելով վերաբերական, փոխարինում է «անընդհատ» մակբային՝ «հա՛ խոսում ա», կամ՝ «ջան» բացականչական ձայնարկության հետ արտահայտում է ուրախություն ՝ «ջանէ հա՜ ջան», այլև պատասխանական երանգով՝ «հա՛ ջան», որ գործածվում է որպես «որևէ մեկին սիրալիր պատասխան»: Սովորաբար ձայնարկություններից կարող են առաջանալ տարբեր խոսքի մասերի պատկանող բառեր, ինչպես՝ «-Կո՛ւկու, կո՛ւկու, իմ կուկունե՜ր…», «- Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա…»: Բայց լինում են դեպքեր, որ այլ խոսքի մասերի և ձայնարկությունների հարադրությամբ են առաջացել հասկացություններ, ինչպես՝ «Հովվի շունը իսկույն ևեթ / Հաֆ է անում…», «Հարայ տալով-…» և այլն: Այլ խոսքի մասերից ձևավորված ձայնարկությունների հարցը հաճախ սխալ է մեկնաբանվել: Օրինակ՝ չենք կարծում, որ աման գոյականից առաջացած լինի ամա՜ն ձայնարկությունը. «Ամա՜ն, քեզ մատաղ, ա՛յ Օհան ախպեր…», կամ՝ «Վուշ գոյականի նյութական իմաստի վերացարկման հետևանքով»[8] առաջացած լինի վո՜ւշ ձայնարկությունը. «Վուշ—վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ—վո՜ւշ, քուրի՜կ, /
Վո՜ւշ քու սերին, քու յարին… / Վուշ—վո՜ւշ, Սարո՜, վուշ—վո՜ւշ, իգի՜թ, / Վո՜ւշ քու սիրած սարերին…», «Ծընկանը զարկում, հառաչում է «վո՜ւշ»…» և այլն: Սրանք ստուգաբանական կամ բառաքննական սխալներ են, որ հաճախ են լինում ձայնարկություններից առաջացած բառերի ուսումնասիրության մեջ: Ձայնարկությունների ծագումը, պատմական զարգացումը, կրած փոփոխությունները և արտահայտությունը լեզուներում կամ լեզվի տարբերակներում զգույշ և համակողմանի ուսումնասիրություն են պահանջում[9]: Նման ուշադրություն պահանջվում է նաև նրանց՝ գեղարվեստական երկերում գործածության ընթացքում, որին անշեղորեն հետևել է Հ. Թումանյանը:
Ոճական միտվածությամբ նյութական իմաստ ունեցող բառերը, անշուշտ, կարող են դառնալ ձայնարկություններ, որոնք, այնուամենայնիվ, պահպանում են բառային իմաստը, որ արդեն վերացարկված է և նպատակադրված է արտահայտելու ձայնարկություններին բնորոշ ձայնական, կոչական, գնահատողական երանգներ: Այսպես, կարծում ենք, «աղջի» բառի համաբանությամբ՝ օրինակ՝ «-Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում…», կոչական ձայնարկության արժեք ունի նաև «տղա» բառը, որ ժամանակակից խոսակցական տարբերակներում փոխարինվել է «արա, ապե» բառերով, համեմատել՝ «-Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու…»: Մյուս խոսքի մասերից ձևավորված և ձայնավորական արժեքով են, համեմատել՝ «է՜հ» (ափսոսանք) իմաստով՝ «-Չե՛լավ, էդ չե՛լավ…», «սըը՜» (լռեցնելու հորդոր) իմաստով՝ «Սո՜ւս… ակա՛նջ արա,- հովիվն է կանչում…» և այլն:
Ձայնարկությունների ոճական կիրառության իսկական վարպետ է Հ. Թումանյանը: Արտաքուստ թվում է, թե ձայնարկությունները, զրկված լինելով նյութական իմաստից, քերականական թեքման հնարավորություններից, չեն կարող մասնակից լինել ստեղծագործության գեղարվեստականացմանը, առավել ևս՝ լինել պատկերավորման միջոցների այս կամ այն խմբում: Հենց այդ նպատակով դիտարկենք մեկ ստեղծագործություն՝ «Մուկիկի մահը» բալլադը: Այստեղ ձայնարկությունները մասնակցում են անձնավորում ոճական հնարքին: Եվ բնության տարբեր երևույթներ, իրեր, կենդանիներ շնչավորվում են, դառնում մարդկանց պես հուզառատ, հոգսաշատ, տխուր կամ ուրախ և այլն, ինչպես՝ «-Ա՛խ-վա՛խ, ա՛խ-վա՛խ,- կանչեց ծառը», իսկ ջրերը՝ «-Վա՛շ-վի՛շ, վա՛շ-վի՛շ, ի՜նչ իմացանք…»: Հայ ժողովրդական բանահյուսության մեջ անձնավորման բազմաթիվ հասկացություններ կան՝ կապված տոտեմիստական երևույթների հետ: Մի այլ առումով հետաքրքրական է հենց Ձենով Օհանի կերպարը. ինչո՞ւ հենց Ձենով Օհան, ի՞նչ ձայն է ունեցել, ըստ ժողովրդի՝ էպոսի այդ հերոսը ինչպե՞ս է ազդարարել տագնապը, ուրախությունը և ի՞նչ բարձրությամբ, լեզվի ծորով, որ Ձենով մակդիրն է ստացել: Այս և նման հարցեր քննության այլ նյութ են պահանջում: Եվ գալով բուն հարցին՝ նշենք, որ հաղորդակցման ձայնավորական միջոց-երևույթներից ամենաշոշափելին այն է, որ ձայնարկություններից բազմաթիվ նոր բառեր են ստեղծվել: Հ. Թումանյանը տարբեր բառերի զուգադրությամբ, բնաձայնական բառերին բնորոշ բառակազմական միջոցներից կրկնության կիրառմամբ ոչ միայն ստեղծել է բառախաղ՝ ստեղծագործության մասերի նույնահանգությունը, երաժշտականությունը պահպանելու համար, այլև նոր բառեր, որ բնորոշում են իրը կամ երևույթը, ինչպես՝ «-Լորիկ քուրիկ, ճըտճըտուրիկ…Ծառիկ-մառիկ, կանաչ թառիկ…Ու գոռալեն, գըռգըռալեն…Քարերը ցած գըլտոր-մըլտոր…»: Ճիշտ է նկատված, որ չնայած ձայնարկություններն ընդհանրապես բառական արժեք չունեն, բայց երբեմն ձեռք բերելով այդ՝ հանդես են գալիս արդեն որպես լիարժեք բառեր, որոնք իրենց հերթին ստեղծում են մի շարք առանձին բառաձևեր և որոշ չափով հարստացնում լեզվի բառային կազմը[10]:
Ձայնարկություններից առաջացած դիպվածային բառեր կարելի է համարել ճըտճըտուրիկ, գըլտոր-մըլտոր, որ հեղինակը գործածել է միայն տվյալ խոսքային իրադրության համար՝ որպես պատկերավոր որոշչիներ, որոնք կենդանի գործածությունից անցել և հեղինակային ձևավորմամբ մտել են գրականություն, շարադրանքին հաղորդել հուզաարտահայտչականություն, ոճական նպատակադրմամբ՝ մակդիր-բանադարձումներ:
Ամենևին էլ այն տպավորությունը թող չստեղվի, որ Հ. Թումանյանը, տուրք տալով ձայնարկությունների լայն կիրառմանը, իր ստեղծագործությունների գրական արժեքը նսեմացրել է: Համեմատության համար դնենք հեղինակի թարգմանությունները, որոնցում բավականին քիչ են ձայնարկությունները, երբեմն կոչական բառերի հետ գործածված են կոչական ձայնարկություններ: Հարցն այն է, որ Հ. Թումանյանը մեծ աշխատասիրությամբ իր զգացմունքներն ու ապրումները նաև ձայնարկությունների միջոցով անկաշկանդ փոխանցել է ընթերցողին: Ձայնարկությունների կրկնությամբ, հոմանիշ ձևերի կիրառությամբ ուժգնացրել է տրամադրությունը: Ահա մի քանի բնագրային օրինակներ՝ «վայ-վա՜յ, վույ-վո՜ւյ…», «Վայ-վա՜յ, դու-դո՜ւ…», «-Պա՜, պա՜, պա՜, պա՜, Սևուկ ջան, ի՛նչ լավ է եղել, որ բաց չես արել…» և այլն:
Բազմաթիվ ու բազմազան են ձայնարկությունները, խոսքում ունեցած նրանց արտահայտությունները հատկապես Հ. Թումանյանի ստեղծագործություններում՝ «Հը՞, ո՞նց ես, որդիս…», «-Ըսպանեցի՜ն…հա՜յ օգնությո՜ւն…», «Դե, զարկելը հիմա դու տես…», «Վա՛հ, էսքան էլ չա՞ր լինի մա՜րդ», «-Վա՜հ, չէ՜, ես պիտի գնամ ցերեկը, խոսեց վրդովված սիրուն Արեգը…», «-Հո՛ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր…», «Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ, / Ափսո՜ս իգիթ քու յարին…», «Ու էն օրից / Ջինջ այերից / Զիլ, թռթռուն / ինչ էլ երգի…», «Թաո՜ւ, թաո՜ւ,- ասավ ծիտը…», «Նա՛նի ջան, նա՛նի, ես ինչպե՞ս անեմ…», «Ա՜յ պաղ ջրեր, զուլալ ջրեր…», «-Աղջի՜, հե՜յ Անուշ, ա՛յ աղջի՜, Անո՜ւշ…», «-Համբարձում յա՛յլա, / Յա՛յլա ջան, յա՛յլա…», «- Հը, աստված ի՞նչ ասաց», «-Դե գնա կուժ բեր…», «-Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել…», «Թո՜ւ ձեր գեղին, միջի մարդին…», «Հե՜յ, է՜յ…», «Հասան, տեսան- ա՜յ քեզ հըսկա…» և այլն:
Լինելով վերաբերմունք արտահայտող բառերի շարքում[11]՝ դրանց ընդհանուր թիվը նշել հնարավոր չէ, որովհետև պատկանում են կենդանի-ստեղծագործվող բառերի թվին. «յուրաքանչյուր անձնավորություն կարող է լայնացնել ձայնարկությունների շրջանակը՝ ըստ իր տպավորության կազմելով նորանոր տեսակներ»[12]:
Смысловое и стиликтическое использование междометий в произведениях Ованеса Туманяна
В сочинениях О.Туманяна довольно много использованы междометия. Популярность творчества О.Туманяна обусловлена использованием народных слов,выражений,норм. Выделяются междометия, выражающие многообразие чувств: радость, испуг, удивление, досаду, разнообразные звукоподражания.Мы замечаем,что О.Туманяна не всегда удовлетворяют известные междометия,их ограниченные возможности.Поэтому автор часто создаёт новые междометия или производные от них новые слова такие,как та՜у, та՜у (թաո՜ւ, թաո՜ւ), чтчтурик (ճըտճըտուրիկ), гылтор-мылтор (գըլտոր-մըլտոր) и другие,которыми так богата лексика великого писателя.
Meaningful-stylistic manifestations of interjections in works of Hovhannes Tumanyan
In works of Hovhannes Tumanyan interjections are widely used. Popularity of Hovhannes Tumanyan’s works is conditioned by using national words and forms, where interjections are separating with their sensual, vocative and similar voices features. It is often noticed, that Hovhannes Tumanyan was not satisfied with existed interjections and their common opportunities. With that aim he created interjections or words generated from interjections, for example tau, tau (թաո՜ւ, թաո՜ւ), chytchyturik (ճըտճըտուրիկ), gyltor-myltor (գըլտոր-մըլտոր), etc., with which is rich vocabulary of Hovhannes Tumanyan and his figurative system.
[1] Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, չորրորդ հրատարակություն, Ե., 2004, էջ 418:
[2] Պետրոսյան Լ. Բ., Հովհաննես Թումանյանի լեզվի և ոճի մի քանի առանձնահատկություններ, «Պատմա-բանասիրական հանդես», N 1, Ե., 1961, էջ 72:
[3] Այտընյան Ա., Քննական քերականութիւն աշխարհաբար կամ արդի հայերէն լեզուի, Վիեննա, 1866, էջ 136:
[4] Պետրոսյան Հ., Զ., Հայերենագիտական բառարան, 1987, էջ 468:
[5] Բոլոր օրինակները բերված են Արևելահայերենի ազգային կորպուսի (ԱՐԵՎԱԿ) պաշարից՝ http://eanc.net (վերջին այցելությունը՝ 4.04.2019):
[6] Եզեկյան Լ. Կ., Հայոց լեզու, Եր., 2007, էջ 317:
[7] Մուրվալյան Ա., Հայոց լեզվի ձայնարկությունները և բառային կազմը, ՀՍՍՀ ԳԱ տեղեկագիր, թիվ 2, Ե., 1956, էջ 86 /այսուհետև՝ Մուրվալյան, 1956/:
[8] Այս մասին կարելի է տեսնել՝ Ղարիբյան Ս., Խոսքիմասային փոխանցումները գոյականից սպասարկու բառերի, Կանթեղ, Գիտական հոդվածների ժողովածու, № 1. էջ 93-98:
[9] Այս մասին կարելի է տեսնել՝ Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, Համեմատությամբ 562 լեզուների, (ամփոփ հրատարակություն), Ե., 2005, էջ 13-14:
[10] Մուրվալյան, 1956, էջ 84:
[11]Ջահուկյան Գ. Բ., Ժամանակակից հայերենի տեսության հիմքունքները, Ե., 1974, էջ 355-387 /այսուհետև՝ Ջահուկյան 1974/:
[12] Ջահուկյան 1974, էջ 363: