Գրաբարի անցյալ դերբայը բարբառային մի քանի բառերում (ստուգաբանություններ)

Spread the love

նգյա̈լ բառը բարբառագիտական աշխատություններում նշվում է բարբառային փոխառությունների շարքում՝ պրսկ. āngāl, թուրք. engel «պարազիտ, մակաբույծ»[1]: Հայերենի բարբառներում տարածված է անկյալ, անգյա̈լ, անգա̈լ՝ «1. ծույլ, 2. անդամալույծ, 3. անազնիվ» իմաստներով[2], Սյունիք-Արցախում բառը գործածության ակտիվ շերտում է՝ անգյա̈լ, ա̈նգյա̈լ, էնգա̈լ, անգա̈լ, անգա̈՝ «1. հիվանդ, անդամալույծ, 2. վատ արարք, 3. ապաշնորհ, 4. փորձանք, 5. արատ, թերություն, 6. հապաղում» իմաստներով: Նրանով կազմված են անգյա̈լա̈նա̈լ, ա̈նգյա̈լ տա̈ռնա̈լ «1. հաշմանդամ դառնալ, 2. թուլանալ», անգյա̈լ մընալ, անգյա̈լ անէլ[3] «1. փչացնել, 2. ծուլանալ», Արցախում՝ անգյա̈լա քյօ̈ք անէլ «թերանալ»:

Անգյա̈լ բառը արտաքին՝ հնչյունական կազմով և արտահայտած իմաստներով մոտ է գրաբարի «անգանիլ, ընկանիլ»[4] բառին՝ «1. ընկնել, 2. բաժին ընկնել, 3. մեկին ապավինել, 4. մատնվել, ենթարկվել» և այլն[5]: Նշվածներից ամենաշատը հանդիպում է «ընկնել>ընկած» իմաստով[6]: Օրինակ՝ «Աստվածաշնչում» անկանիլ բայի 807 կիրառություն կա, որոնց մեծ մասն ունի «ընկնել» իմաստը[7]: Միջին հայերենում հանդիպում է ընկնիլ  ||  ընկնալ  ||  ընկնուլ տարբերակներով՝ «1. ընկնել, 2. ընկնավորել, 3. լինել, գտնվել»[8]:

Անկանել || անգանել արմատի h.-ե. *sang- նախաձևի ժառանգորդները՝ գոթ. sigqan, գերմ. sinken և այլն, «բոլորն էլ ունեն վայր ընկնել»[9] իմաստը:  Գրաբարի անցյալ դերբայի —եալ մասնիկը, որ ծագում է *-lo ածանցից՝ *-isālo-` հայ. սեռ. -ոյ՝ դերբայական արժեքով[10], դեռևս գրաբարում նաև անվանական ածանցի դեր է ունեցել՝ առաքյ[ե]ալ, հեծյ[ե]ալ, մեռյ[ե]ալ և այլն[11]: Կարծում ենք՝ անցյալ դերբայի վերջավորության քերականական իմաստի մթագնման հետևանքով արդեն գրաբարում անկեալ-ը «ընկած» անվանական իմաստով անցել է բարբառներին ու տարածվել ըստ տարածքային հատկանիշների՝ անգյա̈լ, ա̈նգյա̈լ, էնգա̈լ, անգյալ, անգյա̈լ և այլ տարբերակներով՝ «ընկած՝ աշխատելու ոչ ունակ, թերություն ունեցող» հիմնական իմաստներով: Սյունիք-Արցախ բարբառախումբը զուգահեռաբար ունի անգյա̈լ և անգած>ինգա̈ծ, որ ունեն նույն իմաստները՝ «թուլացած, տկար, խեղճ» և այլն: Ընդ որում, անկ արմատից գրաբարում վկայվող անկելանոց[12] «հիվանդանոց» բառի զուգահեռը նույնպես հանդիպում է բարբառախմբում՝ անգյա̈լանօց («Ա հի՜նչ ա̈, անգյա̈լանօց էս ինգյա̈լ», «Սա տօն չի, հէնց ա անգյա̈լանօց ինի»)[13]: Հավանակն է նաև, որ Գորիսի բարբառում կապակցության մեջ գործածվող ա̈նգը բառը նույնպես անկ || անգ արմատից է՝ ա̈նգը կախ «թույլ, դանդաղաշարժ»:

Ինգյիլ, ըղնէլ, ընգընէլ, ընգնէլ, ըյնէլ, ընգյիլ տարբերակներով «Ղարաբաղի բարբառային բառարանում» նշվում են բազմաթիվ իմաստներ[14], որոնց հավելում ենք նաև Սյունիքում գործածական «մահամերձ վիճակ, թուլացած, անկարող» իմաստները:

Փաստորեն՝ անկ (անկանիմ) արմատի իմաստային և կազմության բազմազանությունից բարբառներում նույնպես տարածվել են բառային տարբերակներ, համանուններ. Սյունիք-Արցախում հիմնականում տարածված են  ինգյիլ || ըղնէլ>յէր ընգյէլ>ո̈ւրո̈ւր ինգէլ և անկեալ>անգյա̈լ համանունները:  Կարծում ենք՝ անկեալ>անգյա̈լ բառը նախապես ունեցել է «տկար, խեղճ» (անկած) իմաստը, որ հետագայում ձեռք բերել այլ իմաստներ՝  «Անգյա̈լ ա տառալ էս մարթը» — «ծուլանալ, վիճակը վատթարանալ»,  «Սա անգյա̈լ կօրծ ա» — «վտանգավոր», «Ստէղ մի անգյա̈լ կա» «թերություն»,  «Բա̈լքա̈մ մի ա̈նգա̈լ էն ըրալ, վէր մէնք գjո̈ւդո̈ւմ չէնք»  «գաղտնի արած վատ արարք», այլև՝ «ապաշնորհ, փորձանք, արատ» և այլն:

Թերևս -եալ մասնիկ-ածանցի ա̈լ դառնալը պայմանավորված է հին հայերենից ավանդված, նաև բարբառային բազմաթիվ բառերում առկա ձայնեղների ազդեցությամբ[15], հմմտ.՝ ժանկ>ժա̈նգ, թանկ>թա̈նգ և այն:

Հավանական ենք համարում՝ Ատրպատականի թյուրք. anqa «մոռացկոտ»[16], anqalı  «1. մոռացկոտ, 2. անպետք, անօգտակար»[17], Շամախիի թյուրք. բարբառում՝ anqalı «թեթևամիտ, գիժ»[18], angallu «արատ ունեցող» բառերի հիմքում ընկած է անկ || անգ արմատը, որ անցել է Սյունիք-Արցախ բարբառներից: Վերջին ձևը՝ angal-lu, ածանցով անցել է նաև հայերենին և գործածվում է անգյա̈լլո̈ւ՝ ածական և գոյական կիրառությամբ՝ «ծույլ, չաշխատող մարդ» իմաստներով: Թյուրք. engel (> engel-lemek, engel-lenmek, engel-letmek, engel-li, engel-siz) «խոչընդոտ» իմաստով բառը նշվում է պրսկ. ծագմամբ՝ engal  «հանգույց, կոճակի անցք» բառից, որ թյուրքերենից անցել է սիրիական արաբերենին[19]: Ս. Նիշանյանը նշում է, որ այն կապ չունի պարսկերեն նույնանուն բառի հետ, և բառի վկայությունները նոր են թուքերենում[20]: Engel<enğ-gel նշվում է enğ «ուռուցք, այտուց» արմատի իմաստից՝ «այտուցվածություն»[21]: Համանուններ են նշվում engel «խոչընդոտ», engel «մակաբույծ»՝ որպես պարսկերենից փոխառյալ[22]: Հնարավոր է, որ անգյա̈լ բառի փոխաբերական իմաստից է նաև պրսկ. āngāl /انگل/ «1. մակաբույծ, պարազիտ, 2. փոխ. անբան մարդ» բառը:

Այսպիսով՝ գրաբարի անկանել || անգանել բազմիմաստ բառի անկ || անգ արմատից են Սյունիք-Արցախ բարբառային տարածքի բառապաշարի ա̈նգյա̈լ, ա̈նգը (կախ), ա̈նգյա̈լանօց բառերը:

Յալ ածանցը վերոնշյալից բացի հանդիպում է ժա̈նգյա̈լ/ժէնգյա̈լ բառում: Կարծում ենք, որ ժանկ/գ բառը բարբառախմբին անցել է իմաստային ածանցումից՝ «ոչ մշակովի և տարածվող խոտաբույսերի ընդհանուր անվանումը»՝ -յալ ածանցի իմաստի կցմամբ, հմմտ.՝ քարի ժանգ, երկաթի ժանգ, խոտի ժանգ և այլն՝ «ամենայն աղտ և ապականութիւն նիւթեղինաց»[23], այստեղից՝ ժանգեալ>ժանգյալ՝ ժանգ || ժէնգ + -եալ>-յալ, որի հնչյունական և իմաստային կապը ժախ/ժախռ/ժէխռ «անպետք բույս» բառի հետ քիչ հավանական ենք համարում: Գ. Տաթևացին Ժանգ-յալ բառը նշում է «աղտ, ապականություն, վատ արարք, մեղք» իմաստներով: «Գիրք Քարոզութեան որ կոչի Ամառան հատոր» գրքում բազմիցս օգտագործվում է բառը[24] և տրվում բացատրությունը հոգևոր տեսանկյունից. «Այլեւ կրէ ժանկ՝ եւ աղտեղանայ ի զգայեութեանց մարմնոյն՝ եւ ի գարշ հեշտութեանց աշխարհի՝ եւ ի պատրանաց սատանայի»` «Զի ժանկն նշանակէ զմեղս վասն տասն յատկութեան նորին»[25], իսկ «Ձմեռան հատորում» հանդիպում է նաև «վայրի բույս» իմաստով՝ «…ի թզենեաց ոմանք ժանգ կոչին. զի ամենեւին դառն են պտղով…»[26]:

Հայերենի բարբառնում տարածված արմատ է ժանգ || ժա̈նգ, իսկ ժա̈նգ-յա̈լ[27] կազմությամբ հիմնականում հանդիպում է արևելյան բարբառներում, առավելապես՝ Սյունիք-Արցախում[28]:

Այսպիսով՝ հայերենին իրանական լեզուներից անցած  žang-ār «ժանգ>ժանգոտվել[29], žang-xvard «ժանգը ուտել»[30] բառերի հիմքում, ինչպես նշում է Հ. Աճառյանը[31], ժանկ || ժանգ արմատն է, որին կցված -եալ մասնիկ-ածանցից առաջ է եկել նոր բառ՝ ժանգ-յալ ՝ «ոչ մշակովի և տարածվող խոտաբույսերի ընդհանուր անվանումը», այստեղից էլ՝ «ժանգյալավ հաց»:

Կարծում ենք՝ Սյունիք-Արցախ բարբառային տարածքից թյուրքերենի բարբառներին են անցել cangıl «1. անապատ, ամայի վայր 2. վայրի բուսածածկույթ», որ Ս. Նիշանյանի բառարանում սխալմամբ նշվում է անգլերենից փոխառյալ՝ jungle (ջունգլի)[32], Օրդուբադի թյուրք. խոսվածքում çəng «լոբաբույսի փաթաթվող նուրբ ծիլը, որ նման է գայլուկ բույսին» բառերը[33]:

Բարբառախմբում -յա̈լ ածանցով ձևավորված բառերի շարքը համալրում է մա̈գյա̈լ բառը՝ «անասունների հավաքելու տեղը»: Հին հայերենում արձանագրվում է մակ կամ մագ «վրա» իմաստով բառը, որ «յետոսկեդարեան հունաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական մասնիկ»[34]: Մակ արմատը, հավանաբար, կովկասյան փոխառություն է[35]` «վրա, կրկին, երկու» իմաստներով, որ ընկած է նաև մակառ բառի հիմքում: Իմաստային և հնչյունական թույլ առնչությունները հիմքեր են ստեղծել՝ այն նույնացնելու մակաղ ասորական փոխառության հետ: Հ. Աճառյանը  մակաղ բառահոդվածում հիշատակում է  «Ղրբ. մակալ», այլ ոչ թե մա̈գյա̈լ, ինչպես գործածվում է Արցախում: Ըստ էության՝ դժվար է մա̈գյա̈լ բառի  զուգահեռելը  մակ || մագ բառ-ածանցի հետ, քանի որ մակ-ով պարզ կազմություններ գրեթե բացակայում են:  Ավելի հավանական է մա̈գյա̈լ բառի ընդհանրությունը ասորական և հունական մակաղ /ma-klā>μακέλα/ ձևերի հետ, մանավանդ որ մակ || մագ կաղապարի բառային արժեքը մթագնած է: Այդ հիմունքով՝ ավելի հակված ենք Հ. Աճառյանի տեսակետին՝ մա̈գյա̈լ-ը բխեցնելու մակաղ արմատից՝ -եալ ածանց-մասնիկով՝ «…եղիցի իբրեւ զհօտ մակաղեալ, եւ իբրեւ զխաշն լքեալ…»[36]. մա̈գյա̈լ< մակաղեալ  (կ-ղ փոխդեցությամբ՝ գ, որի ազդեցությամբ էլ՝ -եալ>-յա̈լ), որ գրաբարում տարածված է և իմաստով համանշվում է բարբառախմբում տարածված վիրա̈ եկած, վիրա̈ տառած,  վիրա̈ ըրած, վիրա̈ իլա̈ծ, յիրա̈ պիրա̈ծ  կազմություններին, որոնց հիմքում ընկած է «հավաքել» իմաստը: Խնդրահարույց է նաև մա̈գյա̈լ բառի՝ ուտիերենում և քրդերենում եղած տարբերակների հարցը՝ «mägyal «մակաղատեղի», meγel «անասունի դադար՝ հանգիստ առած տեղը, մակաղատեղի»[37]». հնարավոր է՝ բարբառախմբից անցած փոխառություն լինի: Նույնական կազմություններ կան  մա̈գյա̈լ անէլ/տալ «անասուններին ստվերոտ տեղ հավաքել», մա̈գյա̈լ ինիլ || տըէռնալ «հավաքվել», այլև՝ մա̈գյա̈լիլ, միգյա̈լիլ «վրա բերել, հավաքել», մա̈գյա̈լվիլ, միգյա̈լվիլ «վրա բերվել, հավաքվել», մըգյըլատէղ: Սյունիքում մա̈գյա̈լ || մա̈գյա̈լիլ, մակաղ || մըկաղիլ բառույթները գործածվում են հիմնականում «հավաքել» իմաստով, մա̈գյա̈լ ասվում է նաև «ճաշին ոչխարների հավաքվելու» երևույթին:

Մակաղ> Մա̈գյա̈լ բառը հայերենից անցել է թյուրք. մի շարք բարբառների[38]: Ընդ որում, Արցախի և Սյունիքի բարբառներից հարևան թյուրք. բարբառներին է անցել՝ mağal «օրվա տոթ ժամին անասունների հավաքվելը»[39]: Դժվարանում ենք հստակորեն ասել, թե թյուրք. լեզուներին[40] ավելի վաղ անցած mağar «հավաքատեղի, որևէ կառուց, որտեղ հավաքվում են», mağara «որջ, փարախ»[41] բառերը հայերենի՞ց են անցել, թե՞ սեմական լեզուներից[42]:

Այսպիսով կարծում ենք՝ -եալ>-յալ(-յա̈[ա]լ) ածանցով Սյունիք-Արցախում հանդիպում է երեք բառ՝ անգյա̈լ, ժանգյա̈լ, մա̈գյա̈լ, որոնք, հնարավոր է, բարբառախմբում  ձևավորվել են գրաբարի շրջանում. անկ[գ]ժանգ[կ], մակաղ[գ] արմատներից և անցյալ դերբայի իմաստային ընդհանրացումից առաջ են եկել գոյականներ, որոնցում քերականական մասնիկի մթագնումից[43] նոր բառեր են ձևավորվել: Ընդ որում՝ նշված արմատները բարբառախմբում առկայացած են —գ վերջադիրով, որի ազդեցությամբ -եալ>յալ հնչյունական փոփոխության հետևանքով վերջին ձայնավորը քմայնացել է՝ —յա̈լ: Հավանական է, որ եա>յա̈ անցումը բարբառում ավելի վաղ է տեղի ունեցել՝ մինչև միջին հայերենի կազմավորումը:

 


PAST PARTICIPLE OF GRABAR IN A FEW DIALECTICAL WORDS

(etymologies)

 -Yal (-եալ) derivative came from -eal (-յալ) particle of grabar past participle. In dialectical vocabulary Syunik-Artsakh words angyal (անգյա̈լ), djangyal (ժանգյա̈լ), magyal (մա̈գյա̈լ) which are also in grabar, were formed with this derivative. This words were passed from dialectical area to Turkish and its some dialects. In dialect’s group from words with -yal (-յալ) derivative were formed other meanings and constructions.

From the word makagh (մակաղ) and derivative -yal (-յալ) was formed word magyal (մա̈գյա̈լ) (place where gathers brutes), from the word ankeal (անկեալ) and derivative -yal (-յալ) was formed word angyal (անգյա̈լ) (lazy, slow), from the word djank (ժանկ) and derivative -yal (-յալ) was formed word djangyal (ժանգյա̈լ) (wild plant).


ПРОШЕДШЕЕ ВРЕМЯ ПРИЧАСТИЙ В НЕСКОЛЬКИХ СЛОВАХ ДРЕВНЕАРМЯНСКОГО (ГРАБАР) ЯЗЫКА

(этимологии)

От частицы флексии прошедшего времени –еал (-եալ) в древнеармянском (грабар) образовалась суффикс -ял (-յալ). В лексиконе диалекта Сюника и Арцаха при помощи этой суффикса образовались слова ангял (անգյա̈լ), жангял (ժանգյա̈լ), магял (մա̈գյա̈լ), которые встречаются также и в древнеармянском (грабар). Территории этих диалектов, эти слова перешли в тюркский язык и в его некоторые диалекты.

При помоши суффикса -ял (-յալ) в группах диалекта образовались слова с другими значениями, образованиями и формами. От словах маках (մակաղ), анкеал (անկեալ), жанк (ժանկ) и от суффикса –ял (-յալ)   сформировлись словах: магял (մա̈գյա̈լ) “место загона скота”, ангял (անգյա̈լ)“ленивый медлительный”, жангял (ժանգյա̈լ)“дикое ростение”.


[1] Մարգարյան Ա., Գորիսի բարբառը, Երևանի համալս. hրատ., Եր., 1975, էջ 503, Սարգսյան Ա., Ղարաբաղի բարբառի բառարան, Էդիթ Պրինտ, Եր., 2013, էջ 44 (այսուհետև՝ ՂԲԲ, 2013), Իսրայելյան Ա., Պարսկերենից փոխառյալ բառերը Արտաշատի խոսվածքում, «Հայագիտական հանդես»,  թիվ 3-4 (23 — 24), Եր., 2013, էջ 45:

[2] Հայոց լեզվի բարբառային բառարան, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, հատ. 1,  Գիտություն, Եր., 2010, Էջ 62 (այսուհետև՝ Հլբբ): Կոստանդնուպոլսի բարբառում՝ «աշխատելու անընդունակ, խեղանդամ, պակասավոր», Նոր Նախիջևանի բարբառում՝ «կաղ, անդամալույծ»  իմաստներով է (Աճառեան Հ.,  Հայերէն գաւառական բառարան, Լազարեան ճեմարան, Թիֆլիս, 1913, Էջ 102 (այսուհետև՝ Հ.Ա., Հգբ, 1913):

[3] Գորիսում գործածական է «համբերել, հապաղել» իմաստներով՝ «անգյա̈լ ըրա, կյա̈մ եմ»:

[4] Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալս. հրատ., hատ. Ա, Եր.1971, էջ 197 (այսուհետև՝ ՀԱԲ):

[5] Ղազարյան Ս., Գրաբարի բառարան, Երևանի համալս. հրատ, Ե., 2000, էջ 101-102, Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Տպարան ի Սրբոյն Ղազարու, hատ. առաջին, Վենետիկ, 1836, էջ 168-169 (այսուհետև՝  ՆՀԲ):

[6] Սբ. Գրքից առանձնացված հատվածների մեծ մասում «ընկնել» իմաստն է. «Եւ անկեալ ի վերայ պարանոցին Բենիամինի եղբօր». Աստուածաշունչ, Հնոց եւ Նորոց Կտակարանաց, Կալկաթա, 1817, էջ 50 (այսուհետև՝ Աստուածաշունչ, 1817), «թլփատեաց զանթլփատութիւն որդւոյն իւրոյ. եւ անկեալ առ ոտս նորա ասէ…» էջ 54 և այլն:

[7] Անկանել բայի տվյալները կարելի է տեսնել «Գրաբար Աստուածաշունչ զուգահեռ անգլերէնով» համաբարբառում՝ http://www.arak29.am (վերջին այցը՝ 1.06.2019).

[8] Ղազարյան Ռ. Ս., Ավետիսյան Հ. Մ., Միջին հայերենի բառարան, ԵՊՀ հրատարակչություն, հատ. 1,  Եր., 2009։

[9] ՀԱԲ, Էջ 199:

[10] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան,  Ասողիկ, Եր., 2010, Էջ 803 (այսուհետև՝ ՀՍԲ), Հին հայերենի վերջածանցների ծագումը, «Պատմա-բանասիրական հանդես»,  N 1-2, Եր., 1994,  էջ 62:

[11] Էլոյան Ս. Ա., ժամանակակից հայերենի ածանցների առաջացման ուղիների մասին, «Պատմա-բանասիրական հանդես», N 4, Եր., 1959, էջ  57:

[12] Աւգերեան Մ., Ճէլալեան Հ., Առձեռն բառարան հայկազեան լեզուի, Սուրբ Ղազար, Վենետիկ, 1865, Էջ 66 (ընդհանրություններ կան *ghel- կեղ||կել «խոց, ուռուցք» արմատի հետ, բայց, կարծում ենք, անկելանոց բառում անկ արմատն է՝ անկ-ել-ա-ն-ոց):

[13] Արտաքին կազմով և նրբիմաստով մոտ անգյո̈ւմա̈ն բառը, կարծում ենք,  առնչություն չունի անկ արմատի անկումն (-կման) ձևի հետ: Հավանաբար պրսկ.  gāman /گمان/ «ենթադրություն, կարծիք, կասկած» բառն է, որ Սյունիք-Արցախ բարբառային տարածքում ունի «անելանելի վիճակ, տարակույս» իմաստները: Ան- ածանցի կցմամբ պետք է կազմվեր անգյո̈ւմա̈ն «անտարակույս» բառը: Զարմանալի է, որ այդպես չէ. և՛ Սյունիք-Արցախում, և՛ Արարատյան բարբառախմբում անգյո̈ւմա̈ն բառն ունի «անհույս, հուսահատ, անորոշ, անտեղյակ, անհետք» իմաստները: Հենց այս է պատճառը, որ ենթադրել է տալիս անկ և անգյո̈ւմա̈ն բառերի ընդհանրությունը: Նույն կերպ անկ||անգ արմատին մոտ է բարբառախմբի անգի «նիհար, վտիտ» բառը, որ Հ. Աճառյանը նշում է անհայտ՝ կարծելով ինչ-որ կենդանու անունից  (Հ.Ա., Հգբ, 1913, Էջ 95):

[14] 1. Դեպի ցած շարժվել,  ընկնել, 2. որևէ բանի վրա հենվել, տարածվել, փռվել, 3. չոքել, գետնին փռվել (աղոթելու, աղերսելու համար),4. իջնել, նվազել, թուլանալ, 5. կորցնել, զրկվել, 6. իր վրա կրել, ծանրաբեռնվել, 7. որևէ բանի ենթարկվել, 8. հարձակվել, արշա­վել, 9. վատ արարքը բացահայտվել, վատ ա­րարքի մեջ բռնվել, 10. լինել, տարածվել, սփռվել, 11. ո­րևէ տեղ հայտնվել, գնալ, 12. առա­ջանալ, ծագել, տարածվել, 13. թա­փանցել, անցնել, մի բանի դիպչել, 14. որևէ բանի մեջ գրվել, հաշվառվել, տպագրվել, 15. որևէ հիվանդությամբ վա­րակվել, 16. դեգերել, թափառել, 17. մի բանի տակ, արան­քում մնալ, 18. թակարդով, ծուղակով բռն­վել, 19. մեկին ապա­վինել, մեկի, մի բանի օգնությունը ակն­կալել (Տե՛ս ՂԲԲ, 2013, էջ 157-158):

[15] Այս մասին կարելի է տեսնել՝ Դավթյան Կ. Ս., Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, ԳԱԱ հրատարակչություն, Եր., 1966, էջ 25-28:

[16] Տարածված է Զարդաբում. այս մասին տե՛ս` Azərmbaycan dialektoloji lüğəti, cild 1, 1-bolum, Azərmbaycan Elmlər Akademiyası, A-L, Ankara, 1999, s. 15 (այսուհետև՝ A.d.l., cild 1, 1999).

[17] Azərmbaycanca-rusca lüğət, 4 cildda, birinci cild, “Şərq-qrb”, Baqı, 2006, s. 118 (այսուհետև՝ A-r.l. 2006).

[18] A.d.l., cild 1, 1999, s. 15.

[19] Eren H., Türk dilinin etimoloji sözlüğü, ikinci baskı, Ankara, 1999, s. 135.

[20] Nişanyan Sözlük — Çağdaş Türkçenin Etimolojisi, kelime: engel, maddenin son güncellenme: 18.09.2014 /www.nisanyansozluk.com/ (այսուհետև՝ Nişanyan Sözlük).

[21] Eyuboğlu İ., Türk Dilinin Etimoloji Sözlüğü, ikinci baskı, Sosyal yaymlar, Istambul, 1988, s. 234,  .

[22] Tietze А., Tarihi ve etimolojik Türkiye Türkçesi lugatı, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, birinci cilt, Wien, 2002, s. 658.

[23] ՆՀԲ, էջ 830:

[24] Գրիգոր Տաթեւացի, Գիրք Քարոզութեան որ կոչի Ամառան հատոր, Նորին դարձեալ քարոզ վասն Խոստովանութեան ինոյն Բանն (Խոստովան եղերուք միմեանց զմեզս ձեր), Յակօբոս. 5. 16,  Կոստանդնուպօլիս, 1741, Գլուխ. ՀԹ (այսուհետև՝ Տաթևացի, Գ.ք.կ.Ա.հ.):

[25] Տաթևացի, Գ.ք.կ.Ա.հ., Գլուխ. ՀԹ:

[26] Գրիգոր Տաթեւացի, Գիրք Քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, Նորին դարձեալ քարոզ վասն Խոստովանութեան ինոյն Բանն (Խոստովան եղերուք միմեանց զմեզս ձեր), Ղուկ. 13. 6,  Կոստանդնուպօլիս, 1741, Գլուխ. ՂԲ: Այստեղ հանդիպում է նաև ժաժանգել «տարածել, ապականել» ձևով:

[27] Այս մասին տեղեկություններ կարելի է տեսնել՝ Քումունց Մ., Ֆիզիկական աշխարհ նշող գրաբարի շրջանի բառերը Սյունիքի և Արցախի բարբառներում,  Հայագիտություն. Սյունիք, գիտական նյութերի ժողովածու, թիվ 1, Նոր տպագրիչ, Եր., 2016, էջ 70-71:

[28] Այս մասին կարելի է տեսնել՝ Հլբբ, 2, Էջ 155:

[29] Horn P.,  Neupersische Schriftsprache von, Grundriss der iranischen Philologie, hrsg. von W. Geiger und E. Kuhn, I band, 2 abteilung, Strassburg: Trübner, 1898, p. 177 (այսուհետև՝ GIP).

[30] GIP, p. 149.

[31] ՀԱԲ,   226:

[32] Nişanyan Sözlük: cangıl:

[33] A.d.l., cild 1, 2-bolum, 1999, s. 98-99.

[34] ՀԱԲ,  230:

[35] ՀՍԲ, 501, ՀԱԲ, 230-231:

[36] Աստուածաշունչ, 1817, էջ 846:

[37] ՀԱԲ, Էջ 231:

[38] Օրինակ՝ Վանի թյուրք. խոսվածքում՝ mağal|| meğel «փարախ, ոչխարները մակաղելու տեղ» (Derleme sözlüğü, Türkiye’de Halk Ağzından, IX, 2 baskı, Ankara üniversitesi , Ankara, 1993, s. 3103):

[39] A.d.l., cild 2, M-Z, 2003, s. 376.

[40] Mağar> mağara բառերի ծագման վերաբերյալ թյուրք. ստուբագանական աղբյուրները տարբեր տեսակետներ ունեն. bağra>mağara (kav > qar) պրսկ. արմատից (Həsən bəy Hadi,  Türkcə Etimoloji Sözlük, II (L-Z), Arın sözlüyü, Təbriz, 2010, s. 31), արաբ. ğāra /غَارَ/ «թաքստող, փարա[, փոս» (Nişanyan Sözlük: mağara):

[41] A-r.4. 2006, s. 294. Մեզ հանդիպած առաջին վկայությունը 15-րդ դարի է. օսմ. mağara /مغاره/ «քարանձավ».  «mağara kesmek < mağara kesüp «քարանձավ կտրել, բացել»» (Hikmet, XV, 57, Tarama sözlüğü, IV, 2 baskı, Ankara üniversitesi, Ankara, 1996, s. 2793).

[42] Թյուրքերենում բառավերջի l>r անցում հանդիպում է մասնավորապես արաբ. փոխառություններում, հմմտ. iyāl>ayar և այլն (Veysel Karaca, Türkiye Türkçesindeki alıntı sözcüklerde görülen ses olayları üzerine bir inceleme, “Turkish Studies”, 7-4, Ankara, 2012, s. 2084):

[43] -Յալ ածանցի տարածվածության մասին կարելի է տեսնել նաև՝ Մուրվալյան Ա., Հայոց լեզվի բառային կազմը, ԳԱԱ հրատարակչություն, Եր., 1955, էջ 282:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի