Արևշատն այսօր

Spread the love

Հադրութի շրջանի Արևշատ (նախկինում՝ Դոլանլար) գյուղի բնակիչներին առաջին անգամ հանդիպեցի 1991 թվականի մայիսի կեսերին: Արցախյան շարժումը լռեցնելու, արցախահայությանը ճնշելու բազում փորձերից հետո խորհրդային ղեկավարները դիմեցին առավել ստոր քայլի. զորքով ու զենքով օժանդակելով Ադրբեջանի իշխանություններին՝ թուրք ՕՄՈՆ-ականների հետ կիրառեցին տխրահռչակ «Օղակ» գործողությունը: Հյուսիսային Արցախում իրենց սև գործն ավարտելուց հետո՝ հայաթափ անելով Շահումյանը և մնացած հայկական բնակավայրերը, «Օղակ»-ի գործիչներն անցան հարավ: Արցախի Հադրութի շրջանի՝ Ջաբրայիլի սահմանին մոտ գտնվող գյուղերը՝ Արևշատը, Ջրաբերդը և Բանազուրը, դարձան թշնամու հերթական թիրախը, և մայիսի 13-ին սկսվեց հայ բնակչության արտաքսումը հայրենի տնից: Այդ օրերին արդեն աքսորյալ մեր հայրենակիցներին հանդիպեցի Գորիսի շրջանում՝ Խնձորեսկ գյուղի մոտակա արտերում և Կուբաթլուի շրջանի տարածքներում՝ դեռևս Ադրբեջանի մաս կազմող Որոտան գետի ձախափնյա և Հակարի գետի աջափնյա սարահարթում: Օրեր անց իմ հեղինակած ռեպորտաժը տպվեց «Երեկոյան Երևան» թերթում՝ «Ապրելու և պայքարի դաս» վերնագրով(06. հունիսի 1991թ.): Այդ օրերին հայաթափ եղավ նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը: Սա թուրքերի ծրագիրն էր՝ ամբողջությամբ շրջափակել Արցախը, հնարավորինս հեռացնել Մայր հայրենիքի հետ սահմանը, որն էլ Արցախը վերջնական կհայաթափեր: Սակայն թշնամու յուրաքանչյուր նման վայրագություն դեմ էր առնում հայ ոգու զորությանը: Եվ գնալով մեծանում էր ազատամարտիկների թիվը, ովքեր ոտքի ելան, և վերջնական հաղթանակի հասանք 94-ի մայիսին: Այժմ, աշխատելով Քաշաթաղի շրջանում, հաճախ եմ լինում այն տարածքում, որտեղ մի քանի օր անձրևի ու արևի տակ մնացին հադրութցի ու բերդաձորցի մեր հայրենակիցները, և միշտ այդ պատկերն է, որ չի մոռացվում: Հիշում եմ մոտ 100-ամյա մի ծերունու, ով չգիտեր՝ ինչ է կատարվում իր շուրջը, որտեղ է ինքը, արևշատցի Ասլան անունով տարեց մարդուն, փոքրիկ աղջկան՝ Իննային, ում եղբայրը չէր հանձնվել ու զենքը ձեռքին անտառ էր մտել՝ հարազատ գյուղն ազատագրելու նպատակով: Ազատագրվել է նաև մեր հայրենիքի այն հատվածը, որը բռնակցվել էր Ադրբեջանին և կոչվում էր Կուբաթլուի շրջան: Օրերս հնագիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով հնագետներ Գագիկ Սարգսյանի, Լևոն Մկրտչյանի, գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի հետ այցելեցի Արևշատ, որի մոտակայքում պահպանվել է միջնադարյան քաղաք-ամրոցատեղի: Հադրութ շրջկենտրոնից 62 կմ հեռավորության վրա է Արևշատը, Ստեփանակերտից՝ 135 կմ:

Գյուղ մտնելիս շեն ու ավերակ տների շարքում դպրոցի նորակառույց, երկհարկանի շենքը՝ սպիտակ պատերով, արդեն ասաց՝ գյուղն ապրում է ու շենանում: Դպրոցի դիմաց է հայրենական Մեծ պատերազմում, Արցախյան գոյամարտում և Ապրիլյան քառօրյայում զոհված հերոսներին նվիրված հուշարձանը: Մեր այցի պահին դպրոցականները հուշարձանի տարածքն էին բարեկարգում: Մեծ հայրենականում գյուղից 101 հոգի տուն չեկան: Արցախյան գոյամարտի տարիներին ռազմի ճամփաներին զոհվեցին Մարատ Զաքարյանը, Սլավիկ Ղասումյանը և Էռնեստ Դավթյանը: 2016-ի ապրիլյան քառօրյային էլ գյուղը զոհ տվեց. հետախույզ Ղարիբ Հայասերի Սահակյանը մարտիրոսվեց՝ պաշտպանելով Հայոց սահմանը: Հուշահամալիրում Ղարիբի մեծադիր լուսանկարն է՝ «Սիգապանծ լեռան տոկուն հետախույզը» մակագրությամբ: Դպրոցի տնօրեն Արև Բադալյանը դիմավորեց մեզ: Տեղեկացրեց՝ սան-մաքրման, բարեկարգման օր է հայտարարվել գյուղում: Աշակերտները դպրոցի ու հուշարձանի տարածքում էին աշխատում, իսկ ավագները՝ համայնքի ղեկավար Արթուր Հայրապետյանի գլխավորությամբ, գյուղի հանգստարանն են ցանկապատում, բարեկարգում: Մեծ աշխատանք պետք է կատարվի. գյուղի հայաթափումից հետո թուրքերն ամբողջությամբ ավերել են գերեզմանատունը: Մ. Զաքարյանի անվան հիմնական դպրոցը գործում է 8 համակարգ-դասարանով, ունի 38 աշակերտ, որից առաջին դասարանում՝ 3, 12-րդում՝ 5: Տնօրենը հպարտությամբ նշեց՝ շրջանավարտները՝ Համլետ, Էռնեստ, Կորյուն Զաքարյանները, Նարեկ Հարությունյանը և Հարութ Գասպարյանը, որոշել են դպրոցն ավարտելուց հետո մեկնել Հայոց բանակ, վերադառնալ և նոր մտածել ուսումը շարունակելու մասին: Մեր այցի պահին նրանք նույնպես միացել էին գյուղի ավագներին և զբաղված էին պապերի հանգստարանի բարեկարգմամբ: Դպրոցի շենքը հիմնանորոգվել է ԱՀ կառավարության հատկացումներով 6 տարի առաջ: Դասագրքերի, գույքի հարցը լուծված է: Համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը և դպրոցի տնօրենն ամուսիններ են ունեն 3 երեխա՝ 2 աղջիկ, մեկ տղա: Բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն: Աղջիկներն ամուսնացել են և բնակվում են Երևանում: Արթուրն է մեզ ուղեկցում գյուղի մոտակա «Շահարջիկ» կոչվող հնավայր: Արդեն 60-ամյա համայնքապետն ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտը: Խորհրդային տարիներին ղեկավարել գյուղի կոլեկտիվ տնտեսությունը: Տեղեկացրեց՝ այժմ Արևշատն ունի 50 տնտեսություն, 207 բնակիչ, որից մոտ 70-ը երեխաներ են: Գյուղում գործում է մշակույթի տուն: Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, հողագործությունը, մեղվաբուծությունը: Ունեն 260 խոշոր, 320 մանր եղջերավոր անասուն, խոզեր, թռչուններ: Խոզերի գլխաքանակը պակասել է հիվանդությունների պատճառով: Այս տարի համայնքի ցանքատարածքներում մոտ 80հա ցորեն են ցանել, սակայն կա խնդիր՝ ճանապարհները վտանգավոր են կոմբայն հանելու համար: Մեր «ՆԻՎԱ» ամենագնացը նույնպես դժվարությամբ անցավ այդ ճանապարհով: Գյուղն ունի 2 կոմբայն, այլ տեխնիկական միջոցներ: Ա. Հայրապետյանն ասաց՝ նոր ճանապարհ պետք է բացվի, որ կարողանան կոմբայն հանել դաշտերը: Մոտ 1 ամիս դեռ ժամանակ ունեն, կհասցնեն: Հնավայրում ենք, որի հարևանությամբ ավերակ մի գյուղ կա՝ Արևշատից մոտ 1,5կմ հարավ: «1960-ական թվականներին էին հիմնվել այս և մյուս գյուղերը, -ասում է Արթուրը: -Երբ սկսվեց շարժումը, այստեղ բնակեցված թուրքերը, որ եկել էին Սիսիանի շրջանից և այլ տարածքներից, շատ վատ էին տրամադրված մեր հանդեպ. անասուններ էին գողանում, ցորենի արտերը վառում: Նույնիսկ մարդ առևանգեցին գյուղից: 91 թվականին, մինչ գյուղի հայաթափումը, նախիրը մտցրել էին ցորենի կանաչ արտերի մեջ. կապվեցինք Ջաբրայիլում նստած խորհրդային բանակի պարետի հետ, եկան: Ռուս զինվորները խնդրում էին իրենց հրամանատարին՝ թույլ տար՝ կրակեին թուրքերի վրա, որ նման քայլի են գնացել՝ ավերել արտերը: Բայց, բնական է՝ թույլատվություն չեղավ, իսկ օրեր անց նույն զինվորների աջակցությամբ թուրքական ՕՄՕՆ-ը մտավ գյուղ»: Պատմում է Արևշատի երկար տարիների համայնքապետը, ով 143 օր անցկացրել է թուրքական բանտերում, ենթարկվել տանջանքի և ազատվել է՝ հարազատների կողմից հավաքված մեծ փրկագնով: Հիշում է. «Խորհրդային զինվորականներն ու թուրքերը շրջապատեցին ամբողջ գյուղը, դուրս գալու տեղ չկար: Ինձ կանչեցին կոլտնտեսության իմ աշխատասենյակ, ստուգեցին կնիքը՝ արդյոք փոխե՞լ եմ: Այդ ժամանակ Արցախում գործող պետական հիմնարկ-ձեռնարկությունները, կոլտնտեսությունները, գյուղխորհուրդները փոխում էին կնիքները՝ հանելով թուրքերեն գրառումը: Տեսնելով, որ կնիքը փոխված չէ, տունս խուզարկեցին՝ նթացքում «Մակարով» ատրճանակի 4 փամփուշտ գցելով գրպանս, որն էլ դարձավ ինձ ձերբակալելու առիթը: Մանկահասակ երեխաներիս աչքի առաջ ինձ գցեցին հատակին, հարվածներ հասցրեցին ու տարան»: Թուրքական բանտերում հանդիպել է Առնո Մկրտչյանին՝ Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահին, ում թուրքերը տանջամահ արեցին Բաքվի բանտում: Նույն օրերին էին հայաթափել Բերդաձորը, ձերբակալել բերդաձորցիներից շատերին: Արթուրն ազատվելով բանտից՝ մտնում է մարտական ջոկատ, և 1993 թվականի օգոստոսին ազատագրում են հայրենի գյուղը, որն ամբողջությամբ ավերված էր, թալանված: Դեռ բնակիչները գյուղում են եղել, որ վերոնշված հարևան գյուղերի թուրքերն սկսել ենթալանը: Հայաթափումից հետո թուրքերը գյուղը բնակեցրել էին, սակայն 93-ի ամռանը, զգալով՝ անհնար է դիմակայել հայի զորությանը, հեռացել էին՝ վառելով գյուղի տները, քանդելով գյուղամիջյան եկեղեցին: Այսօր էլ գյուղում դեռ շատ ավերակներ կան, որ պատմում են թուրքի վայրենության մասին: Ավերված են նաև թուրքաշեն այն գյուղերը, որոնք հիմնվել էին 20-րդ դարակեսից հետո՝ հատուկ նպատակով՝ հնարավորինս շրջափակման մեջ պահել հայությանը և ստիպել լքել հայրենի օջախները: Նույն պատկերն ամենուր էր Սյունիքի մարզի հարևանությամբ, Վարդենիսում, Արցախի բոլոր շրջաններում: Գյուղի տարեցներից 80-ամյա Լևոն Բադալյանը՝ դպրոցի տնօրեն Ա. Բադալյանի հայրը, պատմում է իրենց գյուղի մասին: Արևշատ գյուղը պատմական անցյալ ունի, այդ են վկայում տարածքում պահպանված հուշարձանները; Իրենց նախնիները եկել են Պարսկահայքի Խոյի գավառից, 19-րդ դարի սկզբներին: Խորհրդային տարիներին թուրքերի ճնշմամբ գյուղի անունը փոխել են՝ կոչելով Դոլանլար: Արցախյան շարժման սկզբին իսկական անունն է ստացել: Հրաժեշտ տվեցինք մեր հայրենակիցներին, ովքեր շենացնում են հայրենի տունը, հաց ու բարիք են ստեղծում: ժամանակ է պետք, և ավերակներին կփոխարինեն նոր տներ, կբարեկարգվեն նաև ճանապարհները:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի