Ծառատունկ՝ հերոսների մասնակցությամբ

Spread the love

Սա Հայաստան է, և վերջ…
Լեոնիդ Ազգալդյան


Մայր Հայրենիքից Արցախ ժամանողները, Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի մուտքին չհասած՝ կտեսնեն հին ու նոր ստեղծված պուրակներ, որոնք ծնունդ են առել շրջանի վերաբնակեցման առաջին օրերից: Նույնատիպ պուրակներ կան նաև դեպի Ստեփանակերտ ձգվող մայրուղու հարևանությամբ: Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը Քաշաթաղի նորաստեղծ շրջանին աջակցեց ստեղծման առաջին օրերից իր հիմնած «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Մինչ օրս բարերարը նպաստում է ազատագրված ու վերահայացած հայրենի հողի բարգավաճմանը: Տարիների ընթացքում հիմնադրամը շրջանի բազմազավակ ընտանիքներին աջակցել է՝ իրագործելով նրանց կթու կով հատկացնելու և այլ ծրագրերով: Բարերարի գործերից առավել մնայուն է արդեն 2 տասնյակի հասնող պուրակների ստեղծումը: Յուրաքանչյուր տարի 2-3 անգամ, հիմնականում գարնանը և աշնանը, Երևանի պետական համալսարանի ուսանողները ծառատունկ են իրականացնում Բերձորում և հարակից տարածքներում: Ուսանողության հետ աշխատել են նաև բերձորցի դպրոցականներ, Քաշաթաղի շրջվարչակազմի և այլ կառույցներ աշխատակիցներ: Հիմանկանում տնկվել են ընկուզենիներ, սոսենիներ, արծաթափայլ բարդիներ, մրգատու ծառեր: Բարերարը հոգում է նաև պուրակների մշակման աշխատանքները: Հոկտեմբերի 29-ին կայացավ հերթական ծառատունկը՝ դարձյալ ԵՊՀ ուսանողների և դասախոսների մասնակցությամբ: Այս անգամ տնկվեցին հիմնականում ընկուզենի և սոսենի: Ծառատունկը կայացավ 2 հատվածում՝ Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակի առթիվ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ գտնվող պուրակում, որտեղ 2015 թ. ապրիլին տնկվեց 100 ծառ՝ ԱՀ Նախագահի և ԵՊՀ ռեկտորի ներկայությամբ և Հակարի գետի աջափնյա սարալանջում՝ Երևանյան մայրուղու եզրին ստեղծված փոքր պուրակում, որը ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով է: Մինչ ծառատունկն սկսելը՝ Գուրգեն Մելիքյանի հետ եղանք «Գարուն» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Մեսրոպյանի անվ. պուրակում և «Սարգսյան Եվա, Լյուդվիգ» ծառուղում: Գ. Մելիքյանն ասաց՝ առաջին պուրակը տնկվել է այս տարվա սեպտեմբերին, իսկ ծառուղին՝ 3 տարի առաջ: Մեծ Եղեռնի 100 ամյակի անվան պուրակում տնկվեցին հիմնականում եղևնիներ, որոնք փոխարինեցին այս ընթացքում չորացած որոշ տնկիների: Թ. Կրպեյանի անվան պուրակում ևս չորացած տնկիների փոխարեն նորերը տնկվեցին: Ինչպես ընդունված է՝ Գ. Մելիքյանը՝ գինեթասը ձեռքին, ընթերցեց Լևոն-Զավեն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունը, որը յուրահատուկ աղոթք է ծառատունկից առաջ: Գ. Մելիքյանն ասաց՝ այս բանաստեղծությունը գրվել է 1924 թվականին, երբ հայրենիքից վտարված բանաստեղծը նորից տուն էր վերադարձել ու մայր հողի վրա ծառ տնկել:
«Ես՝ անոնց թոռը հսկա, այս հողին տերն եմ կրկին,
Ու արևուն տակ կաճիմ՝ անունն իրենց շուրթիս վրա»:
Առաջին ծառը տնկվեց 2015 թ. մարտի 19-ին, թշնամու մեծաքանակ ջոկատի դեմ հերոսաբար մարտնչած ու ծանր վիրավորված Հայոց բանակի զինվոր, այժմ ԵՊՀ ուսանող Գոռ Դարմանյանի, անցած ապրիլյան քառօրյայում արիություն ցուցաբերած Գևորգ Մանուկյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի մասնակցությամբ: Այնուհետև ուսանողները՝ խումբ-խումբ, բարձր տրամադրությամբ իրականացրեցին հայոց հողը նոր տնկիներով հարստացնելու նվիրական աշխատանքը: Տեսնելով ուսանողների աշխատանքը, խանդավառությունը՝ հիշեցի Թաթուլ Կրպեյանի խոսքը՝ «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու՝ հողի եւ ազգի համար…»: Այդպես եղավ՝ Թաթուլն ու հազարավոր քաջորդիներ մարտիրոսվեցին այս հողի ազատագրման համար, և այժմ նրանց փոխարինողներն են այստեղ ծառեր տնկում: Սիրանուշ Մելիքյանը համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ասպիրանտ է: Բազում անգամ է եղել Արցախում և ամեն անգամ առիթն օգտագործում է՝ ներկա լինել Արցախում իրականացող իրադարձություններին: Լաուրա Մարտիրոսյանը մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է, բակալավրիատն ավարտել է ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նույնպես շատ է այցելել Արցախ, նաև մասնակցել Բերձորում իրականացող ծառատունկերին: Ընկերւուհու՝ լրագրող Աննա Հարությունյանի հետ նաև լրագրողական նյութեր է պատրաստում: Մանուշակ Ալավերդյանը կենսաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսից է, ծնունդով՝ Արցախի Հադրութի շրջանից: Քաշաթաղում առաջին անգամ է: Պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսեցիներ Շուշան Մուրադյանի, Տիրուհի Պետրոսյանի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ջավախքեցի Սարգիս Դալարյանի հետ մի քանի ծառ արդեն տնկել էին: Ուրախ են, որ արդեն իրենց ներդրումն ունեն Քաշաթաղի շրջանում: ԵՊՀ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին Արցախում և ՀՀ տարբեր մարզերում, տեղեկացրեց, որ Արցախ եկել են հոկտեմբերի 27-ին՝ Քարվաճառով: 90 ուսանող և դասախոսներ են մասնակցում ուղերթին: Քարվաճառում Հայոց բանակի 25 ամյակի տոների շրջանակում ծառատունկ են իրականացրել: Ստեփանակերտում հանդիպում են ունեցել ԱՀ արտգործնախարար Մ. Մայիլյանի հետ: Այցելել են նաև «Եղնիկներ» զորամաս, հանդիպել զինվորների, հրամանատարության հետ, զորամասին տրամադրել արևային մարտկոց, այլ կարևոր իրեր: Գոռն ու Գևորգը, որ նույն զորամասում են ծառայել, մեկ անգամ ևս հանդիպեցին իրենց հրամանատարներին: Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը կարևորեց այն, որ ուսանողներն Արցախում են մասնակից լինում նման միջոցառումների: Ասաց՝ յուրաքանչյուր ուղևորության ժամանակ ձգտում են նոր ուսանողների Արցախ բերել, որպեսզի շատերը ճանաչեն ու սիրեն ազատագրված ու անկախացած մեր երկիրը, Քարվաճառն ու Քաշաթաղը: Տեղեկացրեց՝ Քարվաճառի դպրոցին Համալսարանի հրատարակած գրքերից են նվիրել: Ուսանողներն այցելել են նաև Գանձասար ու Տիգրանակերտ: ԵՊՀ լեռնագնացության և արտակարգ իրավիճակների ակումբը, որն ունի 50-ից ավելի անդամ, ստեղծվել է 1 տարի առաջ: Ակումբի նախագահ ու հրահանգիչ Սուրեն Ստեփանյանն ուրախությամբ տեղեկացրեց, որ Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի լեռնագնացների հետ, դասախոսություն կարդացել: Իրականացրել են նաև ժայռամագլցում Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհաեզրի ժայռերի վրա: Նաև կնքել են համագործակցության հուշագիր: Արցախցի լեռնագնացներին հրավիրել են Երևան: Ծառատունկին ներկա էր նաև ֆրանսիացի հայագետ, հոգեբան Կատրի Լեսիմբլը: Ասաց՝ իր երկրում աշխատելով հոգեբան, շփվել է հայերի հետ, սիրել հայոց լեզուն: Մեծ դժվարությամբ է սովորել և այժմ Արցախ է եկել ու աշխատում է Ստեփանակերտի գիշերօթիկ դպրոցում: Որոշել է մի քանի տարի մնալ այստեղ: Ծառատունկին մասնակցելը շատ է հետաքրքրել: Ծառատունկից հետո եղավ խնջույք,որի ընթացքում ԵՊՀ ուսանողները, բերձորցի երաժիշտներ Արամայիս Եսայանի և Արթուր Մովսեսյանի նվագակցությամբ, հանդես եկան ազգագրական ու ռազմահայրենասիրական պարերով, երգերով: Ընթացքում զրուցեցի նորօրյա մեր հերոսների հետ: Գոռ Հրաչյայի Դարմանյանը պատմեց՝ ինչպես 2015-ի մարտի 19-ին մարտական ընկերների հետ դիմավորեց մի քանի անգամ առավել թշնամուն: Մարտի ընթացքում մարտիրոսվեցին 3 զինակից՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), 4 զինծառայողներ՝ ինքը, Սամվել Հակոբյանը, Սարգիս Գաբրիելյանն ու Էդգար Մարտիրոսյանը վիրավորվեցին: Ստացված վերքերից օրեր անց մահացավ Սամվելը: Այն ժամանակ լրատվությամբ շատ գրվեց այս հերոսամարտի և քաջերի մասին: Բոլորն էլ արժանացան պարգևների: Ծանր վիճակից դուրս եկավ Գոռը, և փառք Աստծո, այսօր իր ուսանող ընկերների հետ դարձյալ Արցախում է ու մասնակցում է աշխարհի ամնենաբարի գործերից մեկին՝ ծառատունկի: Մերօրյա հերոսը ՀՀ Նախագահի կողմից արժամացել է «Արիության մեդալ»-ի, իսկ Արցախի Նախագահի հրամանով պարգևատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Ռաֆայել Հովհաննիսյանը Շիրակի մարզի Ախուրյանի տարածքից է, Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի սերժանտ, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ։ Ապրիլի 2-ին, առավոտյան Ռաֆայելը վերցնելով ֆագոտ հաշվարկը, շարժվել է Հայոց երկրի սահմանագիծը հատած թշնամու տանկերի ուղղությամբ. արձակած առաջին հրթիռը խոցել է թշնամու T-80 տանկը: Երկրորդ հրթիռով նույնպես հասնում է թիրախին: Այդ ընթացքում տանկերը շարունակում են ակտիվ կրակ վարել հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ, իսկ Ռաֆայելի ուղղությամբ կրակում են տարբեր զինատեսակներից։ Ռաֆայելը արձակում է չորրորդ հրթիռը և խոցում ադրբեջանական երրորդ տանկը։ Զորացրվել է 2016-ի հունիսին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2016թ. ապրիլի 15-ի հրամանագրով Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը բացառիկ արիության և խիզախության համար պարգևատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Գևորգ Մանուկյանը ծնվել է 1996 թվականի մայիսի 17-ին, Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղում, Հովհաննես և Ռիմա Մանուկյանների ընտանիքում։ Ունի 2 ավագ քույր։ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Գևորգն ու իր զինակից ընկերները «Եղնիկներ»-ում դիմակայում են հակառակորդի մոտ 70 հոգանոց դիվերսիոն խմբին ու մարտի բռնվում՝ ծանր կորուստներ պատճառելով նրանց։ Գևորգը բարձրանում է խրամատ, և նկատում թշնամու ՄԻ-24 ուղղաթիռ, որը 7-8 հրթիռ է արձակում հայկական դիրքերի ուղղությամբ, ապա շրջվում ու հետ գնում։ Քանի որ ադրբեջանական դիվերոսիոն խումբը ծանր կորուստներ էր կրել, ստիպված են լինում դեսանտային ուժեր ուղարկել։ Գևորգը նկատում է ՄԻ-8 ուղղաթիռը, որը դեսանտային ուժեր էր բերում, և մոտ 3 կիլոմետր հեռավորությունից «Իգլա»-ից հրթիռ է արձակում և խոցում հակառակորդի ուղղաթիռը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2016թ․ ապրիլի 15-ի հրամանագրով՝ Գևորգ Հովհաննեսի Մանուկյանն իր բացառիկ արիության և անձնվիրության համար պարգևատրվում է Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով, իսկ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Երեկոյան ուսանողները մեկնեցին Երևան՝ որոշելով նորից այցելել Արցախ ու մասնակցել ազատագրված ու կայացած երկրամասի շենացման աշխատանքներին:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի