Գլխավոր նկարը՝ Դավիթ Քոչունցի
Միակազմ նախադասությունները մեր լեզվամտածողության դրսևորումներից են և հայոց լեզվի զարգացման յուրաքանչյուր ժամանակահատվածում ունեցել են իրենց դրսևորման զանազան ձևերն ու միջոցները: Դրանք ընդհանուր գծերով էապես տարբերվում են երկկազմ կառույցներից ոչ միայն արտահայտության ու բովանդակության պլանով, այլև կիրառության սահմանափակությամբ, ոճական երանգներով, գեղարվեստական արժեքով[1]: Խոսքային ամեն մի իրադրության մեջ չէ, որ կարելի է գործածել միակազմ նախադասություններ, իսկ գեղարվեստական խոսքում հեղինակը դրանցով արտահայտչականություն է ստեղծում, ինքնատիպ դարձնում խոսքը:
«Միակազմ նախադասություններն այնպիսի կառույցներ են, ուր բառը կամ բառակապակցությունը որոշակի խոսքային իրավիճակում համապատասխան հնչերանգի միջոցով արտահայտում են ավարտուն նախադասության իմաստ և դրանով իսկ դառնում հաղորդակցման միավոր»[2]: Միակազմ նախադասությունները բնորոշ են ժողովրդախոսակցական լեզվին, որտեղից էլ թափանցում են նաև գրական լեզվի ոլորտ՝ գործածվելով գեղարվեստական ստեղծագործությունների մեջ, որոնց ժողովրդայնություն են հաղորդում:
Բազմաբնույթ է միակազմ նախադասությունների ոճական երանգավորումը գեղարվեստական ոճում: Իրենց կառուցվածքով ևս միակազմ նախադասությունները միատարր չեն. լինում են անենթակա, անդեմ/բայական և անվանական/ և բառ-նախադասություններ:
Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուում գործածված չեն բառ-նախադասություններ, ուստի կանդրադառնանք անենթակա և անդեմ միակազմ նախադասություններին: Նրա ստեղծագործություններում իրենց ոճական զանազան դրսևորումներով առկա են դիմավոր միակազմ /անենթակա/ նախադասություններ:
Անենթակա նախադասություններն ամենից առաջ նպաստում են խոսքի սեղմությանն ու հակիրճությանը, սովորաբար արտահայտվում են բայի եզակի երրորդ դեմքով /կարող են արտահայտվել նաև երկրորդ դեմքով՝ էլի ընդհանրական դիմային իմաստով/, միադիմի բայերով: Դրանք էլ բնորոշ են ժողովրդական լեզվամտածողությանը և ստեղծագործությանը ժողովրդայնություն են հաղորդում:
Դե արի ու բան հասկացիր,
Շուրջդ ամպ ու մեգ է,
Կուզես ժպտա, կուզես լացիր,
Դարի համար մեկ է /156/[3]:
Բնության նկարագրություններում շատ գործածական են միադիմի բայերով ձևավորված միակազմ անենթակա նախադասությունները /դրանք հիմնականում գործածվում են օրվա կամ տարվա ինչ-որ ժամանակահատված նշելու համար /լուսանալ, մթնել, ցրտել, անձրևել…../:
Գիշեր է սև, սևակնած.
Ա՜խ, ձիերս, ձիերս /40/:
Երեկ ամպ էր ու ամպամած /83/:
Խոր գիշեր է /88/:
Ժամն է լռելու /166/:
Մութ է /198/:
Հավատացեք՝ սև կայծակ է ու սև կարկուտ /33/
Շուրջդ ամպ ու մեգ է/156/
Երբ ոչ արև է, ոչ էլ անձրև,
Ձեռքից գնում են ծաղիկները /131/:
Երբեմն Սահյանը դիմային վերագրումներ է արել միադիմի բայերին, ինչը ևս պատկերավորություն է ստեղծում.
Մթնում է օրն…արտին ինչ.
Արտը աստղեր է խմում /16/:
Մթնում են օրվա բոլոր պահերին,
Իրար են բախվում ամպերն անխնա /232/:
Այս ժողովածուում բնության երևույթներ համեմատաբար քիչ են նկարագրվում, ավելի շատ հոգեվիճակային, դատողական, կենսափիլիոփայական խոսքն է գերիշխում, դրա համար անենթակա նախադասության այսպիսի օրինակները շատ չեն:
Ճարտասանական հարցով արտահայտված այս նախադասության մեջ ևս գործածված է միակազմ անենթակա նախադասություն. «Մի՞շտ է թոհուբոհ աշխարհում» /240/:
Անենթակա նախադասություններից Սահյանի այս ժողովածուում հաճախական կիրառություն ունեն նաև ընդհանրական-դիմային իմաստով նախադասությունները: Այսօրինակ միակազմ նախադասություններ շատ են գործածվում առածներում, ասացվածքներում, հայրեններում, ժողովրդական ակունք ունեցող ստեղ-ծագործություններում, այսինքն՝ սա ևս ժողովրդայնությունն ապահովող գերազանց միջոց է:
Ընդհանրական դիմային իմաստով նախադասություններում մեծավ մասամբ գործողությունը վերագրվում է բայի խոնարհման համակարգի հոգնակի թվի 3-րդ դեմքին՝ ցույց տալով անորոշ անձանց /լինում են նաև 2-րդ դեմքով ձևավորված ընդհանրական դիմային իմաստով նախադասություններ/:
Բերենք ընդհանրական դիմային իմաստով անենթակա նախադասությունների օրինակներ.
Ինձ խաբեցին ամենուր,
Խաբեությամբ խաչեցին:
Ձեռքիս խաչբուռը առան
Ու վրաս խաչ քաշեցին /11/:
-Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը,
Երևի հոգեվարք է ապրում,
Ասում են.-Այդքանը դեռ քիչ է,
Արժանի պատիժը դեռ չի կրում /216/:
Ինչ էլ որ լինի, ինչ էլ որ ասեն,
Փուշը զինված է, ծաղիկն՝ անզեն /63/:
Մեզ ասում են. Դուք մերը չեք,
Մինչև անգամ դուք ձերը չեք,
Ձեր տեղը չեք, ձեր տերը չեք,
Դուք տերը չեք ձեր երգերի,
Տաճարների ու բերդերի /140/:
Ինչ էլ լինի, ասում են, թե
Խառն է մատը սատանայի /132/:
Միակազմ նախադասության մյուս տեսակը, որ լայն կիրառություն է ստացել «Ինձ բացակա չդնեք» ժողովածուում, անդեմ նախադասությունն է: Սրանց գործածությունը պայմանավորված է հաղորդվող նյութի թելադրանքով, ինչպես նաև՝ հեղինակի ոճական անհատականությամբ ու որոշակի նպատակադրմամբ: Անշուշտ, պիտի համաձայնել լեզվաբանության մեջ արտահայտված այն կարծիքին, որ անդեմ նախադասությունների զգալի քանակը հիմնականում 2 հանգամանքով է բացատրվում՝ սեղմ խոսք ստեղծելու ձգտումով /լեզվի տնտեսման, սեղմության օրենք/ և ավելի շատ զգացմունք, հույզ և տրամադրություն արտահայտելու հակումով՝ ի հաշիվ դատողությունների կամ սովորական նկարագրական-պատմողական ոճի:
Անդեմ նախադասությունները բաժանվում են երկու ենթախմբի՝ անվանական և բայական:
Անվանական նախադասությունները գործածվում են գեղարվեստական գրականության բոլոր ժանրերում՝ հատկապես հեղինակային նկարագրություններում: Այսպես՝
….Առավոտ: Մահվան խորհուրդ:
Անմահության համ ու հոտ… /9/
Խելոք, խելոք, բարի, բարի
Ու մարդամոտ լեռներ,
Դուք վկաներ նախնադարի,
Նախնադարոտ լեռներ /239/:
Շիրիմի վրա տագնապ ու ժխոր /35/:
Օրհնված օր,
Արև ու ձյուն, ձեր դաշնության հեքիաթ /89/:
Խուլ կրակոց… /78/
Այսպիսի նախադասությունների գործածությամբ հեղինակը մատնանշում է առարկաների, երևույթների գոյությունը, դրանց թվարկումով ստեղծում տեսողական, առարկայական պատրանք, ինչպես նաև՝ հանդիսավոր, առարկայական, պատկերավոր ոճ:
Լեռներն ի վար քարերի երթ,
Քարերի լուռ տեղատարափ…
Քանդուքարափ Որոտնաբերդ,
Որոտնավանք քանդուքարափ /158/:
Քո մեռնելուց հետո…
Սև դագաղ, ճերմակ պարան,
Լուռ մի լաց՝ մեռնելուց հետո
Հոգու պարտք, հոգեհանգիստ,
Հոգեհաց՝ մեռնելուց հետո /122/:
Անվանական նախադասությունները մեծ մասամբ հուզական լիցքով հագեցված նախադասություններ են, կապվում են զանազան մտապատկերների հետ, արտահայտվում հատուկ հնչերանգով, միաժամանակ ծառայում են մտքերի արագ փոփոխումներն արտա-հայտելու համար և առաջ են բերում «ընդհատավոր ոճ»[4]:
Իմ երազները-չվող թռչուններ… /72/
Ճարտասանական հարցով ձևավորված՝
Ի՞նչ հոգեհանգիստ և ի՞նչ հոգեհաց:
Ի՞նչ սգո թափոր և ի՞նչ հոգեհաց /226/:
Հետո՞: Ի՞նչ հետո /8/:
Այս կարգի նախադասություններն արտահայտում են նաև խառը, լարված իրավիճակ, ամենաուժեղ հուզական ապրումներ, ինչպես՝
Ով բաբելոնյան թեժ խառնակություն,
Բայց և համր ու պաղ հմայքի աշխարհ… /181/
Անվանական անդեմ նախադասությունները գերակշռող են Սահյանի խոսքում: Այսպիսի նախադասությունները հաճախ բանաստեղծական պատկերի հիմքն ու կորիզն են դառնում, ինչպես, օրինակ «Ձիեր» բանաստեղծության մեջ, որը պատկերավոր խոսքի արժեքավոր նմուշ է:
Ախ, ձիերս, ձիերս…
Գագաթների հողմից թևեր խլած ձիերս,
Սուրբ ափերից Աստծո
Երկինք խմած ձիերս:
Երկինք խմած …ու վայրի
Հաճարի հասկ, առվույտի
Ծաղիկ կերած ձիերս,
Ախ, իմ Քուռկիկ Ջալալի,
Քո սիգապանծ, սիգավոր
Տոհմից սերած ձիերս,
Ախ ձիերս, ձիերս…
Դունչ ու սմբակ ցողաթաց,
Մորեմերկ ու կողաբաց,
Արևի մեջ լողացած,
Կրակ կտրած, պաղացած,
Ախ, ձիերս, ձիերս…
Ճերմակ, կարմիր, ոսկեգույն,
Բոց ու կրակ ձիերս,
Հեքիաթներից կյանք մտած
Ղաշխա քուռակ ձիերս /39-40/:
Հատվածը բաղկացած է բազմաբաղադրիչ բարդ նախադասություններից, որի անդամները համազոր միակազմ նախադասություններ են: Այս միակազմ նախադասությունները, ունենալով ընդամենը մեկ անդամ, իրենց մեջ ներառում են ու հաղորդում անս-պառ նյութ, որը պիտի պատկերացնի ընթերցողը: Ձիերի այսօրի-նակ նկարագրությունը հիմքն է անցյալի հիշողությունների, ապրումների, հույզերի: Նմանատիպ նախադասությունների միջոցով Սահյանը մի տեսակ ազատ դաշտ է բացում նաև ընթերցողի՝ որպես տվյալ գործողության մասնակցի համար:
Միակազմ նախադասությունների համակարգում ոճական բազմազան կիրառություններով աչքի են ընկնում այսպիսի կամային-հոգեկան վերաբերմունք արտահայտող անվանական նախադասությունները, որոնց միջոցով հաճախ առարկան, երևույթը կամ որևէ իրողություն ներկայացվում և գնահատվում են խոսողի անհատական վերաբերմունքով: Նման նախադասությունները ձևավորվում են խոսքային որոշակի իրավիճակներում, հաղորդակցման այլևայլ հանգամանքներում և հիմնականում բնորոշ են խոսակցական լեզվին, քանի որ հատկապես հոգեկան լարված, հուզված իրավիճակներում խոսողը անմիջապես չի կարող ձևավորել իր միտքը կանոնավոր կառուցվածքով, տրամաբանական կապակցությամբ, ուստի և նախընտրում է տվյալ իրավիճակում միտքն արտահայտող հիմնական գերադաս բառը կամ հասկացությունը, և ընթերցողը պատկերացնում է իրավիճակն ամենայն մանրամասնությամբ:
Ախ, իմ խելոք, խոնարհ, խելացնոր աշխարհ,
Միշտ երեխա, միշտ ծեր,
Միշտ հին ու նոր աշխարհ /76/:
Ակնհայտ է, որ այստեղ հուզական-արտահայտչական երանգավորում է հաղորդում նաև «աշխարհ» բառի կրկնությունը:
«Ինձ բացակա չդնեք» ժողովածուում սակավ գործածություն ունեն բայական անդեմ նախադասությունները:
Բայական անդեմ նախադասությունները կառուցվում են հիմնականում անորոշ դերբայով, ուր քերականորեն չի արտահայտվում ոչ միայն գործողություն կատարողը, այլև ժամանակը, եղանակը, ժամանակը, թիվը և դեմքը, որոնցով պայմանավորված են նրանց ոճական արժեքն ու տարաբնույթ կիրառությունները: Այս կարգի նախադասություններից կիրառական մեծ հաճախականություն ունեն հատկապես հարցական հնչերանգ ունեցող կառույցները, որոնք արտահայտում են ներքին հարցում, ճարտասանական հարցադրում, խոսողի երկմտանքը, կասկածը որևէ գործողության կատարման վերաբերյալ: Դրանք հատկապես բնորոշ են գեղարվեստական ոճին, երբ խոսողը գտնվում է հոգեբանորեն բարդ, անորոշ, անելանելի իրավիճակում:
Ի՞նչ ասել, կածան /74/:
Այս նախադասության մեջ անդեմ բայով արտահայտված ճարտասանական հարցի մեջ խտացված են հույզը, ապրումները.
Ի՞նչ ասել, կածան,
Ոտքիդ տակի հողն եմ,
Մի հին ցավ ունեիր,
Ես այդ ցավի դողն եմ:
Քեզ կանչելիս հաճախ
Իմ անունն են տալիս,
Ինձ անգիր են անում,
Ես քո երգի տողն եմ /74/:
Բայական անդեմ նախադասությունները կարող են հանդես գալ նաև բացականչական հնչերանգով և արտահայտել խոսողի իղձը, ցանկությունը որևէ գործողության կատարման նկատմամբ: Սրանք առավել գործածական են չափածոյում և դրանով իսկ ավելի պատկերավոր, արտահայտիչ են դարձնում խոսքը:
Ի՞նչ բկին մնալ: Թող Աստված չանի…. /208/
Բայական անդեմ նախադասությունները կարող են նաև արտահայտել իղձ, ցանկություն.
Արթնացնել ավազ ու քար,
Լվանալ ու պարզաջրել
Ապականված մի ողջ աշխարհ /128/:
Այստեղ անորոշ դերբայներով ըղձականի նշանակության հետ մեկտեղ արտահայտված է նաև հրաման, կոչ, հորդոր:
«Ինձ բացակա չդնեք» ժողովածուում հանդիպում ենք նաև «Լավ է + անորոշ դերբայ» կառույցով բայական անդեմ նախադա-սություններ, ինչպես՝
Լավ է պայթել, քան թե հևալ,
Լավ է փլվել, քան երերալ,
Արվեստի սուրբ տաճարի մեջ
Լավ է լինել, քան երևալ /199/:
Այս օրինակում ևս արտահայտված է իղձ, ցանկություն, կոչ, հորդոր, որ կերպաձևում են հեղինակի դավանանքը:
Այսպիսով, համաձայն ասելիքի պահանջների՝ Սահյանը հաճախ միտքն արտահայտում է միակազմ նախադասություններով: Սրանք, լինելով հաղորդակցման համառոտ ձևեր, առավել բնորոշ են ժողովրդական լեզվամտածողությանը: Որքան գեղարվեստական ստեղծագործության ակունքները մոտ են ժողովրդախո-սակցական լեզվին, այնքան այդպիսի գործերում ավելի հաճախադեպ են միակազմ նախադասությունները: Հ. Սահյանի «Ինձ բացակա չդնեք» ժողովածուն, որի մեջ ժողովրդական մեծ շունչ կա և ժողովրդայնություն, հարուստ է միակազմ նախադասություններով: Շարահյուսական այս միավորները սահյանական խոսքում ունեն լայն կիրառություն և ոճական ուրույն գործա-ռույթներ: Դրանց կիրառությունն ապահովում է նաև խոսքի հուզական կողմը, հաղորդում բանաստեղծականություն: Միակազմ նախադասության տարբեր տեսակները Սահյանի այս ժողովածուում տեղ են գտել ոչ միևնույն հաճախականությամբ, առավել հաճախ հանդիպում են անվանական նախադասությունները /սրանք այս ժողովածուում զգալիորեն գերակշռում են/: Դա բացատրվում է նրանով, որ ընտրելով խոսքի այդ կարճառոտ ձևերը՝ Սահյանը խուսափել է խոսքի միօրինակությունից: Այս պարագայում ստորոգումն իրականանում է ոչ թե բառաքերականական միջոցներով, այլ հնչերանգով՝ տալով տարբեր հաղորդակցման միավորներ: Անվանական միակազմ նախադասությունների միջոցով Սահյանը սովորաբար ներկայացնում է որևէ առարկայի, երևույթի առարկայականությունը՝ առանց բայ-ստորոգյալի. այս ձևով նկարագրվող պատկերն ավելի տպավորիչ է դառնում, և մեծանում է պատկերի հուզական ներգործությունը, խոսքը դառնում է կենդանի ու սովորական, քանի որ փորձ է արվում խուսափել երկբաղադրիչ նախադասությունների միապաղաղ շղթայից և կիրառել ընթերցողին ավելի հոգեհարազատ հաղորդակցման միավորները:
[1] Գ. Խաչատրյան, Միակազմ նախադասությունների ոճական արժեքը հայրեններում, Ե., 2011, էջ 158
[2] Լ. Եզեկյան, Ոճագիտություն, Ե., 2006, էջ 309:
[3] Հ.Սահյան, Ինձ բացակա չդնեք, Ե., 2004, էջ 156 /այսուհետ բնագրային հղումների էջերը կտրվեն տեքստին կից/:
[4] Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Ե., 1990, էջ 352: