Սերգեյ Հախվերդյան
Գորիս քաղաքը յուրահատուկ է ոչ միայն բնական հուշարձաններով, այլև ճարտարապետությամբ: Այդ առումով որոշակի հետաքրքրություն են ներկայացնում գորիսյան տների հին դարպասները: Դրանք անխտիր կամարակապ-թաղակապ են. խորհրդային տարիներին կառուցված տների դարպասներին կամարներ չկան, դրանք ուղղանկյուն են:
Շատ քանդված դարպասներ են դարձել ուղղանկյուն: Գորիսյան ճարտարապետության խորագիտակ մասնագետ, ճարտարապետ Սևադա Զաքարյանը իրենց ապրած տան օրինակով գտնում է, որ դա հիմնականում արվել է այն բանի համար, որ սայլերին փոխարինած ավտոմեքենաները կարողանան մտնել բակ:
Գորիսում բարեբախտաբար տասնյակներով պահպանվել են հնաշեն դարպասներ: Գորիսյան դարպասը հրապուրել է նաև մեծն Մարտրիրոս Սարյանին:
Դարպասը կարող էր ունենալ երկու մուտք. մեկը՝ հետիոտնի համար, մյուսը՝ անասունների՝ ձիերի, ավանակների, ուղտերի, ինչպես նաև սայլերի կամ կառքերի համար: Դարպասի մեծ դուռը բացվում էր տան բակի վրա, իսկ փոքրով կարելի էր հարմարեցված հարթակից մեկ-երկու աստիճանով իջնել բակ կամ անմիջապես աստիճաններով բարձրանալ երկրորդ հարկ:
Որոշ դեպքերում տարածքի կամ շինարարության ծախսերը խնայելու նպատակով մեծ և փոքր դարպասները կարող էին մեկտեղվել*:
[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 7378,7377,7376,7375,7373,7371,7370,7369,7367″][/images_grid]
Արդեն նշել ենք, որ քաղաքի հին դարպասների «նախահայրը» անշուշտ եղել է Գորիս գյուղի կրկնակի թաղակապ դարպասը: Դարպասի վրա թափած աշխատանքում միահյուսվել են դարբնի և հյուսնի աշխատանքները: Դարպասների փայտը պարտադիր եղել է ամուր կաղնեփայտից, այն միմյանց կցվում-ամրացվում էր երկաթյա գամերով, պնդոցներով: Դարպասն ունեցել է զանգի դեր կատարող երկաթյա թակիչներ, մի քանի դռների վրա դրանք դեռ պահպանվել են: Դարբնի արհեստը Գորիսում շատ հարգի է եղել: Գորիս գյուղի բերդ-քերծում հայտնաբերվել է երկաթի խարամ, ու կարծիք է հայտնվել, որ այնտեղ երկաթ են ձուլել հին-հին ժամանակներում: Հանքաքար-հումքն այստեղ կարող էր հայտնվել Սևարանցի երկաթահանքից: Գորիսցի հին վարպետ-դարբիններից են Ա. Տատինցյանը, Ս. Միրաքյանը:
Այսօր նրանց գործն ու ավանդույթները շարունակում է Ռազմիկ Դոլունցը: Նա է պատրաստել ու տեղադրել քաղաքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը:
Երբեմն դարպասների գետնամոտ աջ և ձախ մասերում դրվել են դարպասի շարվածքից դուրս պրծած նստարանի դեր կատարող քարեր: Դրանցից կարելի էր կապել նաև ձիու սանձը: Այդպիսի նստարան-քարեր կարելի է տեսնել մի քանի դարպասների մոտ /տեսնել նկարները/:
Գուցե տարօրինակ թվա, որ նստարանները բարձր են կանգնած: Բանն այն է, որ դրանք «բարձրացել են» փողոցի հարթեցման, ասֆալտապատման ժամանակ: Հողաշերտը իջեցվել է, և նստարանները հայտնվել են բարձր, նստելու համար ոչ պիտանի դիրքում:
Գորիսում հանդիպում են տներ, ուր կան միայն հետիոտնի համար նախատեսված մուտքեր:
Գորիսի հին տներին ուշադիր նայողը կգտնի, կտեսնի խուլ պատուհաններ կամ դռներ: Թվում է՝ այդպիսի պատերն ասելիք չունեն դիտողին, ի՞նչ պետք է ասեն: Սակայն պարզվում է՝ դրանք որմնադիր-վարպետի (անշուշտ տանտիրոջ համաձայնությամբ) ստեղծագործ մտքի արդյունք են, և այդ պատկերը կարող է անջնջելի տպավորություն թողնել՝ առաջացնելով որոշակի հետաքրքրություն:
Այստեղ պատի վրա գուցե ավելի աշխատանք է թափված, քան կարող էր լինել սովորական պատուհաններով, նույն ծավալի պատի վրա: Բայց վարպետը այդ կերպ նոր, բոլորովին անսովոր լուծում է տալիս փողոցին նայող տան արտաքին հարդարանքին, այն դարձնում տպավորիչ, առինքնող, նշմարելի ու հիշելի: Խլացված պատուհաններով կամ դռներով մի քանի շենքեր կան Գորիսում: Թվում է՝ և՛ տան տերը, և՛ վարպետ-որմնադիրը խուլ պատուհաններով որոշակի կենցաղային խնդիր են լուծել. դրանք կա՛մ ուղղված են դեպի հյուսիս, կա՛մ դեպի արևմուտք՝ բնակարանները պաշտպանելով սառը, ցրտաշունչ քամիներից, որ Գորիսում ձմռանը փչում են հյուսիս-արևմուտքից: Հետաքրքիր է, որ գորիսյան քաղաքաշինության խորհրդային կամ հետագա էտապում այդ կարգի լուծումներ չկան:
* Այս և հետագա նկարագրությունները հավաստված են համապատասխան լուսանկարներով: