Պատմական Հաբանդ գավառի Սիրիջի բերդը

Spread the love

Հոդվածը տպագրված է «Էջմիածին» հանդեսում (2021)

 

Մուտք։ Պատմական Սյունիքի Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին է գտնվում Սիրիջի քերծը[1]։ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո  բերդի մի հատվածը անցել է ադրբեջանցիների հսկողության տակ: Բերդում և նրա շրջակա տարածքում հնագիտական ուսումնասիրություններ չեն եղել, բերդի և տարածքի պատմական նշանակության մասին մատենագրական, վիմագրական տեղեկությունները նույնպես սուղ են: Նրա բնական դիրքը, պահպանված բերդապարիսպները, գտածոները, շրջակայքում պահպանված հուշարձանները հավաստում են, որ երբեմնի անմատչելի բերդը կարևոր նշանակություն է ունեցել այս տարածաշրջանի համար և բավական երկար ժամանակ գործուն է եղել։ Որպես բերդ և պաշտպանական դիրք՝ Արցախյան պատերազմի օրերին այստեղ է տեղակայվել հայկական աշխարհազորը, կանխել թշնամու ոտնձգությունը դեպի Գորիս և թիկունքակալ դիրքով ապահովել պատմական Սյունիքի տարածքների ազատագրումը:

Կարծում ենք, որ բերդի պատմահնագիտական արժևորումը, նրա ռազմավարական դերի լուսաբանումը նոր լույս կսփռի Սյունիքի հայագիտության բնագավառում, և հուշարձանը արժանի տեղ կգտնի տարածաշրջանի տեսարժան վայրերի շարքում։

Պատմական տարածքը։ Պատմական շրջանում Վարարակն գետի հովիտը՝ սկսած Իշխանասարի բարձունքներից  մինչև Որոտան գետը, ամբողջությամբ ընդգրկված էր Հաբանդ գավառում։ Որոտան գետի ձորահովիտը՝ Վարարակնի գետամեջ թափվելու վայրը, նրանից հյուսիս և հարավ ընկած ընդարձակ տարածքը ընդգրկված են եղել պատմական Բաղք գավառի մեջ, իսկ խորհրդային շրջանում այն մինչև Որոտան գյուղը բռնակցված է եղել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Հետևելով Ս․ Օրբելյանի՝ Հաբանդ և Բաղք գավառներում նշած գյուղանուններին՝ պետք է ենթադրել, որ Որոտան գետը սահմանել է այս գավառները․ հյուսիսը՝ դեպի Գորիս, ընդգրկվել է Հաբանդ գավառի մեջ, իսկ հարավը՝ Բաղքի։ Իհարկե, այս բաժանումը պայմանական է[2], քանի որ տարբեր ժամանակներում փոխվել են գավառների սահմանները, անվանումները․ այդ մասին նշում է նաև Սյունյաց պատմիչը[3]։ Հաբանդն գավառի ծայրեզրում է ընդգրկվել նաև այսօրվա Քարահունջ գյուղը, որի վերաբերյալ պատմական տեղեկությունները նույնպես սակավ են: Այս բնակավայր-տարածքի նկարագրությանը հանդիպում ենք Ղ. Ալիշանի «Սիսականում». «Կորեսի հարավային և Բարկուշատ մեծ գետի հյուսիսային կողմերի միջև երկուսից փարսախաչափ հավասար հեռավորությամբ Քարահունջ  կամ Քարունջ   գյուղն է` Ս. Հռիփսիմե եկեղեցով, Վարարակի աջից և անկյունում, որ [առաջանում է]  նրա հետ միացող, նրա մի օժանդակ վտակով, որի աղբյուր-ակունք են Սռուգ պուլագը և Եևտի պուլագը [= Սառը (Ցորտ) աղբյուրը և Յոթ աղբյուրը], եռագագաթ Յուչ Թեփելար լեռում, որից իջնելով և անցնելով վերոհիշյալ լճակով` մոտ 18 չափ բարձր քարաժայռերից թափվում է մեծ շառաչումով, որի համար և Շռան է կոչվում, և թերևս սրանից է ծագել գյուղի անունը` իբրև քարերի հունչձայնքարերի հնչողի»[4]Ս․ Օրբելյանը Հաբանդում Քարահունջ բնակատեղի չի հիշատակում: Ղ. Ալիշանը փորձում է տեղագրական հենց այդ ուղղումն անել՝ ընդգծելով, որ Ս․ Օրբելյանի օրոք էլ այդ բնակավայրը գոյություն է ունեցել. «Հին Ցուցակը Ծղուկի արևելյան մասին Այլախ գյուղի հետ դասում է այս Քարահունջ գյուղը, բայց եթե իսկապես կա այս տեղում, որ նշանակեցինք ըստ ընտիր աշխարհացույցի, ավելի հարմար է Հաբանդին, որին հարմար է գալիս և ճանապարհը, որ շինեց Աբրահամ կաթողիկոսը և Խնձորեսկից գնալով դեպի Տաթև` անցավ այս գյուղով և «Տեսանք,- ասում է,- մի ավերակ գյուղ. որ Տաթևի առաջնորդները բանադրել` նզովքով որոշել  էին Քարահունչ անունը, աղերսեցին ինձ արձակել  [կապանքը], և տեղն առնելով` արձակել տվեցի, օրհնեցի գյուղը, որտեղ մի պատվական եկեղեցի կար` սրբատաշ քարերով շինած»: Այժմ այս գյուղում հողագործ հայերի 150 տներ են»[5]: Եթե անգամ մերօրյա Քարահունջ գյուղի անունը համեմատաբար նոր է[6], քանի որ այն հիշյալ վայրում չի հիշատակվում Ս. Օրբելյանի կողմից, այնուամենայնիվ այսօր էլ նկատվում է, որ շրջակայքում եղել են հին բնակատեղիներ։ Իսկ դրանց անունների մեծ մասը և Ս․ Օրբելյանի՝ այս տարածքում նշած բնակավայրերի տեղագրական և այլ հարցեր տակավին ուսումնասիրության կարիք ունեն։ Հետագայում այդ տեղանքի մասին դարձյալ խոսում է Ղ. Ալիշանը. «Քիչ հեռու` գետեզրին, կան կրային ջրերի հիվանդության պատճառ  [լինող] աղբյուրներ: 1840թ. Արարատի մեծ շարժի ժամանակ ավերվեց նաև այս գյուղը, որտեղ երկու վիհեր բացվեցին. մեկը` գյուղի միջավայրում, որը անցյալ տարի (1889) կրկին լայնացավ, որի պատճառով և պետությունը հրամայեց և հեռացրեց այնտեղից մոտիկ բնակվողներին: Վերջին տարիներս գյուղին մոտիկ հայտնվեցին և գետնաձոր բնակարաններ ու խեցեղեն ամաններ, կահ-կարասիներ»[7]: Տեղագրական նկարագրություններում չի նշվում Սիրիջի քերծ[8]  բերդի մասին: Մեզ պատահած աղբյուրներից թերևս ամփոփ տեղեկություն ունի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանը», ուր նշվում է, որ այն հավանաբար եղել է հենց Ձագեձորի բերդը, քանի որ գտնվում է պատմական Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին[9]:

Այսօր, ցավոք, Ծակեր կոչվող վայրից (Վարարակնի հարավային հովիտը ներառյալ) միչև Որոտան գյուղի սահմանները՝ ներառյալ նախկին Էյվազլար[10] և Դողար (Դավոթլու) գյուղերը, տրվել են Ադրբեջանին /տե՛ս նկար 1` Սիրիջի բերդի արևելյան հատվածի ձորը՝ Սուրիկի լիճը (Հըռանի ծօ̈ր)/։ Պատմական հենց այս վայրում է գտնվում Սիրիջի /Շիրիջի/ քերծը։

Ռազմավարական նշանակությունը: Բերդը և նրա տարածքը ոչ միայն դիտարժան են, այլև ռազմավարական կարևոր նշանակություն ունեն այս տարածաշրջանի համար: Որպես բերդ-պատսպարան, որպես դիտանոց և ռազմական կայան գործել է ոչ միայն հին ժամանակներում, այլ նաև, ինչպես նշվեց, Արցախյան պատերազմի օրերին․ այն եղել է քարահունջեցիների հիմնական հսկողական դիրքը ամբողջ ձորի հանդեպ /տե՛ս քարտեզ 2/։ Եթե հետևեք խորհրդային շրջանի Հայաստանի քարտեզին, կտեսնենք, թե ինչպես են թյուրքերը Որոտան գետն ի վեր խոռոչ բացել, խորացել և դեմ առել Սիրիջի և Բղենո բերդերին, որոնք էլ այսօր գտնվում են ՀՀ տարածքում[11]: Սյունիքի անդամահատումը և բուն Հայաստանից անջատումը, փաստորեն, կանխվել են այս ամրությունների շնորհիվ: Արցախի պարագայում պատմական Քաշաթաղ մուտք գործած օտար ցեղերին դա հաջողվել է՝ Աղավնո-Բերձոր-Շուշի՝ այս տարածքներով բաժանել հայրենիքը (տե՛ս քարտեզ (1987թ.) 3): Սիրիջի բերդը հսկող և հսկվող,  ազդանշանող դիրքում է Որոտանի ավազանի Քուրդիկ, Անդոկաբերդ, Քեյղալա, Սալկ, Բարգուշատ, Պահու Մազրա, Նովլու, Սեթանց[12], Բղենո ամրոցների կամ ամրացված այլ բնակատեղիների նկատմամբ[13]։

Բերդի ուսումնասիրությունը և նկարագրությունը։ Բերդը հիմնված է բնական ժայռի վրա։ Ժայռի ներքևի մասը կապտավուն է և ժամանակին իջել է մինչև գետը, իսկ հիմա այն ընդհատվում է Գորիս-Կապան ճանապարհով։ Հանդիպակաց ժայռերի համեմատությամբ այն մեկուսի է, բնականորեն վեր բարձրացած մոտ 50-100 մ (տարբեր մասերում), իսկ գետի համեմատությամբ՝ մոտ 150-200 մ։ Ժայռը տիրապետող դիրք ունի Որոտանի հովտի այս մասում․ այստեղից երևում են Ուղտի մեջքը[14], դեպի Կատարին բարձրացող ժայռերն ու անտառները, թշնամուն անցած Որոտան քաղաքային համայնքի (Կուբաթլու) բարձունքները։ Որոտանը այս մասում երբեմն կոչել են նաև Բարկուշատ (նույնանուն հովիտ) /տե՛ս նկար 2, 3, 4/։ Բերդ կարելի է բարձրանալ միայն պարաններով կամ կախովի աստիճաններով։ Նրա ընդհանուր մակերեսը սեղանաձև է՝ մոտ 70 մ՝ 140 մ շրջագծով։ Ծածկված է կանաչով և ծառերով։ Բերդի տարբեր մասերում հանդիպում են փոսեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կացարաններ են եղել, իսկ որոշները՝ այլ կառուցներ։ Բերդի առանձին հատվածներ երիզված են ձեռնաշեն պատերով` տարբեր մասերում տարբեր հաստությամբ ՝ սկսած 40 սմ  մինչև 1,5 մ։ Գրեթե բոլոր կողմերից այն շրջապատված է բերդն անմատույց դարձնող բազալտե և խճապատ գոյակցությամբ ժայռերով, իսկ եզրերը պարսպապատված են աշտարակավոր ոչ շատ բարձր  ատամնապարիսպներով: Արևելյան մասում բերդը շրջանակող ճանապարհ կա, որ անցնում է շրջանաձև փորված կամարներով /տե՛ս նկար 5/։ Այժմ կամարներից պահպանված են երեքը, որոնցից երկուսը ամբողջական են[15]։ Նկատելի է, որ ժամանակին այդ ճանապարհը շրջանակել է ամբողջ բերդը։ Տարբեր պատճառներով եղած փլվածքները ծածկել են հետքերը /տե՛ս նկար 6/։ Բերդի պարիսպների հաստությունը և կառուցվածքը հուշում են, որ դրանք եղել են ոչ միայն հարձակողական նպատակներով՝ վերևից հարվածելու համար, այլև որպես դիտանոցներ՝ շրջապատը հսկելու, և կրակարաններ՝ ահազանգի դեպքում շրջակա բնակավայրերին նախազգուշացնելու համար  /տե՛ս նկար 7, 8/։ Որոշ մասերում պահպանվել են կիսաշրջանաձև դիտաշտարակի և կացարանի մնացորդներ: Բերդը ունեցել է դեպի Վարարակ գետը տանող գետնուղի, որը ներկայումս փակված է և հազիվ է նշմարվում:  Բերդի տարածքում պահպանվել են առանց շաղախի կառուցված ուղղանկյուն կամ կլորավուն ոչ մեծ չափերի պատերը: Ուշագրավ է բերդի ներսում պահպանված շրջանաձև փոսը, որ հավանաբար եղել է ջրամբար: Բերդի հարավային, արևելյան մասերում մոտ 2 մ բարձրությամբ պահպանվել են շրջանաձև պարիսպների ստորին մասերի մնացորդները:

Անկասկած է, որ Քարահունջի երբեմնի ամրակուռ այս բերդը աչքի է ընկել անմատչելիությամբ:

Բերդում պահպանվել են հորեր, մարագներ և տարբեր նպատակների համար պահեստարաններ /տե՛ս նկար 9, 10, 11, 12/։ Դրանցից լավ են պահպանված ցորենի երկու հորերը։ Բերդի առանձին մասերի հողաշերտերում նկատվում են կավե ամանների մնացորդներ, ոսկորներ /տե՛ս նկար 13, 14, 15/։

Բերդի շրջակայքը։ Բերդից մոտ 50 մետր հյուսիս՝ դեպի ներքև, Ծակեր կոչվող վայրն է, որտեղ կան ոչ միայն ժայռափոր այրեր, այլև ջրամբարներ, ջրատար փորվածքներ։ Դիմացը՝ գետի երկու ափերին, ընկած են կեսալեռնային զանգվածով բարձրություններ ու թեքություններ, ուր տեղ-տեղ նույնպես պահպանված են ամրոցի պատեր, մարդակերպ քանդակ, սալահատակ ճանապարհ և այլ հուշարձաներ: Ժամանակին այդ տարածքը բարեբեր է եղել: Այսօր էլ քարահունջեցիները հիշում են երբեմնի կանաչով ծածկված այգիները[16]: Պահպանված են սրբատաշ շարվածքով և ժայռափոր մոտ 15 հնձաններ Յոլուն բաղ, Միշի ձոր, Ավագ քեռու բաղ տարածքներում: Բերդի հարավային մասում՝ դեպի Որոտան գետը, ընկած է դաշտ և մի ավելի մեծ ժայռ, որին բնակիչները անվանում են Բաղ բերդ[17]Սիրիջի քերծի արևմտյան մասն ամբողջությամբ նույնպես այգետեղեր են, որ կոչվում է Շամխալ բեյի բաղ: Այս տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ խաչքարեր, որոնց մեծ մասը անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Ավանդազրույցներ«Պատմողաբար մեզ է հասել, որ հայերը պարսիկներից պաշտպանվելու համար բարձրացել են Գյավուր ղալան։ Թշնամին ոչ մի կերպ չի կարողացել գրավել բերդը, ու անվանել են Գյավուրի ղալա (անհավատի բերդ)։ Մեր ժամանակներում կարողացել են բերդը բարձրանալ Սերգեյ Առուստամյանը և նրա հայրը՝ Խաչատուրը։ Բերդում գտնվել են զանազան իրեր, ավազան՝ ջուր ամբարելու համար, թոնիր և այլն։ Ասում են՝ բերդից մինչև Վարարակն գետը գոյություն է ունեցել թունել՝ գետնուղի, ելք ու մուտք, ջուր, սնունդ հայթհայթելու համար»[18]։

Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ Սիրիջի քերծը դեռ շատ հնուց եղել է բերդ։ Ալի Ղուլի խանը մի քանի անգամ փորձել է գրավել այս տարածքը, բայց այս բերդից տրվող ազդակների պատճառով անհաջողություններ է ունեցել։ Փորձել է գրավել Սիրիջի քերծը, որտեղ պատսպարված են եղել շրջակայքի բնակիչները։ Չի կարողացել։ Հետո նորից է արշավել մոտ 20000 զորքով, բայց դարձյալ չի կարողացել ու բերդը անվանել է անհավատ՝ Գյավուր կալա[19]։

Արժևորումը։ Քարահունջ գյուղի հարավային մասը՝ հատկապես Սիրիջի քերծը, իսկապես  տեսանելի է  Ակների բարձունքից, հին Գորիսից և ընդհանրապես Վարարակն ձորահովտի հյուսիսային շրջաններից, Որոտանի հովտի ցածրադիր և բարձրադիր մասերից։ Եվ ինչպես նկատելի է նկարներից և քարտեզներից, այն կենտրոնական դիրք ունի շրջակայքում։ Չենք կարող պնդել, թե Ս․ Օրբելյանի հիշատակած Ձագեձորի բերդը հենց դա է, բայց և անժխտելի է, որ այն գտնվում է «պատմական Հաբանդ և Բաղք գավառների սահմանագլխին»[20]՝ տեսանելի նշված գավառների բարձունքներից։

 

Mher Kumunts

Center of Armenian studies of Syunik

THE FORTRESS OF SIRIJ IN THE HISTORICAL PROVINCE OF HABAND

Summary

Sirij Fortress is located on the border of the provinces Haband and Baghk of Syunik. During the historical period, the location of the fortress was busy. The fortress is impregnable, traces of the fence, household structures, items of archeological value are preserved. Sirij fortress is in a guarding, guarded and signaling position in the whole Vorotan basin. Due to the fortress, the entry of non-religious tribes to Haband was prevented. We can not clearly determine the period of construction of the fortress. There is a preliminary opinion that it was active from the early Middle Ages to the present days.

 

Мгер Кумунц

Центр арменологических исследований Сюника

КРЕПОСТЬ СИРИДЖИ ИСТОРИЧЕСКОЙ ПРОВИНЦИИ ГAБАНД

Резюме

Крепость Сириджи расположена на границе исторических провинций Сюника Габанд и Багк.В исторический период расположение крепости было оживленным местом.Крепость неприступна, сохранились следы ограды, хозяйственных построек, предметы, представляющие археологическую ценность.Крепость Сириджи находится на охраняемой, сигнальной позиции во всем Воротанском бассейне.

Благодаря крепости, был предотвращен въезд в Габанд нерелигиозных племен.Мы не можем четко определить период строительства крепости.Есть предварительное мнение, что онасуществовала с раннего средневековья до наших дней.

 

[1] Քարահունջեցիները կոչում են Սիրիջի բերդ կամ Սիրիջի քէռծ։  Շրեշ (բրբ. Շ[Ս]իրիջ) անվամբ բլուր հիշատակվում է Վարդգես Մանուկի մասին (Աբեղյան Մ., Հայ գրականության պատմություն, հատ I, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1944, էջ 61) Մովսես Խորենացու գրառած ավանդազրույցի մեջ («…Եկեալ նստաւ զՇրէշ բլրով…»): Այն տեղադրվում է Քասաղ[խ] գետի ափին: Այս Շրեշ բլուրը, ըստ երևույթին, ծիսական նշանակություն է ունեցել (Լալայան Ե., Դամբանների պեղումներ Խորհրդային Հայաստանում, Երևան, 1931, էջ 61-62): Առհասարակ հայոց մեջ այս անվամբ տեղանուններ շատ կան (Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. IV, Երևան, 1998, էջ 155) և, այս առնչությամբ, թե ինչ նշանակություն է ունեցել բոսանունը տեղանվանական համակարգում, որևէ ուսումնասիրություն չի հանդիպում: Կոնկրետ դեպքում, կարծում ենք, Սիրիջի բերդի տեղանունը կապված է շրեշ՝ բրբ. շիրիջ || շիրիշ || շիրիժ || սիրիշ բույս հետ, որ այս բերդի վրա առատությամբ է աճում  (շրեշ՝ լատ. eremuarm. շրեշտ, օղին, փայլկտուկ. թաղաղուազգիների ընտանիքի կոճղարմատավոր բուսատեսակ): Շրեշ բառը իրան. փոխառություն է` širēš (شریش) «շրեշ, սոսնձախոտ»:

[2] Բաղքը և Հաբանդը 10-12-րդ դարերում ավելի ընդգրկուն են եղել: Բաղքը  հարավից սահմանակից է եղել Կովսականին, արևմուտքից՝ Ձորքին և Ծղուկքին, հյուսիսից՝ Հաբանդին: Արևելքում Բաղքի սահմանը հասել է մինչև Աղավնո գետ: Իսկ ահա Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված էր երկու մասի՝ արևմտյան՝ Բաղք, արևելյան՝ Միւս Բաղք կամ Քուշանիք (Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն,  «Միտք» հրատ., Երևան, 1981, էջ 204): Իսկ եթե հետևենք Ս. Օրբելյանի նշած մի քանի բնակավայրերի տեղադրությանը՝ այդ թվում՝ Անդոկաբերդ, Տողոր և այլն, ապա պետք է ենթադրել, որ միջնադարում Վարարակնի և Որոտանի միացման վայրում սահմանակցվել են Բաղք, Մյուս Բաղք և Հաբանդ գավառները: Այս տարողունակ հարցը, կարծում ենք, չի կարող լուծված համարվել, քանի դեռ ամբողջացված չէ մատենագրական տեղեկություններում ընդգրկված Սյունիքի բնակավայրերի տեղադրությունը:

[3] Այս մասին կարելի է տեսնել՝ Օրբելյան Ս, Սյունիքի պատմություն, Երևան, 1986, էջ 70-71:

[4] Ղ. Ալիշան, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Ամստերդամ, 1893, էջ 262:

[5] Նույն տեղում:

[6] Կարծում ենք՝ Քարահունջի հին անուններից է Անձկայք-ը (այս մասին մանրամասն տե՛ս՝ Հախվերդյան Ս., Քումունց, Մ., Ստ. Օրբելյանի հիշատակած մի քանի տեղանունների ստուգաբանության և տեղադրության հարցեր, Լեզու և լեզվաբանություն, № 1-2. Էջ 65-66):

[7] Ալիշան, նշված տեղում:

[8] Բերդը տեղացիներից ոմանք կոչում են նաև Գյավուրղալա կամ Գյավուրկալա՝ հավանաբար հետևելով ավանդազրույցին։ Նման անվանումով բերդի մասին է խոսում Վ․ Բալայանը (Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը, «Ամարաս» հրատ, Երևան, 2002, էջ 47)։ Նշվում է, որ Քաշաթաղի շրջանում՝ Հոչանց գետի ձախափնյա ձորալանջին պահպանված կիկլոպյան շարվածքով հնամենի բերդի մնացորդ­ները, ըստ մի կարծիքի, Ստ. Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդն է, որին եկվոր քրդերը կոչում էին Գյավուրղալա (անհավատների բերդ)։ «Գյավուր» անվամբ տեղանուններ և շինություններ շատ կան: Այս անվանումը տարածաշրջանում չի կարող հաստատուն լինել: Ժողովրդական ստուգաբանության արդյունք է, երբ տարածված ավանդազրույցը հաճախ վերագրվում է տարածքին կամ կառույցին (ինչպես, օրինակ, Աղջկա բերդ և այլն):

[9] Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան,  Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Ե., 1986, էջ 881:

[10] Այս գյուղի մասին ադրբեջանական և հայկական աղբյուրներում տեղեկություններ առանձնապես չեն հանդիպում: Հնարավոր է, որ այն Այվազ անձնանվան աղավաղումից լինի (այս տարածքում եղել են Գորիսի հողատիրույթները, որոնց ջուրը բերվել է Իշխանասարի փեշերից):  Այս տարածքում Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից բանավաններ են կառուցվելիս եղել: Նպատակ են ունեցել խտացնել բնակչությունը:

[11] Սիրիջի բերդի հարավային եզրով է անցնում սահմանը:

[12]Այս ամրոցները նշված են Արցախի պետական համալսարանի 2018 թ. մարտի 16-ի գիտական նստաշրջանի «Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» զեկուցման մեջ (հեղ. Բակուր Կարապետյան, Գագիկ Սարգսյան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ): Մենք անձամբ եղել ենք նշված հնավայրերից շատերում: Անուններից շատերը ճշգրտման կարիք ունեն: Հիմնականում հնարավոր չէ կատարել անվան և բերդի ճիշտ տեղորոշում. խորհրդային շրջանում և դրանից առաջ ուսումնասիրություններ առանձնապես չեն հանդիպում, իսկ մատենագրական տեղեկությունները չափազանց սուղ են: Օրինակ՝ Ս. Օրբելյանը ամբողջական չի ներկայացրել ոչ միայն Սյունիքի գավառները, այլև բերդերը, որոնք բավականին շատ են (Օրբելյան Ս., Սյունիքի պատմություն, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 70-71):

[13] Այս բերդերի մասին առանձնակի տեղեկություններ չկան նաև Մ. Յովհաննիսյանի աշխատության մեջ (Յովհաննիսեան Մ.Հայաստանի բերդերը, Վենետիկ-Ս. Ղազար, 1970):

[14] Արցախյան պատերազմի օրերին հիմնականում այստեղից էր ռմբակոծվում Գորիսի շրջանը:

[15] Հնարավոր է՝ այն հետագայում օգտագործվել է նաև որպես ջրանցք, որով ոռոգվել են գետն ի վար փռված տարածքները:

[16] Այս տարածքի տեղագրական հարցերում մեզ շատ օգնեց տարածքին գիտակ, բանասաց ու ստեղծագործող Սուրեն ՀարությունյանՔարահունջեցին, որ անհետացումից փրկել է շատ հուշարձաններ: Մեր շնորհակալությունն ենք հայտնում նրան՝ մեզ միանալու և մի քանի օր շարունակ տարածքի  հնագիտական արժեքները հայտնաբերելու համար:

[17] Բաղ-ք տեղանվան ստուգաբանությանը հանգամանորեն անդրադարձել է Ա. Ղարագյոզյանը: Նա քննել է նախորդների առաջ քաշած գրեթե բոլոր տեսակետները և եզրահանգել, որ «միանգամայն հնարավոր է, որ բալա և քաշ ցեղերին և այլ էթնիկական խմբեր ուրարտացիները տեղափոխած լինեն Սյունիք», իմա՝ Բաղ-ք-ը առաջացել է ցեղանունից (Ղարագյոզյան Ա., Սյունիքի Բաղք և Քաշունիք գավառանունների ստուգաբանության շուրջը, Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 12,  էջ 71-76): Արդեն եղած կարծիքներով աշխատանքը չծանրաբեռնելու և կրկնությունից խուսափելու նպատակով մենք կփորձենք տեղանունը քննել այլ տեսանկյունից. բաղ հիմքը, հավանական է, առաջացել է միջին պրսկ. bagh (باغ) «կալվածք, հողատարածք, ժառանգություն, անձին հանձնված» բառից, որ ինչպես արևելյան լեզուներում, այնպես էլ հայերենի խոսակցական տարբերակներում ունի նաև «այգի» իմաստը: Ընդ որում՝ Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում բաղ գործածվում է նաև հենց «կալվածք, հողակտոր, բաժին իմաստներով»: Չենք կարող որոշել իրան. bagh և հին  հայերենում առանձին գործածություն չունեցող բաղ- արմատների ընդհանրությունները, սակայն ակնհայտ է, որ «այգի» իմաստով տարբերակը բարբառային է և չի բխում առավելապես հունաբան հեղինակների կողմից գործածվող բաղ- ածանց-արմատից: Տեղանվան և անձնանվան փոխանցումները տարածված են եղել Սյունիք-Արցախում, հմմտ.՝ Գեղամ-Գեղարքունիք, Սյունիք-Սյունի, Բաղ-ք-Բաղակ և այլն:

[18] Բաղդասարյան Ա, Քարահունջ գյուղի պատմությունը, 1988, էջ 7։

[19] Ասացող՝ Սուրեն ՀարությունյանՔարահունջեցի։ Զրույցը բազմիցս լսել է գյուղի տարեցներից։

[20] Թ. Հակոբյան, Ստ. ՄելիքԲախշյան, Հ. Բարսեղյան,  նշվ․ աշխ․, էջ 881:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի