Խոտակերաց կամ Քարակոփ վանքը, եկեղեցական վանքային չգործող համալիր է, որը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի մարզիԽաչիկ գյուղից 1.8-2 կմ հյուսիս-արևմուտքում, լեռան լանջին գտնվող փոքր հարթության վրա։
Այս վանքի հիմնադրման և շեն շրջանի պատմությունը մանրամասն շարադրել է պատմագիր Ստեփանոս Օրբելյանը՝ օգտվելով վանքի արձանագրություններից և իր ժամանակ դեռևս կենդանի զրույցներից։
Համաձայն պատմիչի առաստամուղ գյուղի շրջակայքի ձորերում և այրերում ապրում էին շատ ճգնավորներ։ Սյունյաց իշխան Աշոտը նույն գյուղի մոտ շինում է այս վանքը և այնտեղ հավաքում այդ խոտաճարակ ճգնավորներին, որից և առաջացել է «Խոտակերաց» անունը։ Սմբատի շինած եկեղեցին շուտով հիմնովին ավերվում է երկրաշարժից։ 910 թվականին նրա այրի Շուշանը սրա ավերակների վրա շինում է հին եկեղեցիներ և այդ առթիվ գրել տալիս մի մեծ արձանագրություն, որը հիմնականում մնացել է մինչև այժմ։
Այնուհետև Օրբելյան Սմբատ մեծ իշխանը նորոգել է վանքը XIII դարի կեսերին։
Ավելի ուշ, 1300 թվականին Պռոշյան Էաչին վանքում պահվող նրանց նշանավոր մասունքի՝ ս Նշանի համար, որը խոտակերաց խաչ էլ է կոչվել, շինում է արծաթյա գեղեցիկ պահարան և երեսին գրում ըենդաձակ հիշատակարան։
Հետագա դարերում երկար ժամանակ վանքը անմարդաբնակ է մնացել այդ պատճառով էլ նա այժմ խիստ քայքայված վիճակում է։ Կանգուն են միայն գլավոր եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի պատերը, իսկ գմբեթը ծածկը և պատերի վերին մասերն ամբողջովին փլված են։ Եկեղեցին ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, դրսից ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք է։ Պատերը շարված են կոպիտ մշակված բազալտի ոչ մեծ քարերից, իսկ պատասխանատու հանգույցները՝ սրբատաշ քարերից։ Գմբեթը և ծածկի թաղերը չեն պահպանվել։ Գավթի պատերի հիմքերն են մնացել։ Գավիթը թաղածածկ դահլիճ էր՝ արևմտյան կողմում երկու սենյակներով։ Խոտակերաց վանքի Ս. Աստվածածին եկեղեցու հորինվածքի ստեղծումը Սյունիքի ճարտարապետական դպրոցի նվաճումն է և ավանդը՝ հայկական հուշարձանների այդ տիպի զարգացման գործում։ Այն մի ընդարձակ գմբեթավոր դահլիճ է, որի ներսի չորս անկյուններում կան մեկական խորաններ։
Այս եկեղեցու արևմտյան կողմում մնում են գավիթի և փոքր մատուռների հինապատերը միայն։
Բոլոր շենքերը կառուցված են կոփածո քարերով, այդ պատճառով էլ, հավանաբար, վանքի երկրորդ անունը Քարակոփի վանք է։