Արևորդիների բնակավայրը Սյունիքում

Spread the love

(թեզիսներ)

Ուրղունիշեն (Ազատաշեն) — Արեգունու երկիր

 

Ավանդազրույցի հետքերով

Ուրղունիշեն (Ազատաշեն) գյուղը այսօր գոյություն չունի: Պատմական տեղեկություններ առանձնապես չեն հանդիպում: Ազատաշենցիները պատմում են, որ իրենց գյուղը նախկինում ունեցել է Արեգունի անվանումը, հետո այն դարձել է Ուրղունիշեն, իսկ ավելի ուշ՝ Ազատաշեն[1]: Պատմում են, որ շատ հնում Արցախից բերդանման փոքրիկ խոր ձորակ են գալիս մի քանի ընտանիք՝ Արեգունու գլխավորությամբ: Այդ ձորակում հիմնում են գյուղ ու ապրում: Բայց այստեղ է գալիս Ալի Ղուլի խանը: Բնակիչները մեծ դիմադրություն են ցույց տալիս: Դժվարությամբ է իրեն հպատակեցնում Ալի Ղուլի խանը Արեգունի քաջ տոհմի որդիներին: Տեսնելով, որ թշնամու զորքը մեծ է, արեգունցիները պատսպարվում են քարատակներում՝ իրենց հետ տանելով ամբողջ սնունդը: Ալի Ղուլի խանը գյուղում մնում է այնքան ժամանակ, մինչև որ վերջանա բնակիչների ուտելիքը: Շատերը սովից մեռնում են, բայց չեն հանձնվում թշնամուն: Վերջապես բնակիչների մնացած մասը իջնում է քարայրերից ու հանձնվում խանին: Քանի որ այդ գյուղը իրեն հպատակեցնելու համար մեծ դժվարություններ էր կրել, Ալի Ղուլի խանը հրամայում է, որ այն կոչվի իր անունով:

Ամենայն հավանականությամբ գյուղի անվանումը օտար լեզվում է դարձել Ուրղունի շեն՝ Արեգունի>Ուրգունի>Ուրղունի, իսկ ժողովրդի համար այնքան սարսափազդու է եղել Ալի Ղուլի խանի հարձակումը, որ գյուղի անունը կապել են խանի հետ: Իրականում կարելի է կարծել, որ Ուրղունի շեն անվանումը Արեգունի շեն գյուղանվան օտար աղավաղումից է առաջացել: Դա նախ և առաջ մեզ հուշում է Ուրղունի բառի վերջին բաղադրիչը՝ -ունի, որ ենթադրվում է ցեղանուն մատնանշող ուրարտական ածանց[2]: Առկախ է մնում արեգ բաղադրիչի ուրղ-ի վերածվելու հարցը: Կարծում ենք՝ բառասկզբի աու է դարձել ետընթաց ու-ի առնմանությամբ[3], իսկ գ[g]>ղ[ğ] անցումը սովորական երևույթ է  թյուրքական լեզուներին անցած փոխառությունների և օտարաբանությունների համար, հմմտ.՝  ciger > ciğer, eger >  eğer, legen >  leğen[4]: արեգ||ուրեղ  -ե- դուրս է մնացել թույլ շեշտի դիրքում:

Այսպիսով՝ հանդիպում ենք տոհմանունից առաջ եկած մի տեղանվան, որ չնայած օտար ազդեցությամբ աղավաղվել է, բայց բառային և իմաստային հիմքերը պահպանվել են ավանդազրույցում: Արեգունի անվամբ հին թաղամաս կա Գորիս քաղաքից հարավ-արևմուտք: Հին բնակավայր է եղել, որի հետքերը հիմա հազիվ են նշմարվում:

Արեգունի տեղանունը կարող է առաջացած լինել դեռևս 11-12-րդ դարում՝ կապված արևորդիների հերձվածի հետ: Քրիստոնեական աղանդավորական այս շարժմանը հետևող հայերի մասին տեղեկություն ենք ստանում Գրիգոր Պահլավունուց. «Ահա և այլ ոմանք ի Զրադաշտ մոգէ՝ մոգք պարսկականք, և այժմ ի նոցունց դեղեալ արեգակնապաշտք, զոր Արևորդիսն անուանեն»[5]:  Հավանաբար Միջագետքից տարածված այս շարժումը հասել է Պարսկաստան և Արցախ-Սյունիք. «Եւ ահա են յայդմ գաւառի բազումք և ինքեանք քրիստոնեայք զինքեանքս յայտնապէս կոչեն: Բայց եթէ որպիսի մոլորութեամբ և անառակութեամբ վարին, գիտեմք, զի ոչ ես անտեղեակ»[6]:

Ն. Շնորհալին հիշատակում է, որ արևորդիները  «ազգաւ եւ լեզուաւ ի տոհմէ Հայոց են»[7]: Հետագայում՝ մինչև օրս, այս հարցը ուսումնասիրվում է տարբեր հեղինակների կողմից: Ժամանակին  Աբել արքեպիսկոպոսը «Արարատ» ամսագրում անդրադառնում է արևապաշտների հարցին, մատենագիտական տեղեկություններից համոզվում, որ արևորդիները մինչև քրիստոնեությունն են գոյություն ունեցել՝ «հեթանոսաց մնացեալք» «և յաղագս մնալոյ նոցա ի ժամանակէ կռապաշտութեան»[8]: Կարծիք կա նաև, որ արևապաշտ եզդիները հայեր են[9]:

Փաստորեն՝ Արեգունի տեղանվան մեջ պահպանվել են «արևի հետևորդներ, արևորդիներ» հասկացությունները: Ավելի հակված ենք կարծելու, որ տեղանունը ավելի հին է՝ նախաուրարտական շրջանից. արեգ՝ *rev- և -ունի կազմությունները այդ են վկայում: Բացի այդ, Սյունիքի հնագիտական բազմաթիվ գտածոներ հաստատում են, որ այս տարածաշրջանում եղել է արևի պաշտամունք: Նույնիսկ հեթանոսական շրջանից անցած շատ պատկերներ հետագայում վերարտադրվել են: Արեգունի բնակավայրերից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող հին Գորիսում՝ Կյորեսում, մինչև 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի գերեզմանաքարերի վրա կան արևի պաշտամունքն արտահայտող պատկերներ:


[1] 1969թ. դրվել են Հարթաշեն գյուղի հիմքերը: Այս գյուղը ձևավորվել է նախկին Կյորու (Ձորաշեն), Մաղանջուղ (Այգեձոր), Ուրղունիշեն (Ազատաշեն) գյուղերի բնակիչներով: Այսօրվա Հարթաշենը եղել է Ազատաշենի հանդամասը:

[2] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ», Եր., 2010, Էջ 812:

[3] Տարածաշրջանում Ուրղունիշեն բառի առաջին ու-ի արտաբերումը միանշանակ չէ: Ու-ա-ը հնչյունների միջակայքում է, ոմանց խոսքում նաև թույլ ը կամ ա է՝ Ը[ա]րղունիշեն:

[4] Karaca  V., Türkiye türkçesindeki alinti sözcüklerde görülen ses olaylari üzerine bir inceleme, “Turkish Studies” (International Periodical For The Languages, Literature and History of Turkish or Turkic), vol. 7/4, Ankara, 2012, s. 2081.

[5] Գրիգոր մագիստրոսի թղթերը, Լոյս. ընծ.՝ Կ. Կոստանեանց, « տպ. Գէորգ Ս. Սանոյեանցի», Ալեքսանդրապոլ, 1910, էջ 161 (այսուհետև՝ Մագիստրոսի թղթերը):

[6] Մագիստրոսի թղթերը, էջ 161:

[7] Տն. Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի նամականի, «Թուղթ ի Սամոստիա քաղաք յաղագս Արևորդացն դարձի, Վենետիկ, 1838, էջ 239:

[8] Աբել արքեպիսկոպոս, Պատմութիւն հալածչաց, ուրացողաց, հերձուածողաց, եւ բաժանելոց յեկեղեցւոցն հայոց, «Արարատ», թիւ Բ, շրջան Ը, փետրվար 28, 1875, էջ 44:

[9] Եզիդի քրդեր, «Մշակ», դեկտեմբերի 15, N 197, 1883, էջ 1-2:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի