
Ա. Բակունցի բառապաշարում բազմաթիվ բառեր կան, որ, կարծում ենք, նոր գրական հայերենի մեջ տարածվել են հենց մեծ գրողի երկերի միջոցով: Դրանցից հաճախականությամբ աչքի է ընկնում կածան բառը, որի առաջին բացատրությունը ներկայացնում է Գրիգոր Տաթևացին: Կածան բառով բարբառախումբն ունի բազմաթիվ կազմություններ՝ սըռնըկածան, վընդըկէծան, կըծընահար, կըծընաթակ, կըծընալուս, կըծընպիլöր||կէծանպլöր, կէծանհիլöր, ծըլկածան||ծալկածան և այլն:
Բնագրային բազմաթիվ օրինակներից էլ նկատելի է դառնում, որ Ա. Բակունցը տուրք է տվել ոչ թե գրական լեզվում տարածված արահետ բառին, որ «Կարմրաքարում» օգտագործվել է ընդամենը 4 անգամ, կամ շավիղ հոմանիշին, որ ավելի քնարական է, այլ բարբառում հնուց պահպանված կածան բառին, որի միջոցով բարբառախմբում կազմված շատ արտահայտություններ և հասկացություններ վեպում դրսևորվել են հիմնականում բառակապակցական միջոցներով:
Ա. Բակունցի «Կարմրաքար» վեպից առանձնացրել ենք գլուխ բազմիմաստ բառը և քննել ոչ միայն նրա իմաստային բազմազանությունը, նրանով կազմված նոր բառերի ու կապակցությունների բարբառային կամ գրաբարյան զուգահեռները, այլև այն հարցը, թե լեզվական ինչ նոր ձևեր են փախանցվել գրական լեզվին: «Կարմրաքար» վեպում գլուխ բառը գործածվել է մոտ 200 անգամ: Գլուխ բառով Սյունիք-Արցախում կան 500-ից անցնող բառեր ու կայուն կապակցություններ, որոնց մի մասը առանձնանում է իմաստներով և նրբիմաստներով՝
Ա) Հայերենում ձևավորված բազմիմաստության դեպքեր,
Բ) Սյունիք-Արցախ բարբառախմբի տարածքում ձևավորված իմաստներ, որ չկան կամ տարածված չեն հայերենի մյուս տարբերակներում:
Գլուխ բառի գործածության գերակշիռ մասը հանդիպում է դարձվածքներում, որոնք, ըստ վեպում ունեցած հատկանիշների, բաժանվում են հետևյալ խմբերի՝
Գրաբարից անցած և բարբառախմբում չհանդիպող,
Դարձվածքներ, որ ծագմամբ բարբառային են և վեպում էլ գործածվելով՝ պահպանում են Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարին բնորոշ հատկանիշները,
Քերականական իմաստով ձևավորված դարձվածքներ,
Հայերենի տարբերակներում տարածված դարձվածքները:
Նոր գրական հայերենի ձևավորման գործում, անշուշտ, Ա. Բակունցի դերը հատկանշվում է նոր բառերի և ոճերի կիրառությամբ: Հայերենում տարածված, գրական լեզվում հաճախականություն ունեցող բառերի փոխարեն գործածվում են նորերը, որ, հնարավոր է, ծագմամբ ավելի հին են, բայց մնացել են գյուղական կենցաղի առօրյայում: Այսպես՝ գետին, հարթություն հարթավայր և այլ բառերի փոխարեն վեպում մեծ մասամբ գործածվում է տափ բառը:
Տափ բառով ածանցավոր և համադրական կազմություններ են՝ տափան, տափան անել, տըփանէլ, տափլակ, տըփաթօթ , տըփածէտ, տըփակօրծ, տըփահախ, տըփատէր, տըփատէզ, տըփատօն, տըփլըկանալ, տըփլիկօթուն, տըփըլօբի, տըփըգյաբա, տըփըկարպէտ, տըփըկըլօնձ, տըփըմօկուն, տըփըքանդի, տըփըքշերի, և այլն:
Ընդհանուր առմամբ Սյունիք-Արցախում տափ բառով հանդիպում է մոտ 250 կազմություն: Կարծում ենք՝ տափ բառը բնաձայնական ծագմամբ է, որ զուգահեռներն ունի հնդեվրոպական լեզուներում *doph-, *deph-՝ «ծեծել, տրորել» նախաձևով, որ տարբեր բարբառներում համապատասխան հնչողությամբ և իմաստով է դրսևորվել և լայնորեն տարածվել մեր լեզվում:
Առանձնահատուկ ուշադրության են արժանի վեպի բառապաշարի ծագումնաբանական դասակարգման հարցերը, որ անմիջական առնչություններ կարող են ունենալ և օգտակար լինել նոր գրական հայերենի զարգացման միտումները ուսումնասիրելիս:
Ամբողջական հոդվածն այստեղ (էջ 115-132` ներբեռնել-կարդալ)Անաղարտ պահենք հայերենը