Լուսինե Մարգարյան
Արցախի Հանրապետություն
Արցախի պետական համալսարան
Համահայկական իրականությունում Արցախն ու Սյունիքը, ունենալով տարածքային մերձակցություն և տարբեր ժամանակահատվածներում կազմելով քաղաքական ու տնտեսական միասնական միավոր, հատկանշվում են թե՛ պատմահասարակական համանման իրողությունների դրսևորումներով, թե՛ մշակութային ու լեզվական ընդհանրություններով: Այդ համընդհանրությունն արտահայտվել է նաև բնականվանացանկերում. Արցախում ու Սյունիքում տարբեր ժամանակաշրջաններում և՛ բնակավայրեր, և՛ գավառներ կոչվել են միևնույն անվանումներով: Պատմական տարբեր շրջաններում համանուն բնականունների թիվը տարբեր է եղել:
Հատկանշելի է, որ իբրև լեզվական իրողություն` համանունությունը նույնարժեք չէ բառագիտական-իմաստաբանական և տեղանվանական համակարգերում: Տեղանվան համանունությունն արտահայտվում է բառական նույնանշությամբ ու նույն հնչույթակազմով տարբեր հասցեների նշումով: Եթե նույն երկրամասի տեղանվանական համակարգում համանունության առաջացման հիմնական պատճառը պատմական պայմանների նույնականությունն է, բնաշխարհի ընդհանրական-նկարագրական հիմքի վրա կառուցված պատահական զուգադիպությունը կամ դիպվածային անվանակոչությունը, ապա հարակից երկրամասերի տեղանվանական համակարգում առկա նույնանունության պատճառը կարող է լինել և՛ պատմաաշխարահագրական իրողությունների նույնականությունը, բնաշխարհի ընդհանրական-նկարագրական բնութագիրը, և՛ բնակչության տեղափոխությունը, վերաբնակեցումը:
Ըստ այդմ՝ Արցախ-Սյունիք տարածաշրջանի համանուն բնականունների պատմական ու լեզվական հիմքերը քննելով՝ կարելի է առանձնացնել.
1.նույնանուն բնականուններ, որոնց առաջացման հիմքը պատմաաշխարհագրական նույնական իրողություններն են.
2. նույնանուն բնականուններ, որոնց առաջացումը պայմանավորված է վերաբնակեցման փաստով կամ գաղթով:
Արցախի և Սյունիքի ներկայիս բնականվանացանկերում 6 համանուն բնականուն կա, որոնք են՝ Առաջաձոր, Դաստակերտ, Դիցմայրի, Խնածախ, Նորաշենիկ, Քարահունջ: Համանուն այդ բնականունների առաջացման հիմքում վերոնշյալ երկու հիմնական գործոններն են առկա:
Պատմաաշխարհագրական իրողությունների նույնականության հավաստում է Հաբանդ-Մյուս Հաբանդ գավառանունների երբեմնի համագոյակցությունը: Անդրադառնալով Հաբանդ-ին՝ նշելի է, որ Հաբանդ գավառանունն օգտագործվել է տարբեր տառադարձություններով՝ Հաբանդ, Աբանդ, Աբանտ, Բարբանդ, Խաբանդ, Համբանդ, Խաբանստան, Համբադ, Հանպատ, Հարբանդ[1]: Ալիշանը նշում է, որ ճիշտ անվանաձևն է՝ Հաբանդը .«ուղղագոյնն է Հաբանդ…, յոր անուն կայ գաւառ մի Արցախոյ՝ միւս Հաբանդ կոչեցեալ… յորմէ երևի ի հնումն սահմանակից լինել երկոցուն»[2]: Անվան ծագումն ու իմաստը Հյուբշմանը մթին է համարում[3]: Ու նաև Հաբանդը համեմատելով Վանանդ, Մարանդ տեղանունների հետ` կասկածով առանձնացնում է -անդ մասնիկը[4]:
Գիտական հրապարակումներում Հաբանդ-ի ստուգաբանությունները տարբեր են: Ամենատարածված մեկնությունը բառի պարսկական ծագմամբ է տրվում: Բառի արմատը բանդն է համարվում, որը, ըստ Աճառյանի, նշանակում է լեռների մեջ կիրճ, կապան: Թ. Հակոբյանն էլ գավառանունը մեկնում է Աբանդ-Հաբանդ՝ ահա բանտը նշանակությամբ, նշելով, որ աղբյուրը պարսկերեն բանդ-ն է[5]:
Ըստ Գր. Ղափանցյանի` հունաբանության հնարավոր ազդեցության վկայություն է անդ—այ/անդա տեղանվանակերտ ցուցիչը: Արցախի Հաբանդ, Վարանդա գավառանուններում, Գ. Ղափանցյանի դիտարկմամբ, -anda տեղանվանակազմական մասնիկի առկայությունը Հայոց, Վրաց աշխարհներում է նկատելի, և հին սեպագրական փաստերը այդ ածանցով տեղանուններ չեն վկայում Հայոց աշխարհի տարածքում: Դրանք առկայանում են արդեն ավելի ուշ և հիմնականում այն ժամանակաշրջանում, երբ
նկատելի էր հունականության ազդեցությունը[6]:
Սերգեյ Հախվերդյանը հավանական չի համարում բառի պարսկերենից առաջացումը, քանի որ գավառանունը հին է, և անհավանական է նրա վրա պարսկերենի ազդեցությունը: Գավառն այդ անվամբ նշել էր Բուզանդը, և որևէ փաստարկ չկա, որ Բուզանդից առաջ էլ այդպես չի կոչվել: Իսկ դա նշանակում է, որ գավառանվան տարիքը հին դարերի խորքում է: Ու նաև նշում է, որ նմանապես մերժելի է հունական ազդեցությունը[7]:
Սերգեյ Ումառյանն էլ բառը ստուգաբանում է` 3 բաղադրիչների տրոհելով` Հա-բան-դ-: Նա նշում է , որ այն ունի խեթական հիմք՝ հա, որը հետո հնչել է ուրարտերեն տառադարձությամբ՝ հալու, ապա հաղ-հաղորդություն, բան-ը հնչյունափոխված վանն է, որ նշանակում է սրբատեղ, զոհասեղան: Իսկ դ-ն փոքրասիական տեղանվան հոգնակին է: Ըստ Ումառյանի՝ Հաբանդը զոհարան է, ծիսարան[8]:
Բանահավաք Լևոն Հարությունյանն էլ նշում է, որ Հաբանդ-ը կազմված է հայ և բանդ բաղադրիչներից: Բանդ-ը Արցախում նշանակում է դուռ, ճանապարհ, կապ: Այսինքն` հայի դուռ[9]:
Հաբանդ տեղանվան էթնիկական ծագման համոզումն ունի Ա. Ղարագյոզյանը: Այդ անվանումը Ղարագյոզյանը կապում է Բալկաններից թրակիացիների և հեռավոր էվբեա /Աբանտիդա/ կղզուց Էվբեացիների/աբանտցիների/ Հայաստան տեղաշարժման հետ[10]: Այս տեսակետը շրջանառել է նաև Բ. Հարությունյանը[11]:
Սերգեյ Հախվերդյանը բառը ստուգաբանում է ոչ թե Հա-բանդ, այլ Հաբ-անդ երկատման ձևով: Այս դեպքում բառի երկրորդ մասը հին հայերենով հեշտ բացատրելի է: Նա նշում է, որ անդ վերջածանցով տեղանունները հայոց աշխարհում տարածված են Մարանդ, Բագրևանդ, Վանանդ, Զարևանդ: Անդ` նշանակում է այնտեղ: Անդ-ը հանդ, դաշտ, հովիտ նշանակությամբ է մեկնաբանում Ա. Գայսերյանը[12]: Նա Վանանդ տեղանունը ստուգաբանելիս նշում է, որ Վան տեղանվանը հետագայում ավելացել է —անդ բաղադրիչը և Վանանդ` նշանակել է Վանի դաշտ, Վանի հովիտ: Ու նաև հավելում է, որ նման կազմությամբ տեղանուններ Հայաստանում բավականին շատ են, ինչպես` Մարանդ, Հաբանդ, Զարևանդ և այլն:
Սերգեյ Հախվերդյանը Հաբ-ի ծագումը կապում է քաշերի` Հարբ աստվածության անվան հետ: Պատմագիտությունն ապացուցել է, որ հայ էթնոսի ձևավորման գործընթացում որոշակի դեր են խաղացել քաշերը և բաղերը կամ բալերը: Սյունիքում այս ցեղերը բնակություն են հաստատել, և կան այդ վկայագիր տեղանունները՝ Քաշաթաղ, Քաշունիք, Բաղաբերդ, Բաղաց քար: Քաշերն ունեին Հարբ անունով աստվածություն: Այդ անունն ավելի ուշ հայերենում կարող էր հնչել Հաբա: Ահա այդպես կարող էր ծագել Հարբա-Հաբա-Հաբանդը՝ ցույց տալով այդ Աստծո պաշտամունքի վայրը[13]:
Մյուս Հաբանդը Արցախի կենտրոնական գավառներից էր: Աշխարհացույցում այն նշված է որպես Արցախ աշխարհի առաջին գավառ[14]: Մյուս Հաբանդը գրավում էր հետագա Դիզակի և Վարանդայի շրջանների տարածքը` շուրջ 2550 կմ2 տարածությամբ: Մ. Բարխուդարյանը նշում է, որ գավառն ընկած էր Ղուրուչայի ձախ և Գարգար/Կարկառ/ գետակի աջ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի գագաթնագծի ու դաշտաբերանի մեջ[15]: Այն սահմանակից էր Սյունիքի Հաբանդ գավառին: Գավառի մասին առաջին անգամ հիշատակում են Բուզանդն[16] ու Խորենացին: Խորենացին Արցախի Հաբանդ գաւառը Միւս Հաբանդ է անվանում Սիւնեաց նույնանուն գաւառից զանազանելու համար: Ալիշանն էլ նույնն է նշում` Մյուս Հաբանդ, այսինքն՝ տարբեր Սյունիքում գտնվածից. սկսվում է նրա ելքից եւ տարածվում է Մեծիրանքի հարավում[17]:
571թ., երբ ամբողջ Արցախը միացվեց Սյունիքին և Մյուս Հաբանդը դարձավ Սյունյաց նախարարության կենտրոն, այս գավառը կոչվում էր Սիսականի Ոստան կամ Սիսականի Կոտակ: Իսկ Սիսականի Կոտակը համանիշ է Փոքր Սյունիք անվանը: Ասկէ կը հետեւի, որ Արցախի Հաբանդ գաւառը, զոր Խոր. աշխարհագրութիւնը միւս Հաբանդ կանուանէ Սիւնեաց Հաբանդ գաւառէն զանազանելով, Մովսէսէն և անկէ քաղող մատենագիրներէն Փոքր Սիւնիք անուանուած է, -նշում է Հյուբշմանը[18]:
Ավելի ուշ Մյուս Հաբանդ գավառը կոչվում էր Ամարաս: Մյուս Հաբանդ գավառի կենտրոնն էր Քթիշ ամրոցը, որը հետագայում հայտնի Տող ավանն էր: Քթիշի մոտ հիմնվեց Գտիչ վանքը: Քթիշ ամրոցից դեպի արևմուտք գտնվում էր Գոռոզու բերդը, այժմյան Տումի գյուղը: Այս գավառում էր նաև հռչակավոր Ամարասի վանքը[19]:
Արցախի Մյուս Հաբանդ անվանումը, ծագմամբ կապվելով Սյունիքի Հաբանդ գավառանվան հետ, կարող է պայմանավորված լինել թե՛ վերջինիս սահմանակցությամբ, թե՛ արցախյան գավառի` նույնական դերակատարության, այսինքն` Աստծո պաշտամունքի վայր լինելու փաստով:
Սերվելով Սյունյաց Հաբանդից` արցախյանն իր նախնական նշանակությունից բխող, բայց նոր իմաստով պիտի որ ամրակայվեր, այլապես նրա տեղանվանական գոյությունն արդարացված չէր լինի: Արցախի Մյուս Հաբանդը հնարավոր է, որ նշանակում էր Աստծո պաշտամունքի մյուս վայրը:
1.Աշխարհագրական նույնական բնութագրի հիմքի վրա է առաջացել Քարահունջ բնականվան համանունային զույգը: Սյունիքի և Արցախի Քարահունջ բնակավայրերը համանունացվել են իրենց բնակադրման պահից համեմատաբար ավելի ուշ, ու թեպետ ծագումնաբանությամբ տարարմատ և հնչյունական տարբեր իրողությունների արդյունք են, բայց և, կարծում ենք, համանունության հիմք է դարձել աշխարհագրական նույնական նկարագիրը:
Քարահունչ/Քարահունջ անվամբ երկու բնակավայր է նշվում Արցախի տարածքում. գյուղատեղի Մարտակերտի շրջանում՝ Հաթերք գյուղի հարավարևմտյան կողմում. հին այս բնակավայրից պահպանված է քարուկրից շինված միջնադարյան փոքրիկ եկեղեցին: Եվ երկրորդը՝ այժմյան Քարահունջը՝ Մարտունու շրջանում՝ Մարտունի քաղաքից 18 կմ դեպի արևմուտք՝ լեռնային ու անտառապատ վայրում: Ներկայիս Քարահունջից 2կմ արևմուտք Դարահոջ կոչվող գյուղատեղին է, որը պատմական աղբյուրներում նույնացվում է Քարվեճին: Հնագույն այդ բնակատեղի մասին սեպագիր արձանագրություն կա: Կարագյոզյանն իր «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սեպագիր տեղանունները» հոդվածում նշում է, որ սեպագրագետների սխալ ընթերցման արդյունք է terluisaini անվանումը, և ճիշտ արտասանությունն է Kerluiša: Ու սրբագրելով տեղանունը՝ այն կապում է Քարվեճ անվան հետ` ցույց տալով, որ ցեղերի տեղաշարժի հետ կապված, անունը տեղափոխվել է Արցախի հարավ-արևելյան շրջաններ[20]: Քարվեճի մասին հիշատակում է Մովսես Կաղանկատվացին՝ առանց տեղադրությունը նշելու. «Յորժամ չուեալ ի Քարուիճէ` կանայք յառաջ ելանէին ի Գիւղաքաղաքէն Ամարասայ» էջ 73[21]: Մեկ այլ տեղ էլ Կաղանկատվացին նշում է, որ Հայաստանի կենտրոնից Արցախի Դարահոջ /թե Քարահոջ—Քարահունչ/ գյուղն են բերում Սուրբ Գրիգորի և Հռիփսիմե ու Գայանե կույսերի նշխարները:[22]
Սլավա Սարգսյանն իբրև Քարահունջ-ի պատմական անուն նշում է նույն այդ Քարվեճն ու աղբյուրագիտորեն հղում Կաղանկատվացու պատմությանը: Հ. Բեգլարյանի հաղորդմամբ Դարահոջը գտնվում է Քարահունջ գյուղից 2 կմ արևմուտք՝ Ռսկհան սարի լանջին և կոչվում է «Քյոհնա Քարահունջեն յալ»[23]: Ս. Սարգսյանը, ելնելով այդ հաղորդումից, նշում է, որ Դարահոջն ու Քարահունջը նույնական են և ունեն նույն իմաստը, այսինքն՝ Դարահոջ-Հին Քարահունջը ներկայիս Քարահունջի նախկին բնակատեղին է: Ու հավելում, որ այն Դարահոսի կամ Քարահոսի ձևափոխությունն է՝ սուրբ լեռ, սուրբ քար նշանակությամբ[24]:
Սերգեյ Մելքումյանն էլ գրում է, որ 17-րդ դարավերջին գյուղի բնակիչները հին բնակավայրից տեղափոխվել են և նոր բնակավայր հիմնել Քերթից մի փոքր հարավ: Ու հավելում, որ Քարահունջի նոր բնակատեղին հիմնադրել է Զանգեզուրից եկած Տեր-Խաչատուրը[25]: Իսկ անվան ծագումը բխեցնում է տեղանքի ու շրջակայքի քարքարոտ բնույթից, ըստ որի՝ առաջացել էր Քարահունչ, որը ձևափոխվել ու դարձել է Քարահունջ:
Սյունյաց Քարահունջ-ի առաջին իսկ վկայություններում այն նշվում է Քարունջ տարբերակով: Թե՛ Հովհաննես Դրասխանակերտցին, թե՛ Ստեփանոս Օրբելյանը վկայում են Քարունջ հնչատարբերակով: Հոդակապով տարբերակն առաջին անգամ հիշատակում է Աբրահամ Կրետացին/ 18-րդ դարում/[26]:
Ղ. Ալիշանն էլ երկու տարբերակով է նշում ու անունը ստուգաբանում քար և հունչ բառակազմական տրոհմամբ: Սյունյաց Քարահունջ-ի դեպքում մեկնաբանում է, որ գյուղն ունի նշանավոր Շռռան ջրվեժ, որը թափվում է քարերի վրա և «հնչում» է[27]: Արցախի Քարահունջն էլ նույնկերպ է բացատրվում տեղի բնակչության կողմից՝ քար և հունչ բաղադրիչների առանձնացմամբ: Սա, բանականաբար, ժողովրդական ստուգաբանություն է:
Անվան գիտական ստուգաբանությունը Հ. Հյուբշմանն է ներկայացրել՝ անունը տրոհելով քար և ունջ բաղադրիչների: Առաջին բաղադրիչը մեկնաբանության կարիք չունի, իսկ երկրորդը բացատրվում է «տակ, խորք, հատակ» իմաստներով: Բարդության բնիմաստը Հյուբշմանը մեկնաբանում է՝ քարայատակ: Հրաչ Մարտիրոսյանն էլ ավելի հավանական է համարում «քարի տակ» նշանակությունը, մանավանդ որ այդ լուծման օգտին է խոսում ունջ բառի համար հենց Հյուբշմանի հիշատակած տեքստային փոխակերպումը[28]:
Ալ. Մարգարյանն էլ ստուգաբանական նույն վարկածն է առաջադրում: Նա նշում է, որ Քարահունջ գյուղի նախնական անունը իրոք Քարունջ է եղել, որը այլ բան չէ, քան երկու` քար և ունջ բառ-բաղադրիչներից կազմված անհոդակապ իսկական բարդություն: Առաջին բաղադրիչը քարն է, երկրորդն էլ, անշուշտ, գրաբարում լայն գործածություն ունեցող ունջ բառն է, որը ծայր. ստորոտ. յատակ. արմատ. քունջ, ծարը, տակը, պիւն է նշանակել: Իբրև այդ երկու բառ-բաղադրիչներից կազմված բարդ բառ՝ Քարունջ տեղանունը այդպիսով նշանակել է քարի տակ, քարի ստորին կողմը, որը և, որքան էլ զարմանալի թվա, աշխարհագրորեն միանգամայն ճիշտ է և համապատասխանում է անգամ գյուղի այսօրվա դիրքին: Մարգարյանը հավաստում է, որ Քարահունջ գյուղի գլխավերևը առ այսօր էլ կանգուն կա մի վիթխարի- հսկայական քարազանգված, որը և լավագույն վկան ու ապացույցն է այն բանի, որ գյուղն իսկապես ստեղծվել է նրա ստորին` ցածրադիր մասում[29]:
Սերգեյ Հախվերդյանն ու Մհեր Քումունցը, Քարահունջը ստուգաբանելիս, նկատում են, որ այն Անձկ գյուղն իր մեջ ներառող տարածքի անունից է՝ բաղկացած Քար+ունջ արմատներից: Ինչպես նշում են նրանք, բառիմաստը բարբառային դրսևորում ունի և մի այլ տեղանվան փոխանցումը չէ. *k a r + ունջ ՚— «տակ», «խորք», «յատակ» իմաստներով: Քարահունջ բառի ժողովրդական արատահայտության ամենատարածված արտահայտությունը «Քրունջն» էր, ապա ա հոդակապի առաջացման և բառարմատի ու-ի ազդեցությամբ հ աճականի գոյությամբ առաջացած Քրահունջ ձևը:
Ունջ արմատի համար ընդունելի են համարում Գորիսի և Ղարաբաղի բարբառներում տարածված օնջ –ունջ՝ մուր, երկաթի ժանգ նշանակությամբ բառամիավորը , որտեղից օնջուտ –ունջուտ՝ ունջով պատած, ժանգոտած , քանի որ այդ տարածքի ժայռեղեն հյուսվածքը ժանգագույն է, ասել է թե՝ քարաժանգ : Եվ կարող էր գյուղանունից անկախ -անջատ գոյություն ունեցած լինի տարածքի համար, որն էլ հետագայում վերականգնվել է[30]:
Իսկ ահա Պարիս Հերունին Քարահունջ-ն ու Քարունջը դիտում է տարբեր անվանումներ ու առաջինը մեկնաբանում՝ որպես «խոսող/հնչող քարեր» (հունչ > հունջ), իսկ Քարունջ—ը՝ որպես «քարե գանձ» կամ «հիմնաքարեր»: Երկրորդ դեպքում նա նկատի ունի հայերեն ունջ «գանձ» և ունջ «տակ, խորք, հատակ» իմաստով բառերը[31]:
Մելադա Աղաբեկյանն էլ, քննելով Քարահունջ/Քարունջը, նշում է որ Քարահունջ-ի հունջ բաղադրիչը գարավոր վկայված չէ: Այն սովորաբար հանգեցվում է ունջ՝ հատակ, տակ իմաստներով արմատին, հետևաբար` քարունջ-քարահունջ՝ քարի տակ: Մինչդեռ Քարունջ բառը Ղարաբաղի բարբառի որևէ տարբերակում քարահունջ-ի վերածվելու հավանականություն գրեթե չունի: Ու հիմնավորում է հետևյալ պատճառներով. նախ՝ Ղարաբաղի բարբառում հ կարող է ավելանալ ձայնավորով սկսվող առանձին բառի սկզբում, իսկ բառամիջում` ընդամենը մի քանի արմատական բառերում, երկրորդ՝ լեզվի խոսակցական տարբերակները կարճառոտ բառը ավելորդ վանկով ծանրաբեռնելու միտում սովորաբար չեն ցուցաբերում: Այսինքն` Քար—ունջ-ը Քար—ա-/հ/ունջ-ով փոխարինվելու ենթադրությունն անհիմն է: Ստուգաբանական մյուս առաջարկություններն էլ հիմնավոր չի համարում, ինչպես` քար—ա—հունչ>քար—ա—հունջ, կամ քար—ա—փունջ>քար—ա—հունջ: Քիչ հավանական է, որ զանազան վայրերի քարերի էական հատկանիշ համարվեր հնչելը կամ հնչուն լինելը: Քարափունջը կեղծ ստուգաբանություն է, քանի որ փունջ բառը հայերենի ոչ մի այլ տարբերակի հնչյունական օրենքներով հունջ չէր կարող դառնալ: Բարբառում p>հյ. հ անցումը տեղի է ունեցել մի քանի հազարամյակ առաջ և այլևս չի կրկնվել, և այն գրեթե փոփոխության չի ենթարկվել հատկապես բառասկզբում/տես Հր. Աճառյան, 1971,516,545/: Քարանունչ բառաձևը, որը նշվում է նաև տեղանունների բառարանում, հավանական է, որ արտասանական տարբերակ լինի: Եվ որպես այդպիսի տարբերակ լեզվաբանորեն դիտարկում է. Հայերենում քիչ չեն այն բարդ կամ ածանցավոր բառերը, որոնց այս կամ այն արմատը առանձին բառով վկայված չէ: Հայերենում ունենք հուն՝ գետի մեջ ծանծաղ տեղ, որից կարող է մարդ անցնել: Այսինքն՝ ելք, հնարք, որը ծագում է հնդեվրոպական *pent-ոտք դնել, գնալ արմատի *pont տարբերակից: Համեմատաբանները հնդեվրոպական լեզվում վերականգնում են *-io-> վերջածանց (ածականակերտ), որը հայերենում հաճախ արտացոլված է ջ-ով` հատկապես բաղաձայնից հետո դիրքում: Հետևաբար կարելի է ենթադրել, որ եղել է եթե ոչ հնդեվրոպական լեզվաընդհանրություն, ապա գոնե հայերենն ընդգրկող մի լեզվատարածք, որում գործառվել է *pont-io-ածանցավոր ձևը: Այս վերջինից էլ հայերենում առաջացել է հունջ բառը` անցում, բացվածք, անցք իմաստով[32]:
Հրաչ Մարտիրոսյանը Քարունջ/Քարահունջ տեղանվան ստուգաբանական քննությունը համակարգում է՝ նշելով, որ Քարունջ տեղանունը կազմված է քար և ունջ բաղադրիչներից: Երկրորդ բաղադրիչի իմաստային երեք զարգացում է առանձնանշում. 1) ունջ՝ տակ, խորք, հատակ, գետնի տակը իմաստներով, 2) ունջ՝ գանձ նշանակությամբ և 3) ունջ՝ մուր, ժանգ իմաստով (տես ՀԱԲ 3. 604-605): Ապա հիմնավորում է, որ այդ երեք համանունների ծագումնաբանական կապն անհնար չէ, այսինքն՝ դիտում է որպես համարմատ համանուններ, և եթե առաջինն ընդունվի որպես ելակետային ու երկրորդն ու երրորդը բխեցվեն առաջինից՝ կենթադրվի «գետնի տակ թաղված գանձ» և «տականք, նստվածք» բնիմաստները: Ապա վկայակոչելով Ալ. Մարգարյանի ստուգաբանությունը, ով հ— ի առկայությունը հետագա սկզբնահավելում էր համարում՝ նշում է, որ ունջ բառը՝ «տակ, խորք, հատակ» իմաստով հունջ/հօնջ տարբերակով չի պահպանվել ոչ Գորիսի ու Ղարաբաղի, ոչ էլ որևէ այլ բարբառում: Այդպես նաև ունջ-ի մյուս՝ «մուր, ժանգ» իմաստն ունեցող համանունի բարբառային ոչ մի ներկայացուցիչ այդպիսի նախահավելված հ- չունի, այսինքն՝ չկան *հունջ կամ *հօնջ ձևեր, այլ կան միայն ունջ և օնջ: Ու Հ. Մարտիրոսյանը նշում է, որ հ հնչյունն այստեղ պարզապես երկու ձայնավորների միջև առաջացող հորանջ է: Քանի որ Քարահունջ-ի դեպքում կապվող ձայնավորներից (-ա-ու-) երկրորդը շրթնային է: Հորանջի այլ դեպքեր առկա են նաև Ղարաբաղի բարբառում. ինչպես՝ էրկու-հ-ինջի հնչարտասանությամբ[33]: Մարտիրոսյանի այս վերջին դիտարկումը նաև մեր համոզումն է:
Բնականունը բարբառում, հատկապես թեքված ձևերում, զուգահեռաբար հանդես է գալիս Քրունջ և Քրահունջ ձևերով. ինչպես՝ Քըրունջա/Քըրհունջա . վերջինս ավելի մեծ հաճախականությամբ: Կարծում ենք, հնարավոր է Քարունջից Քարահունջ զուգաձևի առաջացումը, որովհետև Քարահունջ ձևը, իրավաբանական-փաստաթղթային վավերություն ստանալով, ժամանակի հոլովույթում կարող է սահմանափակել նախնական տարբերակի գործածությունը: Ակնհայտ է, որ ի սկզբանե բնականվանումը խոսակցական լեզվում է մկրտություն ստանում, ապա վավերացվում գրավոր փաստաթղթով: Իսկ այդ փոխադրությունը թե՛ հնչյունական փոփոխությամբ և թե՛ հնչյունական հավելումով կարող է կատարվել:
Անշուշտ, արցախյան ու սյունյաց այս անունները միմյանց հետ կապ ունեն: Այդ կապը պայմանավորված չէ մեկը մյուսից առաջացմամբ, այլ աշխարհագրական նույնական նկարագրով կամ բնակության վայրի, տեղանքի նույնական բնութագրով և ընկալման նույնականությամբ ու նաև ժամանակի ընթացքում հնչյունական համապատասխանեցումով:
- 2. Մի բնակավայրից մեկ այլ բնակավայր տեղափոխվելու և համապատասխանաբար անվանումը փոխադրելու իրողությունն են վկայում Խնածախ բնականվան համանուն զույգը:
Սյունյաց Խնածախը պատմական աղբյուրներում Խանածախ ու Խոնածախ տարբերակներով է նշվում:
Օրբելյանի Պատմության հին ձեռագրերում վկայված է միայն Խանածախ[34], որ ուշ շրջանի առանձին ձեռագրերում և տպագրություններում ներկայացվում է Խոնածախ ձևով կամ տարընթերցվածքով: Ղ. Ալիշանը դա նախաձև է ճանաչել գրելով. § Յետին գիւղ Հաբանդայ ի հիւսիսակողմն` ի խաղս վտակաց Ագօղլան գետոյ, չորիւք մղոնօք ի Հս. Մ. Տեղոյ, ի գեղեցիկ ձորակի` է հինն Խոնածախ, այժմս Խնածախ ձայնեալ…¦[35]: Ղ. Ալիշանը երբեմն գործածում նաև Խանածախ անվանաձևը, որը և մյուս` Խոնածախ և Խնածախ ձևերի համեմատությամբ նախնական են ճանաչել բառարանագիրներ Ս. Էփրիկյանը[36] և Համբ. Առաքելյանը [37]: Վերջինս անվան տեղեկանքն այսպես է ներկայացնում. 1) ԽԱՆԱԾԱԽ կամ Խնածախ. գյուղ Սյունյաց Հաբանդ գավառի/Զանգեզուրի/ մեջ և 2)Հայաբնակ գյուղ Արցախի Խաչեն գավառի մեջ, որի բնակիչները 1686-ին վերոհիշյալ Խանածախ գյուղից են գաղթել այստեղ. այժմ ունի 563 բնակիչ կամ 85 տուն՚[38]: Ալ. Մարգարյանը, հիմք ընդունելով այս վկայությունները, հանգում է նրան, որ գյուղի նախնական գրական անունը Խանածախն է, որը հադակապով իսկական բարդություն է՝ խան և ծախ հիմնական ձևույթների բաղադրությամբ: Ըստ նրա՝ վերջին ծախ բաղադրիչը ծախել-ի, իսկ առաջին բաղադրիչը ծագմամբ ու նշանակությամբ անհայտ է համարում[39]:
Արցախյան Խնածախի մասին Մ. Բարխուտարեանցը գրում է, որ գյուղանունն Արցախում է հայտնվել Սյունիքից, երբ բնակիչները «Մեծ Սիւնեաց Խանածախ գիւղից 1686թ. տեղափոխվում են Ջրաբերդ և հետո բանակութիւն հաստատում գիւղումս»[40]: Իր մեկ այլ հրապարակման մեջ Բարխուտարեանցն այլ տեղեկություն է հաղորդում՝ նշելով, որ «120 ընտանիք քաջեր 1770 թ. Ջրաբերդից տեղափոխվում են Խաչեն և հիմնարկում Խանածախ գիւղը, որի մէջ բնակվում են 50 ընտանիք»:[41] Նույնը հավաստում է նաև Ս. Մելքումյանը՝ նշելով, որ բնակիչները եկել են Զանգեզուրի Խնածախ գյուղից, հիմնադրել այն և անվանել իրենց հին բնակավայրի անունով: Այժմյան Խնածախի պատմությունն սկսվում է 1770-ական թթ.[42]:
Գյուղանվան ստուգաբանությունը Հ. Խաչատրյանը ներկայացնում է խանձ և ցախ բաղադրիչների տրոհությամբ՝ Խանձացախ՝ կրակարան իմաստով[43]: Ա. Բեկնազարյանցը Խնածախին «Փոքր խմհատ»՝ անտառից կտրված իմաստով, անունն է տալիս[44]: Իսկ Ս. Սարգսյանը նշում է, որ խան և ծախ բաղադրիչներից է կազմված անվանումը, առաջինը պարսկական խան բառն է, որ նշանակում է «իջեւան, օթեւան ուղեւորների համար քարվանսարայ»[45]: Իսկ ծախ-ը համարում է կաս-ի հնչյունափոխված տարբերակը, որը նշանակում էր «հին, սուրբ, աստվածային»: Ու հավելում է, որ ծախ-ն այդ դեպքում կարող էր ունենալ ծախսել, վաճառել, առևտուր անել նշանակությունները, այսինքն՝ կայանատեղ, որտեղ նաև առևտուր է կատարվել, սակայն, նկատի առնելով տեղանունների առաջացման սկզբունքները, Ս. Սարգսյանը հակված է պնդելու առաջին տարբերակը[46]: Կասկածելի է բառեզրերի իմաստային այդպիսի միավորումը: Մյուս կողմից էլ՝ պարսկական ծագման ոչ այնքան հին՝ խան և կաս-ծախ՝ սուրբ ու աստվածային իմաստով, հնչյունափոխությամբ հնագույն բառամիավորի բաղադրությունը ժամանակային համընկնման առումով անհավանական է: Հնչյունափոխական այդպիսի իրողությունը կարող է վկայել բառամիավորի բազմադարյա կենսագրության մասին, ինչը քննվող դեպքին չի համապատասխանում: Առաջին բաղադրիչի հետ կապված՝ մենք առավել հակված ենք պահլավական ծագման * xuān ( նոր հնչումով՝ xān և xōn)` խան/ բառամիավորի առանձնացմանը[47], որը հայերենում և հայերենի բարբառներում ուներ՝ սեղան, ափսե , տաշտ, սինի նշանակությունները: Ընդ որում, այս բառը, ինչպես նշում է Հր. Աճառյանը, հայերենում հանդես էր գալիս խօն, խուն ձևերով[48]: Բնականվան Խոնածախ վկայությունն էլ կարող է նաև այդ տարբերակի արտահայտությունը լինել: Իսկ երկրորդ բաղադրիչը, հնարավոր է, ծախ բայարմատն է, այդ դեպքում այն կարող էր նշանակել վայր, որը բնութագրվում էր կարասիքի արտադրությամբ ու վաճառքով:
Արցախի և Սյունիքի ներկայիս բնականվանացանկերում բանականունն արձանագրված է Խնածախ հնչատարբերակով:
Անվան տեղափոխության արտահայտություն և այդ հիմքով առաջացած համանունության օրինակ է Առաջաձոր բնականունը: Այս բնականվան պատմական տեղեկանքը Արցախից Սյունիք տեղափոխվելու և նույնանուն բնակավայր հիմնելու իրողությունն է հավաստում:
Արցախի Առաջաձորը «գիւղ է Արցախի Պարզկանք գաւառի մէջ՝ Չիլէթ սարի հարաւային ստորոտում»[49]: Ս. Մելքումյանը նշում է, որ այժմյան գյուղի պատմությունն սկսվում է 10-րդ դարից: Նրանց նախնիները բնակվել են Տակաթազ և Փլուսանց շեն բնակատեղիներում: Հետագայում այդ վայրերից իջել են, բնակություն հաստատել ցածրադիր մասում, որի դիմաց ձգվում է մի անդնդախոր ձոր: Այստեղից էլ` Առաջաձոր` առջևում ձոր է[50]: Ըստ Սլ. Սարգսյանի՝ Առաջաձոր՝ առաջը ձոր, համապատասխանում է նախկին բնակավայրի տեղադրությանը[51]: Անվանումն այդպես է բացատրում նաև Ս. Ջալալեանցը[52]՝ ավելացնելով, որ 11-րդ դ. մի գրչագիր ավետարանում նշված է Առջաձոր: Այդպես է ներկայացնում նաև Հայկունին[53]:
Սյունյաց Առաջաձորի տեղեկանքում նշվում է, որ գյուղը գտնվում էր պատմական Սյունիքի Բաղք (հետագայում՝ Աճանան) գավառում։ Բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-70թթ.), Գողթնից (1805-1806թթ.), Ղարադաղից (1829թ.)[54]։ Ըստ այդ տեղեկության՝ հավաստվում է, որ առաջին տեղափոխվածները Արցախի առաջաձորցիներն են եղել: Ալիշանը Արջաձոր է նշում[55]: Եվ Սյունյաց Առաջաձորի աշխարհագրական նկարագիրը տրվում է որպես անտառապատ գյուղ[56]: Մի կողմից՝ հնարավոր է՝ գյուղի նախնական անվանումը Արջաձոր էր, ապա առաջաձորցիների տեղափոխությունից հետո համահունչության արդյունքում նույնացվել է, առավել ևս, որ թե՛ Արջաձորի և թե՛ Առաջաձորի բարբառային(և՛ Արցախի, և՛ Սյունիքի բարբառներում) արտասանությունը նույնական է՝ Ըռչածօր/Ըրչածօր: Մյուս կողմից՝ որևէ փաստարկով չի հերքվում, որ նախանվանումը Առաջաձոր էր, ու անվանադիրներն էլ Արցախի առաջաձորցիներն են եղել, իսկ Ալիշանի՝ Արջաձոր վկայությունը կարող է Առաջաձորի բարբառային տարբերակի գրականացված արձանագրությունը լինել: Երկու դեպքում էլ բնականվան ծագումը կապվում է Արցախի Առաջաձորի անվան հետ:
Իսկ ահա Դաստակերտ բնականվան համանունությունը տարաժամանակյա կտրվածքով է առանձնանշելի: Բառակազմական վերլուծությամբ դաստակերտ բառամիավորը բաղադրվում է դաստ և կերտ բաղադրիչների: Լ. Հովհաննիսյանը նշում է, որ այդ երկու եզրերն էլ իրանական փոխառություններ են. դաստ՝ ձեռք և կերտ՝ գործ, շինություն՝ kar, kr՝ «անել, պատրաստել» արմատից: Ընդ որում «կերտ-ը 5-րդ դարում արդեն յուրացված փոխառություն էր, իսկ դաստ-ը շատերի համար հասկանալի չէր, և գիտակցվում էր որպես օտար, թարգմանելի բառ»[57]: Իբրև տեղանուն՝ Դաստակերտը պարզ և անտրոհելի բառամիավոր է, ու անվանադրման հիմք է դարձել՝ իր բառիմաստային դաշտով որպես ամբողջական կառույց «ներբերվելով»: Ասվածի հիմնավորումն է նաև Լ. Հովհաննիսյանի այն հաստատումը, որ դաստ բառով փոխառություններն ամբողջական փոխառություններ են[58] :
Արցախի Դաստակերտն այսօր հուշարձան է. «Ջրաբերդ գաւառի մէջ աւերակ գիւղատեղի, յորւոմ կայ կիսաւեր եկեղեցի եւ հանգստարան»[59]: Պատմական արձանագրություններում նշվում է Դաստակերտ, Դաստագյուլ նաև Դաստագիր[60]: Սա, իհարկե, վերաբերում է Դաստակերտին, որի մասին հաղորդում է Մ. Կաղանկատվացին[61]: Նա գրում է, որ Վաչագան թագավորը /5-րդ դար/ Խնչիկ անվամբ մի փոքր դուստր ուներ, որի անունով էլ կառուցում էր դաստակերտ[62]: Հայկունին նախանվանում է դիտում Դաստագյուղը՝ դա բխեցնելով Վաչագան թագավորի համանուն աղջկա անունից[63]: Մ. Բարխուդարեանցը վկայում է Դաստակիւլ/Դաստակերտ-ավերակ գյուղատեղի/[64]:
Սյունյաց Դաստակերտն այսօր բարեշեն քաղաքային համայնք է: Այն հնում Ծղուկ գավառի գյուղ էր: Այդ անվամբ բնականուններ են նշվում նաև Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք և Գեղարքունիք գավառներում[65]:
Արցախի նորօրյա Նորաշենիկը [66] Քաշաթաղի շրջանի բնակավայր է: Օրբելյանը Սյունիքի Բաղք, Կովսական և Ճահուկ գավառներում այդ անվամբ 3 բնակավայր է նշում[67]: Կովսականի Նորաշինիկը Ղ. Ալիշանի ու այլ աղբյուրներում վկայված էր Թազաքենդ[68]օտար անվամբ, որը հայերեն անվան թարգմանությունն էր: Պատմական տվյալները վկայում են, որ Նորաշենիկը հնագույն բնականուն է, և նոր շրջանում այն վերստին անվանադրվել է: Նույնանուն բնակավայր առկա է նաև Կապանի տարածաշրջանում:
Այդպիսի բնականուն է նաև Դիցմայրին: Անունը Դից Մայրի բաղադրիչներով է տրոհվում: Բառակազմական պարզագույն վերլուծությամբ այն նշանակում է Աստվածների անտառ: Այն, որ այդ տարածաշրջանն անտառածածկ է ու առասպելական հմայքով, այսօր էլ իրողություն է: Ըստ Յայսմաւուրաց՝ կը թուի, թէ այս անուամբ լեռ կայ Այրարատայ Գաբեղենից գաւառի մէջ. սուրբ Վարոսն «բնակեցաւ յանձաւս լերանցն, որ կոչի Դից Մայրի»: Ապա անվան դիմաց հղվում է՝ տես՛ Կովսական[69]: Ստեփանոս Օրբելյանն էլ Կովսականի գավառի բնականվանացանկում է ներկայացնում Դից մայրին [70] :
Արցախի Քաշաթաղի շրջանի ներկայիս Դիցմայրին պատմական բնականվան վերակենդանացման արդյունք է. այն Մեշադիիսմայլիի վերանվանումն է, իսկ Սյունիքի Դիցմայրին Ղարաչիմանի վերանվանումն է/1991թ./ [71]: Այսօր երկու բնակավայրերն էլ շեն են:
Բնականաբար, վերանվանումների դեպքում պատմական իրողությունները միշտ չեն հաշվառվում, ու այդ դաշտում մի նոր երևույթ է սկզբնառվել. պատմական անվանումները վերականգնվում են եթե ոչ պատմական ու տեղագրական ճշգրտությամբ, ապա գոնե անվան վերակենդանացմամբ այդ իրողությունների վերարձանագրությամբ :
Քննելով Արցախ-Սյունիք տարածաշրջանի համանուն բնակավայրերի պատմական տեղեկանքները՝ հավաստվում է այն իրողությունը, որ մի դեպքում՝ պատմական պայմանների նույնականությունն էր առկա, և այդ դեպքում դա բխում էր տեղանվանական նույնական համակարգի ընդհանուր օրինաչափություններից ու հաստատում թե՛ նույնացեղ հանրության բնակության իրողությունը և թե՛ տեղանվանական միևնույն համակարգին նրանց պատկանելությունը, մյուս դեպքում՝ վերաբնակեցման գործոնն էր հիմքը, երբ, պատմահասարակական իրողություններով պայմանավորված, թափառիկ ու կրկնվող են դարձել անվանումները:
Բնականունների համանունության սկզբնապատճառային հիմքերի քննությամբ նաև բացահայտվում են թե՛ առկա պատմահասարակական, աշխարհագրական իրողությունները, թե՛ տվյալ ժամանակաշրջանի իրողությունները և թե՛ դրանց նկատմամբ ունեցած հասարակության վերաբերմունքն ու ընկալումները:
[1] Մելիք Բախշյան Ստ. , Բարսեղյան Հ. , Հակոբյան Թ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, Ե.1986, էջ 297:
[2] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 254-255:
[3] Հիւբշման Հ., Հին հայոց տեղւոյ անունները : Հայոց աշխարհին պատմական տեղեկագրութեան մասին ուսումնասիրութիւններով /Թարգմ.` Հ. Բ. Պիլէզիկճեան. — Վիեննա: Մխիթարեան տպարան, 1907, էջ 100-101:
[4] Նույնը, էջ 366:
[5] Մելիք Բախշյան Ստ. , Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., նշված աշխ., հ.1, Ե.1986, էջ 2:
[6] Капанцян Гр., Историко-лингвистические работы, К начале истории армян, Изд. Акад. Наук Арм. ССР, Ереван, 1956, стр. 415.
[7] Հախվերդյան Սերգեյ, Մեծ Հայքի Սյունիք նահանգի Հաբանդ գավառանվան ստուգաբանության նոր փորձ, Հայոց պատմության հարցեր 8, Երևան 2007, էջ 19:
[8] Ումառյան Ս., Սյունիքը դիցարան, Ե., 1981, էջ 37-38:
[9] Հարությունյան Լ., Նշխարներ Արցախի բանահյուսության, Չորրորդ գիրք, «Դիզակ Պլյուս», Ստեփանակերտ, 2009, էջ 269:
[10] Карагезян А.А., К этимологии топонима Абанд, Լրաբեր հասարակական գիտությունների, N1, 2000, էջ 160-165:
[11] Հարությունյան Բ., Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ <<Աշխարհացոյց>>-ի, ՊԲՀ, 2003, թիվ 1, էջ 231:
[12] Գայսերյան Վ.Ա., Սեպագիր աղբյուրներում հանդիպող մի քանի երկրների տեղադրությունը, Պատմա-բանասիրական հանդես, հ. 1, 1985, էջ 213:
[13] Հախվերդյան Սերգեյ, նշված աշխ., էջ 16-20:
[14] Անանիա Շիրակացի, Մատենագրություն, թարգմ., առաջաբանը և ծանոթագր. Աբրահամյան Ա. և Պետրոսյան Գ., Ե., 1979, էջ 295:
[15] Մակար Բարխուտարեանց, Արցախ, Բագու, 1895, էջ 23:
[16] Փաւստոսի Բիւզանդացւոյ, Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, էջ 23-24:
[17] Ալիշան, Արցախ, էջ 10:
[18] Հիւբշման Հ., նշվ. աշխ., էջ 100-101:
[19] Երեմյան Ա.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Հայկ. ՍՍՌ ԳԱ հրատ., Եր., 1963, էջ 70:
[20] Հարությունյան Բ.Հ., Արցախի, Հայոց Արևելից կողմերի և Ղարաբաղի տարածքի հարցի շուրջը, Պատմա-բանասիրական հանդես, 1994, N 1-2, էջ 258, ISSN 0135-0536
[21] Մովսես Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը` Վարագ Առաքելյանի, Երևան 1983, էջ 72-73:
[22] Բ. Ուլուբաբյան, Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Ե., 1994, էջ 31:
[23] Հ. Բեգլարյան, Ամարասի հովտի հուշարձանները, ԼՀԳ, 1974, հ.2, էջ 92:
[24] Սարգսյան Սլ. Արցախի բնակավայրերը/ստուգաբանություններ/, Երևան, 2017, էջ 78:
[25] Մելքումյան Ս. Ա., Լեռնային Ղարաբաղ, Ե., 1990, էջ 221:
[26] Աբրահամ կաթողիկոս Կրետացի, Պատմագրութիւն անցիցն իւրոցն ու Նատիր –Շահին, Վաղարշապատ, 1870, էջ 75:
[27] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 262:
[28] Մարտիրոսյան Հ., Քարահունջ—Stonehenge առասպելի վերջը, 2011, էջ 11-16:
[29] Մարգարյան Ալ., Մի քանի տեղանունների ծագման մասին, Պատմա-բանասիրական հանդես, հ.4, 1988, էջ 129, ISSN 0135-0536:
[30] Հախվերդյան, Ս. և Քումունց, Մ. (2006) Ստ. Օրբելյանի հիշատակած մի քանի տեղանունների ստուգաբանության և տեղադրության հարցեր. Լեզու և լեզվաբանություն = Язык и языкознание = Language and linguistics, № 1-2. pp. 63-68. ISSN 1829-0183:
[31] Парис М.Геруни, Доисторическая каменная обсерватория Карахундж-Карениш, ՀՀ ԳԱԱ զեկույցներ, 98(4), 1998, էջ 307-328. ISSN 032-1339
[32] Մ. Աղաբեկյան, Քարահունջ, Ջահուկյանական ընթերցումներ, Հր. Աճառյանի ծննդյան 135-ամյակին նվիրված հանրապետական նստաշրջանի զեկուցումներ, Երևան, 2011, էջ 47-53:
[33] Մարտիրոսյան Հ., Քարահունջ—Stonehenge առասպելի վերջը, 2011, էջ 11-16:
[34] Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. N 6271, էջ 335, N 5501, էջ 342:
[35] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 264:
[36] Էփրիկյան Ս., Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան, հ.1, Վենետիկ, 1905, էջ 130,131, 181, 193:
[37] Առաքելյան Համբ., Հանրագիտական բառարան, հ.1, Թիֆլիս, 1915, էջ 1035:
[38] Տե՛ս նույնը:
[39] Մարգարյան Ալ., Մի քանի տեղանունների ծագման մասին, Պատմա-բանասիրական հանդես, հ.4, 1988, էջ 126-127, ISSN 0135-0536::
[40] Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 152:
[41] Բարխուտարեանց Մ., Պատմութիւն Աղուանից Բ, Երևան, 1907, էջ 104:
[42] Մելքումյան Ս. Ա., նշվ. աշխ., էջ 132:
[43] Խորհրդային Ղարաբաղ, 1991, թ. 289:
[44] Բեկնազարեանց Ա., Գաղտնիք Ղարաբաղի, ՍՊ, 1886, էջ 121:
[45] Ստ. Մալխասեանց, Հայերեն բացատրկան բառարան, Երևան, 1986, էջ 400:
[46] Սարգսյան Սլ., նշվ. աշխ., էջ 41:
[47] Աճառյան Հ., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., Երևան, հ.2, էջ 327
[48] Տե՛ս նույնը:
[49] Էփրիկյան Ս., նշվ.աշխ., , հ.1, էջ 244:
[50] Մելքումյան Ս. Ա., նշվ. աշխ., էջ 178-179:
[51] Սարգսյան Սլ., նշվ. աշխ., էջ 115:
[52] Ս. Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի մեծն Հայաստան, Բ, էջ 240:
[53] Եղիշե ավագ քահանա Գեղամյանց/Հայկունի/, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010, էջ 76:
[54] Մելիք Բախշյան Ստ. , Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., նշվ.աշխ., էջ 319:
[55] Ղ. Ալիշան, Սիսական, Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 275:
[56] Մելիք Բախշյան Ստ. , Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3, Ե.1986, էջ էջ 319:
[57] Հովհաննիսյան Լ. Շ., Հատուկ անունների մեկնությունները Մ. Խորենացու «Հայոց պատմության» մեջ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Ե., 2013, էջ 24-25:
[58] Հովհաննիսյան Լ.Շ., նշված աշխատությունը, էջ 24:
[59]Էփրիկյան Ս., նշվ.աշխ., հ.1, էջ 579:
[60] Кочарян Г., Нагорный Карабах, стр. 50.
[61]Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, էջ 62,261: Ա-Դո, էջ 109:
[62] Մ. Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, էջ 62: Մ. Բարխուտարեանց, Արցախ, էջ 427: Ա. Բեկնազարեանց, Գաղտնիք Ղարաբաղի, ՍՊ. 1886, էջ 119:
[63] Եղիշե ավագ քահանա Գեղամյանց/Հայկունի/, Ուղեգնացական ակնարկներ, Երևան, 2010, էջ 44:
[64] Բարխուդարեանց Մ. Եպս., Արցախ, Ամարաս, Ե., 1996, էջ 142:
[65] Մելիք Բախշյան Ստ. , Բարսեղյան Հ., Հակոբյան Թ., նշվ. աշխ., հ.2, էջ 38:
[66] ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին օրենք, 1998թ., հունիսի 26, ՀՕ-15/հավելված 2/:
[67] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Սովետական գրող, Ե., 1986, էջ 400-404:
[68] Ղ. Ալիշան, նշվ.աշխ.,, էջ 287:
[69]Էփրիկյան Ս., նշվ.աշխ., էջ 607:
[70] Օրբելյան Ստ., նշվ.աշխ., էջ 402:
[71] Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Գեոդեզիզայի և քարտեզագրության կենտրոն, Երևան, 2008, էջ 69: