Ցորի [Ցուրա] բերդի պատմության և նրա տեղաբնիկների գաղթականության մասին

Spread the love

Սկիզբը այս էջում

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, ՁԵՌԱԳԻՐ 7822

Գրված է 1858-1868թթ. Գտիչ վանքում Առաքել վարդապետի հեղինակությամբ՝ «Արցախի պատմութիւն» վերնագրով

 

ՑՈՐԻ ԲԵՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՏԵՂԱԲՆԻԿՆԵՐԻ ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախ` այս բնակավայրը Սյունյաց երկրում է` Տաթե Առաքյալի սուրբ վանքին մոտիկ, որն այժմ ժողովրդի բերանում հնչում է Գրիգոր Տաթևացու: Բնակչությունը շատ էր բազմացել անուշաբույր օդի և սառնափայլ ու քաղցրահամ ջրերի պատճառով: Տեղանքի դիրքը զարմանալի է. գտնվում է մի բարձրաբերձ լեռան ստորոտում, որի ձյունը ամռանը անպակաս և անհալ է: Այսպիսի քաղցրաբույր օդի պատճառով մարդիկ բազմացել էին: Նրանք քաջ հսկաներ էին` ուժեղ, աներկյուղ, և մեծացել էին վայրենասուն անասունների օրինակով, իշխանությանն անհնազանդ էին և անհրամանատար, անսահման քաջ պատերազմող, մահից անվախ: Այդ պատճառով ամբողջ մերձակայքը սարսում էր նրանցից:

Բայց այս բնակիչները միանգամայն անհանգիստ էին և բոլոր ուղղություններով ասպատակելով` ավար էին անում, բազում վնասներ հասցնում համազգիներին և այլոց: Այս չարագործությամբ ճոխացել-հարստացել էին թե´ արծաթով և թե´ անասուններով, կահ-կարասիներով: Սրանք սկսեցին չար բան մտածել Տաթևի սուրբ վանքի վանականների մասին և ինչ-որ աններելի մեծ չարագործություն կատարեցին, ինչպես որ դա մի ժամանակ սուրբ վանքի դիպվածների պատմության մեջ գրվել է, թե ինչ են արել: Որովհետև եկել-կոտորել են վանականներից, վանականների ամբողջ ունեցվածքը կողոպտել, սուրբ տաճարի ողջ արծաթեղենն ու ոսկեղենը հափշտակել և սրբալույս մեռոնը հեղել գետնին ու արծաթե ամանը տարել: Այս եղեռնագործությունը կրկնվել է երկու անգամ: Խոսքիս վերջում [ասեմ], որ սրբակենցաղ վանականները և եպիսկոպոսները մի քանի գիշեր հսկել, տքնել են ու մատուցել սրբարար պատարագը և անդաստանօրհնեքի ելել կենաց փայտով, այլևայլ սուրբ մասունքներով և աջերով:

Երբ արտասուք հեղելով, ձեռքները վեր աղաղակում էին անաչառ դատավորին վրեժխնդրություն բորբոքելու համար, նույն ժամին թնդացել և դղրդացել է այն վայրը, որտեղ հավաքվել էին. կես մասը գետնին շնչահեղձ կորավ, մի մասն էլ ցրվեց այնտեղ: Դրա համար նրանց բնակության անունը կոչեցին Ցրվան: Մենք էլ [այդ անունը] այնտեղից վերցնելով, կոչում ենք Ցոր, որովհետև հասարակությունը Ցոր է ասում` նրա իսկական անունը չգիտենալու պատճառով:

Այնտեղ ցրվածներից ութ հարյուր տուն եկավ Դիզակի գավառը, որոնց գլխավորը` քաջ զորապետ Վելիջան Խոմարյանը, [բոլորին] վերցրեց եկավ մի ձորակ տեղ` երկու կողմերից բարձրաբերձ լեռներ, բարեխառն օդ, ցուրտ և առողջարար ջուր, աննման գովական ցորենի բերքատու արտ:

Մեծ զորապետ Վելիջանը բազում ծախսերով իրենց արտերի ներսի կողմից ջուրը հանել-տարել է հողի ներքևը: Հետո երբ անօրեն ազգը զորացավ, Ցորի բնակիչների ձեռքից հափշտակեց դատավորին:

Դառնանք մեր պատմության շարադրանքին:

Իրենց նույն գլխավոր Վելիջանը տեսավ, որ մոտիկ են Երասխ գետին և սահմանակից` պարսից տերությանը, որոնք հենց մեր այս երկրի բնական թշնամիներ են: Սկսեց խորհրդակցել իր ժողովրդի իշխանների հետ` իրենց բնակության լեռան հյուսիսային կողմի գագաթին կառուցելու մի ամրագույն բերդ: Որովհետև այն ժամանակ պարսիկները հանդարտ չէին մնում, անընդհատ պատերազմ և ասպատակություն էին լինում Աղվանից այս երկրում:

Դրա համար նկատի ունենալով բոլոր հանգամանքներն ու պարագաները՝ նույն տեղում սկսեցին կառուցել [բերդը]՝ մեծամեծ ահռելի քարերով, որ, շատերի ասելով, մինչև անգամ մարդկանցից մեկը չէր կարող շարժել: Այնպես բարձրացնելով՝ ամրացրին և երկու դուռ կախեցին, նրանում բնակվելու համար ևս բազմաթիվ սենյակներ շինեցին:

Երբ պարսիկները լսեցին բերդի կառուցման և նրանց հարստության մասին, իրենց չար սովորությամբ հավաքվեցին և [որոշեցին] գնալ բերդի վրա, հաղթել, քանդել բերդը, ավար առնել կահ-կարասին ու ամբողջ շարժական գույքը և վերադառնալ իրենց տեղը:

Երբ բացվեցին գարնան դռները, հնչեց քաղցրաշարժ հողմը՝ կենդանացնելով ամենայն ցրտահարված բույսերը. մեզ մոտ այն դառնագին հնչեց: Ղարաուսուփ չար զորապետը բազմաթիվ ծանր զորքով եկավ Ցորա բերդի վրա՝ մարտնչելու հայոց քաջ նախարար Վելիջանի դեմ: Երկու կողմերը սկսեցին մարտնչել, բազմաթիվ օրեր նրանք պաշարեցին բերդը: Բայց անմիջաբար պատերազմում պարսիկների կողմից մեծ կոտորած եղավ, որովհետև բերդն անառիկ էր՝ շինված անմատչելի վեմի վրա:

Առանց երկարաձիգ շարադրանքի.-

Յոթ տարի պատերազմեցին, կորագլուխ պարսիկները հետ դարձան, երբեք չկարողացան վնաս հասցնել կամ հաղթել. այնքան տարիներ պարսից զորքից անթիվ կոտորած եղավ: Բայց այն կատաղածները չհուսահատվեցին, օրըստօրե զայրանում էին. «Գալ միանգամայն կամ բնաջինջ լինել, կամ վերջին տարում հաղթել հայոց նախարարին»: Այս անգամ բազմաթիվ ծանր զորքով եկավ նույն չար զորապետը: Այժմ նա քննում, պրպտում էր՝ գտնելու ջրերի ելքը՝ [մտմտալով], թե ըստ տեղի տեսապատկերի երբեք ջրի աղբյուր չի բխի: Դրա համար միջոցներ էին հնարում, որ թերևս կարողանան գտնել: Այս անգամ սաստիկ պատերազմ եղավ, պարսից զորքից շատերն ընկան, որի համար երկու կողմերում էլ մեծ վրդովմունք եղավ. կատաղածները օրըստօրե սաստկացրին պատերազմը, և այն երկարեց մինչև աշուն: Բայց խղճալի հայերը անձանձրույթ մարտնչում էին նրանց դեմ: Սակայն բազմաթիվ վնասներ եղան. գարին և ցորենը, բոլոր արտերը սմբակակոխ եղան և դարձան երիվարների, բեռնակիր կամ կառաձիգ եզների կեր:

Թողնելով այս ամենը՝ հայերը մեծ և անբաժան վտանգների մեջ ընկան, որովհետև [պարսիկները], վերին կողմերում բռնելով մի կնոջ, կամեցան գլխատել: Անիրավ կինը խոստացավ ցույց տալ ջրերի անցքերն ու ելքը: Դրա համար այն կնոջը բռնեցին-տարան իրենց զորապետի մոտ, որը ոսկի, արծաթ և այլ պարագաներ տվեց նրան: Կինը ցույց տվեց ջրի՝ բերդ անցնելու անցքը: Իսկույն ջուրը կտրեցին, ցամաքեցրին և բերին նավթի բազմաթիվ բեռներ, լցրին խողովակները: Ջրի տեղը նավթը գնաց բոլոր ջրհորները, ապականեց լճերը: Առավոտյան եկան՝ ջուր տանելու, տեսան ջրի կուտակվելու բոլոր տեղերը ապականված: Երբ հայերը տեսան, որ բոլոր կողմերից պաշարված են, ազատվելու հնար չկա, երկրորդ գիշերը կանանց և մանուկներին փախցրին բերդի հետին մասից, որովհետև մյուս կողմն անմատչելի էր:

Երկրորդ գիշերը բոլորը այն կողմերից իսպառ սկսեցին վայր սահել և փախան-գնացին: Առավոտյան ըստ իրենց սովորության պարսիկները ելան-խմբվեցին ճակատ տալու համար և տեսան բերդը դատարկ, առանց պահապանների և առանց պատերազմի ձայնի, թողած ամբողջ պղնձեղենը, շորեղենը, սենյակի կահ-կարասին և մարդկանցից դատարկ: Սկսեցին այնտեղ թողնված ամեն ինչ ավար անել: Դրանից հետո զորապետը հրամայեց, ուր որ է, գտնել հայոց քաջ նախարարին: Ըստ նրա հրամանի՝ փնտրելով շրջում էին բոլոր տեղերը և գտան [Վելիջանին], որ սակավաթիվ զորքով թաքնվել էր մի ամուր քարայրում: Բայց նրանից վախեցան, նրա անունը լսելիս սարսափահար էին լինում: Նրանց ցանկությունն էր բռնել կենդանի և տանել իրենց թագավորին: Ուստի սուտ և խաբուսիկ բաներ էին խոսում կամ աղերսում-խնդրում էին [քարայրից] դուրս գալ՝ հաստատ երդում տալով, որ բնավ նրան չեն վնասի. իսկ և իսկ էր, նրանց կամքն այնպես էր: Բայց մեր նախարարը գիտեր նրանց խաբեության իսկությունը, որ կամենում էին կապանքներով տանել իրենց թագավորի մոտ: Այստեղ ևս առավել սաստկացրին պատերազմը: Անօրենները իսկապես գիտեին, որ այնտեղ բնավ չունեն հաց և խմելու ջուր: Դրա համար տիրացան բոլոր կողմերին և պատեցին-պաշարեցին այնպես, որ ոչ մեկը չկարողանա ազատվել իրենց ձեռքից:

Քաջ Վելիջանը խոսեց իր զորքի հետ: Այնտեղ բոլորը չէին, այլ միայն կես մասը: Նրանք ամուր տեղերում էին պահում իրենց կանանց ու մանուկներին: Նա ասաց. «Ահա մեր ազգի վրա է նահատակության ժամը, նրանց ձեռքից մենք ազատության հնար չունենք, եկե՛ք սուրը ձեռին խառնվենք նրանց զորքին»: Բոլորը համաձայնվեցին նրա խոսքերին: Գիշերվա երրորդ պահին բոլորը ելան սուրը ձեռին: Երբ մոտեցան նրանց զորքին, քաջ Վելիջանը սարսափելի ձայնով և պարսկերեն լեզվով առյուծաբար գոչեց.

  • Բնաջինջ արե՛ք այդ անօրեններին:

Կոտորեցին ձեռքն ընկածներին և անցան-գնացին իրենց բերդը ու տեսան ամուր տեղերը քանդված ու քայքայված: Մինչ կամենում էին մի փոքր բարձրացնել քարերը և նրա թիկունքից պատերազմել, տեսան՝ ահա պարսից զորքը սուրը ձեռին պաշարեց իրենց:

Երբ արեգակի լույսը ծագեց երկրին՝ դեռ իրենց աչքերը խփած, երկու կողմերից աղաղակ բարձրացրին և աներկյուղ խառնվեցին իրար: Երկու կողմերը՝ հայերը և պարսիկները, հոգնել էին պատերազմից, որի համար իրենք իրենց նետեցին մահվանն ու նահատակությանը: Ուստի ասացին.

  • Ձանձրությունից միանգամայն կմեռնենք կամ կհաղթենք:

Դրա համար առանց երեսները հետ դարձնելու խառնվեցին և մահը լավ համարեցին, քան ապրելը: Որովհետև հայերն այդտեղ քիչ էին, մտածեցին այլ տեսակ հնարներով մարտնչել. պարսիկների զորքի մեջ խմբվեցին մի վայրում և առանց միմյանցից անջատվելու՝ մարտի մեջ գործի դրեցին իրենց սրերը: Իմացան, որ այնտեղ լինելը իրենց կյանքի վախճանն է, և յուրաքանչյուրին որքան կարողություն հասավ, կոտորեցին, որովհետև այնտեղ էր քաջության տեղը:

Երկու ազգերի ջերմաջերմ արյունը խառնվել իրար և ծովացել էր բերդի հատակներում, կուտակվել էին դիակները, ամենքը ներկվել և թաթախվել էին հանդերձանքով. այնտեղ բոլորը անպատմելի տարակուսական ցավ ու աղետի մեջ էին:

Այնտեղ ընկավ քաջ Վելիջանը զորքով հանդերձ:

Պարսիկների չվելուց հետո բոլոր թաքնվածները ելան և եկան բերդը, տեսան բերդի ամուր տեղերը քանդված: Երբ ներս մտան, տեսան այնտեղ դիակներն ընկած, կուտակված, արյունը ծովացած, զորապետերն իրենց բերդում ընկած: Հավաքվելով այնտեղ՝ ճանաչեցին իրենց ազգականներին, ընտանիքներին և տարան ամփոփեցին ընդհանուր գերեզմանոցում:

Իսկ քաջ Վելիջանի դին բերին ամփոփեցին Սպիտակ խաչ կոչված վանքին առընթեր՝ Դիզակ նահանգում: Ըստ կտակագրության՝ այնտեղ է թաղված նաև [Վելիջանի] հայրը՝ Խումարը: Փա՜ռք Քրիստոսին հավիտյանս հավիտենից, ամեն…

 

Թարգմանությունը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սամսոնի Մկրտչյանի

20.11.2013թ.

Շարունակելի

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի