Ս. Օրբելյանի հիշատակած մի տեղանվան ստուգաբանություն. Քրվանք

Spread the love

hhԱյս տեղանունը Սյունյաց պատմիչ Ս. Օրբելյանը նշում է Հաբանդ/ն/ գավառում` 20 միավոր հարկաչափով: «Սյունիքի պատմություն» գրքի 1861թ. մոսկովյան հրատարակության մեջ նշվում է Քրվանք, ապա տողատակում դրվում Քրօնք:[1] Իսկ 1968թ. հրատարակության մեջ նշվում է Քրվանք:[2] Տեղանվանը արտաքուստ նման գյուղեր կան պատմական Սյունիքում, որոնք չեն առնչվում Քրօնքին` Կերեն` Կովսական գավառում, Կուրավանք կամ Կուրօնք` Արևիք գավառում:

Գյուղի տեղադրության հարցը բավականին դժվար է: Սյունիքի հին գյուղերի անվանումները հիմնականում փոխվել են, և այսօր շատ քիչ վայրեր են կրում նախկին անվանումը: Տեղանվան ծագումը, սակայն, պարզ է. այն առաջացել է կրել բայից: Բառը գրաբարում գործառվել է «կրօն, կրօնք» և սրանցից կազմված ձևերով` «կարգ ու կանոն, օրենք, հավատք, կրոնական վարդապետություն, աստվածապաշտություն, սովորություն, արարողություն, կյանք, վարք, առաքինի կենցաղավարություն» իմաստներով:[3] «Կրոն»-ը մեր բառապաշարի հաճախական գործածվող բառաշերտում է և տարածված է հայերենի գրեթե բոլոր տարբերակներում: Հր. Աճառյանը այն նշում է «կիր» արմատի ներքո` -օն ածանցով` «կրել» իմաստով:[4] ՆՀԲ-ն «կրեալ և պահեալ» իմաստները բխեցնում է«կրօն»-ից: [5] Գ. Ջահուկյանը բառը համարում է հնդեվրոպական ծագմամբ`կրաւն /կրօն/`կիր «կրում»` *guēr, *guer «ծանր» արմատից:[6] Է. Աղայանը *guŗer նախաձևից է համարում հայերենի կիր, կրել, կար /կարոտ, կարիք/ արմատները:[7]

Իսկ ինչպե՞ս է կրոօն-ի կ-ն դարձել ք: Սյունիք-Արցախ տարածքային բարբառներում տարածված է կ>ք հնչյունափոխությունը ոչ միայն շ, չ, կ, թ, տ խուլերից առաջ, օրինակ` կաչաղակ>քըչէղակ, կթել>քըթել, կշիռ>քըշեռք և այլն,[8] այլև ն,ռ,ր ձայնորդներին նախորդելիս, ինչպես` կռթէլ>քըռթել, այստեղից` կըռթվանք>քըռթվանք «բրդի թելի կռթելուց մնացած մազմզուկները», գրաբարից ավանդված որոշ բառերում`կընդէլ>քընթէլ` գրբ. կտուեմ «ոստերը հատել» բառից, կընթըռ>քընթըռ` գրբ.` «կնճիռն խաղողոյ» իմաստից:[9] Գրաբարի ձևերից բարբառախմբին անցած ունենք կնճռնոց>քընթռնոց «օձի գալարումը», կոյր/կուրի/>քöռ, այստեղից բարբառում` կյըրաղէնք||կըրաղէնք||քուռաղէնք «կույր աղիք»Կոյր/կուրի/>քö/ո/ռ բառի ռ-ն հավանաբար ոյ>ու փոփոխության ազդեցությամբ է, այսպես` ոյ-ը դարձել է ու, ինչպես` պտոյտ>պըտու/ը/տ (շատ դեպքերում դառնում է քմային ո̈ւ` շոյտ>շ ո̈ւտ, կոյտ>կ ո̈ւտ և այլն), իսկ փակ վանկի ու-ն շեշտազուրկ դիրքում դարձել է ը, որի ազդեցությամբ էլ ր-ն դարձել է ռ, ինչպես` պուրծ>պըռծնէլ, լպուրծ>լըպըռծ/ել/ և այլն:

Այսպիսով` կրոն||կրոնք-ը վերածվել է քրոն||քրոնք-ի, իսկ քրոնից ձևը կրոնք||քրոնք-ի հոգնակի սեռականն է` ք>ից: Այսօր Սյունիք-Արցախ տարածքային բարբառներում քրոն||քրոնք արտասանություն չի պահպանվել, դրա փոխարեն բարբառախումբն ունի կըրօն||կըրօնք ձևերը:  Պարզ է արդեն, որ Քրվանք, Քրոնից վանք, Քրօնք բառերի հիմքում ընկած է կիր արմատը և -ոն /-օն/ կամ –ոնք /-օնք/ (-ն+ք) ածանցը, որ բայահիմքերից կազմում է գործողության անուններ, ինչպես` ծամոն, կրոն, լցոն, ցրոնք, մղոն[10] և այլն: Քրոնք տեղանունը հավնաբար բավականին հին է, որովհետև բարաբառախմբի նոր անուններում կ>ք հնչյունափոխությունը չի գործում, այն անգամ չի պահպանվել կըրօն||կրօնք բառում: Կարելի է կարծել, որ տեղանունն առաջացել է նախաքրիստոնեական շրջանում արմատի «ուժ, սաստկություն, ծանրություն» նախնական իմաստներից, քանի որ սրբավայրը կառուցված է բնական քարաժայռի ներսում: Նման մի սրբավայր էլ կա Հին Գորիսում` Կյորեսում, որին անվանում են Ճըքնըվէրի քերծ` «ճգնել» իմաստից:


[1] Տե՛ս, Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Մ., 1961թ., էջ 375:

[2] Տես, Ս. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1968թ., էջ 400:

[3] Տե´ս Ս. Գաբամաճեան,  Նոր բառագիրք հայերէն լեզուի, Կ. 1910, էջ 754:

[4] ՀԱԲ, էջ 685-656:

[5] ՆՀԲ, էջ 1138:

[6] Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Ե., 2010թ., էջ 407:

[7] Է. Աղայան, Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1974թ., էջ 84-85:

[8] Այս մասին կարելի է տեսնել Ա. Մարգարյան, Գորիսի բարբառը, Ե., 1975թ., էջ 58:

[9] Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Ե., 2013թ., էջ 798:

[10] Այս մասին տե´ս Ա. Մուրվալյան, Հայոց լեզվի բառային կազմը, Ե., 1955թ., էջ 375:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի