Այստեղ ամեն ինչ աղերսվում է հայկականին. Եզնագոմեր

Spread the love

18-րդ դարի երկրորդ կեսին, երբ թուլացան հայ մելիքական տները, Մեծ Հայքի Արցախ ու Սյունյաց աշխարհ թափանցեցին մուսուլմանական ցեղերը, և հայաթափվեցին Քաշաթաղի, Քաշունիքի, Կովսականի և այլ գավառներ։ 

Բացի հայոց երկիր լինելուց, դրանք նաև հարուստ էին պատմամշակութային հուշարձաններով՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, խաչքար-կոթողներ, գերեզմանատներ, կամուրջներ, դամբարանադաշտեր, ամրոցներ և այլն: Այս ամենը երկար ժամանակ մնաց գերության մեջ: 

Արցախյան ազատամարտը  նշված տարածքները  կրկին վերադարձրեց իր իսկական  տիրոջը, ինչն էլ հնարավորություն ընձեռեց  ուսումնասիրելու  հնօրյա այդ մասունքները։

Հայագիտական ուսումնասիրությունների հետքերով եղանք Լեռնահովիտ համայնքում: Նախկին Եզնագոմեր գյուղը գտնվում է Քաշաթաղի շրջանի հյուսիս-արևելյան մասում՝ Բերձորից մոտ 70 կմ հեռու՝ ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա: Այս պատմական բնակավայրի մասին հիշատակվում է 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի պատմության մեջ՝ Քաշաթաղ գավառի 18 գյուղերի շարքում:[1]

Դեռևս այդ ժամանակ Եզնագոմերը եղել է շեն ու հայաշատ բնակավայր։ Հայաթափումից հետո՝ 18-րդ դարի կեսերից, գյուղում հաստատված օտարներն այն  անվանափոխել են՝ Ղարաքեշիշ,  որը նշանակում է Սև տերտեր: Գյուղում պահպանվել է միջնադարյան երկու շինություն, որոնցից մեկը փոքր է իր չափերով, թաղածածկ, իսկ մյուսը համեմատաբար  մեծ է, ունի  երկու  սենյակ, դարձյալ թաղածածկ։ Խորհրդային տարիներին Եզնագոմերը  կոչվում էր  Լենինքենդ։

Ունենալով մոտ հազարամյա, եթե ոչ ավելի, պատմություն` հայոց բնակավայրը հնարավոր չէ, որ եկեղեցի չունենար։ Շրջանի որոշ գյուղերում տարբեր նպատակներով օգտագործելու պատճառով պահպանվել են հայոց սրբատները, հիմնականում՝բազիլիկ եկեղեցիները, սակայն գերեզմանատները հիմնովին ավերվել են: Ըստ տարբեր տեղեկությունների՝տարածքի մի շարք բնակավայրերում եղած  եկեղեցիները գոյատևել են մինչև 20-րդ դարի 30-ական թվականները, այնուհետև հիմնովին ավերել են: Նման ճակատագրի է արժանացել նաև Եզնագոմերի եկեղեցին և, ինչպես ընդունված է, հարևանությամբ գտնվող հանգստարանը: Գյուղի թրքաշեն տների պատերի մեջ կան ջարդված շիրմաքարերի բեկորներ: Նման պատկերներ շրջանի շատ գյուղերում կարելի է հանդիպել: Մի գեղեցիկ խաչաքանդակով ու թռչնանկարով շիրմաքարի կտոր վերաբնակիչների կողմից տեղափոխվել է վերոհիշյալ փոքր հնամենի շինությունը, որի պատուհանի երկու անկյունաքարերը նույնպես տապանաքարի կտորներից են շարված. մեկի   վրա կա հայատառ արձանագրություն: Այս գտածոն հուշեց, որ տարածքում նման մասունքներ էլի կլինեն: Փնտրտուքը երկար չտևեց. մոտ 100 մ հեռու գտնվող մեկ այլ ավերակ  հայոց շիրմաքարերի կույտի էր վերածվել: Մաքրում ենք քարերը ցեխից, չափագրում, լուսանկարում: Շիրմաքարերից մեկը կապտավուն քարից է՝դարձյալ կիսված, երեք կողմից քանդակազարդ է: Ինչպես ընդունված է, կողապատին խաչ է քանդակված: Իսկ երկու կողմերում կենցաղային պատկերաքանդակներ են։ Կարծում ենք՝ հենց այս տարածքում ինչ-որ ժամանակ կանգուն է եղել հայոց եկեղեցին, իսկ շուրջը՝ գերեզմանատունը: Դպրոցի աշակերտներն ասացին, որ նման քարերի տեղն իրենք ևս  գիտեն: Այս տարածքում դեռ կշարունակվեն մեր ուսումնասիրությունները. չէ՞որ այս կերպ  ու քայլ առ քայլ վերականգնում ենք  հնամենի  մեր պատմությունը:

[1] Այս մասին տե’ս նաև, «Ժամանակագրութիւն Ստեփաննոսի Օրբէլեանի», հրատարակության պատրաստեց Ա. Աբրահամյանը, Ե., 1942թ.:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի