Ա. Ստեփանյան “Ճերմակ ճախրանք” (գրախոսություն)

Արմեն Ստեփանյան-”Ճերմակ ճախրանք”.  Գրական-գեղարվեստական հրատարակություն. Բանաստեղծություններ, խմբագիրներ՝ Սուսան Կարլենի Ալիխանյան, Արտակ Ոսկանյան (“Կապույտ Էսքիզներ” շարք), 2021թ. , 360 էջ:

Նախ՝ գրքի կառուցվածքը. -Գունավոր շապիկ ունի, որի առաջին էջում արագ սլացող ճերմակ ձիեր են, իսկ հետնամասում Արմենի նկարն է՝ նրան ներկայացնող բովանդակալից բնութագրական խոսքով: Գիրքը ներառում է նախաբան և 357 անվամբ՝ վերնագրով բանաստեղծություններ, որոնք տրված են ենթախմբերով՝ Աննյութական, Արցունքի ծաղիկներ, Իմ խեղճ ժամանակ, Ինքնահրկիզում, Կորուսյալ սրտեր, Հայրենաշունչ ժամերգություն, Հարատևումի սաղմոսներ, Սրբալույս թոնրատուն, Հավերժի երթում, Վերադարձ չկա, Տխրություն, Կապույտ Էսքիզներ: Գրքի 3-7 էջերն զբաղեցնում է նախաբանը՝ “Նախաբան կամ բյուրեղյա դասականի հմայքը”, որի հեղինակը Սուսան Կարլենի Ալիխանյանն է: Այստեղ Ս.  Ալիխանյանը և՛ ինքն է ուշագրավ խնդիրներ շոշափում, բնութագրում, և՛ բանաստեղծ Արմեն Ստեփանյանի դատողություններն է վկայում ու գնահատում, արժևորում: Մեր կարծիքով՝ անհրաժեշտ է անդրադարձ կատարել նախաբանի քննարկումներին ու մեկնաբանություններին, քանի որ դրանք արդարացի են և օգտակար, ընթերցողների համար ևս՝ հետաքրքրաշարժ: Սուսան Ալիխանյանը որպես խմբագիր, պարզ է, քաջատեղյակ է գրքի բովանդակությանը և մեծարում է բանաստեղծին՝ նրա ստեղծագործությունների թեմատիկ բազմազանության և կատարելության համար: Նա գրում է. “Տեխնիկական գիտություններին իրազեկ բանաստեղծի մտածողությանը բնորոշ է բանաձևային ճշգրտությունը, որը տեսանելի դրսևորվում է ոչ միայն բառերի ընտրության, այլև զգացածի ու վերապրածի, երազածի ու չհասածի, ծածուկ տենչերի ու դրանք Տիրոջ առջև դնելու ազնիվ մղումների” (3): Կամ՝ “Սիրո մերօրյա նենգափոխված ըմբռնումներին Արմեն Ստեփանյանը հակադրում է տիեզերքը, նրանում կառուցվող մարդկային աստվածաշնորհ փոխհարաբերությունները ափեափ ողողած բազմաճյուղ սիրո գաղափարը: Սերը տիեզերքը չափող և կառավարող Արարչից բխած հրաշքն է անվերծանելի…Եվ հասկացա, որ աշխարհի փառքն ու ոսկին Սերն է միայն և բարության կանթեղը վառ…” (4): Ալիխանյանը բարձր է գնահատում Արմենի “Սերը” վերնագրով ինքնակենսագրականի խոհերը, որոնք հիացմունք են պատճառում սիրո սրտառուչ մեկնաբանությամբ, որը հատկապես նոր կյանք մտնող սերնդի դաստիարակությանը միտված կատարյալ խրատանի է: Արմենի բնութագրումներից հակիրճ ներկայացնենք մի երկուսը.  Սերը բնակվում էր մեր թոնրատանը, որտեղ մայրս լավաշ էր թխում: Նրա ամեն լավաշի մեջ ես տեսնում էի արարման եթերային հեքիաթը: Նրա ալրաթաթախ գոգնոցից բարությունը պոկվում էր և գումարվելով լավաշից ճառագող լույսին՝ մեր տունը լցնում էր սիրո բուրմունքով: Նա մեզ անմնացորդ նվիրում էր իր հոգում ապրող սերն ու ջերմությունը: Սերը բնակվում էր մեր խնձորի այգում, որտեղ պապս իր կոշտացած ձեռքերի ճաքճքած մատներով ծառ էր տնկում և խաչակնքում էր ամեն տնկու ծնունդը: Աստվածաշնչից հատվածներ էր արտասանում և այցելում էր իր նախնիների շիրիմները: Նա փառաբանում էր երկիր հայրենին և անվերջ պատմում մեր փառապանծ հերոսների մասին: Նրա թողած անսահման սերը մնաց մեր հոգիներում որպես ապրելու տենչ: Եղբայրս գյուղի կենտրոնում կանգնեցրեց պապիս արձանը որպես նվիրումի և ընտանիքի խորհրդանիշ: Սերը բնակվում էր հորս ժայռակուռ բազուկներում, նրա տղամարդկային հզոր հոգում, նրա օջախի սյունը ամուր պահելու աննկուն կամքում: Նրա խոժոռ հայացքում մենք տեսնում էինք մեր բոլոր թերությունները, նրա աչքերում մենք կարդում էինք չցուցադրվող, բայց իր զավակներին անսահման սիրող հոգին: Սերը լույսի մարմնացումն էր գեղանի աղջկա կերպարում, որոնք ինձ օգնեցին կարդալու հավերժության գաղտնիքները, որը վերերկրային թռիչքներ պարգևեց ինձ: Նա ինձ տարավ դրախտի արահետներով և նվիրեց աստղաբույլերից հյուսված ադամանդե փնջեր. նա հույզերի հրդեհներ պարգևեց ինձ և մայրամուտի պաստառի վրա նկարեց իմ ապրելու իմաստը: Այս շարադրանքը ծավալվում է՝ ներառելով ոչ միայն երկրային հայրերի սրբալույս արժեքների ստեղծման, այլև՝ հայրենիքի հզորացման, հայրենադարձության դրոշի ներքո համախմբվելու խնդիրները, մեր սերնդի՝ երկրագնդի վրա ինքնությունը պահպանելու արդար, աստվածահաճո հրահանգները: Նախաբանում Սուսան Ալիխանյանն իր գրառումներում ընդգծում է, որ բանաստեղծ Արմեն Ստեփանյանի հոգու տվայտանքները այնպես հարազատ են հազարավոր ընթերցողների, որ իրենց էջերից սրտառուչ հղումներ են կատարել՝ նույնիսկ հեղինակի հետ անձնական ծանոթություն չունենալով (5): Հոդվածագիրը հարկ է համարում դրանցից մի խումբ զետեղել, որոնք ուսուցիչներ և ստեղծագործողներ են (Տե´ս 6-7 էջերը): Ինքս նույնպես համաձայն եմ այդ կարծիքներից ներկայացնել համառոտ.

  1. Ձեր խոհերի և զգացմունքների աշխարհը տարբերվում է ժամանակակից գրողների աշխարհից. Դուք տրամադրություն արտահայտող պատկեր եք ստեղծում: Դուք բանաստեղծ եք՝ Աստծո կողմից օծված: Ձեր մեջ երկնքի և երկրի մեջ կապ ստեղծող հզոր ուժ կա, որն էլ փոխանցվում է Ձեր ընթերցողին: Մարիետա Սարգսյան
  2. Տաղաչափական հարուստ, տպավորիչ մշակույթ, ձևի և բովանդակության ներդաշնակություն… Գոհար Ավետիսյան
  3. Բնության թանկ մասունքների հետ զուգորդելով հոգևորը՝ տեսանելի եք դարձնում աննյութ, բայց մշտափայլ արվեստը, որի անունն է Սեր… Խոսքի վարպետ եք, շնորհակալություն Ձեր մուսաներին… Նաիրա Հովհաննիսյան
  4. Ձեր յուրաքանչյուր տող նման է մեղեդու, այնքան հմայիչ եք ներկայացնում, որ թվում է՝ պոեզիան երկնային նկարչություն է հմայվելու, հույզերը հարստացնելու, սերը ներշնչելու, մտքերի ստվերներում գեղեցիկը փնտրելու համար… Ծափերս բուռն… Սվետա Աբրահամյան
  5. Հիացմունքը լռություն է ծնում… խոսուն, հորդաբուխ, թանձր լռություն, որ ապրումի, խոկումի, զգացումի ոսկեշղարշ, անրջային վարագույրն է… Շնորհակալ եմ, Մաե՜ստրո… Գոհար Մխեյան
  6. Դուք այնպե՜ս գեղեցիկ եք մայր գովերգում, հուզում է պատում ընթերցողներին: Ձեր բառերն ընտրանի են, Դուք ունեք Ձեր պայծառ մտքին արժանի գրելու ոճ: Լիզա Մոսինյան
  7. Հրաշագործ պոետ-նավապետ… քո փարոսը արևն է, թռիչքուղին՝ հորիզոնը… շարունակիր կյանքի համերգում հնչեցնել սիրո լարը… եկել ես՝ սիրո դաշտերում նորից “անհոգ” թափառելու… ջրբաժանի երկփեղկված կամուրջները իրար բերելու… Մարիետա Նավասարդյան
  8. Ձեր պոեզիան մաքրամաքուր է, ըմբռնելի, եթերային՝ համեմված գեղեցիկ բառերով. ընթերցողը դրանցում իրեն է տեսնում: Խոնարհումս, սիրելի պոետ: Հասմիկ Սեդրակյան
  9. Հազարավոր գործերում կզգամ քո տողերը, Արմե՛ն ջան, դու անկրկնելի ես. դու օժտված ես վերերկրային շնորհով, որին արժանի ես: Շնորհակալություն: Նվարդ Այվազյան
  10. Դուք Պիգմալիոնի նման քանդակել եք Ձեր գեղուհուն, որն անմրցելի է, մաքրությամբ ու քնքշությամբ է բուրում՝ զերծ մեղավոր կրքի պոռթկումներից: Հրաշալի է: Ալվարդ Սամսոնյան

Կարծիքներ ունեն նաև Ջուլիետ Բեդրոսյանը, Սուսաննա Պետրոսյանը, Ալլա Հարոյանը: Ջուլիետ Բեդրոսյանը մեծ տարբերություն է տեսնում ժամանակակից հեղինակների և Արմենի գրածների միջև, առաջինները սուրասայր են գրում, որից կարդալիս արյունոտվում ես կամ խոշորացույց պիտի ոգտագործես, այսպես. «Ժամանակակիցներն այնքան սուրսայր են գրում, որ արյունոտվում ես կարդալիս: Կամ խոշորացույցով փնտրում ես Բառի հոգին: Դուք բացառություն եք: Ապրել այս քաոսայինի մեջ ու երգել ներդաշնակություն՝ դժվար է, Ձեզ հաջողվել է փլատակներից փրկել Սիրո փշրանքները» (7): Սուսաննա Պետրոսյանը մեծ ոգևորությամբ է բնութագրում Արմենի բանաստեղծությունների բավականություն պատճառող, գեղագիտական, արտահայտչական ազդեցիկ կողմերը, սիրո բացահայտման նրբերանգները: Նա գրում է. «Շատրվա՜ն է սիրախառն հույզերի… Փոթորիկ է սրտի ծովում… Ափերը շշմել են… խենթացումից… Աստղալույսի երկնաթափ անձրևնե՜ր են՝ հոգում գոհարված… Կենսաթռթի՜ռ են բացահայտումները սիրո դղյակի, ուր թագուհին է Անաղարտը ու թագավորը` պոեզիան… Անմահ է գործիդ սքանչելությունը, թովչանքների ու հույզերի Մոգ…» (7): Ալլա Հարոյանը հիացած է ստեղծագործությունների արտահայտչականությամբ, բառերի տեղին և հասկանալի գործածությամբ, և ամենի համար հեղինակին մեծագույն պոետ է համարում. «Անզուգական է.  Էլի ու էլի կասեմ անզուգական է, հույզերը բոլորի համար նույնն են, բայց արտահայտել այդքան սիրուն, յուրովի… Ձեր տողերը մարգարիտների նման գտնում են իրենց տեղը և կենդանանում.  Մի տեսակ հեշտ է լինում շնչելը, ինչքան էլ զգացմունքը խեղդի… Արմե՛ն, Դուք պոետ եք բառիս ամենամեծ իմաստով» (7): Սուսան Ալիխանյանն այստեղ նշում է, որ սիրով ներկայացվում է նաև «Կապույտ էսքիզներ» շարքի նախաբանը, որի հեղինակը հայերենին գերազանց տիրապետող ֆիզիկոս, խմբագիր, բազմաթիվ գրքերի հեղինակ, երջանկահիշատակ Արտակ Ոսկանյանն[1] է: Ցավոք, Արտակ Ոսկանյանի՝ նշված այդ նախաբանը չկա այս գրքում:

Արմեն բանաստեղծի անձը

Առաջին անգամ է, որ լսեցի Արմեն Ստեփանյանի բանաստեղծ լինելու մասին և կարդալով նրա «Ճերմակ ճախրանք» ստվարածավալ բանաստեղծությունների գիրքը՝ ապշեցի, թե ե՞րբ և ինչպե՞ս հասավ այդ բարձունքին, կյանքի ինչպիսի՞ շավիղներ է ունեցել: Արմենը ծնվել է Սիսիանի շրջանի Դարբաս (իրենք ասում են Դարաբաս) գյուղում՝ Ստեփանյանների պատվարժան ընտանիքում-1963 թ.: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում[2], այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում՝ ստանալով ինժեների մասնագիտություն: Արմենի փոքր եղբայր Արամն էլ ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը[3]: Ավարտելուց հետո երկուսն էլ աշխատել են իրենց մասնագիտությամբ: 1996թ.  Նրանք մեկնել են Մոսկվա և զբաղվել գործարարությամբ: Բավարար միջոցներ վաստակելուց հետո վերադարձել են հայրենի եզերք և ձեռնամուխ եղել նրա շենացման գործին: Եղբայրները կառուցել են Սուրբ Ստեփանոս եկեղեցին, «Տատնի» հանքային ջրերի գործարանը, «Շամբ» պահածոյի գործարանը, եկեղեցուն կից մշակույթի կենտրոն-թանգարանը և բազում այլ գործեր: Ղևոնդ Ալիշանի ասած՝ պատմական Լորաձորից (բարձրաբերձ Տատնից՝ Լեռնաշենով (հին Շինաթաղ), Լորով, Գետաթաղով, Դարբասով, Լծենով և Շամբով) հանքային ջուրը հասցրել են վարար գետափը՝ Շամբը, գործարան կառուցել, որն այժմ բազմատեսակ ըմպելիքներ է արտադրում: Կարծում ենք, որ այս հարցում ինժեներ Արմենը մասնագիտական իր լուման է ունեցել: Դարբաս գյուղի ստորին կամուրջը քայքայման վիճակում էր, և եղբայրներ Արամն ու Արմենը դարձյալ միջամուխ եղան, իրենց միջոցներով կամուրջն ամրացրին, նորոգեցին և անվտանգ դարձրին (Ի միջի այլոց կամուրջի նորոգմանը նվիրված հանդեսին ինքս էլ եմ եղել և սեփական աչքով տեսա, թե ինչ է կատարված): Առ այսօր Արմենին մի անգամ եմ հանդիպել. դա այն ժամանակ էր, երբ տղաները հանքային ջուրը Լեռնաշենից Շամբ էին հասցրել և տվել առաջին արտադրանքը: Ես, Վարուժանը (տղաս) և Ծովիկ թոռս եղանք Դարբասում՝ Ստեփանյանների տանը, նրանք մեզ լավ պատիվ տվեցին: Վարուժանն ուզում էր նրանց հետ աշխատանքային կապ ունենալ, նրանց արտադրանքից բերեց մեզ մոտ: Պարզ է, որ Արամը իմ ուսանողն էր, Արմենին առաջին անգամ էի տեսնում և նրան նվիրեցի նոր լույս տեսած (2008թ. ) գրաբարի իմ բուհական դասագիրքը՝ «Գրաբարի դասընթաց»: Եվ ահա շուրջ 15 տարի հետո ես էլ ունենում եմ նրա բանաստեղծությունների գիրքը՝ իմ 95 -ամյա հասակում: «Կապույտ էսքիզներ» գրքի խմբագիրը՝ Արտակ Ոսկանյանը, շատ լավ է բնութագրում Արմենին.  «Եվս մի նոր անուն` Արմեն Ստեփանյան, մասնագիտությամբ ինժեներ, կոչումով՝ բանաստեղծ: Արմենը, ինչպես տեխնիկական գիտություններով զբաղվող շատ մասնագետներ, ինքն իրենից թաքուն գրել է ու գրում է` միշտ հեռու մնալով պոեզիա ներխուժելու մտքից, հակառակ դեպքում նրա անունը տեղ գտած կլիներ իր սերնդակից բանաստեղծների անվանաշարքում: Գեղարվեստական պատկերավորության հատկություն, լարված դրամատիզմ, անցյալի ներկայության և ներկայի որոշակիության զուգորդում.  Ահա թե ինչն է աչքի զարնում, երբ կարդում ես այս գիրքը. Եվ երբ աստղերը թիթեռներ դառնան, Դու լողա ծովում իմ գիշերների… Բանաստեղծությունները վկայում են, որ մենք գործ ունենք իր սեփական բանաստեղծական աշխարհ ունեցող անհատի հետ: Ես բարի երթ եմ մաղթում նրան»: Գրքի ստեղծագործությունների կառուցվածքից և թեմատիկ ամբողջությունից հստակորեն նկատելի է, որ Արմեն բանաստեղծը վերընթաց զարգացում է ունեցել: Դեռևս մանկապատանեկան տարիներին գյուղի և իրենց տանը, ընտանիքի ապրելակերպի խնդիրներն ընկալել, ուշադրության է առել, որոնք անջնջելի, խոր հետք են թողել նրա գիտակցության վրա՝ հետագայում աստիճանաբար դառնալով բանաստեղծության թեմաներ: «Կապույտ էսքիզներ»[4] (256-357) շարքի բանաստեղծությունների գրառման թվեր չկան, մյուս շարքերում՝ խմբում, կան, որոնք սկսված են 2008-ից մինչև 2021 թ. , որոնցում առավել շատ են 2015-2017 թվականները: Այս շարքը ներառում է առավելապես ստեղծագործական սկզբնական շրջանի գործերը: Բանաստեղծն արդարացի է, որ այդ շրջանում հույժ կարևոր ընտրություն է կատարում՝ առաջնային համարելով ընտանիքի բանաստեղծումը, թեև հետագայում ևս անդրադարձ է ունենում այդ թեմայի հարցում: Բանաստեղծ Արմեն Ստեփանյանը երկրպագում է հայրենի գյուղը՝ Դարաբասը, նրա բնաշխարհը, գետի գարնանային դաղձը, իրենց՝ Ստեփանյանների օջախը՝ տունը, տան անդամներին՝ Արսեն պապին, տատիկին, հայրիկին ու մայրիկին, հիանում է նրանց աշխատասիրությամբ ու մարդկային բարձր հատկանիշներով: Լավ է, որ գիրքն ընթերցող ուսուցիչներն ու ստեղծագործողները նույնպես նկատեցին բանաստեղծի՝ հարազատների նկատմամբ ունեցած ջերմագին և նվիրական սերն ու համակրանքը: Այժմ փաստերի լեզվով խոսենք և տեսնենք, թե Ստեփանյան ընտանիքի մեծերը ինչպիսի վարքի տեր են և որպիսի փառաբանության արժանի:

Ինչպիսի՞ն էր Ստեփանյանների տունը.

Հացի պես սուրբ էր, անգին,             Իսկ այգում ալեհեր իմ պապի

Ծխացող թոնրատունը մեր,             Խնձորի բուրմունք կար և բարիք.

Ուր մայրս լավաշ էր թխում,             Մեր տունը կենտրոնն էր աշխարհի,

Արևից հունցված գաթաներ:            Ամրոց էր ու բերդ էր անառիկ (161):

Պապը բարի է, հյուրասեր, ամրաբազուկ, Աստվածաշունչ է կարդում, անգիրներ է ասում, իմաստուն է, նրա օջախը «հավերժ կծխա» հայոց լեռների ժայռոտ փեշերին.

Իմ ավագ որդին երբ հասունանա               Երբ գերդաստանի տղերքը կգան,

Ու իր պապի պես իմաստուն դառնա,        Ցուլը կքաշեն իմ պապի այգին,

Այդժամ կիմանամ ճիշտ ժամն է հիմա,      Պոզերը բռնած՝ գետնովը կտան

Որ զուռնի ձենից մեր ձորը թնդա:                Ու ծափ կզարկեն՝ պարեն քոչարին…  (165)

Բանաստեղծն ունի բարի և անգին տատիկ, որ բանջարեղեն է մշակում, հավաքում, ճախարակի թելեր է մանում և թոռների համար տաք գուլպաներ գործում՝ սիրուն նախշերով, բայց անհատնում հոգսերից հոգնած է և այդ վշտերից կորացած.

Մարգերի հողից ճաքած,                             Հիշել եմ թելերդ մանած,

Բանջարի փշից խոցված,                            Քո գործած գուլպաները տաք,

Մատներդ, իմ անուշ տատիկ,                    Որ ամեն թոռան համար

Հիշել եմ այսօր կրկին:                                 Նախշեր ես ջոկել հատ-հատ (272):

Հայրը բազում հատկանիշներով է օժտված, օրինակելի է և ազդեցիկ, ֆիզիկապես և բարոյապես օգտակար կապեր է ձևավորում մարդկանց հետ, աշխատանքային առաջամարտիկ է, անաղարտ սեր ու հոգի ունի ընտանիքի և հայրենիքի նկատմամբ.

Հայրս լեռների կամքն էր ամբարել

Բռունցքների մեջ իր ժայռանման.

Մի տուն-ամրոց էր քարերից կերտել

Հայոց ոստանում մեր բիբլիական:

Հայրս մի հզոր այր էր հայկազուն՝

Կամքի կենդանի, ահեղ արարում.

Անպարտելի էր հոգին առնական

Ամպերին հեքիաթ պատմող լեռներում:

Հայրս մեծ Հայկն էր առասպելական,

Մեր սուրբ օջախի պահապան ոգին,

Խոսքը օրենք էր՝ առանց քննարկման,

Հայացքը՝ խոժոռ՝ վայել արքային (167):

Մոր կերպարը առավելապես մանրամասն է կերտված՝ «Մեր տունը» (2), «Մայրիկ» (260), «Իմ անգին մայրիկ» (269), «Մոր ցավը» (111) և այլ բանաստեղծություններում: Վկայենք որոշ բնութագրումներ.

Հիշողության մոխիր.                                                          Գարունը դաղձ փռեց գետափին,

Տառապանք՝ ճերմակ վարսերի մեջ շաղված…               Սպասեց երկա՜ր, երկա՜ր…

Ինչ որ ինձ է տրված մորս կողմից վաղուց                       Արևոտ քո երկրում՝ հայրեններ.

Թող աշխարհում տրվի բոլոր մանուկներին… (260):  Դու՝ մի մայր՝ մայր հողից կտրված,

Որդիքդ դարձել են պանդուխտներ,

Թոռներդ՝ հայրենին մոռացած  (111):

 

 

ԼՈՐԱՁՈՐ

Ղևոնդ Ալիշանը «Սիսական»[5] (1983) աշխատության մեջ 14 գավառների պատմություն է ներկայացրել. «Ծղուկ» (Սիսիան) գավառը բնութագրված է 206-253 էջերում, իսկ 83. Լորաձոր ենթաբաժինը զբաղեցնում է 220-222 էջերը: Նշվում է, որ լեռների բարձր աղբյուրների ջուրը գետ է կազմում և շուրջ 26 բնամղոն (մղոնը հաշվում են շուրջ 1000 քայլ կամ 1500 մ) հոսում ձորով, գնում թափվում Որոտն: Նոր ժամանակներում, ասում է.  Վերին ձոր են անվանում. «Ի նոր ժամանակս Վերին-ձոր կոչի վիճակս այս կամ ձորակ: Իսկ զգիւղն Լոր՝ ձորում են արդ 110 տուն բնակիչք, առանձնակի ի պատմությիւնս ոչ գտանեմ» (220): Լորը եկեղեցի է ունեցել և ուրիշների համեմատ գյուղը գլխավորն էր, ձորը Լորաձոր է կոչվել. «-Գիւղն Լոր՝ Ս.  Գէորգ եկեղեցեաւ, որ միջակի ձորոյն կայ` յահեկէ ձորոյն, գլխաւոր եղեալ է ի հնումն այլոցն, որ ի նմին, քանզի յիւր անուն կոչի Լորաձոր (=քանի որ իր անունով կոչվում է Լորաձոր) » (ն. տ. ): Լորի հարավային կողմից՝ գետակի աղբյուրներին կպած. «Կայ Շինաթաղ գիւղ ի լեռնամէջս (=լեռնամիջում՝ լեռների մեջ տեղում), Ս.  Մարտիրոս եկեղեցեաւ, և 100 տուն բնակչօք» (ն. տ. ) .  «Իսկ ի ներքոյ Լորի, այն է ի Հս (=հյուսիսում) կայ Գետաթաղ 90 տամբ (= տնով), առ գետեզերքն… » (ն. տ. ) : Այս գյուղից Բաստամանց Փիրազատեն վաճառականական նպատակներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում ու քաղաքներում` Վան, Պաղիշ, Հիզու, Ղարա Հեմիդ, Որբայ (Եդեսիայ), Ատանա, Գոնիայ, Ղարահասեր, Քոթիա, Իզնիք, Իզնայմիտ, Աստանբուլ, Ատրանայ, Ղարայբողտան, Լեի (Լեհայ), Կամայանից, Իլով, Զամոցայ, Գրայքոք, Փառակա (Պրակա), էրքայ, Դելիդանայ (Իտալիայ) , Վենետիկ, Եանքուայայ, Միլեոն, ի Սպանիայ, Մատիլ քաղ. , Դենմարքայ երկիրն, Շիվեցայ երկիրն, Փառանկ երկիր Փարիզ քաղաք, թագավորին թախտայ (220-2021): {Անգրագետ մարդ էր.  Նրա գրածներն են} Հերթը հասնում է Դարբասի նկարագրությանը, և լավ կլինի բնագիրն օգտագործել` ամենը ստույգ պատկերացնելու համար.  «Սակաւուք» ի ստորև քան զԳետաթաղ, ի նմին կողման կայ գիւղն Դարապաս, բարգավաճ պտղատու պարտիզօք ի խորաձորի ամայի լերանց.  ոչ հիշի առ հինսն, այլ գուշակի մեծ և ոչ աննշան լինել տեղի, որպէս և յաւուրս պատերազմաց Դաւթի բեկի, որ յամի 1727 գումարեաց աստ զօրս ի Հայոց կողմանցն և ի Սիսիանէ.  և խաղացեալ ի սահմանս Նախճաւանի եհար զիշխան նորին, որ գայր յիւր վերայ.  Զատ ի նորոյն է ի գեղջս և հին եկեղեցի Ս.  Ստեփանոս, շինեալ անդըստին յաւուրց Լիպարտի, այլ ոչ գիտեմ որպէս նորոգեալ» ( 221) : Նշվում է, որ գյուղն ունեցել է175 տուն, նրանց հետ եղել են և մահմետականներ.  Նադիր Շահի օրոք դրսից այլազգիների մուտք լինում էր: Գյուղի անունով մի վտակ հոսում է մացառուտ ձորակով՝ վրան նետված քարէ կամուրջ, թափվում է Որոտան գետը: «Յայնկոյս հաստատեալ է Դարպասեցւոց ամարանոցս, և զտեղին Շամբ կոչեն, զի են իսկ անդ եղտիւրք և ճահիճք, վասն որոյ և ոչ առողջասուն (=կեղտեր ու ճահիճներ են և դրա համար էլ առողջարար չեն) » (ն. տ. ): Այստեղ Ալիշանը կարևոր դիտարկում է անում, այն է՝ Դարապասը հարկատուների հին ցուցակում նշված չէ, այնտեղ Լծենի, Լորի, Շինաթաղի հետ նշվում է և՛ Տատան (սա Տատնին է), և՛ Մրուց (սա Մրոցն է), և՛ Ըղուերձ, որ Լորի ու Մրոցի շարքին է դասվում, այսինքն՝ սա Դարապասի հին փոխարինողն է, «… Ըղուերձ յիշեալ և հին Ցուցակին, և մերձ ի Լոր և ի Մրոց, յորմէ երևի որիշ յայնցանէ լինել և ոչ նոյն Դարապասի, որպես ասէ նոր ոմն նկարող ճանապարհագիր: Յիշի Ըղուերձ յամի 1574-5, և եկեղեցիքն Ս.  Ստեփանոս և Ս.  Աստվածածին, ընդ որոց հովանեաւ Իսրայել ոմն ընդօրինակէ Շարական մի» (208. 209 և 221): Ուրեմն՝ Դարապաս (Դարբաս) գյուղի փոխարեն նախապես եղել է Ըղուերձ (Ըղվերձ) գյուղը, որն ունեցել է երկու եկեղեցի՝ Ս.  Ստեփանոս և Ս.  Աստվածածին, որոնց քանդուքարափ լինելուց, վերանալուց հետո՝ մեր օրերում, հառնել է Ստեփանյան եղբայրներ Արամի և Արմենի կառուցած եկեղեցին՝ Ս.  Ստեփանոսը, որպես ազգային ու ժողովրդական նվիրյալ փառաբանության և պատվո խորհրդանիշ: Դարբասի հյուսիսային կողմում, որտեղով ճանապարհ է գնում դեպի Սիսիան, թուրքեր էին հանգրվանել, և երկու փոքր գյուղ կար: Ալիշանը գրում է. «-Մերձ ի Դարպաս յանտառամիջի (=անտառի մեջ) են (= կան) հանգրուանք երկու, փոքր գիւղք Թուրքաց, Իմիրիս (դարբասցիներն ասում են՝ Իրիմիս) և Բահըրլու (ասում են` Բահառլու): Դարձեալ, մերձ է ի Դարպաս Կարմիր կոչեցեալ եկեղեցի ավերակ, ՉԻ (720) թվական» (221): Լորաձորի վերջին գյուղը՝ Որոտան գետի խառնուրդին մոտ և աջից սրան ավելի մոտ, հին Լծեն գյուղն է. «Վերջի գեօղ Լորաձորոյ մերձ ի խառնուրդսն ընդ Որոտան գետոյն և մերձագոյն ի սա յաջմէն, է Լծեն հին գիւղ, Ս.  Ստեփանոս եկեղեցեաւ, որ ոչ թափ մեծ և նշանաւոր ինչ լինել կամ ունել.  20 տունք են Հայոց արդ ի սմա (=այժմ սրա մեջ) . ոչ յիշի ի պատմութեան (=չի հիշվում պատմության մեջ), սակայն բովանդակ իսկ գեղեցիկս այս Լորաձոր կարօտի խնամով քննութեան, և հարկ է թէ ունիցի յիշատակարանս ինչ նախնեաց» (221): Լորաձորի վայրերն անցնող-այցելող եվրոպացի միակ ծանոթ ուղևորը ամերիկացի քարոզիչ Եղիա Սմիտհն էր, որ երկու գիշեր՝ 1830թ.  Նոյեմբերի 4-ին և 5-ին, փոթորկոտ և ցուրտ եղանակի պատճառով մնաց Լորում՝ գյուղի ավագի երեց որդու տանը և 10 էջ գրում է «զբնակութենէն (=բնակվելու մասին), զձեւոյ և զհանգամանաց կէս ստորերկրեայ տանցն (=ղարադամի մասին), և զջեռուցիչ թոնրոյն, զլաւաշ հացէ նոցին (=նրանց լավաշ հացի մասին), այլ առաւել եւս զեկեղեցական կարգաց և զերիցանց (=երեցների մասին), զհասից նոցին. և այլն« (ն. տ. ): Եղիան իր շարադրանքում բնութագրում է Լորի եկեղեցին, որը հին է և մեծաշեն, դռան վրայի արձանագրությունից իմանում է, որ այն կառուցվել է1656 թվականին, սակայն նշում է, որ իր կարծիքով ավելի հին կառույց է. « այլ թուի ինձ հնագոյն, թերևս թուականն այն նորոգությունն իցէ կամ այլ ինչ յիշատակի. և էին ասեն յայնժամ 300 գերդաստանք ի նմին, այլ յաւուրս բռնակալության Նատիր Շահի խոյս ետուն բնակիչքն յերկիր Թուրքաց ի կողմանս Կ. Պոլիս… » (222) : Առավոտյան` սիրալիր հրաժարմամբ, մինչ հովիվները հոտերը հանում են «ի ճարակ թփոց և դաղձից ի միջոց ձեանն ցցուելոց», ձորն ի վայր գնում են ջորեպանի երիվարով, հանդիպակաց լեռով ելնելով, թեքվելով դեպի Տաթևի կողմը, կտրում-անցնում են 50-ից 100 ոտնաչափով ժայռը:

 

Սյունաց աշխարհի և Ձորերի Նարեկացին

Պատահական երևույթ չէր, որ ուշադրության առա Ղևոնդ Ալիշանի Լորաձորը՝ Ծղուկ գավառի մի բաղադրամասը, որն ըստ Հին Ցուցակի ընգրկում էր եկեղեցուն տուրք հանձնող գյուղերի` ամսական բեռների տվյալները: Այդ ցուցակով Լորաձորի տուրք հանձնած գյուղերն են՝ Լծեն-6, Ըղուերձ-10 (սա Դարպասի հին գյուղն է), Մրոց-8, Լոր-12, Տատան-6 (սա Տատնը) Տատնի ամենավերին՝ Լորաձորի գյուղն էր), Շինաթաղի անունը կա, տուրքը նշված չէ, ուրիշ եկեղեցու է հանձնել, Գետաթաղի անունը չկա: Նոր Ցուցակում Ըղուերձը, Տատանը և Մրոցը չկան, որտեղ նշված են՝ Շինաթաղ, Լոր, Գետաթաղ, Դարպաս, Լծեն: Վերևում նշեցինք, որ Լորաձորի տարածքը անվանել են Վերին ձոր, պարզ է, որ Սովետական շրջանում Վերնաձորը դարձել է Ձորեր.  Հատուկ անվանակոչում է ստացել՝ Ձորերի կոլխոզները, Ձորերի դպրոցների դիրեկտորները, նախագահները, այլապես կհասկացվեր, որ դիրեկտորներն ու նախագահները վայրի ձորերի մարդիկ են, այդպես է՝ ձորերի աշակերտները…  Ողջ Լորաձորում, գուցե և ողջ Սյունիքում, երկու բանաստեղծ է աճել՝ լորեցի Համո Սահյանը և Սահմեդիկ Գրիգորյանը.  Համոն ինքնատիպ բանաստեղծական կարողություններով բարձունքի հասավ և ճանաչվեց ոչ միայն Հայաստանում, այլև Սովետական Միության հանրապետություններում, ինչպես նաև աշխարհի մի շարք երկրներում: Նա Սյունիքի բանաստեղծական որակյալ աշխարհի առաջամարտիկը դարձավ և ընթերցող հասարակության սիրելին: Սահմեդիկը ձգտում էր Համոյի բանաստեղծական օրինակին հասնել և աշակերտական տարիներին փորձեր էր անում: 1954 թ.  սեպտեմբերին, երբ ես արդեն դասավանդում էի Դարբասի միջնակարգ դպրոցում, նկատեցի, որ 10-րդ դասարանի աշակերտ Սահմեդիկը ոտանավորներ է գրում: Նրա հայրը՝ Լորի պատմության ուսուցիչ Գուրգենը, խնդրում էր, որ Սահմեդի գրածները կարդամ, օգնեմ, որ բանաստեղծ դառնա: Իհարկե, օգնեցի, պահանջում էի, որ շատ կարդա բանաստեղծներին: Եվ Սահմեդը ունկնդրեց, կարդաց, սովորեց նաև համալսարանում և մի քանի գիրք գրեց: Ափսոս, որ անժամանակ մահացավ: Հովհաննես Շիրազն իմացել է Գուրգենից, որ Սահմեդիկ անունը կապ ունի սահմանադրության հետ: Այժմ մենք չենք իմանում, թե մեր Արմեն Ստեփանյանն ինչպե՞ս է տիրացել բանաստեղծելու կատարյալ հատկանիշներին, ինչպես է պարզից անցել բարդության խորքերին, ծավալել թեմատիկայի ուղղությունները, հարստացրել խոսքի բովանդակությունը, տիրապետել հայոց լեզվի բառապաշարին և քերականական առանձնահատկություններին, իրական և աստվածային մտորումներին: Դրա համար պետք էին կամք, նպատակադրում, ժամանակ ու միջոցներ, տոկունություն, համբերություն ու համառություն, միջավայր և աջակցություն: Ծանոթանալով Արմենի գրքին, կարդացինք՝ առանց մի տող բաց թողնելու, տեսանք և զգացինք, որ բանաստեղծական արվեստի վերընթաց ուղի է անցել, սկզբնական շրջանի հանգիստ և ուշիմ բանաստեղծություններին աստիճանաբար հաջորդել են ճոխ ու բարդ կառույցներ՝ հարուստ բառապաշարով և սրտի ու հոգու տանջահար մտորումներով կամ երջանկամետ պոռթկումներով: Ինքնաբուխ բնութագրումներով, սիրով տեսանելի են դառնում ընտանիքի անդամները.  Տատը ճախարակով թելեր է մանում, մայրը թոնրում լավաշ է թխում, Արսեն պապը, մյուսները ցուլի պոզերը բռնում, գետնին են փռում, հայրը ամուր բազուկներով տուն-բերդ է կառուցում քարերով… Առաջ գնալով՝ իրադրությունը փոխվում է.  Գյուղի, թոնրի, այգու, ծառ ու ծաղկի փոխարեն աստվածային արարողություններ են.  Երկիր է, երկինք, տիեզերք, գիշեր ու լույս, դժոխք ու դրախտ, սիրտ ու հոգի, ուրախություն ու տխրություն, ծովեր ու լեռներ, քուն ու երազանք, բանաստեղծ ու սիրեցյալ: Գործում է ձևի և բովանդակության խնդիրը.  բնութագրվող թեմաները համապատասխան շապիկ են հագնում.  Փոխվում են բառապաշարները, հնչերանգները: Մեզ համար պարզ է, որ Արմեն բանաստեղծն ինկքնազարգացմամբ է հարցերը լուծել, սկզբնական շրջանի բանաստեղծությունները կերտված են հանգիստ շնչով, խաղաղ չափերով, հետո փոխվում է նաև ինքը բանաստեղծը: Մեզ թվում է, և չենք սխալվում, որ Արմենը լավ ծանոթացել է Գրիգոր Նարեկացու ստեղծագործությանը՝ հատկապես «Մատյան ողբերգությանը»՝ «Նարեկ»-ին, որովհետև աստվածաբանական ըմբռնումները և շարադրանքի բովանդակությունը, բառաստեղծումները բավականին նմանություններ ունեն: Դժվար չէ համեմատական փորձաբանությամբ համոզվել դրանում, որ յուրացման իմաստով միանգամայն դրական քայլ է:

Հիմա փաստերի լեզվով խոսենք.

Թութը կաթում էր բակի հարթակին,           Երբ ծուռ եմ քայլում, իմ անգին մայրիկ,

Մեղուներն էին անընհատ բզզում,               Ինձ ճամփի բերողն էլի քո ձեռքն է,

Նոր հնձած խոտի բույրն էր տարածվում,   Իսկ երբ պարտվում են մկաններս պիրկ,

Ննջում էր հպարտ մեր ընկուզենին (268):   Ինձ մխիթարողը էլի քո երգն է (269):

 

Մայրական ալյուրոտ մի գոգնոց.                 Փրկիր ինձ, Նե՛լլի, իմ տառապանքից,

Ճերմակող մազերի տխրություն.                  Գումարվիր հոգուս մաքուր աղոթքին,

Անմշակ քարերից մի ամրոց,                         Որ կյանքի անհուն ճանապարհներում

Կենտրոնում՝ լավաշի օրհնություն (274):     Չխղճանք անկառք ու որբ ձիերին…  (322):

 

Որքա՜ն հանգիստ եմ ընթերցում՝ ջերմ ու խաղաղ տրամադրությամբ: Հետո փոխվում են թեմաները, բառապաշարը, հնչերանգը, խոսքն ու պատկերավորությունը, գեղարվեստաբանությունն ու գաղափարաբանությունը, օրինակ՝

Ես կրկին հյուծված քո տեսիլքներն եմ հեռվում որոնում,

Ադամանդալույս իմ երազների պատրանքը կորած,

Որ գիշերային դրախտում լույսի ծամեր է հյուսում՝

Տիեզերական բույլ մշուշներից հավիտյան հարբած:

Ավա՜ղ, անհույս է բողոքն իմ տկար, և իզուր մորմոք (57):

 

Ես վախենում եմ քեզ ունենալու պայծառ պատրանքից,

Քեզնից ճառագող լույսի ցոլքերից տիեզերական,

Իմ հոգին անվերջ փորձության տանող մղձավանջներից

Եվ տաք կարոտի տառապանքներից մշտնջենական:

Ես վախենում եմ քեզ գուրգուրելու ցնորված մտքից,

Սիրտն ալեկոծող փոթորիկներից հզոր բնության,

Հառաչանք ծնող հրաբուխների սիրո ժայթքումից

Եվ ասուպների թողած ցոլքերից հավերժ ցիրուցան…

Երկդիմի մի կին ցավ է պատճառում բանաստեղծին.

Նույն կախարդական ժպիտն է շողում՝ հավերժ երկիմաստ

Ինձ կյանքի մռայլ անդունդն է ձգում երկդիմի մի կին,

Ես ցնորվում եմ, հրդեհվում եմ ես՝ կործանման պատրաստ (73):

Նարեկն է հիշվում.

 

Իմ սրտի մեջ՝ ծով նվիրում,

Հզոր ցեղի խոր արմատներ,

Ժայռամատուռ երկրպագում,

 Նարեկալույս մտորումներ (114):

 

 

 

Արմենը տիրապետում է հայոց գրական լեզվին, ճիշտ են գործածված արդի արևելահայերենի կետադրությունը և ուղղագրությունը, ճոխ բառապաշար ունի և գեղարվեստական արտահայտչական միջոցներ՝ անհաշիվ մակդիրներ ու համեմատություններ, շարահյուսական ուշագրավ կառույցներ, դարձվածներ, և այս բոլորի հետ մեկտեղ ամենաբարձր դրվատանքի է արժանի տաղաչափական գործառությունների արվեստը, որն ապահովում է շարադրանքի ընթերցանության ընդունելի և գեղեցիկ հնչերանգները, խոսքի պատկերավորությունը: Անվանի բանաստեղծներն այս վերջին` տաղաչափական միջոցն օգտագործել են՝ բանաստեղծության, քառատողի վերջին հնչյունների կամ հնչյունակապակցությունների միջոցով (կրկնությամբ, նմանությամբ) ստեղծելով հնչերանգներ, երաժշտական ընկալումներ, դյուրին արտասանություններ:

Օրինակ՝ Հովհ.  Թումանյան                                          Ավ.  Իսահակյան

Բազմած լուսնի նուրբ շողերին                       Որտեղ է ընկած այն քարը հիմի,

Հովի թևին թռչելով՝                                          Որ հողիս վրա շիրիմ պիտ լինի,

Փերիները սարի գլխին                                     Իմ թափառ կյանքում, մարդ ինչ իմանա,

Հավաքվեցին գիշերով:                                     Չեմ նստել, թախծել այդ քարի վրա:

 

Տարան անտակ էն ժեռ քարից,

Որ կանգնած է մինչ էսօր,

Էն ահավոր քարի ծերից

Գլորեցին դեպի ձոր:

Գրիգոր Նարեկացու «Նարեկ» (2013, 639 էջ) գրքի 154-156 էջերում հանդիպում է 63 տողով արձակ բանաստեղծություն, որն ամբողջությամբ ավարտվում է ի ձայնավորով՝ տուժի, յիրաւի, անթափելի, անհրաժարելի, ունկի, արգելանի, բանտի, ողորմելի, կնքեսցի, պայմանի, տասնեկի, մրրկի, գրաւի, յաւշատի, տեսանի, գեհենի, վհի, յարգի, տերունի, Յիսուսի, մեղաւորի, յերկրի, յամենայնի….

Մեր բանաստեղծ Արմեն Ստեփանյանը տիրապետել է այդպիսի գործառության և ամբողջ գիրքը (չհաշված մի 20-25 օրինակ) ողողել ընտրագույն վերջավորություններով: Վերևի շարադրանքում օրինակներ կան, մի-երկուսն էլ վկայենք, որ հիացմունք են պատճառում.

Իմ երազներում՝ ճերմակ նժույգներ,                       Երբ անձրև էլ ուժգին հորդանա

Քո պալատներում՝ ցուրտ ամայություն,                Թախծամեգ գիշերում մենության,

Ես քեզ թողեցի պայծառ անուրջներ՝                      Թող սերն իմ քո գրկում ջերմանա,

Եվ արևածին սիրո օրհնություն:                             Որ գտնես կորուսյալ քո ճամփան:

Իմ ցնորքներում՝ աստղալույս հույզեր,                  Իսկ ես քեզ կսիրեմ երկնքում,

Քո գիշերներում` խուլ դատարկություն,               Կգրկեմ համերգում աստղերի

Ես քեզ բերեցի ամպոտ հեքիաթներ                       Կայցելեմ քեզ ամպոտ երազում,

Եվ մի մեծ սիրո տոնախմբություն (74)                    Որ զգաս կարոտն իմ շուրթերի (51):

 

Տաղաչափական խնդիրներում այնքան է վարպետանում, որ բուն և մասնակի հնչակից բաղաձայններով ևս օրինակներ է գործածում .  դրանք են՝ լ/ղ (293), մ/ն (293), ձ/ծ (311), ծ/ց (322), զ/ծ, ջ/ծ (329), ջ/ժ (335), կ/ք (395), (161): Էլի խոսելու բան կա, բայց եկեք շարադրանքն ավարտենք՝ նշելով մակդիրներով կառույցները, որոնք հաստատում են բառապաշարի ճոխությունը.  մակդիրները որոշիչներ են և տրվում են որոշյալների հետ: Օրինակ՝ մորթված օրեր, (37), (231), թախծության փոշի (42), թախծամեգ գիշեր (51), տաք ցնորքներ (75), արևածին ծաղիկներ, անափ հույզով, ցողաթաթախ, ծաղկանկար սիրո գարուն, աշխարհս ոսկե, թավշափրփուր մշուշ, (76, 78), կրքոտ հրայրք (84), Նարեկալույս մտորումներ (114), երկիր ժայռահույզ (117), ասեղնագործված սաղմոսներ (134), մաքրատենչ ոգի (135), մտքերից անառակ (136) ծաղկված մատներ (134), հոշոտված համբերություն (156), ցուրտ տխրություն (146), երթին տիեզերական (169), պայծառ թախծություն (147), սիրո թախծամշուշ (186), տխրաբեկ կյանք (187), արցունքը լուսե, ադամանդահույզ լույսի (188), կույր մոռացություն (190), ոսկեծամ քնքշություն, անբիծ ճախրանք (212), սիրո բոցեր, լույսի ծովեր, թախծանվագ տարիներ (214), լուսեղեն, անսիրտ թագուհի (215), գունատ կյանքի (245), լուսամարմին հեքիաթ (217), քաղցր տառապանք, տառապանքի պալատներ (246) ցուրտ գեղեցկություն (247), ցանկասեր շող (247), ճերմակ տխրություն (248), սոված ջերմություն (249), թաքուն խնդություն (250) թրատված սիրտ, առևանգված երազներ (255), ժայռահունց կարոտ (274), ցուրտ կերպարանք (281), թմրամոլ ներկան, հիվանդ ապագան, ծխե մի կարոտ (283), անդամալույծ աստվածներ (287), հեքիաթներդ ձյունե (295), (357), դավաճան հմայք (298), սիրո հրդեհ (299), խոսքեր բիրտ ու անողոք (307), դավաճանության ալիք, կախարդական հիվանդ քաղաք (308), անաստված Նելլի (322), մեղմաշրշյուն քայլք (324), ճերմակ երազ (329), արնածոր կյանք (324), հիվանդ աշխարհ (349), սպանված սերս (352), քնքուշ և դաժան խոսքերով (354):

Էդուարդ Սամսոնի Մկրտչյան Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 12. 01. 2025 թ. , գ.  Մայակովսկի:

 

[1] Ես ևս լավ գիտեմ այդ Արտակ Ոսկանյանին.  1965 թ.  ասպիրանտուրայի առկա բաժնում էի և հոկտեմբերին Լեռնաշենից գնացի ինստիտուտի ուսանողական հանրակացարանը, որտեղ նաև Արտակն էր .  իրոք ֆիզիկ էր և բանաստեղծ, լա՜վ հանդիպումներ ենք ունեցել:

[2] Ես Ստեփանակերտի Երկամյա ուսուչական(մանկավարժական) և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական քառամյա ինստիտուտներն ավարտելուց հետո, 1954թ.  Մինիստրության ուղեգրով աշխատանքի եմ անցել Դարբասի միջնակարգ դպրոցում, դիրեկտորը՝ Պատվականյան Գևորգ, ուսմասվարը՝ Աղաջանյան Իվան:10-րդ դասարանն ուներ 2 խումբ, 9-րդը՝ երկու խումբ, 8-րդը՝ երկ խումբ, շաբաթվա օրերին 6-ական ժամ ունեի՝ 36 ժամ:10-րդ դասարանում մեդալի թեկնածուներն էին Գասպարյան Շեքսպիրը և Աղաջանյան Գրիշան.  Իմ նշանակած գնահատականները մինիստրությունում պահպանվել են: 1954-62 թթ.  Դարբասում և Լեռնաշենում աշխատելուց հետո՝ 1962թ.  Մանկավարժական ինստիտուտում ընդունվել եմ ասպիրանտուրա գրաբարի գծով՝ մեկ տարի հեռակա, 3(երեք) տարի առկա(ստացիոնար) բաժիններում:

[3] Գրաբարի դասախոսության ժամին փայլուն պատասխաններ էր տալիս:

[4] Էսքիզի.  գ.  1.  Ուրվագիծ, ուրվանկար: 2.  Նկար՝ նախագիծ, որի համաձայն կերտում, սարքում են որևէ բան (Տե՛ս Էդ.  Աղայան«Արդի հայերենի բառարան», հ.  1, 396»):

[5] «Սիսական», Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի ԻՀ.  Ղեւոնդեայ Մ.  Ալիշան Մ.  Մխիթարեան Վենետիկ, ի Մխիթարեան վանս, ի Ս.  Ղազար.  1893 •Գրաբարագիր, 562 էջ :

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Լեռներից այն կողմ․ Անի Ղազարյան

Սույն թվականի ապրիլի 1֊ին տեղի ունեցավ Գորիսի պետական համալսարանի Հայոց լեզու և գրականություն բաժնի 2-րդ…

Լինել թե չլինել…

Լուրը, որ իրենց համագյուղացու որդին վերադարձել էր գերությունից, արդեն տարածվել էր ողջ գյուղում: Առավոտյան հայրը…

Անավարտ պատմություն

Սիլվա Խոջաբաղյան «Հայրի՛կ, արթնացի՛ր»,- գոչեց երիտասարդ կինը՝ փորձելով քնից հանել իր սկեսրայրին: Տղամարդը, դժվարությամբ բացելով…

Գ․ Սմբատյան․ “Տարվա չորս եղանակները․ Աշուն”

Աշունը գյուղի վրա տարածվում էր վերջին հովեկների հեռանալուց հետո, երբ գյուղը մեկեն լռում էր, ափսոսում…