Title of the Document: Armenian Oldest Delicacies: T’rt’erut The document explores the ancient culinary heritage of Armenia, specifically focusing on the oldest delicacies unique to the region. It delves into the historical significance and cultural importance of these traditional foods, shedding light on their enduring legacy in Armenian cuisine.
Թրթևուտ[1]: Խմորեղենի (գաթայի) տեսակ է, որ տարածված է եղել Սյունիքում և Արցախում: Անվան տարբերակներն են՝ թըրթէրուտ, թիրթէրուկ, թըրթէրո̈ւկ, թէրթէրուտ, թէրթէրուկ, թըռթևուտ, թըրթէլուկ, որ այլ բարբառներում չեն հանդիպում[2]: Հիմնականում թխել են բովի վրա և աչքալուսանքի գնալիս տարել ծննդկանին[3]: Հ. Աճառյանը թրթերուկ, թերթերուտ բառի վկայությունը բերում է Երեմիա վարդապետի «Բառգիրք հայոց»-ից և նշում, որ թերթ բառը «խմորեղենի բարակ թերթ» իմաստով անցել է նաև թյուրքերենին՝ tert[4]:
Կարծում ենք՝ թրթևուտ բառի կազմում ընդգրկված է թեր արմատի կրկնավոր ձևը՝ թէր-թէր և -ուտ, որոշ տարբերակներում -ուկ ածանցը՝ «թերթերից կազմված, թերթավոր, թերթերի կազմությամբ՝ շերտավոր»: Ի դեպ, վերոնշյալ յոթ տարբերակները տարածաշրջանում տեղորոշված չեն: Փոխազդեցական հնչյունափոխության հետընթաց տարնմանմամբ առաջին է-ն դարձել է ը՝ թըր-թէր: Պատճառաբանելի են նաև մյուս բոլոր տարբերակներում առկա հնչյունական փոփոխությունները:
Սյունիք-Արցախ բարբառային տարածքում հին հայերենի թէր[թ] բառի դիմաց պահպանվել է բնիկ հնդեվրոպական *pter-, *pet- «տապալել, թռչել, ընկնել» արմատը [5] (առանց թ հավելումի)՝ թէր «1. թերթ, 2. տերև, 3. ցողունի կեղև, 4. որևէ իրի բարակ թերթը»: *Pt-(e)i- արմատի «թռչել» իմաստը հստակ չէ[6] և տարբեր զարգացումներ է ունեցել հնդեվրոպական լեզուներում: Հ. Աճառյանը թէր || թիռ արմատները նույնական է համարում: Նշում է, որ թէր արմատը «թռչելու գաղափարի հետ անձուկ կերպով կապուած է. իմաստի ընդարձակմամբ կամ փոխաբերութեամբ այնուհետև բառս ստացաւ «տերև, կողք, կողմ, թերի»[7] նշանակությունները»: Փոխաբերության միջոցով հ.ե. *pet- արմատի իմաստային զարգացումների մասին փաստեր են արձանագրվում նաև հունարենում, հին հնդկերենում և լատիներենում[8]: Փաստորեն՝ այս արմատը իմաստի ընդլայնման շնորհիվ նորանոր հասկացություններ է առաջ բերել հայերենում՝ թիթեռ, թիթեղ, թերթ, թերի, թեր[9], թիռ > թռչել, թրթռե[ա]լ , թերթել, որ արձանագրվում են գրաբար տեքստերում[10]:
Գրական ձևերին զուգահեռ Սյունիք-Արցախ բարբառային տարածքում, փաստորեն, թէր արմատով այլ հասկացություններ և կազմություններ են պահպանվել, որոնք առանձին չեն գործածվել գրաբարում[11]: Դրանցից հատկանշական է թերևս թէր՝ «տերև, շերտ, թերթ» բազմիմաստ բառը, որ մատենագրական աղբյուրներում չի հանդիպում:
Փորձենք քննել հնդեվրոպական *pet- արմատի զարգացումները Սյունիք-Արցախ բարբառային տարածքում:
Թէր>թէրի «կիսատ» իմաստով է գործածվում թէրատ, թէրատէլ, թըրըթէր «ծայրը ծայրին հասած, հազիվհազ», թէրը թէրին հըսցընէլ, թէրխաշ, թէրհավատ, թէրհաս և այլն: Սրանց հիմնական մասը ծանոթ է նաև հայերենի մյուս տարբերակներին:
Թէր՝ «տերև` սխտորի, սոխի, ճակնդեղի և այլն, շերտ, թերթ` ծաղկի, կաղամբի, խմորի, թղթի» հասկացությունից են այլ կազմություններ՝ թէր տալ «շերամի որդին, անասուններին տերևներով կերակրել», թէր քըցէ/ի/լ «1. նոր տերև ծլել, 2. թթենու հասուն տերևները իրարից հեռու շարել, որպեսզի շերամորդը սնվի»[12], պը/է/խկաթէր, տըկաթէր և այլն: Կասկած չկա, որ բարբառախմբի և հին հայերենի թըրթընջուկ բուսանվան հիմքում նույնպես թէր արմատն է: Թէր բառը հանդիպում է նաև այլ բարբառներում նշված որոշ իմաստներով. հմմտ.՝ Ախց., Սեբ. Հմշ. և այլն: Կարծում ենք՝ այս բառի փոխաբերությունից է միայն Սյունիք-Արցախում հանդիպող թէրթ «կենդանու կախ ընկած լեզու՝ շան, գայլի և այլն, որ առավելապես օգտագործվում է անարգական երանգով. «հինչ էս թէրթըտ տո̈ւս քիցա̈լ», այստեղից՝ թէրթէլ «լիզել»: Դժվարանում ենք որոշել, թե թըրթամնէլ «հոգնել, հոգնածությունից լեզուն կախ գցել» բառը նո՞ւյնպես թէր > թէրթ բառի փոխաբերումից է ձևավորվել, թե՞ թառամել բառի տարբերակն է: Հակված ենք վերջինին, որ պիտի ձևավորված լինի թըրթօշնիլ բառի համաբանությամբ, հմմտ.՝ թըրթըշնիլ || թըռըշնիլ:
Այսպիսով՝ հնագույն հայերենի թէր արմատը պահպանվել է հայերենի բարբառների մի մասում, և նրանով է կազմված թըրթէվուտ || թըրթէվուկ բառը, որ նշանակում է «թերթավոր կամ շերտավոր (խմորեղեն)»:
Թըրթէվուտ բառի քննությունից մի կարևոր հետևություն նույնպես. պարզ է դառնում, որ այդ հրաշալի ուտեստը Սյունիք-Արցախ տարածաշրջանի կենցաղում եղել է դեռևս Ք.ա. III-II հազարամյակներում՝ հացի արարմանը զուգահեռ, որ վկայվում է նյութական ժառանգությամբ:
[1] Քումունց 2020Ա, էջ 138-142:
[2] Լավաշը թոնրում կամ բովի (սաջի) վրա թխելուց հետո (ասում են, որ թըրթևուտ թխվել է նաև ժանգյալով հաց թխելուց հետո) մնացած խմորից փոքրիկ գնդեր են պատրաստել՝ 4-6 հատ, դրանք բացել բարակ ու նուրբ շերտով: Իրար վրա դնելով՝ արանքները լցրել են խորիզ՝ պատրաստված ծեծած պոպոկով (ճղուպէր) կամ պնդուկով (տըկօղին)՝ համեմված ալյուրով ու յուղով կամ ձեթով, շաքարավազով կամ քաղցուով (դոշաբ՝ խաղողի կամ թթի): Գորիսի որոշ գյուղերում խորիզը պատրաստել են աղացած պոպոկով, մանրացրած սոխով ու համեմել կարմիր բիբարով: Հիմա այս ուտեստը դուրս է մնացել կենցաղից: Բայց ոմանք հիշում են, որ, օրինակ, Կոռնիձորում այն համարվում էր շատ հարգի խմորեղեն:
[3] Ասացող՝ Նորա Սրապյան, Կոռնիձոր-Գորիս, 72 տարեկան:
[4] ՀԱԲ II, էջ 176:
[5] Ըստ Գ. Ջահուկյանի՝ այս արմատից է նաև թեր «կողմ» համանունը (այս մասին տե՛ս՝ ՀՍԲ, էջ 264):
[6] (de) Vaan M., Etymological dictionary of Latin and the other Italic languages, Brill, Leiden-Boston, 2008, vol. 7, p. 464 (այսուհետև՝ Vaan 2008).
[7] ՀԱԲ, II, էջ 185:
[8] Gómez U.L, La petición verbal en latín. Estudio léxico, semántico y pragmático, Madrid, Ediciones clásicas, 2009, l. 9-10, 115.
[9] «Կողմ» իմաստով թէր բառը իմաստային և հնչյունական նմանություն ունի արաբ. (taraf) طرف «կողմ» բառի հետ, որ անցել է նաև թյուրք.՝ taraf: Այն գործածական է նաև Սյունիք-Արցախ բարբառախմբում՝ նշված իմաստով. «էս թա̈րա̈փնին չիրէվաս»:
[10] Կարծում ենք՝ այս շարքում պետք է դնել նաև թէրթէվունք, Վանում՝ թէրթէրունք, որ Հ. Աճառյանը նշում է Արտեւան բառահոդվածի ներքո (ՀԱԲ, I, էջ 343):
[11] Հմմտ.՝ Վարդիթեր անձնանունը, որ Հ. Աճառյանը հանդիպում է 1595թ. մի ձեռագրում (Աճառյան 1962, էջ 112):
[12] ՂԲԲ էջ 195:
Հղումը՝ Հնդեվրոպական շերտի բառերը Սյունիք -Արցախ բարբառային բառապաշարում, Ջահուկյանական ընթերցումներ: Ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հայերենագիտական միջազգային գիտաժողովի Նյութեր, Երեւան, 2020, էջ 138-146