Օգոստոսի 25, 2019

Էջեր զանգեզուրյան հերոսամարտերի․ 1906թ․

Էջեր զանգեզուրյան հերոսամարտերի․ 1906թ․

Զան­գե­զու­րի սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րում Հայոց ազատա­մարտի նշանավոր ռազմիկ Սեբաստացի Մուրադի գլխավորած զանգեզուրյան մարտական ուժերի հուժ­կու հար­ված­նե­րի հար­կա­դրան­քով թուրք պա­րագ­լուխ­նե­րը ճա­րա­հա­տյալ պար­զում են սպի­տակ դրո­շը և հա­յե­րի նկատ­մամբ ո­րևէ թշնա­մա­կան քայլ չձեռ­նար­կե­լու եր­դու­մով ու խոս­տու­մով հաշ­տու­թյուն են խնդրում: Այդ հաղ­թա­կան կռիվ­նե­րից հե­տո Մու­րա­դը սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը հանձ­նա­րա­րում է սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի տնօ­րի­նու­թյանն ու դար­ձյալ վե­րա­դառ­նում Ղա­փան:

Ար­դեն հա­սու­նա­ցել էր գլխա­վոր խնդի­րը լու­ծե­լու ժա­մա­նա­կը: Անհ­րա­ժեշտ էր հար­ձակ­վել և ոչն­չաց­նել թուրք ցե­ղա­պետ­նե­րի՝ բե­կե­րի որ­ջը:

Ղա­փա­նի շրջա­նում ի­րենց ա­վա­զա­կա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րով հայտ­նի Տան­ձա­վեր գյու­ղի բե­կեր Սուլ­թա­նով­նե­րը, թուրք հրո­սա­կախմ­բե­րի գլուխն ան­ցած, ա­միս­ներ շա­րու­նակ ան­պա­տիժ աս­պա­տա­կում էին հա­յոց գյու­ղե­րը: Օ­գոս­տո­սի 1-ին թուրք զի­նյալ խմբե­րը հար­ձակ­վում են Տա­թև գյու­ղի վրա և հան­դի­պե­լով տե­ղի քա­ջա­կո­րով գյու­ղա­ցի­նե­րի դի­մա­դրու­թյա­նը՝ նա­հան­ջում: Չան­ցած մի քա­նի օր՝ ա­վե­լի մե­ծա­քա­նակ ու­ժե­րով վերսկսե­լով հար­ձա­կու­մը՝ թուր­քե­րը թա­լա­նում և մոխ­րա­կույ­տե­րի են վե­րա­ծում հա­յե­րի ա­մա­ռա­նոց­նե­րը:

Թուրք ա­վա­զա­կախմ­բե­րի գա­զա­նա­յին ա­րարք­նե­րին անհ­րա­ժեշտ էր վճռա­կան հա­կա­հար­ված տալ, և օ­գոս­տո­սի 8-ին թշնա­մու ա­վա­զա­կա­բույն­նե­րը ոչն­չաց­նե­լու դի­տա­վո­րու­թյամբ Մու­րա­դը, մար­տա­կան ջո­կա­տի գլուխն ան­ցած, ար­շա­վում է Տան­ձա­վեր և Աղ­վա­նիկ գյու­ղե­րը, ուր կենտ­րո­նա­ցել էին Սուլ­թա­նով­նե­րի գլխա­վոր ու­ժե­րը:

«Մու­րա­տը բա­ժա­նեց իր խում­բը մի քա­նի տաս­նեակ­նե­րի: Աւոն իր տաս­նեա­կով գրաւեց գիւ­ղի աջ կող­մի բարձր դիր­քը: Մի ու­րիշ տաս­նեակ Սմբատ Ե­ղիա­զա­րյա­նի ղե­կա­վա­րու­թեամբ ան­ցաւ գիւ­ղի ձախ կող­մը: Մու­րա­տը, վեր­ցը­նե­լով իր հետ Դրո­յի, Մկրտի­չի, Կնեա­զի, Կայ­ծակ Ա­ռա­քե­լի և Ար­սէ­նի տաս­նեակ­նե­րը, մտաւ գիւ­ղը …»[1]:

Հար­ձա­կու­մը սկսե­լուց ա­ռաջ, հա­մա­ձայն կռվի մաս­նա­կից Սահ­րա­դի (Մկրտիչ Ա­ղա­մա­լյան) վկա­յու­թյան, Մու­րա­դը խստա­գույնս պատ­վի­րում է. «…Ձեռք չտալ կնոջ, ե­րե­խա­յի, ծէ­րէ­րի և թա­լա­նի»[2]:

Քե­ռին, իր խմբով դիր­քա­վոր­վե­լով գյու­ղի մո­տա­կա բար­ձունք­նե­րին, պի­տի հսկեր թուր­քա­կան այլ ու­ժե­րի տե­ղա­շար­ժե­րը, ո­րոնք կա­րող էին անս­պա­սե­լիո­րեն հայտնվել և ծանր կա­ցու­թյան մեջ գցել հայ զին­վոր­նե­րին: Ապահովելով իր մարտախմբի թիկունքը հնարավոր հարձակումից՝ Մու­րա­դի հրա­հան­գով մար­տա­կան խմբե­րը մրրի­կի ուժգ­նու­թյամբ ներ­խու­ժում են թուր­քե­րի որ­ջը:

Տան­ձա­վեր և Աղ­վա­նիկ գյու­ղե­րի կռիվ­նե­րի լու­սա­բան­մա­նը նվիր­ված հու­շագ­րու­թյու­նում ներ­կա­յաց­նե­լով այդ ու­շագ­րավ պա­հը՝ Սահ­րա­դը գրում է. «Հնչեց պա­տե­րազ­մա­կան փո­ղը: Տաս­նա­պէտ­նե­րը ա­ռանց կանգ առ­նե­լու ի­րենց խմբե­րով, ու­ռա­նե­րով մտան գիւ­ղե­րը: Հրդե­հը սկսեց լա­փէլ թշնա­մու տնե­րը: Դի­մա­դրող­նե­րը իս­կոյն եւ եթ ընկ­նում էին քա­ջե­րի գնդակ­նե­րից: Այն բէ­գէ­րը ու աւա­զա­կա­պէ­տե­րը, ո­րոնք ամ­բողջ եր­կու տա­րի սար­սա­փի մէջ էին թո­ղել, այժմ մի քա­նի րո­պէ չէին կա­րո­ղա­նում դի­մա­նալ հայ­դու­կի դի­մա­դրու­թեան, ա­նա­մո­թա­բար փախ­չում էին՝ թող­նե­լով ա­մեն ինչ»[3]:

Չան­ցած մեկ ժամ ա­հեղ դա­տաս­տա­նին ար­ժա­նաց­նե­լով թուրք բե­կե­րի գլխա­վո­րած ա­վա­զա­կա­բա­րո ամ­բո­խին՝ հայ մար­տիկ­նե­րը, բեռն­ված թշնա­մուց գրա­ված զեն­քով ու զի­նամ­թեր­քով, հե­ռա­նում են այր­վող գյու­ղե­րից:

Տան­ձա­վեր և Աղ­վա­նիկ թուր­քաբ­նակ գյու­ղե­րի կոր­ծա­նու­մը չա­փա­զանց կա­րևոր էր: Հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը կա­րո­ղա­նում են վերջ­նա­կա­նա­պես ջախ­ջա­խել հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի վրա հար­ձա­կում­ներ ձեռ­նար­կող թուր­քա­կան ցե­ղախմ­բե­րի գլխա­վոր կազ­մա­կեր­պիչ­նե­րին և ա­ռաջ­նորդ­նե­րին՝ հան­րա­հայտ ա­վա­զա­կա­պե­տեր Սուլ­թա­նով­նե­րին:

Օ­գոս­տո­սի 2-ին թուր­քա­կան մեկ այլ հրո­սա­կա­խումբ, հիմ­նա­կա­նում Զան­գե­զու­րում ի­րենց ա­վա­զա­կա­յին և թա­լան­չիա­կան գոր­ծո­ղու­թյու­նով հան­րա­հայտ Ղա­թար գյու­ղի բնա­կիչ­նե­րը, թա­րա­քա­մա­նե­րի (քոչ­վոր­ներ) ձիա­վոր­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ հար­ձակ­վում են Ղա­փա­նի Մե­լիք-Ա­զա­րյա­նի գոր­ծա­րա­նի և Բեխ հայ­կա­կան գյու­ղի վրա: Իսկ մի քա­նի օր անց՝ օգոս­տո­սի 11-ին, թուրք ա­վա­զախմ­բե­րը, հա­վաք­վե­լով թուր­քաբ­նակ Ղա­թար գյու­ղում, պատ­րաստ­վում են հար­ձակ­վել ու հո­ղին հա­վա­սա­րեց­նել Կա­վարթ գյու­ղը: Տե­ղե­կա­նա­լով թուր­քե­րի մտա­դրու­թյուն­նե­րին՝ Մու­րա­դը ո­րո­շում է կան­խել հա­կա­ռա­կոր­դին և ըն­դա­մե­նը 20 ձիա­վոր­նե­րով գա­լիս է Կա­վարթ և իր ջո­կա­տը հա­մալ­րե­լով տե­ղի մար­տու­նակ ու­ժե­րով՝ ար­շա­վում է թուր­քա­կան ու­ժե­րի հա­վա­քա­տե­ղիի վե­րած­ված Ղա­թար գյու­ղի վրա: Առա­վո­տյան, երբ թուր­քե­րը դե­ռևս քննար­կում էին հայ­կա­կան գյու­ղե­րի վրա հար­ձակ­վե­լու ծրագ­րե­րը, Մու­րա­դը հաս­նում է Ղա­թար և մար­տա­խում­բը ե­րեք մա­սի բա­ժա­նե­լով՝ տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րից սրըն­թաց  նետ­վում թշնա­մու վրա.  

«…Մու­րա­տը,- նշում է այդ կռի­վը ներ­կա­յաց­նող վա­վե­րագ­րու­թյու­նը,- հայ­դուկ­նե­րով խու­ժեց գիւղ: Սկսւեց կռիւը: Հրդե­հը սկսեց կլա­նել տնե­րը: Այս կրա­կի ու տա­րա­փի տակ, ո­րը կարկ­տի պէս թափւում էր թուր­քէ­րի տնե­րից, Մու­րա­տը իր հետ ունե­նա­լով Աւօին, Մկրտի­չին, Կայ­ծա­կին, Դրօին. ճեղ­քե­ցին թշնա­մու շար­քե­րը ու ան­ցան գիւ­ղի տա­կը՝ տա­րա­ծե­լով մահ ու սար­սափ»[4]:

Մու­րա­դի սրըն­թաց գրո­հից մի պահ շփո­թա­հար թուր­քե­րը, վերս­տին սթափ­վե­լով, պատս­պար­վում են տնե­րում և գնդակ­նե­րի հե­ղե­ղով դի­մա­վո­րում հայ զին­վոր­նե­րին: Հրաշք­ներ էին գոր­ծում ֆի­դա­յի­նե­րը. փո­րից վի­րա­վոր Կայ­ծակ Ա­ռա­քե­լը, ան­տե­սե­լով ըն­կեր­նե­րի թա­խան­ձանք­նե­րը, հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է մարտնչել:

Մու­րա­դը, ու­շա­դրու­թյուն չդարձ­նե­լով թշնա­մու դիր­քե­րից կարկ­տի ուժգ­նու­թյամբ տե­ղա­ցող գնդակ­նե­րին, հայտնվում է ա­մե­նա­շի­կա­ցած տե­ղե­րում:

«Կռիւը,- պատ­մում է Սար­հա­տը,- թշնա­մու կող­մից օր­հա­սա­կան էր: Ժա­մը 12-ին Մու­րա­տը ձիօւ պտտեց դիր­քե­րը՝ խրա­խու­սե­լով հայ­դուկ­նե­րին»[5]:

Հան­կարծ կռվի ա­մե­նա­թեժ պա­հին Մու­րա­դին են ներ­կա­յա­նում գյու­ղում գտնվող պարս­կահ­պա­տակ թուր­քե­րը և խնդրում նրա­նից՝ թույլ տալ գյու­ղից դուրս բե­րել ի­րենց ըն­տա­նիք­նե­րը: Ի­րոք, զար­մանք են հա­րու­ցում հայ­դու­կի դրսևո­րած գթասր­տու­թյունն ու աս­պե­տա­կա­նու­թյու­նը: Այս պա­րա­գա­յում կա­րող էր բնավ ու­շա­դրու­թյան չար­ժա­նաց­նել պարս­կահ­պա­տակ թուր­քե­րի խնդրան­քը, չէ՞ որ գյու­ղում նրանց ներ­կա­յու­թյու­նը զուտ պա­տա­հա­կան չէր: Բայց նա մե­ծա­հո­գա­բար ըն­դա­ռա­ջում է նրանց խնդրան­քը և ա­վե­լին. «… կար­գա­դրւեց կռիւը դա­դա­րաց­նել…Մու­րա­տը ա­ռա­ջար­կեց բա­ցի ի­րանց ըն­տա­նիք­նե­րից թող դուրս գան գիւ­ղի կա­նայք, ե­րե­խայք և ծէ­րէր: Նրանց եր­կու հայ­դու­կի հետ ա­պա­հօւ ճա­նա­պար­հե­ցին մօ­տա­կա թուրք գիւ­ղը»[6]:

Պարս­կահ­պա­տակ­նե­րի, ինչ­պես նաև գյու­ղի կա­նանց, ե­րե­խա­նե­րի ու ծե­րե­րի դուրս գա­լուց հե­տո գյու­ղում մնում են միայն կռվող­նե­րը: 

Ան­տե­ղի զո­հե­րից խու­սա­փե­լու նպա­տա­կով Մու­րա­դը ե­րեք ան­գամ թշնա­մուն ա­ռա­ջար­կում է անձ­նա­տուր լի­նել՝ խոս­տա­նա­լով խնա­յել հանձնվող­նե­րի կյան­քը, սա­կայն թուր­քե­րը, մեր­ժե­լով հա­յե­րի ա­ռա­ջար­կը, շա­րու­նա­կում են դի­մա­դրել: Պայ­թու­ցիկ նյու­թե­րով խոր­տա­կե­լով հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րը՝ հայ մար­տիկ­նե­րը քա­ջա­րի Սե­բաս­տա­ցու ա­ռաջ­նոր­դու­թյամբ ներ­խու­ժում են թշնա­մու պաշտ­պա­նու­թյան հան­գույցն ու անխ­նա կո­տո­րում ար­դեն երկ­րորդ տա­րին հա­յոց գյու­ղերն աս­պա­տա­կող Սուլ­թա­նով­նե­րի հրո­սա­կախմ­բե­րին:

«Մեր կռիւը,- իր պատ­մու­թյու­նը եզ­րա­փա­կում է Սար­հա­տը,- տևէց 15 ժամ, այ­րւեց ամ­բողջ գիւ­ղը: Մու­րա­տի ռազ­մա­գի­տա­կան տա­ղանդն ու սառ­նասր­տու­թիւ­նը ու մէր հայ­դու­կա­յին խմբի անձ­նա­զո­հու­թյունն էր, որ հաղ­թեց Ղա­թա­րի նման ա­հա­գին հուժ­կու կազ­մա­կեր­պւած գիւ­ղը թա­րա­քա­մա­նէ­րի (քոչ­վոր­ներ) հետ միա­սին:

Այդ օ­րը թշնա­մին 300 աւել զօհ տւեց»[7]:

 «Մու­րա­տի,- հա­վաս­տում է այդ կռվի լու­սա­բան­մա­նը նվիր­ված մեկ այլ վա­վե­րագ­րու­թյու­նը,- ռազ­մա­գի­տա­կան ձիր­քի և մի բուռ հայ­դուկ­նե­րի ո­գևո­րիչ անձ­նուի­րու­թեան շնոր­հիւ էր, որ յա­ջո­ղուեց յաղ­թել Ղա­թա­րի նման լաւ կազ­մա­կեր­պուած գիւ­ղը ու կո­տո­րել թա­րա­քա­ման­նե­րին միա­ցած ու­ժե­րին»[8]:

Ընդ­հա­րում­նե­րի օ­րե­րին, թեև հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը հսկում էին գա­վա­ռի սահ­ման­նե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, Զան­գե­զու­րի տա­րածքն են թա­փան­ցում Բար­գու­շա­տի, Ղա­րա­բա­ղի, Պարս­կաս­տա­նի կող­մե­րից ե­կած մահ­մե­դա­կան հրո­սա­կախմ­բեր, ո­րոնք, միա­նա­լով տե­ղա­ցի թուր­քե­րին, աս­պա­տա­կում են հայ­կա­կան գյու­ղե­րը: Հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը հար­կադր­ված գոր­ծում են բազ­մա­պատկ­ված ծան­րաբեռնվա­ծու­թյամբ: Զար­մանք է հա­րու­ցում, թե ինչ­պես է Մու­րա­դը կա­րո­ղա­նում ֆի­դա­յի­նե­րի և Զան­գե­զու­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան խմբե­րի գլուխն ան­ցած՝ ա­րագ տե­ղա­շար­ժե­րով հա­յոց գյու­ղե­րը պաշտ­պա­նել մահ­մե­դա­կան ջո­կատ­նե­րի պար­բե­րա­բար շա­րու­նակ­վող հար­ձա­կում­նե­րից:

Ամ­ռան ա­միս­նե­րին Զան­գե­զու­րի տա­րած­քում և մաս­նա­վո­րա­պես Ղա­փա­նի շրջա­նում ըն­թա­ցող մար­տերն աչ­քի էին ընկ­նում ոչ միայն ի­րենց սաստ­կու­թյամբ, այլ նաև ան­նա­խա­դեպ ծա­վալ­վա­ծու­թյամբ ու ընդգրկում­նե­րով: Մի շարք բնա­կա­վայ­րե­րում կռիվ­ներն ըն­թա­նում են միա­ժա­մա­նակ: Նույն օ­րե­րին, երբ Մու­րա­դի գլխա­վո­րած մար­տախմ­բե­րը Տան­ձա­վեր և Աղ­վա­նիկ գյու­ղե­րում տե­ղի ու­նե­ցած գո­տե­մար­տե­րում ջախ­ջա­խում էին Սուլ­թա­նով­նե­րի հրո­սա­կախմ­բե­րին, դա­ժան կռիվ­ներ էին ըն­թա­նում Քա­ջա­րա­նում: Վե­րին Ղա­փա­նում գտնվող, ե­րեք կող­մե­րից բարձր լեռ­նե­րով շրջա­պատ­ված Քա­ջա­րան գյու­ղը, չնա­յած իր բնա­կան ա­մուր դիր­քին, բա­վա­կա­նին վտան­գա­վոր կա­ցու­թյան մեջ է հայտնվում: Գյու­ղը, շրջա­պատ­ված լի­նե­լով թուր­քաբ­նակ բնակավայրերով, փաստորեն, հայտնվում է թշնա­մա­կան ու­ժե­րի կի­զա­կե­տում: Վե­րին Ղա­փա­նի հինգ գյու­ղեր էին. «Քա­ջա­րանց 75 տուն, Հանդ 35 տուն, Քուր­դի­կանց 40 տուն, Փուխ­րուտ 23 տուն և Մազ­րա 15 տուն»[9]:

Ի տար­բե­րու­թյուն թուր­քաբ­նակ­նե­րի, ո­րոնք կենտ­րո­նաց­ված էին մի տե­ղում, հայ­կա­կան գյու­ղե­րը գտնվում էին մի­մյան­ցից զգա­լի հե­ռա­վո­րու­թյան վրա: Հայ­կա­կան գյու­ղե­րի ան­ջատ­վա­ծու­թյան աննպաստ ի­րո­ղու­թյու­նը լրա­ցու­ցիչ խո­չըն­դոտ­ներ է հա­րու­ցում ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը ա­ռա­վել ա­մուր հիմ­քե­րի վրա դնե­լու և վտան­գի պա­հին փոխ­հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ու փո­խօգ­նու­թյու­նը ժա­մա­նա­կին ա­պա­հո­վե­լու գոր­ծում: Չնա­յած առ­կա դժվա­րու­թյուն­նե­րին՝ Մու­րա­դին իր զի­նա­կից­նե­րով հա­ջող­վում է տե­ղի մար­տա­կան ու­ժե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ կազ­մա­կեր­պել նաև Վե­րին Ղա­փա­նի գյու­ղե­րի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը: Հա­մա­կող­մա­նիո­րեն ար­ժևո­րե­լով այդ տա­րած­քի աշ­խար­հագ­րա­կան դիր­քի յու­րա­հատ­կու­թյուն­ներն ու հաշ­վի առ­նե­լով այն ի­րո­ղու­թյու­նը, որ հա­կա­ռա­կոր­դի հար­ձակ­ման դեպ­քում թուր­քերը, ան­պայ­մա­նո­րեն հսկո­ղու­թյուն սահ­մա­նե­լով հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի վրա, կանջրպե­տեն Վե­րին Ղա­փա­նի գյու­ղե­րը մե­կը մյու­սից, Մու­րա­դը հրա­հան­գում է հա­րևան շրջա­նի՝ Գեն­վա­զի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը ա­ռա­ջին իսկ ա­հա­զան­գի դեպ­քում ան­մի­ջա­պես շտա­պել օգ­նու­թյան:

Հայ­կա­կան գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը, խու­սա­փե­լով ընդ­հա­րում­ներ սան­ձա­զեր­ծե­լուց, մեծ ջան­քեր են գոր­ծա­դրում այ­լա­դա­վան հա­րևա­նի հետ հաշտ ու խա­ղաղ ապ­րե­լու ուղ­ղու­թյամբ, սա­կայն. «…չ­նա­յած դրան, Օղ­շի-Ղա­թա­րի պղնձա­հան­քե­րը տա­նող ճա­նա­պար­հը փակ էր հա­յե­րի հա­մար, և պա­տա­հած հա­յին որ­սում, ան­հետ կորց­նում էին կի­սա­ճա­նա­պար­հին՝ Կռթա­թաղ թուրք հա­սա­րա­կու­թեան հո­ղում՝ Բա­ղա­բեր­դի հին ամ­րոց­նե­րի մօտ»[10]:

Նման ի­րա­վի­ճակ, ի­հար­կե, եր­կար հան­դուր­ժել չէր կա­րե­լի: Շու­տով Հա­լի­ձո­րի մո­տա­կայ­քում հայ վրի­ժա­ռու­նե­րի զոհն է դառ­նում թուր­քե­րի գլխա­վոր պա­րագ­լուխ­նե­րից մե­կը՝ օխ­չե­ցի Հա­ջի բեկ Մե­լիք-Շաֆ­րիևը, և այդ սպա­նու­թյու­նից հե­տո վե­րին Ղա­փա­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես խա­ղա­ղու­թյուն է հաս­տատ­վում: Ա­վե­լին, թուր­քե­րը հա­յե­րի զգո­նու­թյու­նը բթաց­նե­լու նպա­տա­կով հաշ­տու­թյան են կո­չում ի­րենց քրիս­տո­նյա հա­րևան­նե­րին և միա­ժա­մա­նակ գաղտ­նի տեն­դա­գին պատ­րաս­տու­թյուն տես­նում: Նրանք նպա­տա­կադր­վում են մե­ծա­քա­նակ ու­ժեր կենտ­րո­նաց­նել և զանգ­վա­ծա­յին հար­ձա­կում­ներ գոր­ծել հայ­կա­կան գյու­ղե­րի վրա:

Նրանց գլխա­վոր թի­րա­խը պի­տի լի­ներ Քա­ջա­րան գյու­ղը: Հա­յերը, ի­րենց հեր­թին հե­տևե­լով թուր­քե­րի տե­ղա­շար­ժե­րին, նկա­տում են «…որ Շու­բա­դին գիւ­ղում ե­րևում են օ­տա­րո­տի անձ­նաւո­րու­թիւն­ներ, և ճա­նա­չում են Նա­խի­ջևա­նի գաւա­ռի թևի գիւ­ղից ե­կած աւա­զա­կա­պետ Սու­լէյ­մա­նին, Շի­րա­լուն և յայտ­նի Մուր­թու­զին»[11]:

Թուր­քե­րի կող­մից ձեռ­նար­կած քայ­լե­րը այ­լևս ո­րևէ կաս­կած չեն հա­րու­ցում, որ նրանց կող­մից հայ­կա­կան գյու­ղե­րի վրա ի­րա­կա­նաց­վե­լիք հար­ձա­կու­մը հաշ­ված օ­րե­րի հարց է:

Օ­գոս­տո­սի 10-ի ա­ռա­վո­տյան, վա­ղօ­րոք խիստ հսկո­ղու­թյուն սահ­մա­նե­լով հայ­կա­կան գյու­ղե­րը մի­մյանց կա­պող ճա­նա­պարհ­նե­րի վրա, Օխ­չի, Փիր­վար­տան, Ատկզ և Շա­բա­դին գյու­ղե­րի բազ­մա­հա­զար զի­նյալ­ներն ու նրանց միա­ցած, Նա­խի­ջևա­նից Զան­գե­զու­րի տա­րած­քը սո­ղոս­կած մահ­մե­դա­կան հրո­սա­կախմ­բե­րը նա­խի­ջևան­ցի հայտ­նի ա­վա­զա­կա­պետ Սու­լեյ­մա­նի գլխա­վո­րու­թյամբ հար­ձակ­վում են Քա­ջա­րա­նի վրա: Գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը, հայտնվե­լով պա­շար­ման եր­կա­թյա օ­ղա­կում և մե­կու­սաց­ած լինելով ար­տա­քին աշ­խար­հից, ա­ռանց խու­ճա­պի մատն­վե­լու, հա­մա­պա­տաս­խան դիր­քեր են գրա­վում և սառ­նասր­տո­րեն ըն­դու­նում ան­հա­վա­սար մար­տը: Ե­րեք օր ու գի­շեր քա­ջա­րի քա­ջա­րան­ցի­նե­րը, ան­կոտ­րում հա­մա­ռու­թյամբ դի­մագ­րա­վե­լով, հետ են մղում թշնա­մու բո­լոր գրոհ­նե­րը ու խա­փա­նում գյուղ ներ­խու­ժե­լու նրա փոր­ձե­րը: Նույն պա­հին «Վե­րին Ղա­փա­նի հայ գիւ­ղա­ցի­նե­րը Մազ­րա­յի բար­ձունք­նե­րից նկա­տում են հրե­ղեն բո­ցե­րը, բայց չնչին թիւ կազ­մե­լով՝ ան­կա­րող են լի­նում օգ­նու­թեան գնալ, մա­նաւանդ որ թուր­քե­րը նա­խօ­րոք թէ դիր­քերն են բռնած ե­ղել և թէ Քա­ջա­րան մտնե­լու և օգ­նու­թեան գա­լու հա­մար՝ պէտք է նախ 300 տնից բաղ­կա­ցած Օխ­չին և 25-30 տնից բաղ­կա­ցած Ատկ­զը հիմ­նա­հա­տակ կոր­ծա­նել, կո­տո­րել և ա­պա նոր անց­նել»:[12]

 Քա­ջա­րան­ցի­նե­րի պաշտ­պա­նա­կան կա­րևո­րա­գույն հե­նա­կե­տը գյու­ղի ե­կե­ղե­ցին էր: Հա­կա­ռա­կոր­դը, որ­պես­զի կա­րո­ղա­նար ներ­խու­ժել գյուղ, նախ և ա­ռաջ պի­տի հաղ­թա­հա­րեր ե­կե­ղե­ցու մեր­ձա­կա պաշտ­պա­նա­կան դիր­քե­րը: Թուր­քե­րը, հաշ­վի առ­նե­լով գյու­ղի պաշտ­պա­նու­թյան գոր­ծում ե­կե­ղե­ցու դիր­քի վճռո­րոշ նշա­նա­կու­թյու­նը, վճռական հար­ձա­կում են ձեռ­նար­կում հենց այդ ուղ­ղու­թյամբ և կա­րո­ղա­նում են պայ­թեց­նել նախ ե­կե­ղե­ցուն կից քա­հա­նա­յի տու­նը, ա­պա, մեծ քա­նա­կու­թյան պայ­թու­ցիկ՝ դի­նա­միտ բե­րե­լով, փոր­ձում պայ­թեց­նել նաև ե­կե­ղե­ցին, ո­րի պա­տե­րի հե­տևում, կտու­րի վրա ու մեր­ձա­կա դիր­քե­րում այդ պա­հին մարտնչում էին ա­վե­լի քան 590 քա­ջա­րան­ցի­ներ[13]:

Ամենավճռորոշ պահն էր. եթե թուրքերին հաջողվեր պայթեցնել եկեղեցին և խոր­տա­կել այն­տեղ պաշտ­պան­վող­նե­րի դի­մա­դրու­թյու­նը, ա­պա դյու­րու­թյամբ կներ­խու­ժեին գյուղ, և քա­ջա­րան­ցի­նե­րը կհայտնվեին օր­հա­սա­կան, ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճա­կում: Գյու­ղի պաշտ­պան­նե­րին ի զո­րու էին փրկու­թյան ձեռք մեկ­նել մի­միայն հա­րևան շրջան­նե­րի հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը: Ա­հա այս­տեղ էր, որ վճռո­րոշ խոս­քը պի­տի ա­սեին ինք­նա­պաշտ­պա­նա­կան տար­բեր շրջան­նե­րի մի­ջև հաս­տատ­ված կապն ու փոխ­հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը և ինք­նա­պաշպ­տա­նու­թյան ընդ­հա­նուր կազ­մա­կերպ­վա­ծու­թյան կա­յու­նու­թյունն ու կեն­սու­նա­կու­թյու­նը:

Վա­ղօ­րոք ստա­նա­լով վտանգ­ված գյու­ղե­րին ան­հա­պաղ օգ­նու­թյան շտա­պե­լու Մու­րա­դի հրա­հան­գը՝ Գեն­վա­զի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը թուր­քե­րի հար­ձակ­ման լու­րը ստա­նա­լուն պես տե­ղի մար­տախմ­բե­րով ան­հա­պաղ ու­ղևոր­վում է պա­շար­ված Քա­ջա­րա­նին օգ­նու­թյան:

«Կրի­տի­կա­կան,- հա­վաս­տում է այդ կռիվ­նե­րը լու­սա­բա­նող թղթակցությունը,- մօ­մենտ էր: Ե­թէ մի քա­նի ժամ ու­շա­նար տղե­րանց օգ­նու­թիւ­նը, բո­լո­րը ան­դառ­նա­լի կը կոր­չէին: Բայց ա­հա, Մեղ­րիից քաջ Ե­նո­քի ա­ռաջ­նոր­դու­թեամբ Գե­նուա­զի ան­վե­հեր մար­տիկ­նե­րը՝ եղ­բայր­նե­րին և քոյ­րե­րին ա­զա­տե­լու տեն­չով հաս­նում են, և մի անն­կա­րագ­րե­լի ուժգ­նու­թյամբ գրոհ են տա­լիս»[14]:

Որ­պես­զի կա­րո­ղա­նար հաս­նել քա­ջա­րան­ցի­նե­րին օգ­նու­թյան, գեն­վա­զի մար­տա­խում­բը նախ պետք է խոր­տա­կեր մին­չև Քա­ջա­րա­նը ձգվող թուր­քե­րի հա­րու­ցած ար­գե­լա­պատ­նեշ­նե­րը: Գեն­վազ­ցի­նե­րը սրըն­թաց հար­ձա­կու­մով հաղ­թա­հա­րում են հա­կա­ռա­կոր­դի դի­մա­դրու­թյու­նը և ար­ժա­նի դա­տաս­տա­նի ար­ժա­նաց­նե­լով Ատկզ և Օխ­չի թուր­քաբ­նակ գյու­ղե­րը՝ ա­րա­գո­րեն մեկ­նում պա­շար­ված քա­ջա­րան­ցի­նե­րին օգ­նու­թյան:

Գեն­վազ­ցի­նե­րի օգ­նու­թյու­նը ճիշտ ժա­մա­նա­կին էր: Հա­մա­տեղ ու­ժե­րով ջախ­ջա­խե­լով թշնա­մուն՝ հայ մար­տիկ­նե­րը, չբա­վա­րար­վե­լով նվա­ճած հաղ­թա­նա­կով, զար­գաց­նում են հար­ձա­կու­մը և մո­տե­նում Քա­ջա­րա­նին մեր­ձա­կա 100 տուն ու­նե­ցող թուր­քաբ­նակ Շա­բա­դին գյու­ղին: Ո­գևոր­ված Գեն­վազ­ցի­նե­րի քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րով՝ մար­տա­դաշ­տում են հայտնվում նաև Վե­րին Ղա­փա­նի, մյուս գյու­ղե­րի մար­տախմ­բե­րը: Հա­մա­ձայն Մու­րա­դի հրա­հան­գի՝ նրանք թուր­քե­րի հար­ձա­կու­մը հետ մղե­լուց հե­տո ան­պայ­մա­նո­րեն պետք է ա­ռա­ջին իսկ հնա­րա­վո­րու­թյան դեպ­քում հար­ձակ­վեին և հո­ղին հա­վա­սա­րեց­նեին թուր­քաբ­նակ գյու­ղե­րը: Այդ օր­վա մար­տերն ըն­թա­նում են հենց այդ ուղղ­վա­ծու­թյամբ:

Ան­շե­ղորեն կա­տա­րե­լով ի­րենց հրա­մա­նա­տա­րի հրա­հան­գը՝ Գեն­վա­զի և վե­րին Ղա­փա­նի միա­ցյալ ու­ժե­րը՝ Ե­նո­քի ընդ­հա­նուր հրա­մա­նա­տա­րու­թյամբ, հար­ձակ­վում են Շա­բա­տի­նի վրա և ներ­խու­ժե­լով գյուղ՝ հիմ­նա­հա­տակ կոր­ծա­նում են այն, ա­պա գե­րե­վա­րում ու ար­ժա­նի դա­տաս­տա­նի ար­ժա­նաց­նում այն­տեղ ա­պաս­տա­նած մի քա­նի ցե­ղա­պետ­նե­րի: Ի­րենց հեր­թա­կան ա­նե­լիք­նե­րը ո­րո­շե­լու նպա­տա­կով հայ մար­տա­կան ու­ժե­րը կենտ­րո­նա­նում են Հանդ գյու­ղում, ուր գա­լիս է նաև Դաշ­նակ­ցա­կան Խե­չո­յի գլխա­վո­րած մար­տա­խում­բը: Նրանց վճի­ռը միակն էր, անհ­րա­ժեշտ էր ի­րա­գոր­ծել հրա­մա­նա­տա­րի՝ Մու­րա­դի հրա­հան­գը և լա­վա­գույնս օգ­տա­գոր­ծե­լով ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյու­նը՝ հար­ձակ­վել թուր­քաբ­նակ մյուս գյու­ղե­րի վրա: Նշա­նա­վոր Խե­չոն այն­տեղ ե­կել էր հենց այդ ա­ռա­քե­լու­թյամբ: Ա­ռաջ­նորդ­վե­լով Մու­րա­դի սահ­մա­նած ո­րոշ­մամբ՝ հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը շա­րու­նա­կում են ի­րենց հաղ­թար­շա­վը և ներ­խու­ժում Փի­րվար­տան գյու­ղը:

Ան­դրա­դառ­նա­լով այդ օ­րե­րին ըն­թա­ցող մար­տե­րի լու­սա­բան­մա­նը՝ Սար­հա­դը (Մկրտիչ Ա­ղա­մա­լյան), որն այդ ժա­մա­նակ գլխա­վո­րում էր Ղա­փա­նի շրջա­նի մար­տախմ­բե­րից մե­կը, իր հու­շագ­րու­թյու­նում նշում է. «…Կա­լէ­րից Ե­նօ­կը իւր խմբով և Խե­չօն իւր խմբով, ո­րին ու­ղար­կել էր Մու­րա­տը, թշնա­մուն քշում են ի­րենց գիւ­ղե­րը և կրա­կում են թուր­քէ­րի Օխ­շին, Շա­բա­տին և Ատ­կիչ գիւ­ղե­րը: Տե­ղե­կու­թիւն ենք ստա­ցել, որ կռիւը կենտ­րո­նա­ցել է Փի­րւար­տան («Դրօ­շա­կի» թղթակ­ցու­թյու­նում այդ գյու­ղը ան­վան­վում է Փի­րւար­տան՝ Հ.Գ.) թուրք գիւ­ղում»[15]:

Հայ մար­տա­կան խմբերն ա­րա­գո­րեն խոր­տա­կում են Փի­րւար­տա­նի պաշտ­պան­նե­րի դի­մա­դրու­թյու­նը, քան­դում և հրդե­հում են ողջ գյու­ղը:

Վե­րին Ղա­փա­նում ըն­թա­ցող կռիվ­նե­րի լու­սա­բան­մա­նը նվիր­ված վա­վե­րագ­րու­թյու­նում, ամ­փո­փե­լով հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի նվա­ճում­նե­րը, հե­ղի­նա­կը նշում է. «Թուր­քա­կան հինգ գիւ­ղեր էլ ոչն­չա­ցած, աւե­րւած են, և այժմ բնա­կիչ­նե­րը քաղ­ցած, մի կերպ հաւա­քւել են ի­րենց գիւ­ղե­րը և քարշ են տա­լիս ի­րենց թշւառ գո­յու­թիւ­նը:

Նրանք կորց­րել են ի­րենց բո­լոր ու­նե­ցւածք­նե­րը: Թուր­քա­կան չորս գիւ­ղե­րի սպա­նւած­նե­րը 4-5 հա­րիւ­րի կա­րող է հաս­նել, իսկ վի­րաւոր­նե­րը էլ աւե­լի»[16]:

Ինչ­պես ար­դեն նշվել է, Զան­գե­զու­րում, մաս­նա­վո­րա­պես Ղա­փա­նի շրջա­նում, կռիվ­նե­րը միա­ժա­մա­նակ ըն­թա­ցել են մի շարք վայ­րե­րում: Նույն օ­րե­րին, երբ հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը, դի­մե­լով հա­կա­հար­ձա­կում­նե­րի, հո­ղին էին հա­վա­սա­րեց­նում թուր­քաբ­նակ գյու­ղե­րը, թուր­քե­րը հար­ձակ­վում են հայ­կա­կան Ու­ջա­նիս գյու­ղի վրա: Վտանգ­ված գյու­ղին՝ Ու­ջա­նի­սին, օգ­նու­թյան է հաս­նում Յա­պո­նի (Հով­հան­նես Պա­րո­նյան, այդ օ­րե­րին Մու­րա­դին օգ­նե­լու նպա­տա­կով Գո­րի­սից մար­տախմ­բով տե­ղա­փոխ­վել էր Ղա­փան՝ Հ.Գ.) գլխա­վո­րած մար­տա­խում­բը:

Պի­տի նկա­տել, որ այդ օ­րե­րին Զան­գե­զու­րում, հատ­կա­պես Ղա­փա­նի շրջա­նում, կռիվ­ներն ըն­թա­ցել են ոչ միայն միա­ժա­մա­նակ մի շարք գյու­ղե­րում, այ­լև ե­ղել են դեպ­քեր, երբ թուր­քա­կան հրո­սա­կախմ­բե­րը հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի վրա հար­ձա­կում­ներ են ձեռ­նար­կել մի քա­նի ան­գամ: Այս ա­ռու­մով ու­շագ­րավ է Ու­ժա­նիս գյու­ղի հա­մար մղված մար­տե­րը:

1906 թ. մա­յի­սի սկզբնե­րին թուր­քե­րը ռու­սա­կան բա­նա­կի նախ­կին սպա, Զան­գե­զու­րի թուրք բնակ­չու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րից մե­կի՝ Իլ­դրիմ Բե­կի որ­դու գլխա­վո­րու­թյամբ, ո­րին միա­ցել էին նաև Ղա­րա­դա­ղի խա­նե­րից Բաղր խա­նի ա­ռաջ­նոր­դած 500 զի­նյալ­նե­րը, անակնկալ հար­ձա­կում են գոր­ծում Ու­ժա­նի­սի վրա: Այդ գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նակն ու­ժե­րը թեև թվա­քա­նա­կով զգա­լիո­րեն զի­ջում էին հա­կա­ռա­կոր­դին, սա­կայն բնավ չեն­թարկ­վե­լով վա­խի ու խու­ճա­պի՝ դի­մում են ինք­նա­պաշտ­պա­նու­թյան: Ե­թե Ու­ժա­նի­սի սա­կա­վա­թիվ մար­տիկ­նե­րին ժա­մա­նա­կին օգ­նու­թյան չհաս­նեին հա­րևան գյու­ղե­րի մար­տա­կան ու­ժե­րը, ա­պա գյուղն ան­կաս­կած կա­րող էր հայտնվել ա­նե­լա­նե­լի ի­րա­վի­ճա­կում: Այդ նույն պա­հին, երբ թուր­քե­րը պա­շա­րում էին Ու­ժա­նի­սը, Զան­գե­զու­րի մար­տախմ­բե­րից մե­կը` Յա­պո­նի գլխա­վո­րու­թյամբ, գտվում էր Ա­գա­րակ գյու­ղում:

«… մէկ էլ,- գրում է Յա­պո­նը,- մի ո­տա­բո­բիկ ու շապ­կանց հայ գիւ­ղա­ցի ներս ըն­կաւ սե­նյեակս ու՝ — Պա­րոն Եա­պօն, թուր­քե­րը գիւ­ղը կրակ տուին-ա­սաց ու ուշագ­նաց ըն­կաւ: Խեղ­ճը ա­րագ վա­զե­լուց ու վա­խից շուն­չը սպա­ռել էր ու չկա­րո­ղա­ցաւ էլ ա­սել՝ թէ խօս­քը որ գիւ­ղի մա­սին է»[17]:

Հա­մա­ձայն Զան­գե­զու­րում սահ­ման­ված ան­խախտ զին­վո­րա­կան կար­գա­պա­հու­թյան` նման դեպ­քե­րում ո­րևէ հայ­կա­կան բնա­կա­վայ­րին սպառ­նա­ցող վտան­գի մա­սին լուրն առ­նե­լուն պես հա­րևան գյու­ղե­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան  ու­ժե­րը պար­տա­վոր էին ան­հա­պաղ շտա­պել օգ­նու­թյան: Գուժ­կա­նից տե­ղե­կա­նա­լով Ու­ժա­նի­սին սպառ­նա­ցող վտան­գի մա­սին՝ Յա­պոնն ան­մի­ջա­պես ոտ­քի է հա­նում Ա­գա­րա­կի, ա­պա նաև Եղ­վար­դի զին­ված ու­ժերն ու ա­րա­գո­րեն ու­ղևոր­վում Ու­ժա­նիս: Իսկ այդ ըն­թաց­քում թուր­քերն ար­դեն հասց­նում են գրա­վել գյու­ղի մեր­ձա­կա բար­ձունք­նե­րը և գրոհ­ներ ձեռ­նար­կե­լով՝ ներ­խու­ժել գյուղ: Ու­ժա­նի­սի մար­տիկ­նե­րը պաշտ­պա­նա­կան դիր­քեր են գրա­վում, և որ­պես­զի խնա­յեն փամ­փուշ­տի ի­րենց սահ­մա­նա­փակ պա­շար­նե­րը, սկսում են թուր­քե­րի բուռն հա­մա­զար­կե­րին պա­տաս­խա­նել հատ ու կենտ կրա­կոց­նե­րով: Ե­թե Յա­պո­նի գլխա­վո­րած մար­տիկ­նե­րին չհա­ջող­վեր թուր­քե­րին դուրս մղել գրավ­ված բար­ձունք­նե­րից, ա­պա անհ­նա­րին կլի­ներ ներ­խու­ժել գյուղ և օգ­նել թշնա­մու օ­ղա­կում հա­մա­ռու­թյամբ մարտնչող ու­ժա­նիսցի­նե­րին: Ել­քը միակն էր. անհ­րա­ժեշտ էր անշ­շուկ ու անն­կատ մո­տե­նալ թուր­քե­րի  դիր­քե­րին և սրըն­թաց գրոհ ձեռ­նար­կել: Ներ­կա­յաց­նե­լով այդ վճռա­կան պա­հը՝ Յա­պո­նը նշում է. «Տղա­նե­րին  փռե­լով սա­րի կրծքո­վը մէկ՝ պա­տուի­րե­ցին զոյգ զոյգ անծպտուն բարձ­րա­նալ մին­չև թշնա­միին նկա­տե­լի դառ­նա­լու կէ­տը ու այն­տեղ տապ ա­րած՝ սպա­սել նշա­նին: Նշա­նը առ­նե­լուն պէս իւ­րա­քա­չիւ­րը պէտք է առ­նէր իր ա­ռա­ջը գնա­ցող թշնա­մուն ու քշէր ցած, դէ­պի ձո­րը»[18]:

Թուր­քե­րի, ո­րոնց ու­շա­դրու­թյու­նը գլխա­վո­րա­պես բևեռ­վել էր գյու­ղի վրա, տե­սա­դաշ­տից վրի­պում է Յա­պո­նի մար­տախմ­բի տե­ղա­շար­ժե­րը: Հայ մար­տիկ­նե­րին հա­ջող­վում է անն­կատ բարձ­րա­նալ բար­ձունք­ներն ու ընդ­հուպ մո­տե­նալ հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րին:

«Երբ,- շա­րու­նա­կում է Յա­պո­նը,- այն­քան մօ­տե­ցայ, որ թշնա­մու խօ­սակ­ցու­թիւ­նը ա­կան­ջիս հա­սաւ, անշ­շուկ տե­ղումս նստե­ցի՝ նոյ­նը նշան ա­նե­լով կող­քիս զի­նուո­րին, սա էլ հա­րևա­նը ու այս­պէս ամ­բողջ շար­քին: Մի քա­նի րո­պէ սպա­սե­ցի, որ շունչ առ­նինք:

… Երբ շունչ­ներս ա­ռել էինք՝ տաս­նոցս քա­շե­ցի ու որ­քան կո­կոր­դումս կար՝ տղե՛րք, յա­ռա՜ջ գո­ռա­ցի…»[19]:

Հայ մար­տիկ­նե­րը, միաս­նա­բար հա­մա­զար­կեր տե­ղա­լով և «ու­ռա՜» գո­չե­լով ու միա­ժա­մա­նակ մար­տա­կան փո­ղեր հնչեց­նե­լով, սրըն­թաց գրո­հում են հա­կա­ռա­կոր­դի դիր­քե­րին: Թուր­քերը, այդ սրըն­թաց ու անս­պա­սե­լի գրո­հից խու­ճա­պի մատն­վե­լով, լքում են դիր­քե­րը և դի­մում փա­խուս­տի:

«Իր,- նշում է Յա­պո­նը,- փա­խուստն այն­քան տա­րե­րա­յին էր, որ գիւ­ղի շուր­ջը գտնւող ի­րենց հսկա­յա­կան բա­նակն էլ ի­րենց մէջ ա­ռին ու տա­րան (նկա­տի ու­նի թուր­քա­կան գյու­ղե­րի ան­զեն բնակ­չու­թյա­նը, ո­րը Ու­ժա­նիս էր ե­կել՝ ու­ժա­նիսց­նե­րի ու­նեց­ված­քը թա­լա­նե­լու նպա­տա­կով՝ Հ.Գ): Ի­րար խառ­նուած թշնա­մու հա­զա­րից աւե­լի ոյ­ժը մեր մի հա­րիւ­րա­կի ա­ռաջ այդ­պէս փախ­չե­լիս մի պահ փոր­ձեց գիւ­ղից ցած «Վան­քի Ձո­րում» կանգ առ­նել, բայց հայ զի­նուո­րի շեշ­տա­կի գնդա­կից խան­ձուած՝ նո­րէն թի­կունք շուռ տուաւ»[20]:

Այդ նշա­նա­վոր կռվից մեկ ա­միս անց Իլ­դրիմ Բե­կի որ­դին իր կորց­րած հե­ղի­նա­կու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու և հա­յե­րից վրեժխնդիր լի­նե­լու նպա­տա­կով դար­ձյալ ար­շա­վում է Ու­ժա­նի­սի վրա: Այս ան­գամ թշնա­մու ու­ժե­րը նա­խոր­դի հա­մե­մատ ե­ղել են սահ­մա­նա­փակ, քա­նի որ Բաղր Խա­նը չի հա­մա­ձայն­վել մաս­նակ­ցել հեր­թա­կան գոր­ծո­ղու­թյա­նը: Քա­նի որ թշնա­մու ու­ժերն այս ան­գամ հա­մե­մա­տա­բար թույլ էին, ուս­տի ու­ժա­նիս­ցի­նե­րը սառ­նասր­տո­րեն ըն­դու­նել են հա­կա­ռա­կոր­դի մար­տահ­րա­վերն ու կա­րո­ղա­ցել են հա­ջո­ղու­թյամբ դի­մագ­րա­վել գյու­ղի վրա ձեռ­նարկ­ված հար­ձա­կում­նե­րը: Ինչ­պես նա­խորդ, այն­պես էլ այս կռվի ժա­մա­նակ, ու­ժա­նիս­ցի պաշտ­պա­նե­րին դար­ձյալ օգ­նու­թյան է շտա­պել Յա­պո­նի գլխա­վո­րած մար­տա­խում­բը:

«Ժա­մա­նա­կին,- վեր­հի­շում է Յա­պո­նը,- լու­րը հա­սաւ ինձ ու կռուի էն տաք ժա­մին մօտ հա­րիւր հո­գիով հա­սայ Ու­ժա­նիս:

Հա­յե­րը ի­րենց դիր­քե­րում նստած՝ յա­ջող կեր­պով պաշտ­պանւում էին:

Էլ ժա­մա­նակ չտուի, որ թուր­քե­րը մեր գալն ու որ­քան լի­նե­լը ի­մա­նան: Ու­ժա­նի­սի աղ­բիւ­րի գլուխ կո­չուած ձո­րա­կից յան­կար­ծա­կի դուրս ըն­կանք ու մի մասս կա­նո­նաւոր հա­մա­զար­կե­րով ու մի մասս ան­կա­նոն կար­կուտ մա­ղե­լով ա­ռինք զա­նոնք  կռուի մէջ­տե­ղը:

Թշնա­մին հա­զիւ կէս ժամ դի­մա­դրել կա­րո­ղա­ցաւ ու նո­րէն դաշ­տի ճամ­փան բռնեց»[21]:

Հայ ինքնապաշտպանական ու­ժե­րը տո­նում են հեր­թա­կան ան­վի­ճե­լի հաղ­թա­նա­կը: Այդ օրն ըն­թա­ցող մար­տե­րում նրանք պար­տու­թյան են մատ­նում ոչ միայն Ու­ժա­նի­սի վրա հար­ձակ­վող թուրք հրո­սա­կախմ­բե­րին, այ­լև զար­գաց­նե­լով հար­ձա­կու­մը՝ գրա­վում են Ու­ժա­նի­սի հա­րևա­նու­թյամբ գտնվող Ալ­մա­լու և մի քա­նի այլ թուր­քաբ­նակ գյու­ղեր:

Ու­ժա­նիս գյու­ղի հա­մար մղվող մար­տե­րում Յա­պո­նի գլխա­վո­րած մար­տախմ­բե­րի քա­ջա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին վկա­յում է նաև Սար­հա­դը (Մկրտիչ Ա­ղա­մա­լյան), որն այդ օ­րե­րին Նի­կոլ Դու­մա­նի հանձ­նա­րա­րու­թյամբ Մու­րա­դին օգ­նե­լու նպա­տա­կով գտնվում էր Զան­գե­զու­րում:

Խի­զախ գրո­հով խոր­տա­կե­լով հա­ղոր­դակ­ցու­թյան ու­ղի­նե­րի՝ ճա­նա­պարհ­նե­րի վրա վե­րահս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նող թուր­քա­կան ու­ժե­րի դի­մա­դրու­թյու­նը՝ Յա­պո­նի մար­տիկ­նե­րը հաս­նում են պա­շար­ված գյու­ղին օգ­նու­թյան:

«…Քաջ Եա­պո­նը,- նշում է Սար­հա­դը,- պատ­ռում է թշնա­մու շղթան և հետ է քա­շում թշնա­մուն: Թշնա­մին ա­մօ­թա­բար հետ է նա­հան­ջում՝ թօղ­նե­լով մի քա­նի դիակ­նէր: Թշնա­մուն քշում են մին­չև ի­րանց գիւ­ղե­րը, օգ­նու­թեան է հաս­նում Ար­սէ­նը (Չո­փուռ Ար­սեն) իւր խմբով ու կրա­կում են թշնա­մու ի­րէք գիւ­ղե­րը…»[22]:

Օ­գոս­տո­սի 14-ին թուրք զի­նյալ խմբե­րը դար­ձյալ, այս ան­գամ ա­վե­լի մե­ծա­քա­նակ ու­ժե­րով, պա­շա­րում են Ու­ժա­նիս գյու­ղը: Տե­ղի բնակ­չու­թյու­նը, չերկնչե­լով թշնա­մու բազ­մու­թյու­նից, դի­մում է ինք­նա­պաշտ­պա­նու­թյան: Մի շա­բաթ անց՝ օ­գոս­տո­սի 22-ին, թուրք ամ­բո­խին են միա­նում Ռա­հիմ ու Ա­լի խա­նե­րի առաջ­նոր­դու­թեամբ Պարս­կաս­տա­նից Զան­գե­զուր ան­ցած 1500 ձիա­վոր­ներ, և թշնա­մին, գո­տեպնդվե­լով ու­ժե­րի հսկա­յա­կան գե­րակշ­ռու­թյու­նից, փոր­ձում է ներ­խու­ժել գյուղ: Կռվի ա­մե­նա­ծանր պա­հին անս­պա­սե­լիո­րեն Յա­պո­նի, Ա­վո­յի ու Հայ­րի­կի մար­տախմ­բե­րի գլուխն ան­ցած Մու­րա­դը հաս­նում է մար­տա­դաշտ և հող­մի ա­րա­գու­թյամբ հար­վա­ծում մո­տա­լուտ հաղ­թա­նա­կի ակն­կա­լի­քով հայ զին­վոր­նե­րի դիր­քե­րը գրո­հող թուր­քե­րի թի­կուն­քին: Կես ժամ չան­ցած՝ քաղցն ու ծա­րա­վը հա­յի ա­րյու­նով հա­գեց­նե­լու հա­ճույք­նե­րից խան­դա­վառ­ված թուր­քե­րը սար­սա­փա­հար փա­խուս­տի են դի­մում:

«Փախ­չե­լու ժա­մա­նակ քաջ Մու­րա­դը կան­չում է թուր­քե­րեն. «Էյ, խա­նում­ներ, ո՞ւր էք փախ­չում, ի՞նչ լուր էք տա­նում ձեր կա­նանց, մի ե­րեք-չորս ջան ֆի­դա­յու կռիւ է, ե­կէք թէյ խմե­լու, հիւր ե­ղէք, ա՜յ գե­ղե­ցիկ խա­նում­ներ»[23]:

Հայ մար­տիկ­նե­րը հե­տապն­դում են փախ­չող­նե­րին և գնդա­կա­հա­րում մի քա­նի հա­րյուր թուր­քե­րի: Ու­ջա­նի­սի կռվում հա­կա­մար­տող կող­մե­րի կո­րուստ­ներն են. «…Ու­ջա­նի­սը են­թար­կւել է ե­րեք ան­գամ յար­ձակ­ման. այ­րւել են 42 մա­րագ, 15600 խուրձ ցո­րեն, աւե­րել են մի քա­նի ջրա­ղաց­ներ, սպա­նել են 5 և վի­րաւո­րել 13 հո­գի:

…Գաւա­ռա­պե­տի ա­սե­լով Ու­ջա­նի­սի կռւում թուր­քե­րից 600 հո­գի են սպա­նւել»[24]:

Հայ­կա­կան մար­տա­կան ու­ժե­րը նույն օ­րե­րին թուր­քաբ­նակ գյու­ղե­րի վրա հար­ձա­կում­ներ են ձեռ­նար­կում մի քա­նի ուղ­ղու­թյամբ: Օ­գոս­տո­սի 26-ին Դաշ­նակ­ցա­կան Խե­չո­յի մար­տա­խում­բը և Ե­նո­քի գլխա­վո­րած Գեն­վա­զի մար­տիկ­նե­րը Վե­րին Ղա­փա­նում գրո­հում ու հիմ­նա­հա­տակ քան­դում, այ­րում են թուր­քաբ­նակ Ա­ռա­ջա­ձոր, Ա­ջի­լու և Թու­նիս գյու­ղե­րը:

Սեպ­տեմ­բե­րի 6-ին Եղ­վար­դի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը, ի պա­տաս­խան ի­րենց տա­վա­րի նա­խի­րը փախց­նող Հալ գյու­ղի հայտ­նի ա­վա­զակ Իս­մա­յիլ Ա­բաշ Օղ­լու ա­վա­րա­ռու­թյան, հար­ձակ­վում են թուր­քե­րի վրա «…յետ խլում տաւար­նե­րը և թուր­քե­րից բե­րում են 6 ձի, կրա­կում Սալ­դաշ գիւ­ղի բո­լոր խուր­ձե­րը և անց­նում են դե­պի Սալ­դա­շի Հար­թի­զա սա­րի վրայ գտնւող 8 օ­բա­նե­րը, ոչն­չաց­նում են բո­լոր ու­նե­ցած­նե­րը և գե­րի են վերց­նում ե­րեք հո­գի»[25]:

Սեպ­տեմ­բե­րի 7-ին Յա­պո­նի գլխա­վո­րած մար­տա­խումբն ու ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րը քշում են Ղա­րա­չի­մա­նին պատ­կա­նող 135 կով, 8 ձի, 9 ջո­րի և պատ­րաստ­վում հար­ձակ­վել նաև գյու­ղի վրա[26]:

1906 թ. ամ­ռան ա­միս­նե­րին և սեպ­տեմ­բե­րին Զան­գե­զու­րի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ծա­վա­լած հար­ձա­կո­ղա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի նվա­ճում­ներն ա­վե­լի քան ակ­նա­ռու էին: Ե­թե չլի­ներ գա­վա­ռի իշ­խա­նու­թյուն­նե­րի մի­ջամ­տու­թյու­նը, ա­պա ար­դեն բազ­միցս պար­տու­թյուն կրած թուր­քերն ա­րա­գո­րեն կա­րող էին վերջ­նա­կա­նա­պես ջախ­ջախ­վել:

Հայ­կա­կան մար­տա­կան ու­ժերն ի­րենց կազ­մա­կերպ­վա­ծու­թյամբ և հե­րո­սա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով հրա­շա­լի հնա­րա­վո­րու­թյուն են նվա­ճում Զան­գե­զու­րի տա­րած­քը մե­կընդ­միշտ մաք­րե­լու մահ­մե­դա­կան բնակ­չու­թյու­նից: Սա­կայն հա­կա­մար­տող կող­մե­րին սան­ձե­լու և գա­վա­ռում խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու պատր­վա­կով կո­զա­կա­կան և ոս­տի­կա­նա­կան զո­րա­ջո­կատ­նե­րի գլուխն ան­ցած՝ դար­ձ­յալ աս­պա­րե­զում է հայտնվում գա­վա­ռա­պե­տը:

«Մեծ քա­ղա­քի ըն­կեր­նե­րին» հաս­ցեագ­րած 1906 թ. սեպ­տեմ­բե­րի 10-ի նա­մա­կում Մու­րա­դը գրում է. «…այժմ գաւա­ռա­պէ­տը 300 զօր­քով գտնւում է մեր շրջան­նէ­րում: Ռմբա­կօ­ծեց հա­յե­րի գիւ­ղէ­րը ու ան­ցաւ թուրք գիւ­ղէ­րը:

Չգի­տենք՝ այս­տէղ ինչ է կա­տա­րւում, շու­տով կը վե­րա­դառ­նայ…»[27]:

Զան­գե­զու­րում ծա­վալ­վող դեպ­քե­րին գա­վա­ռա­պե­տի և զոր­քի մի­ջամ­տու­թյու­նը փրկա­րար նշա­նա­կու­թյուն է ու­նե­նում ար­դեն ան­խու­սա­փե­լի ջախ­ջախ­ման դա­տա­պարտ­ված մահ­մե­դա­կա­նու­թյան հա­մար:

1906 թ. սեպ­տեմ­բե­րի 10-ին «Մեծ քա­ղա­քի ըն­կեր­նե­րին» հաս­ցեագ­րած վե­րո­հի­շյալ նա­մակ-զե­կու­ցագ­րում Մու­րա­դը ՀՅԴ Ա­րևե­լյան բյու­րո­յին տե­ղե­կաց­նում է իր գլխա­վո­րած շրջան­նե­րի ի­րա­կան կա­ցու­թյու­նը և միա­ժա­մա­նակ ներ­կա­յաց­նում եր­կու՝ հու­լիս և օ­գոս­տոս ա­միս­նե­րի ըն­թաց­քում այն­տեղ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը՝ նշե­լով. «… պարզ կլի­նի ձեզ հա­մար, թէ ինչ է կա­տա­րւել, այժմ միայն տե­ղե­կու­թիւն տամ քան­դւած գիւ­ղե­րի մա­սին՝ թէ հա­յի, թէ թուր­քի»[28]:

Նույն նա­մա­կում նա նախ ներ­կա­յաց­նում է թուր­քե­րի հար­ձա­կում­նե­րի հե­տևան­քով քանդ­ված հայ գյու­ղե­րի ցու­ցա­կը. «1. Մօ­ղէս-քա­ռա­սուն տուն, սպա­նւած 2 մարդ, 3 կին, 2.Դա­րա­բաղ-քա­ռա­սուն տուն. սպա­նւած 3 մարդ, 2 վի­րաւոր, 3. Քա­ջա­րան- 70 տուն. Սպան-ւած 2 մարդ, 3 կին, 4. Սիւ­նիք. գօր­ծա­րա­նում սպա­նւած- 3 մարդ»:

Այ­նու­հե­տև ներ­կա­յաց­նում է վեր­ջին եր­կու ա­միս­նե­րի ըն­թաց­քում հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի կող­մից կեն­սա­գոր­ծած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հե­տևան­քով թուր­քաբ­նակ քանդ­ված գյու­ղե­րի ցու­ցա­կը, որ­տեղ նշում է միայն տնե­րի քա­նա­կը.

«1. Ին­ջաւար-20 տուն            

  1. Չու­լու-30 տուն
  2. Քար­խա­նայ­-35 տուն  
  3. Է­միջ­լու-34 տուն
  4. Ներ­քին Է­միջ­լու-15 տուն
  5. Ալ­մա­լու-25 տուն
  6. Չա­րու­լու-15 տուն
  7. Կօ­տակ­լու-10 տուն   
  8. Է­մաջ­լու-315 տուն

10.Ա­ղւա­նիկ և Տան­ձաւէր-55 տուն 

11.Ղա­թար-Սալ­դաշ-Պա­լու­ղա­յիայ-Մի­ջուր­լու-800 տուն             

  1. Ատկզ-30 տուն
  2. Օխ­չի-250 տուն
  3. Շա­բա­տին-100 տուն
  4. Փի­րւար­տան-80 տուն
  5. Աւ­սար­լու-20 տուն
  6. Բո­ղաջղ-22 տուն
  7. Ա­ջի­լու-70 տուն
  8. Տա­լաք­լու-20 տուն
  9. Օ­սա­նայ­լու-18 տուն
  10. Մտնա­ձոր-10 տուն
  11. Քօր­լուղչ­լաղ-35 տուն»[29]:

Նույն նա­մա­կում Մու­րա­դը տե­ղե­կու­թյուն­ներ է հայտ­նում նաև թուր­քաբ­նակ այլ գյու­ղե­րի մա­սին. «…տար­տակ գիւ­ղէր կան, ո­րոնք թո­ղել փա­խել են, մօտ 15 գիւղ: Սպա­նւած­նե­րը մեզ հայտ­նի չեն, բայց մօ­տաւո­րա­պէս շատ են»[30]:

Մու­րա­դի ներ­կա­յաց­րած ցու­ցա­կը, ինչ­պես ար­դեն նշվել է, ար­տա­ցո­լում է հայ­կա­կան մար­տա­կան ու­ժե­րի միայն 1906 թ. հու­լիս և օ­գոս­տոս ա­միս­նե­րին ծա­վա­լած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը: Սա­կայն պետք է նկա­տել, որ նա­խորդ ա­միս­նե­րին տե­ղի ու­նե­ցած մար­տե­րի ժա­մա­նակ ևս հայ մար­տիկ­նե­րի պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի զոհ էին դար­ձել զգա­լի քա­նա­կու­թյամբ թուր­քաբ­նակ գյու­ղեր և բնա­կիչ­ներ:

Զան­գե­զու­րում և հատ­կա­պես Ղա­փա­նի շրջա­նում Մու­րա­դի գլխա­վո­րած ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ան­վի­ճե­լի հաղ­թա­նակ­նե­րը ոչ միայն կտրուկ փո­խում են գա­վա­ռում տի­րող հա­յե­րի հա­մար անն­պաստ կա­ցու­թյու­նը, այ­լև զգա­լիո­րեն ազ­դե­ցու­թյուն գոր­ծում մահ­մե­դա­կան վեր­նա­խա­վի դիր­քո­րոշ­ման և տրա­մադր­վա­ծու­թյան վրա: Ա­մե­նու­րեք հայ մարտական ու­ժե­րի հար­ված­նե­րից ջախ­ջախ­ված մահ­մե­դա­կան ցե­ղախմ­բե­րից շա­տե­րը ճա­րա­հա­տյալ դի­մում են հաշ­տու­թյան: Հա­մա­ձայն Ներ­սես Մե­լիք-Թան­գյա­նի հա­վաստ­ման՝ «Այ­նու­հե­տև թուրքական խմբեր էին, որ գա­լիս էին Տա­թևի վան­քը, հաշ­տու­թիւն էին խնդրում, իմ միջ­նոր­դու­թեան էին դի­մում, ա­նի­ծում էին ի­րենց խա­նե­րին, ո­րոնք կո­տո­րած­նե­րին պատ­ճառ էին ե­ղած, ա­նի­ծում էին, որ զուր տե­ղը կռուեց­րին եր­կու հա­րևան ժո­ղո­վուրդ­նե­րուն»[31]:

Թուրք ցե­ղա­պետ­նե­րից շա­տե­րը, մի շարք մար­տե­րում ճա­շա­կե­լով պար­տու­թյան դառ­նու­թյու­նը, հաս­կա­նում են կռիվ­նե­րը շա­րու­նա­կե­լու վտան­գա­վո­րու­թյունն ու կոր­ծա­նա­րար ազ­դե­ցու­թյան նշա­նա­կու­թյու­նը: Սա­կայն այդ ճշմար­տու­թյու­նը բո­լոր ցե­ղա­պե­տե­րը չէ, որ հաս­կա­նում ու գնա­հա­տում են: Նրան­ցից շա­տե­րը, պահ­պա­նե­լով մար­տա­կան տրա­մադր­վա­ծու­թյու­նը, շա­րու­նա­կում են նա­խա­պատրաստ­վել և ու­ղի­ներ ո­րո­նել կռիվ­նե­րը դար­ձյալ վերսկսե­լու ու հայ­կա­կան գյու­ղե­րի վրա վերս­տին հար­ձա­կում­ներ ձեռ­նար­կե­լու  հա­մար:

Վե­րո­հի­շյալ նա­մա­կում ան­դրա­դառ­նա­լով այդ ի­րո­ղու­թյա­նը՝ Մու­րա­դը գրում է. «…թուր­քե­րը լուրջ պատ­րաս­տու­թիւն­նէր են տես­նում մի քա­նի տէ­ղե­րում խո­շոր հար­ձա­կում­ներ ա­նե­լու…»[32]:

Երբ թուր­քե­րը դար­ձյալ լրջո­րեն նա­խա­պատ­րաստ­վում էին, ա­պա, բնա­կա­նա­բար, հա­մա­պա­տաս­խան քայ­լեր ան­պայ­մա­նո­րեն պի­տի ձեռնարկեին նաև հա­յե­րը:

Եր­կա­րա­տև ու բա­զում կռիվ­նե­րի բո­վով նշա­նա­կա­լից հաղ­թա­նակ­նե­րով ան­ցած հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի հա­մար դժվա­րին լու­ծե­լի խնդի­րը ե­ղել և մնում էր զեն­քի ու զի­նամ­թեր­քի ձեռք­բե­րու­մը:

Նույն նա­մա­կում Մու­րա­դը, «Մեծ քա­ղա­քի ըն­կեր­նե­րին» ներ­կա­յաց­նե­լով ի­րենց հա­մար այդ ա­մե­նա­ցա­վոտ հար­ցը, հայտ­նում է. «…մօտ վեց եօթ շրջա­նի է բա­ժան­ված (նկա­տի ու­նի իր հրա­մա­նա­տա­րու­թյամբ գոր­ծող ինք­նա­պաշտ­պա­նա­կան շրջան­նե­րը՝ Հ.Գ.) և ոչ մի շրջա­նում փամ­փուշտ չկայ: Գիւ­ղա­ցիք մօ­սի­նէ­րը թօ­ղել են, բեր­դան են բա­նեց­նում: Ե­թե շու­տով հասց­նէք այս­տեղ հա­րիւր մօ­սին, քա­ռա­սուն հա­զար ծայր (նկա­տի ու­նի մո­սի­նի փամ­փուշտ՝ Հ.Գ.), այն ժա­մա­նակ հան­գիստ կլի­նենք… ժո­ղո­վուր­դը պատ­րաստ է հա­տը 200 ռուբ­լի մօ­սի­նի տալ, 20 կոպ. ծայ­րե­րի հա­տին, բո­լո­րը պատ­րաստ են առ­նե­լու…»[33]:

Ինչ­պես որ սպաս­վում է, գա­վա­ռի իշ­խա­նու­թյուն­նե­րի ջան­քե­րով հաս­տատ­ված խա­ղա­ղու­թյու­նը շատ խա­բու­սիկ էր և ժա­մա­նա­կա­վոր:

Հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի կող­մից ա­վե­րակ­նե­րի վե­րած­ված Վե­րին Ղա­փա­նի թուր­քաբ­նակ գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րը, ո­րոնք փա­խել և ա­պաս­տա­նում էին Նա­խի­ջևա­նում և Օր­դու­բա­տում, տե­ղի մահ­մե­դա­կան պա­րագ­լուխ­նե­րի օգ­նու­թյամբ և զի­նա­կան ա­ջակ­ցու­թյամբ հետ են վե­րա­դառ­նում և սեպ­տեմ­բե­րի 12-ի լու­սա­բա­ցին հար­ձակ­վում հայ­կա­կան Հանդ և Քուր­դի­քանդ գյու­ղե­րի վրա: Թեև մահմե­դա­կան հրո­սա­կախմ­բե­րի հար­ձա­կու­մը անս­պա­սե­լի էր, բայց գյու­ղե­րի մար­տա­կան ու­ժե­րը ան­մի­ջա­պես դիր­քեր են գրա­վում և դի­մագ­րա­վում հա­կա­ռա­կոր­դի գրոհ­նե­րը:

Մու­րա­դը հե­ռա­տե­սո­րեն նա­խա­տե­սել էր դեպ­քե­րի նման շրջա­դար­ձը և այդ գյու­ղե­րի պաշտ­պան­նե­րին օգ­նե­լու նպա­տա­կով վա­ղօ­րոք Քուր­դի­քանդ գյու­ղում էր կենտ­րո­նաց­րել Թա­դևոս Պետ­րո­սյա­նի (Թա­դե) լավ զին­ված մար­տա­խում­բը, որն այդ օ­րե­րին Նի­կոլ Դու­մա­նի կար­գա­դրու­թյամբ զան­գե­զուր­ցի­նե­րին օգ­նե­լու նպա­տա­կով գտնվում էր Վե­րին Ղա­փա­նում:

Թուր­քերը, օգտ­վե­լով ի­րենց քա­նա­կա­կան գե­րակշ­ռու­թյու­նից, ձգտում են ա­րա­գո­րեն ներ­խու­ժել գյուղ: Քուր­դի­քանդ և Հանդ գյու­ղե­րի մղած կռիվ­նե­րը լու­սա­բա­նող վա­վե­րագ­րու­թյու­նը, ներ­կա­յաց­նե­լով այդ պա­հը, նշում է. «Ան­մի­ջա­պէս Թա­դէոսն իր քաջ տղե­րան­ցով դի­մա­դրու­թեան է դուրս գա­լիս և յա­ջո­ղում է կէս ժա­մւայ ըն­թաց­քում 27 թուրք սպա­նել: Երբ թուր­քե­րը վճռա­կան քայ­լեր են ա­նում գիւ­ղը մտնե­լու ու կրա­կե­լու, Թա­դէոսն իր խում­բը բա­ժա­նում է եր­կու մա­սի, ժո­ղովր­դին հաւա­քում ե­կե­ղե­ցու մէջ և ճա­կատ կռիւ սկսում թշնա­մու դէմ»[34]:

Ա­վե­լի քան 9 ժամ Քուր­դի­քան­դի և Թա­դևոս Պետ­րո­սյա­նի գլխա­վո­րած մար­տիկ­ներն ան­նա­հանջ դի­մագ­րա­վում են հա­կա­ռա­կոր­դի գրոհ­նե­րը և մար­տի ըն­թաց­քում գնդա­կա­հա­րում մի քա­նի ա­վա­զա­կա­պե­տե­րի և բազ­մա­թիվ թուր­քե­րի: Շու­տով նրանց օգ­նու­թյան է հաս­նում Փա­րա­մազ Թու­մա­նյան­ցի և Ներ­սես Աբ­րա­հա­մյա­նի ա­ռաջ­նոր­դած Հան­դի գյու­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան մար­տա­խում­բը և թի­կուն­քից հար­վա­ծում Քուր­դի­քան­դը պա­շա­րող թուր­քե­րի վրա: Հա­մա­տեղ  ու­ժե­րով հար­ված­ներ տե­ղա­լով՝ հայ մար­տիկ­նե­րը հար­կա­դրում են հա­կա­ռա­կոր­դին լքել մար­տա­դաշտն ու դի­մել փա­խուս­տի:

Մի քա­նի ժամ չան­ցած՝ թուր­քե­րը, վե­րախմ­բա­վո­րե­լով և  հա­մալ­րե­լով ի­րենց մար­տա­շար­քե­րը, դար­ձյալ գրոհ են ձեռ­նար­կում Քուր­դի­քանդ գյու­ղի վրա: Հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժերն ան­վա­րան ըն­դու­նում են մար­տահ­րա­վե­րը և տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րից ան­կա­սե­լի գրոհ ձեռ­նար­կում թուր­քե­րի վրա, ո­րոնց ան­խու­սա­փե­լի կոր­ծա­նու­մից այս ան­գամ դար­ձյալ փրկում է մար­տա­դաշ­տում հայտնված ռու­սա­կան զո­րա­ջո­կա­տը: Իսկ այդ ըն­թաց­քում օգտ­վե­լով ռու­սա­կան զո­րա­ջո­կա­տի ներ­կա­յու­թյու­նից՝ թուր­քե­րը դար­ձյալ դի­մում են փա­խուս­տի:

«Թուր­քե­րը փա­խուստ տա­լուց թո­ղել էին 43 դիակ, չորս ջուալ Օր­դու­բա­թի սան­գակ հա­ցից և մի տա­կառ նաւթ, որ բե­րած են ե­ղել գիւ­ղե­րը հրդե­հե­լու հա­մար»[35]:

Թե­պետ այդ կռիվ­նե­րում թուրք հրո­սա­կախմ­բե­րը դար­ձյալ պար­տու­թյուն են կրում, բայց հայ­կա­կան գյու­ղե­րի ոչ­խա­րի հո­տե­րի և տա­վա­րի նա­խիր­նե­րի վրա ձեռ­նարկ­ված հար­ձա­կում­նե­րը ստեպ-ստեպ դե­ռևս շա­րու­նակ­վում են:

Այս ան­գամ ա­ռա­վել ակ­տի­վու­թյուն են դրսևո­րում Օր­դու­բա­դի կող­մից գա­վա­ռի հա­րա­վա­յին շրջան­ներ թա­փան­ցած հրո­սա­կախմբե­րը, ո­րոնք տե­ղի և մաս­նա­վո­րա­պես Գեն­վա­զի Թեյ և Բու­ղա­քար գյու­ղե­րի թուրք զի­նյալ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ փոր­ձում են աս­պա­տա­կել հայ­կա­կան գյու­ղե­րը: Այս ան­գամ ար­դեն վտան­գա­վոր կա­ցու­թյու­նում են հայտնվում Զան­գե­զու­րի հա­րա­վա­յին շրջա­նի գյու­ղե­րը: Մու­րա­դի գլխա­վո­րած ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի տե­սա­դաշ­տից և ու­շա­դրու­թյու­նից չէին կա­րող վրի­պել թուրք պա­րագ­լուխ­նե­րի նոր ձեռ­նար­կում­նե­րը: Մու­րա­դը, մար­տախմ­բերն ա­ռաջ­նոր­դե­լով, գա­լիս է Գեն­վա­զի շրջան և պատ­րաստ­վում վճռա­կան գրոհի թուր­քա­կան գյու­ղե­րի և այն­տեղ ա­պաս­տա­նած ա­վա­զա­կախմ­բե­րի վրա ու մե­կընդ­միշտ հիմ­նա­հա­տակ կոր­ծա­նել ա­վա­զա­կաոր­ջե­րը, սա­կայն. «…գա­վա­ռա­պե­տի և զօր­քի գա­լը խան­գա­րեց յար­մար րո­պէն, որով­հե­տև ե­թե նրանց գա­լը չը լի­նէր, ամ­բողջ Գենուա­զի թուրք գիւ­ղե­րը աւե­րակ պիտ դառ­նա­յին…

Գա­լիս են… ա­հա այն լու­րը, որ կայ­ծա­կի ա­րա­գու­թյամբ տա­րա­ծւեց և ընդ­հա­տւեց Ղա­փա­նի թուրք-հայ­կա­կան ընդ­հա­րու­մը»[36]:

Թե­պետ Զան­գե­զու­րի մեծ մա­սում ընդ­հա­րում­նե­րը, շնոր­հիվ հայ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ջախ­ջա­խիչ հար­ված­նե­րի, գրե­թե ար­դեն դա­դա­րել էին, բայց և այն­պես իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­կա­մար­տող կող­մե­րի մի­ջև կռիվ­նե­րը մա­րե­լու, վտանգ­ված շրջան­նե­րում կարգ ու կա­նոն հաս­տա­տե­լու պատր­վա­կով գա­վա­ռի տա­րած­քում են կենտ­րո­նաց­նում կո­զա­կա­կան հե­ծյալ ջո­կատ­ներ և ան­գամ հրա­նոթ­նե­րով զին­ված զո­րա­վաշ­տեր: Ո­րևէ կաս­կած լի­նել չէր կա­րող, որ ցան­կու­թյան դեպ­քում իշ­խա­նու­թյուն­ներն այդ մի­ջո­ցա­ռում­նե­րը կա­րող էին ձեռ­նար­կել շատ ա­վե­լի վաղ, նույ­նիսկ ընդ­հա­րում­նե­րի ա­ռա­ջին իսկ րո­պե­նե­րին:

Տվյալ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ցա­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող աս­տի­ճա­նա­վոր­նե­րի ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյան մեջ նկատ­վում է մի ու­շագ­րավ գոր­ծե­լաոճ:

Հաշ­տու­թյան կո­չե­լով հա­կա­մար­տող կող­մե­րին՝ նրանք, գա­վա­ռի հայ և մահ­մե­դա­կան ազ­գաբ­նակ­չու­թյա­նը կռիվ­ներ սան­ձա­զեր­ծե­լու, պե­տա­կան օ­րենք­նե­րը խախ­տե­լու մե­ղա­դրանք­ներ ներ­կա­յաց­նե­լով, սկսում են տու­գանք­ներ սահ­մա­նել և ան­գամ ռմբա­կո­ծու­թյան են­թար­կել ու այ­րել գյու­ղե­րը: Օ­րի­նակ՝ հա­կա­մար­տու­թյան հայ­կա­կան կող­մին պատ­ժե­լու նպա­տա­կով. «…Ղա­թար և Քեար­խա­նա թուրք գիւ­ղե­րը աւե­րե­լու պատ­ճա­ռով իւ­րա­քան­չիւր գիւ­ղա­ցի են­թար­կւեց 10 ր. տու­գան­քի: Իսկ երբ գե­նե­րալ Բաուե­րը ե­կաւ, տու­գանք­նե­րը դարձ­րեց 25-ա­կան րուբ­լի, իւ­րա­քան­չիւր ծխից: Եւ շնօր­հիւ այդ կար­գա­դրու­թեան տու­գանք­ներ ա­ռան՝ Վա­չա­գա­նից-10-75 ր., Բա­ղա­բուր­ջից-925 ր., Կուտ­կու­մից-1200 ր., Բե­խից-425 ր., Կա­վար­տից-1200 ր. և Բա­րա­բա­թու­մից-1025 րուբ­լի: Ռմբա­կոծե­ցին այդ բո­լոր գիւ­ղե­րը: …Հա­գա­րա­կից-1200 ր., Ե­ղւար­դից-1100 ր., Սիր­քա­թա­սից-480 ր. և Ու­ժա­նի­սից-570 րուբ­լի»[37]:

Հա­կա­մար­տու­թյու­նը դա­դա­րաց­նե­լու պատր­վա­կով նման մի­ջոց­նե­րի գոր­ծա­դրու­մը հիա­նա­լի հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում ցա­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող պաշ­տո­նյանե­րին և սպա­նե­րին խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու ան­վան տակ թա­լա­նել գա­վա­ռի հայ և մահ­մե­դա­կան ազ­գաբ­նակչու­թյա­նը, բազ­մա­թիվ պաշ­տո­նյա­ներ և ան­գամ հա­րյու­րա­վոր զին­վոր­ներ, հրա­մա­նա­տար­նե­ր, կե­ղե­քե­լով    գյու­ղացիու­թյա­նը, հարս­տու­թյուն են կու­տա­կում և տրվե­լով խնջույք­նե­րի հա­ճույ­քին՝ յու­րա­քան­չյուր օր ճոխ կյանք վա­րում՝ ի հա­շիվ հայ և թուրք գյու­ղա­ցի­նե­րի: Նա­հան­գի իշ­խա­նու­թյուննե­րը տու­գանք են սահ­մա­նում նաև Գեն­վա­զի շրջա­նի գյու­ղե­րի վրա. «Մեղ­րե­ցի­նե­րից ա­ռան 800 ր., վահ­րաւար­ցի­նե­րից-1800 ր. օրդու­բաթցիների ոչ­խար­նե­րը քշե­լու հա­մար, Կա­լե­րից-500 ր., Վանքից 700 ր., Լիշ­կից-800 ր., Տաշ­տու­նից-700 րուբ­լի»[38]:

Նպա­տա­կադր­վում են մեծ տու­գան­քի են­թար­կել և ան­գամ ռմբա­կո­ծել Զան­գե­զու­րի մյուս շրջան­նե­րը: Ցա­րա­կան իշ­խանու­թյուն­նե­րի կող­մից գա­վա­ռում հաս­տա­տած այդ­պի­սի դժո­խա­յին ի­րա­վի­ճա­կի ու գյու­ղա­ցի­նե­րի նկատ­մամբ սպա­նե­րի և զին­վոր­նե­րի դրսևո­րած սան­ձար­ձա­կություն­նե­րի հետ այ­լևս հնա­րա­վոր չէր հա­մա­կերպ­վել, այ­լա­պես, ա­ռանց այդ էլ ծայ­րա­հե­ղո­րեն քայ­քայ­ված գյու­ղե­րը կա­րող էին վերջ­նա­կա­նա­պես սո­վա­մա­հու­թյան մատն­վել: Անհ­րա­ժեշտ էր ինչ-որ ազ­դու, կան­խար­գե­լիչ քայ­լեր ձեռ­նար­կել և սան­ձել գյու­ղա­ցի­նե­րի նկատ­մամբ դրսևո­րած պաշ­տո­նյա­նե­րի և նրանց թողտ­վու­թյամբ գյու­ղե­րում սան­ձար­ձա­կու­թյուն­նե­րի տրված ռուս գլխա­վոր­նե­րի և կո­զակ­նե­րի ան­հա­գուրդ կրքե­րը:

«Այդ ժա­մա­նակ Փուխ­րու­տում (Վե­րին Ղա­փա­նի հայ­կա­կան գյու­ղե­րից՝ Հ.Գ.) է լի­նում մեր հե­րոս Մու­րա­տը. լսե­լով գաւառա­պե­տի մտա­դրու­թիւ­նը, պրիս­տաւ Շահ­գալ­դիևի մի­ջո­ցով սպառ­նում է և ա­ռա­ջար­կում զօր­քը դուրս բե­րել, հա­կա­ռակ դէպ­քում գաւա­ռա­պե­տին և օ­ֆի­ցէր­նէ­րին տէ­ռօ­րի պէտք է տայ…»[39]:

Ցա­րա­կան իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին և Զան­գեզու­րի գա­վա­ռա­պե­տին, ան­շուշտ, շատ լավ հայտ­նի էր հայ վրի­ժա­ռուի տե­ռո­րի են­թար­կե­լու սպառ­նա­լի­քի ար­ժե­քը: Պրիս­տավ Շահ­գալ­դիևից տե­ղե­կա­նա­լով Մու­րա­դի կող­մից ի­րենց ա­հա­բե­կե­լու սպառ­նա­լի­քին՝ գա­վա­ռա­պե­տը դա­դա­րեց­նում է հա­լա­ծանք­ներն ու գյու­ղե­րի ռմբա­կո­ծու­թյու­նը՝ բա­վա­րար­վելով միայն թե­թև տու­գանք­ներով:

Ա­վարտ­վում են գրե­թե եր­կու տա­րի շա­րու­նակ­վող ա­րյու­նա­լի ընդ­հա­րում­նե­րը:

Դա­ժան փոր­ձու­թյուն­նե­րի են­թարկ­վե­լով ցա­րա­կան բյու­րոկ­րա­տիա­յի և պան­թուր­քիզ­մի ախ­տով վա­րակ­ված թուրք ե­րևե­լի­նե­րի կող­մից սան­ձա­զերծ­ված ազ­գա­մի­ջյան ընդ­հա­րում­նե­րում՝ հայ ժո­ղո­վուր­դը հե­րո­սա­կան ինք­նա­պաշտ­պա­նությամբ նվա­ճեց ապ­րե­լու և հա­րա­տևե­լու ի­րա­վուն­քը:

[1] «Դրօշակ», 1906, թիւ 9, էջ 137:

[2] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 1:

[3] Նույն տեղում, էջ 2:

[4] Նույն տեղում, էջ 3-4:

[5] Նույն տեղում, էջ 5:

[6] Նույն տեղում:

[7] Նույն տեղում, էջ 6:

[8] «Դրօշակ», 1906, թիւ 9, էջ 139:

[9] ՀԱԱ, ֆ. 4047, ց. 4, գ. 6, էջ 1:

[10] Նույն տեղում:

[11] Նույն տեղում, էջ 2:

[12] Նույն տեղում:

[13] Տե՛ս նույն տեղում:

[14] Նույն տեղում:

[15] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 6:

[16] Նույն տեղում:

[17] «Հայ­րե­նիք», 1941, թիվ 3, էջ 141:

[18] Նույն տեղում:

[19] Նույն տեղում:

[20] Նույն տեղում, էջ 142:

[21] Նույն տեղում, էջ 143:

[22] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 4, էջ 7:

[23] «Դրօշակ», 1907, թիւ 2, էջ 27:

[24] Նույն տեղում, էջ 26:

[25] Նույն տեղում:

[26] Տե՛ս նույն տեղում:

[27] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 9, էջ 1:

[28] Նույն տեղում, էջ 2-3:

[29] Նույն տեղում:

[30] Նույն տեղում, էջ 4-5:

[31] Նույն տեղում:

[32] ՀՅԴ ԿԱ, թծ. 409, գ. 9, էջ 1:

[33] Նույն տեղում:

[34] «Դրօշակ», 1907, թիւ 3, էջ 41:

[35] Տե՛ս նույն տեղում:

[36] Նույն տեղում:

[37] Նույն տեղում:

[38] Նույն տեղում, էջ 42:

[39] Նույն տեղում:

About The Author

Related posts

Leave a Reply