Սեպտեմբերի 21, 2017

Համակարգչային սենյակ՝ Աղավնոյի աշակերտներին

Համակարգչային սենյակ՝ Աղավնոյի աշակերտներին

Զոհրաբ Ըռքոյան

 Լիբանանում գործող ԱՐԻ ծրագրի շրջանակներում Քաշաթաղի շրջանի Աղավնո-ԱՐԻավան գյուղում կառուցվել են 50 առանձնատներ: Լիբանանում գործող «Արցախ Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը տասը տարուց ավելի է, ինչ բարեգործական տարբեր ծրագրեր է իրականացնում Քաշաթաղի շրջանում: Ծրագրերից հմնականը 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին անասուն հատկացնելն է: Վերջերս շրջան այցելեցին «Արցախ Ֆոնդ»-ի ներկայացուցիչները և մոտ 70 ընտանիքի հատկացրեցին անասուն: «Արցախ Ֆոնդ»-ի ներկայացուցիչ Մարալ Մահթերեզյանը տեղեկացրեց, որ այս տարի շատ ընտանիքներ անասունի փոխարեն ցանկություն են հայտնել վերցնել համապատասխան գնի մեղվաընտանիք: 2017թ. ծրագիրը Քաշաթաղի շրջանում արդեն ավարտվել է, սակայն «Արցախ Ֆոնդ»-ի ներկայացուցիչները դեռ շրջանում են և սեպտեմբերի 9-ին այցելելեցին Աղավնո գյուղի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոց, որը գործում է 1995 թվականից: Շենքային պայմանները չնայած բավարար չեն, այնուամենայնիվ դպրոցն իրականացնում է իր առաքելությունը: Այս ուստարում ունի 46 աշակերտ, անցած տարվա 33-ի փոխարեն: Առաջին դասարան ընդունվել է 5 երեխա, 12-րդում աշակերտ չկա: 19 աշխատողներից 15-ը մանկավարժներ են: Դպրոցում բացվեց համակարգչային սենյակ, որն «Արցախ Ֆոնդ»-ի նվերն է Աղավնոյի աշակերտներին:

  • DSCN1353
  • DSCN1326
  • DSCN1325
  • DSCN1322
  • DSCN1321
  • DSCN1316
  • DSCN1309
  • DSCN1305
  • DSCN1301
  • DSCN1298
  • DSCN1283
  • DSCN1281
  • DSCN1277
  • DSCN1274
  • DSCN1273

Ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, «Արցախ Ֆոնդ»-ի և շրջանի ՀՅԴ ներկայացուցիչներ, Աղավնոյի բնակիչներ, հյուրեր: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Առաքելյանը ողջունեց ներկայացուցիչներին, կարևորեց դպրոցի դերը գյուղի կյանքում և հավելեց. «Հուրախություն մեզ՝ «Արցախ ֆոնդ»-ի բարեգործական կազմակերպության աջակցությամբ այսօր արդեն ունենք համակարգիչներ, որոնք էլ ավելի կոգևորեն և ձեռքբերումների կմղեն յուրաքանչյուրիս: Հարգելի՛ հյուրեր, մենք մեծ պատասխանատվության զգացումով և ոգևորությամբ ընդունում ենք այդ նվերը: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում «Արցախ Ֆոնդ»-ի բարեգործական կազմակերպության նախագահ պարոն Հակոբյանին և մեզ հետ անմիջական կապի մեջ գտնվող տիկին Մահթերեզյանին՝ այս գեղեցիկ օրը մեզ պարգևելու համար»: Ներկաներին «Քելե լաո» երգի գեղեցիկ կատարումով ողջունեց դպրոցի երգ-երաժշտության ուսուցչուհի Ռուզաննա Նիգոյանը: Ելույթ ունեցան նաև դպրոցի սաները՝ իրենց շնորհակալությունը հայտնելով բարերարներին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը բարձր գնահատեց բարեգործական կազմակերպությունների դերը շրջանի կայացման գործում: Անդրադառնալով «Արցախ Ֆոնդ»-ի կատարած բարեգործական ծրագրերին` ասաց. «Սա մի փոքր դրվագ է նրանց գործունեությունից: Արդեն շուրջ մեկ տասնամյակ  կազմակերպությունը մեր կեղքին է բազմաթիվ ծրագրերով: Ուրախ ենք և մեր շնորհակալությունն ենք հայտնում, որ մեզ սատար են կանգնում: Ունենալով մեր կողքին ձեզ նման մարդիկ՝ մենք մեզ ավելի ուժեղ ենք զգում  հողի վրա և վստահ՝ ապագայում ունենալու ենք մեր երազած, մեր հայրենասեր երեխաներին արժանի հայրենիք, որը կառուցելու ենք մեր բնակիչների, ձեր և մեր մյուս բարերարների հետ միասին»: ԱԺ պատգամավոր Լ. Հովհաննիսյանը նույնպես անդրադարձավ լիբանանահայության օժանդակությանը մեր երկիր կայացման գործում: Հայտնեց շնորհակալություն բարերարներին՝ նշելով նաև, որ Լիբանանի Արցախի օժանդակության մարմինը «ԼԱՕՄ» դեռ 90-ական թվականներից է գործում: 1994-ին վերանվանվել է «Արցախ Ֆոնդ» և մինչ օրս Արցախի կողքին է և օժանդակում է տարբեր բնագավառներում: «Արցախ Ֆոնդ»-ի ներկայացուցիչ Մարալ Մահթերեզյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորելով Աղավնոյի դպրոցի անձնակազմին, ասաց. «Նոր կառուցված ավանի համար հարկավոր է օրինակելի դպրոց: «Արցախ Ֆոնդ»-ը Լիբանանում գործող ՀՅԴ կառույցի կազմում է և իր ծրագրերում ընդգրկել է «Գույք՝ Արցախի դպրոցներին» նախաձեռնությունը: Այս ծրագիրն իրագործվում է այս աշակերտների նման երեխաների կողմից հանգանակած գումարներով»: Հավելեց նաև՝ նման սենյակ բացել են Արցախի մի շարք դպրոցներում, այդ թվում՝ Թալիշում, և ցավ հայտնեց, որ այժմ Թալիշի դպրոցն ավերված է: Աղավնոյի դպրոցի համակարգչային սենյակն անցած տարվա ապրիլյան իրադարձություններից հետո առաջին բացվածն է, և հույս հայտնեց, որ դեռ բազում դպրոցներ կունենան նման կենտրոններ: Գ. Նժդեհի անվան միջնակարգի տնօրեն Վիտալի Շալունցը հայտնեց շնորհակալություն: «Մեր դպրոցի ուսուցչական անձնակազմի, աշակերտների անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել «Արցախ ֆոնդ»-ին և պարզապես ասել շնորհակալություն: Առանձնահատուկ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ուղղակի և անմիջական կապ են ունեցել այս ազգանվեր գործին»,-հավելեց Վ. Շալունցը և Մ. Մահթերեզյանին հանձնեց խորհրդանշական նվեր-նկար՝ արցախցի այայի կերպարով, ով ճախարակ է մանում: Ելույթներից հետո կայացավ սենյակի բացման արարողությունը: Կարմիր ժապավենը կտրեցին Լ. Հովհաննիսյանը և Մ. Մահթերեզյանը: Բարեգործները դպրոցին նվիրել են 5 համակարգիչ, մեկ տպիչ սարք և պրոեկտոր: Գեղեցիկ ձևավորված սենյակում հնչեցին բարեմաղթանքի, շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր: Աղավնոյի գյուղական համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը նշեց, որ բնակավայրի կայացման հիմնական գործոնը դպրոցն է, «Արցախ ֆոնդ»-ին հայտնեց շնորհակալություն՝ մատուցած  բարեգործության համար: Շնորհակալության խոսքեր ասացին ծնողները և հույս հայտնեցին, որ կունենան նաև դպրոցի հարմարավետ շենք:

 

 

 

About The Author

Related posts

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով