Սեպտեմբերի 21, 2017

Միրիկ հնամենի բնակավայրը

Միրիկ հնամենի բնակավայրը

                                          Սա Հայաստան է և վերջ…

                                                Լեոնիդ Ազգալդյան   

 

 Զոհրաբ Ըռքոյան

  • Միրիկ գյուղի շրջակայքում

Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակա սարահարթերն ու բլուրները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով: Ընդհանրապես շրջանի այս հատվածը՝ Հակարի գետի Աղավնո, Հոչանց և Շալուա վտակների ավազաններում շատ-շատ են նման հուշարձանները, որոնք ուսումնասիրման կարիք ունեն: Այս օրերին հնագետները պեղումներ են իրականացնում Միրիկ գյուղի հյուսիսային կաղմում գտնվող բլրի վրա գոյություն ունեցող կիկլոպյան անրոցի ավերակներում: Վերջերս այնտեղ էի ու հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու հետ եղանք գյուղի մոտակա սարահարթում: Մեզ ուղեկցում էին Միրիկի հարևանությամբ գտնվող Մոշաթաղի գյուղական համայնքի ղեկավար Սիրակ Սողոմոնյանը և Միրիկ գյուղի բնակիչ Նորայր Դանիելյանը: Սիրակը, բարձրանալով գյուղի խոտհարքերը,  տարածքում պատահաբար պատի հետքեր էր տեսել: Միրիկի հարավային կողմից է ճանապարհը բարձրանում 2 բնակավայրերի խոտհարքեր: 16-րդ դարակեսից տարածքը հայաթափ է եղել և Հայոց երկրին տեր էին դարձել քրդերը և թուրքերը: Խորհրդային տարիներին նշված խոտհարքերում իրականացվել են մելորացիոն աշխատանքներ, և մեծ վնաս է հասցվել հնավայրերին: Այնուամենայնիվ հին շինությունները, դրանց հիմքերը, հետքերը պահպանվել են: Դեպի խոտհարքեր բարձրացող ճանապարհը նույնպես անցնում է Սիրակի նկատած պատաշարի վրայով: Մոտ 2 մ լայնությամբ պատն սկսվում է դեպի գետակ իջնող սարալանջերից մեկի վրայով, բարձրանում վեր ու խորանում հարթությունում: Ինչի համար է կառուցվել ամուր պարիսպը, պարզել է պետք: Ըստ հնագետների նախնական կարծիքի՝ սահմանային պատ է: Այս հատվածում կան նաև դամբարանադաշտեր: Հանդամիջյան ճանապարհով շարունակում ենք ճանապարհը և հասնում մի տեղամաս, որտեղ կան 10-ից ավելի պատմական փարախներ, դամբարաններ, մեծ քարերի վրա փոսորակներ են քանդակված: Սա խոսում է այն մասին, որ միջնադարից առաջ այստեղ բնակավայրեր են եղել, որի բնակիչների հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը: Հսկայական քարերով կառուցված բարձր ու ամուր պարիսպները եզրագծել են փարախները, որոնք բացի անասնապահական տարածք լինելուց թշնամու հարձակման դեպքում նաև պաշտպանական նշանակություն են ունեցել: Այստեղից ուղիղ գծով մոտ 5կմ արևելքում է Միրիկի ամրոցը: Հավանաբար փարախները պատկանել են նույն ամրոցին, որտեղ և վտանգի պահին պատսպարվել են մոտակա բնակավայրերի բնակիչները: Նման փարախներ, դամբարաններ ու բնակատեղիներ կան նաև դեպի հյուսիս ու արևմուտք ձգվող սարահարթերում՝ Հակ, Հերիկ, Լեռնահովիտ /Եզնագոմեր/, Սպիտակաջուր և այլ գյուղերի տարածքներում:

  • Ժայռապատկերը՝ հնավայրում
Ժայռապատկեր քար. Միրիկ
Ժայռապատկեր քար. Միրիկ
«Աստղային քարտեզ». Միրիկ
«Աստղային քարտեզ». Միրիկ
Ժայռապատկեր. Սևան
Ժայռապատկեր. Սևան

Այս հատվածում Նորայր Դանիելյանը մեզ ցույց տվեց փարախների մոտակայքում գտնվող մեծ քարերը, որոնց վրա այն ժամանակ նաև փոսորակներ են արել, հավանաբար՝ որպես սանդ: Եվ նման քարերից մեկի վրա ժայռապատկեր կա: Նորայրը գիտեր իր ասելով «քարտեզով քար»-ի տեղը: Նույն քարի մասին տեղեկացրել էր նաև Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցի զինղեկ Գալուստ Սահակյանը, ով մինչ այդ աշխատում էր հողաշինարար և պատահաբար տեսել էր հուշարձանը:  Քաշաթաղի ներկայիս շրջանում առայժմ միակ ժայռապատկերն է, որի մասին տեղեկություն ունեցանք: Սա իսկական հայտնագործություն է: Գտնվում է ծովի մակերևույթից 1933մ բարձրության վրա՝ 39,3953, 9 և 46, 17, 49, 6 կոորդինատներում: Ժայռապատկերը քանդակված է 2,6×2,3 մ չափերվ քարի վրա, ապա շարունակվում նեղ ու երկար մեկ այլ քարի վրայով ու վերջանում երրորդի սկզբում: Բացի պատկերից, քարերից առաջինի վրա կան 5 փոսորակներ, որոնցից մեկը սրտաձև է: Մյուս քարին 4 փոսորակներ են: Սրտաձև փոսորակ ունեցող քարի 4 եզրերի անկյունամասերում փոքր փոսեր, կլորավուն 2 պատկեր, այլ խորհրդանիշներ կան, որոնց նշանակության մասին համապատասխան մասնագետները եզրակացություն կանեն: Հուշարձանը գտնվում է ձորակի եզրին: Հարավարևլյան կողմում պահպանվել են ձորից բարձրացող աստիճանների հետքեր: Նման պատկերներով քարեր կան Քեղարքունիքի մարզում՝ Գեղհովիտ գյուղի Սև սարի /3063 մ/ մոտակա հնավայրում, Իշխանսարի շրջակայքում, Գորիսի Քարահունջ գյուղի տարածքում: Ըստ «Հայաստանի Հանրապետություն» հանրագիտարանի համահեղինակ, պատմաբան Սամվել Հակոբյանի՝ Սև սարի ժայռապատկերը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2700մ բարձրության վրա, քաղաքակրթության անձնագիրն է: Այստեղ ամբողջ աստղային քարտեզն է, որի վրա պատկերված է նաև Սևանա լիճը: Ի տարբերություն Միրիկի հուշարձանի՝ Սև սարի հնավայրում շատ են ժայռապատկերները, որոնց մի մասը գտնվում է բնական քարակույտերի /խնջիկների մեջ/: Այստեղ ևս քարերի մեջ սանդ-փոսեր կան: 2 ժայռապատկերներում նույնանման պատկեր-խորհրդանիշներ կան: Հավանական է՝ նորահայտ ժայռապատկերը նույնպես երկնային քարտեզ է՝ մեծ փոսորակները՝ տարածքի լճակները: Ինչևէ, ժայռապատկերի նշանակության մասին մասնագետները պետք է ներկայացնեն, այժմ կարևորը, որ պահպանվի եզակի հուշարձանը:

  • Հնամենի բնակատեղիներ

Միրիկ գետակի վերին մասում կա մեկ այլ հնամենի բնակատեղի, որտեղ պահպանվել են երբեմնի տների հիմքերը, ոռոգման ջրատարի մի մասը, իսկ աջակողմյան սարալանջին 4 կողմից պատերով շրջապատված տարածքներ են: Այստեղից մոտ 1կմ ցած՝ ծովի մակերևույթից 1712մ բարձրության վրա, երկրորդ բնակատեղին է՝ ավերակներով: Սա առաջինի համեմատ ավելի ուշ շրջանի է: Այստեղ Նորայրը ցույց է տալիս բազալտե մի գուռ /մոտ 1x1x2մ չափերով/, որի վրա հայատառ արձանագրություն կա: Քարն սկզբնական շրջանում եղել է խաչքարի պատվանդան, հետագայում օտար բնակիչների կողմից ձևափոխվել է, արձանագիր մասը ջարդվել, որի պատճառով հնարավոր չէ ընթերցել տեքստը: Մի կողմում ընթերցվում է ընդամենը ԷՐԻ ՄՈ, իսկ մյուսում տառերի հետ փոքր խաչի նշան կա: Մինչ տարածքը ստիպված լքելը տեղի հայ բնակիչներն այստեղ նաև ձիթհան են ունեցել: Ավերակներից մեկի մոտ ընկած է ձիթհանի քարերից մեկը, իսկ մյուսը՝ քիչ հեռու: Բնակատեղիի մոտ կան նաև քարանձավներ, որոնք եղել են բնակելի և օգտագործվել այլ նպատակներով: Խորհրդային տարիներին օտարներն այստեղ գոմ են կառուցել, որի պատերի մեջ որպես շինաքար են օգտագործել հայոց շիրմաքարերի բեկորներ: Երևի մոտակայքում է եղել հայ բնակիչների հանգստարանը, որը հիմնահատակ ավերվել է, և տեղը չի երևում: Նույն հանգստարանից տարված շիրմաքարերը 18-րդ դարակեսից այստեղ հաստատված մահմեդականները տեղափոխել են գյուղ և օգտագործել որպես շինաքար, դարձրել աստիճանաքար: Միրիկի գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Թադևոսյանի տան բակում կա 14-15-րդ դարերի մի խաչքար՝ մոտ 1,55x60x25սմ չափերով: Այն հանվել է թուրքաշեն տներից մեկի աստիճաներից: Միրիկ գյուղի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Վանյան տեղեկացրեց, որ իր պապի տան բակում խաչքար կա: 13-14-րդ դարերի գեղաքանդակ խաչքարը թուրքերը երկարությամբ մասերի են բաժանել: Պահպանվել է կենտրոնական մասը, որի վրա է խաչաքանդակը: Չնայած թուրքերը տաշել են քարը, բայց 120 սմ երկարություն ունեցող հուշակոթողի Խաչը մնացել է, որ հաստատումն է բնակավայրի հայկական լինելը: Գյուղի հյուսիսարևմտյան մասում սնկաձև ժայռերի պուրակ կա: Ցից-ցից ժայռերում նաև անձավներ կան, որնք այժմ էլ են օգտագործվում որպես գոմ: Գյուղի բնակիչներից Հրանտը, ում տան հարևանությամբ են սնկաժայռերը, ցույց է տալիս  քանդակված մի քար՝ ասելով, որ տապանաքար է: Սակայն այն ավելի շատ սյան է նման, որի մի կողմը տաշված է: Պահպանվել են հավերժության 2 նշանների հետքեր: Թե որտեղից է բերված քարը, ինչու է այստեղ, պարզ չէ: Գյուղի հյուսիսային մասում կանգուն է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի բարավորին գրված է կառուցողի անունը՝ Պարոն Հախնազար, և կառուցման թիվը՝ ՌՃԼ-1682թ.: Միրիկն ու շրջակայքն ազատագրվեցին 1993 թվականի գարնանը, մեկ տարի անց վերստին հայացան, և այժմ կա հնարավորություն լավ ուսումնասիրելու Պատմական Մեծ Հայքի Սյունիք ու Արցախ աշխարհների Աղահեճք /հետագայում՝ Քաշաթաղ ու Խոժոռաբերդ/, Հաբանդ, Վայկունիք, Բերդաձոր և այլ գավառների տարածքները, որոնք հարուստ են պատմամշակութային հուշարձաններով:

 

About The Author

Related posts

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով